Ածանցաւոր ու բարդ բառերի մէջ եթէ առաջին բաղադրիչն աւարտւում է '''ւ'''-ով, յաջորդ ձայնաւորը դեր չի խաղում, '''ւ'''-ն մնում է: Օրինակ, գրում ենք '''գրաւել''', քանի որ սկզբում '''գրաւ''' բառն է, '''ւ'''-ն մնում է: Կամ՝ '''հարաւային''', նոյնպէս գրում ենք '''ւ'''-ով, քանի որ '''հարաւ''' բառն է առկայ, նոյնը և՝ '''ծարաւած, կաւահող, դաւադիր''' եւ այլն:
Եթէ բառը աւարտւում է '''ւ''' կամ '''վ''' տառերից մէկով, կրաւորական ձեւի դէպքում այսպիսի տեսք է ընդունում՝ '''հաշւուել, ներգրւուել, գովուել''': Այսինքն՝ '''հաշիւ+ուել, ներգրաւ+ուել, գով +ուել''': Յիշենք նաեւ այսպիսի ձեւեր՝ '''հրահանգաւորում է, հրահանգաւորուած, հրահանգաւորուեց, վառւում է, վառուած, վառուեց, կանոնաւորում է, կանոնաւորուած, կանոնաւորուեց''' և այլն:
Կարեւոր է յիշել նաեւ, որ կան '''ւ''' տառով կազմուած մասնիկներ՝ '''-աւոր, -աւէտ (-ւէտ), -աւուն'''. սրանցով կազմուած բառերի մէջ '''ւ'''-ն պահպանւում է, ինչպէս՝ '''մեծաւոր, ձայնաւոր, յանցաւոր, հոտաւէտ, բուրաւէտ, շիկաւուն''' և այլն:
Արեւելահայերը '''վ'''-ի արժէքով բառամիջում '''ու'''-ով գրուող բառերի մէջ '''ո'''-ն կրճատում են, թողնում են '''ւ'''-ը եւ գրում են ոչ թէ '''հարուած''', այլ՝ '''հարւած''', այդպէս էլ՝ '''թւաբանութիւն, նւէր, պատւէր, նւալ, սրւել, սւաղել, Նւարդ''' եւ այլն:
Մինչև 1922 թ. փոփոխութիւնը Հայաստանում ընդունուած էր գրութեան այս ձեւը:
'''Ու''' ձայնաւորից առաջ '''ւ''' դնելն ընդունուած է, ինչպէս՝ '''գրւում է, սրւում է, համարւում է, թւում է''' և այլն:
Այսպիսով, դասական ուղղագրութեամբ '''վ''' հնչիւնը արտայայտւում է երեք ձեւով՝ '''վ''', '''ւ''' տառերով եւ '''ու''' երկտառով՝ ըստ վերը բերուած կանոնների: