― Ուրեմն, այդ մասին խոսելն ավելորդ է։― Կ֊ն սկզբում ուզում էր համաձայնել նկարչի ասած ամեն մի խոսքի հետ, թեկուզ եթե դրանք մյուս խոսքերին հակասեին․ և ինքն ևս անհավանական համարեր։ Այժմ նկարչի ասածների ճիշտն ու սխալը ստուգելու կամ նրան առարկելու ժամանակը չէր։ Եթե կարողանար դրդել նկարչին, ինչ֊որ կերպ (ինչպես ուզում է լինի) օգնել իրեն, դրանով արդեն ամենակարևոր նպատակին հասած կլիներ։ Այդ պատճառով նա ասաց․
― Ուրեմն, արդարացումից ձեռք քաշենք։ Սակայն Դուք երկու հնարավորություն էլ հիշատակեցիք։
― Թվացյալ արդարացում և ձգձգում։ Միայն սրանց մասին է կարող խոսք լինել։ Սակայն, մինչև դրանց անցնելը, չէի՞ք ցանկանա, արդյոք, պիջակը հանել։ Հավանաբար շոգում եք։
― Այո,― ասաց Կ֊ն, որ մինչև այժմ նկարչի բացատրություններից բացի ուրիշ ոչ մի բանի ուշադրություն չէր դարձրել։ Այժմ, երբ նկարիչը հիշեցրեց շոգի մասին, նրա ճակատը կարծես միանգամից ծածկվեց քրտինքի առատ կաթիլներով։― Համարյա անտանելի է։
Նկարիչը գլխով արեց։ Երևի հասկանում էր Կ֊ի դրությունը։
― Հնարավոր չէ՞պատուհանը բացել։
― Ոչ։ Ապակին միաշերտ է և ամուր է հագցված։ Հնարավոր չէ։― Այժմ Կ֊ն զգաց, որ ամբողջ ժամանակ այդ հույսն էր փայփայել․ ինքը կամ նկարիչը անսպասելի կմոտենա պատուհանին և կբացի։ Նա արդեն նախապատրաստվել էր թեկուզ մառախուղը կուլ տալ լայն բացած բերանով, և մաքուր օդից կտրված լինելու միտքը այժմ գլխապտույտի պատճառ դարձավ։ Նա ձեռքը թեթևակի խձեց փետրաներքնակին և թույլ ձայնով ասաց․
― Ախր անհնար է այսպես, և առողջարար էլ չէ։
― Օ, ոչ։― Իր սենյակը պաշտպանելով ասաց նկարիչը։― Թեև միայն մի շերտ ակապի է գցված, սակայն չբացվելու շնորհիվ ջերմությունը ներսում ավելի լավ է պահպանվում, քան եթե պատուհնաը երկշերտ լիներ։ Օդափոխել ցանկանամ, կարող եմ դռներից մեկը կամ թեկուզ երկուսն էլ բացել։ Սակայն դա այնքան էլ անհւաժեշտ չէ, որովհետև գերանների ճեղքերից օդը միշտ ներթափանցում է։
Այդ բացատրությունից փոքր֊ինչ մխիթարված Կ֊ն երկրորդ դուռը գտնելու նպատակով շուրջը նայեց։ Նկարիչը հասկացավ նրա հայացքի իմաստը։
― Ձեր թիկունքում է։ Մահճակալը դեմն եմ դրել։― Միայն այժմ Կ֊ն նկատեց պատմի մեջ բացված փոքր դուռը։ ― Իսկական արվեստանոցի համար այստեղ շատ նեղվածք է,― շարունակեց նկարիչը։ Նա կարծես ուզում էր կանխել Կ֊ի նախատինքը։― Ես ստիպված էի ընձեռված հնարավորություններից ելնելով տեղավորվել։ Մահճակալի տեղը դռան մոտ, իհարկե, այնքան էլ հարմար չէ։ Օրինակ, դատավորը՝ ում նկարում եմ այժմ, միշտ մահճակալի մոտի դռնով է ներս գալիս։ Մի բանալին ես նրան եմ տվել, որ եթե անգամ տանն էլ չլինեմ, կարողանա այստեղ սպասել իմ վերադարձին։ Բայց նա սովորաբար վաղ առավոտյան է գալիս, երբ ես դեռ քնած եմ լինում։ Մահճակալի մոտի դռան բացվելը ինչ խոսք, թեկուզ ինչքան էլ խորը քնած լինեմ, միշտ արթնացնում է։ Դուք կդադարեք հարգանք տածել այդ դատավորի հանդեպ, եթե լսեք նրան ուղղված իմ հայհոյանքները, երբ նա վաղ առավոտյան մահճակալի վրա է բարձրանում։ Ես կարող եմ բանալին վերցնել նրանից, բայց դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Մի թեթև ուժ գործադրելու դեպքում այստեղ բոլոր դռները կարելիէ ծխնիներից պոկել։
Մինչ նկարիչը պատմում էր, Կ֊ն մտածում էր, թե արդյոք պե՞տք է պիջկաը հանել։ Ի վերջո նա հասկացավ, որ եթե չհանի, չի կարողանա երկար մնալ․ հանեց, դրեց ծնկներին, որ հենց զրույցը ավարտվեր, կրկին կարողանար հագնել։ Հազիվ էր նա պիջակը հանել, աղջնակներից մեկը բացականչեց․
― Նա պիջակն էլ հանեց։
Լսվեց, թե ինչպես նրանք խմբվեցին ճեղքերի շուրջը, որ կարողանան կատարվածը սեփական աչքերով տեսնել։
― Կարծում են, թե նկարելու եմ Ձեզ, և դրա համար եք հանվում։
― Այդպես ուրեմն,― միայն մի փոքր աշխուժացած ասաց Կ֊ն։ Այժմ նա թեև միայն ժիլետով էր նստած, բայց առաջվանից ավելի լավ չէր զգում իրեն։― Ինչպե՞ս էին կոչվում մյուս երկու հնարավորությունները։― Համարյա մրթմրթալով հարցրեց նա․ արդեն մոռացել էր արտահայտությունները։
― Թվացյալ արդարացում և ձգձգում։ Ձեզնից է կախված, թե սրանցից որը կընտրեք։ Երկուսից որն ուզում եք, կարող եմ օգնել։ Ճիշտ է, ոչ առանց չարչարանքի։ Այս տեսակետից տարբերությունն այն է, որ թվացյալ արդարացման համար ջանքերի ժամանակավոր ի մի բերում է պահանջվում, ձգձգման համար՝ ավելի պակաս, բայց՝ տևական։ Նախ, ուրեմն, թվացյալ արդարացման մասին։ Եթե Դուք այս ելքը ընտրելու լինեք, ապա թղթի մի թերթի վրա ես գրի կառնեմ Ձեր անմեղության հավաստումը։ Այդ տեքստի գրելաձևը հորիցս է մնացել և առարկություններ չի ընդունում։ Թուղթը ձեռքումս մի պտույտ կկատարեմ, կմտնեմ իմ ծանոթ դատավորների մոտ։ Մասնավորապես կսկսեմ նրանից, որ երեկոյան, երբ դատավորը այսօրվա կատարահերթին ներկայանա, թուղթը նրան կտամ։ Կներկայացնեմ, կբացատրեմ, որ անմեղ եք և կերաշխավորեմ Ձեր անմեղության համար։ Սակայն դա միայն ձևական երաշխիք չի լինի, այլ՝ իսկական և պարտավորեցնող։― Նկարչի աչքերում նախատինքանման արտահայտություն կար՝ կապված երաշխիքի ծանրությունը մի մարդու ուսերին թողնելու Կ֊ի ցանկության հետ։
― Շատ սիրալիր կլինի Ձեր կողմից։ Դատավորը կհավատա Ձեր փաստարկներին և, չնայած դրան, լրիվ չի՞ արդարացնի ինձ։
― Ինչպես ասացի, այնքան էլ վստահ չեմ, թե կարող է բոլորը հավատան ինձ։ Որոշ դատավորներ, օրինակ, կպահանջեն անձամբ Ձեզ տանել իրենց մոտ։ Այդ դեպքում անհրաժեշտ կլինի մի անգամ ինձ հետ գալ։ Այնուամենայնիվ, նման դեպքերում գործը կիսով չափ շահած կլինենք, առավել ևս, որ նախօրոք կսովորեցնեմ, թե Ձեզ ինչպես պետք է պահեք տվյալ դատավորի մոտ։ Ավելի դժվար կլինի այն դատավորների հարցը (այդպես էլ կարող է լինել), որոնք առաջին իսկ րոպեից մերժեն ինձ։ Իհարկե, որքան էլ բոլոր հնարավոր ձևերը փորձելու լինեմ, դրանցից պետք է ձեռք քաշենք։ Դրա իրավունքն ունենք, որովհետև այս հարցում վճռական դերը առանձին դատավորներին չի պատկանում։ Եթե անմեղության հաստատման համար ստորագրությունների բավական քանակ հավաքեմ, ապա թուղթը ձեռքս կվերցնեմ և կգնամ հենց Ձեր գործով զբաղվող դատավորի մոտ։ Հնարավոր է, որ մինչ այդ նրան էլ ստորագրել տված լինեմ։ Այդ դեպքում գործը սովորականից ավելի արագ կընթանա։ Սովորաբար հետո ոչ մի արգելք չի մնում, և արդեն գալիս է մեղադրյալի առավելագույնս ինքնավստահ զգալու ժամը։ Ճիշտ եմ ասում․ այս շրջանում մարդիկ ավելի ինքնավստահ են, քան արդարացվելուց հետո։ Վերջում արդեն ոչ մի առանձնահատուկ ջանք գործարդելու կարիք չկա։ Դատավորների որոշ քանակության երաշխիքը Ձեր դատավորի ձեռքի տակ է, նա կարող է առանց այլևայլությունների արդարացնել Ձեզ և, տարբեր ձևականություններ վերջացնելուց հետո՝ ի սեր ինձ ու մի քանի այլ ծանոնթերի, անկասկած, այդպես էլ կվարվի։ Դուք դուրս կգաք դատարանից և ազատ կլինեք։
― Ուրեմն, ես ազա՞տ կլինեմ,― չհավատալով հարցրեց Կ֊ն։
― Այո,― հաստատեց նկարիչը։― Բայց թվացյալ կամ, ավելի ճիշտ՝ ժամանակավորապես։ Ստորին աստիճանակարգի դատավորները (իմ ծաոնթները նրանց շարքից են) վերջնականապես ազատ արձակելու իրավունք չունեն։ Այդ իրավունքը միայն Ձեզ, ինձ և մոյււս բոլորի համար անձեռնահաս գերագույն դատարանին է տրված։ Այնտեղ ինչ կա֊չկա, մենք տեղյակ չենք, և, ի դեպ ասեմ, չենք էլ ուզում իմանալ։ Մեր դատավորներն արդարացնելու մեծ արտոնությունից, ուրեմն, հեռու են, սակայն մեղադրանքը հեռացնելու իրավունք ունեն։ Այսինքն, եթե այդ ձևով արդարացված լինեք, տվյալ պահին մեղադրանքը կհանվի, բայց հետագայում դեռ կախված կլինի Ձեր գլխավերևում և բավական է վերևից հրաման գա, անմիջապես ուժի մեջ կմտնի։ Որովհետև ես այդքան լավ շփման մեջ եմ դատավորների հետ, կարող եմ ասել, թե գրասենյակների հարհանգներում լրիվ և թվացյալ արդարացումները զուտ ձևականորեն ինչպես են տարբերվում իրարից։ Առաջին արդարացման ժամանակ դատավարության արձանագրությունները պետք է ընդհանրապես մի կողմ թողնված լինեն։ Դրանք բոլորովին անհետանում են հարուցված գործի միջից։ Ոչ միայն մեղադրանքը, այլ նաև դատավարության և նունիսկ արդարացման փաստաթղթերն են ոչնչացվում։ Ոչնչացվում է ամեն ինչ։ Այլ է վիճակը թվացյալ արդարացման ժամանակ։ Արձանագրության մեջ անմեղության ապացույցը, արդարացումը և արդարացման հիմնավորումը ավելացնելուց բացի, ոչ մի փոփոխություն չի կատարվում, իսկ ընդհանրապես, հետաքննությունը մնում է ընթացքի մեջ և արձանագրությունը՝ ինչպես դատարանի գրասենյակների անընդհատ շարժում֊շրջապատույտն է պահանջում, կներկայացվի վերադաս դատարաններին, կվերադառնա ենթադաս մարմինների ձեռքը և այդպես մեծ ու փոքր տատանումներով, մեծ ու փոքր դադարներով կշարժվի վերև֊ներքև։ Շարժման ընթացքը հնարավոր չէ կանխատեսել։ Կողքից նայողին կարող է թվալ, թե ամեն ինչ վաղուց մոռացվել է, արձանագրությունը կորել է, և արդարացումը վերջնական է։ Գործին տեղյակ մարդը այդպես չի մտածի։ Ոչ մի արձանագրություն չի կորչում, դատարանում ոչինչ մոռացության չի մատնվում։ Օրերից մի օր դատավորներից մեկը բոլորի համար անսպասելի կվերցնի գործը, ավելի ուշադիր կկարդա, կնկատի, որ դեպքերից մեկի համար մեղադրանքը դեռ առկա է, և կկարգադրի անհապաղ ձերբակալել։ Այս բացատրության ժամանակ ես ենթադրեցի, թե արդարացվելու և կրկին ձերբակալվելու արանքում բավական ժամանակ է ընկնում։ Այդ կարող է լինել, և նման դեպքեր հայտնի են ինձ, սակայն նույնքան հնարավոր է նաև, որ արդարացվածը դատարանից տուն դառնա, իսկ այնտեղ սպասեն նրան՝ նորից ձերբակալելու հանձնարարությամբ։ Դրանից հետո ազատ ապրելակերպին, ինչ խոսք, վերջ է տրվում։
― Եվ դատավարությունը սկզբի՞ց է ընթացք առնում։― Կ֊ն չէր կարողանում հավատալ։
― Դատավարությունը նորից է սկսվում, սակայն առաջվա նման թվացյալ արդարացում ձեռք բելեու հնարավորությունը կրկին կա։ Անհրաժեշտ է հավաքել բոլոր ուժերը և չպետք է հանձնվել։― Այս վերջին նկատողությունը նկարիչը հավանաբար կուչ եկած֊նստած Կ֊ի տեսքի թողած ազդեցության տակ արեց։
― Իսկ արդյոք երկրորդ արդարացումը ձեռք բելերը ավելի դժվար չէ՞, քան առաջինը։― Կ֊ն այնպիսի տոնով հարցրեց, կարծես ուզում էր նկարչի հնարավոր բացատրությունները կանխել։
― Այդտեղ արդեն որոշակի ոչինչ ասել հնարավոր չէ։ Հավանաբար ուզում եք իմանալ, թե դատավորները երկրորդ ձերբակալության վճիռն ընդունելով ոչ ի շահ մեղադրյալի չե՞ն տրամադրվի։ Ոչ։ Հենց արդարացնելու ժամանակ դատավորները հաջորդ ձերբակալությունը նկատի ունենում են։ Այդ հանգամանքը ոչ մի ազդեցություն չի թողնում։ Իհարկե, հնարավոր է, որ անթիվ այլ պառճառներով դատավորների տարամադրությունը, ինչպես նաև գործի գնահատման իրավաբանական կողմը փոխվի, այդ դեպքում երկրորդ արդարացումը ստանալու համար ջանքերն արդեն պետք է փոփոխված հանգամանքներին համապատասխանեցվեն և ընդհանուր առմամբ պետք է նույնքան եռանդուն լինել, որքան մինչև առաջին արդարացումը։
― Բայց երկորրդ արդարացումն էլ վերջնական չէ։― Կ֊ն օրորեց գլուխը։
Իհարկե՝ ոչ։ Երկրորդ արդարացմանը հաջորդում է երրորդ ձերբակալումը, երրորդ արդարացմանը՝ չորրորդ ձերբակալումը և այսպես շարունակ։ Հենց դա է ընկած թվացյալ արդարացման հիմքում։ Թվացյալ արդարացումը պարզ երևում է, որ ձեռնտու չէ Ձեզ,― ասաց նկարիչը, նկատելով, որ Կ֊ն ոչինչ չի խոսում։― Գուցե ձգձգումը գերադասեք։ Բացատրե՞մ ձգձգման էությունը։