==Վաճառկան բլոկը։ Փաստաբանի լուծարքը==
Վերջապես Կ֊ն վճռեց փաստաբանից վերցնել գործի պաշտպանությունը։ Թեև արարքի արդարացիության վերաբերյալ կասկածները չէր կարելի ժխտել, սակայն անհրաժեշտ համոզվածությունն ավելի մեծ էր։ Այն օրը, երբ Կ֊ն մտադիր էր գնալ դոկտոր Հուլդի մոտ, այդ վճիռը շատ ուժ խլեց նրանից․ նա ընդգծված դանդաղկոտությամբ էր աշխատում, անհրաժեշտ եղավ շատ երկար մնալ գրասենյակում, և ժամը տասն անց էր արդեն, երբ վերջապես կանգնեց փաստաբանի դռան առաջ։ Նախքան զանգի կոճակը սեղմելը նա մտածեց՝ արդյոք ավելի լավ չէ՞ր լինի հեռախոսով տեղեկացնել հրաժարականի մասին․ երես առ երես խոսելը, անշուշտ, շատ դժվար կլիներ։ Այնուամենայնիվ, նա չուզեց ետ կանգնել իր որոշումից, ցանկացած դեպքում հրաժարվելը պետք է ընդունվեր անձայն կամ մի քանի անկարևոր բառերով, և, եթե հետո Լեննիից որոշ բաներ տեղեկանալու չլիներ, Կ֊ն երբեք չէր իմանա, թե փաստաբանն ինչպես է ընդունել լուծարքը և, ըստ նրա ոչ այնքան անկարևոր կարծիքի, ինչ հետևանք կարող էր ունենալ դա Կ֊ի համար։ Եթե փաստաբանը այդ նորությունից անակնկալի եկած նստեր, թեկուզ նրա տեսքը թույլ էլ չտար շատ բան կռահել, նրա դմեքից ու շարժուձևերից Կ֊ն հեշտ կկարողանար որսալ անհրաժեշտ բաները։ Բացառված չէր նույնիսկ, որ փաստաբանը համոզեր, ասեր, թե լավ կլինի իրեն վստահել պաշտպանությունը և ետ կանգնել հրաժարվելուց։
Փաստաբանի դռան առաջին զանգը՝ ինչպես միշտ, անպատասխան մնաց։
«Լեննին կարող էև և ավելի արագաշարժ լինել»,― մտածեց Կ֊ն, սակայն այն հանգամանքը, որ առաջին անգամվա պես ուրիշ մրադ միջամտեց, արդեն մի բան նշանակում էր, թե չ կամ գիշերազգեստ հագած տղամարդն էր գլուխ տանում, կամ ուրիշ մեկը։ Երկորրդ անգամ զանգի կոճակը սեղմելիս Կ֊ն դիմացի դռան կողմը նայեց։ Այս անգամ սա էլ էր փակ։ Ի վերջո փաստաբանի դռան դիտանցքի մեջ երկու աչք հայտնվեց, բայց դրանք Լեննիի աչքերը չէին։ Մեկը քաշեց սողնակը, սակայն կռթնեց դռանն ու ձայն տվեց․
― Նա է։
Հետո միայն բացեց։ Կ֊ն հերց, որովհետև լսեց թիկունքում գտնվող բնակարանի դռան կողպեքի մեջ բանալու արագ պտտվելը։ Երբ փաստաբանի դուռը վերջապես բացվեց, նա պարզապես ներս ընկավ նախասենյակ ու նկատեց երկու սենյակների միջև ձգվող միջանցքով շապկանց փախչող Լեննիին․ զգուշացնող կանչը նրան էր վերաբերում։ Կ֊ն միայն մի պահ նայեց նրա հետևից ու շրջվեց դուռը բացողի կողմը։
― Դուք այստե՞ղ եք աշխատում։
― Այս տան մեջ ես օտար մարդ եմ։ Փաստաբանն իմ ներկայացուցիչն է, դատարանի հետ առնչվող գործերով եմ եկել։
― Առանց պիջակի՞։― Կ֊ն ձեռքի շարժումով ցույց տվեց դիմացինի ոչ լրիվ հանդերձանքը։
― Ախ, ներեցեք, խնդրեմ։― Մարդը ձեռքի մոմով լուսավորեց ինքնիրեն, կարծես առաջին անգամ էր տեսնում իր վիճակը։
― Լեննին Ձեր սիրուհի՞ն է,― կարճ հարցրեց Կ֊ն։ Նա ոտքերը փոքր֊ինչ չռված էր դրել, ձեռքերը (գլխարկը ձեռքում էր) դարսել էր մեջքին։ Արդեն այն հանգամանքը, որ ինքը հաստ վերարկուով է, թվաց, թե իր վիճակը ավելի նախընտրելի է դարձնում նիհարակազմ մարդուկից։
― Աստված իմ։― Վախից կարկամած կարճահասակը ձեռքն ի պաշտպանությունը պահեց դեմքին։― Ո՛չ, ո՛չ։ Այդ ի՞նչ եք մտածում։
― Ձեր տեսքը հավատ է ներշնչում,― ժպտաց Կ֊ն։― Այնուամենայնիվ, եկեք։― Նա գլխարկով նշան արեց և թույլ տվեց, որ մարդուկն առաջ անցնի։― Իսկ ինչպե՞ս է Ձեր անունը։
― Բլոկ։ Վաճառական Բլոկ։― Ներկայանալու ժամանակ կարճահասակը շուռ եկավ Կ֊ի կողմը, բայց վերջինս չթողեց, որ նա կանգնի։
― Դա Ձեր իսկակա՞ն անունն է։
― Իհարկե։ Իսկ ինչո՞ւ եք կասկածում։
― Թվաց, թե Դուք կարող եք անունը թաքցնելու պատճառ ունենալ։― Կ֊ն իրեն այնպես անկաշկանդ էր զգում, ինչպես սովորաբար օտար վայրում ավելի ցածրաստիճան մարդկանց հետ խոսելիս են լինում․ սեփական անձին վերաբերող ամեն ինչ գաղտնի են պահում, անտարբեր տոնով մյուսների գործերով են հետաքրքրվում, նման վարվելաձևով նրանց իրնենցից վեր են դասում, բայցև ուզած դեպքում կարող են ներքև գցել։
Փաստաբանի աշխատասենյակի մոտ Կ֊ն կանգնեց, բայցեց դուռը և կանչեց խոնարհաբար առաջ գնացած վաճառականին։
― Մի շտապեք։ Այստեղ լուսավորեք։― Նա կարծում էր, թե Լեննին կարող էր այնտեղ թաքնված լինել․ վաճառականին ստուգել տվեց բոլոր անկյունները, սակայն սենյակը դատարկ էր։ Դատավորի նկարի մոտ Կ֊ն տաբատակալերից բռնած կանգնեցրեց վաճառականին։
― Ճանաչո՞ւմ եք սրան։― Նա ցույցամատը վեր պարզեց։ Վաճառակաը բարձրացրեց մոմն ու աչքերը կկորցելով նայեց։
― Դատավոր է։
― Բարձրաստիճա՞ն։― Կ֊ն անկյան տակ կանգնեց վաճառականի դիմաց, որ զններ նկարի՝ դիմացինի վրա թողած ազդեցությունը։ Վաճառականը զարմանքով վեր էր նայում։
― Բարձրաստիճան դատավոր է։
― Դուք այնքան էլ լավ տեղեկացված չեք։ Սա ամենափոքր քննիչն է բոլոր քննիչների մեջ։
― Հիմա հիշեցի։― Վաճառակաը իջեցրեց մոմը։― Ես էլ էի լսել այդ մասին։
― Բա ո՞նց,― բացականչեց Կ֊ն։― Ես մոռացել էի։ Դուք, իհարկե, պետք է որ արդեն լսած լինեիք։
― Բայց, ախր, ինչո՞ւ, ինչո՞ւ,― հարցրեց վաճառականը, երբ Կ֊ն քաշելով նրան դեպի դուռը տարավ։
― Դուք հաստատ գիտե՞ք, թե որտեղ է թաքնվել Լեննին,― արդեն միջանցքում հարցրեց Կ֊ն։
― Թաքնվե՞լ,― զարմացավ վաճառակաը։― Ոչ, նա պետք է խոհանոցում փաստաբանի համար ապուր եփելիս լինի։
― Ինչո՞ւ անմիջապես չասացիք։
― Ես, ախր, ուզեցի Ձեզ այնտեղ ուղեկցել, բայց Դուք ինձ ետ կանչեցիք։― Վաճառակաը կարծես շփոթված լիներ իրար հակասող հրամաններից։
― Ձեզ թվում է, թե շատ խորամանկն եք։ Ուղեկցեք ինձ։― կ֊Ն դեռ երբեք չէր եղել խոհանոցում։ Այն անսովոր մեծ էր և հարուստ կահավորվում ուներ․ հենց միայն սալօջախը երեք անգամ մեծ էր սովորականից։ Մյուս իրերը հնարավոր չէր մանրամասն զննել, որովհետև մենակ մի փոքր լամպ էր լուսավորում խոհանոցը, և այլն էլ դռան մոտ էր կախված։ Սովորականի պես, սպիտակ գույնի գոգնոցը կապած Լեննին կանգնել էր օջախի մոտ և սպիրտայրոցի վրա դրած կաթսայի մեջ ձու էր կոտրում։
― Բարի երեկո, Յոզեֆ,― մի պահ գործից կտրվելով, ողջունեց նա։
― Բարի երեկո,― Կ֊ն ձեռքով ցույց տվեց փոքր֊ինչ հեռու դրված բազկաթոռը, ուր պետք է նստեր վաճառականը։ Վերջինս այդպես էլ վարվեց, մինչդեռ Կ֊ն թիկունքի կողմից մոտեցավ Լեննիին ու կռացավ նրա ուսին․
― Ո՞վ է այս մարդը։
Լեննին մի ձեռքով գրկեց Կ֊ին (մյուսով շարունակ ապուրն էր խառնում), քաշեց իր կողմն ու ասաց․
― Կարեկցանքի արժանի մարդ է, մի խեղճ վաճառական։ Ոմն Բլոկ։ Հապա միայն նրան նայիր։
Երկուսով միաժամանակ ետ նայեցին։ Վաճառականը նստել էր բազկաթոռին, ուր Կ֊ն էր մատնացույց արել։ Նա փչել֊հանգցրել էր մոմը, որի լույսն այժմ ավելորդ էր, և ծուխը կտրելու նպատակով պատրույգն էր սեղմում։
― Դու շապկանց էիր,― ասաց Կ֊ն և Լեննիի գլուխը ձեռքով շուռ տվեց օջախի կողմը․ վերջինս ձայն չհանեց։― Նա քո սիրեկա՞նն է,― հարցրեց Կ֊ն, երբ Լեննին ոչինչ չպաստասխանեց։ Սպասուհին ուզեց ձեռքը կաթսայի կողմը մեկնել, բայց Կ֊ն բռնեց,― պատասխանի՛ր։
― Գնանք աշխատասենյակ, այնտեղ ամեն ինչ կբացատրեմ։
― Ո՛չ, ես ուզում եմ, որ այստեղ խոսես։
Լեննին կախվեց նրա պարանոցից, ուզեց համբուրել, բայց Կ֊ն ետ մղեց։