― Կռվեցին։ Մեկ՝ խորանարդիկները չեն կարողանում բաժանել, մեկ՝ ուրիշ մի բան։ Մեկն ասում է, թե սենց դիր, մյուսը՝ նենց է դնում։ Մեկն ուզում է փորագրված բազրիքներ, մյուսը ոլոր֊մոլոր աշտարակներ է պահանջում։ Մի խոսքով՝ լեզու չգտան։ Հիմա նստած են ամեն մեկը իր խրճիթում ու իրար հետ չեն խոսում։
==***==
Դեմիուրգ Շամբամբուկլիին հյուր եկավ նրա ընկեր դեմիուրգ Մազուկտան։
― Բարև, ի՞նչ ես սենց մռայլ։
― Սենց էլի․․․ Ինքդ նայիր։
― Գիշեր է, ի՞նչ կտեսնեմ։
― Ոչինչ, այնտեղ լուսավոր է։
Իրականում էլ, ամեն ինչ լավ երևում էր, քանզի քաղաքն այրվում էր։ Փողոցներում թավալ էին տալիս պաշտպանողների և հարձակվողների դիակները, փողոցով մեկ երկու հարբած զինվոր ընկել էին ճչացող կնոջ հետևից, ևս մեկը գործնական տեսքով սրբում էր սպանված քաղաքացու գրպանները։
― Եվ ի՞նչ,― հարցրեց Մազուկտան։
― Վատ է։
― Իսկ դու ի՞նչ էիր ուզում։ Սրանք մարդիկ են, պրիմիտիվ էակներ։
― Բայց ես իրենց ստեղծել եմ իմ կերպարով և նմանությամբ։― հեկեկաց Շամբամբուկլին։― Ի՞նչ է իմ մեջ էլ կան․․․ այ սենց բաներ։
― Հիմարություններ մի՛ ասա։― Փնչացրեց Մազուկտան։― Դու իրենց ելակետ ես տվել, միայն այդքանը։ Դե, ստեղծեցիր, քո նմանությամբ։ Իսկ հետո նրանք զարգացան արդեն ինքնուրույն, այդպես չէ՞։ Ահա և․․․ զարգացան։
― Իսկ ամենավախենալին գիտես ո՞րն է,― քիթը քաշեց Շամբամբուկլին։
― Ո՞րը։
― Այ էս ամենը․․․ ամեն ինչը,― անորոշ շարժումով տեղի ունեցող անկարգությունը ցույց տվեց Շամբամբուկլին,― նրանք անում են իմ պատվի համար ու իմ անունով։
― Էդ ո՞նց։― Զարմացած աչքերը ճպճպացրեց Մազուկտան,― Դու ուզում ես ասել, որ նրանք քեզ հավատո՞ւմ են։
― Չէ։ Չեն հավատում, երկրպագում են։
― Սարսափելի է,― ջղաձգվեց Մազուկտան։
― Ուհում։ Ինչ այլանդակություն ասես կանեն՝ «սա մեզ արարիչն է այսպես պատվիրել»։ Ես չէի կարող այդպիսի բաներ պատվիրել։ Նույնիսկ խմած ժամանակ։ Դե, դու գիես ինձ, ես ընդհանրապես գրեթե չեմ խմում։ Փոխարենը՝ իրանց խիղճը մաքուր է, նույնիսկ՝ հպարտանում են իրենցով։
― Մարդկային զոհաբերություններ դեռ չե՞ն անում,― գործանական տոնով տեղեկացավ Մազուկտան։
― Դեռ չէ․․․ կարծես։
― Շուտով կսկսեն, պատրաստվիր։ Ասում եմ, չէ՞, պրիմիտիվ էակներ։