― Հաճույքով։ Ամենից առաջ, ես չեմ ուզում դատը տանուլ տալ։ Դա, ախր, ինքնին հասկանալի է։ Դրա հետ կապված՝ իրավունք չունեմ աչքաթող անել այն, ինչ կարող է օգտակար լինել։ Եթե կոնկրետ որևէ դեպքում օգուտի հույսը չափից դուրս փոքր էլ լինի, անտեսելու իրավունք չունեմ։ Այդ պատճառով ամեն ինչ դատը շահելու նպատակաին եմ ծառայեցնում։ Օրինակ, առևտրին հատկացված ողջ փողը վերցրել եմ։ Նախկինում իմ գրասենյակները մի ողջ հարկաբաժին էին զբաղեցնում, այսօր հետնաբակի փոքրիկ խուցն էլ բավականացնում է։ Այստեղ ես մի աշակերտի հետ եմ աշխատում։ Այդ ետընթացի պատճառը, ինչ խոսք, միայն փողը վերցնելը չէ, այլ, ավելի շուտ, իմ եռանդի նվազումը։ Երբ մարդ դատը շահելու նպատակ ունի, չի կարող մյուս բաներով շատ զբաղվել։
― Ուրեմն Դուք անձամբ դատարոնւմ է՞լ եք աշխատում։ Հենց այդ մասին հաճույքով կուզենայի որևէ բան իմանալ։
― Քիչ բան կարող եմ հայտնել։ Սկզբում, իրոք, փորձեցի, սակայն հետո ձեռք քաշեցի դրանից․ շատ է հոգնեցնում և հաջողության տեսակետից չի արդարացնում իրեն։ Աշխատելն ու որևէ բան ձեռնարկելը, գոնե ինձ համար, անհնարին դուրս եկավ։ Հենց միայն նստելն ու սպասելն են մեծ ջանքեր խլում։ Դուք, ախր, ինքներդ գիտեք, թե ինչքան ծանր է գրասենյակային բաժնի օդը։
― Ի՞նչ գիտեք, որ ես եղել եմ այնտեղ։
― Երբ անցաք, ես սպասասրահում էի։
― Ա՛յ քեզ զուգադիպություն,― ոգևորված բացականչեց Կ֊ն և ընդհանրապես մոռացավ, որ քիչ առաջ վաճառականը ծիծաղելի էր։― Ուրեմն Դուք տեսե՞լ եք ինձ։ Դուք գրասենյակո՞ւմ էիք, երբ ես անցա։ Այո, ես մի անգամ եղել եմ այնտեղ։
― Զուգադիպությունն այնքան էլ զարմանալի չէ։ Ես համարյա ամեն օր այնտեղ եմ։
― Երևի ես էլ ստիպված լինեմ ավելի հաճախ գնալ, միայն թե հազիվ այն անգամվա նման հարգալից ընդունելության արժանանամ։ Բոլորը ոտքի կանգնեցին։ Նրանք հավանաբար կարծեցին, թե դատավոր եմ։
― Ոչ։ Մենք այն օրը կատարածուին ողջունեցինք։ Որ Դուք մեղադրյալ եք, մենք հաստատ գիտեինք։ Նման լուրերը շատ արագ են տարածվում։
― Նշանակում է Դուք արդեն գիտեի՞ք։ Այդ դեպքում երևի իմ վարքը գոռոզամիտ թվաց։ Այդ մասին ոչինչ չխոսեցի՞ն։
― Ոչ։ Ընդհակառակը։ Սակայն դրանք անմիտ բաներ են։
― Ինչպե՞ս թե անմիտ բաներ։
― Ինչո՞ւ եք հարցնում։― Վաճառականը սկսեց զայրանալ։― Երևում է, որ չեք ճանաչում այնտեղի մարդկանց և, հնարավոր է, սխալ հասկանաք բացատրությունը։ Դուք պետք է մտածեք, որ այս հետաքննության ժամանակ այնպիսի բաների մասին է խոսվելու, որ այլևս հնարավոր չէ հասկանալ։ Մարդ հոգնում է պարզապես, շատ հարցերում չի կարողանում կողմնորոշվել և, որպես հատուցում՝ սնահավատ է դառնում։ Ես ուրիշների մասին եմ խոսում, բայց ինքս էլ բնավ ավելի լավը չեմ։ Նման մի սնահավատության օրինակ է, որ շատերն են ուզում մեղադրյալի դեմքից՝ հատկապես շուրթերի գծագրությունից հասկանալ գործի ելքը։ Այդ մարդիկ, ուրեմն Ձեր շրթունքներից եզրակացնելով պնդեցին, որ Դուք անպայման և շատ շուտով կդատապարտվեք։ Կրկնում եմ, ծիծաղելի սնահավատություն է և դեպքերի մեծ մասի ընթացքով լրիվ հերքվում է փաստորեն, սակայն երբ մարդ նման հասարակության մեջ է լինում, կարծիքների ազդեցության տակ չընկնելը շատ դժվար է։ Հիմա պատկերացրեք սնահավատության ազդեցության ուժը։ Դուք, կարծեմ, մեկին դիմեցիք, չէ՞, իսկ նա հազիվ էր կարողանում պատասխանել։ Այնտեղ շփոթված լինելու պատճառներ, իհարկե, շատ կան, բայց դրանցից մեկը ձեր շուրթերն էին։ Ձեր գնալուց հետո նա պատմեց, որ իրեն թվացել էր,թե Ձեր շուրթերի գծագրությունից նաև իր դատապարտումն է կարդացել։
― Իմ շուրթերի՞։― Կ֊ն գրպանից հանեց հայելին ու զննեց դեմքը։― Իմ շուրթերին նայելով ոչ մի առանձնահատուկ բան չեմ կարող գտնել։ Իսկ Դո՞ւք։
― Ես էլ։ Ոչինչ։
― Ի՜Նչ սնահավատ են այդ մարդիկ,― բացականչեց Կ֊ն։
― Չասացի՞։
― Ուրեմն նրանք այնքան հաճախ են հանդիպում, որ կարծիքնե՞ր են փոխանակում։ Առայսօր ես բոլորովին ձեռնպահ եմ մնացել այնտեղ գնալուց։
― Նրանք սովորաբար չեն շփվում։ Այնքան շատ են, որ հնարավոր չէ։ Բայց այդ, ընդհանուր հետաքրքրությունը շատ քիչ է։ Եթե երբեմն խմբերից մեկում մի ընդհանուր շահի հանդեպ հավատ է ստեղծում, ապա շուտով պարզվում է, որ դա մոլորություն է։ Դատարանի դեմ համախմբված կերպով ոչնչի հնարավոր չէ հասնել։ Յուրաքանչյուր դեպք առանձին է ուսումնասիրվում․ այս դատարանը ամենամանրախնդիրն է։ Խմբովին, ուրեմն, ոչինչ հնարավոր չէ, միայն առանձին դեպքերում անհատ մեկը կարող է գաղտնի որևէ բան անել։ Այդ մեկի՝ իր ուզածին հասնելուց հետո նոր են մյուսները լսում, բայց ոչ ոք չի իմանում, թե նա ինչպե՞ս է հաջողության հասել։ Ոչ մի համախմբվածություն չկա ուրեմն։ Թեև նրանք երբեմն֊երբեմն հավաքվում են սպասասենյակում, բայց այնտեղ նրանք քիչ են խոսում։ Սնահավատ մտքերը անհաշիվ ժամանակներից ի վեր կան և, ճիշտն ասած, իրենք֊իրենց են բազմանում֊տարածվում։
― Ես ընդունարանաւոմ տեսա պարոններին, և նրանց սպասելն ինձ այնքան անիմաստ թվաց։
― Սպասելն անիմաստ չէ,― նկատեց վաճառականը։― Միայն ինքնուրույն ձեռնարկումն է անիմաստ։ Ասել եմ արդեն, որ այս մեկից բացի, հինգ փաստաբան էլ ունեմ։ Կարելի էր մտածել, թե այժմ լրիվ կարող եմ նրանց հույսին թողնել գործը։ Սկզբում ես էլ էի կարծում, բայց սխալվեցի։ Ես ավելի մեծ դժվարությամբ կարող եմ գործն այդ հինգ հոգուն թողնել, քան եթե միայն մեկն ունենայի։ Դուք, հավանաբար, չե՞ք հասկանում։
― Ո՛չ,― ասաց Կ֊ն և վաճառականի խոսքերի չափազանց արագ հոսքն ընդհատելու համար ձեռքը հանգստացնելով դրեց նրա ձեռքին։― Ես միայն կուզեի խնդրել Ձեզ, որ փոքր֊ինչ դանդաղ խոսեք։ Այդ բոլորն, ախր, ինձ համար կարևոր բաներ են, մինչդեռ ես չեմ կարող Ձեր խոսքերի հետևից հասնել։
― Լավ է, որ հիշեցրիք։ Այս գործում Դուք նոր եք, անփորձ։ Ձեր գործը կես տարվա պատմություն ունի, այնպես չէ՞։ Այո, լսել եմ։ Շատ թարմ գործ է։ Իսկ ես անթիվ անգամներ եմ մտածել այդ գործերի մասին և դրանց մասին մտածելը աշխարհում ամենաբնական բանն է ինձ համար։
― Դուք, հավանաբար, գո՞հ եք, որ Ձեր գործն այդքան առաջ է գնացել։― Կ֊ն չէր ուզում անմիջապես հարցնել, թե ի՞նչ վիճակում է վաճառականի դատական գործը, սակայն հարցի պատասխանն այնքան էլ հստակ չէր։
― Այո, գործն արդեն հինգ տարի է առաջ եմ գլորում։― Վաճառականը կախեց գլուխը։― Քիչ բան չէ, սակայն։
Նա մի պահ լռեց։ Կ֊ն ականջ դրեց․ արդյոք Լեննին չէ՞ր գալիս։ Մի կողմից նա չէր ուզում, որ Լեննին գար և վաճառականի հետ այդպես մտերմիկ զրուցելիս տեսներ, մյուս կողմից՝ զայրանում էր, որ չնայած իր այստեղ լինելուն, այդքան երկար է մնում փաստաբանի մոտ․ շատ ավելի երկար, քան ապուրը մատուցելու համար էր անհրաժեշտ։
― Ես դեռ լավ եմ հիշում այն ժամանակը,― վերսկսեց վաճառականը, և Կ֊ն անմիջապես համակ ուշադրություն դարձավ,― երբ իմ գործն էլ Ձերի վաղեմությունն ուներ։ Այն ժամանակ միայն այս փաստաբանն էր ինձ համար աշխատում, բայց ես այնքան էլ գոհ չէի նրանից։
«Հիմա արդեն ամեն ինչ կիմանամ»,― մտածեց Կ֊ն և աշխույժ գլխով արեց, կարծես դրանով կարող էր վաճառականին ավելի ոգևորել, որ էական ոչ մի բան բաց չթողներ։
― Թեև հարցաքննություններ լինում էին,― շարունակեց վաճառականը,― ես բոլորովին ներկա էի լինում, նյութեր էի հավաքում, իմ առևտրական հաշվեմատյաններն էի հանձնել փաստաբանին (մի բան, որ, ինչպես հետո իմացա, ավելորդ էր), շարունակ գնում֊գալիս էի փաստաբանի մոտ, իր հերթին նա տարբեր խնդրագրեր էր ներկայացնում, բայց գործն առաջ չէր գնում։
― Տարբեր խնդրագրե՞ր։
― Այո, իհարկե։
― Դա շատ կարևոր է։ Իմ գործով զբաղվելիս նա շարունակ միայն առաջին խնդրագիրն է շարադրում և դեռ ոչինչ չի արել։ Այժմ ես հասկանում եմ, որ նողկալի կերպով անուշադրության է մատնել ինձ։
― Խնդրագրի պատրաստ չլինելը կարող է արդարացնող տարբեր պատճառներ ունենալ,― առարկեց վաճառականը։― Ի դեպ, ինչպես հետո պարզվեց, խնդրագրերը բոլորովին անարժեք բաներ էին։ Դրանցից մեկը ես դատարանի մի պաշտոնյայի սիրալիրության շնորհիվ անձամբ եմ կարդացել։ Թեև գրագետ էր շարադրված, բայց անիմաստ էր։ Նախ՝ լատիներենն էր շատ, և ես չհասկացա, հետո՝ մի քանի էջ ծավալով դիմումներ էին դատարանին ուղղված, հետո քծնանքներն էին գալիս՝ ուղղված տարբեր պաշտոնյաների, որոնց անունները թեև նշված չէին, բայց այդ բնագավառի մարդը կկռահեր հաստատ, դրան փաստաբանական ինքնագովությունն էր հետևում, ուր նա շան նման նվաստանում էր դատարանի առջև, և վերջում անցած տարիների՝ իմ գործին նման թվացող գործերի քննություններն էին։ Դրանք, համենայնդեպս, ինչքան որ ես կարողացա կարդալ, շատ մեծ հոգատարությամբ էին արված։ Այս ամենով հանդերձ, ես չեմ ուզում փաստաբանի աշխատանքի վերաբերյալ ոչ մի եզրակացության հանգել։ Իմ կարդացած խնդրագիրը մեկն էր բազմաթիվ մյուսների շարքում, սակայն այն ժամանակ (այդ մասին եմ ուզում խոսել) չէի կարող որևէ առաջընթաց տեսնել իմ գործում։
― Իսկ ի՞նչ առաջընթաց էիք ուզում տեսնել։
― Շատ խելացի հարց եք տալիս,― ժպտալով պատասխանեց վաճառականը։― Նման գործավարության դեպքում շատ հազվադեպ կարելի է առաջընթաց քայլեր ակնկալել, բայց ես չգիտեի։ Ես վաճառական եմ, իսկ այն տարիներին ավելի՝ քան այժմ, ակնառու հաջողություններ ունենալ էի ուզում․ այս ամենը կամ պետք է իր ավարտն ունենար, կամ գոնե իր բնական ընթացքով զարգանար։ Դրա փոխաերն միայն հարցաքննություններ էին լինում․ դրանք մեծ մասամբ նույն բովանդակությունն ունեին, իսկ պատասխանները արդեն սաղմոսի պես անգիր էի արել։ Շաբաթվա մեջ մի քանի անգամ դատարանի կատարածուները իմ խանութն ու բնակարանն էին գալիս, որտեղ հանդիպեին՝ մոտենում էին։ Դա, ինչ խոսք, խանգարում էր (այսօր գոնե այդ տեսակետից շատ հեշտ է․ հեռախոսազանգը այնքան էլ չի խանգարում), իմ գործընկերների, հատկապես բարեկամների շրջանում սկսեցին հարուցված գործի մասին շշուկներ տարածվել։ Այսպես ուրեմն, տուժում էի բոլոր առումներով, բայց այն մասին, որ մոտակա օրերին գոնե դատական առաջին նիստերն են կայանալու, ոչ մի խոսք չկար։ Ես, ուրեմն, գնացի փաստաբանի մոտ և գանգատվեցի։ Նա թեև երկար֊բարակ բացատրություններ տվեց, սակայն վճռականորեն հրաժարվեց իմ ուզած ձևով մի քայլ իսկ անել։ Ասաց, որ դատական նիստի նշանակման օրը ոչ ոք չի կարող որոշել, խնդրագրի մեջ իմ ուզած ձևով ոչինչ չի կարող պահանջել, չլսված բան է, ինձ էլ, իրեն էլ կկործանի։ Ես մտածեցի․ այն, ինչ այս փաստաբանը չի կարող կամ չի ուզում, մի ուրիշը կուզենա և կկարողանա։ Ես, ուրեմն, սկսեցի նոր փաստաբան փնտրել։ Սկզբից ևեթ ուզում եմ զգուշացնել․ նրանցից ոչ մեկը դատականի նիստերի նշանակում չպահանջեց, ոչ էլ հասավ դրան։ Միայն մի վերապահությամբ (այդ մասին կխոսեմ դեռ․ իրոք անհնար էր) կարելի է ասել, որ դոկտոր Հուլդը ինձ չէր խաբել, իսկ ընդհանրապես չեմ զղջացել, որ մի ուրիշ փաստաբանի եմ դիմել։ Աղմկարար փաստաբանների մասին մի քանի բան դոկտոր Հուլդից պետք է իմացած լինեք արդեն։ Հավանաբար նա շատ արհամարհական տոնով է արտահայտվել, բայց նրանք իրոք արժանի են այդ տոնին։ Համենայնդեպս, երբ դոկտոր Հուլդը նրանց մասին է խոսում կամ իր գործընկներին է նրանց հետ համեմատում, մի աննշան սխալ է թույլ տալիս, և ես հենց այնպես ուզում եմ դրա վրա հրավիրել Ձեր ուշադրությունը։ Իր շրջանակների փաստաբաններին տարբերակելու համար նրանց «մեծ» փաստաբաններ է անվանում։ Դա սխալ է։ Իհարկե, ամեն ոք, երբ ուզենա, կարող է ինքն իրեն «մեծ» անվանել, մինչդեռ այս հարցում որոշիչ դեռը միայն գործիմացությանն է պատկանում։ Գործիմացությունից կախված՝ աղմկարար փաստաբաններից բացի, մեծ ու փոքր փաստաբաններ էլ կան։ Սա ու նրա գործընկներները, համենայնդպես, փոքր փաստաբաններ են, մինչդեռ մեծերը՝ որոնց մասին լսել եմ միայն ու չեմ տեսել երբեք, իրենց աստիճանով անհամեմատ ավելի բարձր են կանգնած փոքրերից, ինչպես սրանք՝ արհամարհված աղմկարարներից։