Քանի որ հիմա հատկապես չպետք է բացակայեի, սակայն գրասենյակ չունեի, եւ ընկերուհիս էլ չէր կարող ինձ իր գրասենյակ ներս թողնել, ես անվճռականորեն կանգնեցի սանդղավանդակում։ Մի քանի անգամ աստիճաններով վեր ու վար գնացի․ հանկարծ նորից դարձա մայրիկիս երեխան, քանի որ ԹԱՇԿԻՆԱԿ ՈՒՆԵԻ։ Ես փռեցի այն առաջին եւ երկրորդ հարկերի միջեւ գտնվող աստիճաններից մեկին, հարթեցի ու նստեցի վրան։ Հաստափոր բառարաններս դրեցի ծնկներիս եւ անցա ջրաբաշխ մեքենաների նկարագրությունների թարգմանությանը։ Ես սանդղակատակ էի, իսկ գրասենյակս թաշկինակ էր։ Ընկերուհիս կեսօրի ընդմիջումներին նստում էր կողքիս՝ աստիճաններին։ Մենք միասին ուտում էինք, ինչպես նախկինում՝ նրա, դրանից առաջ էլ՝ իմ գրասենյակում։ Բակի բարձրախոսից, ինչպես միշտ, աշխատողների երգչախմբերը երգում էին ժողովրդի երջանկությունից։ Նա ուտում էր եւ սգում իմ բախտը։ Ես՝ ոչ։ Ես պիտի պինդ մնայի։ Դեռ երկար։ Մի քանի հավերժական շաբաթ, մինչեւ ինձ կհեռացնեին։
Այն ժամանակահատվածում, երբ ես սանդղակատակ էի, թերթել էի բառարանը՝ գտնելու, թե էլ ինչ բառեր կան ՍԱՆԴՈՒՂՔԻ հետ կապված։ Սանդուղքի առաջին աստիճանը կոչվում է ANTRITT, վերջին աստիճանը՝ AUSTRITT։ Հորիզոնական աստիճանները կողքերից հարմարեցված են ՍԱՆԴՂԱԿԱԼՆԵՐԻՆ<ref>գերմ․ TREPPENWANGEN, բառացի՝ ՍԱՆԴՈՒՂՔԻ ԱՅՏԵՐ – Ծ․ Թ․)</ref>։ Իսկ առանձին աստիճանների միջեւ գտնվող անցքերը կոչվում են TREPPENAUGEN<ref>(բառացի՝ ՍԱՆԴՈՒՂՔԻ ԱՉՔԵՐ – Ծ․ Թ․)</ref>։ Ես էլի գեղեցիկ բառեր գիտեի՝ ջրաբաշխական նավթոտ մեքենաների դետալների անվանումները․ SCHWALBENSCHWANZ (ԾԻԾԵՌՆԱԿԻ ՊՈՉ), SCHWANENHALS (ԿԱՐԱՊԻ ՎԻԶ), պտուտակի ամրացման հենարանը կոչվում է SCHRAUBENMUTTER (ՊՏՈՒՏԱԿԱՄԵՐ)։ Ինձ նմանապես շփոթեցնում էին սանդուղքի մասերի բանաստեղծական անուններն ու տեխնիկական լեզվի գեղեցկությունը։ TREPPENWANGEN, TREPPENAUGEN․ ստացվում է որ սանդուղքը դեմք ունի։
Փայտից լինի, թե՝ քարից, բետոնից, թե՝ երկաթից՝ ինչո՞ւ են մարդիկ նույնիսկ ծանրաշարժ իրերի մեջ իրենց սեփական կերպարանքը ներկառուցում, ինչո՞ւ են անկենդան նյութին իրենց սեփական մսի անունը տալիս, անձնավորում որպես մարմնի մասեր։ Արդյո՞ք տեխնիկայի մասնագետների աշխատանքը միայն թաքցված քնքշանքի շնորհիվ է տանելի դառնում։ Յուրաքանչյու՞ր աշխատանք է յուրաքանչյուր մասնագիտության մեջ նույն սկզբունքով ընթանում, ինչպես մայրիկի թաշկինակի հարցը։
Տատիկս հետեւի դարակներից մեկում Մաթցի երկու լուսանկար ուներ՝ մի հարսանեկան եւ մի մահվան լուսանկար։ Հարսանեկան լուսանկարում սպիտակ հագնված մի հարսնացու է՝ Մաթցից մի գլուխ բարձր, նիհար եւ լուրջ, մի գիպսե տիրամայր։ Գլխին մոմե պսակ է, նման տերեւակույտի։ Կողքին Մաթցն է՝ նացիստական համազգեստով։ Փեսացու լինելու փոխարեն նա զինվոր է։ Մի ամուսնացող զինվոր եւ իր սեփական հայրենիքի վերջին զինվորը։ Հազիվ էր վերադարձել ռազմաճակատ, եւ ահա՝ մահվան լուսանկարը։ Նկարում ականից պատառոտված մի ամենավերջին զինվոր է։ Մահվան լուսանկարը ձեռքի մեծության է․ մի սեւ ակր, դրա մեջտեղում՝ մի սպիտակ թաշկինակ եւ մարդու մնացորդների մի գորշ կույտ։ Սեւի մեջ սպիտակ թաշկինակն այնքան փոքր է, ինչքան մանկական թաշկինակը, որի սպիտակ քառակուսու մեջտեղում տարօրինակ նախշ է նկարված։ Տատիկիս համար էլ այս նկարն է դեղախառնուրդ․ սպիտակ թաշկինակի վրա մեռած նացիստ է, նրա հիշողության մեջ՝ կենդանի որդի։ Տատս այս երկակի նկարը տարիներ ի վեր պահել էր աղոթագրքի մեջ։ Նա աղոթում էր ամեն օր։ Հավանաբար նրա աղոթքներն էլ էին երկիմաստ։ Հավանաբար դրանք ջանում էին լցնել սիրելի որդուց մինչեւ մոլագար նացիստն առաջացած ճեղքվածքը եւ առասանակ էին խնդրում Աստծուց՝ այդ որդուն սիրելու եւ նացիստին ներելու։
Պապիկս Առաջին Համաշխարհային պատերազմի զինվոր էր։ Նա գիտեր, թե ինչի մասին է խոսում, երբ իր որդի Մաթցի վերաբերյալ հաճախ եւ դառնացած ասում էր․ Այո, երբ փողփողում են դրոշները, բանականությունը հօդս է ցնդում<ref>(բնագրում դարձվածք է՝ «շեփոր» բառի գործածությամբ, որը հնարավորություն է տալիս հեղինակին՝ ստորեւ բառախաղ անելու – Ծ․ Թ․)։Թ․։</ref> Այս զգուշացումը համապատասխանում է նաեւ հաջորդած դիկտատուրային, որում ես ինքս էլ ապրել եմ։ Ամեն օր տեսնում ես մեծ ու փոքր սպեկուլյանտների բանականության բնաջնջումը։ Ես որոշեցի չշեփորահարել։
Սակայն երեխա ժամանակ ստիպված էի կամքիս հակառակ ակորդեոն նվագել սովորել։ Որովհետեւ տանը դրված էր մահացած զինվոր Մաթցի կարմիր ակորդեոնը։ Ակորդեոնի կաշեփոկերը շատ երկար էին։ Որպեսզի չսահեին ուսիցս, ակորդեոնի ուսուցիչը թաշկինակով կապում էր դրանք մեջքիս։