— Ամեն տեսակետից հետաքրքրական քառյակ է,— դատեց,— Առաջին տողը կորզում է մասնագետի ակադեմիկոսի հելլենիստի ծափահարությունները, երկրորդն անցնում է Հոմերոսից Հեսիոդոսին (փառահեղ կերտվածքի ճակատին առնելով մեկ-երկու տեղ ի նշան դաստիարակչական բանաստեղծության հոր հանդեպ հարգանքի) ու միևնույն ժամանակ, թարմացնելով և բարելավելով այնպիսի մի ձև, որի ծագումնաբանությունը պետք է որոնել ս Գրոց էջերում թվարկումը, կուտակումը կամ բարդումը, երրորդը բարոկկո, անկապաշտություն նրբացած մշակույթի և ձևի ֆանատիկոսություն բաղկացած, երկու երկանդամ ոտքերից չորրորդը ուղղակի երկլեզու ինձ համար ապահովում է զգայուն հոգիների գնահատությունը, որը չեն կարող խախտել բազմաթիվ սատիրիստների գրոհներն անգամ:
Դեռ չեմ խոսում տարօրինակ հանգի և պատկերավորման մասին, որ առանց պարծենկոտության ինձ թույլ է տալիս չորս տողի մեջ զետեղել երեք գիտական ակնարկ, որոնք պարունակում են երեսուն դարերի սեղմ գրականությունը. առաջինը՝ '''Ոդիսականը''', երկրորդը՝ '''Աշխատանքներն ու օրերը''', Երրորդը՝ այն էժանագին անմահությունը, որ մեզ է պարգևում սաբոնացու գրչի ձանձրույթը... Եվս մի անգամ հասկանում եմ, որ ժամանակակից արվեստը պահանջում է ծիծաղի բալասանը՝ ''սկերցոն'': Անկասկած խոսքը վերաբերում է Գոլդոնիին:
Ուրիշ քառյակներ էլ կարդաց, որոնք նույնպես արժանացան նրա գնահատանքին և խիստ մեկնաբանությանը: Նրանց մեջ հիշարժան ոչինչ չկար, նախորդներից էլ վատը չէին: Նրա գրվածքներում միահյուսվել էին նվիրումը, հանդուրժողականությունն ու բախտը: Դաներիի նշած արժանիքները արտատեքստային էին: Հասկացա, որ բանաստեղծի աշխատանքը ոչ թե բանաստեղծությունն է այլ բանաստեղծությունը հիանալի դարձնելու համար պատճառներ հնարելը. բնականաբար հետագա աշխատանքը գործը փոխում է իր, բայց ոչ ուրիշների համար: Դաներիի արտասանական արվեստն արտառոց էր. նրա ռիթմական անճարակությունը չնչին բացառությամբ թույլ չտվեց այդ արտառոցությունը բանաստեղծությանը փոխանցել: Կյանքում ընդամենը մի անգամ եմ առիթ ունեցել ուսումնասիրելու Polyolbion-ը՝ տասնհինգ հազար տասներկուվանկանիներ պարունակող տեղագրական դյուցազներգությունը, որտեղ Մայքլ Դրեյտոնը արձանագրել է Անգլիայի բուսական և կենդանական աշխարհը, գետերը լեռները և վանական ու ռազմական պատմությունը. վստահ եմ, որ այդ թեև նշանակալի բայց և սահմանափակ արտադրանքը պակաս ձանձրալի է, քան Կառլոս Արխենտինոյի գրվածքը: Սա չափածոյով ուզում էր գրավել ամբողջ երկրագունդը: 1941-ին նա արդեն հաղթահարել էր Քուինսլանդ նահանգի մի քանի հեկտարը, Օբ գետի հովտի մի քանի կիլոմետրեր, Վերակրուսի հյուսիսում գտնվող գազակայանը, Կոնսեպսիոն Եկեղեցու շուրջն ընկած առևտրական բոլոր գլխավոր աները, Բելգրանո թաղամասում Օնսե դե Սետիեմբրե փողոցի Մարիանա Կամբասերես դե Ալվեարի այգիները և Բրայտոն հանրահայտ, ակվարիումից ոչ շատ հեռու թրքական բաղնիքների մի հաստատություն: Պոեմի Ավստրալիային վերաբերող հատվածից մի քանի բարդ գլուխներ կարդաց. այդ երկար ու ալեքսանդրյան չափի հաղորդագրությունները Նախաբանի հարաբերական աշխուժությունը չունեին: Բերեմ մի քառյակ.
<poem>'''Իմացեք, միապաղաղ սյունից աջեաջ'''
'''Գալով, իհարկե, Հյուսիս, հյուսիս-արևմուտքից'''
'''Ձանձրանում է մի կմախք — Գու՞յնը՝ ճերմակաերկնագույն,'''
'''Որ ոչխարների գոմին տալիս է ոսկրագերեզմանի համ:'''</poem>
— Լսում եմ քրթմնջոցդ հաջող գտնված երկու հանդգնությունների համար,— բացականչեց ուրախացած - ընդունում եմ, ընդունում: Մեկը, միապաղաղ մակդիրն է, որ ճշգրտորեն մերկացնում է en passant<ref>անցնելիս (ֆրանս.), այստեղ՝ իմիջի այլոց, հարևանցի (ծան. խմբ.) </ref> գյուղական աշխատանքներին բնորոշ անժխտելի ձանձրույթը, որն այս ձևով այսքան վառ չեն համարձակվել մերկացնել ոչ Գեորգիկները, ռչ էլ մեզ արդեն հայտնի Դոն Սեգունդոն: Մյուսը՝ ''ձանձրանում է մի կմախք''. պրոզաիզմն է, որ բծախնդիր մեկը կուզենա սարսափով բանադրել, բայց տղամարդկային ճաշակ ունեցող քննադատը իր կյանքից էլ բարձր կգնահատի: Բացի այդ, ամբողջ քառյակն էլ բարձրորակ է: Երկրորդ ոտքը հետաքրքրական զրույց է բացում ընթերցողի հետ, նրա հետաքրքրասիրությունը կանխելով առաջ է ընկնում, նրա շուրթերին դնում է մի հարց և անմիջապես... բավարարում: Իսկ ի՞նչ կասես այս գյուտի մասին. ճերմակաերկնագույն այս հոյակապ նորարարությունը առաջացնում է Երկնքի պատկերը, որը ավստրալիական բնության կարևոր տարրերից է: Առանց այդ հիշատակման ուրվանկարի գույնը շատ մռայլ կլիներ, ընթերցողը հոգու խորքում վիրավորված անբուժելի սևմաղձով հարկադրված կփակեր ժողովածուն:
Կեսգիշերին հրաժեշտ տվեցի: