Changes

Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն

Ավելացվել է 20 694 բայտ, 22:21, 22 Ապրիլի 2014
==Գլուխ չորրորդ — Գանձը==

Մի անգամ կատուն ասում է․
 
— Սա ինչ բան է, մինչեւ ե՞րբ կարող ենք առանց կաթի յոլա գնալ։  Այսպես կմեռնենք ախր։ Պետք է անպայման մի կով գնել։
 
— Պետք է,— համաձայնում է Քեռի Ֆեոդորը։— Իսկ փող որտեղի՞ց ճարենք։
 
— Գուցե պա՞րտք անենք,— առաջարկում է շունը։— Հարեւաններից։
 
— Իսկ ինչպե՞ս վերադարձնենք պարտքը,— հարցնում է կատուն։— Կարծում եմ, պետք է վերադարձնել։
 
— Տեղը կաթ կտանք։
 
Բայց կատուն չի համաձայնում։
 
— Եթե կաթը պետք է տանք, էլ կովը մեր ինչի՞ն է պետք։
 
— Ուրեմն պետք է ինչ֊որ բան վաճառել,— ասում է Շարիկը։
 
— Իսկ ի՞նչ։
 
— Մի որեւէ անպետք բան։
 
— Անպետք բանը վաճառելու համար,— բարկանում է կատուն,— նախ պետք է գնենք այդ բանը։ Իսկ մենք փող չունենք։— Այստեղ կատուն նայում է շանը եւ ասում․— Շարիկ, արի կլինի քեզ վաճառենք։
 
Շարիկը բարկությունից նույնիսկ ոստոստում է տեղում․
 
— Ինչպե՞ս թե՝ ինձ։
 
— Հենց այդպես։ Հիմա դու լավ պահված, գեղեցիկ շուն ես։ Որսորդները քեզ համար հարյուր ռուբլի կտան։ Նույնիսկ ավելի։ Իսկ հեհտո դու կփախչես ու նորից կգաս մեզ մոտ։ Այդ ժամանակ արդեն կով կունենանք։
 
— Հա՞,— գոռում է Շարիկը։— Իսկ եթե վիզս շղթա գցե՞ն։ արի կլինի, քեզ վաճառենք, կատու։ Քո տեսքն էլ է լավ։ Ի՜նչ էլ թմբլիկ ես դարձել։ Համ էլ կատուներին չեն շղթայում։
 
Այստեղ Քեռի Ֆեոդորը միջամտում է․
 
— Ոչ մեկիդ էլ չենք վաճառի։ Մենք կգնանք գանձ որոնելու։
 
— Ուրա՜,— գոռում է Շարիկը։— Վաղուց պետք է գնայինք։— Իսկ ինքը կամացուկ հարցնում է կատվին․— Ի՞նչ բան է սանձը։
 
— Ոչ թե սանձ, այլ գանձ,— պատասխանում է կատուն։— Փող է դա, զարդեղեն, որ մարդիկ պահում են հողի տակ։ Ավազակները։
 
— Ինչո՞ւ են պահում։
 
— Իսկ ինչո՞ւ ես դու ոսկորները այգում թաղում եւ վառարանի տակ խցկում։
 
— Ե՞ս։ Պաշար եմ հավաքում։
 
— Դե նրանք էլ իրենց համար են պաշար հավաքում։
 
Շունն իսկույն ամեն ինչ հասկացավ եւ որոշեց ոսկորները տեղափոխել, որպեսզի կատուն տեղը չիմանա։
 
Եվ գնացին գանձ որոնելու։ Կատուն ասում է․
 
— Ինչպե՞ս է, որ մինչեւ հիմա մտքովս չի անցել գանձ որոնել։ Հիմա համ կով կգնենք, համ էլ բանջարանոցում չենք աշխատի։ Ամեն ինչ կարող ենք շուկայից գնել։
 
— Խանութից էլ կարող ենք գնել,— ասում է Շարիկը։ Ավելի լավ է միսը խանութից գնենք։
 
— Ինչո՞ւ։
 
— Այնտեղ ոսկորներն ավելի շատ են։
 
Եվ այսպես նրանք հասան անտառ ու դեմ առան մի մեծ ժայռի։ Ժայռի մեջ քարանձավ կար, որտեղ մի ժամանակ ավազակներ էին ապրել։ Քեռի Ֆեոդորը սկսեց փորել։ Իսկ շունն ու կատուն նստեցին քարերին։
 
Շունը հարցնում է․
 
— Իսկ ինչո՞ւ քաղաքում գանձ չէիր որոնում, Քեռի Ֆեոդոր։
 
Քեռի Ֆեոդորն ասում է․
 
— Ինչ անխելքն ես։ Ո՞վ է քաղաքում գանձ փնտրում։ Այնտեղ իսկի փորել կլինի՞ որ, ասֆալտ է չորս կողմը։ Իսկ այստեղ տես ինչ փխրուն հող է՝ միայն ավազ։ Շուտով գանձը կգտնենք։ Եվ կով կգնենք։
 
Շունը նորից ասում է․
 
— Եկեք գանձը գտնելուց հետո երեք մասի բաժանենք։
 
— Ինչո՞ւ,— հարցնում է կատուն։
 
— Որովհետեւ ինձ կով պետք չէ։ Ես կաթ չեմ սիրում։ Ինձ համար երշիկ կգնեմ խանութից։
 
— Ասենք ես էլ առանձնապես կաթ չեմ սիրում,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Այ եթե կովը կվաս տար կամ լիմոնադ…
 
— Իսկ իմ բաժին փողը չի բավականացնի կով գնելու համար,— առարկում է կատուն։— Տնտեսության մեջ կովն անհրաժեշտ է։ Առանց կովի էլ ի՞նչ տնտեսություն։
 
— Հետո՞ ինչ,— ասում է Շարիկը։— Պարտադիր չէ, որ մեծ կով գնենք։ Դու էլ փոքրը գնիր։ Այդպիսի հատուկ կովեր կան կատուների համար։ Նրանց այծ են ասում։
 
Քեռի Ֆեոդորի բահը ինչ֊որ բանի կպավ ու զնգաց։ Դա մետաղակուռ մի սնդուկ էր։ Իսկ սնդուկում՝ ամեն տեսակ զարդեղեն։ Եվ հին մետաղադրամներ։ Եվ թանկարժեք քարեր։ Վերցրին սնդուկը եւ գնացին տուն։ Մեկ էլ նրանց դեմ ելավ փոստատար Պեչկինը։
 
— Ի՞նչ կա սնդուկիդ մեջ, տղա։
 
Կատու Մատրոսկինը խորամանկ էր, ասաց․
 
— Սունկ հավաքելու էինք գնացել։
 
Բայց Պեչկինն էլ հիմար չէր։
 
— Իսկ սնդուկն ինչի՞ համար է։
 
— Սնկի։ Նրա մեջ սունկը աղ ենք դնում։ Հենց անտառում։ Պա՞րզ է։
 
— Իհարկե, պարզ է։ Չհասկանալու ի՞նչ կա,— ասաց Պեչկինը։ Մինչդեռ ոչինչ չէր հասկացել։ Չէ՞ որ զամբյուղով են գնում սունկ հավաքելու։ Իսկ սրանք՝ սնդուկ են վերցրել։ Քիչ էլ մնա, ճամպրուկ կվերցնեն։ Այնուամենայնիվ, Պեչկինը ձեռ քաշեց։
 
Վերջապես տուն հասան։ Նայում են՝ սնդուկում շատ փող կա։ Ոչ թե մի կով, այլ մի ամբողջ նախիր կարելի է գնել, ցուլն էլ հետը։ Եվ որոշեցին, որ ամեն մեկն իր համար ինչ֊որ ցանկանա, այն էլ գնի։
 
===Գլուխ հինգերրորդ — Առաջին գնումը===
 
Հայրիկն ու մայրիկը շատ էին վշտացել, որ Քեռի Ֆեոդորը կորել է։
 
— Դու ես մեղավոր,— ասում է մայրիկը։— Ամեն ինչ թույլ ես տալիս, նա էլ երես է առել։
 
— Ինչ է արել, որ։ Պարզապես կենդանիներ է սիրում,— բացատրում է հայրիկը։— Դրա համար էլ կատվի հետ հեռացել է։
 
— Իսկ դու նրան տեխնիկա սովորեցնեիր։ Կոնստրուկտոր կամ փոշեծծիչ գնեիր, որ մի զբաղմունք ունենար։
 
Բայց հայրիկը համաձայն չի։
 
— Կատուն կենդանի արարած է։ Կատվի հետ կարելի է ե՛ւ խաղալ ե՛ւ զբոսանքի գնալ։ Իսկ կոնստրուկտորը կարո՞ղ է թղթի ետեւից վազվզել։ Կամ հնարավո՞ր է, օրինակ, փոշեծծիչը թելով քաշել։ Քեռի Ֆեոդորին ընկեր է պետք, ոչ թե խաղալիք։
 
— Չգիտեմ, թե նրան ինչ է պետք,— ասում է մայրիկը։— Միայն գիտեմ, որ բոլոր երեխաներն էլ իրենց համար խելոք նստում են մի անկյունում եւ կաղինից մարդուկներ շինում։ Նայում ես, քեֆդ գալիս է։
 
— Քո քեֆը գլաիս է, իմը՝ ոչ։ Տանը պետք է ե՛ւ շներ լինեն, ե՛ւ կատուներ, ե՛ւ ուզածիդ չափ բարեկամներ։ Որ իրենց համար ազատ բռնոցի֊տապկնոցի խաղան։ Ա՛յ, այդ դեպքում երեխաները տնից չեն փախչի։
 
— Այդ ժամանակ էլ ծնողները կսկսեն փախչել,— ասում է մայրիկը։— Առանց այդ էլ աշխատանքի վայրում շատ եմ հոգնում։ Էլ ուժ չեմ ունենում հեռուստացույց նայելու։ Եվ ընդհանրապես քո հիմարություններով գլուխս մի՛ տանի։ Ավելի լավ է մտածես, թե տղային ինչպես գտնենք։
 
Հայրիկը մտածեց, մտածեց, ապա ասաց․
 
— Հարկավոր է թերթում հայտարարություն տալ, որ տղա է կորել։ Անունը՝ Քեռի Ֆեոդոր, եւ նշաններն էլ նկարագրել։ Տեսնողը թող մեզ հայտնի։
 
Այդպես էլ արեցին։ Հայտարարություն գրեցին։ Նկարագրեցին Քեռի Ֆեոդորի արտաքինը։ Տարիքը։ Ցցված մազերը, որ կարծես կովը լիզած լինի։ Եվ պարգեւ խոստացան գտնողին։ Հայտարարությունը հանձնեցին ամենահետաքրքիր թերթին, որն ամենից շատ ընթերցողներ ուներ։
 
Իսկ Քեռի Ֆեոդորն այդ մասին ոչինչ չգիտեր։ Իր համար հանգիստ ապրում էր գյուղում։ Մի առավոտ նա հարցնում է կատվին․
 
— Լսիր, կատու, առաջ դու ինչպե՞ս էիր ապրում։
 
Կատուն ասում է․
 
— Վատ։ Շատ վատ։ Էլ չեմ ուզում առաջվա պես ապրել։
 
— Իսկ դու, Շարիկ, ինչպե՞ս էիր ապրում։
 
— Սովորական։ Ոչ լավ, ոչ վատ։ Թե որ կերակրում էին, լավ էի ապրում, որ չէին կերակրում՝ վատ։
 
— Ես էլ էի այդպես ապրում։ Ոչ լավ, ոչ վատ,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Բայց հիմա ուրիշ կերպ պետք է ապրենք։ Պետք է երջանիկ ապրենք։ Մատրոսկին, ա՛յ, դու ասա, քեզ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար։
 
— Կով։
 
— Շատ լավ, քեզ համար կով գնիր։ Ավելի լավ է վարձով վերցրու, որպեսզի նախ փորձես։
 
Կատուն մտածում է ու ասում․
 
— Դա ճիշտ միտք է, վարձով կվերցնենք։ Իսկ հետո, եթե մեզ դուր գա, կգնենք։
 
Քեռի Ֆեոդորը հարցնում է Շարիկին․
 
— Իսկ քե՞զ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար։
 
— Հրացան,— ասում է Շարիկը,— Ես ինքս մենակ որսի կգնամ։
 
— Լավ,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Դու էլ հրացան կունենաս։
 
— Ինձ մեդալներով վզնոց էլ է պետք,— ասում է շունը։— Եվ որսորդական պայուսակ։
 
— Մի գլուխ ուզում ես,— ասում է Մատրոսկինը։— Ախր դու մեզ բոլորովին կսնանկացնես։ Ոչ մի օգուտ չես տալիս, բայց ծախսի տակ ես գցում։ Իսկ քե՞զ համար ինչ ես գնելու, Քեռի Ֆեոդոր։
 
— Ինձ,— ասում է Քեռի Ֆեոդորը,— հեծանիվ է պետք։ Քաղաքում չթողեցին քշեմ, այնտեղ մեքենաները շատ են։ Այստեղ ուզածիս չափ կարող եմ քշել։ Գյուղում, դաշտում։ Գնա, արի, գնա, արի, որքան սիրտդ ուզի։
 
Բայց կատուն համաձայն չի։
 
— Դու միայն քո մասին ես մտածում, Քեռի Ֆեոդոր։ Ուրեմն դու պետք է քեզ համար գյուղում հեծանվով ման գաս, մենք էլ ետեւիցդ վազվզենք, հա՞։ Գնանք, գանք, գնանք, գանք։ Չէ, դրա մասին չէ, որ ամբողջ կյանքումս երազել եմ։ Մեզ պետք չէ քո հեծանիվը։
 
— Մոտոցիկլետ գնիր,— առաջարկում է շունը․— դռդռացնելով կքշենք գյուղով մեկ։ Բոլոր շները նախանձից կարաքվեն։
 
Քեռի Ֆեոդորը հենց որ պատկերացրեց այդ դռդռոցը, անմիջապես ուրախացավ։ Իսկ կատուն սկսեց գոռգոռալ․
 
— Ոչ մի բանի մասին լուրջ չեք մտածում։ Միայն թե փողերը քամուն տաք։ Իսկ եթե, օրինակ, անձրեւ գա կամ սառնամանիք լինի՞։ Չէ՞ որ բոլորս կմրսենք։ Կհիվանդանանք։ Իսկ ես գուցե նոր եմ սկսում ապրել՝ մտադիր եմ կով գնել։ Չէ, մոտոցիկլետը ինչ մեքենա է որ։ Պետք չի ինձ ձեր դռդռանը, եւ չհամոզեք։
 
Շարիկը մտածեց, մտածեց եւ համաձայնեց․
 
— Այո, մոտոցիկլետը դեռ մեքենա չի։ Ճիշտ է ասում, մոտոցիկլետ չենք գնի։ Ոչ մի դեպքում։ Ավելի լավ է մեքենա գնենք։
 
— Մեքենա՞ս որն է։ Ի՞նչ մեքենա։
 
— Սովորական, մարդատար մեքենա,— ասում է շունը։— Մեքենան մեքենա է, էլի։
 
— Հետո ի՞նչ,— գոռում է կատուն։ Գուցե ինչ֊որ տեղ մեքենան իսկապես մեքենա է։ Միայն թե ոչ մեր շրջանում։ Մեր ճանապարհները այնպիսի՜ն են… Իսկ եթե լռջի ու մնա անտառո՞ւմ։ Այդ ժամանակ ստիպված կլինենք տրակտորով քաշել։ Ավելի լավ է միանգամից տրակտոր առնենք, էլի։
 
— Ճիշտ է,— գոչում է շունը։— Ճիշտ է ասում։ Տրակտոր զնիր, Քեռի Ֆեոդոր։
 
Քեռի Ֆեոդորը նայեց կատվին։ Իսկ կատուն լուռ է։ Էլ ինչ ասի։ Նա թաթը թափ տվեց․ իբր, ինձ համար միեւնույն է, թեկուզ կոմբայն գնեք, որ ինձ չեք լսում։
 
Կատուն վերցրեց փողը, գնաց կով առնելու։ Իսկ Քեռի Ֆեոդորը գնաց փոստ՝ նամակ ուղարկելու գործարանին, որպեսզի տրակտոր դուրս գրեն։ Նա այսպիսի մի նամակ գրեց․
 
«Բարեւ ձեզ, հարգելի մարդիկ, որ տրակտոր եք շինում։ Խնդրում եմ ինձ համար մի տրակտոր ուղարկեք։ Միայն թե ոչ լրիվ իսկական, ոչ էլ լրիվ խաղալիք։ Այնպիսին, որ քիչ բենզին օգտագործի, բայց արագ գնա։ Ուրախ լինի եւ անձրեւից պաշտպանի։ Ուղարկում եմ հարյուր ռուբլի։ Եթե ավելանա, ետ ուղարկեք։
 
Հարգանքներով… Քեռի Ֆեոդոր (տղա)»։
 
Իսկ որոշ ժամանակից հետո հայտնվեց Մատրոսկինը՝ ետեւից քաշելով կովի պարանից։ Կովը նա վարձով վերցրել էր գյուղի սպասարկման բյուրոյից։ Դա կարմրաշեկ, հաստամռութ մի գոռոզ արարած էր։ Իսկ եւ իսկ եղջրավոր պրոֆեսոր։ Միայն ակնոցն էր պակասում։ Կատուն էլ էր գոռոզացել։
 
— Սա,— ասում է,— իմ կովն է։ Եվ տատիս հիշատակին անունը Մուռկա եմ դնելու։ Մի տեսեք, թե ինչ գեղեցիկն է։ Վերջինն էր։ Ոչ ոք չէր ուզում վերցնել։ Իսկ ես վերցրի, շատ դուր եկավ ինձ։ Եթե այսուհետեւ ավելի դուր գա, ես կգնեմ։
 
Նա վերցրեց գերանդին ու գնաց ձմռան համար խոտ հնձելու։ Իսկ կովը մոտեցավ պատուհանին ու սկսեց ծամել վարագույրները։ Ծաղկամաններում դրված ծաղիկները կերավ։ Շունը նկատեց այդ բանը․
 
— Էդ ի՞նչ ես անում։ Ծաղիկներն ու վարագույրներն ուտո՞ւմ ես։ Ինչպե՞ս հասկանանք, կարո՞ղ է հիվա՞նդ ես։ Ջերմությո՞ւնդ չափենք։ Ջերմաչա՞փ դնենք։
 
Կովն այնպես է նայում նրան, կարծես ամեն ինչ հասկացել է, բայց մեկ էլ գլուխը միանգամից ներս է խոթում պատուհանից, քաշում է նոր սփռոցը եւ սկսում է ծամել։ Շարիկը զարմանքից նույնիսկ ուշաթափվում է։ Հետո ուշքի է գալիս ու սկսում է սփռոցի մյուս ծայրից էլ ինքը քաշել։ Չի թողնում, որ կովը ծամի։ Նա իրեն է քաշում, կովը՝ իրեն։ Եվ ոչ մեկը բերանը չի կարողանում բացել, որպեսզի սփռոցը բաց չթողնի։
 
Այդ պահին Քեռի Ֆեոդորը գնումներ կատարած վերադառնում է խանութից։ Կատվի համար մատրոսկա էր գնել, իսկ Շարիկի համար՝ մեդալներով վզնոց։
 
— Էդ ի՞նչ օյն եք դրել նոր սփռոցի գլխին,— բղավում է Քեռի Ֆեոդորը։— Գլխիս ուրախների եւ հնարամիտների ակո՞ւմբ եք սարքել, ինչ է։
 
Իսկ նրանք ձայն չեն հանում։ Միայն աչքերն են չռել։ Այստեղ Քեռի Ֆեոդորը տեսավ, որ ո՛չ ծաղկամանների ծաղիկները կան, ո՛չ վարագույրները, եւ ամեն ինչ հասկացավ։ Շալվարի վրայից գոտին հանեց ու մի լավ մտրակեց հիմար կովին։ Կովը, երեւում է, երես առած էր։ Եղջյուրները ցցած հարձակվեց Քեռի Ֆեոդորի վրա։ Քեռի Ֆեոդորը փախավ։ Բայց քանի որ շալվարն առանց գոտու էր մնացել, փաթաթվեց ոտքերին։ Քիչ էր մնում, որ կովը հարու տար նրան։
 
Շունը կախվեց կովի պոչից, չթողեց, որ Քեռի Ֆեոդորին հարու տա։ Մեկ էլ հայտնվեց կատուն։
 
— Էդ ի՞նչ եք անում իմ կովին։ Ես նրան չեմ բերել, որ պոչից քաշքշեք։ Էլ զվարճանալու բան չունե՞ք։
 
Բայց Քեռի Ֆեոդորն ամեն ինչ բացատրեց կատվին։ Ծամծմված վարագույրները ցույց տվեց նրան։ Իսկ շունը բաց չէր թողնում կովի պոչը․ քիչ բան չի, մեկ էլ տեսար նոր օյին սարքեց։
 
— Քո կովին կապած պահիր,— ասաց Քեռի Ֆեոդորը։
 
Կատուն համառեց․
 
— Կովը հո շուն չի, որ կապեմ։ Կովերը միշտ էլ ազատ ման են գալիս իրենց համար։
 
— Նորմալ կովերն են ազատ ման գալիս,— գոռաց Շարիկը։— Իսկ քո կովթ խելագար է։— Եվ կովի պոչը բաց թողեց․
 
Կովը վազեց ուղիղ կատվի վրա։ Խեղճ կատուն հազիվ խույս տվեց։ Մագլցեց տանիք ու ասաց։
 
— Համաձայն եմ, համաձայն եմ։ Որ այդքան հիմար է, կապենք։
Վստահելի
593
edits