Ավելացվել է 18 119 բայտ,
22:06, 31 Դեկտեմբերի 2012 {{Վերնագիր
|վերնագիր = Վերջին հանդիպումը
|հեղինակ =[[Իլֆ եւ Պետրով]]
|թարգմանիչ = Արտաշես Քալանթարյան
|աղբյուր =[[«Վերջին հանդիպում»]]
}}
: Գեղարվեստական թատրոնի ծխարանում, ընդմիջմանը հանդիպեցին երկու մարդ։ Սզբում նրանք հեռվից նայում էին միմյանց ինչ֊որ բան կռահելով, հետո նրանցից մեկը մի մեծ շրջապտույտ գծեց՝ մյուսին կողքից դիտելու համար եւ վերջապես երկուսն էլ իրար մոտ վազեցին անկանոն բացականչություններով, որոնցից ամենաօրիգինալը «Քանի՜ ամառ, քանի՜ ձմեռ է անցել» խոսքերն էին։
: Երեք րոպե տեւեց այն հարցի քննարկումը, թե որքան ջուր է հոսել տասնհինգ տարում եւ ապա «այո, եղբա՛յր», այ, թե ինչպիսի բաներ, եղբա՛յր», «իսկ դու, եղբա՛յր, ծերացել ես», «դու է՛լ, եղբա՛յր» արտահայտությունները։
: Հետո սկսեցին զրուցել։
: ― Ուրեմն դու զինվորական գծո՞վ գնացիր։
: ― Վաղո՜ւց։
: ― Նենտրոնո՞ւմ։
: ―Ոչ, այսօր եմ եկել Հեռավոր Արեւելքից։
: ― Իսկ ճապոնացիներն ի՞նչ են անում։ Կռվե՞լ են ուզում։
: ― Հա, ինչ֊որ բաներ են նախապատրաստում։
: ― Այդպես, այդպես։ Այդ ի՞նչ է, քո ուսադիրների նշանները ոնց որ թե քիչ են։ Ո՞նց են կոչվում դրանք։
: ― Ուղղանկյունիներ։
: ― Երեք ուղղանկյունի։ Ահա թե ինչ։ Իսկ շեղանկյունիներ չկա՞ն։
: ― Չէ, շեղանկյունիներ չկան։
: ― Իսկ երեք ուղանկյունին ի՞նչ կոչում է։
: ― Գնդի հրամանատարի։
: ― Կարծես շատ չէ, ծերո՛ւկ։
: ― Ինչո՞ւ շատ չէ։ Կարմիր բանակում գունդ ղեկավարելը պատվավոր է։ Գունդը խոշոր ստորաբաժանում է։ Իսկ որքան պետք եղավ սովորել։ Հիշո՞ւմ ես, ես ու դու նույնիսկ թվաբանություն չգիտեինք։ Ես այդ ամբողջ տասնհինգ տարին սովորել եմ։ Զինվորական դպրոցն ավարտելուց հետո դասակի հրամանատար էի, հետո դարձա վաշտի հրամանատար։ Երբ արդեն գումարտակի հրամանատար էի, ընդունվեցի «Կրակոց» դպրոցը։ Հիմա գնդի հրամանատար եմ։ Բարդ գործ է։ Անցյալ տարի մասնակցեցի նաեւ մոտորացման եւ մեխանիզացման դասընթացներին։ Հիմա էլ եմ սովորում։
: ― Իսկ շեղանկյունիներ այնուամենայնիվ չունես։
: ― Չունեմ, չէ։ Իսկ դու ի՞նչ գծով ես աշխատում, Կոստյա։
: ― Ես, Լյոնյա, ուրիշ գծով։
: ― Այսի՞նքն։
: ― Ես պատասխանատու աշխատող եմ, Լյոնյա։
: ― Ահա թե ինչ։ Իսկ ի՞նչ գծով․․․
: ― Պատասխանատու աշխատող եմ։
: ― Դե ես էլ հարցնում եմ՝ ի՞նչ գծով։
: ― Ես էլ քեզ պատասխանում եմ՝ պատասխանատու աշխատող եմ։
: ― Ինչի՞ աշխատող։
: ― Ի՞նչը ինչի։
: ― Դե, հարցնում եմ, ի՞նչ մասնագիտություն ունես։
: ― Մասնագիտությունն ի՞նչ գործ ունի այստեղ։ Ազնիվ խոսք, ոնց որ խուլ ու համրի հետ խոսես։ Ես, աղավնյակս, մի ամբողջ հիմնարկի գլխավոր եմ։ Եթե զինվորավարի հաշվես՝ ուրեմն դա երկու֊երեք շեղանկյունի է, ոչ պակաս։
: ― Իսկ ի՞նչ հիմնարկի։
: ― Շինարարական տրեստի դիրեկտոր եմ։
: ― Այ դա լավ է։ Իսկ դու ինչ է, ճարտարապե՞տ ես հիմա, Արվեստների ակադեմիայո՞ւմ ես սովորել։
: ― Սովորե՞լ, իսկ այդ ե՞րբ։ Իսկ ո՞վ պետք է աշխատի։ Ես իսկի «Պրավդա» կարդալու ժամանակ չունեմ, ուր մնաց թե սովորեմ։ Սովորելն, իհարկե, շատ լավ բան է, այդ մասին Ստալինն էլ է ասել։ Սակայն եթե բոլորն սկսեն սովորել, էլ ո՞վ պետք է գործ անի։ Դե գնանք դահլիճ, միայն մենք ենք մնացել։
: Հաջորդ ընդմիջմանը զրույցը վերսկսվեց։
: ― Ուրեմն դու սովորել, ավարտել ես, բայց այնուամենայնիվ շեղանկյուններ չունես, հա՞։
: ― Չունեմ։ Բայց դու ինձ հետեւյալն ասա, Կոստյա, եթե դու ճարտարապետ չես, ուրեմն հավանաբար պրակտիկ մեծ փորձ ունես։
: ― Շատ մեծ փորձ։
: ― Եվ ասենք, եթե քեզ ինչ֊որ շենքի նախագիծ են բերում, դու իհարկե, կարողանում ես այն կարդալ։ Կարողանում ես, չէ՞, ստուգել հաշվումները եը այլն։
: ―Իսկ ինչո՞ւ։ Դրա համար ես ճարտարապետներ ունեմ։ Ինչ է, ես նրանց ձրի՞ պետք է պահեմ։ Եթե ես պիտի ամբողջ օրը նախագծերը քրքրեմ, էլ ո՞վ պետք է գործ անի։
: ― Ուրեմն դու քեզ վրա ես վերցրել ֆինանսակա՞ն կողմը։
: ― Ի՞նչ ֆինանսական կողմ։ Իսկ ինչո՞ւ պետք է ես հանկարծ ամեն տեսակ մանրուքով ինձ ծանրաբեռնեմ։ Դրա համար տնտեսագետներ կան, հաշվապահ կա։ Այնտեղ, եղբա՛յր, գիշեր֊ցերեկ կալկուլացիա են կատարում։ Ես նույնիսկ մի պրոֆեսոր եմ պահում։
: ― Իսկ եթե քո այդ կալկուլատորները քեզ խաբե՞ն որեւէ հարցում։
: ― Ո՞վ պետք է ինձ խաբի։
: ― Հանկարծ ու խաբեն։ Չէ՞ որ դու մասնագետ չես։
: ― Իսկ բնաազդը՞․․․
: ― Ի՞նչ բնազդ։
: ― Դե, դու էլ ի՞նչ ես քեզ հիմար ձեւացնում, սովորական բնազդն էլի։ Ես առանց որեւէ գիտության էլ ամեն ինչ մինչեւ ուղն ու ծուծը տեսնում եմ։
: ― Իսկ դու ինչո՞վ ես զբաղվում հիմնարկում, երեւի շինանյութերով, հա՞։ Բավականին հետաքրքիր բնագավառ է։
: ― Ես քո այդ շինանյութերից ոչինչ էլ չեմ հասկանում։
: ― Սպասիր,― բա դու ասում էիր, թե վիթխարի փորձ ունես։
: ― Ավելի քան վիթխարի։ Ախր ես ընդամենը կես տարի է, ինչ այս պաշտոնին եմ։ Սրանից առաջ Մարզկաթում էի․․․
: ― Դե, սկզբից էլ ասեիր, որ կաթնային տնտեսության մասնագետ ես էլի։
: ― Այո, խոզն ու կովը իրարից տարբերում եմ։ Ուրեմն Մարզկաթում երեք ամիս եղա, դրանից առաջ ուտիլսրյոյում էի։ Ավելի առաջ երաժշտական տեխնիկում էի ղեկավարում, արհմիութենական աշխատանք էլ եմ կատարել, ծառայել եմ Կարմիր խաչում եւ Կարմիր մահիկում, ղեկավարել եմ անագ որոնողների արշավանքները, երկու ամիս, ախպերս, մի ամբողջ բանկ եմ ձեռքիս խաղացրել, եղել եմ Կուրուպրում, Վուկոպսպիլկի բաժանմունքում, եւ բացի դրանից ամենապակասը մի տասը պոստում։ Հիմա ես պարզապես բոլորը չեմ հիշում։
: Գնդի հրամանատարը փոքր֊ինչ շփոթվեց։
: ― Չեմ հասկանում, ի վերջո ո՞րն է քո հիմնական մասնագիտությունը։
: ― Չհասկանալու ի՞նչ կա։ Ընդհանուր ղեկավարություն եմ իրականացնում։
: ― Այո՛, այո՛, ընդհանուր ղեկավարություն․․․ Ես դա հասկանում եմ, բայց ախր մասնագիտությունը․․․ Ո՞նց քեզ բացատրեմ․․․ Հիշո՞ւմ ես, տասնըհինգ տարի առաջ ես քիչ ու միչ փականագործ էի, իսկ դու էլ էլեկտրամանյուրությամբ էիր զբաղվում։ Իսկ հիմա ո՞րն է քո մասնագիտությունը։
: ― Խենթուկ― ես հենց սկզբից ասացի։ Պատասխանատու աշխատող եմ։ Այ, Սաշա Զայցեւը սովորում էր, սովորում, իսկ այդ ժամանակամիջոցում ես նրանից առաջ անցա։ Մեծամասնությունը սովորում է, իսկ ես ոչի՛նչ, յոլա եմ գնում, նույնիսկ կարիրրա եմ ձեռք բերել։
: ― Եղավ,― ասաց հրամանատարը,― հիմա հասկանալի է։ Կարիերա․․․
: ― Հա՜,― շշնջաց հանկարծ տրեստի գլխավորը, խորհրդավորությամբ շուրջը նայելով,― մի նորություն կա։ Այսինքն, իհարկե, դեռ չկա, բայց կլինի։ Հասկանո՞ւմ ես, բախտի բերմամբ կարծես լավ ժամանակ եմ այս հիմնարկն ընկել։ Օրերս լրանում է մեր տրեստի ստեղծման տասը տարին եւ ասում են, պարգեւատրումներ են լինելու։ Չի կարող պատահել, որ բոլորին պարգեւատրեն, իսկ դիրեկտորին՝ ոչ։ Ի՞նչ ես կարծում, Լյոնյա։
: ― Դահլիճ գնալու ժամանակն է,― անհամբերությամբ ասաց հրամանատարը։
: ― Այ, դու զինվորական ես,― շարունակեց Կոստյան,―բայց շքանշաններ չունես։ Դա լավ չէ։
: ― Ես շքանշաններ ունեմ։
: ― Դե, լա՜վ, որտեղի՞ց։
: ― Հենց այնպես։ Մի գործի մասնակցելու համար, չինական կոնֆլիկտին։
: ― Այնտեղ տալի՞ս էին,― իրար անցավ Կոստյան։
: ― Այնտեղ կրակում էին,―չորությամբ պատասխանեց հրամանատարը։
: ― Բա ինչո՞ւ չես կրում։
: ― Իսկ ինչի՞ պիտի ես դրանք թատրոն բերեմ։
: ― Խելքդ թռցրե՞լ ես ինչ է։ Բա էլ որտե՞ղ։ Հենց թատրոն պետք է բերել, որ բոլորն էլ տեսնեն։ Ա՜խ դու կռվող։ Իսկ որտե՞ղ ես պահում։
: ― Տուփի մեջ։
: ― Իսկական տեղը գտել ես։ Դե, լավ, չորրորդ գործողությունը կարելի է չնայել, անհետաքրքիր է։ Գնոմ ենք մեր տուն։ Ես, եղբա՛յրս, այնպիսի մի կին ունեմ՝ գեղեցկուհի։ Նայելու բան շատ կա։ Կընթրենք, հետո դեսից֊դենից․․․ գրամաֆոնը կլարենք․․․
: ― Ինչ կա որ, հետաքրքիր է։
: ― Գնանք, գնանք, ես, եղբա՛յրս, տանը լրիվ կոմպլեկտ ունեմ։
: Եվ իսկապես, պարզվեց, որ նրա տանը մոտ երեսունհինգ տարեկան տարեց երեխայի խաղալիքների, այսպես ասած, լրիվ կոմպլեկտ կար՝ նվագարկիչ՝ լեհական տանգոյով, ռադիո՝ ուժեղացուցիչով, «Լեյկա» լուսանկարչական ապարատ՝ հինգ օբյեկտիվներով, վեց եռոտանիներով եւ երկու խոշորացույցներով։ Կինը դեռ չկար։
: ― Հիանալի լուսանկարչական ապարատ ունես, ― ասաց հրամանատարը,― երեւի շատ գեղեցիկ նկարներ ես հանում։
: ― Չէ, ջանմ― պատասխանեց Կոստյան պահարանի մոտից,― ես ի՞նչ լուսանկարիչ եմ։ Եթե ճիշտն ասեմ, դրանով զբաղվելու ժամանակ էլ չունեմ։
: ― Ափսո՛ս, ափսո՛ս, դե այդ դեպքում ռադիոն միացրու։ Ոնց որ ԷԿ―4 է, չէ՞։ Դա կարծեմ ամբողջ աշխարհն է բռնում։ Հետաքրքիր է լսելը։
: Կոստյան էլեկտրական խրոցը միացրեց խցանիկին եւ պտտեցրեց բռնակներից մեկը։ Հնչեց մի զզվելի մլավոց։ Կոստյան արագորեն անջատեց ռադիոն։
: ― Գիտե՞ս ինչ, ես այս գործի մասնագետ չեմ։ Հարեւան բնակարանից մեզ մոտ մի տղա է գալիս, անունը Վովա է։ Ութ տարեկան է ավազակը, բայց բոլոր կայաններն էլ հիանալի որսում է։
: ― Ինչ արած,― հառաչեց հրամանատարը,― գոնե գրամաֆոնը լարի։
: ― Գուցե կնո՞ջս սպասենք, նա է գրամաֆոնի մասնագետը։վԱյսինքն կարելի է նաեւ լարել։
: Պատասխանատու Կոստյան անցավ գրամաֆոնին։
: ― Այո, եղբայր,― ասում էր նա՝ մտախոհ պտտելով լծակը,― ամեն ինչ ունեմ․ բնակարան, ռադիո, «Լեյկա», գեղեցկուհի կին․․․ Միայն այ շքանշան չունեմ։ Այ, եթե մի շքանշան․․․
: Այդ ժամանակ լսվեց կարճ, բայց սարսռնեցնող մի ճայթյուն։
: ― Հենց այդ է որ կա,― զարմացավ Կոստյան,― լարը կտրվեց։ Ախր ասում էի՝ սպասենք կնոջս։ Ափսո՛ս։ Լավ գրամաֆոն էր՝ իմպորտ էր կամ էքսպորտ։ Բա հիմա ի՞նչ անենք։ Գուցե ընթրե՞նք․․․
: Եվ ձեռքերը շփելով նա մոտեցավ սեղանին։ Հենց այդ ժամանակ էլ անսպասելիորեն հանգավ լույսը։
: ― Սա՞ ինչ բան էր,― մթության մեջ հնչեց Կոստյայի ձայնը,― հիմա առանց լույսի պիտի նստենք։
: ― Իսկ ինչո՞ւ առանց լույսի,― վրդովված ասաց հրամանատարը,― հասարակ բան է՝ խցանն է այրվել։ Վերցրու եւ նորոգիր։ Մի ժամանակ էլեկտրամանտյոր էիր, չէ՞։
: ― Ինչ ես խոսում, ես արդեն ամեն ինչ մոռացել եմ՝ որն է անոդը, որն է կատոդը։ Չէ՜, հարկավոր է մասնագետ կանչել։
: Նա դեռ երկար տնքում էր մթության մեջ։
: Երբ լույսը վառվեց, հրամանատարն այլեւս չկար։
[[Category: Արձակ]]
[[Category: Հայպետհրատ]]
[[Category: 1963]]
[[Category: Պատմվածքներ XX դար]]