— Այո,— պատասխանեց նա,— ահա երկու ամիս է, ինչ ձեր Մանոնը գլխավոր արգելատանը ողջախոհություն է սովորում, և ես ցանկանում եմ, որ նա ևս այնտեղ նույնքան օգուտ քաղի, որքան դուք՝ Սեն-Լազարում։
Եթե ես իմ աչքի առաջ ունենայի ցմահ բանտարկության կամ նույնիսկ մահվան սպառնալիքը, դարձյալ չէի կարող սանձահարել իմ կատաղությունը, երբ լսեցի այդ զարհուրելի լուրը։ Ես այնպիսի բուռն մոլեգնությամբ հարձակվեցի նրա վրա, որ զրկվեցի իմ ուժերի կեսից։ Բայց և այնպես բավական ուժեղ գտնվեցի, որպեսզի նրան գետին տապալեմ և կոկորդից բռնեմ։ Ես սկսեցի նրան խեղդել. սակայն նրա ընկնելու աղմուկը և այն սուր ճիչը, որ նա հազիվ կարողանում էր արձակել խզվող ձայնով, իմ սենյակը փութացրին վանահորը և բազմաթիվ վանականների։ Նրան ազատեցին իմ ձեռքից։
Ինքս գրեթե շնչակտուր և ուժասպառ էի եղել։
— Ա՜խ, աստված իմ,— գոչեցի ես, հառաչելով,— երկնային արդարադատություն, ինչպե՞ս կարող եմ ապրել այսպիսի մի ստոր վիրավորանքից հետո։— Ես ուզեցի վերստին նետվել բարբարոսի վրա, որն ինձ մահացու խոցել էր։ Ինձ բռնեցին։ Իմ հուսահատությունը, ճիչերս ու արցունքներս գերազանցեցին ամեն մի երևակայություն։ Ես այնպիսի տարօրինակ բաներ արի, որ բոլոր ներկա եղողները, չիմանալով իմ այդպես վարվելու պատճառը, երկյուղով ու զարմացած նայեցին միմյանց։
Նույն միջոցին պարոն դր Գ․ Մ․-ն հարդարում էր իր կեղծամն ու փողկապը։ Զայրացած իմ վատ վարմունքից, նա հրամայեց վանահորն ամենայն խստությամբ նորից բանտարկել ինձ և ենթարկել այն բոլոր խիստ պատիժներին, որոնք գործադրվում են Սեն-Լազարում։
— Ոչ, պարոն,— պատասխանեց նրան վանահայրը պարոն ասպետի նման ազնվատոհմիկ մի անձնավորության հետ մենք այդ կերպ վարվել չենք կարող։ Բացի դրանից, նա այնքան հեզահամբույր է ու ազնվաբարո, որ դժվարանում եմ հավատալ, թե նա առանց հիմնավոր պատճառի իրեն թույլ տված լինի այսպիսի մի արտառոց վարմունք։ Այս պատասխանը բոլորովին շփոթեց պարոն դը Մ.-ին։ Նա դուրս եկավ, ասելով, որ ինքը միջոցներ ձեռք կառնի ստիպելու, որ նրա կամքին խոնարհվենք՝ թե՛ վանահայրը, թե՛ ես և թե՛ այն բոլոր անձինք, ովքեր կհամարձակվեն իրեն ընդդիմանալու։
Վանահայրը հրամայեց վանականներին Գ․ Մ․-ին առաջնորդել դեպի դուռը, և ինքը մնաց ինձ հետ։ Նա ինձ թախանձեց իսկույն պատմել այս անկարգության պատճառը։
— Ա՜խ, հայր իմ,— բացականչեցի ես, շարունակելով արտասվել երեխայի նման։— Երևակայեցեք ամենասարսափելի բարբարոսությունը, և դա կլինի այն արարքը, որ ժպիրհ Գ. Մ.-ն ստորություն ունեցավ իրեն թույլ տալու։ Ա՜հ, նա իմ սիրտը խոցեց։ Իմ ցավն ամոքել անհնար է։ Ես ուզում եմ ամեն ինչ պատմել ձեզ,— ավելացրեցի ես հեկեկալով։— Դուք բարի եք, դուք ինձ կկարեկցեք։
Ես համառոտակի պատմեցի նրան՝ դեպի Մանոնը տածած իմ երկարատև ու անհաղթելի սիրո, մեր փարթամ կյանքի մասին՝ մինչ այն օրր, երբ մեր ծառաները կողոպտեցին մեզ, Գ․ Մ․-ի իմ սիրուհուն արած առաջարկությունների, նրանց գործարքի մասին և այն մասին, թե ինչպես դա խափանվեց։ Ճիշտն ասած, այս բոլոր հանգամանքները ես նրան պատկերեցի մեզ համար նպաստավոր գույներով։
— Ահա, — շարունակեցի ես,— թե ինչ աղբյուրից է բխում պարոն դը Գ. Մ.-ի եռանդը դեպի իմ բարոյական դարձը։ Նրան հաջողվեց ինձ այստեղ բանտարկել տա՝' սոսկ վրիժառության շարժառիթից դրդված։ Ես այդ ներում եմ նրան։ Բայց, հայր իմ, սա դեռ բոլորը չէ․ նրան հաջողվեց ինձանից խլել իմ սեփական անձի ամենաթանկագին կեսը, նա անարդարաբար բանտարկել տվեց նրան արգելատնում, նա այնքան անամոթ գտնվեց, որ ինքն իր բերանով այսօր ինձ հայտնեց այդ բոլորը։ Արգելատուն, հայր իմ։ Օ՜հ, երկի՜նք, իմ քնքշանուշ սիրուհին, իմ անգին թագուհին արգելատանը, որպես ամենանվաստը բոլոր արարածներից։ Որտե՞ղ գտնեմ բավականաչափ ուժ՝ չմեռնելու ցավից ու ամոթից։
Բարեսիրտ հայրը, տեսնելով իմ ծայրահեղ վհատությունը, սկսեց սփոփել ինձ։ Նա ասաց, որ երբեք իմ արկածներն այնպես չի պատկերացրել, ինչպես հիմա ես պատմեցի իրեն։ Ճիշտ է, նա իմացել է, որ ես անվայել կյանք եմ վարել, բայց նա միշտ ենթադրել է, թե պարոն դը Գ. Մ.-ն դեպի իմ վիճակը այդպիսի մի հետաքրքրություն ցուցաբերել է դրդված իմ ընտանիքի հանդեպ ունեցած բարեկամության ու հարգանքի կապերից։ Մինչ այժմ նա հենց այդպես է հասկացել բոլոր իրադարձությունները։ Սակայն այն, ինչ ես իրեն պատմեցի, միանգամայն փոխելու է իմ գործի ընթացքը, և նա չի տարակուսում, թե այն ճշգրիտ պատմությունը, որ նա մտադիր է անելու գլխավոր ոստիկանապետին, կնպաստի իմ ազատությանը։
Այնուհետև նա հարցրեց, թե ինչո՞ւ ես տակավին չեմ խորհել իմ մասին տեղեկացնելու ընտանիքիս, քանի որ նա ոչ մի մասնակցություն չի ունեցել իմ բանտարկության գործում։ Ես աշխատեցի գոհացուցիչ պատասխան տալ նրա իրավացի հարցումին, ասելով, որ ես այդ չեմ արել դրդված հորս վշտացնելու երկյուղից և իմ սեփական ամոթանքի զգացումից։ Ի վերջո, նա ինձ խոստացավ անմիջապես գնալ ոստիկանության գլխավոր պետի մոտ։
— Ես գնում եմ,— ավելացրեց նա,— որ գոնե խափանեմ պարոն դը Մ․-ի նոր, վատթարագույն մտադրությունները, որովհետև նա այստեղից հեռացավ վերին աստիճանի դժգոհ, իսկ նա չափազանց մեծ իշխանություն ունի, որպեսզի կարողանանք չվախենալ նրանից։
Ես սպասեցի վանահոր վերադարձին՝ հոգեկան այնպիսի ալեկոծ վիճակում, որպիսին ապրում է միայն թշվառ դատապարտյալը մահապատժի վերջին ժամին։ Ինձ համար անսպասելի տանջանք էր Մանոնին երևակայել արգելատան մեջ։ Այդ վայրի արգահատանքից բացի, ինձ անհայտ էր նաև, թե այնտեղ ինչպես են վարվում նրա հետ։ Իսկ սարսափի այդ տան մասին իմ լսած մանրամասնությունները վերհիշելիս ամեն րոպե նորոգվում էր մոլեգնությունս։ Ես հաստատ որոշել էի ազատել նրան ինչ գնով ու միջոցներով էլ որ լինի, որոշել էի անգամ հրդեհել Սեն֊Լազարը, եթե ինձ համար անկարելի լինի այլ կերպ դուրս գալ այնտեղից։
Սկսեցի խորհել այն միջոցների մասին, որոնց ես պետք է դիմեի, եթե, հակառակ իմ կամքի, ոստիկանության գլխավոր պետը շարունակի ինձ պահել բանտում։ Ես գործ դրի իմ ողջ հնարամտությունը, կշռադատեցի բոլոր հնարավորությունները։ Չգտա և ոչ մի միջոց, որն ապահովեր իմ անվրեպ փախուստը, և ես վախեցա, թե ավելի խիստ բանտարկության կենթարկվեմ, եթե անհաջող փորձի դիմեմ։ Մտաբերեցի իմ մի քանի բարեկամների անունները, որոնց աջակցությունը կարող էի հուսալ։ Սակայն ինչպե՞ս տեղեկացնել իմ վիճակh մասին։ Վերջապես կարծեցի, թե կազմել եմ այնպիսի մի հնարամիտ ծրագիր, որը կարող է հաջողությամբ պսակվել, և ես դրա ավելի մանրամասն մշակումը հետաձգեցի մինչև, վանահոր վերադարձը, երբ նրա դիմումի անհաջողությունն անհրաժեշտ կդարձներ իմ ծրագրի իրագործումը։
Վանահայրը շուտով վերադարձավ։ Ես նրա դեմքին չնկատեցի ուրախության այն նշանները, որոնք ուղեկցում են բարի լուրերին։
— Ես խոսեցի ոստիկանության գլխավոր պետի հետ, ասաց նա,— սակայն խոսեցի շատ ուշ։ Պարոն դը Գ․ Մ․֊ն այստեղից դուրս գալուց հետո ուղղակի նրա մոտ է գնացել և այն աստիճան վատ է տրամադրել ձեր հանդեպ, որ նա պատրաստվել էր նոր հրամաններ տալ ձեզ ավելի խիստ պահելու համար։ Սակայն, երբ ես հայտնեցի ձեր պատմության բոլոր հանգամանքները, նա, ըստ երևույթին, շատ փափկեց և, փոքր֊ինչ ծիծաղելով ծեր պարոն դը Գ․ Մ․-ի անժուժկալության վրա, ասաց, որ նրան բավարարելու նպատակով անհրաժեշտ է վեց ամիս ձեզ պահել բանտում, մանավանդ որ այստեղ անցկացրած ժամանակն անօգուտ չի անցնի ձեզ համար։ Նա ինձ հանձնարարեց ձեզ հետ վարվել արժանավայել կերպով, և ես վստահեցնում եմ, որ դուք երբեք չեք գանգատվի իմ վերաբերմունքից։
Բարի վանահոր բացատրությունը բավական երկար տևեց, այնպես որ ես ժամանակ ունեցա խորհելու իմ անելիքի մասին։ Ես մտածեցի, որ կխորտակեմ ծրագիրս, եթե չափազանց մեծ փութկոտություն ցույց տամ ազատությանս նկատմամբ։ Այդ պատճառով վանահորը հավաստիացրի, ընդհակառակը, որ բանտում մնալու անհրաժեշտության մեջ ինձ համար միակ քաղցր սփոփանքը կլինի վայելել նրա հարգանքը։ Այնուհետև միանգամայն անկեղծ խնդրեցին ինձ մի չնչին շնորհ մատուցել, որը կարող է մեծապես նպաստել իմ անդորրությանը, ես նրան խնդրեցի լուր տալ իմ ծանոթներից մեկինճ Սեն֊Սյուլպիսում ապրող մի սրբաբարո եկեղեցականի, թե ես գտնվում եմ Սեն-Լազարում և թույլատրել, որ երբեմն նա այցելի ինձ։
Նա առանց տատանվելու տվեց ինձ այդ շնորհը։
Ես նկատի ունեի իմ բարեկամ Տիբերժին։ Իհարկե, ես ոչ մի հույս չէր կապում իմ ազատությանն անհրաժեշտ նրա անմիջական օգնության հետ, բայց ես ուզում էի նրան օգտագործել որպես անուղղակի մի գործիք՝ իմ նպատակին հասնելու համար։ Մի խոսքով ահա իմ ծրագիրը, ես ուզում էի գրել Լեսկոյին և խնդրել նրան, որ մեր մյուս բարեկամների հետ ջանա ինձ ազատել։ Առաջին դժվարությունը նամակս նրան ուղարկելն էր․ սա Տիբերժը պիտի աներ։ Բայց որովհետև նա գիտեր, որ Լեսկոն իմ սիրուհու եղբայրն է, ուստի վախենում էի, թե միգուցե նա իր վրա չվերցնի այդ հանձնարարությունը։ Ես մտածում էի Լեսկոյին ուղարկելիք իմ նամակը ներփակել մի ուրիշ նամակի մեջ՝ ուղղված որևէ ազնիվ և անվանի մի ծանոթի, վերջինիս խնդրելով նամակն անմիջապես հանձնել ըստ պատ կանելույն։ Բայց որովհետհ ինձ անհրաժեշտ էր տեսնվել Լեսկոյի հետ՝ իմ ծրագրի գործադրման միջոցները մշակելու համար, ապա ես ուզում էի խնդրել նրան գալ Սեն-Լազար և տեսակցություն ունենալ ինձ հետ՝ իմ մեծ եղբոր անվան տակ, որը իբրև թե Փարիզ է եկել հատկապես իմ գործին ծանոթանալու նպատակով։ Ես մտադիր էի նրա հետ մշակել փախուստի ամենավստահելի և ամենաարագ միջոցառումները։ Վանահայրը Տիբերժին հայտնեց նրա հետ խոսակցելու իմ ցանկությունը։ Այս հավատարիմ բարեկամս ինձ երբեք աչքաթող չէր արել և իրազեկ էր իմ այժմյան վիճակին. նա գիտեր, որ ես Սեն֊Լազարում եմ գտնվում և, թերևս, այս դժբախտությունը նրան այնքան էլ չէր վշտացրել։ Նա, ըստ երևույթին, մտածել էր, որ դա կարող է ինձ պարտաճանաչության վերադարձնել։ Նա իսկույն ևեթ եկավ իմ սենյակը։
Մեր խոսակցությունը համակված էր սիրալիր բարեկամությամբ։ Նա ցանկացավ իմանալ իմ դիտավորությունների մասին։ Առանց վերապահության, ես նրա առաջ բացեցի իմ սիրտը՝ թաքցնելով նրանից միայն փախուստիս ծրագիրը։
— Ես չեմ ուզում ձեր աչքերի առաջ, սիրելի բարեկամս,— ասացի ես,— ձևանալ այնպիսին, որպիսին իսկապես չեմ։ Եթե դուք կարծում եք այստեղ տեսնել ողջամիտ ու իր տենչանքների մեջ զուսպ մի բարեկամի, երկնային պատիժներից սփոփված մի անառակի, մի խոսքով՝ սիրուց ազատված և Մանոնի հմայքներից հիասթափված մի սիրտ, ապա չափազանց բարենպաստ դատած կլինեք իմ մասին։ Դուք ինձ գտնում եք այնպես, ինչպես թողեցիք չորս ամիս առաջ, միշտ սիրահար ու միշտ անբախտ այն ճակատագրական սիրուց, որ չի դադարում որոնել իր երջանկությունը։
Նա պատասխանեց, որ իմ խոսակցությունն ինձ նրա աչքում թողության անարժանի է դարձնում, որ կան բազմաթիվ մեղսագործ մարդիկ, որոնք, արբեցած մոլության կեղծ երջանկությունից, դա ակներևորեն գերադասում են առաքինության իսկական երջանկությունից։ Սակայն նրանք գոնե հրապուրվում են երևակայական երջանկությամբ և մոլորվում խաբուսիկ արտաքինով։ Բայց խոստովանել այնպես, ինչպես ես եմ խոստովանում, որ իմ սիրո առարկան միայն ընդունակ է ինձ հանցավոր ու անբախտ դարձնելու և միևնույն ժամանակ հոժարակամ շարունակել ինձ նետել դժբախտության ու հանցանքի մեջ, վկայում է մտածողության ու վարմունքի հակասությունը, որ պատիվ չի բերում իմ բանականությանը։
— Տիբերժ,— առարկեցի ես,— հեշտ է հաղթանակել, երբ ոչ մի բան չի հակադրվում ձեր զենքերին։ Ինձ թույլ տվեք իմ հերթին դատողություններ անելու։ Դուք կարո՞ղ եք պնդել, որ այն, ինչ անվանում եք առաքինության երջանկություն, զերծ է տառապանքներից, խոչընդոտներից, հոգսերից։ Դուք ի՞նչ անուն կտաք բանտին, խաչելությանը, մահապատիժներին, բռնակալների տված մահու տանջանքներին։ Դուք համամի՞տ եք միստիկներին, որ այն, ինչ չարչարում է մարմինը, հոգու համար երջանկություն է։ Դուք չեք համարձակվի այդ ասելու, դա անապացուցելի մի պարադոքս է։ Ուստի, այն երջանկությունը, որ դուք ջատագովում եք, անբաժան է բյուր տանջանքից կամ ավելի ճիշտ ասած՝ դա դժբախտությունների մի հյուսվածք է, որի միջոցով մարդիկ ձգտում են երջանկության։ Այդպիսով, եթե երևակայության ուժն օգնում է մեզ ցավերի մեջ իսկ հաճույք գտնելու, որովհետև այդ ցավերը կարող են մեզ առաջնորդել դեպի տենչած երջանիկ վախճանը, ապա ինչո՞ւ դուք հակասական ու անմիտ եք համարում նման մի տրամադրություն իմ վարմունքի մեջ։ Ես սիրում եմ Մանոնին, բյուր ցավերի միջոցով ես ձգտում եմ երջանիկ ու անդորր կյանք վայելել նրա հետ։ Ճանապարհը, որով ես ընթանում եմ, տատասկոտ է, սակայն իմ տենչած վախճանին հասնելու հույսը մեղմացնում է ճանապարհի դառնությունը, և ես ինձ հազար անգամ վարձահատույց կհամարեմ այն բոլոր ցավերի համար, որ կրում եմ ի սեր Մանոնի, երբ մի ակնթարթ անցկացնեմ նրա հետ։ Այսպես, ուրեմն, բոլոր պատճառաբանությունները՝ ձեր ու իմ կողմից, ինձ թվում են համազոր կամ, եթե դրանց մեջ կա որևէ տարբերություն, ապա դա հօգուտ ինձ է, որովհետև իմ ակնկալած երջանկությունը մոտալուտ է, իսկ մյուսը՝ հեռավոր։ Իմ երանությունը նույն բնությունն ունի, ինչ և տառապանքները, այսինքն՝ զգալի է մարմնին, մինչդեռ մյուս երանության բնությունն անհայտ է, և այդ վստահելի կարելի է համարել միմիայն հավատի շնորհիվ։
Տիբերժը կարծես ահաբեկվեց այսպիսի մի դատողությունից։ Նա երկու քայլ ետ գնաց և ամենայն լրջությամբ ասաց, որ իմ խոսքերը, որոնք մեղանչում են առողջ դատողության դեմ, ոչ այլ ինչ են, եթե ոչ բոլոր պղծվածների ու անաստվածների ողորմելի մի սոփեստություն, «որովհետև ձեր համեմատությունը, որ անց եք կացնում ձեր տառապանքների վերջնական նպատակի և այն նպատակի միջև, որը ցույց է տալիս կրոնը, ամենաազատամիտ և ամենահրեշավոր մի միտք է»։
— Ընդունում եմ,— համաձայնեցի ես,— որ դա ճիշտ չէ․ սակայն նկատեցեք, որ իմ դատողության նպատակը դա չէ։ Իմ մտադրությունն էր ձեզ բացատրել այն, ինչի վրա դուք նայում եք իբրև հակասության, որը գոյություն ունի անբախտ սիրո հարատևության մեջ, և ինձ թվում է, միանգամայն համոզիչ կերպով ապացուցեցի, որ եթե իրոք կա այդպիսի հակասություն, ապա դուք նմանապես զերծ չեք կարող լինել դրանից։ Միայն այս իմաստով ես ասացի, որ մեր պատճառաբանությունները համազոր են և պնդում եմ, որ դա, իրոք, այդպես է։ Թերևս դուք առարկե՞ք, որ առաքինության նպատակը ավելի վեհ է սիրո նպատակից։ Ո՞վ է այդ ժխտում։ Սակայն մի՞թե հարցն այդ է։ Խոսքր վերաբերում է այն ուժին, որով թե՛ սերը և թե՛ առաքինությունը տառապանքներ են կրում։ Դատենք ըստ հետևանքների. որքան շատ են անսասան առաքինության ուխտադրուժները և որքան սակավաթիվ՝ սիրո դավաճանները։
Թերևս դուք առարկեք նորից, որ եթե կան դժվարություններ առաքինության իրագործման ընթացքում, դրանք ոչ անխուսափելի են և ոչ իսկ անհրաժեշտ, որ բռնակալներն ու խաչելություններն այլևս գոյություն չունեն, և որ կարելի է բազմաթիվ առաքինի մարդկանց տեսնել քաղցր ու անդորր կյանք վարելիս։ Ես կարող եմ ձեզ նույնպես պատասխանել, որ աշխարհումս կա և խաղաղ ու բարեբախտ սեր։ Ես ուզում եմ նշել մի տարբերություն ևս, որը գերազանցապես հօգուտ ինձ է խոսում, այն, որ սերը թեպետ հաճախ է խաբում, սակայն, գոնե, հաճույք ու բերկրանք է պատճառում, մինչդեռ կրոնը պահանջում է տխուր ու նվաստացնող ծիսակատարություններ։
Մի վրդովվեք,— ավելացրեցի ես, տեսնելով, որ չնայած իր խանդաղատանքին, նա պատրաստ է վշտանալու,— միակ եզրակացությունը, որ ուզում եմ անել այստեղ, դա այն է, որ չկա ավելի մի վատ եղանակ՝ սիրտը սիրուց հեռացնելու, քան ջանալ արատավորել սիրո քաղցրությունները և նրան ավելի մեծ երջանկություն խոստանալ առաքինության կատարման մեջ։ Մենք այնպես ենք ստեղծված, որ, անտարակույս, մեր երանությունը գտնում ենք հաճույքների մեջ, սա անհերքելի է և այլ կերպ մտածել չի կարելի, իսկ սիրտը երկար խորհրդածելու կարիք չունի, որպեսզի զգա, թե մեր բոլոր հաճույքներից ամենաքազցրը սիրո հաճույքներն են։ Նա շատ շուտ է զգում, որ նրան ուզում են խաբել, երբ խոստանում են ուրիշ, ավելի հրապուրիչ վայելքներ, և այս խաբեությունը տրամադրում է նրան հավատ չընծայել ամենահաստատ խոստումներին։ Դու քարոզիչ ես, որ ցանկանում ես ինձ վերադարձնել առաքինության գիրկը, ասա ինձ, որ առաքինությունը խիստ անհրաժեշտ է, բայց ինձնից մի թաքցնի, որ այդ դաժան է ու դժվարին։ Հաստատապես պնդիր, որ սիրո վայելքներն անցողիկ են, որ դրանք արգելված են, որ դրանց, հետևում են հավիտենական տանջանքները, և, ինչ կարող է, թերևս, ավելի մեծ տպավորություն թողնել ինձ վրա, դա այն է, որ որքան ավելի քաղցր ու հրապուրիչ են դրանք, այնքան ավելի հոյակապ կլինի երկնքի հատուցումը՝ այդպիսի մի խոշոր զոհաբերության համար։ Բայց խոստովանիր, որ մեր սրտերի համար սիրո վայելքներն այս աշխարհում ամենակատարյալ երանության աղբյուրն են։
Իմ ճառի այս եզրափակումը վերականգնեց Տիբերժի լավ տրամադրությունը։ Նա համաձայնվեց, որ իմ մտքերը որոշ չափով ողջամիտ են։ Միակ առարկությունը, որ նա արեց, դա այն էր, թե ինչո՞ւ ես չեմ հետևում իմ սեփական սկզբունքներին՝ զոհաբերելով սերս այն տենչած հատուցման, որի մասին այդպիսի բարձր կարծիք ունեմ։
— Օ՜հ, սիրելի բարեկամս,— պատասխանեցի նրան,— հենց այստեղ ես խոստովանում եմ իմ ոչնչությունն ու անզորությունը։ Ավա՜ղ, այո, իմ պարտքն է վարվել դատողությանս համաձայն․ սակայն արդյոք ես ազա՞տ եմ իմ վարմունքի մեջ։ Ինչպիսի՜ օգնության կարիք ունեմ, որպեսզի կարողանամ մոռանալ Մանոնի հմայքը։
— Թող ների ինձ աստված,— ասաց Տիբեըժը,— Բայց ինձ թվում է, թե ես լսում եմ մի նոր յանսենիստի ճառ։
— Չգիտեմ, թե ես ով եմ,— առարկեցի նրան,— և ինձ համար այնքան էլ ակներև չէ, թե ով պետք է լինեմ․ սակայն ես լավ եմ զգում յանսենիստների ասածի ճշմարտությունը։
Այս զրույցը գեթ այն հետևանքն ունեցավ, որ վերականգնեց բարեկամիս կարեկցանքը դեպի ինձ։ Նա հասկացավ, որ իմ անառակության մեջ ավելի շատ թուլություն կա, քան չարություն։ Հետագայում նրա բարեկամությունն ավելի մեծ հոգատարությամբ օգնեց ինձ, առանց որի ես չքավորությունից պիտի կործանվեի։ Այնուամենայնիվ, ես նրան բնավ չհայտնեցի Սեն-Լազարից փախչելու իմ դիտավորությունը։ Միայն խնդրեցի նամակս հանձնել իմ ծանոթին։ Նամակը ես պատրաստել էի նախքան նրա գալը և բազմաթիվ փաստերով նրան բացատրեցի այն գրելու անհրաժեշտությունը։ Նա ամենայն հավատարմությամբ ու ճշտապահությամբ կատարեց իմ խնդիրը, և Լեսկոն, երեկոյան դեմ ստացել էր իրեն ուղղված նամակը։ Հետևյալ առավոտյան ևեթ նա եկավ ինձ տեսնելու և բարեհաջող կերպով ընդունվեց, որպես իմ մեծ եղբայրը։ Ուրախությունս անսահման եղավ, երբ նրան տեսա իմ սենյակում։ Դուռը ուշի֊ուշով փակեցի։
— Չկորցնեք և ոչ մի վայրկյան,— ասացի ես նրան․— նախապես պատմեցեք թե ինչ լուրեր ունեք Մանոնից և հետո խորհուրդ տվեք, թե ես ինչպես պետք է փշրեմ իմ շղթաները։
Նա ինձ հավատացրեց, որ քրոջր չի տեսել իմ ձերբակալության նախօրյակից հետո, որ Մանոնի և իմ վիճակի մասին տեղեկացել է շնորհիվ երկար որոնումների ու ջանքերի, որ մի քանի անգամ ներկայացել է արգելատուն, սակայն Մանոնի հետ խոսելու թույլտվություն նրան չեն տվել։
— Թշվառ Գ. Մ.,— բացականչեցի ես,— դա քեղ վրա թանկ կնստի։
— Ինչ վերաբերում է ձեր ազատությանը,— շարունակեց Լեսկոն,— դա այնքան էլ հեշտ բան չէ, որքան դուք կարծում եք։ Երեկ երեկոյան իմ երկու բարեկամների հետ մենք հետազոտեցինք այս տան բոլոր արտաքին մասերը և եկանք հետևյալ եզրակացության, քանի որ ձեր լուսամուտները դեպի բակն են նայում, որը շրջապատված է ուրիշ շենքերով, ինչպես դուք նշել էիք ձեր նամակում, ապա շատ դժվար կլինի ձեզ այստեղից դուրս հանելը։ Բացի դրանից, դուք երրորդ հարկումն եք գտնվում, և մենք չենք կարող այստեղ հասցնել ո՛չ պարան, ո՛չ էլ սանդուղք։ Ուստի ես ոչ մի հնար չեմ տեսնում ձեզ այդ եղանակով ազատելու։ Անհրաժեշտ է որևէ միջոց գտնել հենց շենքի ներսից։
— Ոչ,— առարկեցի ես,— ամեն բան լավ եմ քննել մանավանդ այն օրից, երբ, շնորհիվ վանահոր ներողամտության, ինձ նվազ խստությամբ են հսկում։ Իմ սենյակի դուռն այլևս բանալիով չեն փակում. ես թույլտվություն ունեմ զբոսնելու վանականների միջանցքներում. սակայն բոլոր սանդուղքների մուտքերը հաստ դռներ ունեն, և դրանք գիշեր ու ցերեկ պինդ փակված են, ուստի անկարելի է, որ ես միայն ճարպկությամբ կարողանամ ազատվել։
— Սպասեցեք,— շարունակեցի ես փոքր֊ինչ մի մտքի հուրջը խորհելուց հետո, որը իմ կարծիքով սքանչելի միտք էր,— դուք կարո՞ղ եք ինձ մի ատրճանակ բերել։
— Դյուրությամբ,— պատասխանեց Լեսկոն,— սակայն մի՞թե ուզում եք որևէ մեկին սպանել։
Ես վստահեցրի նրան, որ քիչ եմ մտածում սպանության մասին, և որ ինձ լցված ատրճանակ պետք էլ չի։ — Բերեք ինձ վաղը,— ավելացրի ես,— և երեկոյան ժամը տասնմեկին մեր երկու կամ երեք բարեկամների հետ անձամբ եղեք այս տան դեմուդեմը։ Հույս ունեմ, որ ինձ կհաջողվի միանալ ձեզ։ Նա զուր տեղը պահանջեց բացատրել իմ մտադրությունը։ Ես նրան ասացի, որ այնպիսի մի ձեռնարկություն, որպիսին ես եմ հղացել, կարող է բանական համարվել միայն իր հաջող իրագործումից հետո։ Այնուհետև խնդրեցի նրան կարճել իր այցելությունը, որպեսզի հետևյալ օրը հեշտությամբ կարողանա կրկին ձեռք բերել ինձ տեսնելու թույլտվությունը։ Նրան առանց դժվարության թողին ինձ մոտ, ինչպես և առաջին անգամ։ Նա պատկառելի տեսք ուներ, և ոչ ոք չէր կարող նրան չհամարել ազնվաբարո անձնավորություն։
Հենց որ զինվեցի իմ ազատության գործիքով, համարյա այլևս չէի կասկածում ծրագրի հաջողության վրա։ Այդ ծրագիրն արտասովոր էր ու հանդուգն, սակայն ինձ ոգևորող շարժառիթների ազդեցության տակ ինչի՞ ասես, որ ես ընդունակ չէի այդ րոպեին։ Այն օրից, երբ ինձ թույլատրել էին դուրս գալ սենյակիցս և զբոսնել միջանցքներում, ես նկատել էի, որ ամեն երեկո, երբ բարապանը բոլոր դռների բանալիները բերում և հանձնում է վանահորը, տան ներսում խոր լռություն է տիրում. դա վկայում էր, որ ամենքը քաշվել են իրենց խուցերը։ Ես անարգել կարող էի իմ սենյակից միջանցքով գնալ վանահոր սենյակը։ Որոշել էի նրանից վերցնել բանալիները, ատրճանակով ահաբեկելով նրան, եթե հոժարակամ դրանք չտար, և, դռները բանալով, ինքս դուրս գալ փողոց։ Անհամբերությամբ սպասեցի օրվա վերջին։ Բարապանը եկավ սովորական ժամին, այսինքն՝ իննից քիչ անց։ Ես մի ժամ ևս սպասեցի, համոզվելու համար, որ բոլոր վանականները և ծառաները քնած են։ Վերջապես ուղևորվեցի դեպի վանահոր սենյակը, հետս վերցնելով զենքս և մի վառած մոմ։ Նախ մեղմ բախեցի սենյակի դուռը, որպեսզի առանց աղմուկի արթնացնեմ վանահորը։ Նա ինձ լսեց երկրորդ բախումից հետո և, անշուշտ, կարծելով, թե հիվանդ և օգնության կարոտ վանականներից մեկն է բախում, անկողնուց ելավ դուռը բացելու։ Այնուամենայնիվ, նա զգուշորեն դռան արանքից հարցրեց, թե ո՞վ է դուռը բախողը և ի՞նչ է ուզում։ Ես ստիպված եղա անունս տալ, բայց այդ արտասանեցի աղիողորմ ձայնով, որպեսզի հասկացնեմ, թե ինձ վատ եմ զգում։
— Ա՜, այդ դուք եք, սիրելի որդյակ,— ասաց նա դուռը բանալով։— Ի՞նչն է ձեզ ստիպել այսպիսի ուշ ժամին ինձ մոտ գալու։
Ես սենյակ մտա և նրան դռան մոտից հեռացնելով մինչև սենյակի հակառակ ծայրը, հայտարարեցի, որ ինձ համար այլևս անհնար է մնալ Սեն-Լազարում, որ գիշերը հարմար ժամանակ է աննկատելի դուրս գալու այնտեղից, և ես դեպի ինձ տածած իր բարեկամությունից սպասում եմ, որ նա կհամաձայնվի դռները բանալ կամ բանալիներն ինձ տալ, որ ես ինքս բանամ։
Իմ սիրալիր խոսքերը զարմացրին նրան։ Մի քանի րոպե նա ինձ նայեց առանց պատասխանելու։ Սակայն, որովհետև ամեն մի րոպեն ինձ համար թանկ էր, և ես ժամանակ չունեի կորցնելու, նորից սկսեցի խոսել, ասելով, որ չափազանց զգացված եմ դեպի ինձ ցույց տված իր բարությունից ու սիրալիր ուշադրությունից, բայց որ ազատությունը բոլոր բարիքներից ամենաթանկագինն է, մանավանդ ինձ համար, ինձ, որից դա խլել են անարդարությամբ, այդ պատճառով որոշել եմ, ինչ գնով էլ ուզում է լինի, հենց այդ գիշերը ձեռք բերել իմ ազատությունը։ Եվ երկյուղելով, որ նա կփորձի ձայնը բարձրացնել օգնության կանչելու նպատակով, ես այնպես արի, որ նա տեսնի լռություն պատվիրող արժանի գործիքը, որը գտնվում էր իմ պարեգոտում։
— Ատրճանա՜կ,— ասաց նա։— Ինչպե՜ս, որդյակ իմ, դուք ուզում եք ինձ կյանքից զրկել, որպեսզի ձեր երախտապարտությունը հայտնեք այն սիրալիրության համար, որ ես ունեցել եմ ձեր հանդե՞պ։
— Աստված չանի,— պատասխանեցի ես։— Դուք բավական խելացի եք և բանիմաց, որպեսզի չհարկադրեք ինձ դիմելու այդպիսի ծայրահեզ անհրաժեշտության։ Սակայն ես ուզում եմ ազատ լինել, և իմ որոշումն այն աստիճան անհողդողդ է, որ եթե ընդդիմանաք և ծրագիրս չհաջողվի ձեր պատճառով՝ ձեր բանը բուրդ է։
— Բայց, սիրելի որդյակ,— պատասխանեց նա ահաբեկված ու գունաթափ,— ի՞նչ եմ արել ձեզ, ի՞նչ հիմք ունեք իմ մահը ցանկանալու։
— Ոչ, ոչ,— պատասխանեցի ես անհամբերությամբ,— ես ոչ մի դիտավորություն չունեմ ձեզ սպանելու. ուզում եք ապրել, բացեք դուռը, և ես ձեր ամենալավ բարեկամն եմ։
Ես տեսա, որ բանալիները սեղանի վրա են․ վերցրի դրանք և խնդրեցի նրան հետևել ինձ, որքան կարելի է քիչ աղմուկ բարձրացնելով։ Նա հարկադրվեց կատարել իմ հրամանը։ Մինչ մենք առաջ էինք գնում, նա մեկը մյուսի հետևից բացում էր դռներն ու հառաչանքով կրկնում․ «Ա՜խ, որդյակ իմ, ա՜խ, որդյակ իմ, ո՞վ կարող է երբևէ մտածել»։ «Առանց աղմուկի, հայր իմ»,— ես ևս կրկնում էի իմ կողմից ամեն րոպե։ Վերջապես մենք հասանք դրսի մեծ դռների առաջ հաստատված ցանկապատին։ Ես արդեն ինձ ազատ էի համարում և կանգնել էի վանահոր ետև, մի ձեռքով մոմը բռնած, մյուսով՝ ատրճանակը։
Մինչ նա աշխատում էր բանալ դուռը, մի ծառա, որը քնած էր մերձավոր փոքր սենյակում, լսելով սողնակի աղմուկը, վեր կացավ և գլուխը դուրս հանեց դռնից։ Բարեսիրտ հայրը, ըստ երևույթին, մտածելով, թե ծառան կարող է բռնել, անխոհեմություն ունեցավ նրան հրամայելու, որ օգնության հասնի իրեն։ Դա մի հաղթանդամ երիտասարդ էր, որն աներեր հարձակվեց ինձ վրա։ Առանց այլևայլության ես կրակեցի, և գնդակը դիպավ ուղիղ նրա կրծքին։
— Ահա թե ինչի պատճառը եղաք դուք, հայր իմ,— ասացի առաջնորդիս մի փոքր հպարտությամբ։— Սակայն թող այս ձեզ արգելք չլինի կատարելու ձեր անելիքը,— ավելացրեցի ես, հրելով նրան դեպի վերջին դուռը։ Նա չհանդգնեց հրաժարվել դուռը բանալուց։ Ես բարեհաջող դուրս եկա և չորս քայլի վրա գտա Լեսկոյին, որը երկու բարեկամների հետ սպասում էր ինձ՝ իր խոստման համաձայն։
Մենք հեռացանք այնտեղից։ Լեսկոն ինձ ասաց, որ իրեն թվաց, թե կրակոցի ձայն լսեց։
— Մեղքը ձերն է,— ասացի նրան,— ինչու ինձ լցված ատրճանակ բերիք։— Այնուամենայնիվ, ես նրան շնորհակալությունս հայտնեցի իր այդ շրջահայացության համար, առանց որի, անշուշտ, երկար ժամանակ պիտի մնայի Սեն-Լազարում։ Գիշերելու նպատակով մենք գնացինք մի պանդոկապետի մոտ, ուր ես մի փոքր կազդուրվեցի, համարյա երեք ամիս բանտային վատ ու անբավարար սնունդ ունենալուց հետ։ Սակայն ես չկարողացա լիովին անձնատուր լինել իմ երջանկությանը։ Ինձ անասելի տանջում էր Մանոնի վիճակը։
— Պետք է նրան ազատել,— ասացի բարեկամներիս։— Ես միայն այս նպատակի համար էի փափագում իմ ազատությունը։ Օգնեցեք ինձ ձեր հնարամտությամբ, իսկ ես պատրաստ եմ զոհաբերելու մինչև իսկ կյանքս։
Լեսկոն, որը զուրկ չէր խելքից և ոչ իսկ խոհեմությունից, նկատեց, որ անհրաժեշտ է շրջահայաց լինել։ Սեն-Լազարից իմ փախուստը և այնտեղից դուրս գալու ժամանակ պատահած դժբախտությունն անխուսափելիորեն աղմուկ կբարձրացնի, ոստիկանության գլխավոր պետն անպայման կարգադրություն կանի ինձ ձերբակալելու․ իսկ նա ամենազոր է։ Վերջապես, եթե ես չեմ ուղում ենթարկվել ավելի վատթար դրության, քան այն, ինչ ունեցել եմ Սեն-Լազարում, ապա անհրաժեշտ է, որ մի քանի օր թաքնվեմ և սենյակում փակված մնամ, մինչև որ մեղմանա իմ թշնամիների զայրույթի առաջին բռնկումը։ Նրա խորհուրդը ողջամիտ էր․ սակայն դրան հետևելու համար անհրաժեշտ էր, որ ինքս էլ ողջախոհ լինեի։ Այդքան դանդաղկոտություն ու խոհեմություն չէին համակերպվում իմ բուռն կրքի հետ։ Այնուամենայնիվ ես զիջեցի, համաձայնվելով հետևյալ ամբողջ օրը միայն քնով անցկացնել։ Նա ինձ փակեց իր սենյակում, որտեղ և ես մնացի մինչև երեկո։
Այս ժամանակի մի մասը ես գործադրեցի ծրագիրներ կազմելով և հնարներ մտածելով՝ Մանոնին ազատելու համար։ Ես միանգամայն համոզված էի, որ նրա բանտն ավելի անթափանցելի է, քան իմը։ Բռնություն և ուժ գործ դնելու մասին մտածել իսկ չէր կարելի․ պետք էր հնարամտություն։ Սակայն ինքը՝ հնարագիտության աստվածուհին անգամ չգիտեր, թե գործն ինչից պետք էր սկսել։ Ես ոչ մի կերպ չկարողացա պարզել անելիքս, ուստի բարվոք համարեցի հետաձգել որոնումներս, մինչև որ տեղեկություններ հավաքեմ արգելատան դիրքի և ներքին կարգ ու կանոնի մասին։
Հենց որ գիշերն ինձ ազատություն բերեց, ես խնդրեցի Լեսկոյին ուղեկցելու ինձ։ Մեզ հաջողվեց զրուցել բարապաններից մեկի հետ, որը մեզ թվաց որպես բանիմաց մի մարդ։ Ես ինձ ձևացրի օտարական, որին մեծ գովասանքով պատմել են ընդհանուր արգելատան և այնտեղ տիրող կարգերի մասին։ Ես նրան հարցուփորձ արի ամենաչնչին մանրամասնությունների վերաբերյալ և քայլ առ քայլ հասա վարչապետներին, որոնց անունները և բարեմասնությունները խնդրեցի հայտնել ինձ։ Բարապանի պատասխաններն իմ վերջին հարցին գլխումս մի միտք հղացրին, որն ինձ բոլորովին գերեց և որի իրագործումն անմիջապես ձեռնարկեցի։ Ես նրան հարցրի նաև,— որպես թե դա իմ հետազոտության համար էական կարևորություն ունեցող մի մանրամասնություն էր,— թե այդ պարոնները չունե՞ն արդյոք երեխաներ։ Նա պատասխանեց, թե այդ մասին չի կարող ինձ հավաստի տեղեկություններ տալ, սակայն ինչ վերաբերում է պարոն դը Տ․֊ին, որը գլխավոր վարչապետներից մեկն է, ապա նա գիտե, որ այդ պարոնը հասունացած մի որդի ունի, որը բազմիցս հոր հետ եկել է արգելատուն։ Այս տեղեկությունն ինձ համար բավական էր։
Ես գրեթե անմիջապես ընդհատեցի մեր խոսակցությունը և, տուն վերադառնալով, Լեսկոյին հաղորդեցի հղացած մտադրությունս։
— Ենթադրում եմ,— ասացի նրան,— որ պարոն դը Տ․֊ի որդին, որը հարուստ ու լավ ընտանիքից է, ինչպես իր հասակի երիտասարդների մեծամասնությունը, սիրում է վայելքներ։ Չի կարող պատահել, որ նա կնատյաց լինի, ոչ էլ այն աստիճան անմիտ, որ իր ծառայությունը մերժի սիրային մի գործում։ Ես մտադիր եմ նրան շահագրգռել Մանոնի ազատությամբ։ Եթե նա ազնիվ մարդ է և զուրկ չէ զգացմունքներից, մեծահոգությունից դրդված, նա իր աջակցությունը ցույց կտա մեզ։ Եթե նա անընդունակ է այսպիսի շարժառիթով վարվելու, ապա գոնե մի բան կանի գեղանի մի աղջկա համար, թեկուզ նրա շնորհներին արժանանալու հույսով։ Չեմ ուզում հետաձգել իմ տեսակցությունը նրա հետ,— ավելացրի ես,— դա կլինի ոչ ուշ, քան վաղը։ Իմ ծրագիրն անչափ ոգևորում է ինձ, և ես հավատացած եմ, որ դա լավ նշան է։
Լեսկոն ինքն էլ համաձայնվեց, որ իմ մտքերը շատ հավանականություններ ունեն, և մենք կարող ենք որոշ հաջողություն ակնկալել այդ ճանապարհով։ Այդ գիշերը ես անցկացրի անխռով և սփոփված։ Երբ լույսը բացվեց, ես, որքան ներում էր իմ այն ժամանակվա ընչազուրկ դրությունը, հնարավորին չափ մաքուր հագնվեցի, կառք վարձեցի և գնացի պարոն դը Տ․֊ի տունը։ Իրեն անծանոթ մի մարդու այցելությունը նրան շատ զարմացրեց։ Նրա արտաքինն ու սիրալիր վերաբերմունքր ինձ լավ բանի հույս ներշնչեցին։ Պարոն դը Տ․֊ի հետ ես բացատրվեցի ամենայն անկեղծությամբ և, որպեսզի հրահրեմ նրա բնական զգացումները, պատմեցի իմ սիրո և սիրուհուս արժանիքների մասին, իբրև երկու բաների, որոնք միմյանց համազոր են։ Նա ասաց, որ թեպետ Մանոնին երբեք չի տեսել, սակայն լսել է նրա մասին, եթե միայն խոսքն այն աղջկան է վերաբերում, որը ծեր Գ․ Մ․-ի սիրուհին է եղել։ Ես բնավ չկասկածեցի, որ նրան հայտնի է այն մասնակցությունը, որ ես ունեցել եմ սույն արկածում և, որպեսզի իմ վստահությամբ միանգամայն շահեմ նրա բարյացակամությունը, պատմեցի նրան Մանոնի և ինձ հետ պատահած եղելության բոլոր մանրամասնությունները։
— Դուք տեսնո՞ւմ եք,— շարունակեցի ես,— որ իմ կյանքի և սրտի երջանկությունը ձեր ձեռքումն է։ Ինձ համար մեկը մյուսից ավելի թանկ չէ։ Ես ձեզ հետ խոսում եմ միանգամայն անկեղծ, առանց մի բան թաքցնելու, որովհետև ինձ հայտնի է ձեր վեհանձնությունը․ բացի այդ, մեր հասակների նմանությունն ինձ գրգում է հուսալ, որ նույնպիսի նմանություն կա և մեր հակումների մեջ։
Ըստ երևույթին, նա շատ զգացված էր իմ անկեղծ ու անմեղ բացատրությունից։ Նա պատասխանեց, որպես աշխարհիկ և զգացմունքների տեր մի մարդ, զգացմունքներ, որ բարձր հասարակությունը միշտ չէ, որ տալիս է մարդուս, եթե չասենք, որ հաճախ ստիպում է կորցնել դրանք։ Նա ասաց, որ իմ այցելությունը համարում է մեծ շնորհ, իսկ իմ բարեկամությունը՝ իր երջանիկ նվաճումներից մեկը, և որ ինքը պիտի ջանա արժանանալ իմ մտերմությանը՝ ինձ ծառայություն մատուցելու իր բուռն ցանկությամբ։
Նա չխոստացավ Մանոնին վերադարձնել ինձ, որովհետև, ասաց նա, հեղինակությունը չնչին է ու անհուսալի։ Սակայն ինձ հնարավորություն առաջարկեց՝ Մանոնին տեսնելու հաճույքն ունենալու և անելու այն ամենը, ինչ ներում են իր ուժերը, որպեսզի նրան իմ գիրկը վերադարձնի։ Իր համեստ հեղինակության խոստովանությունն ավելի մեծ բավականություն պատճառեց ինձ, քան եթե նա անվերապահորեն խոստանար կատարել իմ բոլոր ցանկությունները։ Իր առաջարկությունների չափավորության մեջ ես տեսա նրա անկեղծության արտահայտությունը, և դա մեծապես հիացրեց ինձ։ Մի խոսքով՝ ես կատարյալ վստահությամբ բոլոր հույսերս նրա վրա դրի։ Մանոնին տեսնելու հնարավորությունն ընձեռելու միակ խոստման փոխարեն ես պատրաստ էի ամեն կերպ ընդառաջելու նրան։ Ինձ համակող այս զգացումները ես այնպիսի մի եղանակով արտահայտեցի, որ նա համոզվեց, թե ես բնությամբ չար չեմ։ Մենք գորովանքով գրկախառնվեցինք և դարձանք բարեկամներ մեր սրտի բարության և բնական հակման հիմքով, որ դրդում է քնքուշ և ազնիվ մարդուն սիրել իր նմանին։
Իր հարգանքի նշանները նա շատ ավելի հեռուները հասցրեց, որովհետև մտածելով իմ արկածների մասին և դատելով, որ Սեն֊Լազարից դուրս գալուց հետո ես անպայման դրամական նեղություն կունենամ, նա ինձ առաջարկեց իր քսակը և պնդեց, որ ընդունեմ այն։ Սակայն ես չընդունեցի և ասացի նրան․
— Դուք չափազանց բարի եք, սիրելի պարոնս։— Եթե ձեր բարության ու բարեկամության շնորհիվ ես բախտ ունենամ տեսնելու իմ թանկագին Մանոնին, իմ ամբողջ կյանքում ձեզ երախտապարտ կլինեմ։ Իսկ եթե դուք ինձ վերադարձնեք այդ սիրելի արարածին, ապա ես առհավետ ձեզ պարտական կմնամ, անգամ եթե ձեզ համար թափելու լինեմ իմ ամբողջ արյունը։
Մենք բաժանվեցինք, նշելով մեր հետևյալ տեսակցության վայրն ու ժամը։ Նա այնքան բարի գտնվեց, որ չհետաձգեց մեր տեսակցությունը երկար ժամանակով և առաջարկեց հանդիպել նույն օրը, կեսօրից հետո։
Ես սպասեցի նրան մի սրճարանում, ուր նա եկավ ժամը չորսին, և մենք միասին ուղևորվեցինք դեպի արգելատուն։ Իմ ծնկները դողում էին, երբ ես անցնում էի բակով։
— Օ՜հ, սիրո ամենազոր աստված,— ասում էի ես,— ուրեմն պիտի տեսնեմ իմ սրտի կուռքին, այնքան արցունքների ու հույզերի առարկան։ Երկինք, ուժ տուր ինձ՝ նրա մոտ հասնելու և այնուհետև ինչ ուզում ես արա իմ բախտի ու կյանքի հետ․ քեզնից ուրիշ շնորհ չեմ աղերսում։
Պարոն դը Տ․-ն խոսեց մի քանի բարապանների հետ, որոնք բոլորն էլ շտապեցին պատրաստակամություն հայտնել՝ իրենց հնարավորության սահմաններում նրան ծառայելու։ Նա խնդրեց ցույց տալ միջանցքը, որտեղ գտնվում էր Մանոնի խուցը, և ծառաներից մեկը մեզ առաջնորդեց դեպի այն կողմը՝ ձեռքին բռնած ահռելի մեծությամբ մի բանալի, որով պիտի բացեր խցի դուռը։ Ես հարցրի մեզ առաջնորդող սպասավորին, որի հոգատարության տակ էր գտնվում Մանոնը, թե նա ինչպե՞ս է անցկացրել իր ժամանակը արգելատան մեջ։ Սպասավորը պատասխանեց, որ նա հրեշտակի նման հեզահամբույր է․ ինքը երբեք նրանից ոչ մի անվայել խոսք չի լսել․ իր բանտարկության առաջին վեց շաբաթվա ընթացքում նա անընդհատ արտասվել է․ սակայն հետագայում, կարծես, ավելի մեծ համբերությամբ է տարել իր դժբախտությունը և այժմ առավոտից մինչև երեկո ասեղնագործությամբ է զբաղված, բացառությամբ մի քանի ժամերի, որ նվիրում է ընթերցանության։ Ես նույնպես հարցրի նրան, թե արդյոք տանելի պայմաններում է ապրում Մանոնը։ Սպասավորը վստահեցրեք, որ նրան երբևիցե չեն զրկել անհրաժեշտ բաներից։
Մենք մոտեցանք Մանոնի խցիկին։ Սիրտս բաբախում էր ուժգնորեն։ Ես ասացի պարոն դը Տ․-ին․
— Դուք մենակ մտեք և իմ այցի մասին նախազգուշացրեք նրան, որովհետև ես երկյուղ եմ կրում, թե ինձ հանկարծակի տեսնելով, նա կարող է չափազանց հուզվել։
Դուռը բացվեց։ Ես մնացի միջանցքում։ Այնուամենայնիվ, լսեցի նրանց խոսակցությունը։ Պարոն դը Տ․-ն Մանոնին ասաց, որ եկել է նրան փոքր-ինչ սփոփելու, որ ինքն իմ բարեկամներից է և մեծապես շահագրգռված է մեր երջանկությամբ։ Մանոնը մեծ փութկոտությամբ հարցրեց նրան, թե նա արդյոք կարո՞ղ է լուրեր հաղորդել իմ վիճակի մասին։ Պարոն դը Տ․-ն խոստացավ ինձ ներկայացնել նրան նույնքան քնքուշ ու հավատարիմ, որպիսին նա տենչում է տեսնել ինձ։ «Իսկ ե՞րբ»,— հարցրեց Մանոնը։ «Այսօր ևեթ,— պատասխանեց պարոն դը Տ․-ն,— այդ երջանիկ րոպեն հեռու չէ․ ձեր ասպետը հենց այժմ կներկայանա, եթե դուք ցանկաք»։ Մանոնն հասկացավ, որ ես միջանցքումն եմ։ Երբ ներս մտա, նա արագ դեպի դուռն էր նետվում։ Մենք գրկախառնվեցինք այն սիրազեղ քնքշությամբ, որի թովչանքը միմյանցից երեք ամսով բաժանված իսկական սիրեկանները միայն կարող են զգալ։ Մեր հառաչանքները, ընդհատվող բացականչությունները, հազար ու մի սիրո անուններ, որ մենք կրկնում էինք քնքշանվազ ձայնով, քառորդ ժամվա ընթացքում մի հուզող տեսարան ստեղծեցին պարոն դը Տ․֊ի ներկայությամբ։
— Դուք իմ նախանձն եք շարժում,— ասաց նա, հրավիրելով մեզ նստել,— չկա մի ըղձալի վիճակ, որը ես գերադասեի այսպիսի մի հմայիչ ու գորովագին սիրուհուց։
— Հենց դրա համար էլ,— պատասխանեցի նրան,— ես կարհամարհեմ աշխարհի բոլոր կայսրությունները, միայն թե իմ սիրուհուց սիրված լինելու ապահովությունն ունենամ։
Խիստ ցանկալի այս զրույցը լի էր անհուն քնքշությամբ։ Խեղճ Մանոնն ու ես միմյանց պատմեցինք մեր արկածները։ Մենք դառն արտասվեցինք՝ անդրադառնալով այն վիճակին, որի մեջ ապրում է նա և այն դրությանը, որից ես նոր դուրս էի եկել։ Պարոն դը Տ․-ն մեզ մխիթարեց, նորից խոստանալով եռանդուն գործել, որպեսզի վերջ դնի մեր տառապանքներին։ Նա մեզ խորհուրդ տվեց շատ չերկարել այս առաջին խոսակցությունը, որպեսզի ինքը հնարավորություն ունենա դյուրությամբ ձեռք բերել հետագա տեսակցությունների թույլտվությունը։ Շատ դժվարությամբ նրան հաջողվեց մեզ համոզել հետևելու իր խորհրդին։ Առանձնապես Մանոնն անզոր էր ինձնից բաժանվելու։ Հարյուր անգամ ես տեղիցս բարձրացա, հարյուր անգամն էլ նա ինձ կրկին նստեցրեց։ Նա կառչում էր իմ զգեստներից ու ձեռքերից։
— Ավա՜ղ, ինչպիսի տեղ եք ինձ թողնում,— ասում էր նա։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ ես կրկին կտեսնեմ ձեզ։
Պարոն դը Տ.֊ն խոստացավ ինձ հետ միասին հաճախակի այցելել նրան։
— Ինչ վերաբերում է տեղին,— ավելացրեց նա սիրալիր,— այսուհետև այն չպետք է անվանել արգելատուն․ սա Վերսալն է այն օրից, երբ այստեղ արգելափակվեց մի գեղեցկուհի, որն արժանի է բոլոր սրտերի տիրապետությանը։
Երբ դուրս եկանք, Մանոնին սպասավորող ծառային մի փոքր գումար տվի, որպեսզի խրախուսեմ նրան՝ հոգատար եռանդով սիրուհուս ծառայել։ Այս սպասավորը նվազ ստոր, նվազ քարասիրտ մարդ էր, քան իր նմանները։ Նա ներկա էր եղել մեր տեսակցությանը։ Սրտաշարժ պատկերը հուզել էր նրան։ Ինձնից ստացած մի ոսկին նրան միանգամայն հօգուտ ինձ տրամադրեց։ Երբ իջնում էինք սանդուղքներից, նա ինձ մի կողմ տարավ։
— Պարոն,— ասաց նա,— եթե դուք կկամենաք ինձ ձեզ մոտ ծառայության վերցնել կամ պատշաճորեն վարձատրել՝ այստեղից պաշտոնս կորցնելու դեպքում, կարծում եմ, որ դյուրությամբ կարող եմ օրիորդ Մանոնին ազատել։
Ես մեծ ուշադրությամբ ունկնդրեցի նրա այս առաջարկությանը և թեպետ զրկվել էի իմ ամբողջ կարողությունից, բայց խոստացա շատ ավելի բան, քան ինքն էր պահանջում։ Ես մտածում էի, թե դժվար չի լինի վարձատրել այդ կարգի մի մարդու։
— Համոզված եղիր, բարեկամս,— ասացի նրան,— որ չկա մի բան, որ ես չանեմ քեզ համար և որ քո բարեկեցությունը նույնպես ապահովված է, ինչպես և իմը։
Ես կամեցա իմանալ, թե նա ինչ միջոցներ է ուզում գործ դնել։
— Դա շատ պարզ է,— պատասխանեց նա,— երեկոյան ես օրիորդ Մանոնի խցիկի դուռը կբանամ և իրեն կբերեմ մինչև փողոցի դռները, ուր դուք պատրաստ պետք է լինեք նրան ընդունելու։
— Ես հարցրի, թե չկա՞ արդյոք վտանգ, որ միջանցքներում կամ բակում պատահական հանդիպողը ճանաչի նրան։ Նա խոստովանեց, որ այդ կողմից, իհարկե, վտանգ կա, սակայն, ավելացրեց նա, առանց դրան գործը գլուխ չի գա։
Թեպետ ես հիացած էի, տեսնելով նրան այսպես վճռականորեն տրամադրված, այնուամենայնիվ կանչեցի պարոն դը Տ․-ին և նրան հայտնեցի այդ ծրագիրը և այն միակ հանգամանքը, որը կարող է դա կասկածելի դարձնել։ Նա շատ ավելի դժվարություններ մատնանշեց, քան ես։ Նա լիովին համաձայնեց, որ Մանոնը կարող է այդ եղանակով փախչել։ «Սակայն, եթե նրան ճանաչեն,— շարունակեց նա,— և ձերբակալեն փախչելիս, հավանականաբար նա իր ազատությունը կկորցնի միանգամ ընդմիշտ։ Բացի այդ, դուք իսկույն ևեթ ստիպված պիտի լինեք հեռանալ Փարիզից, որովհետև ձեզ երբեք չի հաջողվի միշտ խուսափել ձերբակալվելուց, աչքի առաջ ունենալով, որ որոնումները պիտի կրկնապատկվեն թե՛ ձեր և թե՛ նրա նկատմամբ։ Տղամարդու համար, եթե նա մենակ է, հեշտ է խույս տալ հետապնդումից. բայց նրա համար գրեթե անկարելի է անհայտ մնալ, եթե նրան գեղեցիկ կին է ուղեկցում»։