{{Վերնագիր
|վերնագիր = Մազարինիի քարը
|հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]]
|թարգմանիչ = Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից)
|աղբյուր = [[«Նոթեր Շերլոք Հոլմսի մասին»]]
}}
: Դոկտոր Ուոտսոնի համար հաճելի էր կրկին լինել Բեյքր-սթրիթի երկրորդ հարկի թափթփված սենյակում՝ այնքան հիանալի արկածների այդ սկզբնակետում։ Նա նայեց պատերին փակցված աղյուսակներին և սխեմաներին, ծծմբաթթվով այրված քիմիկատների դարակին, սենյակի անկյունում՝ պատին հենված պատյանով ջութակին, ածխի դույլին, ուր մի ժամանակ ծխախոտ ու ծխամորճեր էին դրված և, վերջապես, նրա հայացքը կանգ առավ պատանի, բայց շատ բանիմաց և հնարամիտ սպասավորի՝ Բիլիի ժպտացող ջահել դեմքին, որին կարծես հաջողվել էր անցնել հռչակավոր խուզարկուի առեղծվածային կերպարը պարուրող օտարացման և միայնության անդունդի կամրջի վրայով։
: ― Այստեղ ամեն ինչ առաջվա նման է։ Դուք էլ չեք փոխվել։ Հուսով եմ, նույնը կարելի է և նրա մասին ասել։