Մենք արդեն դուրս եկանք Լա֊Մանշ։ Հնչում է վերջին զանգը, որն ազդարարում է, թե նամակները հանձնելու ժամն է։ Այժմ մենք հրաժեշտ ենք տալիս լոցմանին։
Իսկ հիմա «առա՛ջ, շոգենավ, լողա դեպի առա՛ջ»։ Թող աստված պահպանի մեզ բոլորիս՝ և՛ նրանց, որ մնացին ափին, և՛ նրանց, ով հույս ունի բարեհաջող կերպով տուն վերադառնալ։ ==Գլուխ VII «Վաղը մեկնում ենք դեպի Անհայտը»== Նրանց, ում կհասնի այս պատմությունը, ես չեմ ձանձրացնի մեր ճանապարհորդության նկարագրությամբ օվկիանոսային հարմարավետ շոգենավով, չեմ խոսի Պարայում անցկացրած շաբաթվա մասին (կսահմանափակվեմ միայն շնորհակալություն հայտնելով «Պերեյրա֊դա֊Պինտա» ընկերությանը, որն այնպիսի անգնահատելի օգնություն ցույց տվեց մեզ հանդերձանք գնելիս), և միայն համառոտակի կհիշատակեմ լայնարձակ, պղտոր, ծույլ Ամազոնով հոսանքն ի վեր կատարած մեր ճանապարհորդության մասին մի նավով, որն իր չափերով համարյա չէր զիջում նրան, որով կտրեցինք Ատլանտյան ովկիանոսը։ Երկար օրերի ճանապարհից հետո մեր խումբը իջավ Օրիդուսի նեղուցի մոտ, Մանաոս քաղաքում։ Այնտեղ մեզ հաջողվեց, շնորհիվ Բրիտանա֊Բրազիլական առևտրական ընկերության գործակալ Շորտմենի սիրալիրության, խույս տալ տեղի հյուրանոցի խիստ կասկածելի հրաշալիքներից։ Մենք ապրեցինք նրա հյուրընկալ հասիենդում<ref>Հասիենդ ― կալվածատուն։</ref> մինչև այն ժամանակը, որը ցույց էր տրված պրոֆեսոր Չելենջերի՝ մեզ հանձնված ծրարի վրա։ Նախքան այդ օրվա անսպասելի դեպքերի նկարագրությանն անցնելը, կուզենայի մի փոքր ավելի մանրամասն պատկերել իմ ընկերներին և այն մարդկանց, որոնց հավաքագրեցինք Հարավային Ամերիկայում՝ մեր արշավախմբին սպասարկելու համար։ Ես գրում եմ լիակատար անկեղծությամբ, հույս ունենալով ձեր հատուկ խոհեմության վրա, միստր Մակ֊Արդլ, քանի որ մինչև լույս ընծայվելն այդ նյութը անցնելու է ձեր ձեռքով։ Պրոֆեսոր Սամերլիի գիտական ծառայությունները շատ լավ հայտնի են բոլորին, դրանց մասին ծավալվելու հարկ չկա։ Պարզվեց, որ նա շատ ավելի լավ էր հարմարված այսպիսի ծանր արշավախմբի, քան կարելի էր ենթադրել առաջին հայացքից։ Նրա երկար, մկանուտ մարմինը հոգնածություն չգիտե, իսկ չոր, ծաղրական և երբեմն էլ պարզապես թշնամական խոսելաձևը մնում է անփոփոխ ամեն մի պարագայում։ Չնայած իր վաթսունհինգ տարիներին, նա ոչ մի անգամ չգանգատվեց դժվարություններից, որոնց մենք հաճախ հանդիպեցինք։ Սկզբում ես վախենում էի, թե պրոֆեսոր Սամերլին ծանր բեռ է դառնալու մեզ համար, բայց, ինչպես հետագայում պարզվեց, նրա դիմացկունությունը ոչնչով չի զիջում իմին։ Սամերլին մաղձոտ մարդ է և մեծ հոռետես։ Նա հարկ չի համարում թաքցնել իր այն հաստատ համոզմունքը, որ Չելենջերը մաքուր շառլատան է, և որ մեր խելահեղ, վտանգավոր խաղը ոչինչ չի տա մեզ, բացի հիասթափություններից՝ Հարավային Ամերիկայում, և ծաղրից՝ Անգլիայում։ Պրոֆեսոր Սամերլին անխոնջ կերպով կրկնում էր այդ բանը ամբողջ ճանապարհին, սկսած Սաուտհեմպտոնից մինչև Մանաոս, դեմքն արհամարհանքով ծամածռելով և ցնցելով իր ցանցառ, այծային մորուքը։ Երբ մենք ափ իջանք, նրան մի փոքր մխիթարեց Հարավային Ամերիկայի թռչունների և միջատների աշխարհի հոյակապությունն ու հարստությունը, քանի որ նա ամբողջ հոգով նվիրված է գիտությանը։ Այժմ պրոֆեսոր Սամերլին վաղ առավոտից կորչում է անտառում, որսի հրացանը ուսին, թիթեռ բռնելու ցանցը ձեռքին, իսկ երեկոները կարգավորում է ձեռք բերած օրինակները։ Նրան հատուկ տարօրինակություններից նշեմ հագուստի մշտական անփութությունը, լիակատար անուշադրությունն իր արտաքինի հանդեպ, ծայրահեղ ցրվածությունն ու կրքոտ սերը դեպի իր կարճ փրփրահանքե ծխամորճը, որ նա համարյա բերանից չի հանում։ Երիտասարդ հասակում պրոֆեսորը մասնակցել է մի քանի գիտական արշավախմբերի (Ռոբերտսոնի հետ, օրինակ, եղել է Ավստրալիայում), և դրա համար էլ թափառական կյանքը նրա համար նորություն չէ։ Լորդ Ջոն Ռոքստոնը ինչ֊որ ընդհանուր բան ունի պրոֆեսոր Սամերլիի հետ, սակայն ըստ էության նրանք ուղղակի իրար հակադիր բնավորություններ են։ Չնայած լորդ Ջոնը մի քսան տարով ավելի ջահել է, բայց և այնպես նրա մարմինն էլ նույնքնա վառված է ու ոսկրոտ, որքան պրոֆեսորինը։ Հիշում եմ, որ ես մանրամասնորեն նկարագրել եմ նրա արտաքինը պատմության այն մասում, որը մնաց Լոնդոնում։ Նա խիստ մաքրասեր է, հետևում է իրեն, հագնում է սովորաբար սպիտակ շորեր, դարչնագույն կիսակոշիկներ և սափրվում է ոչ պակաս, քան օրը մի անգամ։ Ինչպես համարյա գործողության ամեն մի մարդ, լորդ Ջոնը ևս սակավախոս է և հաճախ է մտքերի մեջ ընկնում, բայց իրեն ուղղված հարցերին պատասխանում է իսկույն և հաճույքով է մասնակցում ընդհանուր զրույցին, համեմելով այն կցկտուր, զվարճալի ռեպլիկներով։ Զանազան երկրների և հատկապես Հարավային Ամերիկայի ընդարձակ իմացությամբ նա պարզապես ապշեցնում է բոլորիս, իսկ ինչ վերաբերում է մեր արշավախմբին, ապա նա ամբողջ սրտով հավատում է դրա նպատակահարմարությանը, առանց շփոթվելու պրոֆեսոր Սամերլիի ծաղրական դիտողություններից։ Լորդ Ռոքստոնի ձայնը մեղմ է, շարժուձևը՝ հանգիստ, բայց նրա կապույտ, առկայծող աչքերը վկայում են, որ նա ընդունակ է կատաղության հասնելու և դաժան որոշումներ ընդունելու, իսկ նրա սովորական զսպվածությունը միայն ընդգծում է, թե այդ մարդը որքան վտանգավոր կարող է լինել զայրույթի պահերին։ Նա չի սիրում երկար խոսել դեպի Բրազիլիա և Պերու կատարած իր ճանապարհորդությունների մասին, ուստի իմ մտքով իսկ չէր անցնում, թե նրա հայտնվելն այդպես կարող է հուզել Ամազոնի ափերում ապրող բնիկներին։ Այդ մարդիկ նրա մեջ տեսնում են իրենց իրավունքների համար մարտնչողին և հուսալի պատշպանին։ Կարմրաշեկ առաջնորդի (այդպես են կոչում նրան այստեղ) սխրագործությունների շուրջն արդեն լեգենդներ են հյուսվել, սակայն ինձ համար բավական են նաև այն փաստերը, որոնք ես քիչ առ քիչ իմացա, և որոնք ինքնին ապշեցուցիչ են։ Այսպես, օիինակ պարզվեց, որ մի քանի տարի առաջ լորդ Ջոնը հայտնվել էր այն «ոչ ոքի հողում», որի գոյությունը բացատրվում է Պերույի, Բրազիլիայի և Կոլումբիայի միջև ընկած սահմանների անճշտությամբ։ Այդ ընդարձակ տարածության վրա առատորեն աճում է կաուչուկի ծառը, որը բնիկներին, ինչպես Կոնգոյում, ավելի քիչ չարիչ չի պատճառում, քան հարկադիր աշխատանքը Դարյենի արծաթի հանքերում իսպանացիների տիրապետության ժամանակ։ Մի բուռը սրիկա մետիսներ զավթել էին այդ ամբողջ շրջանը, զինել այն հնդկացիներին, որոնք համաձայնել էին նրանց օժանդակել, իսկ մնացածներին ստրկացրել և, անմարդկային տանջանքների տակ, հարկադրում էին կաուչուկի ծառերը կտրել և լուղարկել գետով դեպի Պարա։ Լորդ Ջոն Ռոքստոնը փորձել էր պատշպանել այդ դժբախտներին, սակայն, բացի սպառնալիքներից ու վիրավորանքներից, ոչ մի արդյունքի չէր հասել։ Այն ժամանակ նա բոլոր կանոնների համաձայն կռիվ էր հայտարարել ստրկավաճառների գլխավորին, մի ոմն Պեդրո Լոպեսի, հավաքել էր փախստական ստրուկներին, զինել նրանց և պատերազմական գործողություններ սկսել, որոնք վերջացել էին նրանով, որ վիժվածք մետիսը զոհվել էր նրա գնդակից, իսկ նրա գլխավորած ստրկատիրական սիստեմը ոչնչացվել։ Զարմանալի չէ, որ թավշաձայն, անբռնազբոս շարժումներով ու կարմրաշեկ մազերով այդ մարդը գրավել էր հարավամերիկյան մեծ գետի ափերի բնիկների ընդհանուր ուշադրությունը։ Սակայն նրա առաջացրած զգացումները, ինչպես և պետք էր սպասել, տարբեր էին․ բնիկները շնորհակալությամբ էին լցված նրա հանդեպ, իսկ նրանց երբեմնի ստրկացնողները՝ ատելությամբ։ Բրազիլիայում անցկացրած մի քանի ամիսները լորդ Ռոքստոնի համար անօգուտ չէին անցել․ նա ազատ կերպով տիրապետել էր տեղական բարբառին, որը բաղկացած էր մեկ երրոդով պորթուգալական և երկու երրորդով հնդկական բառերից։ Ես արդեն հիշատակել եմ, որ լորդ Ջոն Ռոքստոնը տառացիորեն երազում էր Հարավային Ամերիկայի մասին։ Այդ առթիվ խոսելիս նա հափշտակվում էր, և այդ հափշտակությունը վարակիչ էր, որովհետև նույնիսկ ինձ նման տգետի մոտ հետաքրքրություն էր արթնացնում դեպի այդ երկիրը։ Ինչպես՜ կուզենայի հաղորդել նրա պատմությունների հմայքը, որոնց մեջ ճշգրիտ իմացությունն այնպես սերտորեն էր միահյուսվում վառ երևակայության խաղերի հետ, որ մինչև իսկ պրոֆեսոր Սամերլին ուշադիր ականջ էր դնում և հոռետեսական ժպիտն աստիճանաբար հեռանում էր նրա նիհար, երկարավուն դեմքից։ Լորդ Ջոնը պատմում էր վեհասքանչ Ամազոնի պատմությունը։ Նա ուսումնասիրել էր դեռևս առաջին նվաճողների կողմից, որոնք այդ գետով լողացել էին մայր ցամաքի մի ծայրից մինչև մյուսը։ Բայց և այնպես մինչև այժմ էլ նա շատ ու շատ գաղտնիքներ է թաքցնում իր բարակ, շարունակ փոփոխվող ափագծից դենը։ ― Ի՞նչ կա այնտեղ, այն կողմը, ― բացականչում էր լորդ Ջոնը, ձեռքը պարզելով դեպի հյուսիս։ ― Ճահճուտներ և անանցանելի ջունգլիներ։ Ով գիտե, թե այնտեղ ինչե՜ր են թաքնված։ Իսկ այնտե՞ղ, հարավո՞ւմ։ Ճահճային մացառուտներ, ուր դեռ սպիտակ մարդու ոտք չի դիպել։ Ամեն կողմից մեզ շրջապատում է անհայտությունը։ Ո՞վ կարող է հաստատ գիտենալ, թե ինչ կարելի է սպասել այս նեղ ափամերձ շերտից այն կողմ։ Կարելի՞ է երաշխավորել, թե ծերունի Չելենջերը սխալվում է։ Պրոֆեսոր Սամերլին այդպիսի խոսքերը գնահատում էր իբրև ուղղակի մարտահրավեր․ համառ ծաղրական ժպիտը նորից էր հայտնվում նրա դեմքին, նա հեգնորեն օրորում էր գլուխը, ծխի քուլաներ բաց թողնում ծխամորճից և ոչ մի խոսքով չէր խախտում թշնամական լռությունը։ Բայց բավական է խոսեմ իմ երկու սպիտակ ուղեկիցների մասին․ նրանց բնավորությունն ու թերությունները, ինչպես և իմը, երևան կգան հետագա պատմության ընթացքում։ Ավելի լավ է պատմեմ այն մարդկանց մասին, որոնք, թերևս, անկարևոր դեր չեն խաղալու ապագա իրադարձություններում։ Սկսենք Սամրո անունով աժդահա նեգրից։ Դա մի սևամորթ Հերկուլես է՝ ձիու նման աշխատասեր և օժտված մոտավորապես նույնպիսի բանականությամբ։ Մենք նրան վարձեցինք Պարայում այն նավային ընկերության հանձնարարականով, որի նավերի վրա աշխատելիս նա սովորել էր մի կերպ անգլերեն բացատրվել։ Նույն Պարայում էլ մենք հավաքագրեցինք երկու մետիսների, որոն Ամազոնի վերին հոսանքներից կարմիր փայտ էին լուղարկում դեպի քաղաք։ Մեկի անունը Գոմես է, մյուսինը՝ Մանուել։ Երկուսն էլ թուխ են, մեծամորուք և կատաղի կերպարանքով, իսկ նրանց ուժին ու ճարպկությանը հովազը կարող է նախանձել։ Գոմեսը և Մանուելն իրենց ողջ կյանքն անց են կաղրել Ամազոնի ավազանի այն վերին մասում, որը մենք պետք է հետազոտենք։ Հենց այդ հանգամանքն էլ դրդեց լորդ Ջոնին՝ նրանց վերցնելու։ Մետիսներից մեկը՝ Գոմեսը, ունի նաև այն արժանիքը, որ հիանալի խոսում է անգլերեն։ Այդ մարդիկ համաձայնեցին ամիսը տասնհինգ դոլարով ծառայել մեզ՝ ճաշ պատրաստել, թիավարել և ընդհանրապես անել այն ամենը, ինչ կպահանջվի նրանցից։ Բացի դրանից, մենք վարձեցինք երեք բոլիվիացի հնդկացիներ մոյո ցեղից, որի ներկայացուցիչները գետափնյա մյուս ցեղերի մեջ հռչակված են իբրև ձկնորսներ ու թիավարներ։ Ավագին մենք հենց այդպես էլ անվանեցինք՝ Մոյո, իսկ մյուս երկուսն ստացան Խոզե և Ֆերդինանդ անունները։ Եվ այսպես, երեք սպիտակամորթ, երկու մետիս, մի նեգր և երեք հնդկացի՝ ահա մեր փոքրիկ արշավախմբի կազմը, որը Մանաոսում հետագա հրահանգների էր սպասում, որպեսզի ճամփա ընկնի և կատարի իր վրա դրված այնքան անսովոր խնդիրը։ Վերջապես, անցավ տանջալի շաբաթը, հասավ վաղուց սպասված օրը և ժամը։ Պատկերացրեք Մանաոսից երկու մղոնի վրա ընկած Սանտա֊Իգնասիո հասիենդի կիսախավար հյուրասրահը։ Ցած թողած վարագույրների ետևում շլացուցիչ կերպով փայլում էր պղնձագույն արևը, արմավենիների սև ստվերները լույսի տակ նույնքան հստակ էին գծագրվում, որքան և իրենք՝ արմավենիները։ Ամենաչնչին հով անգամ չկար, օդի մեջ կանգնած էր միջատների անընդհատ բզզոցը, և այդ արևադարձային բազմաօկտավ խնբերգի մեջ լսելի էր և՛ մեղուների թավ բասը, և՛ մոծակների ականջ ծակող ֆալցետը։ Վերանդայի ետևում գտնվում էր կակտուսե ցանկապատով շրջապատված փոքրիկ պարտեզը։ Ծաղկած թփերի վրա, կայծկլտալով արևի տակ ճախրում էիմ խոշոր, կապույտ թիթեռները և պստլիկ կոլիբրիները։ Մենք նստել էինք եղեգնե սեղանի մոտ, որի վրա դրված էր կնքված ծրարը։ Ծրարի վրա պրոֆեսոր Չելենջերի անհարթ ձեռագրով խզմզված էր հետևյալը․ «Հրահանգ լորդ Ջոն Ռոքստոնին և նրա ուղեկիցներին։ Բաց անել Մանաոս քաղաքում15 հուլիսի, ցերեկվա ուղիղ ժամը տասներկուսին։ Լորդ Ջոնը ժամացույցը դրեց սեղանին, իր կողքին։ ― Յոթ րոպե դեռ կա, ― ասաց նա։ ― Ծերուկը խիստ ճշտապահ է։ Պրոֆեսոր Սամերլին քմծիծաղ տվեց և նիհար ձեռքը պարզեց դեպի ծրարը։ ― Իմ կարծիքով միևնույն է, թե երբ բացել՝ հիմա կամ յոթ րոպե հետո, ― ասաց նա։ Սա նույն շառլատանությունն է ու ծռմռվելը, որոնցով, դժբախտաբար, հռչակված է նամակի հեղինակը։ ― Ո՛չ, ― առարկեց լորդ Ջոնը, ― եթե պետք է խաղանք, ուրեմն բոլոր կանոններին համաձայն։ Զորահանդեսի հրամանատարն է ծերունի Չելենջերը, և մենք այստեղ ենք հասել նրա ողորմածությամբ։ Մեր կողմից պարզապես անքաղաքավարություն կլինի, եթե նրա կարգադրությունները ճշտությամբ չկատարնենք։ ― Տե՜ր աստված, ― բարկացավ պրոֆեսորը։ ― Այդ բանը Լոնդոնում էլ էր ինձ զայրացնում, իսկ հիմա գնալով ավելի ու ավելի է վատանում։ Ես չգիտեմ, թե ինչ կա այդ ծրարում, բայց եթե նրա մեջ միանգամայն ճշգրիտ երթուղին չլինի, ես այլևս չեմ կարող դիմանալ, կնստեմ առաջին իսկ պատահած շոգենավը, և կաշխատեմ հասնել Պարայում «Բոլիվիա» նավին։ Վերջ ի վերջո, ես շատ ավելի կարևոր գործեր ունեմ, քան ինչ֊որ մտամոլի զառանցանքները մերկացնելը։ Դե, Ռոքստոն, այժմ արդեն ժամանակն է։ ― Այո՛, ժամանակը լրացավ, ― ասաց լորդ Ջոնը։ ― Կարող եք ազդանշան տալ։ Նա գրչահատով բացեց ծրարը, միջից հանեց մեջտեղից ծալված թուղթը, զգուշությամբ բացեց ու դրեց սեղանին։ Թուղթը բոլորովին մաքուր էր։ Լորդ Ջոնը շուռ տվեց թղթի մյուս երեսը։ Այնտեղ նույնպես ոչինչ չկար։ Մենք անխոս, շփոթված նայեցինք իրար, սակայն պրոֆեսոր Սամերլիի արհամարհական ծիծաղն ընդհատեց վերահաս լռությունը։ ― Սա հո անկեղծ խոստովանությո՜ւն է, ― բացականչեց նա։ ― Ուրիշ ի՞նչ եք ուզում։ Մարդն ինքը հաստատեց իր սեփական խարդախությունը։ Մեզ մնում է միայն վերադառնալ տուն և ի լուր ամենքի անվանել նրան լկտի խաբեբա, որպիսին նա իրոք է։ ― Անգույն թանաք, ― պոռթկացի ես։ ― Հազիվ թե, ― պատասխանեց լորդ Ռոքստոնը՝ թուղթը պահելով լույսի դեմ։ ― Ոչ, սիրելի երիտասարդ, ինչո՞ւ մեզ խաբենք։ Ինչով ուզեք կերաշխավորեմ, որ այս թերթիկի վրա ոչինչ գրված չի եղել։ ― Կարելի՞ է, ― թնդաց ինչ֊որ մեկի ձայնը վերանդայից։ Եվ հանկարծ դռան լուսավորված քառակուսու մեջ հայտնվեց մի կարճահասակ կերպարանք։ Այդ ձայնը, ուսերի այդ անսովոր լայնությունը․․․ Բոլորս միասին ճչացինք և վեր թռանք տեղներիցս, երբ մեր առաջ գունավոր ժապավենով մանկական անհեթեթ ծղոտե գկխարկը գլխին, պարուսինե սանդալներով, որոնց քթերը յուրաքանչյուր քայլի հետ այս ու այն կողմ էին ծռմռվում, տնկվեց ինքը Չելենջերը։ Նա կանգ առավ վառ լույսի տակ, ձեռքերը դրեց կուրտկայի գրպանները, առաջ ցցեց իր փարթամ ասորական մորուքը և կիսափակ կոպերի տակից իր հանդուգն հայացքը հառեց մեզ վրա։ ― Բայց և այնպես մի քանի րոպե ուշացա, ― ասաց նա՝ գրպանից ժամացույցը հանելով։ ― Այս ծրարը ձեզ հանձնելիս, խոստովանում եմ, որ ես հաշվի չէի առել, թե դուք բաց կանեք այն, որովհետև հենց սկզբից որոշել էի նշածս ժամկետից առաջ ձեզ միանալ։ Այդ վրդովեցուցիչ ուշացման հանցավորներն են հավասարապես հիմարի գլուխ լոցմանը և անհարկի պատահած ծանծաղուտը։ Վախենամ, որ ես կամա֊ակամա հիանալի առիթ եմ ընծայել իմ կոլեգա պրոֆեսոր Սամերլիին՝ ինձ վրա չարախոսելու։ ― Պետք է հայտնեմ, սըր, ― խիստ տոնով ասաց լորդ Ջոնը, ― որ ձեր գալուստը մի փոքր թեթևացնում է ստեղծված անախորժ վիճակը, քանի որ մենք արդեն որոշել էինք, որ մեր էքսպեդիցիան հասավ իր վաղաժամ վախճանին։ Բայց և այնպես ես չեմ կարող հասկանալ, թե ինչն էր ձեզ ստիպում դիմելու այդպիսի տարօրինակ կատակի։ Պատասխանի փոխարեն պրոֆեսոր Չելենջերը մոտեցավ սեղանին, սեղմեց իմ ու լորդ Ջոնի ձեռքը, վիրավորական քաղաքավարությամբ գլուխ տվեց պրոֆեսոր Սամերլիին և նստեց հյուսկեն բազկաթոռի մեջ, որը ճռճռաց ու սկսեց ճոճվել նրա ծանրության տակ։ ― Ամեն ինչ պատրա՞ստ է ճանապարհ ընկնելու համար, ― հարցրեց նա։ ― Կարելի է մեկնել հենց թեկուզ վաղը։ ― Այդպես էլ կանենք։ Այժմ ձեզ ոչ մի քարտեզ, ոչ մի ցուցում պետք չէ՝ ե՛ս կլինեմ ձեր ուղեցույցը, գնահատեցե՜ք այս։ Հենց սկզբից ես որոշեցի գլխավորել արշավախումբը, և դուք կհամոզվեք, որ ոչ մի քարտեզ, որքան էլ այն մանրամասն լինի, չի փոխարինի իմ փորձին և իմ ղեկավարությանը։ Իսկ ինչ վերաբերում է ծրարի հետ կապված այդ անմեղ խորամանկությանը, ապա եթե ես առաջուց ծանոթացնեի ձեզ իմ պլաններին, պետք է աշխատեի ազատվել բոլորով միասին մեկնելու ձեր թախանձագին խնդրանքներից։ ― Ինձանից դուք այդ բանը չէիք լսի, սը՛ր, ― բուռն կերպով բացականչեց պրոֆեսոր Սամերլին։ ― Եթե ամբողջ Ատլանտյան օվկիանոսում մի ուրիշ շոգենավ չգտնվեր, թերևս միայն այդ դեպքում․․․ Չելենջերը միայն իր մազոտ մեծ ձեռքը թափ տվեց նրա կողմը։ ― Առողջ բանականությունը կթելադրի ձեզ, որ ես ճիշտ ենթադրություններով եմ առաջնորդվել։ Ինձ հարկավոր էր պահպանել գործողությունների ազատություն, որպեսզի այստեղ գայի այն րոպեին, երբ իմ ներկայությունը անհրաժեշտ կլիներ։ Այդ րոպեն հասավ։ Այժմ ձեր ճակատագիրը գտնվում է հուսալի ձեռքերում։ Դուք կհասնեք ձեր նպատակակետին։ Այսուհետև արշավախումբը ղեկավարելու եմ ես։ Խնդրում եմ այսօրվա ընթացքում ավարտել բոլոր նախապատրաստությունները, որպեսզի վաղը ծեգին կարողանանք շարժվել։ Իմ ժամանակը թանկ է, ձերը նույնպես, չնայած ավելի պակաս չափով։ Ուստի առաջարկում եմ որքան կարելի է արագ անցնել ամբողջ ճանապարհը, որի վերջում ես ձեզ ցույց կտամ այն, ինչի համար դուք եկել եք այստեղ։ Լորդ Ջոն Ռոքստոնը արդեն մի քանի օր առաջ վարձել էր շոգիով աշխատող «Էսմերալդա» մեծ կատերը, որով պետք է ճամփա ընկնեինք Ամազոնի հոսանքն ի վեր։ Տարվա եղանակը ոչ մի նշանակություն չունի արշավախմբի մեկնելու համար, որովհետև այստեղ ամառ թե ձմեռ ջերմաստիճանը պահպանվում է քսանհինգ֊երեսուն աստիճանի վրա։ Այլ բան է անձրևային շրջանը, որ սկսվում է դեկտեմբերից ու շարունակվում մինչև մայիս, և գետի ջուրը հետզհետե բարձրանում է՝ հասնելով սովորական մակարդակից քառասուն ոտնաչափ բարձրության։ Ամազոնը դուրս է գալիս ափերից, հեղեղում է վիթխարի տարածություններ, այդ ընդարձակ շրջանը վերածելով համատարած ճահճուտների, որոնցով եթե ոտքով փորձես անցնել՝ կթաղվես, իսկ նավարկել չես կարող ծանծաղության պատճառով։ Հունիսին ջուրն սկսում է իջնել, իսկ հոկտեմբերին կամ նոյեմբերին նրա մակարդակը հասնում է ցածրագույն կետին։ Մեր արշավախմբի մեկնումը զուգադիպում էր հենց այդ շրջանի հետ, երբ վեհասքանչ գետը իր բոլոր վտակներով ավել կամ պակաս չափով պարփակված էր ափերի մեջ։ Ամազոնի հոսանքը բավականաչափ դանդաղ է, քանի որ նրա հունի թեքությունը մղոնը ութ դյույումից չի գերազանցում։ Հազիվ թե աշխարհում նավագնացության համար դրանից հարմար գետ լինի։ Այստեղ տիրապետում են հարավարևելյան քամիները, և առագաստանավերը մինչև Պերուի սահմանները արագ են հասնում, իսկ ետ դառնալիս լողում են հոսանքն ի վար։ Ինչ վերաբերում է մեր «Էսմերալդային», ապա, շնորհիվ հիանալի մեքենայական մասի՝ նրա ընթացքը կախված չէր դանդաղաշարժ գետից, և մենք առաջ էինք գնում այնպիսի արագությամբ, ասես թե դա Ամազոնը չէր, այլ անշարժ լճակ։ Առաջին երեք օրերը մեր կատերը ուղղություն վերցրեց դեպի հյուսիս֊արևմուտք, հոսանքն ի վեր։ Չնայած Ամազոնի գետաբերանը գտնվում էր այստեղից մի քանի հազար մղոնի վրա, բայց նա այստեղ այնքան լայն է, որ գետի մեջտեղից նրա ափերը թվում են հորիզոնին կպած հազիվ նկատելի մի գիծ։ Մանաոսից մեկնելու չորրորդ օրը մենք մտանք վտանկներից մեկը, որն այդտեղ իր լայնությամբ համարյա չէր զիջում Ամազոնին, բայց շուտով սկսեց արագորեն նեղանալ։ Էլի երկու օր անցավ, և մենք մոտեցանք հնդկական ինչ֊որ փոքրիկ ավանի։ Պրոֆեսորն առաջարկեց ափ դուրս գալ, իսկ «Էսմերալդան» ետ ուղարկեց Մանաոս։ Նա բացատրեց, որ շուտով կսկսվեն սահանքները, որտեղ կատերն անելիք չունի։ Իսկ իբրև գաղտնիք ավելացրեց, որ մենք մոտեցել ենք Անհայտ երկրի նախադռանը և, հետևաբար, որքան քիչ մարդ իմանա մեր գաղտնիքը, այնքան լավ։ Այդ նույն նպատակով ամեն մեկիցս ազնիվ խոսք առավ, որ մենք ո՛չ բանավոր, ո՛չ էլ գրավոր ճշգրիտ տեղեկություններ չենք հրապարակի այն վայրի աշխարհագրական դիրքի մասին, որտեղ մեկնում է արշավախումբը, իսկ բոլոր ծառաներին հարկադրեց հանդիսավոր գաղտնիքը պահպանելու երդում տալ։ Այդ բոլորը հարկադրում է ինձ իրադարձությունները որոշ չափով զուսպ շարադրել, և ես ընթերցողներին նախազգուշացնում եմ, որ այն քարտեզներում կամ գծագրերում, որոնք հավանորեն հարկ կլինի կցել իմ պատմությանը, ճիշտ կլինի միայն առանձին վայրերի փոխադարձ դիրքը, բայց ոչ նրանց կոորդինատները։ Հետևաբար, օգտվել այդ տվայլներից՝ Անհայտ երկիր մուտք գործելու համար՝ չի հանձնարարվում։ Ինչով էլ որ առաջնորդվելու լինի պրոֆեսոր Չելենջերը, այդքան մեծ եռանդով պահպանելով իր գաղտնիքը, մենք չենք կարող նրան չհնազանդվել, որովհետև նա իրոք ընդունակ էր ավելի շուտ խափանել էքսպեդիցիան, քան մազաչափ իսկ նահանջել մեզ առաջադրված պայմաններից։ Օգոստոսի երկուսին հրաժեշտ տվինք «Էսմերալդային», դրանով իսկ կտրելով վերջին օղակը, որ մեզ կապում էր աշխարհի հետ։ Այնուհետև չորս օրվա ընթացքում պրոֆեսորը հնդկացիներից վարձեց երկու մեծ նավակ՝ այնքան թեթև (նրանք պատրաստված էին բամբուկե կարկասներից՝ վրայից գազանների մորթիներ քաշած), որ հարկ եղած դեպքում կարող էինք ձեռքով տանել։ Մեր ողջ հանդերձանքը բարձեցինք այդ նավակները, իսկ իբրև լրացուցիչ թիավարներ վարձեցինք ևս երկու հնդկացի՝ Իպեդու և Ատակա անուններով, կարծեմ նույն մարդկանց, որոնք ուղեկցել էին պրոֆեսոր Չելենջերին նրա առջին ճանապարհորդության ընթացքում։ Ինչպես երևում է, նրանք երկուսով էլ սարսափից գլուխները կորցրին, երբ նրանց առաջարկվեց նորից մեկնել այն վայրերը, սակայն հնդկացիների մոտ առաջնորդը մինչև հիմա էլ օգտվում է նահապետական իշխանությամբ, և եթե որևէ գործարք ձեռնտու է նրան, ապա ցեղակիցներն իրավունք չունեն դատողություններ անելու այդ մասին։ Եվ այսպես, վաղը մեկնում ենք դեպի Անհայտը։ Իմ առաջին թղթակցությունն ուղարկում եմ հանդիպակաց նավակով, և, թերևս, մեր ճակատագրով հետաքրքրվողների համար դա վերջին տեղեկությունը լինի։ Ես այն ուղարկում եմ ձեր անունով, թանկագին Մակ֊Արդլ, ինչպես որ պայմանավորվել էինք։ Կրճատեցեք, ուղղեցեք իմ նամակները, մի խոսքով վարվեցեք, ինչպես անհրաժեշտ կգտնեք՝ վստահում եմ ձեր խոհեմությանը։ Դատելով մեր ղեկավարի խիստ ինքնավստահ տեսքից, նա պատրաստվում է իրապես ապացուցելու իր ճշմարտացիությունը, և ես, հակառակ պրոֆեսոր Սամերլիի համառ հոռետեսության, չեմ կասկածում, որ մենք իսկապես գտնվում ենք մեծագույն ու ապշեցուցիչ իրադարձությունների նախորյակին։