Ես առանց ամաչելու պարում էի։ Նրա մարմինը, ձեռքերը դրական էներգիա, բարի զգացումներ էին արձակում։ Չէինք խոսում։ Միմյանց դեմքին էինք նայում։ Երաժշտությունը դադարեց։ Իրար շնորհակալություն հայտնեցինք։ Նա իր սեղանի մոտ գնաց, իսկ ես առաջին հարկ իջա։ Մաքուր օդին ծխեցի։ Մտա զուգարան ու սառը ջրով լվացվեցի։ Թշերս կարմրել էին։ Մաքուր օդին մի հատ էլ սիգարետ ծխեցի ու սրահ վերադարձա։ Կովկասով թափառող ամերիկացիները լրիվ հարբել էին։ Հրեական ծագումով ֆրանսուհին իր բարակ բլուզի օձիքն էր շոյում։ Շարֆը բացվել էր։ Մեծ կուրծքը կրկին կիսով չափ մերկացած էր։ Մի հարսանիքին նստած՝ մեկ այլ հարսանիքի մասին հիշեցի․․․
- Հա, մեր ցեղում բոլորինը մեծ է։ Բոլորի մոտ է էդպես։ Կոլեջում ես ամենամեծ կուրծքն ունեի։ Առաջ ամաչում էի։ Հետո ընտելացա։ Իսկ հիմա ինձ էլ դուր է գալիս։
- Լավ է։ Լավ է։ Էսպես ավելի լավ է։ Քեզ սազում է։ Պետք է։ Պետք է։
Այդ պահին Արթուրի գրասենյակի աշխատակցուհիներից մեկը հրեական ծագումով ֆրանսուհուն պարի հրավիրեց։ Աղջիկը հրավերն ընդունեց ու տեղից բարձրացավ, ու կրծքի մասին մեր հիանալի զրույցը կիսատ մնաց։ Ես խորովածի մի կտոր վերցրեցի ու ջղայնացած՝ ատամներս մեջը խրեցի։ Հարսանիքն ավելի մեծ թափ էր առնում։ Մենք կրկին Հոլանդիայի քաղաքացու անձնագրի մասին մեր կարծիքները հայտնեցինք ու գինի խմեցինք։ Հոլանդացին տեղը չէր մնում, անընդհատ հյուրերին, երաժիշտներին, հարսին էր լուսանկարում։ Թմբլիկ, սպիտակամաշկ, համեստ աղջիկը, որին քիչ առաջ եկեղեցում էի տեսել, մոտեցավ մեր սեղանին ու ինձ պարի հրավիրեց։ Այսքան անծանոթ մարդու մեջ պարելու համար պետք է չափից դուրս շատ խմած լինեի։ Էդ սահմանին դեռ չէի հասել։ Աղջկան բացատրեցի, որ դեռ էդքան խմած չեմ, որ ամաչում եմ և պարել չեմ կարողանում։ Բայց որ շուտով անպայման կպարենք։ Ընդ որում՝ երբ դանդաղ երաժշտություն հնչի։ Աղջիկը ուրիշ քաղաքից էր եկել։ Հարսի բարեկամներից էր։ Շատ պոզիտիվ դեմք ուներ։ Նրան ազատ աթոռներից մեկի վրա ցույց տվեցի։ Աղջիկը նստեց։ Արթուրը մաքուր բաժակի մեջ գինի լցրեց։ Աղջիկը ժողովուրդների բարեկամության մասին մի քանի բառ ասաց։ Ասաց, որ ժամանակին միմյանց դեմ արյունահեղ պատերազմներ մղած ժողովուրդներն այսօր Եվրամիության դրոշի ներքո հարմարավետ, հաշտ ու համերաշխ ապրում են։ Եվ կգա ժամանակը, երբ մենք էլ կմոռանանք բոլոր սարսափները, արյունահեղությունը և միասին համերաշխ կապրենք։ Ես արդեն հոգնել էի ժողովուրդների բարեկամության, խաղաղության մասին զրույցներից ու կենացներից։ Բայց թմբլիկ, սպիտակամաշկ աղջիկն այնքան վստահ ու այնպիսի բարությամբ էր խոսում, որ ես բաժակի միջի գինին մինչև վերջին կաթիլը խմեցի։ Նա ամենևին նման չէր արտասահմանյան կազմակերպությունների կողմից անցկացվող սեմինարների, կոնֆերանսների, միջոցառումների բանկետներին խաղաղության ու ժողովուրդների բարեկամության մասին ելույթներ ունեցող կեղծ խաղաղարարներին։ Նա ինձ շնորհակալություն հայտնեց հարսանիքին գալու համար: Իմ քաջությունը բարձր գնահատեց։ Գինին գլխիս էր խփել։ Նայում էի նրա դեմքին ու մտածում․ եթե պատերազմ սկսվի, ու ես զինվորական համազգեստ հագնեմ, ի՞նչ եմ անելու, եթե նրան հանդիպեմ, ինչպե՞ս եմ վարվելու։ Աղջիկը նախապատերազմյան շրջանի մասին էր խոսում։ Ասում էր, որ շուտով խաղաղություն կհաստատվի։ Ես չէի հակաճառում։ Փոխարենը՝ սիրտս թախիծով էր լցվում։ Գուցե՝ մի օր նորից միասին կապրենք, բայց նախկին հանգիստը, բարյացակամությունը վերականգնել այլևս հնարավոր չի լինի։ Արթուրը բաժակները լցրեց։ Նորից հոլանդական անձնագրի կենացը խմեցինք։ Աղջիկն անձնագրի մասին մեր զրույցից ոչինչ չհասկացավ։ Դանդաղ մեղեդի հնչեց։ Պարելու պահը հասունացել էր։ Տեղերիցս բարձրացանք ու պարահրապարակ դուրս եկանք։ Ես նրա թմբլիկ ձեռքը վերցրեցի ու գոտկատեղից գրկեցի։ Աղջկան գիրությունը սազում էր։ Նրան այլ կերպ պատկերացնելը մեղք կլիներ։ Ես առանց ամաչելու պարում էի։ Նրա մարմինը, ձեռքերը դրական էներգիա, բարի զգացումներ էին արձակում։ Չէինք խոսում։ Միմյանց դեմքին էինք նայում։ Երաժշտությունը դադարեց։ Իրար շնորհակալություն հայտնեցինք։ Նա իր սեղանի մոտ գնաց, իսկ ես առաջին հարկ իջա։ Մաքուր օդին ծխեցի։ Մտա զուգարան ու սառը ջրով լվացվեցի։ Թշերս կարմրել էին։ Մաքուր օդին մի հատ էլ սիգարետ ծխեցի ու սրահ վերադարձա։ Կովկասով թափառող ամերիկացիները լրիվ հարբել էին։ Հրեական ծագումով ֆրանսուհին իր բարակ բլուզի օձիքն էր շոյում։ Շարֆը բացվել էր։ Մեծ կուրծքը կրկին կիսով չափ մերկացած էր։ Մի հարսանիքին նստած՝ մեկ այլ հարսանիքի մասին հիշեցի․․․ ՄԻՆՋև ԷՋ 5152