Հ․ Գ․ Որքան շատ եմ մտածում մեր վիճակի մասին, այնքան անուրախ է թվում այն ինձ։ Վերադարձի հույս չունեմ։ Եթե սարահարթի եզրին մի ծառ լիներ, կարող էինք անդունդի վրա նոր կամուրջ գցել, բայց հիսուն ոտնաչափից մոտիկ ծառեր չկան, իսկ այդպիսի ծանրություն քարշ տալ զառիթափի մոտ չի հաջողվի նույնիսկ չորս հոգով։ Ճոպանն էլ շատ է կարճ, նրանով չես կարող ցած իջնել։ Ո՛չ, մեր դրությունն անհուսալի է, անհուսալի․․․
==Գլուխ X «Ահա՛ հրաշքները»==
Մեզ մոտ պատահել ու պատահում են իսկական հրաշքներ։ Իմ թղթի պաշարները բաղկացած են հինգ քրքրված ծոցատետրերից ու մի կույտ առանձին֊առանձին թերթիկներից, իսկ ստիլոգրաֆիկ մատիտ ընդամենը մեկ հատ է։ Բայց քանի դեռ ձեռքս ընդունակ է շարժվելու, ես չեմ դադարի մանրամասնորեն գրի առնել մեր արկածները, և, հիշելով, որ մարդկային ցեղի ներկայացուցիչներից միայն մենք ենք այդ հրաշքների ականատեսները, շտապում եմ նկարագրել, քանի դեռ դրանք թարմ են հիշողությանս մեջ և քանի դեռ չար բախտը վրա չի հասել, որից հավանորեն խույս տալ չենք կարող։
Արդյոք կարո՞ղ է Սամբոն իմ նամակները հասցնել Ամազոնի ափերը, թե՞ ինքս Լոնդոն կտանեմ դրանք՝ մի հրաշքով դուրս պրծնելով այստեղից, կընկնե՞ն այդ նամակները որևէ համարձակ մարդու ձեռք, որը, թերևս, կատարելագործված մոնոպլանով կթռչի֊կհասնի այս սարահարթը՝ չգիտեմ՝ սակայն, ինչ ուզում է լինի, հաստատապես համոզված եմ, որ այդ գրառումները կդառնան մեր ճշմարիտ արկածների դասական պատմությունը և որ դրանց է անմահություն վիճակված։
Անզգամ Գոմեսի սարքած ծուղակն ընկնելու հենց հետևյալ օրը մենք շատ բաներում լրացրինք մեր կենսափորձը։ Ասենք, այդ առավոտ ինձ վիճակված առաջին փորձությունը մի առանձին համակրանք չէր ներշնչում այն վայրի նկատմամբ, որ ճակատագիրը գցել էր մեզ։ Ես միայն լուսադեմին քնեցի և, զարթնելով, ինչ֊որ տարօրինակ բան տեսա իմ սրնքամկանի վրա։ Քնած ժամանակ շալվարիս աջ փողքը մի քիչ վերև էր բարձրացել, և այժմ նրա ու գուլպայիս միջև ոտքիս վրա նստած էր մի մեծ, հրակարմիր, խաղողահատիկ։ Ես զարմանքով ձեռք տվի նրան, և հանկարծ մեծագույն սարսափով ու զզվանքով տեսա, որ խաղողահատիկը տրաքեց մատներիս մեջ՝ չորս կողմ արյան ցայտեր թռցնելով։ Իմ աղաղակի վրա հասան երկու պրոֆեսորները։
― Չափազանց հետաքրքրական է, ― ասաց Սամերլին՝ թեքվելով ինձ վրա։ Վիթխարի շնաճանճ և, որքան ինձ հայտնի է, ո՛չ մի որոշչի մեջ չի մտցված։
― Մենք մեր ջանքերի առաջին պտուղներն ենք քաղում, ― խրատական տոնով թնդաց Չելենջերը։ ― Հարկ կլինի սրան անվանել Ixodes Maloni: Բայց, իմ պատանի բարեկամ, ինչ նշանակություն ունի այնպիսի մի չնչին բան, ինչպիսին շնաճանճի խայթոցն է, այն բանի համեմատությամբ, որ ձեր անունը կգրվի կենդանաբանության փառապանծ տարեգրություններում։ Դժբախտաբար, դուք այդ սքանչելի նմուշահատը ճզմել եք նրա հագենալու րոպեին։
― Ինչպիսի՜ գարշանք, ― բացականչեցի ես։
Պրոֆեսոր Չելենջերն ի նշան բողոքի բարձրացրեց իր թավ հոնքերը և հանգստացուցիչ եղանակով թփթփացրեց ուսիս։
― Սովորեցեք իրերին նայել գիտական տեսանկյունից, զարգացրեք ձեր մեջ գիտական սառնասրտություն, ― ասաց նա։ ― Փիլիսոփայական մտածողության տեր մարդու համար, ինչպիսին, օրինակ, ես եմ, այդ շնաճանճն իր նշտարաձև կնճիթով և ձգվող ստամոքսով հանդիսանում է բնության նույնպիսի հրաշալի ստեղծագործություն, ինչպես, ասենք, սիրամարգը կամ հյուսիսափայլը։ Ինձ համար ցավալի է լսել, որ դուք նրա մասին այդպես բացասաբար եք արտահայտվում։ Որոշ ջանքեր գործադրելու դեպքում չեմ կասկածում, որ մենք կարող ենք դրա երկրորդ օրինակը ձեռք բերել։
― Ես ևս չեմ կասկածում, ― մռայլորեն խոսեց Սամերլին, ― քանի որ այդ երկրորդ օրինակը մտավ ձեր օձիքի տակ։
Չելենջերը վեր թռավ տեղում և, ցուլի պես մռնչալով, սկսեց վրայի կուրտկան ու բաճկոնը պատառոտել։ Ես և Սամերլին այնպես զվարճացանք, որ նույնիսկ չէինք կարողանում օգնել նրան։ Վերջապես, մեզ մի կերպ հաջողվեց մերկացնել Չելենջերի հզոր իրանը (դերձակի չափումով՝ կրծքի լայնությունը հիսունչորս դյույում) և կուրծքը ծածկող սև մազերի թավուտում բռնել շնաճանճին, որը դեռևս ոչ մի վնաս չէր հասցրել նրան։ Պարզվեց, որ մեր շուրջը գտնվող բոլոր թփերի վրա վխտում էր այդ գարշանքը։ Որոշեցինք կայանը փոխադրել մի ուրիշ տեղ։
Բայց նախ անհրաժեշտ է պայմանավորվել մեր հավատարիմ նեգրի հետ, որը կակաոյի տուփերը և պաքսիմատի փաթեթները ձեռքին, շուտով հայտնվեց ժայռի կատարին։ Այդ բոլորը փոխադրվեց մեզ մոտ, պատվիրեցինք նրան ներքևում եղած մթերքներից երկու ամսվա պաշար առանձնացնել իր համար, իսկ մնացածը բաժանել հնդկացիներին իբրև վարձատրություն իրենց ծառայության և իբրև մեր նամակները Ամազոն հասցնելու երաշխիք։ Մի քանի ժամից հետո տեսանք, թե ինչպես նրանք, կապոցները գլխներին դրած, իծաշարուկ ձգվեցին հարթավայրով, այն նույն ճանապարհով, որով մենք այստեղ էինք եկել։ Սամբոն բնակություն հաստատեց բրգաձև ժայռի ստորոտին խփած մեր փոքրիկ վրանում՝ մնալով մեզ արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը։
Այժմ մեր առաջ դրված էր առաջիկա գործողությունների պլանի մշակման հարցը։ Մենք մեր կայանը շնաճանճերով լի թփուտից տեղափոխեցինք չորս կողմից ծառերով շրջապատված մի փոքրիկ բացատ։ Բացատի մեջտեղում ընկած էին մի քանի տափակ գլաքարեր, որոնցից ոչ հեռու մի հիանալի աղբյուր կար։ Մենք գոհունակությամբ սկսեցինք մշակել անծանոթ երկիր ներխուժելու մեր պլանները։ Խիտ սաղարթներից իրար ձայն էին տալիս թռչունները․ ամենից բարձր լսվում էր ինչ֊որ անծանոթ երգչի երկար սուլոցը։ Մենք այստեղ կյանքի ուրիշ ոչ մի նշան չնկատեցինք։
Առաջին բանը, որ պիտի անեինք, մեր ունեցվածքի մանրամանս ցուցակ կազմելն էր, որպեսզի հաստատ իմանանք, թե որքան ժամանակ կարող ենք մեզ ապահովված համարել։ Պարզվեց, որ մեր պաշարները լիովին բավարար են։ Հաշվի առանք ամեն ինչ՝ և՛ հետներս բերածը, և՛ նեգրի կողմից պարանով անցկացրածը։ Բայց որ ամենակարևորն էր, ― ի նկատի ունենալով այն վտանգները, որոնցից մենք, հավանորեն, չէինք կարող խույս տալ, ― մեզ մոտ էին բոլոր չորս հրացանները, հազար երեք հարյուր փամփուշտ նրանց համար, որսորդական հրացանը և մոտ հարյուր հիսուն միջին տրամաչափի փամփուշտ։ Սննդամթերքը կբավականացներ մի քանի շաբաթ, ծխախոտը՝ ինչքան ասես։ Կային նաև ուրիշ գիտական գործիքներ, ներառյալ ուժեղ հեռադիտակը և դաշտային ընտիր բինոկլը։ Այդ բոլորը դասավորեցինք բացատում, իսկ իբրև նախազգուշական միջոց կտրատեցինք փշոտ ճյուղեր և մեր կայանը ցակապատեցինք տասնհինգ յարդ տրամագծով։ Առաջին շրջանում այդ կայանը պետք է ծառայեր մեզ իբրև գլխավոր հավաքատեղի, ապաստարան, անակնկալ հարձակման դեպքում և մեր ամբողջ ունեցվածքի պահեստ։ Ճամբարն ստացավ «Չելենջերի ամրոց» անունը։
Միայն կեսօրին բացատում տեղավորվեցինք ― վերջացրինք, բայց շոգն այնքան էլ չէր տանջում մեզ։ Ընդհանրապես սարահարթում ջերմաստիճանը և բուսականության բնույթը ավելի մոտ էին բարեխառն, քան արևադարձային գոտուն։ Բացատն օղակաձև շրջափակող ծառերի մեջ կային հաճարենի, կաղնի և մինչև իսկ կեչի։ Վիթխարի մի գինգհո, որն իշխում էր իր բոլոր հարևանների վրա, հզոր ճյուղերով ու հովհարաձև տերևներով ստվերի տակ էր առել մեր ամրոցը։ Հենց նրա ստվերում էլ շարունակեցինք մեր զրույցը՝ խոսքը տալով լորդ Ջոնին, որը մեզ համար վճռական այդ ժամերին արշավախմբի ղեկավարությունն իր վրա էր վերցրել։
― Քանի դեռ որևէ կենդանի արարած, մարդ կամ գազան, միևնույն է, մեզ չի տեսել, մենք անվտանգ ենք, ― ասաց նա։ ― Սակայն հերիք է նրանք իմանան մեր հայտնվելը սարահարթում, և մեր խաղաղ կյանքը վերջացած է։ Առայժմ կարծես թե մենք ոչ մի կասկած չենք հարուցում։ Ուստի, առաջին շրջանում անհրաժեշտ է թաքնվել և հետախուզությունը վարել խիստ զգույշ։ Չի խանգարի կամաց֊կամաց աչք ածել հարեևաններին՝ նախքան այցելություններ սկսելը։
― Բայց ախր անհրաժեշտ է, որ առաջ գնանք, ― անվստահորեն ասացի ես։
― Սիրելի երիտասարդ, դուք միանգամայն իրավացի եք։ Մենք առաջ կգնանք առողջ բանականության թույլ տված սահմաններում։ Խորհուրդ չեմ տա շատ հեռանալ, հարկավոր է այնքան գնալ, որպեսզի ամեն րոպե հնարավոր լինի այստեղ, մեր ամրոցը վերադառնալ։ Եվ, որ ամենակարևորն է, ոչ մի կրակոց, բացի միայն այն դեպքերից, երբ դրանից կախված կլինի մեր կյանքը։
― Սակայն դուք երեկ կրակեցիք, ― ասաց Սամերլին։
― Դե, գիտեք, ես ընտրություն կատարելու հնարավորություն չունեի։ Բացի դրանից, հազիվ թե այդ ձայնը շատ էլ խորքերը թափանցած լինի․ երեկ սարահարթի կողմից ուժեղ քամի էր փչում։ Ի դեպ, ինչպե՞ս անվանենք սարահարթը։ Եկեք որոշենք։
Մի քանի ավել կամ պակաս հաջող առաջարկություններ մտցվեցին, բայց վերջին խոսքը մնաց Չելենջերին։
― Այստեղ երկար մտածելու հարկ չկա, ― ասաց նա։ Սարահարթը կկոչվի այն պիոների անունով, որը հայտնաբերել է այն՝ Մեպլ֊Ուայտի Երկիր։
Սարահարթն այդպես էլ անվանեցինք, այդ անունով էլ նա մտցված է քարտեզի մեջ, որի կազմելը հանձնարարված է ինձ․ հուսով եմ, որ այդ անունով էլ այն կմտնի ապագա ատլասների մեջ։
Մեր առաջ կանգնած էր մի անհետաձգելի խնդիր՝ խաղաղ ճանապարհով թափանցել Մեպլ֊Ուայտի Երկիրը։ Մենք մեր սեփական աչքերով արդեն համոզվել էինք, որ այնտեղ ինչ֊որ տարօրինակ արարածներ են ապրում, իսկ Մեպլ֊Ուայտի մատիտանկարները խոստանում էին հրեշների առկայությունը։ Վերջապես, մենք բոլոր հիմքերն ունեինք մտածելու, որ սարահարթում կային նաև մարդիկ, որոնց վայրագության մասին խոսում էր ներքևում ընկած կմախքը։
Մենք գիտեինք, որ վտանգները հետապնդում են մեզ ամեն քայլափոխում և, փրկության հույս չունենալով, որոշեցինք ձեռք առնել նախազգուշական այն բոլոր միջողները, որ լորդ Ջոնին թելադրում էր իր փորձը։ Բայց մի՞թե կարող էինք երկար մնալ այդ խորհրդավոր աշխարհի նախաշեմին, երբ մեզ տանջում էր որքան կարելի է շուտ նրա բուն սիրտը թափանցելու ցանկությունը։
Եվ այսպես, մենք ճամբարի մուտքը փակեցինք ճյուղերով և, բոլոր մեր պաշարները թողնելով փշոտ ցանկապատի պաշտպանության տակ, դանդաղ, մեծագույն զգուշությամբ շարժվեցինք դեպի Անհայտը մի փոքրիկ առվակի երկարությամբ, որն սկիզբ էր առնում բացատի աղբյուրից և պետք է ծառայեր մեզ իբրև վերադարձի ուղեցույց։
Դեռ ինչպես հարկն է չէինք հեռացել ճամբարից, երբ մեկեն դեմ առանք սպասվող հրաշքների առաջին նշաններին։ Խիտ անտառում շատ ծառեր կային, որոնք բոլորովին անծանոթ էին ինձ, բայց մեր բուսաբան Սամերլին գտավ այստեղ ցիկադեյներ և մի քանի տեսակ փշատերևներ, որոնք վաղուց չքացել են երկրի երեսից։ Մի քանի յարդ անցնելով՝ հասանք մի տեղ, ուր առվակը բավական ընդարձակ լճակ էր կազմում։ Լճակի ափերը ծածկված էին բարձր եղեգով, որը պրոֆեսոր Սամերլին դասեց ձիաձետների կարգը․ հենց այդտեղ էլ քամուց օրորվում էին ծառանման ձարխոտերի կատարները։ Լորդ Ջոնը, որ գնում էր առջևից, հանկարծ կանգ առավ ու ձեռքը բարձրացրեց վեր։
― Տեսե՛ք, ― ասաց նա։ ― Այ քեզ հե՜տք։ Այստեղից հավանորեն անցել է բոլոր թռչունների նախահայրը։
Կպչուն տիղմի վրա պարզ նկատելի էին հսկայական եռամատ հետքեր, որոնք ճահճից տանում էին դեպի անտառ։ Կանգ առանք այդ հրեշավոր հետքերի մոտ։ Եթե իրոք այստեղից թռչուն էր անցել, ― ուրիշ ի՞նչ կենդանի կարող էր այդպիսի հետքեր թողնել, ― ապա նրա ճանկն այնքան մեծ է ջայլամի ճանկից, որ նույնիսկ դժվար է պատկերացնել այդ հսկայի չափերը։ Լորդ Ջոնն ուշադիր աչք ածեց չորս կողմը և երկու փամփուշտ դրեց իր խոշոր տրամաչափի հրացանի մեջ։
― Երդվում եմ որոսորդի պատվով, ― ասաց նա, ― որ հետքերը բոլորովին թարմ են։ Այդ արարածն այստեղից անցել է մի տասը րոպե առաջ։ Տեսնո՞ւմ եք, ջուրը դեռ չի լցվել ահա այն փոսը, որտեղ ճանկն ավելի խորն է թաղվել տիղմի մեջ։ Տե՜ր իմ աստված․․․ Ահա՛ և ձագի հետքերը։
Եվ իրոք, խոշոր հետքերին զուգահեռ գնում էին նույնպիսի, բայց ավելի մանր հետքեր։
― Իսկ ի՞նչ կասեք այս մասին, ― հաղթականորեն բացականչեց պրոֆեսոր Սամերլին՝ ցույց տալով մի հետք, որը նման էր մարդկային ձեռքի հետքին։
― Վելդ,<ref>Վելդ ― կավճային շրջանի ստորին բաժինը, որը միացնում է այս ժամանակը քաղցրաջուր ավազաններում, գետերում ու լճերում նստած ապարների շերտոերը։</ref> ― գոչեց Չելենջերը, ուրախությունից գլուխը կորցնելով։ ― Այդպիդի դրոշմավածքներ ես տեսել եմ վելդյան շերտերում։ Այդ արարածը շարժվում է ետևի, եռամատ վերջավորություններով, ամբողջ հասակով վեր ձգված, իսկ առջևի հնգամատ ոտքերով օգնում է իրեն քայլելիս։ Ո՛չ, թանկագին Ռոքստոն, սա բոլորովին էլ թռչուն չէ։
― Գազա՞ն է։
― Ոչ, սողուն է, դինոզավր։<ref>Դինոզավր (զարհուրելի թեփամորթ) ― ներկայացուցիչը վիթխարի ցամաքային թեփամորթների մեռած ընդարձակ խմբի, թեփամորթներ, որոնց մեջ կային գիշատիչ ու խոտակեր, քառաոտ ու ետևի ոտքերի վրա վազող, զրահավոր ու եղջույրավոր տեսակներ։ Խոտակեր դինոզավրերը մինչև երեսուն մետր երկարություն և վաթսուն տոննա ծանրություն ունեին։ Ապրել են մեզոզոյան շրջանում։</ref> Այդ նա է որ կա, ուրիշ ոչ ոք։ Իննսուն տարի առաջ այսպիսի հետքերը մոլորության մատնեցին սասեքսի մի հույժ հայտնի գիտնականի։ Բայց ո՜վ կարող էր երազել․․․ ո՛վ կարող էր երազել․․․ որ մեզ կվիճակվի տեսնել․․․
Վերջին խոսքերը Չելենջերն ասաց շշուկով, իսկ մենք զարմանքից քար կտրեցինք։ Հետքերը մեզ ճահճից տարան դեպի խիտ մացառուտները, որոնց ետևում, ծառերի միջև մի մեծ բացատ կար, և այդ բացատում զբոսնում էին հինգ արտառոց արարածներ, որոնց նմանը ես երբեք չէի տեսել։ Մենք թաքնվեցինք թփերի ետևում և երկա՜ր֊երկար դիտում էինք նրանց։
Ինչպես արդեն ասացի, նրանք զբոսնում էին հինգով՝ երկու տարեց և երեք ձագ։ Նրանց չափերը մեզ ապշեցրին։ Նույնիսկ փոքրիկները փղի չափ էին, իսկ մեծերի մասին խոսելն էլ ավելորդ է։ Թեփամորթների նման սրանց կաշին էլ թեփուկավոր էր և փայլում էր արևի տակ սև թերթաքարային փողփողումներով։ Հինգն էլ կանգնել էին ետևի թաթերի վրա՝ հենվելով լայն, հաստ պոչերին, իսկ առջևի հնգամատ թաթերով կռացնում էին կանաչ ճյուղերը և տերևները կլանում նրանց վրայից։ Որպեսզի դուք լրիվ պատկերացում ունենաք այդ հրեշների մասին, կասեմ, որ նրանք հիշեցնում էին քսան ոտնաչափ բարձրություն ունեցող վիթխարի կենգուրուների, ծածկված սև կոկորդիլոսային մաշկով։
Չգիտեմ, թե որքան ժամանակ մենք կախարդվածի նման կանգնած մնացինք այնտեղ՝ դիտելով այդ անսովոր տեսարանը։ Ուժեղ քամին փչում էր մեր կողմը, թփերը ծառայում էին իբրև լավ թաքստոց, ուստի կարելի էր չվախենալ, թե հրեշները կնկատեն մեզ։ Ժամանակ առ ժամանակ ձագերը անճոռնի խայտալով, վեր֊վեր էին թռչում և խուլ շրմփոցով ընկնում գետնին։ Ըստ երևույթին, նրանց ծնողները չլսված ուժի տեր էին, որովհետև նրանցից մեկը, չհասնելով մի բավական բարձր ծառի կատարի տերևներին, առջևի թաթերով գրկեց ծառը և բունը երկու կես արավ, ինչպես մի բարակ ճյուղ։ Դա միաժամանակ վկայում էր երկու բանի՝ խիստ զարգացած մկանունքների և անզարգացած ուղեղի մասին, քանի որ ծառը տապալվեց ուղղակի հրեշի գլխին, և նա սկսեց բարձր մռնչյուններ արձակել։ Վիթխարի չափերն ակնհայտորեն չէին համապատասխանում բնությունից նրան շնորհված դիմացկունության աստիճանին։ Ծառի հետ պատահած դեպքը, ըստ երևույթին, ստիպեց նրան զգուշանալ, որովհետև նա դանդաղ քարշ եկավ դեպի անտառ իր զույգի և երեք հսկա ձագերի ուղեկցությամբ։ Որոշ ժամանակ մենք տեսնում էինք, թե ինչպես նրանց սև թերթաքարային մեջքները փայլում էին թավուտում, իսկ գլուխները մեկ անհետանում էին թփերի մեջ, մեկ վեր բարձրանում։ Հետո նրանք կորան ծառերի միջև։
Ես նայեցի իմ ընկերներին։ Լորդ Ջոնը կանգնել էր՝ մատը ձգանին պահած, նրա աչքերը վառվում էին որսորդական ազարտով։ Ինչ ասես, որ նա չէր տա, միայն թե այդպիսի մի գլուխ կախ տար իր տանը, բուխարու վերևից, երկու խաչաձևված թիակների կողքին։ Բայց և այնպես խոհեմությունը հաղթեց, որովհետև նա գիտեր, որ մենք միայն այն դեպքում կկարողանանք թափանցել այդ անստույգ երկրի գաղտնիքների մեջ, երբ նրա բնակիչները չեն էլ կասկածի, մեր գոյության մասին։
Պրոֆեսորներն ուրախությունից ասես համրացել էին։ Մոռանալով աշխարհում ամեն ինչ՝ նրանք անգիտակցաբար բռնել էին իրար ձեռք և այդպես էլ քարացել տեղներում, ինչպես երկու փոքրիկ տղաներ, որոնք անխոս աչքերը չռում են ինչ֊որ հրաշքների հրաշքի վրա։ Չելենջերի շրթունքներին մի հրեշտակային ժպիտ էր խաղում, որից նրա այտերը խնձորների պես դուրս էին ընկել։ Սամերլիի դեմքից մաղձոտ ծամածռությունը չքացել էր՝ իր տեղը զիջելով երկյուղած հիացմունքի արտահայտության։
― Nunc dimittis, ― վերջապես ձայնեց նա։ ― Ի՞նչ կասեն այս մասին Անգլիայում։
― Իմ թանկագին Սամերլի, իբրև գաղտիք կարող եմ հայտնել ձեզ, թե ինչ կասեն Անգլիայում, ― պատասխանեց Չելենջերը։ ― Այնտեղ կասեն, որ դուք գիտության հետ ոչ մի առնչություն չունեցող հանրահռչակ ստախոս եք և շառլատան։ Նույն բանը, ինչ֊որ դուք և ձեր նմաններն ասում էիք իմ մասին։
― Իսկ եթե մենք լուսանկարներ ներկայացնե՞նք։
― Կեղծիք է, Սամերլի, կոպիտ կեղծիք։
― Իսկ եթե ներկայացնենք իրեղեն ապացույցնե՞ր։
― Ա֊ա՜․․․ Ահա այն ժամանակ նրանք չեն կարող գլուխ փախցնել։ Դեռ Մելոունը և Ֆլիտ֊ստրիտի նրա ավազակախումբը մեզ գովք էլ կկարդան։ Հիշեցեք, օգոստոսի քսանութին մենք Մեպլ֊Ուայտի Երկրում տեսանք հինգ կենդանի իգուանոդոն։<ref>Իգուանոդոն ― դինոզավրի տեսակներից մեկը։ Իգուանոդոնները շարժվում էին ետևի եռամատ վերջավորություններով, որոնք իրենց կառուցվածքով նման են թռչունների ոտքերին։ Ապրել են գետերի ափերին, սնվել բույսերով։</ref> Իմ պատանի բարեկամ, համապատասխան նշում կատարեցեք ձեր գրքույկում և այդ մասին հայտնեցեք ձեր ողորմելի թերթուկին։
― Եվ պատրաստվեցեք խմբագրի կողմից դուրս շպրտվելու, ― ավելացրեց լորդ Ջոնը։ ― Այն լայնություններում, ուր ընկած է Լոնդոնը, ամեն ինչ մի փոքր այլ կերպ է երևում, թանկագին իմ երիտասարդ։ Մի՞թե քիչ կան մարդիկ, որոնք երբեք իրենց արկածների մասին չեն պատմում՝ վախենալով, որ մարդիկ նրանց չեն հավատա։ Ո՞վ կարող է դրա համար մեղադրել նրանց։ Կանցնի մեկ֊երկու ամիս, և մեզ էլ այս ամենը երազ կթվա։ Ինչպես անվանեցիք այդ հրեշների՞ն։
― Իգուանոդոն, ― ասաց Սամերլին։ ― Նրանց ոտնահետքերի դրոշմվածքները գտնվել են Հաստինգսի<ref>Հաստինգս ― վայր Անգլիայում, որը պատմության մեջ նշանավոր է նորմանների դեմ անգլիացիների մղած մեծ ճակատամարտով՝ Վիլհելմ նվաճողի կողմից Անգլիայի նվաճման ժամանակ։ Այնտեղ տարածվում են կավճային շրջանի ավազաքարեր՝ դինոզավրերի ոտնահետքերի դրոշմվածքներով։</ref> ավազաքարերում, Քենտում, Սասեքսում։ Նրանք մեծ հոտով ապրել են հարավային Անգլիայում, մինչև որ այստեղ զգացվել է խոտի պակասություն, որով նրանք սնվում են։ Իսկ հետո պայմանները փոխվել են, և այդ գազանները քիչ֊քիչ մեռել են։ Ըստ երևույթին, այստեղ ամեն ինչ մնացել է, ինչպես կար, որովհետև իգուանոդոնները շարունակում են ապրել մինչև այժմ։
― Եթե մենք երբևէ կենդանի դուրս պրծնենք այստեղից, ես առանց այդպիսի իգուանոդոնի գլխի տուն չեմ դառնա, ― ասաց լորդ Ջոնը։ ― Սպասեցե՛ք, աֆրիկական որսորդիկներ, դուք դեռ նախանձից կանաչ կկտրեք իմ առաջ։ Սակայն, բարեկամներ, չգիտեմ դուք ինչպես, իսկ ինձ շարունակ թվում է, թե մենք ուր որ է դեմ ենք առնելու ինչ֊որ լուրջ տհաճության։
Ահեղ գաղտնիքի նույն զգացումն ունեի նաև ես։ Անտառի խավարում թաքնված էին սարսափներ, և սիրտս ակամայից սեղմվում էր վախից, երբ մենք ուշադիր դիտում էինք այդ խիտ, կանաչ թավուտը։ Ճիշտ է, հսկա իգուանոդոնները բոլորովին անմեղ էին և մի առանձին վնաս չէին կարող պատճառել մեզ, բայց ի՞նչ իմանաս, թե հրաշքների այդ աշխարհում չե՞ն պահպանվել ուրիշ հսկաներ, որոնք այժմ, ապառաժների ու թփուտների մեջ ընկած իրենց որջերում դարանամուտ, միայն հարմար րոպեի են սպասում, որպեսզի նետվեն մեզ վրա։ Ես խիստ աղոտ պատկերացում ունեմ մինչպատմական կյանքի մասին, բայց հիշում եմ, որ մի անգամ ձեռքս ընկավ մի գիրք, ուր խոսվում էր այնպիսի գազանների մասին, որոնց համար մեր առյուծներն ու վագրերը նույնքան հեշտ որս էին, որքան մուկը կատվի համար։ Իսկ ինչ, եթե այդպիսի հրեշներ ապրում են նաև Մեպլ֊Ուայտի Երկրի թավ անտառներում․․․
Այդ առավոտ, ― մեր առաջին առավոտը անծանոթ երկրում, ― մենք համոզվեցինք, որ այստեղ վտանգները հետամուտ են մեզ ամեն քայլափոխում։ Այդ արկածը պարզապես զզվելի էր, և ինձ համար նույնիսկ տհաճ է դրա մասին խոսելը։ Եթե լորդ Ջոնն իրավացի է, և այն բացատը, ուր արածում էին իգուանոդոնները, մենք կհիշենք իբրև երազ, ապա պտերոդակտիլներով լի ճահիճը կմնա մեր հիշողության մեջ իբրև տանջալից մղձավանջ։ Հիմա կպատմեմ, թե այդ բոլորն ինչպես եղավ։
Մենք քայլում էինք անտառով խիստ դանդաղ, մասամբ այն պատճառով, որ լորդ Ջոնն իբրև հետախույզ թույլ չէր տալիս հավասարվել իրեն, մասամբ երկու պրոֆեսորների պատճառով, որոնք մի գլուխ ցնծում էին որևէ անծանոթ ծաղկի տեսակ կամ միջատ տեսնելիս։ Երեք֊չորս մղոնից հետո ավելի աջ ափի ծառերը նոսրացան, և մեր առաջ բացվեց ևս մի բացատ։ Թփերի խիտ եզրագծի ետևից դուրս էին ցցվել գլաժայռերը, որոնք այստեղ, սարահարթում, պատահում են ամենուրեք։ Դանդաղ առաջ էինք գնում թփերի միջից, որոնք հասնում էին մինչև մեր գոտկատեղերը, երբ հանկարծ բոլորովին մոտիկից լսեցինք ձայներ՝ ոչ այն է կռնչոց, ոչ այն է շչյուն, որոնք ձուլվում էին մի անորոշ բվվոցի մեջ, որից ոդը դողում էր։ Լորդ Ջոնը մեզ կանգ առնելու նշան տվեց և, կուզեկուզ վազելով, նետվեց դեպի գլաժայռերը։ Նա նայեց նրանց վերևից, ցնցվեց և, հավանորեն մոռանալով մեր գոյության մասին, երկար կանգնել էր՝ կլանված իր առջև բացվող տեսարանից։ Վերջապես նա ձեռքով արեց մեզ՝ նշանացի հասկացնելով, որ անհրաժեշտ է զգուշություն պահպանել։ Ես նրա տեսքից հասկացա, որ գլաժայռերի ետևում թաքնված է ինչ֊որ հրաշք, գուցե և մի լուրջ վտանգ։
Սողալով հասանք լորդ Ջոնին և նայեցինք ցած։ Մեր առաջ երախը բացել էր մի խոր փոսորակ, հավանորեն մեկը այն ոչ մեծ խառնարաններից, որոնցից շատ կա սարահարթում։ Այդ փոսորակի հատակին, մեզանից մի հարյուր յարդի վրա, եղեգների ետևից փայլփլում էին խոտերով ծածկված ջրափոսերը։ Տեղն ինքնին մռայլ էր, բայց, դիտելով նրա բնակիչներին, ես ակամայից հիշեցի Դանթեի «Դժոխք»֊ի յոթերորդ պարունակի տեսարանները։<ref>Դանթե Ալիգիերի (1265-1321) ― իտալական վերածնության շրջանի մեծ բանաստեղծ, հեղինակ «Աստվածային կատակերգության», որը բաժանվում է երեք մասի․ «Դժոխք», «Քավարան» և «Դրախտ», համաձայն բանաստեղծի երևակայական ճանապարհորդության էտապների երեք «անդրշիրիմյան աշխարհներում»։</ref> Այնտեղ բուն էին դրել պտերոդակտիլները՝ հարյուրավոր ու հարյուրավոր պտերոդակտիլներ։ Նրանք վխտում էին փոսորակում՝ ձագերը սողում էին ջրի մոտ, իսկ նրանց նողկալի մայրերը նստել էին դեղնավուն ամրակեղև ձվերի վրա։ Զզվելի թեփուկավորների այդ ամբողջ շարժվող, թևերը թփթփացնող զանգվածը թնդացնում էր օդը և այնպիսի գարշահոտություն տարածում շուրջը, որ սիրտներս դեմ առավ կոկորդներիս։ Իսկ ավելի բարձր, յուրաքանչյուրն իր քարին, բազմել էին վիթխարի, գորշ արուները, որոնք նման էին չորացրած խրտվիլակների․ նրանք բազմել էին բոլորովին անշարժ, ասես մեռած լինեին, և միայն արնակալած աչքերն էին հածում չորս կողմ ու երբեմն֊երբեմն կտուցները կափկափում թռչող ճպուռների ետևից։ Նրանց հսկայական թաղանթաթևերը, որոնք ծալված էին նախաբազկից, սեղմված էին կողքերին, դրանց վերևում ցցվել էին գիշատիչ թռչնային գլուխները, որից նրանք իմ աչքում ինչ֊որ մարդկային կերպարանք առան․ պտերոդակտիլները հիշեցնում էին սարդոստայնե զզվելի շալերում փաթաթված պառավների։ Հաշվելով թե՛ մեծերին, թե՛ փոքրերին, փոսորակում կար ոչ պակաս հազար հատ այդ գարշելի արարածներից։
Մեր երկու պրոֆեսորն էլ այնքան ուրախացան մինչպատմական աշխարհի կյանքը մոտիկից ուսումնասիրելու հնարավորության համար, որ հաճույքով ողջ օրը կնստեին այդտեղ։ Նրանք մեզ ցույց տվին մի սատկած ձուկ և շատ թռչուններ, որոնք ընկած էին քարերի միջև և, հավանորեն, ծառայում էին պտերոդակտիլներին իբրև սնունդ, ու շնորհավորում էին իրար, որ, վերջապես, պարզություն կմտցնեն, թե ինչու այդ թռչող թեփամորթների ոսկորներն այդքան շատ են պատահում մի շարք վայրերում, օրինակ՝ Քեմբրիջի ավազաքարերում։ Այժմ արդեն կասկածից վեր է, ասում էին նրանք, որ պտերոդակտիլները ևս, պինգվինների նման, ապրել են երամներով։
Վերջ ի վերջո, կամենալով իր կոլեգային ինչ֊որ թեզիս ապացուցել, Չելենջերը գլուխը դուրս հանեց քարերի արանքից և քիչ մնաց բոլորիս կործանման պատճառը դառնար։ Մեզ ամենից մոտիկ գտնվող արուն հանկարծ սուր ֆշշացրեց, թափահարեց քսան ոտնաչափանոց թաղանթավոր թևերը և բարձրացավ օդ։ Մայրերը ձագերի հետ խռնվեցին իրար գլխի ջրի մոտ, իսկ հսկիչներն իրար ետևից երկինք սլացան։ Զարմանալի տեսարան էին ներկայացնում իրենցից այդ գարշելի արարածները, որոնք հարյուրներով սավառնում էին մեր գլխավերևում, ծիծեռնակների նման թևերով արագ ճեղքելով օդը։ Սակայն շուտով մենք հասկացանք, որ այդ տեսարանով հիանալը լավ չի վերջանա։ Սկզբում պտերոդակտիլները պտտվում էին բարձրում, երևի ստուգելով, թե վտանգն ինչքանով է մեծ։ Հետո, աստիճանաբար շրջանը սեղմելով, սկսեցին ավելի ու ավելի ցած իջնել, և, վերջապես, նրանց սև թերթաքարային թևերի չոր խշշոցն այնպիսի ուժգնության հասավ, որ ես ակամայից հիշեցի Հենդոնի օդանավակայանը մրցումների օրերին։
― Վտա՜նգ, ― բղավեց լորդ Ջոնը՝ բռնելով հրացանի փողից։ ― Վազեք ուղիղ դեպի անտառը և միասին եղեք։
Բայց օղակն արդեն փակվեց մեր շուրջը։ պտերոդակտիլները համարյա թևերով հարվածում էին մեր դեմքերին։ Մենք խփում էինք նրանց խզակոթերով, բայց հարվածները դիպչում էին ինչ֊որ փափուկ բանի և ոչ մի վնաս չէին պատճառում նրանց։ Եվ հանկարծ այդ սև, փայլուն օղակից դուրս պրծավ մի երկար վիզ, վայրագ կտուցը նշան բռնեց ուղիղ մեզ վրա։ Նրան հետևեց մեկ ուրիշը, ապա էլի մեկը։ Սամերլին ճչաց ու ձեռքերով ծածկեց արյունաշախ դեմքը։ Ես մի ուժեղ հարված զգացի ծոծրակիս և քիչ մնաց ցավից գիտակցությունս կորցնեի։ Չելենջերն ընկավ, ես կռացա նրան օգնելու և ետևից ստացած մի նոր հարվածից տապալվեցի նրա վրա։ Այդ նույն րոպեին լորդ Ջոնը կրակեց։ Գլուխս վեր բարձրացրի ու տեսա, որ պտերոդակտիլներից մեկը ջարդված թևերով թպրտում էր գետնի վրա՝ բացված կտուցից թուք շաղ տալով, և դուրս պրծած, արնակոխ աչքերը կատաղորեն հածում է չորս կողմը՝ իսկական դև միջնադարյան որևէ նկարչի կտավից։ Նրա ընկերները, վախեցած կրակոցի ձայնից, վեր խոյացան և սկսեցին պտտվել մեր գլխավերևում։
― Հիմա փրկվեցե՛ք, ― ձայն տվեց լորդ Ջոնը։
Մենք վազեցինք ուղիղ դեպի թփուտները, բայց անտառի եզրին հարպիաները նորից հասան մեզ։ Սամերլին վայր ընկավ նրանց հարվածից, մենք ոտքի հանեցինք նրան և նետվեցինք ծառերի տակ։ Անտառում վտանգն անցավ, որովհետև պտերոդակտիլներն իրենց հսկայական թևերը չէին կարող շարժել ճյուղերի միջև։
Ճամբար վերադարձանք բավական ողորմելի վիճակում, իսկ նրանք դեռ երկար ուղեկցում էին մեզ՝ կապույտ երկնքում օղակներ գծելով այնպիսի բարձրության վրա, որ ներքևից կարելի էր նրանց ամենասովորական աղավնիների տեղ ընդունել։ Հետապնդումը դադարեց միայն այն ժամանակ, երբ անտառի թավուտը թաքցրեց մեզ, և այլևս պտերոդակտիլները չերևացին։
― Արտասովոր կերպով հետաքրքրական և ուսանելի պատահար, ― ասաց Չելենջերը՝ ուռած ծունկը լվանալով առվակում։ ― Սամերլի, հիմա մենք հիանալի գիտենք, թե կատաղած պտերոդակտիլներն իրենց ինչպես են պահում։
Այդ ժամանակ Սամերլին սրբում էր ճակատի ճանկռվածքից հոսող արյունը, իսկ ես կապում էի ծոծրակիս բավական խոր վերքը։ Լորդ Ջոնը մեզանից թեթև էր պրծել․ հրեշը միայն ճանկռել էր նրա ուսը և շապիկը պատռել։
― Անհրաժեշտ է նշել, ― շարունակեց Չելենջերը, ― որ մեր պատանի բարեկամն ստացել է ծեծված վերք, իսկ լորդ Ջոնի շապիկից այդպիսի մի կտոր պոկել կարելի է միայն ատամներով։ Իմ գլխին նրանք թևերով էին զարկում։ Այսպիսով, մենք ծանոթացանք պտերոդակտիլների հարձակման զանազանակերպ մեթոդների հետ։
― Մի փոքր էլ, և մեր բանը բարդ էր, ― լուրջ տոնով խոսեց լորդ Ջոնը։ ― Ավելի նողկալի մահ դժվար է պատկերացնել՝ զոհ գնալ այդ գարշելի արարածներին։ Ես բոլորովին չէի ուզում կրակել, բայց ելք չկար։
― Մենք այժմ այս առվի ափին նստած չէինք լինի, եթե դուք չկրակեիք, ― համոզված նկատեցի ես։
― Հուսանք, որ իմ կրակոցը գործին չի վնասի, ― ասաց լորդ Ջոնը։ ― Այստեղի անտառներում, հավանորեն, հաճախ ոչ պակաս ուժեղ ձայներ են լսվում, մերթ մի ճյուղ է կոտրվում, մերթ ամբողջ ծառ է ցած տապալվում։ Սակայն այսօր այսքան ուժեղ ապրումները բավական են։ Ավելի լավ է վերադառնանք ճամբար, մեր դեղարկղում կարբոլ փնտրենք։ Ով գիտե այդ գարշելի արարածներին, միգուցե նրանց խայթվածքները թունավոր են։
Բայց հազիվ թե աշխարհի գոյության սկզբից մարդու գլխին մի օրում այնքան փորձանքներ եկած լինեին, որքան մեր գլխին եկան։ Մեզ մի նոր աղետ էր սպասում։ Առվակի ափով հասանք բացատ և տեսնելով մեր ամրոցը շրջափակող փշփշոտ ցանկապատը, մտածեցինք, որ այս անգամ մեր փորձությունները վերջացան։ Սակայն մեզ հանգստանալ չէր վիճակված։ Առաջվա պես Չելենջերի ամրոցի մուտքը փակ էր, ցանկապատն անվթար, բայց և այնպես իսկույն հասկացանք, որ մեր բացակայության ժամանակ ինչ֊որ մեկը եղել է այստեղ։ Անկոչ հյուրը գետնի վրա ոչ մի հետք չէր թողել, և միայն ճամբարի վրա կախված հինգհո ծառի հսկա ճյուղն էր մատնում, թե նա ինչ ճանապարհով էր եկել։ Իսկ ինչ վերաբերում է նրա ուժին և հանդգնությանը, ապա այդ մասին պարզ խոսում էր մեր պահեստի վիճակը։ Բոլոր իրերը ցիրուցան էին արված բացատով մեկ, մսի մի թիթեղատուփ ճզմված էր՝ հավանորեն, այդ ձևով նա կամեցել էր դատարկել նրա պարունակությունը։ Փամփշտարկղից միայն տաշեղներ էին մնացել, իսկ նրա մոտ ընկած էր տափակած մի պարկուճ։ Անորոշ վախը նորից սեղմեց սրտներս, և մենք սկսեցինք երկյուղով զննել ծառերի տակ նստած թանձր ստվերները՝ սպասելով, թե ահա ուր որ է այնտեղից ինչ֊որ հրեշավոր արարած կհայտնվի։
Ինչպիսի՜ թեթևություն զգացինք, երբ այդ րոպեին լսեցինք Սամբոյի ձայնը և, մոտենալով սարահարթի եզրին, ժայռի գագաթին տեսանք նրա ծիծաղկոտ դեմքը։
― Ամեն բան լա՜վ, միստր Չելենջեր։ Ամեն բան լա՜վ, ― բղավեց նա։ ― Սամբոն էստեղ, մի վախենա։ Երբ կանչես Սամբո, նա միշտ այստեղ լինի։
Տեսնելով մեր ազնիվ նեգրին և անսահման հարթավայրը, որը տարածվում էր համարյա մինչև Ամազոնի վտակները, մենք հիշեցինք, որ այնուամենայնիվ դա քսաներորդ դարն է, որ մենք ապրում ենք Երկրում և ոչ թե նախնադարյան քաոսով լի ինչ֊որ մոլորոկի վրա, որտեղ ընկել ենք կախարդական ուժով։ Բայց որքա՜ն դժվար էր պատկերացնել, որ հորիզոնի մանուշակագույն գծի ետևում անմիջապես ընկած է մեծ գետը, որով նավարկում են մեծ֊մեծ շոգենավեր, որ մարդիկ այնտեղ զրուցում են իրենց կենցաղային մանր֊մունր գործերի մասին, այն ժամանակ, երբ մենք, նետված նախնադարյան այս աշխարհը, նախնադարյան արարածների մոտ, կարող ենք միայն նայել այն կողմը և թախծել մեզ համար այնքան ուրախություններով լի կայնքի մասին։
Ես մի հիշողություն ևս ունեմ՝ կապված այդ արտասովոր օրվա հետ, որով և կավարտեմ իմ նամակը։ Ստացած վերքերն ակներևաբար ներգործել էին պրոֆեսորների ջղերի վրա․ նրանք տաք վիճաբանություն էին սկսել, թե մեր թշնամիները մինչպատմական թեփամորթների ո՛ր տեսակին են պատկանում՝ պտերոդակտիլների՞, թե դիմորֆոդոնների։ Բանը հասավ մինչև կծու խոսքեր փոխանակելը։ Որպեսզի նրանց վեճը չլսեմ, քաշվեցի մի կողմ և, նստելով ընկած ծառի բնին, սկսեցի ծխամորճ ծխել։ Մի քանի րոպեից հետո առջևս ցցվեց լորդ Ջոնի կերպարանքը։
― Լսեցեք, Մելոուն, ― ասաց նա, ― լավ հիշո՞ւմ եք այն տեղը, ուր այդ արարածները բույն էին դրել։
― Իհարկե, հիշում եմ։
― Հրաբխային խառնարանի նման մի բան էր, այնպես չէ՞։
― Միանգամայն ճիշտ է, ― ասացի ես։
― Իսկ ուշադրություն դարձրի՞ք, թե գետինն ինչպիսին էր։
― Միայն քարեր ու գլաժայռեր։
― Ո՛չ, ջրի մոտ, ուր եղեգն էր աճում։
― Կավի նման ինչ֊որ կապտավուն բան։
― Հենց այդ է որ կա․․․ Հրաբխային խառնարան և կապույտ կավ։
― Իսկ ի՞նչ կա, ― հարցրի ես։
― Դե ոչինչ, ես հենց այնպես, ― պատասխանեց լորդ Ջոնը և անշտապ քայլերով գնաց դեպի այն կողմը, որտեղից դեռևս լսվում էին մեր գիտնական վիճաբանողների ձայները՝ Սամերլիի լարված, սուր տենորը և Չելենջերի աղմկալի բասը։
Հավանորեն մոռանայի լորդ Ջոնի խոսքերը, բայց այդ գիշեր ես մի անգամ ևս լսեցի դրանք։
― Կապույտ կավ․․․ կապույտ կավ հրաբխային խառնարանում, ― շշնջում էր նա։
Դրանք վերջին խոսքերն էին, որոնցով ես, օրվա ընթացքում տանջահար լինելուց հետո, խոր քուն մտա։