Երեկոյան, ինքնահայեցումի ժամից հետո, Սիդհարթան խոսքն ուղղեց առ Գովինդան.
- Առավոտյան վաղ, բարեկամս, Սիդհարթան կմիանա սամանաներին: Նա ինքն էլ սամանա կդառնա:
Գովինդան գունատվեց՝ այդ խոսքերը լսելուն պես և իր բարեկամի անշարժացած հայացքում կարդաց անտեղիտալի վճիռը, անկասելի՝ ինչպես աղեղից արձակված նետը: Անմիջապես, առաջին իսկ հայացքից Գովինդան մեկընդմիշտ հասկացավ. ահա՛, սկսվեց, հիմա արդեն Սիդհարթան ոտք է կոխում իր ճանապարհը, նրա ճակատագիրն արդեն իր ընթացքի մեջ է մտնում, նրա հետ էլ՝ իմը: Եւ նա գունատվեց՝ ինչպես բանանի չորուկ կեղևամաշկը: - Ո՜վ Սիդհարթա,- կանչեց նա,- թույլ կտա՞ արդյոք քո հայրը: Սիդհարթան հայացքը նրան ուղղեց՝ ասես քնից նոր-նոր արթնացած: Նետընթաց արագությամբ նա կարդաց, թե ինչ էր կատարվում Գովինդայի հոգում, կարդաց նրան պաշարած սարսափը, նրա հնազանդ համակերպությունը:
- Ո՜վ Գովինդա,- ցածրաձայն խոսեց նա,- եկ դատարկ բաների վրա խոսքեր չշռայլենք: Վաղն առավոտյան, լույսը ծագելուն պես, ես կսկսեմ իմ սամանայական կյանքի շրջանը: Այդ մասին այլևս ոչ մի խոսք:
Սիդհարթան մտավ այն սենյակը, ուր կեղևաթելից հյուսկեն խսիրի վրա նստած էր իր հայրը, անցավ հոր հետևը և մնաց այնտեղ կանգնած այնքան ժամանակ, մինչև որ հայրը զգաց, որ ինչ-որ մեկը կանգնած է իր թիկունքում: Ու բրահմանն ասաց.