=== ԵՐԵԽԱ-ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ ===
Սիդհարթան գնաց վաճառական Կամասվանիի մոտ. դա մի հարուստ, շքեղ առանձնատուն էր: Թանկարժեք ուղեգորգերով զարդարված սրահների միջով սպասավորները նրան ուղեկցեցին մինչեւ այն սրահը, ուր նա պետք է տանտիրոջը սպասեր:
Կամասվանին ներս մտավ: Նա մի աշխույժ, ամրակազմ տղամարդ էր, փայլելու աստիճան ճերմակած մազերով, խելացի, զգուշավոր աչքերով, հստակ ընդգծված բերանով: Տանտերն ու հյուրը բարեկամաբար ողջունեցին միմյանց:
- Ինձ ասացին,- սկսեց վաճառականը,- որ դու բրահման ես, գիտուն մեկը, սակայն դու ցանկանում ես ծառայության անցնել մի վաճառականի մոտ: Ուրեմն դու կարիքավոր ես, ինչ-ինչ դժվարությունների մե՞ջ ես, եթե աշխատանք ես փնտրում վաճառականի մոտ:
- Ո՛չ,- ասաց Սիդհարթան,- ես կարիքի մեջ չեմ և երբևէ նման վիճակներում չեմ եղել: Ուզում եմ քեզ տեղեկացնել, որ ես սամանաների մոտից եմ գալիս, որոնց շրջապատում ես ապրել եմ երկար ժամանակ:
- Եթե դու գալիս ես սամանաների մոտից, ինչպե՞ս կարող ես կարիքի մեջ չլինել: Չէ՞ որ սամանաները լիովին զուրկ են սեփական միջոցներից:
- Ես էլ եմ չքավոր,- ասաց Սիդհարթան,- եթե դու դա նկատի ունես: Ես իսկապես ոչ մի ունեցվածք չունեմ: Սակայն ես դրան ինքնակամ եմ գնացել, հետևաբար ես կարիքավոր չեմ:
- Ի՞նչ միջոցներով ես դու ուզում ապրել, եթե ոչինչ չունես:
- Ես այդ մասին դեռ չեմ մտածել, պարոն: Ես ավելի քան երեք տարի շարունակ ունեզուրկ եմ եղել և երբեք չեմ մտածել այն մասին, թե ինչ միջոցներով եմ ապրելու:
- Ուրեմն դու ապրել ես ուրիշների ունեցվածքի հաշվին: - Հավանաբար այդպես է: Բայց վաճառականներն էլ են ապրում ուրիշների ունեցվածքի հաշվին:
- Լա՜վ ասացիր: Սակայն վաճառականը ուրիշների ունեցածը անվճար կամ ձրի չի վերցնում, դրա դիմաց նա իր ապրանքն է տալիս:
- Իրականում դա միայն այդպես թվում է: Բոլորն էլ տալիս են ու առնում, սա է կյանքը:
- Բայց թույլ տուր ինձ մի բան էլ հարցնել, եթե դու ոչինչ չունես, ապա այդ դեպքում ի՞նչ ես ուզում տալ:
Ամեն ոք տալիս է այն, ինչ ունի: Զինվորականը տալիս է իր ուժը, վաճառականն իր ապրանքը, ուսուցիչը՝ գիտելիք, գյուղացին՝ բրինձ, ձկնորսը՝ ձուկ:
- Շա՜տ լավ: Իսկ դու ի՞նչ կարող ես տալ: Ի՞նչ է քո սովորածը, դու ի՞նչ կարող ես անել:
- Ես կարող եմ մտածել: Ես կարող եմ սպասել, կարող եմ ծոմ պահել:
- Միայն այդքա՞նը, ուրիշ ոչի՞նչ:
- Իմ կարծիքով՝ այդքանը միայն:
- Իսկ ի՞նչ օգուտ կա դրանից: Օրինակի համար, ի՞նչ օգուտ կա ծոմ պահելուց, ո՞րն է դրա իմաստը:
- Այն շատ լավ բան է, պարոն: Երբ մի մարդ ուտելու ոչինչ չունի, ապա ծոմ պահելը, ժուժկալությունը ամենախելամիտ բանն է, որ նա կարող է անել: Օրինակի համար, եթե Սիդհարթան սովորած չլիներ ժուժկալության կամ ծոմ պահելու արվեստին, ապա նա այսօր արդեն ստիպված էր լինելու մի ինչ-որ աշխատանք գտնել, մեկի մոտ ծառայության մտնել, քեզ մոտ կամ մեկ ուրիշի, քանի որ այդ քայլին դիմելուն նրան քաղցը կստիպեր: Իսկ Սիդհարթան հիմա կարող է հանգիստ սպասել, նրա համար անհամբերություն ասած բանը գոյություն չունի, նրա համար ծայրահեղ անհրաժեշտություն ասածը չկա, նա կարող է երկար ժամանակ սովին դիմանալ և ընդսմին ծիծաղել այդ ընթացքում: Դրա համար, պարոն, ծոմապահությունը, ժուժկալությունը լավ բան է:
- Դու իրավացի ես, սամանա: Սպասի՛ր մի վայրկյան:
Կամասվամին դուրս եկավ ու վերադարձավ ձեռքին մի թղթափաթեթ, որը նա մեկնեց իր հյուրին ու հարց տվեց.- Դու սա կարո՞ղ ես կարդալ:
Սիդհարթան ուշիուշով զննեց թղթերի փաթեթը, որում առևտրական մի պայմանագիր էր գրված, և սկսեց բարձրաձայն ընթերցել նրա բովանդակությունը:
- Հրաշալի՜ է, ասաց Կամասվամին:- Դու կարո՞ղ ես ինձ համար այս թղթի վրա մի բան գրել: Նա Սիդհարթային մեկնեց մի թերթոն ու մի գրչակոթ, որի վրա Սիդհարթան ինչ-որ բան գրեց ու վերադարձրեց տանտիրոջը:
Կամասվամին կարդաց. «Գրելը լավ բան է, մտածելը ավելի լավ է: Խելքը լավ է, համբերությունը շատ ավելի լավ բան է»:
- Դու հրաշալի ես գրում,- գովեց նրան վաճառականը:- Մենք դեռ շատ բան կունենանք խոսելու: Իսկ այսօր ես խնդրում եմ քեզ եղի՛ր իմ հյուրը և բնակվիր իմ տանը:
Սիդհարթան շնորհակալությամբ ընդունեց հրավերը, և այդ օրվանից նա ապրում էր վաճառականի տանը: Նրան գեղեցիկ հանդերձանք ու ոտնամաններ տվեցին, ամեն օր սպասավորը նրա համար լոգանքի պատրաստություն էր տեսնում: Օրական երկու անգամ նրան հրավիրում էին ճոխ խնջույքի, Սիդհարթան սակայն օրեկան միայն մեկ անգամ էր կերակուր ընդունում, ընդ որում՝ ո՛չ միս էր օգտագործում և ո՛չ էլ գինի: Կամասվամին պատմում էր նրան իր առևտրական գործերի մասին, ցույց էր տալիս իր ապրանքներն ու պահեստները, տեղյակ պահում իր հաշիվներից: Սիդհարթան շատ նորանոր բաներ սովորեց, նա ավելի շատ լսում էր, քան խոսում: Եվ մտաբերելով Քամալայի խոսքերը, նա վաճառականի մոտ իրեն երբեք որպես ենթակա չէր պահում և ստիպում էր նրան իրեն վերաբերվել որպես հավասաի, անգամ ավելի քան հավասարի հետ: Կամասվամին ջանասիրաբար էր զբաղվում իր առևտրական գործարքներով, հաճախ էլ՝ կրքոտ խանդավառությամբ, մինչդեռ Սիդհարթան այդ ամենին նայում էր որպես մանկական խաղի, ջանում էր հնարավորինս լավ տիրապետել խաղի կանոններին, բայց բուն խաղի նկատմամբ միանգամայն անտարբեր էր: Կամասվամիի հարկի ներքո բնակություն հաստատելուց շատ չանցած՝ շուտով Սիթհարթան սկսեց օգնել վաճառականին նրա առևտրական գործերում: Սակայն ամեն օր, պայմանավորված ժամին, նա այցելում էր գեղեցկուհի Քամալային, լավ հագնված ու նրբենի ոտնամաններով, և շուտով սկսեց նրան ընծաներ մատուցել: Շատ բաներ սովորեցրին Սիդհարթային Քամալայի ալ կարմիր, խելացի շրթունքները: Շատուշատ բաներ սովորեցրեց նրան Քամալայի նուրբ ու ճկուն ձեռքը: Սիրո մեջ դեռևս երեխա ու սկսնակ լինելով և ավելի շատ հակված կուրամիտ ու անկուշտ հաճույքներին՝ ասես անհատակ անդունդին տրված, նա Քամալայից հիմնավորապես սովորեց այն հիմնարար կանոնը, ըստ որի չի կարելի հաճույք ստանալ՝ առանց որ ինքդ այն կտաս, և որ յուրաքանչյուր շարժումը, յուրաքանչյուր փաղաքշանք, յուրաքանչյուր շփում, յուրաքանչյուր հայացք, անգամ մարմնի վրայի յուրաքանչյուր փոքրիկ մասնիկը իրենց գաղտնիքն ունեին, որը կյանքի կոչումը գիտեցողին մեծագույն երջանկություն է պարգևում: Կինը սովորեցրեց նրան, որ սիրահարները սիրո տոնահանդեսից հետո չպետք է բաժանվեն իրարից՝ առանց փոխադարձ սքանչացում արտահայտելու միմյանց նկատմամբ, յուրաքանչյուրը պետք է հավասարապես ե՛ւ պարտվածի ե՛ւ հաղթողի տպավորություն թողնի, այնպես որ նրանցից ոչ ոքի մոտ չծնվի հագեցումի ու դատարկության զգացումը, և այն տհաճ զգացողությունը, թե ինքն ի չարս է գործադրել կամ օգտվել է դիմացինի թուլությունից և կամ ինքն է անթաքույց ենթարկվողականություն ցուցաբերել: Զմայլելի ժամեր էր նա անցկացնում գեղեցկուհի ու խելացի դշխոյի ընկերակցությամբ: Սիդհարթան դարձավ նրա աշակերտը, նրա սիրեցյալը, նրա ընկերը: Նրա՛, Քամալայի մեջ էր ամփոփված իր ներկայիս կյանքի արժեքն ու իմաստը, այլ ոչ թե Կամասվամիի առևտրական գործերում:
Վաճառականը նրան հանձնարարեց կարևորագույն նամակների գրության ու պայմանագրերի կազմման գործը և կամաց-կամաց ընտելացավ բոլոր կարևերագույն հարցերը նրա հետ քննարկելուն: Նա շուտով նկատեց, որ թեև Սիդհարթան քիչ բան է հասկանում բրնձից ու բրդեղենից, նավագնացությունից ու առևտրից, բայց նրա ձեռքը երջանկաբեր էր, և որ Սիդհարթան իրեն՝ վաճառականին, գերազանցում էր իր հանգստավետ բնավորությամբ ու հավասարակշռվածությամբ, ինչպես նաև մարդկանց լսելու ու նրանց ճանաչելու արվեստում:
- Այս բրահմանը,- մի անգամ ասաց նա իր մի բարեկամին,- իսկական վաճառական չէ և երբեք այդպիսին չի դառնա, նրա սիրտն ի զորու չէ կրքոտ հետաքրքրվածությամբ վերաբերել գործերին: Բայց նա տիրապետում է գաղտնիքին այն մարդկանց, որոնց հաջողությունն է հետապնդում կրնկակոխ, դա գուցե երջանիկ աստղի տակ ծնված լինելուց է, կամ էլ նա մի ինչ-որ կախարդանքի է տիրապետում: Հնարավոր է նաև, որ այդ գաղտնիքը նա սովորել է սամանաների մոտ ուսանելիս: Ես նկատել եմ, որ գործարքները նրա համար ասես խաղ ու պար լինեն, դրանք իրեն բնավ չեն գայթակղում, հետաքրքրում, չեն ենթարկեցնում իրենց, անհաջողություններից վախ չունի, կորուստները նրան չեն մտահոգում:
Բարեկամը այսպիսի խորհուրդ տվեց վաճառականին,- Նրան մի բաժնեմաս տուր այն գործերից, որ նա քեզ համար կատարում է, ասենք շահաբաժնի մեկ երրորդը, բայց և ասա՛ նրան, որ ինքը հավասար չափով պատասխանատու է լինելու նաև կորուստների համար, եթե այդպիսիք լինեն: Այդ դեպքում նա ավելի մեծ կրքոտությամբ գործին կկպչի:
Կամասվամին հետևեց բարեկամի խորհրդին: Սակայն Սիդհարթան առաջվա պես անհոգ էր: Երբ գործարքը շահութաբեր էր լինում, նա անտարբերությամբ վերցնում էր իր բաժնեմասը, իսկ երբ վնաս էին կրում, նա ծիծաղելով ասում էր.«Այ քեզ բա՜ն: Ուրեմն մի տեղ սխալ է տեղի ունեցել»:
Թվում էր, թե իրականում նա գործերին շատ անտարբեր էր վերաբերում: Մի անգամ նա ուղևորվեց գյուղերից մեկը՝ այնտեղ բրնձի բերք գնելու համար: Բայց երբ գյուղ հասավ, պարզվեց, որ բրինձն արդեն վաճառվել է մեկ այլ առևտրականի: Չնայած դրան՝ Սիդհարթան մի քանի օր մնաց այդ գյուղում, հյուրասիրում էր գյուղացիներին, երեխաներին պղնձադրամներ բաժանում, մասնակցեց գյուղական մի հարսանիքի և վերադարձավ տուն իր ճամփորդությունից անչափ գոհ: Կամասվամին հանդիմանեց նրան, որ նա անմիջապես տուն չէր վերադարձել և իզուր տեղը ծախսել էր ժամանակն ու դրամը: Սիդհարթան պատասխանեց.
- Ինձ մի՛ հանդիմանիր, սիրելիդ իմ բարեկամ: Հայհոյելով երբեք ոչնչի չես հասնի: Եթե ես քեզ նյութական վնաս եմ պատճառել, ապա ես այն ինձ վրա եմ վերցնում: Բայց անձամբ ես ուղևորությունից չափազանց գոհ եմ: Ես ծանոթացա ամենատարբեր մարդկանց հետ, բարեկամացա մի բրահմանի հետ, երեխաները խաղում էին իմ ծնկների վրա, գյուղացիներն ինձ ցույց տվեցին իրենց դաշտերը, ինձ ոչ ոք որպես վաճառականի չէր վերաբերում:
- Այդ ամենը իսկապես շատ հիանալի է,- ակամա բացականչեց Կամասվամին,- բայց չէ՞ որ իրականում դու վաճառական ես, համենայնդեպս ես այդպես եմ կարծում... Թե՞ դու այնտեղ էիր գնացել պարզապես քո հաճույքի համար:
- Դե իհարկե,- ծիծաղեց Սիդհարթան,- իհարկե ես այնտեղ էի գնացել իմ հաճույքի համար: Ուրիշ էլ ինչի՞ համար կարող էի ես այնտեղ գնալ: Ես ծանոթացա նոր մարդկանց ու վայրերի հետ, վայելեցի իմ հանդեպ ցուցաբերված բարեկամության ու վստահության ցույցերը, մեկի հետ բարեկամացա: Ահավասիկ, ինքդ դատի՛ր, սիրելիս, եթե իմ փոխարեն Կամասվամին լիներ, ապա իմանալով, որ գործարքը կայանալ չի կարող, որովհետև գնելու բան չկա, նա անմիջապես էլ զայրացած ու փութով տուն կվերադառնար և այդ ժամանակ փողն ու ժամանակը իսկապես որ զուր տեղը վատնված կլինեին: Իսկ ես այնտեղ մի քանի հաճելի օրեր անցկացրի, ինչ-ինչ բաներ սովորեցի, երջանկությունը ճաշակեցի, հետո էլ՝ ոչ ինձ, ոչ էլ ուրիշներին չվնասեցի նյարդայնության ու շտապողականության պատճառով: Եվ եթե օրերից մի օր ես նորից այնտեղ գնամ, ասենք ուշ բերքի գնման կամ որևէ մեկ այլ նպատակով, ապա բարյացկամ մարդիկ ինձ կընդունեն բարեկամաբար և ուրախությամբ, և ես գոհացած կլինեմ, որ այն անգամ ցավ չապրեցի և չշտապեցի հեռանալ: Ուրեմն հանգստացի՛ր, բարեկամս, և քեզ մի՛ կեղեքիր կշտամբանքների տեղատարափով... Եթե օրերից մի օր դու համոզվես, որ Սիդհարթան քեզ վնաս է բերում, այդժամ միայն մի բառ ասա և Սիդհարթան իր ճանապարհով կգնա: Իսկ մինչ այդ՝ ե՛կ մեկս մեկից գոհանանք ու շնորհակալության մեջ ապրենք:
Ապարդյուն էին նաև վաճառականի փորձերը ապացուցելու Սիդհարթային, որ նա իր՝ Կամասվամիի հացն է ուտում: Սիդհարթան առարկեց, ասելով, որ ինքը իր սեփական հացն է ուտում, ավելին, որ իրենք երկուսն էլ ուրիշների հացն են ուտում, այն հացը, որ պատկանում է բոլորին: Սիդհարթան երբեք ականջ չէր դնում Կամասվամիի հոգսերին, կարեկցանք չէր ցուցաբերում, իսկ հոգսեր Կամասվամին շատ ուներ: Եթե նրա ձեռնարկած գործերից որևէ մեկին ձախողվելու վտանգ էր սպառնում, երբ կասկած էր առաջանում, որ ուղարկված ապրանքը ճանապարհին կորել է կամ որ պարտատուներից մեկը կարող է և վճարունակ չլինել, Կամասվամիին երբեք չէր հաջողվում համոզել իր աշխատակցին, որ նա իր ցավին դարման կանի, եթե բարձրաձայն իր ցասումն ու մտահոգությունն արտահայտի այդ առթիվ, գլուխը բռնած ման գա՝ ճակատը կնճռոտելով, անքուն գիշերներ լուսացնի: Երբ մի անգամ Կամասվամին նրան շշպռեց, ասելով, որ այն ամենը, ինչ ինքը գիտի, իրենից է սովորել, Սիդհարթան պատասխանեց.
- Ի՞նչ է, դու էլ ուրիշ հաջող կատակ չունեի՞ր ինձ հրամցնելու... Քեզանից ես սովորել եմ, թե ինչ արժե մի կողով ձուկը, որքան տոկոս կարելի է վերցնել պարտքով տված դրամի դիմաց: Սա է քո ողջ գիտությունը: Ես քեզանից չեմ մտածել սովորել, թանկագի՛ն Կամասվամի, դու ավելի լավ կանեիր այդ բանն ինձանից ուսանել:
Անշուշտ Սիդհարթայի հոգին առևտրով չէր հրապուրված: Նա առևտրով զբաղվում էր միայն այն պատճառով, որ այն դրամ էր բերում Քամալայի համար, և այդ դրամը շատ ավելին էր, քան անհրաժեշտ էր իրեն: Իսկ ընդհանրապես՝ Սիդհարթայի հետաքրքրությունն ու կարեկցանքն էին շարժում այն մարդիկ, որոնց գործերը, զբաղմունքներն ու հոգսերը, հրճվանքներն ու մոլորությունները առաջներում էլ խորթ էին եղել իրեն և իրենից հեռու, ինչպես լուսինը: Որքան էլ իրեն հաջողվում էր բոլորի հետ խոսել, բոլոր մարդկանց հետ միասին ապրել, նրանցից նոր բաներ սովորել, սակայն նա շատ լավ հասկանում էր նաև, որ կար մի բան, ինչը բաժանում էր իրեն այդ մարդկանցից և այդ բաժանարարը իր սամանայական էությունն էր: Նա տեսնում էր, թե ինչ երեխայական կամ զուտ կենդանական կյանքով էին ապրում մարդիկ, որոնց նա միաժամանակ և՛ սիրում էր և՛ ատում: Նա տեսնում էր, թե ինչպես են նրանք ջանքեր թափում, տառապում ու ճերմակելով-ծերանում են իրերի պատճառով, իրեր, որ նրա կարծիքով, դրան չարժեին, փողի համար, մանր-մունր հաճույքների, չնչին պատիվների արժանանալու համար: Նա տեսնում էր, թե ինչպես են նրանք հանդիմանում ու վիրավորում միմյանց, ինչպես են տնքում ցավերից, որոնք սամանան ծիծաղելով է կրում, ինչպես են տառապում զրկանքներից, որոնք սամանան չի էլ զգում:
Նա բարյացկամ էր ամեն ինչի հանդեպ, հավասարապես բարյացկամ ու բաց այն ամենի հանդեպ, ինչ մարդիկ իրեն էին հրամցնում: Նա անտարբեր բարյացկամությամբ էր ընդունում վաճառականին, որն իրեն կտավ էր առաջարկում, պարտատուին, որը նոր պարտք էր նրանից խնդրում կամ պարտքի զիջում ակնկալում, չքավորին, որը ժամերով պատմում էր իրեն իր աղքատության պատմությունը, որը, սակայն, ամենահետին սամանայի կեսի չափ անգամ աղքատ չէր: Մեծահարուստ օտարերկրացի վաճառականի հանդեպ նա իրեն պահում էր այնպես, որպես թե նա իր ծառան լիներ, որ սափրում էր իրեն, որպես փողոցային մանրավաճառ կամ փերեզակ, որին ինքը թույլ էր տալիս մի քանի գրոշով խաբել իրեն՝ բանանի գնի որոշման մեջ: Երբ Կամասվամին նրա մոտ էր գալիս հերթական անգամ իր հոգսերից բողոքելու կամ հանդիմանելու նրան մի ինչ-որ գործարքի մեջ թերանալու կապակցությամբ, այդժամ նա հետաքրքրությամբ ու երջանիկ ժպիտով լսում էր նրան՝ զարմանքի արտահայտությունը դեմքին, ցանկանալով հասկանալ նրան, մասամբ համաձայնվելով նրա հետ, բայց միայն այնքան, որքան անհրաժեշտ էր համարում և շրջվում էր նրանից ու դեմքով դառնում դեպի սեփական կարիքներից հածող հերթական այցելուն: Իսկ նրա մոտ շատերն էին գալիս, ոմանք՝ առևտրական գործերով, մյուսները՝ նրանից մի բան փախցնելու նպատակով, ուրիշները՝ իրենց նկատմամբ նրա մեջ կարեկցանք արթնացնելու ակնքալիքով, շատերն էլ՝ պարզապես խորհուրդ էին հայցում նրանից: Եվ նա խորհուրդներ էր շռայլում, կարեկցում, նվերներ անում, թույլ էր տալիս, որ իրեն մի քիչ խաբեն, և այդ ողջ խաղը ու այն կրքոտությունը, որով բոլոր այդ մարդիկ տրվում էին այդ խաղին, նույնքան շատ էին զբաղեցնում նրա միտքը, ինչպես առաջներում աստվածներն ու բրահմանների ուսմունքն էր զբաղեցնում իրեն:
Ժամանակ առ ժամանակ իր կրծքի տակ նա զգում էր մի շատ թույլ, մահացող ձայն, մե՛րթ զգուշացնող, մե՛րթ էլ՝ հանդիմանող, բայց այնքա՜ն կամացուկ, որ նա հազիվ միայն կարողանում էր լսել այն: Այդժամ մի կարճառոտ ժամանակամիջոց նրա մեջ արթնանում էր այն գիտակցությունը, որ ինքը մի տարօրինակ կյանքով է ապրում, որ այն ամենը, ինչ ինքն անում է, ընդամենը մի դատարկ խաղ է, ու թեև նա իրեն ուրախ է զգում, երբեմն էլ նույնիսկ երջանիկ, սակայն իրական, բուն կյանքն անցնում է նրա կողքով և իրեն չի դիպչում: Ինչպես որ ձեռնածուն է գնդակներով խաղում, այդպես նա խաղում էր իր առևտրական գործարքների հետ, իրեն շրջապատող մարդկանց հետ, նայում էր նրանց, զվարճանում նրանցով: Բայց սրտի խորքում, այնտեղ, ուր իր էության մշտնջենական աղբյուրն էր տրոփում, նա այս կյանքում ներկա չէր: Այդ աղբյուրը հոսում էր մի ինչ-որ տեղ, հեռուներում, հոսում էր ու հոսում, նրան բոլորովին անտեսանելի, հոսում էր ու շարունակ հեռանում և այլևս ոչ մի ընդհանուր բան չուներ իր կյանքի հետ: Այդ մտքերը մի քանի անգամ վախ արթնացրին նրա մեջ և սրտի խորքում ափսոսանք առաջացավ առ այն, որ ինքն այլևս չի կարող սրտով մասնակիցը դառնալ կյանքի այդ բոլոր մանկական մանրուքներին, նրանց վերաբերվել կրքոտ խանդավառությամբ, և նրա մեջ ցանկություն արթնացավ իսկապե՛ս ապրել, աշխատել, այս կյանքի իրական հաճույքը վայելել, և ոչ թե լինել նրա հասարակ հանդիսատեսը:
Բայց ամեն անգամ նա վերադառնում էր գեղեցկուհի Քամալայի մոտ, ուսանում էր սիրո արվեստը, վարժվում ու տրվում հաճույքի պաշտամունքին, որում, ավելի քան ուրիշ որևէ տեղ, տալն ու առնելը դառնում են մեկ միասնություն, իրարից անբաժան: Նա զրուցում էր գեղեցկուհու հետ, սովորում նրանից, խորհուրդներ տալիս ու խորհուրդներ առնում: Քամալան իրեն ավելի լավ էր հասկանում, քան ժամանակին` Գովինդան. այդ գեղեցկուհին իրեն ավելի էր նման ու հոգեհարազատ:
Մի անգամ Սիդհարթան ասաց նրան.- Դու ինձ նման ես, դու տարբեր ես բոլոր մյուս մարդկանցից: Դու Քամալան ես, և միայն այդքանը, քո մեջ, քո ներսում կա մի խաղաղ ապաստարան, ուր դու կարող ես մուտք գործել ցանկացած պահի և զգաս քեզ որպես քո տանը: Ես նույնպես դա կարող եմ անել: Շատ քիչ մարդիկ ունեն այդ ապաստանը, մինչդեռ բոլորն էլ կարող էին այն ունենալ:
- Բոլոր մարդիկ չէ, որ խելացի են,- ասաց Քամալան:
- Ո՛չ,- ասաց Սիդհարթան,- խոսքը խելքին չի վերաբերում: Կամասվամին նույնքան խելացի է, որքան ես, սակայն իր մեջ չունի այդ ապաստան կոչվածը: Ուրիշները, սակայն, որոնք խելքի իմաստով տակավին երեխաներ են, ունեն դա: Մարդկանց մեծ մասը, Քամալա, նման է ընկնող տերևի, նրանք ճախրում եմ օդում, պտույտներ են գործում քամու բերանն ընկած, բայց վերջիվերջո գետնին են ընկնում: Մյուսները, սակայն, շատ քչերը, նման են աստղերի, նրանք ընթանում են խիստ որոշակի և ամրակուռ ուղիով և ոչ մի քամի չի կարող հասնել նրանց և ստիպել շեղվել ճանապարհից: Նրանք իրենց մեջ են կրում իրենց օրենքներն ու իրենց ուղին: Բոլոր իմ ճանաչած գիտուններից ու սամանաներից, որոնց ես շատ եմ հանդիպել իմ կյանքի ճանապարին, միայն մեկը կար այդ տեսակին պատկանող, կատարյալ մեկը, որին ես երբեք չեմ կարող մոռանալ: Դա այն նույն Գոթաման է, Վեհագույնը, այն մեծագույն ուսմունքի հռչակողն ու նախակարապետը: Հազարավոր երիտասարդներ ամեն օր լսում են նրա ուսմունքը, յուրաքանչյուր ժամ հետևում նրա հրահանգներին, բայց նրանք բոլորը ընկնող տերևներ են, նրանք իրենց մեջ չեն կրում այդ ուսմունքն ու օրենքը:
Քամալան նրան էր զննում ժպիտը դեմքին:
- Դու նորից նրա մասին ես խոսում,- ասաց նա,- քո մեջ նորից սամանայական մտքեր են:
Սիդհարթան լռեց, ու նրանք տրվեցին սիրախաղին, այն երեսուն թե քառասուն խաղերից մեկին, որ գիտեր Քամալան: Նրա մարմինը ճկուն էր, ինչպես հովազի մարմինը, ինչպես որսորդի աղեղը: Ով նրա մոտ էր սովորել սիրո արվեստը, նրա առաջ բաց էին բոլոր հաճույքները, բոլոր գաղտնիքները: Երկար ժամանակ նա խաղում էր Սիդհարթայի հետ, փաղաքշում նրան, մերթ գրավում նրան, մերթ` վանում, ուժով տիրանալով նրան, փաթաթվում նրան ամբողջությամբ, հրճվում նրա վարպետությամբ, մինչև որ նա իրեն պարտված էր զգում և ուժասպառ հանգիստ առնում Քամալայի կողքին:
Հետերան խոնարհվեց նրա վրա, երկար նայեց նրա դեմքին, նրա հոգնած աչքերին:
- Դու լավագույնն ես սիրահարների մեջ,- մտածկոտ ասաց նա,- լավագույնը բոլոր իմ տեսածների մեջ: Դու բոլորից ուժեղ ես, ճկուն ես ու նախահարձակ: Դու շատ լավ ես յուրացրել իմ ուսմունքը, Սիդհարթա: Մի օր, երբ ես ավելի մեծացած լինեմ, ես կուզենամ քեզանից երեխա ունենալ: Սակայն, ամեն դեպքում, դու դեռ սամանա ես մնացել, սիրելիս, դու ինձ բնավ չես սիրում, դու ոչ ոքի չես սիրում: Այդպես չէ՞:
- Շատ հնարավոր է, որ այդպես է,- հոգնած պատասխանեց Սիդհարթան.- Ես քո նման եմ: Չէ՞ որ դու էլ չես սիրում, հակառակ դեպքում՝ դու ինչպե՞ս կարող էիր սիրույն որպես արվեստի վերաբերվել: Մեզ նման մարդիկ, հավանաբար, անկարող են սիրել: Երեխա-մարդիկ դա կարող են անել, դա նրա՛նց գաղտնիքն է:
=== ՍԱՆՍԱՐԱ ===
Երկար ժամանակ Սիդհարթան ապրում էր աշխարհիկ հաճույքներին տրված կյանքով, առանց որ ամբողջովին անձնատուր լինելու նրան: Զգացմունքները, որ նա սպանել էր սամանաների հետ բնակության կրակոտ տարիներին, արթնացել էին, նա ճաշակեց հարստությունը, ըմբոշխնեց ցանկասիրական կիրքը, վայելեց իշխանությունը: Սակայն իր սրտում նա դեռևս սամանա էր մնացել, ինչպես դա ճիշտ նկատեց խելացի Քամալան: Այժմ ևս մտածելու արվեստը, սպասումն ու ժուժկալ ծոմապահությունը, որոնց տակավին հակված էր իր կյանքը, դեռ շարունակում էին տիրապետություն ունենալ նրա վրա, այժմ էլ աշխարհիս երեսին ապրող մարդիկ՝ երեխա-մարդիկ, օտար էին իրեն, ինչպես որ ինքն էր նրանց համար խորթ ու օտարոտի:
Տարիներն անցնում էին, առաջ սլանում, և նա այդ ազատ ու հաճույքներով լեցուն կյանքին տրված՝ չէր զգում նրանց ընթացքը: Նա մեծ հարստություն ձեռք բերեց, վաղուց արդեն Սիդհարթան սեփական առանձնատուն ուներ, սպասավորներ և մի պուրակ քաղաքից դուրս, գետափին: Մարդիկ սիրում էին նրան, նրանք այցելում էին նրան, երբ կարիքն ունեին դրամի կամ խորհրդի: Բայց ոչ ոք մտերիմ չէր նրա հետ, բացի Քամալայից:
Այն բարձր, լուսավոր արթնացումը, որը մի ժամանակ, իր պատանեկության ծաղկման շրջանում, ապրել էր նա, այն օրերին, որոնք հաջորդեցին Գոթամայի քարոզին ու Գովինդայից բաժանմանը, այն ժամանակվա նրա այն հպարտ մենությունը և անկախությունը բոլոր տեսակի ուսմունքներից ու ուսուցիչներից, զգոնությունը՝ իր սրտում բնավորված աստվածային ձայնի հանդեպ, այդ ամենը որպես անցողիկ մի բան ներկայացավ և կամաց-կամաց ետ մղվեց դեպի հիշողության հեռավոր ծալքերը: Հեռվում ցածրաձայն խոխոջում էր այն սրբազան աղբյուրը, որն առաջներում այնքա՜ն մոտիկ էր և ժամանակին իր մեջ էր կարկաչում: Այն ամենից, ինչ ինքը գիտեր, շատ բաներ նա սովորել էր սամանաներից, սովորել էր Գոթամայի քարոզներից, ուսանել էր իր հորից ու բրահմաններից, որոնք դեռ երկար ժամանակ մնացել էին նրա մեջ. խաղաղաբարո ապրելաձևը, սերը մտածողության հանդեպ, ինքնախորասուզման ժամերը, իր անձի, սեփական եսի մասին գաղտնի գիտելիքները, այն հավերժական եսի, որը ոչ մարմնավոր է, ոչ էլ՝ գիտակցություն: Այս ամենից շատուշատ բաներ էին մնացել նրա մեջ, սակայն մեկը մյուսի հետևից սուզվել էին անդնդախոր վիհն ու փոշով ծածկվել: Բրուտագործի բոլորակի նման, որ մեկ անգամ շարժման մեջ դրվելով՝ դեռ երկար ժամանակ պահպանում է իրեն հաղորդված արագությունը և որոշ ժամանակ անց միայն անզգայելի կերպով, կամաց-կամաց դանդաղեցնում է իր ոլորապտույտը մինչև վերջնական կանգառը, այդպես էլ Սիդհարթայի հոգում երկար ժամանակ շարունակվում էր պտտվել ճգնակեցության անիվը, մտածողության թափանիվը, ճանաչողության անիվը: Այն դեռ հիմա էլ շարունակում էր պտտվել, սակայն շատ դանդաղ, տատանումներով, և ուր որ է կանգ էր առնելու վերջնականապես: Ինչպես որ խոնավությունն է ներթափանցում մահացող ծառացողունի խորքը, կամաց-կամաց ներծծվելով նրա մեջ և փտախտ առաջ բերելով, այդպես էլ՝ աշխարհն ու ծուլությունը կամաց-կամաց թափանցեցին Սիդհարթայի հոգու մեջ, աստիճանաբար լցնելով այն, ծնունդ տալով ծանրության ու հոգնածության զգացողություններին, քուն բերելով նրա վրա: Փոխարենը նրա մեջ արթնացան զգացմունքներն ու ցանկությունները, դրանք կենդանություն ստացան, նա շատ բան սովորեց, շատ-շատերն էլ փորձով իմացավ:
Սիդհարթան սովորեց առևտուր անել, մարդկանց նկատմամբ իշխանություն բանեցնել, կանանց հետ հաճույք վայելել: Նա սովորեց գեղեցիկ հանդերձներ կրել, կարգադրություններ անել սպասավորներին, լոգանք ընդունել անուշաբույր յուղաջրերում: Սովորեց ճաշակել նուրբ ու համեղ պատրաստված կերակուրներ, նաև ձուկ, կենդանիների ու թռչնի միս, համեմունքներ ու քաղցրավենիք, և գինի խմել, որ ծնող-մայրն է ծուլության ու մոռացության: Նա սովորեց զառ գցել ու ճատրակ խաղալ, պարուհիներին նայել, օգտվել պատգարակից, փափուկ անկողնում քնել: Բայց, չնայած այդ ամենին, նա իրեն տարբեր էր համարում մյուս մարդկանցից, նրանցից շատ ավելի բարձր, դեռ շարունակում էր նրանց նայել թեթևակի հեգնանքով, դույզն-ինչ արհամարական ու նողկանքի զգացումով, այն նույն քամահրանքով, որ սամանան է տածում աշխարհաբնակների հանդեպ: Երբ Կամասվամին վատառողջ էր լինում կամ բորբոքված, երբ նա իրեն ինչ-որ մեկի կողմից վիրավորված էր զգում, գլուխը կորցրած իր վաճառականական հոգսերից, Սիդհարթան դրան միայն հեգնանքով էր վերաբերվում: Սակայն դանդաղորեն ու աննկատ կերպով, անձրևների ու հունձքի, քաղհանման եղանակների իրարահաջորդող ընթացքների հետ միասին, նրա հեգնանքը գնալով ավելի ու ավելի էր գունատվում, գերազանցության զգացողությունն էլ՝ ավելի թուլանում: Կամաց-կամաց, օրըստօրե աճող իր հարստություններին զուգահեռ, Սիդհարթան ինքն էլ երեխա-մարդկանց հատուկ բնութագրական գծերից յուրացրեց, ինչ-ինչ բաներ՝ նրանց մանկականությունից ու անհանգստություններից: Եվ սակայն ինքը նախանձում էր նրանց, այնքան ավելի ուժգին էր նախանձում, որքան որ ավելի էր նմանվում նրանց: Նա նախանձում էր նրանց այն բանի համար, ինչն իրեն պակասում էր, բայց նրանք ունեին. այն կարևորությունը, որ նրանք հատկացնելու պես վերագրում էին իրենց կյանքի բոլոր դրսևորումներին, նրանց ուրախությունների ու տագնապների կրքոտ խանդավառությանը, նրանց հավերժական սիրահարվածության հեզաբարո, բայց քաղցր երջանկությանը: Իրենք իրենց, իրենց կանանց, իրենց երեխաներին, պատվին կամ փողին, ծրագրերին կամ հույսերին մշտապես սիրահարված էին այդ մարդիկ: Բայց նա հենց դրանք էլ չյուրացրեց այդ մարդկանցից, հենց դրանք, այդ մանկամիտ ուրախություններն ու երեխայական խենթությունները չսովորեց նրանցից, այլ յուրացրեց միայն այն տհաճ գծերը, որոնք ինքն ատում էր նրանց մեջ: Գնալով ավելի հաճախ էր պատահում, որ հասարակական միջավայրում անցկացրած երեկոյին հաջորդող առավոտյան նա երկար ժամանակ պառկած էր մնում անկողնում, իրեն մի տեսակ ճնշված ու հոգնած զգալով: Պատահում էր, որ նա նեղսրտում էր ու անհամբեր դառնում, երբ Կամասվամին ձանձրացնում էր իրեն իր հավերժական հոգսերով: Պատահում էր, որ նա բարձրաձայն ծիծաղում էր ու քրքջոց արձակում, երբ զառախաղում տանուլ էր տալիս: Նրա հայացքը դեռևս շատ ավելի խելացի էր ու ոգեշունչ, քան մյուսներինը, բայց ժպիտն ավելի հազվադեպ էր հայտնվում այնտեղ, և կամաց-կամաց նրա դեմքի վրա դաջվեց այն նույն արտահայտությունը, որն այնքան հաճախ հանդիպում է մեծահարուստ մարդկանց դեմքերին. դժգոհության, հիվանդոտության, ընկճվածության, ծուլության, անսրտության ցուցադրությունները: Հարուստներին հատուկ հոգու հիվանդությունը աստիճանաբար պաշարեց նաև Սիդհարթային:
Որպես մի նուրբ շղարշաքող, գերնոսր մշուշի տեսքով հոգնությունն իջավ Սիդհարթայի վրա, դանդաղ, բայց ամենայն հաջորդ օր դառնալով փոքր-ինչ ավելի խիտ, ամսեամիս՝ ավելի պղտոր ու մռայլ, տարեցտարի՝ ավելի ծանր: Ինչպես որ նոր զգեստն է ժամանակի ընթացքում հնանալով՝ մաշվում, աստիճանաբար կորցնելով իր գեղեցիկ գույնը, բծեր է ձեռք բերում, ավելնորդ ծալքեր ստանալով՝ տեսքից ընկնում, յուրաքանչյուր պահի պատռվելու պատրաստ, այդպես էլ՝ նոր կյանքը, որ Սիդհարթայի համար սկսվեց Գովինդային հրաժեշտ տալու պահից ի վեր, տարիների ընթացքում կորցրեց իր փայլն ու գույնը, նրա վրա բարդվեցին բծեր ու ծալքեր, թեև խորքում դեռևս ծպտված, սակայն, այս ու այնտեղ, իրենց նողկալի կերպարանքն արդեն երբեմն-երբեմն ցոլացնելով, որ մարդուս հուսախաբությունն ու զզվանքն էին շարժում: Սիդհարթան դա չէր տեսնում: Նա միայն նկատեց, որ այն վճիտ ու ինքնավստահ ներքին ձայնը, որը մի ժամանակ արթնացել էր իր մեջ և մշտապես ղեկավարել էր իրեն իր կյանքի այն շողարձակող ժամանակներում, հիմա ինչ-որ չի լսվում, լռել է:
Աշխարհը կլանեց նրան՝ հաճույքները, զգայականությունը, ծուլությունը, և ամենավերջում էլ՝ այն մեծագույն արատը, որը նա ամենաանհեթեթն էր համարում և որին ինքը վերաբերում էր մեծագույն արհամարհանքով ու հեգնանքով. ընչաքաղց ագահությունը: Վերջիվերջո նրան կլանեցին նաև սեփականատիրության մոլուցքը, ունեցվածքն ու հարստությունը, այդ ամենը դադարեց այլևս նրա համար խաղ ու մանրուք լինելուց, դարձավ շղթա ու բեռ: Տարօրինակ ու նենգմիտ խարդավանքով Սիդհարթան ընկավ այդ վերջին ու ամենանողկալի կախվածության ծուղակը, և դա շնորհիվ զառախաղի: Այն ժամանակվանից ի վեր, ինչ նա դադարել էր հոգով սամանա լինելուց, փողով ու թանկարժեք զարդեղենով խաղալը, որին սկզբնական շրջանում նա տրվում էր ժպիտով ու անփույթ քամահրանքով, որպես թե երեխա-մարդկանց շրջանում ընդունված, դատարկ զվարճալիքի, կամաց-կամաց նրա համար անդիմադրելի կիրք դարձավ: Նա դարձավ թունդ խաղամոլ, որի հետ շատ քչերն էին համարձակվում մրցասպարեզ մտնել, այնքան որ բարձր ու տրամաբանությանը չտրվելու աստիճան հանդուգն էին նրա պատվիրած խաղագումարները: Նա խաղում էր մի մարդու նման, որն ասես խլացնել էր ցանկանում իր սրտի տառապանքները: Պարտություններն ու ատելի փողերի մսխումը չարախինդ ուրախություն էին պարգևում նրան, ուրիշ կերպ նա անկարող էր հստակորեն ու հեգնական մատուցմամբ ցուցադրելու իր արհամարանքը հարստության՝ վաճառականական աշխարհի այդ կուռքի հանդեպ: Ինքն իրենից զզվելով, ինքնահեգնանքի տրվելով՝ նա մեծ խաղագումարներ էր դնում, անխնա ու անողորմ կերպով հաղթում էր հազարավորների, սնանկացնում նրանց, և ինքն էլ խոշոր գումարներ էր տանուլ տալիս, դրամ, թանկարժեք զարդեղեն, տանուլ տվեց անգամ իր քաղաքամերձ տունը, նորից ետ շահեց այն, նորից տանուլ տվեց: Այդ տագնապալի, սիրտ մաշող վախի զգացումը, որ պաշարում էր նրան զառերը նետելու պահին՝ խոշոր խաղագումարների համար պայքարի ընթացքում, իր համար անչափ թանկագին զգացում էր, նա սիրում էր դա ու ջանում էր մշտապես վերաթարմացնել այն իր մեջ, ուժգնացնել, թեժացնել այն ավելի ու ավելի, քանի որ միայն այդ սուր զգացողությունների մեջ էր ինքը երջանկության պես մի բան գտնում, արբեցումի պես մի բան, մի ինչ-որ գերակա ինքնազգացողություն՝ իր կյանքի կուշտ, անգույն ու խամրած բավիղներում: Այսպես՝ ամեն անգամ մեծ գումարներ տանուլ տալուց հետո, նա ստիպված էր լինում մեծ հարստությունների ձեռքբերելուն հետամտել, հարկադրված էր զգում ավելի եռանդուն ջանասիրությամբ առևտրով զբաղվել, պարտատուների նկատմամբ ավելի խիստ էր դառնում, քանի որ ցանկանում էր շարունակել խաղը, փողերը քամուն տալ՝ ցույց տալու համար իր արգահատանքը հարստության հանդեպ: Պարտվելիս՝ Սիդհարթան կորցնում էր ինքնատիրապետումը, հոգեկան հանգստությունը, կորցնում էր համբերությունը անպարտաճանաչ պարտատուների նկատմամբ, կորցրեց նաև իր բարեհաճությունը աղքատների հանդեպ, դադարեց բավականություն ստանալ իրեն դիմողներին նվերների տեսքով փող բաժանելուց: Նա, որ մոլախաղի ժամանակ միանգամից տասնյակ հազարներ էր տանուլ տալիս ու այդ ընթացքում՝ ծիծաղում, առևտրական գործերում դարձավ ավելի կծծի ու մանրախնդիր, անգամ գիշերներն էլ՝ երազի մեջ փող էր տեսնում... Ամեն անգամ, երբ նա արթնանում էր այդ նողկալի, չարահմա դյութանքներից ու իր ննջարանի պատից կախ հայելու մեջ տեսնում իր դեմքը՝ ծերացած ու այլայլված, ու երբ նրա վրա արշավում էին ամոթն ու գարշանքը, նա նորից փախուստի էր դիմում, նետվում բախտախաղի որոգայթների մեջ, նորից ու նորից տրվելով ցոփ ու շվայտություններին, գինարբուքի թմրեցնող խանդին, ու այնտեղից էլ իրեն գցում փող կուտակելու, ունեցվածք դիզելու մարմաջի գիրկը: Այդ անիմաստ շրջապտույտի բովում եփ գալով՝ նա հյուծվեց, սպառեց իրեն, զառամյալ ու հիվանդոտ կերպարանք ստացավ:
Բայց մի անգամ Սիդհարթան երազի մեջ նախազգուշացում-արթնացման պես մի բան տեսավ: Երեկոյան կողմ նա եղել էր Քամալայի մոտ, նրա հրաշագեղ հաճույքների այգում: Նրանք նստել էին ծառերի ներքո ու զրուցում էին, և Քամալան, որ մտքերի մեջ էր ընկղմված, խոսքեր ասաց, որոնց մեջ տխրություն ու հոգնածություն զգացվեց: Նա Սիդհարթային խնդրեց պատմել Գոթամայի մասին և ոչ մի կերպ չէր կարողանում կտրվել այդ պատմությունից, նրանից, թե որքա՜ն մաքուր էր նրա հայացքը, ի՜նչ խաղաղ ու գեղեցիկ էին նրա շրթունքները, որքա՜ն բարի էր նրա ժպիրը, ի՜նչ հանգստավետ էր նրա քայլվածքը: Քամալայի դրդմամբ երկար-բարակ պատմում էր Սիդհարթան վսեմափառ Բուդդայի մասին, հանկարծ Քամալան հոգոց հանեց և վերջապես ասաց.
- Կգա այն ժամանակը, գուցե շատ շուտով, երբ ես նույնպես կհետևեմ այդ Բուդդային: Ես նրան կնվիրաբերեմ իմ այգին և իմ ապաստանը կգտնեմ նրա ուսմունքի մեջ:
Ասելուն պես Քամալան սկսեց փաղաքշել Սիդհարթային, ներքաշեց սիրախաղի մեջ և ցավեցնող կրքոտությամբ սեղմեց նրան իր կրծքին, արտասուքներով ու կրակոտ փաղաքշանքներով նա կարծես մի վերջին անգամ ցանկանալիս լիներ այդ մարմնական, անցողիկ, երանավետ հաճույքից քամել քաղցրության վերջին կաթիլը: Սիդհարթան երբեք այնպես հստակորեն չէր գիտակցել, թե որքան հարազատ էին իրար ցանկասիրությունն ու մահը: Հետո նա պառկել էր Քամալայի կողքին, որի դեմքը հանգչում էր իրենին այնքան մոտ, ինքը պարզ տեսավ այդ դեմքը, այնքան պարզ, ինչպես երբեք, նրա աչքերի տակ ու շրթունքների անկյունում նա կարդաց դաժան գրանշաններ՝ նրբանուրբ գծագրություններից ու հազիվ նշմարելի կնճիռներից կազմված, որ հիշեցնում էին աշնան ու ծերության մասին: Սիդհարթան ինքն էլ, որ արդեն չորրորդ տասնամյակն էր ոտք դրել, մեկ անգամ չէ, ինչ այս ու այնտեղ ճերմակ վարսեր էր նկատել իր սև գլխին: Հոգնածությունն էր տպված Քամալայի գեղեցիկ դեմքին, անցած երկար ճանապարհի հոգնությունը, ճանապարհ, որ զուրկ էր եղել երջանկավետ նպատակից, հոգնությունն ու սկիզբ առած թոշնանքը, թաքուն, դեռևս չարտահայտվող, գուցե դեռ չգիտակցվող տագնապը. վախը ծերության հանդեպ, աշնան, վախը մահվան անխուսափելիության հանդեպ: Սիդհարթան հոգոց արձակելով հրաժեշտ տվեց նրան՝ հոգին լիքը թախիծով ու անասելի տագնապով:
Սիդհարթան գիշերն անցկացրեց իր տանը՝ պարուհիների ու գինու ընկերակցությամբ, ընդսմին՝ իր զվարճասեր ընկերուհիների հանդեպ իրեն բարձր ու հպարտ պահելով, մի կեցվածք, որը սակայն, այլևս անբնական էր թվում, շատ գինի խմեց և միայն կեսգիշերից բավական անց՝ հեռացավ հանգիստ առնելու, հոգնած ու միաժամանակ գրգռված, ուր որ է հեկեկալու ու հուսահատության գիրկն ընկնելուն պատրաստ: Երկար ժամանակ ապարդյուն քնել էր ուզում, սիրտը նվվում էր անտանելի թախծից և ինքն ամբողջությամբ լցված էր նողկանքով ու հեղձանքի զգացողությամբ. նրան զզվանք էր պատճառում գինու գոլ ու ատելի համը, երաժշտության անիմաստ քաղցր-մեղցրությունը, մերկանդամ պարուհիների համր ժպիտը, նրանց վարսերից ու կրծքերից տարածվող դառնաբույրը: Բայց ավելի մեծ նողկանքով էր նա լցված իր անձի նկատմամբ, իր անուշաբուրող մազերի, իր բերանից տարածվող գինու բույրի, իր մաշկի թոշնածության ու չորության հանդեպ: Ինչպես մի մարդ, որը կուշտուկուռ ուտել-խմելուց հետո միայն սիրտ թափելով կարող է ազատվել իր միջի ավելցուկից, չնայած այդ միջամտության պատճառած ցավին, ուրախանալով դրա արդյունքում վերստացած թեթևությունից, այդպես էլ Սիդհարթան՝ անքնությունից տառապած, զզվանքի անտանելի հորձանքի մեջ խեղդվելով, տենչալով տենչում էր ազատագրվել այդ սովորույթներից ու հաճույքներից, այդ անիմաստ կյանքից, ինքն իրենից: Միայն լուսաբացին, երբ փողոցում, ուր կանգնած էր իր քաղաքային տունը, գործարար կյանքը սկսեց արթնանալ ու փողոցը աշխույժով լցվեց, նա ընդամենը մի քանի վայրկյան մոռացության գիրկն ընկավ, մի տեսակ թոթափեց հոգնությունը ու կարծես ընկղմվեց քնի մեջ: Եվ հենց այդ վայրկյաններին մի երազ այցելեց նրան:
Քամալայի ապարանքում դրված ոսկե վանդակի մեջ մի պստլիկ, հազվագյուտ թռչուն էր նստած: Նա երազում տեսավ այդ թռչնակին, տեսավ, թե ինչպես այդ թռչունը, որ մշտապես երգում էր լուսաբացին, հանկարծ լռել էր՝ սսկվել: Նա զարմացած մոտեցավ վանդակին ու տեսավ, որ փոքրիկ թռչնակը մահացած է ու փայտացած ընկել է հատակին: Նա դուրս կորզեց թռչնակին վանդակից, միառժամանակ պահեց ձեռքերի մեջ ու նետեց փողոց, և նույն վայրկյանին սարսափելի մի վախ բնավորվեց նրա մեջ, նրա սիրտը կծկվեց ցավից, կարծես այդ անշնչացած թռչունի հետ միասին նա դուրս նետած լիներ իր միջի ողջ արժեքավորն ու լավագույնը:
Երազից սթափվելով՝ նա իրեն շրջապատված զգաց խորը թախիծով: Անմիտ ու անհեթեթ ես անցկացրի իմ կյանքը, մտածեց նա, ոչ մի կենդանի բան, ոչ մի թեկուզ արժեքավոր կամ պահպանելու արժանի որևէ բան չէր մնացել նրա ձեռքերում: Նա կանգնած էր միայնակ, դատարկ ձեռքով, որպես մի վերջին ճիգով ափ նետված նավաբեկյալ:
Մռայլ տրամադրությամբ Սիդհարթան ուղևորվեց իրեն պատկանող հաճույքների այգին, դարպասները փակեց իր ետևից ու նստեց մանգոյի ծառի տակ: Սրտում մահացու թախիծ և կրծքի տակ վախ ու զզվանք՝ նա նստել էր ու զգում էր, որ ինչ-որ բան մահանում էր իր մեջ, թոշնում, մոտենում իր վախճանին: Կամաց-կամաց նա ժողովեց իր խոհերը և մտքի մեջ մեկ անգամ էլ անցկացրեց իր կյանքի ողջ ճանապարհը, սկսած առաջին օրերից, որոնց հիշատակները դեռ մնացել էին նրա հիշողության ծալքերում: Այդ ե՞րբ է եղել, որ նա իրեն երջանիկ էր զգացել, եւ արդյո՞ք ինքը երբևէ ճաշակել է իսկական երանությունը: Օ՜ այո, այդ բանը նա քանիցս է ճաշակել: Ճաշակել է մանուկ հասակում, երբ իրեն հաջողվել էր բրահմանների գովասանքին արժանանալ՝ սուրբ գրքերից հատվածներ արտասանելու արվեստում իր հասակակիցներին գերազանցելու համար, երբ ինքն աչքի էր ընկել գիտունների հետ բանավեճերում, կամ որպես քուրմի օգնական՝ զոհաբերություններ կատարելիս: Այդժամ նա զգացել էր իր սրտում. «Դու ուղի ունես անցնելու, ուղի, որին դու կոչված ես, քեզ աստվածներն են սպասում»: Հետո էլ՝ պատանեկան տարիքում, երբ իր խորհրդածությունների ծիրում նա մշտապես ավելի ու ավելի բարձր նպատակ էր դնում իր դիմաց, որ բարձրացնում էր իրեն՝ իր նման առաջ ընթանալ ցանկացող ընկերների բազմությունից, երբ ինքը, տառապանքների տրվելով, ձգտում էր մտահասու լինել բրահմային, երբ, ամեն անգամ, ձեռք բերած նոր գիտելիքը դրդում էր նրան ավելիին հասնելու... Դեռևս այնժամ, չնայած ուսման ծարավին, չնայած իր կրած բոլոր տառապանքներին, ինքն ունեցել է այդ զգացումը. «դեպի առաջ, դեպի վեր...»: Նա լսեց այդ նույն ձայնը, երբ լքում էր իր հայրենի եզերքը և սամանաների կյանքն ընտրում, երբ սամանաներից հեռանում էր Կատարյալի մոտ, երբ վերջինիցս էլ հեռացավ դեպի անհայտությունը: Եվ արդեն որքա՜ն երկար ժամանակ էր, ինչ ինքը չէր լսել այդ ձայնը, որքա՜ն ժամանակ էր, որ ինքը նոր բարձունքներ չէր մագլցել, որքան հարթ ու անապատային էր դարձել նրա ճանապարհը և որքան երկար տարիներ էր նա քայլել այդ ճանապարհով, առանց բարձր նպատակի, առանց տենչանքի, առանց բարձունքներ նվաճելու, բավարարվելով միայն մանր-մունր ուրախություններով և սակայն երբեք լիարժեք բավարարություն չստանալով... Բոլոր այդ տարիներին, ինքն էլ այդ մասին չիմանալով, նա երազում ու ձգտում էր դառնալ մի այնպիսի մարդ, ինչպես բոլորը, ինչպես այդ մարդ-երեխաները, և սակայն իր կյանքը շատ ավելի աղքատիկ ու անբովանդակ եղավ, քան այդ մարդկանց կյանքն էր, քանի որ նրանց նպատակները, նրանց հոգսերը իրեն չէին մտահոգում: Քանի որ Կամասվամիի նման մարդկանցով բնակեցված այդ աշխարհը նրա համար միայն խաղ էր, պար, որ դիտում ես, կատակերգություն: Միայն Քամալան էր իր համար ճանապարհ, իր համար սիրելի ու արժեքավոր, բայց արդյո՞ք նա այդպիսին էլ մնացել է առ այսօր: Պե՞տք է նա դեռ իրեն, կամ ինքը նրան: Գուցե իրենք միմյանց հետ ընդամենը մի անվերջանալի խաղ են խաղում: Արժե՞ արդյոք դրա համար ապրել: Ո՛չ, դրա համար չարժե ապրել... Այդ խաղը կոչվում էր սանսարա, մանկական մի խաղ, խաղ, որը կարելի էր մեկ, երկու անգամ խաղալ, տասը անգամ, բայց մշտապես, անվերջ խաղա՞լ կլինի... Կարելի՞ բան էր դա...
Եվ Սիդհարթան անմիջապես հասկացավ, որ խաղն ավարտված է, որ ինքն ի վիճակի չէ շարունակելու այն: Նրա մարմնով մեկ սարսուռ անցավ, նա զգաց, որ իր ներսում ինչ-որ մի բան մահացավ:
Այդ ամբողջ օրը նա նստել էր մանգոյի ծառի տակ, հիշում էր հորը, հիշում էր Գովինդային, Գոթամային էր հիշում: Մի՞թե ինքը լքել էր նրանց բոլորին մի ինչ-որ Կամասվամի դառնալու համար: Նա դեռ նստած էր մանգոյի ծառի տակ, երբ գիշերը վրա հասավ: Երբ գլուխը բարձրացնելով աստղերին նայեց, մի միտք ծագեց նրա ուղեղում. «Ահա ես նստած եմ իմ մանգոյի ծառի տակ, իմ իսկ պարտեզում»: Նա ծիծաղեց իր այդ մտքի վրա, մի՞թե իսկապես անհրաժեշտ էր, ճի՞շտ էր արդյոք, թե դա անհեթեթ մի խաղ էր, այն, որ ինքը մանգոյի ծառ ուներ, որը գտնվում էր իր սեփական պարտեզում:
Դրա հետ էլ նա հաշիվները փակեց, դա ևս մահացավ նրա մեջ: Նա տեղից վեր կացավ, հրաժեշտ տվեց մանգոյի ծառին, հրաժեշտ տվեց պարտեզին: Եւ որովհետև ամբողջ օրը ոչինչ չէր կերել, նա խիստ քաղցածություն զգաց և հիշեց իր քաղաքային տան մասին, իր ննջարանի ու անկողնու, կերակուրներով լեցուն սեղանի մասին: Նա ժպտաց հոգնատանջ ժպիտով, ցնցեց մարմինը և հրաժեշտ տվեց բոլոր այդ բաներին:
Նույն գիշերն էլ Սիդհարթան լքեց իր պարտեզը, լքեց քաղաքը և այլևս երբեք այնտեղ չվերադարձավ: Երկար օրեր շարունակ Կամասվամին նրա որոնումն էր կազմակերպել, կարծելով, թե Սիդհարթան պետք է որ ավազակների ձեռքն ընկած լինի: Սակայն Քամալան որոնման ոչ մի փորձ չձեռնարկեց: Տեղեկանալով, որ Սիդհարթան անհետացել է, նա նույնիսկ չզարմացավ: Չէ՞ որ ինքը միշտ էլ սպասում էր այդ օրվան: Քանի որ նա, ինչպես եղել, այնպես էլ մնացել էր սամանա, տնանկ մի ուխտավոր ու թափառական: Հատկապես նա այդ զգացողությունն ունեցավ վերջին տեսակցության ժամանակ: Եվ չնայած կորստյան ցավին՝ հիմա նա ուրախ էր, որ այն վերջին անգամ ինքը նրան այնպես ամուր սեղմեց իր կրծքին, հավատացած լինելով, որ ամբողջովին նրան էր պատկանում, ներծծված էր նրանով:
Սիդհարթայի անհետանալու մասին առաջին իսկ լուրն առնելով՝ նա մոտեցավ պատուհանին, ուր ոսկե վանդակի մեջ ինքը մի հազվագյուտ երգեցիկ թռչուն էր պահում: Նա բացեց վանդակի դռնակը, դուրս կորզեց թռչնակին ու բաց թողեց նրան: Նա երկա՜ր-երկա՜ր նայեց թռիչքի ցնծությամբ տարված թռչնակի ետևից: Այդ օրվանից սկսած նա դադարեց հաճախորդներ ընդունելուց և տունը փականի տակ դրեց: Միառժամանակ անց, սակայն, նա նախազգացում ունեցավ, որ Սիդհարթայի հետ վերջին տեսակցությունից հետո ինքը հղիացել է:
=== ԳԵՏԱՓԻՆ ===
Սիդհարթան քաղաքից հեռացել ու թափառում էր անտառում: Նա հասկացել էր, որ ինքն այլևս անկարող է վերադառնալ, որ կյանքը, որն ինքն ապրել է այսքան երկարուձիգ տարիներ շարունակ, վերջացել է... Այդ կյանքը նա ճաշակեց ու մինչև կոկորդը կուշտ էր այլևս: Մահացել էր երգեցիկ թռչունը, որին ինքը տեսել էր երազում: Մահացել էր թռչունը իր սեփական սրտում: Նա շատ խորն էր թաղվել սանսարայի մեջ, բոլոր կողմերից նա իր մեջ էր ներծծում նողկանքն ու մահը, ինչպես որ սպունգն է ջուրը ներծծում՝ մինչև լիակատար հագեցումը: Եվ հիմա նա լեցուն էր այդ ամենով՝ տառապանքով ու մահասարսուռ նողկանքով, և աշխարհում չկար ոչինչ, որ կարող էր հրապուրել, ուրախացնել, սփոփել նրան:
Միայն մեկ տենդագին ցանկություն էր նրա մեջ կենդանի մնացել. չմտածել այլևս սեփական անձի մասին, խաղաղվել, մահանալ: Ու՞ր էր թե մի որոտ պայթեր երկնքում ու շանթահար աներ իրեն... Կամ մի վագր հարձակվեր ու խժռեր իրեն... Ու՞ր էր թե գտնվեր որևիցե գինի կամ թույն, որը կանզգայացներ նրան, քուն ու մոռացություն կբերեր իր աչքերին, և բնավ երբեք՝ արթնացում... Քանզի չկար մի աղտեղություն, որով ինքը աղտոտված չլիներ, գոյություն չուներ մի այնպիսի մեղք ու խելագարություն, որ նա գործած կամ կատարած չլիներ, չկար մի այնպիսի հոգեկան տառապանք, որ նա բարդած չլիներ իր վրա: Մի՞թե այդքանից հետո դեռ կարելի էր ապրել: Հնարավո՞ր էր արդյոք առաջվա պես շնչել, քաղց զգալ, նախկինի պես կերակուր ընդունել, քնել, կնոջ հետ կողակցել: Արդյո՞ք այդ շրջապտույտը իր համար արդեն իսկ սպառված ու ավարտված չէր:
Սիդհարթան հասավ անտառով հոսող մեծ գետին, այն նույն գետին, որով մի ժամանակ, երբ ինքը դեռևս երիտասարդ էր ու վերադառնում էր Գոթամայի քաղաքից, իրեն այս ափը անցկացրեց լաստավարը: Գետի մոտ նա դադար առավ, անվճռական կանգնած էր գետափին: Հոգնածությունն ու սովը հյուծել էին նրան, և ու՞ր պետք է ինքը գնար, ինչու՞ գնար, այդ ո՞ր մի նպատակի համար: Ո՛չ, նրա համար չկար այլևս որևէ նպատակ, չկար ոչինչ, բացի այն խորը, տառապալից ու տենդագին ցանկությունից՝ թոթափելու այս ողջ մղձավանջը, դուրս թքելու այդ անգոսնած գինին, վերջ տալու այս խղճուկ ու ամոթալի կյանքին:
Գետափին կախ էր ընկած մի ծառ, մի կոկոսենի, որի ցողունին ուսով հենվեց Սիդհարթան, գրկեց այն և ակնդետ նայում էր կանաչ ջրերին, որ հոսում ու հոսում էին նրա հայացքի առաջ: Նա նայում էր ու նայում և ավելի ու ավելի էր լցվում սեփական հենքից կտրվելու ու ջրերին անձնատուր լինելու ցանկությամբ: Սարսափելի դատարկությունն էր ջրերի խորքից ցոլանում իր դեմ, որին պատասխանում էր իր սրտի միջի դատարկությունը: Այո՛, նա վերջին սահմանին էր հասել: Իրեն ուրիշ ոչինչ չէր մնացել անելու, քան ջնջելու իրեն կյանքի գրքից, ջարդուփշուր անելու իր կյանքի ձախողված պատկերը, նետելու այն քմծիծաղ տվող աստվածների ոտքերի առաջ: Ահա՛ այն՝ սիրտ թափելու ներգործուն միջոցը, որ որոնում էր ինքը. մահանա՛լ, կոտրել կաղապարը, որ նա ատում էր: Թող ինքը կերաբաժին դառնա ձկներին, այդ շուն Սիդհարթան, այդ խելացնորը, թող ձկները կտոր-կտոր անեն այդ զազրելի, փտած մարմինը, այդ նեխահոտող ու բռնաբարված հոգին... Թող նրան խժռեն ձկներն ու կոկորդիլոսները, թող դևերը մաս-մաս անեն այն...
Այլայլված ու ծամածռված դեմքով նա նայում էր ջրի մեջ, տեսավ իր արտացոլանքը և թքեց այնտեղ: Ապա հոգնած ու հյուծված՝ ձեռը ետ քաշեց ծառացողունից և փոքր-ինչ ձգվեց՝ ուղիղ գծով դեպի ջուրը նետվելու ու խորասուզվելու նպատակով: Աչքերը փակ՝ նա ուր որ է արդեն պատրաստվում էր ընդառաջ գնալ մահվանը:
Բայց այդ պահին նրա հոգու հեռավոր գաղտնարաններից, նրա հոգնատանջ ու սմքած կյանքի հին-հին խորխորատներից մի հնչյուն պոկվեց: Դա ընդամենը մի բառ էր, մի վանկ, որը նա դողդոջուն ձայնով մրմնջաց իր քթի տակ՝ բնավ չգիտակցելով, բոլոր բրահմայական աղոթքները սկզբնավորող ու եզրափակիչ հնամենի բառը, սրբազան «Օմ»ը, որը մոտավորապես նշանակում է «կատարյալ» կամ «կատարելություն»: Եվ այն նույն պահին, երբ «Օմ» հնչյունը դիպավ Սիդհարթայի ականջին, նրա քնեած միտքը հանկարծ արթնացավ և գիտակցեց իր արարքի ողջ անհեթեթությունը:
Սիդհարթան սարսափից ցնցվեց: Ահա թե ինքը ուր է հասել... Այնքան էր նա շեղվել իր ուղուց, այնպես էր ամեն ինչ մոռացել՝ իր ամբարած գիտելիքները, որ ինքն արդեն մահ էր որոնում, որ նրա մեջ ցանկություն էր ծնվել, աճել ու հասունացել, երեխայական մի ցանկություն՝ հանգստություն գտնել սեփական մարմնի ոչնչացման գնով... Այն, ինչը չարեցին վերջին ժամանակների բոլոր այդ տառապանքները, ողջ սթափմունքը, այդ ողջ հուսահատությունը, տեղի ունեցավ հենց այդ նույն պահին, երբ Օմը ներխուժեց նրա գիտակցության մեջ, նա ուշքի եկավ, նրա առաջ փայլատակեց իր այդ թշվառ իրավիճակից դուրս գալու ելքը ու նա ճանաչեց իրեն պաշարած մոլորությունը:
- Օ՜մ,- շշնջաց նա.- Օ՜մ...
Արտաբերելով այն՝ նա վերհիշեց բրահման, գիտակցեց կյանքի անկործանելիությունը, մտաբերեց այն ողջ աստվածայինը, որ մոռացել էր:
Բայց այդ ամենը տևեց ընդամենը մի պահ միայն, կայծակի պես մի ակնթարթ փայլեց ու անէացավ: Սիդհարթան պառկեց հողի վրա, կոկոսի ծառի ստորոտին, հոգնածությունից ջարդված, Օմը շշնջալով, նա գլուխը դրեց ծառարմատներին և խորը քուն մտավ:
Խորն էր նրա քունը, առանց երազների, երկար ժամանակից ի վեր նա այդպիսի քուն չէր վայելել: Երբ մի քանի ժամ անց նա արթնացավ, նրան թվաց, թե տասը տարի էր անցել, նա լսում էր ջրերի լուռ քչքչոցը, բայց ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որտե՞ղ է ինքը և ո՞վ է իրեն այստեղ բերել: Աչքերը լայն բաց արեց, զարմանքով իր գլխավերևում տեսավ ծառերն ու երկինքը, և վերհիշեց, թե որտեղ է ինքը և ինչպես է այստեղ ընկել: Բայց միանգամից չկարողացավ հիշել, դրա համար որոշ ժամանակ պահանջվեց, անցյալը նրան միառժամանակ պատկերացավ ասես մշուշով պատված, թվաց իրեն այնքան հեռու, այնքան անվերջանալիորեն հեռու, անսահմանորեն անտարբեր: Նա գիտակցում էր միայն, որ իր նախկին կյանքին (արթնացող գիտակցության առաջին պահերին այդ նախկին կյանքը նրան թվաց որպես անցած-գնացած մարմնավորումներից մեկը, իր ներկայիս եսի նախկին գոյություններից մեկը), անցած կյանքին ինքը վաղուց հրաժեշտ է տվել, և որ զզված ու տառապանքով լեցուն՝ նա ցանկանում էր նույնիսկ վերջ տալ բուն իսկ կյանքին, սակայն մի ինչ-որ գետի մոտ աճող կոկոսի ծառի տակ վերագտավ իրեն, սրբազան Օմը շուրթերին, հետո քնեց ու արթնացավ որպես մի նոր մարդ, որ նոր հայացքով էր աշխարհին նայում: Նա կամացուկ շշնջաց Օմ բառը, որն արտաբերելով ինքը քուն էր մտել, ու նրան թվաց, թե իր այդ ողջ երկարատև քունը ոչ այլ ինչ է եղել, քան Օմն արտասանելու, Օմն առմտածելու երկարատև ու գերկենտրոնացած մի արտաբերում, խորասուզում և լիուլի տարրալուծում այդ մի հատիկ Օմի մեջ, անանունի, կատարյալի մեջ:
Բայց իսկապես ի՞նչ հրաշալի քուն էր դա... Երբեք քնից հետո նա իրեն այնպես թարմ չէր զգացել, այդպես նորացված ու երիտասարդացած... Գուցե իսկապե՞ս ինքը մահացել էր, հանդերձյալ աշխարհ գնացել և նոր կերպարանքով վերստին ծնունդ առել: Բայց ո՛չ, նա ճանաչում էր իրեն, ճանաչում էր իր ձեռքն ու ոտքերը, ճանաչում էր այն տեղը, ուր ինքը պառկած էր, ճանաչեց նույն այդ եսը իր կրծքի տակ, այդ Սիդհարթային՝ ինքնահաճ ու տարօրինակ, բայց այդ նույն Սիդհարթան ամեն դեպքում փոխակերպվել էր, վերանորացվել, զարմանալիորեն քունն առած, սքանչելիորեն զգոն ու արթմնի, զվարթատեսիլ ու հետաքրքրասիրությամբ լի: Սիդհարթան տեղից վեր կացավ ու տեսավ, որ դիմացը մի մարդ էր նստած, օտար մեկը, դա մի վանական էր՝ դեղին հանդերձանքով, սափրված գլխով, հայեցողության մեջ ընկղմված: Նա ուշադիր զննեց այդ մարդուն, որի ոչ միայն գլխի մազերն էին սափրված, այլև մորուքը և շուտով ի դեմս այդ վանականի ճանաչեց Գովինդային՝ իր պատանեկության ընկերոջը, այն Գովինդային, որն ապաստան էր գտել վսեմափայլ Բուդդայի ուսմունքի մեջ: Գովինդան նույնպես ծերացել էր, բայց նրա դեմքը պահպանել էր իր նախկին արտահայտությունը, այն ջանասիրություն էր արտահայտում, հավատարմություն, որոնում, վախվորածություն: Իսկ երբ Գովինդան, զգալով իրեն ուղղված հայացքը, աչքերը բացեց ու նայեց դիմացինին, Սիդհարթան հասկացավ, որ Գովինդան չճանաչեց իրեն: Գովինդան իր ուրախությունն արտահայտեց, որ նա արթնացել էր, ակնհայտորեն նա վաղուց էր այստեղ նստած՝ սպասելով նրա արթնացմանը, թեև չէր ճանաչում նրան:
- Ես քնել էի,- ասաց Սիդհարթան,- դու ինչպե՞ս ես այստեղ հայտնվել:
- Դու քնած էիր,- պատասխանեց Գովինդան,- Լավ չէ այսպիսի վայրերում քնել, ուր օձեր են վխտում ու անտառային գազաններ հաճախ կարող են պատահել: Ես, պարոն, Վեհագույն Գոթամայի՝ Շաքյամունի Բուդդայի աշակերտներից եմ, և վանականների մի խմբի հետ անցնում էի այս կողմերով, երբ քեզ պառկած տեսա ու քնած, ահա այստեղ, ուր քնելը վտանգավոր է: Ես փորձեցի արթնացնել քեզ, պարոն, բայց նկատելով, որ քո քունը շատ խորն է, ես հետ մնացի մերոնցից ու դադար առա քո կողքին: Բայց փոխանակ քեզ հսկելու, ինքս էլ, ըստ երևույթին քնով ընկա: Ես վատ կատարեցի իմ պարտականությունը, հոգնածությունը հաղթեց ինձ: Բայց քանի որ դու արդեն արթնացել ես, թույլ տուր ինձ գնալ՝ հասնելու համար իմ եղբայրներին:
- Շնորհակալություն, սամանա, իմ քունը հսկելու համար,- խոսեց Սիդհարթան:- Բարի եք դուք, Վեհագույնի աշակերտներդ... Հիմա դու իհարկե կարող ես գնալ...
- Ես գնամ, պարոն: Քեզ միշտ բարի առողջություն եմ ցանկանում:
- Շնորհակալ եմ քեզ, սամանա: Գովինդան ողջույնի նշան արեց ու ասաց.- Ո՛ղջ եղիր:
- Ցտեսությու՛ն, Գովինդա,- ասաց Սիդհարթան:
Վանականը կանգ առավ:
- Թույլ տուր ինձ հարցնել, պարոն, որտեղի՞ց դու գիտես իմ անունը:
Այստեղ Սիդհարթան ժպտաց: - Ես քեզ գիտեմ, Գովինդա, դեռևս այն ժամանակվանից, երբ դու ապրում էիր քո հայրական հյուղակում, երբ մենք միասին բրահմանների դպրոցն էինք հաճախում, զոհեր մատուցելու արարողություններից, սամանաների մոտ մեր համատեղ տարիներից մինչև այն ժամը, երբ Յեթավանայի պարտեզում դու քո ապաստանը գտար Վեհագույնի մոտ:
- Դու Սիդհարթան ես,- բարձրաձայն բացականչեց Գովինդան:- Հիմա ես քեզ ճանաչեցի և չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես միայն կարող էի քեզ անմիջապես չճանաչել: Ողջու՛յն քեզ, Սիդհարթա, մեծ է իմ ուրախությունը վերստին քեզ տեսնելու համար:
- Ես ևս շատ ուրախ եմ քեզ տեսնելու համար: Դու հսկում էիր ինձ՝ քնած ժամանակ, ընդունիր իմ երախտագիտությունը մեկ անգամ ևս, թեև պահապանի կարիքը ես չունեի: Ու՞ր ես ուղևորվում, բարեկամս:
- Ոչ մի տեղ: Մենք վանականներս մշտապես ճանապարհին ենք, քանի դեռ անձրևների ժամանակը չի եկել, մենք անընդհատ տեղից տեղ ենք փոխադրվում, ապրում ենք համաձայն հրահանգների, ուսմունքն ենք քարոզում, ողորմություն մուրում և շարունակ առաջ ընթանում: Մենք միշտ էլ այսպես ենք ապրել: Իսկ դու՛, բարեկամս, դու՛ ուր ես գնում: - Ես, ինչպես և դու, բարեկամս, ոչ մի տեղ չեմ գնում: Ես գնում եմ ոչ մի տեղ: Ես ընդամենը ճանապարհ եմ գնում, ես ուխտավոր եմ:
Գովինդան ասաց.
- Դու ասում ես, որ ուխտավոր ես և ես հավատում եմ քեզ: Բայց ներողություն, Սիդհարթա, դու նման չես ուխտավորի: Դու հարուստի հանդերձանք ես կրում, ոտնամաններդ էլ թանկարժեք են, և քո մազերը, որ բուրում են անուշահոտ օծանելիքով, ուխտավորի մազեր չեն, սամանաների մազերն այդպիսին չեն:
- Ճիշտ է, թանկագինս, դու ամեն ինչ նկատում ես, քո սուր աչքն ամեն ինչ տեսնում է: Բայց ես քեզ չասացի, թե ես սամանա եմ: Ես միայն ասացի, որ ուխտավոր եմ ու ճամփորդում եմ: Եվ դա այդպես է. ես ճամփորդում եմ:
- Դու ճամփորդում ես,- ասաց Գովինդան,- բայց քչերն են ճամփորդում նման հագուստով, այսպիսի ոտնամաններով, այդպիսի մազերով: Երկար տարիներ է, ինչ ես ճամփորդում եմ աշխարհով մեկ և քեզ նման ուխտավորի բնավ հանդիպած չկամ:
- Հավատում եմ քեզ, Գովինդա, որ երբեք չես հանդիպել: Բայց այսօր, հենց հիմա դու մի այադպիսի ուխտավորի հանդիպեցիր, ահա՛ այսպիսի ոտնամաններ հագած, այսպիսի հանդերձանքով: Հիշի՛ր, սիրելիս, ամեն ինչ անցողիկ է երևույթների աշխարհում, անցողիկ են նաև մեր հանդերձանքները, մեր մազերի սանրվածքը, անցողիկ են մազերն իրենք էլ ու մեր մարմինը: Ես հարուստի զգեստներ եմ կրում, դու ճիշտ նկատեցիր: Ես դրանք կրում եմ, որովհետև ինքս էլ հարուստ եմ եղել, մազերիս օծանելիք եմ քսել ինչպես աշխարհաբնակ մարդիկ ու զվարճալիքների սիրահարները, որովհետև ես էլ նրանցից մեկն եմ եղել:
- Իսկ հիմա, Սիդհարթա, ո՞վ ես դու հիմա: - Չգիտեմ, այդ մասին ես գիտեմ այնքան, որքան և դու: Ես թափառում եմ այս ու այնտեղ: Ես հարուստ մարդ էի, բայց այժմ այդպիսին չեմ: Իսկ թե ինչ կլինեմ վաղը, չգիտեմ:
- Դու կորցրե՞լ ես քո հարստությունը: - Ես այն կորցրել եմ կամ, ավելի ճիշտ, նա՛ է ինձ կորցրել: Ես այլևս հարստություն չունեմ: Արագ է պտտվում վերամարմնացումների անիվը, Գովինդա: Ու՞ր է բրահման Սիդհարթան: Ու՞ր է սամանա Սիդհարթան: Ու՞ր է հարուստ Սիդհարթան: Արագ է փոփոխվում ողջ անցողիկը, Գովինդա, ինքդ էլ գիտես:
Գովինդան երկա՜ր նայում էր պատանեկության ընկերոջը՝ տարակուսած հայացքով: Հետո խոնարհաբար ողջունեց, ինչպես ողջունում են երևելիներին, ու գնաց իր ճանապարհով:
Ժպիտը դեմքին՝ Սիդհարթան նայում էր հեռացող վանականի հետևից, ինքը դեռևս սիրում էր նրան, այդ հավատարիմ, անվճռական մարդուն: Եվ ինչպե՞ս նա կարող էր այդ պահին, իր հրաշալի քնին հաջորդած այս մոգական վայրկյանին՝ ամբողջովին լցված Օմով, ինչպե՞ս կարող էր չսիրել որևէ մեկին կամ ինչ-որ բան: Հենց դրա մեջ էր ամփոփված կախարդանքը, այն փոխակերպությունը, որ կատարվել էր իր հետ քնի ժամանակ և շնորհիվ Օմի, այն, որ ինքը սիրում էր ամենքին ու ամեն ինչ, որ ինքը սիրով էր լցված ամենի հանդեպ, ինչն իր աչքովն էր ընկնում: Եվ հենց դրանում էր, ինչպես հիմա իրեն թվում էր, իր նախկին հիվանդությունը, այն, որ ինքը ոչ ոքի ու ոչինչ չէր սիրում:
Ժպիտը դեմքին նայում էր Սիդհարթան հեռացող վանականին: Քունը նրա մեջ ուժ էր ներարկել, սակայն փոխարենը քաղցն էր տանջում նրան, քանզի արդեն երկու օր էր, ինչ նա ոչինչ չէր կերել, և վաղուց անցել էին այն ժամանակները, երբ ինքը անզգայուն էր քաղցի հանդեպ: Ցավով, բայց նաև ժպիտով նա հիշեց այդ ժամանակները: Այնժամ, մտաբերեց նա, Քամալայի առջև ինքը երեք բանով էր պարծենում, տիրապետում էր երեք ազնվագույն ու ամենահաղթ արվեստներին. ժուժկալություն, սպասում, մտածում: Դրանում էր նրա հարստությունը, նրա ուժն ու հզորությունը, նրա ամրակուռ հենապատվարը: Իր երիտասարդության ջերմեռանդ, ջանասեր տարիներին նա ուսանել էր այդ երեք արվեստները և ուրիշ ոչինչ: Եւ հիմա կորցրել էր դրանք, դրանցից այլևս ոչ մեկն իրեն չէր պատկանում, ո՛չ ժուժկալ ծոմապահությունը, ո՛չ համբերատար սպասումը, ո՛չ էլ մտածելու կարողությունը: Նա այդ ամենը զոհաբերել է հանուն ինչ-որ տառապանքների, հանուն անցողիկի, զգայական հաճույքների, ազատ ու բարեկեցիկ կյանքի, հանուն հարստությունների... Իսկապես որ տարօրինակ ընթացք ունեցավ իր կյանքը: Եվ հիմա, համենայնդեպս այդպես է թվում, ինքն էլ մի իսկական երեխա-մարդ է դարձել, ինչպես բոլորը:
Սիդհարթան շարունակում էր մտածել իր ներկա վիճակի մասին: Նրա համար հիմա դժվար էր մտածելը, ըստ էության ինքը ցանկություն չուներ մտածելու, սակայն հարկադրում էր իրեն այդ բանն անել:
- Հիմա,- մտածում էր նա,- երբ բոլոր այդ անցողիկ բաները նորից լքել են ինձ, հիմա ես նորից կանգնած եմ արևի ներքո, ինչպես որ մի ժամանակ, երեխայական տարիքում եմ կանգնած եղել, և ոչինչ իմը չէ, ոչինչ չգիտեմ, ոչնչի ընդունակ չեմ, դեռ ոչ մի գիտելիքի չեմ տիրապետում: Ի՜նչ հրաշալի ու զարմանալի է դա... Այժմ, երբ երիտասարդությունս արդեն անցել է, երբ վարսերս կիսով չափ սպիտակել են, երբ ուժերս տեղի են տալիս, հիմա ես մանկան նման ամեն ինչ սկսում եմ ամենասկզբից... Նա նորից ակամա ժպտաց: Այո՜, զարմանալի էր իր ճակատագիրը... Իր կյանքն արդեն զառիվայր էր ընթանում, և ինքն ահա կանգնած էր աշխարհին դեմ հանդիման՝ դատարկաձեռն, մերկանդամ ու կատարյալ անգիտության մեջ: Բայց այդ բանի գիտակցումից նա որևէ ցավ չէր զգում, օ ո՛չ, նրա մեջ նույնիսկ ծիծաղելու ցանկություն առաջացավ, ծիծաղ ամեն ինչի հանդեպ՝ իր հանդեպ, այդ տարօրինակ, անհեթեթ ու խելացնոր աշխարհի հանդեպ:
Քո կյանքն արդեն ցած է գլորվում՝ զառիթափ ընթացքով,- ասաց նա ինքն իրեն ու ծիծաղեց իր այդ մտքի առնչությամբ: Բայց հանկարծ նրա հայացքն ընկավ գետին ու նա տեսավ, որ գետի ջրերն էլ ցած են հոսում և սակայն ջրերն այդ խայտալով երգում են՝ ուրախ ու զվարթ: Դա դուր եկավ նրան, նա բարեկամաբար ժպտաց գետակին: Բայց չէ՞ որ սա հենց այն նույն գետն է, որի մեջ մի ժամանակ ինքն ուզում էր խեղդվել, սրանից մի հարյուր տարի առաջ, թե դա ինքը երազի մեջ էր տեսել:
Իսկապես որ զարմանալի ընթացք ունեցավ իմ կյանքը,- մտածում էր նա,- զարմանալի ոլորաններով այն ընթացավ: Երեխա ժամանակ ես գործ ունեի միայն աստվածների ու զոհերի մատուցման հետ: Պատանի հասակում ես նվիրվել էի ճգնակեցությանը, խորհրդածություններին ու ինքնախորասուզմանը, Բրահմայի որոնումներին և երկրպագում էի հավերժականը Աթմանի մեջ: Երիտասարդության տարիներին հետևեցի վանականներին, ապրում էի անտառում, տառապում շոգից ու ցրտից, սովորեցի քաղցած մնալ, սովորեցի սպանել իմ մարմինը: Հետո էլ մեծն Բուդդայի ուսմունքը աստվածային լույսով ողողեց իմ իմացությունը. ես զգացի, թե ինչպես է աշխարհի միասնության գաղափարը հոսում իմ երակներում՝ ինչպես իմ սեփական արյունը: Բայց ինձ վիճակված էր հեռանալ նաև Բուդդայից ու մեծագույն գիտելիքից: Ես հեռացա ու Քամալայի մոտ սովորեցի սիրո արվեստը, Կամասվամիի մոտ սովորեցի վաճառականական արվեստը, փող դիզեցի, մսխեցի այն, սովորեցի որկորս հագեցնել, հագուրդ տալ իմ կրքերին: Երկար տարիներ ես միայն զբաղված էի իմ միտքը ոչնչացնելով, մտածելուց ետ վարժվելուն, միասնականությունը մոռացության մատնելով: Փաստորեն ստացվեց այնպես, որ ես կամաց-կամաց, զարտուղի ու ոլորապտույտ ճանապարհներով նորից վերադարձա դեպի իմ մանկությունը, դարձա երեխա, մտածող մարդուց վերածվեցի մեծահասակ երեխայի՝ երեխա-մարդու: Սակայն, ամեն դեպքում այդ ճանապարհը շատ լավն էր, իմ կրծքի տակ երգող թռչունը, համենայնդեպս, չմահացավ: Բայց ի՞նչ ճանապարհ էր դա: Որքա՜ն հիմարությունների, արատների, մոլորությունների միջով ես ստիպված եղա անցնել, որքան նողկալի բաներ, հուսահատություններ ու տառապանքներ ես վերապրեցի, և այդ ամենը սոսկ նրա համար, որպեսզի նորից երեխա դառնամ ու ամեն ինչ սկսեմ ամենասկզբից: Բայց դա հենց այդպես էլ պետք է լիներ, իմ սիրտը հավանություն է տալիս դրան, իմ աչքերը ուրախ են դրա համար: Ես պետք է մեծագույն հուսահատության գիրկն ընկած լինեի, պետք է գահավիժեի մինչև մտքերից ամենախելացնորի՝ ինքնասպանության գաղափարի անհատակ անդունդը, որպեսզի ընդունակ դառնայի ընդունելու ողորմությունը, որպեսզի նորից լսեի բառերի բառը՝ Օմը, որպեսզի նորից կարողանայի քնել ու արթնանալ, ինչպես որ հարկն է: Ես պետք է անմիտ ու հիմար մեկը դառնայի, որպեսզի վերստին իմ մեջ հայտնաբերեի Աթմանը: Պետք է մեղք գործեի, որպեսզի նորից ապրել կարողանայի: Տեսնես դեռ ու՞ր է տանելու ինձ իմ ճանապարհը: Անհեթեթ ու անմիտ է այդ ճանապարհը, այն ընթանում է ոլորապտույտներով, գուցե նույնիսկ պտտվում է շրջանի ներսում: Թող այդպես լինի: Ի՞նչ էլ որ նա լինի, ես ուզում եմ շարունակել իմ ճանապարհը:
Զարմանալիորեն ուրախ զգացումներ էին ալեկոծվում նրա կրծքի տակ:
Որտեղի՞ց է,- հարցնում էր նա իր սրտին,- որտեղի՞ց է քո մեջ այդ ուրախությունը: Գուցե դա այն երկար ու խորը քնի՞ց է, որ այնպես բարեբաստիկ եղավ ինձ համար: Թե՞ Օմ բառից, որ ես արտաբերեցի: Իսկ գուցե նրանից է, որ ես փախուստի դիմեցի և որ իմ փախուստը հաջողությամբ պսակվեց, եվ որ ահա՛ ես նորից ազատ եմ ու կանգնած եմ երկնքի ներքո, որպես երեխա: Օ՜, ի՜նչ հրաշալի է, որ ես փախուստի դիմեցի ու ազատություն գտա... Ի՜նչ մաքուր ու գեղեցիկ է այստեղի օդը, ի՜նչ հեշտ է այստեղ շնչելը: Այնտեղից, որտեղից ես փախա, այնտեղ ամեն ինչ բուրում էր քսայուղերով, համեմունքներով, գինով, առատությամբ, ծուլությամբ... Ինչպե՜ս էի ես ատում հարուստների, խրախճացողների, խաղամոլների այդ աշխարհը... Ինչպե՜ս էի ես ատում ինքս ինձ այն բանի համար, որ այդքան երկար ժամանակ մնացել էի այդ սարսափելի աշխարհում... Որքա՜ն ցավ ու տառապանք պատճառեցի ինքս ինձ, կողոպտեցի ինքս ինձ, թունավորեցի ինձ, կտտանքների ենթարկեցի, ծերացա ու չարությամբ լցվեցի: Օ ո՛չ, ես այլևս առաջվա պես երբեք ինքս ինձ չեմ երևակայի, թե տեսեք-տեսեք ի՜նչ խելացի է Սիդհարթան: Միայն մի լավ բան կա, որի համար ես ինձ իրավունք եմ վերապահում ինզինքս գովելու, դա այն է, որ ես դադարեցի ինքս ինձ ատել ու չարիք սերմանել իմ անձի նկատմամբ, որ ես վերջ դրեցի այդ անմիտ ու դատարկ կյանքին... Փա՜ռք քեզ ու պատիվ, Սիդհարթա, որ անգիտակից անցկացրած այդքան տարիներից հետո դու նորից խելամիտ ճանապարհ ես ընտրել և ճիշտ ես վարվել. լսել ես քո կրծքի տակ երգող թռչնակին ու հետևել նրան...
Այսպես նա գովաբանում էր ինքն իրեն, ուրախություն ապրում, հետաքրքրությամբ ունկնդրում իր ստամոքսին, որ գռմռում էր սովից: Բավականաչափ տառապանք ու ցավեր էր նա կրել-տարել այս վերջին ժամանակներում ու օրերին, մտածում էր նա, որ իրեն մինչև հուսահատության դուռը հասցրեցին, մինչև մահվան սահմանը: Բայց հիմա ամեն ինչ լավ է: Ինքը դեռ երկար կարող էր մնալ Կամասվամիի մոտ, փող դիզել, մսխել այն, բավարարել իր մարմնական հաճույքները և ծարավի մատներ իր հոգին, դեռ երկար ժամանակ նա կարող էր ապրել այդ խաղաղ, փափուկ բարձերի մեջ թաղված դժոխքում, եթե տեղի չունենար այն, ինչը տեղի ունեցավ. եթե չլիներ կատարյալ անհուսության ու տարակուսանքի պահը, այն սարսափելի ակնթարթը, երբ նա խոնարհվել էր գետի վրա և պատրաստ էր ինքն իրեն կործանելու: Այն, որ ինքը վերապրել էր այդ հուսահատությունը, այդ խորը նողկանքը և սակայն չէր ենթարկվել նրան, այն, որ թռչնակը, մշտազգոն զվարթության այդ աղբյուրն ու ներքին ձայնը, դեռ կենդանի էր իր մեջ, դրանից նա այնքան ուրախ էր իրեն զգում, ահա՛ թե ինչի առթիվ էր նա ժպտում, ահա՛ թե ինչու էր լուսաճառագում նրա դեմքը՝ սպիտակած մազերի ներքո...
- Իհարկե լավ է,- մտածում էր նա,- երբ ինքդ ես ճաշակում այն ամենը, ինչն անհրաժեշտ ես համարում գիտենալ: Որ աշխարհային հաճույքներն ու հարստությունը լավ բան չեն խոստանում, ես այդ մասին արդեն իսկ երեխա ժամանակ էլ գիտեի: Ես դա շատ վաղուց գիտեի, սակայն համոզվեցի միայն այժմ: Հիմա ես դա գիտեմ, և գիտեմ ոչ թե սրանից-նրանից լսելով, այլ դրանում համոզվեցի ու տեսա այն իմ սեփական աչքերով, սեփական սրտով, սեփական ստամոքսով: Երանի՜ ինձ, որ ես դա գիտեմ հիմա...
Դեռ երկար խորհրդածում էր նա իր հետ կատարված փոխակերպության մասին և ունկնդրում էր իր մեջ երգող թռչունի երգը: Բայց արդյո՞ք այդ թռչունը չէր մահացել իր մեջ, արդյո՞ք ինքը չէր զգացել նրա մահը: Ո՛չ, մեկ ուրիշ բան էր նրա մեջ մահացել, այնպիսի մի բան, որը վաղուց ծարավի էր մահվան: Արդյոք դա այն չէ՞ր, ինչն իր ապաշխարության կրակոտ տարիներին ցանկանում էր սպանել իր մեջ: Մի՞թե դա իր եսը չէր, իր պստլիկ, տագնապահար ու հպարտ եսը, որի դեմ ինքը տարիներ շարունակ պայքար է մղել, որը, սակայն, մշտապես պարտության է մատնել իրեն, այն եսը, որը անզգայացման ու ինքնաոչնչացման յուրաքանչյուր փորձից հետո նորից ու նորից կանդանություն էր առնում, որն արգելում էր ուրախանալ, և վախով էր լցված: Արդյո՞ք հենց սա չէր, որ վերջապես իր մահը գտավ այսօր, ահա այստե՛ղ, անտառում, այս սքանչելի գետի ափին: Եւ արդյո՞ք հենց այդ պատճառով, որ նա մահացավ, ինքն իրեն այսօր զգում էր որպես երեխա, վստահությամբ առլի, վախը թոթափած, ուրախությամբ լեցուն:
Միայն հիմա Սիդհարթան գլխի ընկավ, թե ինչու ինքը, լինելով բրահման ու ապաշխարող, ապարդյուն կռիվ էր մղում իր այդ եսի հետ: Այդ պայքարում իր ամբարած բազում իմացությունները խանգարեցին իրեն. սուրբ գրքերից սերտած մեծածավալ հատվածները, զոհաբերությունների կանոնները, չափազանց շատ ինքնախարազանումը, չափազանց շատ ձգտումները... Այնժամ նա լի էր ամբարտավան մեծամտությամբ. նա ամենախելացին էր, ամենաջանադիրը, բոլորից մշտապես մի քայլ առաջ, նա՛ էր ամենից գիտունն ու խորամիտը, միայն նրա մեջ էր նստած հոգևոր սկիզբն ու իմաստնությունը: Հենց այդ հոգևոր կոչվածության, այդ գոռոզամտության ու իմացականության մեջ էլ սողոսկել էր իր եսը, նա ամուր նստել էր այնտեղ և աճե՜լ էր, աճե՜լ, մինչ ինքը կարծում էր, թե սպանում էր այն ծոմապահությամբ ու ապաշխարանքով: Այժմ սակայն հասկացավ, որ իրավացի էր իր միջի ձայնը, որն ասում էր, թե ոչ մի ուսուցիչ ի զորու չէր իրեն պարգևելու ապածխարության ու փրկության խորհուրդը: Այդ պատճարով էլ նա պետք է ինքնակամ գնար դեպի աշխարհը, մսխեր իր ուժերը հաճույքների ու իշխանության, կանանց ու փողի դիմաց, պետք է դառնար առևտրական ու խաղամոլ, հարբեցող ու ընչաքաղց մեկը, մինչև որ հոգևորականն ու սամանան չմահանային իր մեջ: Դրա համար էլ նա տարիներ շարունակ պետք է հանդուրժեր այդ նողկալի գոյությունը, գարշանքով կրեր դատարկ ու անիմաստ կյանքի ողջ ձանձրույթը, կրեր այն մինչև վերջ, մինչև դառը հուսահատությունը, մինչև որ նրա մեջ չմահանար հեշտասեր Սիդհարթան, ընչաքաղց Սիդհարթան: Նա մահացավ վերջապես և մի նոր Սիդհարթա արթնացավ այն խորախոր քնից: Այս Սիդհարթան էլ մի օր ծերանալու էր, նա նույնպես մահանալու էր օրերից մի օր, անցողիկ մի արարած էր Սիդհարթան, անցողիկ էր աշխարհում ամեն-ամեն բան: Այսօր, սակայն, նա երիտասարդ էր, ասես երեխա լիներ, այդ նոր Սիդհարթան, և լի էր երջանկությամբ:
Այս մտքերն էր նա որոճում, և միևնույն ժամանակ նա ժպիտը դեմքին անսում էր իր ստամոքսի արձակած ձայներին, հաճույքով ունկնդրում մեղվի բզզոցը: Ուրախ-զվարթ նայում էր նա հոսանուտ գետին, երբեք ոչ մի գետ իրեն այնքան չէր հրապուրել, որքան այս մեկը, երբեք հոսող ջրի խոխոջյունն ու գեղեցկությունը իրեն այնպես ուժգին չէին գրավել: Նրան թվում էր, թե այս գետը կարող էր իրեն ինչ-որ առանձնահատուկ մի բան ասել, այնպիսի մի բան, որն ինքը դեռ չգիտե, բայց որն անհրաժեշտ էր իրեն իմանալ, սպասում էր իրեն: Այս գետի մեջ Սիդհարթան ցանկանում էր խեղդամահ լինել, բայց նրա մեջ այսօր խեղդվեց այն ծեր, հոգնատանջ, հուսահատ Սիդհարթան: Նոր Սիդհարթան, սակայն, մեծագույն և խորը սեր զգաց այդ հոսանուտ ջրի հանդեպ և ինքն իր համար մեկընդմիշտ վճռեց, որ ինքը դեռ բավական ժամանակ նրա կողքին կմնա:
=== ԼԱՍՏԱՎԱՐԸ ===
Ես ցանկանում եմ մնալ այս գետի ափին,- մտածում էր Սիդհարթան,- սա այն նույն գետն է, որի վրայով ես մի ժամանակ անց կացա երեխա-մարդկանց մոտ ճանապարհվելիս, այն ժամանակ մի բարյացկամ լաստավար ինձ այս ափը փոխադրեց, ես ուզում եմ գնալ նրա մոտ, գտնել նրան, նրա խրճիթից օրերից մի օր իմ ճանապարհն ինձ դեպի մի նոր կյանք բերեց, որն հիմա ծերացել է ու մահացել: Թող իմ ներկայիս ճանապարհն էլ, ինձ սպասող այս նոր կյանքն էլ այստեղից սկիզբ առնի:
Նուրբ զգացումներով նայում էր նա հոսող գետին, թափանցիկ կանաչին, նրա խորհրդաշատ ուրվանկարի բյուրեղապակու պես մաքուր գծագրումներին: Նա տեսնում էր լուսավոր մարգարիտներ, որ բարձրանում էին գետի հատակից, խաղաղավետ օդապղպջակներ էին լողում ջրի հայելում, որի մեջ արտացոլվում էր երկնքի կապույտը: Գետն ակնդետ նրան էր նայում հազար աչքերով ՝ կանաչ, սպիտակ, բյուրեղափայլ, երկնակապույտ: Ինչպե՜ս էր ինքը սիրում այդ գետը, ինչպե՜ս էր հիանում նրանով, որքա՜ն էր ինքը երախտապարտ նրան ... Նա լսում էր իր սրտի ձայնը, որ արթնացել էր իր մեջ ու ասում էր նրան. Սիրի՛ր այս ջուրը, մնա՛ նրա մոտ, սովորի՛ր նրանից: Օ՜ այո, ինքը ցանկանում էր սովորել նրանից, ուզում էր ունկնդրել նրան: Ով որ կկարողանա հասկանալ այս ջրին ու նրա գաղտնիքները,- խորհում էր նա,- նա կհասկանա նաև շատ ուրիշ բաներ, նրա առաջ կբացվեն շատուշատ գաղտնիքներ, բոլոր գաղտնիքները:
Այդ գետի գաղտնիքներից, սակայն, նա այսօր միայն մեկը տեսավ, որը և ցնցեց նրա հոգին: Նա տեսավ, որ այդ գետը հոսում էր ու հոսում, այն հոսում էր հարատև և առանց կանգառի, և, սակայն, մշտապես այստեղ էր, մշտապես և բոլոր ժամանակներում նույնն էր ու այնուհանդերձ ամեն վայրկյան նոր էր... Բայց ո՜վ կարող էր դա հասկանալ, մտահասու լիներ դրան: Նա մտահասու չէր, դեռևս չէր հասկանում, նրա մեջ միայն նախազգացումներն էին շարժվում, հեռավոր հիշողությունները, աստվածային ձայները:
Սիդհարթան տեղից վեր կացավ, անտանելի էր դարձել նրա որովայնում սաստկացող քաղցը: Համբերատար ու հանգիստ՝ նա շարունակեց քայլել գետափի երկայնքով, հոսանքին հակառակ, նա լսում էր ջրերի աղմուկը, լսում էր իր ներսում գռմռացող քաղցի ձայնը:
Երբ նա հասավ լաստանավին, այն արդեն ուր որ է պատրաստվում էր շարժվելու, և նավակում կանգնած էր այն նույն լաստավարը, որը ժամանակին գետն անցկացրեց պատանի սամանային: Սիդհարթան ճանաչեց նրան, չնայած լաստավարը նույնպես շատ էր ծերացել:
- Դու ինձ մյուս ափը կտեղափոխե՞ս,- հարցրեց նա:
Լաստավարը՝ զարմացած, որ մի այսպիսի երևելի պարոն մեն-մենակ գետափ է եկել, նրան նավի մեջ ընդունեց ու ափից հեռացավ:
- Գեղեցիկ կյանք ես դու քեզ համար ընտրել,- խոսեց հյուրը:- Պետք է որ հիանալի լինի՝ մշտապես այս գետի ափին ապրել ու ամեն օր երթևեկել նրա վրա:
Թիավարողը ժպիտը դեմքին՝ գլխով արեց: - Այո՛, պարոն, դա սքանչելի է, դու ճիշտ նկատեցիր: Բայց մի՞թե յուրաքանչյուրի կյանքը, յուրաքանչյուր աշխատանք ինքնին սքանչելի չէ:
- Գուցե և այդպես է: Բայց ես նախանձում եմ քեզ քո զբաղմունքի համար...
- Բայց այն քեզ շատ շուտով կձանձրացներ: Այս աշխատանքը գեղեցիկ հանդերձանքով մարդկանց վայել չէ:
Սիդհարթան ծիծաղեց.- Ինձ արդեն այսօրվա ընթացքում մեկ անգամ էլ են անվստահությամբ վերաբերել հագուստի պատճառով: Դու չէի՞ր ցանկանա, լաստավար, ինձնից նվեր ստանալ այդ զգեստները, որոնցից ես արդեն զզվել եմ: Քանզի, իմացած եղիր, որ ես փող չունեմ տեղափոխման դիմաց քեզ վճարելու համար:
- Պարոնը կատակում է,- ծիծաղեց լաստավարը:
- Ես չեմ կատակում, բարեկամս: Դու մի անգամ արդեն այս նույն նավակով տեղափոխել ես ինձ այս գետի վրայով և բոլորովին ձրի: Այսօր էլ նույն կերպ վարվիր և վարձի փոխարեն ընդունիր իմ զգեստը:
- Իսկ առանց զգեստի պարոնն ինչպե՞ս է անելու, ու՞ր է գնալու:
- Ա՜խ, գիտես, ես ընդհանրապես չեմ ցանկանում այստեղից հեռանալ: Ինձ համար ավելի հաճելի կլիներ, լաստավա՛ր, եթե դու ինձ մի հնամաշ թիկնոց տայիր և ինձ քեզ մոտ պահեիր որպես օգնական, ավելի ճիշտ՝ աշակերտ, քանի որ ես դեռ պետք է սովորեմ ինչպես վարվել նավակի հետ:
Երկար ու քննախույզ հայացքով լաստավարը նայում էր օտարականի դեմքին:
- Հիմա ես քեզ ճանաչեցի,- վերջապես ասաց նա:- Մի ժամանակ դու գիշերեցիր իմ հյուղակում, դա շատ վաղուց էր, երևի մի երկու տասնյակից ավելի տարիներ առաջ: Այնժամ ես քեզ գետն անցկացրի և մենք որպես լավ բարեկամներ բաժանվեցինք իրարից: Դու այն ժամանակ, կարծեմ, սամանա էիր, այնպես չէ՞: Բայց հիմա ես չեմ կարողանում քո անունը մտաբերել:
- Ինձ կոչում են Սիդհարթա և ես սամանա էի, երբ վերջին անգամ դու ինձ տեսար:
- Դե ուրեմն բարի գալուստ քեզ, Սիդհարթա: Ինձ կոչում են Վասուդևա: Հուսամ դու այսօր էլ իմ հյուրը կլինես և կգիշերես իմ խրճիթում, ու կպատմես ինձ, թե որտեղից ես գալիս և ինչու են քո գեղեցիկ զգեստները քեզ այդպես զզվեցրել:
Նրանք հասան գետի մեջտեղը և Վասուդևան լարեց իր ուժերն ու սկսեց ավելի եռանդուն թիավարել՝ գետի հոսանքի դեմ պայքարելով: Հանգիստ աշխատում էր նա իր ուժեղ ձեռքերով՝ հայացքը սևեռած նավակի սուրուլիկ ծայրին: Սիդհարթան նստել ու նրան էր նայում, մտաբերելով, թե ինչպես այն ժամանակ, իր սամանայական կյանքի վերջին օրը, իր սրտում սեր առաջացավ այդ մարդու նկատմամբ: Նա երախտագիտությամբ ընդունեց Վասուդևայի հրավերքը: Երբ նրանք ափ իջան, Սիդհարթան օգնեց նրան նավակը կապելու փայտե ցցասյունին, որից հետո լաստավարը առաջարկեց նրան խրճիթ մտնել, հյուրասիրեց հաց ու ջրով, Սիդհարթան հաճույքով ընդունեց հյուրասիրությունը, կերավ-խմեց, ըմբոշխնեց նաև մանգոյի մրգերը, որ իրեն առաջարկեց Վասուդեվան:
Հետո, երբ արևն արդեն մայր էր մտնում, նրանք նստոտեցին գետափին ընկած ծառակոճղին և Սիդհարթան լաստավարին պատմեց իր ծագման ու կյանքի պատմությունը, այնպես, ինչպես որ այն այսօր, իր կյանքի այս հուսահատ ժամին նա տեսնում էր իր աչքերի առաջ: Մինչև ուշ գիշեր տևեց նրա պատմությունը:
Վասուդևան ունկնդրում էր մեծագույն ուշադրությամբ: Նա ամեն ինչ կլանում էր իր մեջ. ծագման ու մանկության մասին, որոնումների ու ուսման տարիների, ուրախությունների ու տխրությունների մասին պատմությունները: Սա լաստավարի առաքինություններից մեծագույններից մեկն էր, նա կարողանում էր լսել, ինչը քչերին է ներհատուկ: Չնայած նա ոչ մի խոսք չէր արտաբերում, սակայն Սիդհարթան զգում էր, թե ինչպես էր Վասուդևան կլանում իր բառերը՝ լռելյայն, բացահայտ ու համբերատար սպասումով, բաց չթողնելով ոչ մի բառ, ամենայն հանդուրժողությամբ, ո՛չ դրվատանքի, ո՛չ էլ հանդիմանանքի ցույցերով, նա միայն լսում էր: Սիդհարթան զգում էր, թե ինչպիսի մեծագույն երջանկություն է խոստովանել մի այդպիսի ունկնդրի առաջ, նրա սրտում սեփական կյանքը բացել, սեփական որոնումներն ու տառապանքները:
Սակայն Սիդհարթայի պատմության ավարտին, երբ նա խոսում էր գետափին ընձյուղված ծառի և իր խորը անկման մասին, սրբազան Օմի մասին, և թե ինչպես, արթնանալով, ինքը մեծագույն սեր զգաց գետի նկատմամբ, այդժամ լաստավարը սկսեց լսել ավելի մեծ ուշադրությամբ, ամբողջապես գրավված պատմությամբ, լսում էր աչքերը փակ:
Իսկ երբ Սիդհարթան սսկվեց և մի երկարատև լռություն իջավ, Վասուդևան ասաց.- Ես հենց այդպես էլ մտածում էի: Գետը խոսեց քեզ հետ: Քեզ էլ է նա բարեկամ, քեզ հետ էլ է նա խոսում: Դա լավ է, դա շա՜տ լավ է: Մնա՛ ինձ հետ, Սիդհարթա, բարեկամս: Ժամանակին ես մի կին ունեի, նրա անկողինը իմ կողքին էր, բայց նա վաղուց մահացել է, և ես արդեն վաղուց է ինչ մենակ եմ ապրում: Հիմա դու կապրես իմ կողքին, քնատեղն ու ուտելիքը երկուսիս էլ կբավականացնի:
Շնորհակալ եմ քեզ,- ասաց Սիդհարթան,- շնորհակալություն եմ հայտնում քեզ և ընդունում եմ քո առաջարկը: Շնորհակալ եմ քեզ, Վասուդևա, նաև այն բանի համար, որ դու այդպես ուշադիր լսում էիր ինձ: Շատ քիչ են այն մարդիկ, ովքեր լսել գիտեն, և ես ոչ ոքի չեմ հանդիպել, որը քեզ պես լսել կարողանա: Դա էլ ես պետք է սովորեմ քեզանից:
- Դու կսովորես դա,- խոսեց Վասուդևան,- բայց ոչ ինձանից: Ես լսել սովորել եմ գետից, դու էլ դա նրանից կսովորես: Գետն ամեն ինչ գիտի, նրանից ամեն բան կարելի է սովորել: Տե՛ս, դու արդեն մի բան սովորել ես նրանից, այն, որ ավելի լավ է դեպի ցած ձգտել, խորասուզվել, խորխորատն ընկղմվել: Հարուստ ու երևելի Սիդհարթան թիավար է դառնում, գիտուն բրահման Սիդհարթան լաստավար է դառնում, դա էլ է քեզ գետն ասել: Նա քեզ ուրիշ բաներ էլ կսովորեցնի:
Երկարատև դադարից հետո Սիդհարթան հարցրեց.- Ո՞րն է այդ ուրիշը, Վասուդևա:
Վասուդևան տեղից վեր կացավ.- Արդեն ուշ է,- ասաց նա,- գնանք քնելու: Բարեկամս, ես քեզ չեմ կարող ասել, որն է այդ ուրիշը: Դու դա ինքդ կիմանաս, իսկ գուցե դու արդեն գիտես դա: Նայի՛ր, ես գիտնական չեմ, ես խոսել չգիտեմ, ես նաև չեմ կարողանում մտածել: Ես միայն կարողանում եմ լսել ու հնազանդվել, ուրիշ ոչինչ ես չեմ սովորել: Եթե ես դա ուրիշներին ասել ու սովորեցնել կարողանայի, գուցե ես իմաստուն մեկը կլինեի, սակայն ես ընդամենը միայն լաստավար եմ և իմ խնդիրն է մարդկանց գետն անցկացնել: Շատերին եմ ես մի ափից մյուսը տեղափոխել, հազարավորների, բայց նրանց բոլորի համար իմ գետն այլ բան չի եղել, քան ընդամենը խոչընդոտ իրենց ճանապարհին: Նրանք ուղևորվում էին փողի համար ու գործերով, հարսանիքների ու ուխտագնացություններ կատարելու, իսկ գետը խոչընդոտ էր նրանց ճանապարհին, և լաստավարն էլ հենց նրա համար էր այստեղ, որպեսզի նրանց արագ հաղթահարել տար այդ խոչընդոտը, արգելքը: Այդ հազարավորներից միայն շատ քչերի, ընդամենը մի քանիսի, չորս կամ հինգ հոգու համար էր, որ գետը խոչընդոտ չէր հանդիսանում, նրանք լսել էին գետի ձայնը, ունկնդրել էին նրան, և գետը նրանց համար սուրբ էր դարձել, ինչպես և ինձ համար:
Սիդհարթան մնաց լաստավարի մոտ և սովորեց կառավարել նավը, իսկ երբ լաստանավի հետ գործ չէր լինում, Վասուդևայի հետ նա աշխատում էր բրնձի դաշտում, փայտ էր ժողովում, պտուղներ հավաքում բանանի ծառից: Նա սովորեց թիեր շինել, նավը նորոգել, կողովներ հյուսել, ուրախանում էր իր սովորած ամեն բանի համար, և օրերն ու ամիսները նրա համար անցնում էին չափազանց արագ: Բայց ավելի շատ բաներ, քան որ իրեն Վասուդևան էր սովորեցնում, նա սովորում էր գետից: Նա գետից անդադար սովորում էր: Նախ և առաջ Սիդհարթան նրանից սովորեց լսել, ունկնդրել խաղաղ սրտով, բացազատ և սպասումով լի սրտով, առանց կրքի, առանց ցանկության, առանց դատողության ու կարծիքի:
Բարեկամության մթնոլորտում էր նա ապրում Վասուդևայի կողքին և երբեմն-երբեմն նրանք խոսքեր էին փոխանակում իրար հետ, շատ քիչ բառեր, բայց երկար ու խորը մտածված: Վասուդևան բառերի հետ մեծ սեր չուներ, հազվադեպ էր Սիդհարթային հաջողվում նրան խոսակցության մեջ ներքաշել:
- Դու ևս,- մի անգամ Սիդհարթան հարցրեց նրան,- գետից ես իմացել այն գաղտնիքը, որ ժամանակ գոյություն չունի:
Վասուդևայի դեմքին ժպիտը փայլեց:
- Այո, Սիդհարթա,- ասաց նա:- Դու երևի նկատի ունես, որ գետը ամենուր և ամեն անգամ նույնն է՝ իր ակունքում ու գետաբերանին, վարար ջրվեժի հատվածում, գետանցումին, ծովին հանդիպելիս, լեռներում, ամենայն պահի ու ամեն տեղ նույնն է, քանի որ նրա համար միայն ներկան գոյություն ունի, ոչ թե անցյալի ստվերները կամ ապագայի ստվերները:
- Հենց դա է, որ կա,- ասաց Սիդհարթան:- Եւ երբ ես դա սովորեցի, ետ նայեցի իմ անցած կյանքին ու տեսա, որ նա էլ նման է գետի, որ երեխա Սիդհարթային տղամարդ Սիդհարթայից և ծերունի Սիդհարթայից բաժանում են միայն ստվերները, ոչ թե իրականությունը: Այդպես էլ Սիդհարթայի նախկին ծնունդները, անցած մարմնավորումները անցյալներում չեն, ինչպես որ նրա մահն ու վերադարձը դեպի Բրահման ապագային չի պատկանում: Ոչինչ չի եղել, ոչինչ չի լինելու, ողջը է՛, ամեն-ամենայն ինչ իրական է միայն ու միայն ներկա գոյություն ունի:
Սիդհարթան խոսում էր ոգևորված, այդ վերջին բացահայտումը նրան խորապես երջանկացրել էր: Օ՜, մի՞թե ողջ տառապանք ասածը միայն ժամանակի մեջ գոյություն չի ունեցել, մի՞թե բոլոր հոգեկան կտտանքներն ու տագնապները ժամանակի մեջ չէին ամփոփված, և արդյո՞ք աշխարհիս երեսին գոյություն ունեցող ողջ ծանրությունը, ողջ թշնամանքը չէր չքանում, հենց որ մարդս հաղթահարում էր ժամանակը, հենց որ նա մտքով վանում էր ժամանակը: Նա խոսում էր ոգեշնչված, Վասուդևան, սակայն, ժպտում էր նրան շողշողուն ժպիտով և գլխով հաստատական նշաններ անում, լռակյաց, հետո ձեռքը գցեց Սիդդհարթայի ուսին ու շարունակեց իր կիսատ թողած գործը:
Մեկ ուրիշ անգամ էլ, երբ գետը վարարել էր հորդառատ անձրևներից և հզորաձայն աղմկում էր, Սիդհարթան ասաց.- Այնպես չէ՞, բարեկամս, գետը շատ ձայներ ունի, չափազանց շատ: Քեզ չի՞ թվում, որ նա մեկ թագավորի ձայն է ունենում, մեկ էլ՝ զինվորի, մեկ ցուլի ու մեկ էլ՝ գիշերահավքի, մեկ երկունքի ցավերով բռնված կնոջ, մեկ էլ՝ հոգոց հանող դժբախտի, և էլի հազարավոր այլևայլ ձայներ:
- Այդպես է,- գլխով արեց Վասուդևան,- բոլոր արարածների ձայները ներկա են գետի ձայնում:
- Եւ գիտե՞ս,- շարունակեց Սիդհարթան,- թե ինչ բառ է նա արտասանում, երբ քեզ հաջողվում է նրա բոլոր տասնյակ հազարավոր՝ բյուր ձայները միաժամանակ լսել:
Վասուդևայի դեմքին երջանիկ ժպիտ էր փայլում, նա խոնարհվեց Սիդհարթայի կողմը և նրա ականջի մեջ շշնջաց սրբազան Օմը: Հենց դա էլ լսում էր Սիդհարթան գետի աղմուկի մեջ:
Ժամանակ առ ժամանակ նրա ժպիտը նմանվում էր լաստավարի ժպիտին, գրեթե նույնքան շողարձակող, երջանկության փայլատակումով ներթափանցված, հազարավոր փոքրիկ կնճիռներով լուսափայլող, նույն մանկականությունը, նույն ծերության դրոշմով: Ճանապարհորդներից շատերը, երբ նրանք նայում էին զույգ լաստավարներին, նրանց եղբայրներ էին կարծում: Հաճախ նրանք երեկոյան միասին նստոտում էին գետափին ընկած ծառաբնին, լուռ նստում ու երկուսով միասին ունկնդրում էին ջրի ձայնը, որը նրանց համար ոչ թե ջրի, այլ կյանքի ձայնն էր, ապրողների ձայնը, հավերժորեն ծնվողների: Երբեմն էլ պատահում էր, որ գետին ունկնդրելու միջոցին միևնույն բաների մասին էին մտածում, երկու օր առաջվա զրույցի մասին, իրենց օժանդակությանը դիմած ճանապարհորդողներից մեկի մասին, որի դեմքն ու ճակատագիրը զբաղեցնում էր իրենց, մահվան մասին, իրենց մանկության մասին, և այն մասին, որ իրենք երկուսն էլ, նույն վայրկյանին, երբ գետն իրենց մի ինչ-որ լավ բան էր ասած լինում, իրար էին նայում, երկուսն էլ՝ ճիշտ և ճիշտ միևնույն բանը մտածելով, երկուսն էլ՝ երջանկացած նույն հարցին տրված նույն պատասխանի համար:
Լաստանավից ու զույգ լաստավարներից էլ մի ինչ-որ բան էր ճառագում, որն զգում էին ճանապարհորդողներից ոմանք: Երբեմն պատահում էր, որ ճամփորդողներից մեկը, լաստավարներից մեկնումեկի դեմքին նայելուց հետո, սկսում էր իր կյանքի մասին պատմել, իր ճաշակած տառապանքների մասին, խոստովանում էր իր գործած մեղքերը, մխիթարություն աղերսում ու խորհուրդ հայցում: Երբեմն պատահում էր, որ նրանցից մեկը թույլտվություն էր խնդրում մի երեկո նրանց մոտ անցկացնելու համար, որպեսզի գետի ձայնին ունկնդիր լինի: Պատահում էր նաև, որ հետաքրքրասերներ էին այցելում, լսած լինելով, թե այդ լաստանավի վրա երկու իմաստուններ կամ կախարդներ էին ապրում, երկու սրբեր: Այդ հետաքրքրասերները շատ հարցեր էին տալիս, բայց նրանք որևէ պատասխան չէին ստանում, և համոզվում էին, որ իրենց առջև ո՛չ կախարդներ էին, ո՛չ էլ իմաստուններ, նրանք տեսնում էին միայն երկու ծեր ու բարյացկամ տղամարդկանց, որ ասես մունջ լինեին, մի տեսակ տարօրինակ ու խենթուկ: Եվ հետաքրքրասերները ծիծաղում էին ու իրար մեջ խոսում այն մասին, թե ի՜նչ հիմարամիտ ու դյուրահավատ ժողովուրդ է, որ այդպիսի դատարկ լուրեր է տարածում:
Տարիներն անցնում էին և ոչ ոք չէր հաշվում նրանց: Մի անգամ ուխտագնաց վանականներ հայտնվեցին, Գոթամայի՝ Բուդդայի հետևորդներից, որոնք խնդրեցին իրենց գետի մյուս ափն անցկացնել, և լաստավարները նրանցից տեղեկացան, որ նրանք շտապում են վերադառնալ իրենց մեծ ուսուցչի մոտ, քանի որ լուր էր տարածվել, թե Վեհագույնը մահացու հիվանդ է և շուտով իր վերջին մարդկային մահով է մահանալու՝ նախքան հավիտենական ապաշխարանքին արժանանալը: Շատ չանցած՝ հայտնվեց ուխտագնաց կրոնավորների մի նոր թափոր, հետո էլ՝ մեկ ուրիշը, և ինչպես վանականները, այնպես էլ՝ մնացյալ ճամփորդներն ու թափառականները այլ բանի մասին չէին խոսում, բայց միայն Գոթամայի ու նրա մոտալուտ մահվան: Եվ ինչպես ռազմական արշավանքի կամ թագավորի թագադրման ժամանակ ամեն տեղից ու բոլոր կողմերից գալիս ու գալիս էին մարդիկ և մրջյունների պես պարսեր կազմելով իրար գլխի հավաքվում, այդպես հորձանք տալով հոսում էին նրանք՝ ասես կախարդանքից դյութված, դեպի այնտեղ, ուր մեծն Բուդդան իր մահվանն էր սպասում, ուր մեծագույն իրադարձությունն էր տեղի ունենալու և տվյալ դարաշրջանի մեծագույն Կատարելությունը հանգիստ էր առնելու օրհնության գրկում:
Այդ օրերին Սիդհարթան շատ էր մտածում մահամերձ իմաստունի մասին, այն մեծագույն ուսուցչի, որի ձայնը խրատում էր ժողովուրդներին ու հարյուր-հազարավորների արթնություն էր պարգևել, որի ձայնին մի ժամանակ ինքն էլ էր երանությամբ անսացել, որի սուրբ հայացքին ինքն էլ մի ժամանակ ակնածանքով նայել էր: Հաճելի զգացողություններով հիշում էր նա այն ժամանակների մասին, իր աչքերի առաջ տեսնում էր ուսուցչի անցած կատարելության ճանապարհը, և ժպիտը դեմքին մտաբերում էր այն խոսքերը, որոնք մի ժամանակ ինքը, տակավին պատանյակ, ուղղել էր նրան՝ Վեհագույնին: Դրանք, թվաց իրեն, հպարտ ու տարիների հեռվից եկող խելացի խոսքեր էին, այսպես ժպիտը դեմքին հիշում էր նա: Վաղուց արդեն նա հասկացել էր, որ իրեն ոչինչ չէր բաժանում Գոթամայից, որի ուսմունքը, սակայն, ինքը չէր կարողացել ընդունել: Ո՛չ, ոչ մի ուսմունք չի կարող ընդունել ճշմարիտ որոնողը, նա, որ ճշմարտապես գտնել է ցանկանում: Սակայն նա, ով արդեն գտել է, նա կարող է ամենայն ուսմունք ընդունել, ամեն ճանապարհ, յուրաքանչյուր նպատակ, իրեն այլևս ոչինչ չի բաժանում բոլոր այն հազարավոր մյուսներից, որոնք հավերժի մեջ են ապրում, որոնք աստվածայինն են ներշնչում:
Օրերից մի օր էլ, երբ շատերն էին ուխտագնացություն կատարում դեպի մահամերձ Բուդդայի օթևանը, նրա մոտ ուղևորվեց նաև Քամալան, երբեմնի գեղեցկագույնը դշխոների մեջ: Նա վաղուց էր հրաժեշտ տվել իր նախկին կյանքին, իր պարտեզը նվիրել էր Գոթամայի վանականներին, ապաստան էր գտել նրա ուսմունքում, դարձել էր ուխտագնացներին օժանդակող մեկը, նրանց հոգատար ընկերուհին ու բարերարը: Մանուկ Սիդհարթայի՝ իր որդու հետ միասին, Գոթամայի մոտալուտ մահվան լուրն առնելուն պես, Քամալան ճանապարհ ընկավ դեպի այնտեղ, համեստագույն զգեստներով, ոտքով: Այսպես՝ որդու հետ միասին նա քայլում էր գետի ափով, սակայն փոքրիկը շուտով հոգնեց, ասելով, որ ցանկանում է տուն վերադառնալ, հանգիստ առնել, որ ինքը քաղցած է, այսպես երեխան դարձավ կամակոր ու ձայնը գլուխն էր գցել: Երեխայի պատճառով Քամալան ստիպված էր հաճախակի կանգ առնել ճանապարհներին, հանգստանալ, երեխան սովոր էր իր կամքը պարտադրել նրան, կերակրել մանկանը, սփոփել, երբեմն կշտամբել նրան: Փոքրիկ Սիդհարթան չէր հասկանում, թե ինչու՞ ինքը պետք է իր մոր հետ կատարի այս դժվարին ու ձանձրալի ուղևորությունը, ճանապարհվի մի անծանոթ վայր, օտար մի մարդու մոտ, որը սուրբ էր և պատրաստվում էր մահանալ: Մահանում է, թող մահանա, իրեն դա որքանո՞վ է վերաբերում:
Ուխտագնացներն արդեն այնքան էլ հեռու չէին Վասուդևայի լաստանավից, երբ փոքրիկ Սիդհարթան մեկ անգամ էլ ստիպեց մորը կանգառ անել, հանգստանալ: Ինքը՝ Քամալան էլ հոգնել էր, և մինչ երեխան ախորժակով բանան էր ուտում, մայրը պառկեց գետնին, փոքր-ինչ փակեց աչքերը ու անձնատուր եղավ խաղաղավետ հանգստին: Հանկարծ նա մի սարսափելի ճիչ արձակեց, երեխան զարհուրած նրան էր նայում և տեսավ, թե ինչպես էր մոր դեմքը սարսափից գունատվել, տեսավ նրա շրջազգեստի տակից դուրս սողացող փոքրիկ, սևամարմին օձին, որը խայթել էր Քամալային:
Անմիջապես երկուսով վազեցին ճանապարհի ուղղությամբ՝ մարդ գտնելու հույսով, և արդեն ուր որ է մոտեցել էին լաստանավին, երբ Քամալան գետնին տապալվեց, քանի որ այլևս անկարող էր առաջ ընթանալ: Երեխան, սակայն, մի սարսափելի ճիչ արձակեց, այդ ընթացքում համբուրելով ու գրկելով իր մորը, վերջինս էլ սկսեց բղավել ու օգնության կանչել, մինչև որ նրանց ձայները հասան Վասուդևայի ականջին, որ կանգնած էր լաստանավի կողքին: Նա նետվեց ձայների ուղղությամբ, կնոջը ձեռքերի մեջ առավ, դրեց լաստանավին, երեխան էլ հետևներից այնտեղ ցատկեց, և շուտով նրանք հասան այն խրճիթը, ուր օջախի կողքին կանգած էր Սիդհարթան ու կրակ էր վառում: Նա բարձրացրեց հայացքը և սկզբում տեսավ երեխայի դեմքը, որն իրեն տարօրինակ կերպով ծանոթ թվաց, ինչ-որ մոռացված մի բան հիշեցնող: Հետո նա տեսավ Քամալային ու անմիջապես էլ ճանաչեց նրան, թեև վերջինս անգիտակից վիճակում պառկած էր լաստավարի ձեռքերի մեջ: Հիմա նա հասկացավ, որ այդ երեխան, որի դեմքն իրեն այնքան ծանոթ էր թվում, իր սեփական որդին է, ու նրա սիրտը թպրտաց կրծքի տակ:
Քամալայի վերքը լվացին, սակայն նա արդեն սև գույն էր ստացել ու մարմինն էլ ուռչելով փքվել էր, նրան դեղամիջոց տվեցին խմելու: Նա գիտակցության եկավ: Քամալան պառկած էր Սիդհարթայի անկողնուն, խրճիթում, և նրա վրա խոնարհված կանգած էր Սիդհարթան, որ մի ժամանակ այնքա՜ն սիրում էր նրան: Այդ ամենը նրան որպես երազ պատկերացավ, ժպտալով նայում էր Քամալան իր բարեկամի դեմքին, հետո կամաց-կամաց եղելությունը հասկացավ, հիշեց խայթոցի մասին ու տագնապած ձայն տվեց երեխային:
- Նա այստեղ է՝ քեզ մոտ, մի՛ անհանգստացիր,- ասաց Սիդհարթան:
Քամալան նայեց նրա աչքերի մեջ: Հետո խոսեց՝ դժվարությամբ շարժելով լեզուն, որ անզգայացել էր թույնից.
- Դու ծերացել ես, սիրելիս,- ասաց նա,- ճերմակել ես: Բայց դու նման ես այն պատանի սամանային, որ շատ տարիներ առաջ, հնամաշ շորերով ու փոշոտ ոտքերով ինձ մոտ՝ իմ այգին եկավ: Դու նրան հիմա ավելի շատ ես նման, քան այն ժամանակ, երբ լքեցիր ինձ ու Կամասվամիին: Քո աչքերը նման են նրա աչքերին, Սիդհարթա: Ա՜խ, ես էլ եմ ծերացել, շա՜տ եմ ծերացել, և ինչպե՞ս միայն դու կարողացար ինձ ճանաչել:
Սիդհարթան ժպտաց.- Ես քեզ անմիջապես ճանաչեցի, Քամալա, սիրելիս:
Քամալան ցույց տվեց երեխային ու ասաց.- Դու ճանաչեցի՞ր նրան: Նա քո որդին է:
Նրա աչքերը թափառող արտահայտություն ստացան ու փակվեցին: Երեխան լալիս էր, Սիդհարթան նստեցրեց նրան իր ծնկներին, թողեց, որ նա լաց լինի, շոյեց նրա մազերը և մանկան դեմքին նայելով՝ նրա միտքն ընկավ մի բրահմանական աղոթք, որը նա ժամանակին սովորել էր, երբ ինքն էլ դեռ մի փոքրիկ երեխա էր: Դանդաղ, երգեցիկ ձայնով, նա սկսեց արտասանել այն, անցյալից ու մանկությունից բառերը եկան-հոսեցին նրա միջով: Եւ նրա երգի հնչյունների ներքո երեխան հանգստացավ, մի երկու անգամ վեր թռավ ու քնեց: Սիդհարթան նրան դրեց Վասուդևայի անկողնուն: Վասուդևան կանգնել էր օջախի մոտ ու բրինձ էր եփում: Սիդհարթան բարեկամաբար ժպտաց նրան, որին Վասուդևան փոխադարձեց ժպիտով:
- Նա կմահանա,- կամացուկ ասաց Սիդհարթան: Վասուդևան գլխով արեց: Նրա բարյացկամ դեմքի վրայով վազեց օջախի կրակի արտացոլքը:
Քամալան մեկ անգամ էլ գիտակցության եկավ: Ցավը աղճատել էր նրա դեմքը, Սիդհարթայի աչքը կարդաց նրա բերանին, նրա գունատված այտերին խաղացող տառապանքը: աղաղ կարդում էր նա Քամալային պաշարած ցավերը, սպասումին տրված, ընկղմված այդ ցավերի մեջ: Քամալան զգում էր դա, աչքերը նրա հայացքն էին որոնում:
Հայացքը նրան ուղղելով՝ ասաց Քամալան.- Հիմա ես տեսնում եմ, որ քո աչքերն էլ են փոխվել: Նրանք հիմա բոլորովին ուրիշ են: Ինչի՞ց եմ, սակայն, ես իմանում, որ դու Սիդհարթան ես: Այդ դու ես, բայց նաև դու չես:
Սիդհարթան ոչինչ չխոսեց. խաղաղ նայում էին նրա աչքերը Քամալայի աչքերի մեջ:
- Դու հասա՞ր քո նպատակին,- հարցրեց Քամալան,- դու գտա՞ր խաղաղությունը:
Սիդհարթան ժպտաց և իր ձեռքը դրեց նրա ձեռքի վրա:
- Ես դա տեսնում եմ,- ասաց Քամալան,- տեսնում եմ: Ես էլ խաղաղություն կգտնեմ:
- Դու այն գտել ես,- շշնջաձայն խոսեց Սիդհարթան:
Քամալան ակնդետ նրա աչքերին էր նայում: Նա մտածեց այն մասին, որ ինքը ցանկանում էր ուխտի գնալ Գոթամայի մոտ՝ Կատարյալի հայացքը տեսնելու նպատակով, ներշնչելու համար նրանից ճառագող խաղաղությունը և փոխարենը, ահա, տեսնում է Սիդհարթայի հայացքը և դա նույնքան լավ է, որքան եթե ինքը Գոթամայի հայացքը տեսնելիս լիներ: Նա ուզում էր դա Սիդհարթային ասել, սակայն նրա լեզուն այլևս իրեն չէր հնազանդվում: Լուռ նայում էր նա Սիդհարթային և Սիդհարթան նրա աչքերում տեսավ, թե ինչպես էր նրանցում կյանքը աստիճանաբար մարում: Երբ վերջին ցավը առկայծեց Քամալայի աչքերում ու հանգեց, երբ վերջին սարսուռը անցավ նրա մարմնով, Սիդհարթայի մատները փակեցին նրա ակնակոպերը:
Երկար նստել էր Սիդհարթան ու նայում էր նրա ասես քնի մեջ ընկղմված դեմքին: Երկար զննում էր նա Քամալայի բերանը, նրա ծերացած ու հոգնած բերանը՝ ավելի նեղացած շրթունքներով և հիշում էր, որ ինքը, իր կյանքի գարնանային տարիներին, այդ բերանը համեմատել էր թարմ բացված թզի հետ: Երկար նստել էր նա ու կարդում էր նրա գունատ դեմքը, հոգնած խորշոմները, ինքն էլ լցվում էր այդ հայացքով, հետո տեսավ իր սեփական դեմքը՝ նույն դիրքում պառկած, նույնպես գունատ, նույնպես հանգած, և միաժամանակ տեսնում էր իր ու նրա դեմքերը երիտասարդ, կարմիր շրթունքներով, վառվռուն աչքերով, և ներկայի ու անցյալի միաժամանակության զգացումը, հավերժության զգացումը պաշարեց նրան ամբողջովին: Այդ ժամին նա խորությամբ զգաց, շատ ավելի խորը, քան երբևէ, յուրաքանչյուր կյանքի անկործանելիությունը, յուրաքանչյուր ակնթարթի հավերժությունը:
Երբ նա վեր կացավ, Վասուդևան նրա համար բրնձի կերակուր էր պատրաստել: Սակայն Սիդհարթան հրաժարվեց ուտելիքից: Փարախում, ուր իրենց այծն էր փակված, երկու ծերունիները գցեցին իրենց ծղոտե անկողինը և Վասուդևան պառկեց քնելու: Սիդհարթան, սակայն, դուրս եկավ և գիշերն անցկացրեց խրճիթի առաջ նստած, գետի ձայնին ունկնդիր, շուրջառված անցյալի հիշատակներով, մի և նույն պահի մեջ վերապրելով իր կյանքի բոլոր ժամանակաշրջանները: Միայն երբեմն-երբեմն նա վեր էր կենում նստած տեղից, խրճիթի դռնակից ներս մտնում ու ականջ էր դնում, թե արդյո՞ք քնած էր երեխան:
Վաղ առավոտյան, երբ դեռ արեգակը չէր ծագել, Վասուդևան դուրս եկավ փարախից ու մոտեցավ իր բարեկամին:
- Դու չես քնել,- ասաց նա: - Ոչ, Վասուդևա: Ես նստել էի այստեղ ու ունկնդրում էի գետին: Շատ բաներ ասաց նա ինձ, նա լիուլի լցրեց ինձ իր փրկարար գաղափարներով, միասնության գաղափարով:
- Քեզ դժբախտություն է պատահել, Սիդհարթա, բայց ես տեսնում եմ, որ ցավը չի թափանցել քո սրտի մեջ:
- Ո՛չ, սիրելիս, ինչպե՞ս ես կարող եմ տխրել: Ես, որ հարուստ էի ու երջանիկ, հիմա շատ ավելի հարուստ ու երջանիկ դարձա: Ինձ նվեր տրվեց իմ որդին:
- Ես էլ շատ ուրախ եմ քո որդու հայտնության համար: Բայց հիմա, Սիդհարթա, մենք պետք է աշխատանքի գնանք, շատ գործ կա անելու: Քամալան մահացավ այն նույն անկողնու վրա, ուր ժամանակին իմ կինն էր մահացել: Հենց այն նույն բլրի վրա էլ մենք կվառենք Քամալայի խարույկը, ուր ես ժամանակին իմ կնոջ խարույկն եմ վառել:
Մինչ երեխան դեռ քնած էր, խարույկն արդեն պատրաստ էր:
=== ՈՐԴԻՆ ===
Վախվորած ու հեկեկալով՝ որդին մասնակցեց իր մոր հուղարկավորությանը, խոժոռ ու երկյուղած նա լսում էր Սիդհարթային, որն իրեն որպես իր որդուն ողջունեց ու բարի գալուստ մաղթեց նրան Վասուդևայի տանը: Գունատ ու լուռ՝ նա օրերով նստում էր մահացածի գերեզմանաթմբին, ոչինչ չէր ուզում ուտել, դեմքը շրջում էր հորից, սիրտը փակ էր պահում, պաշտպանվելով ու բողոքելով իրեն վիճակված ճակատագրից:
Սիդհարթան խնայողաբար ու ներողամտորեն էր վերաբերում նրան, հարգանքով լցված նրա վշտի հանդեպ: Սիդհարթան հասկանում էր, որ իր որդին իրեն չի ճանաչում, որ նա չի կարող իրեն սիրել որպես հոր: Կամաց-կամաց նա տեսնում ու հասկանում էր նաև, որ այդ տասնմեկամյա տղան երես առած երեխա էր, մոր փափկասուն ձեռքի տակ մեծացած, որ հասակ էր առել հարստության մեջ, նուրբ կերակուրներին վարժված, փափուկ անկողնուն սովոր, սպասավորներին կարգադրություններ տալուն ընտելացած: Սիդհարթան հասկացավ, որ սգացող ու փափկասուն երեխան չի կարող հանկարծակի ու ինքնակամ համակերպվել, գոհանալ իրեն օտար ու թշվառ միջավայրին: Այդ պատճառով Սիդհարթան նրան չէր հարկադրում որևէ բան անել, ինքն էր շատ գործեր անում նրա փոխարեն, միշտ լավագույն պատառն էր նրա առաջը դնում: Նա հույս էր փայփայում կամաց-կամաց, փաղաքշանքով ու համբերատարությամբ նրա սերը շահել:
Նա իրեն հարուստ ու երջանիկ էր համարում երեխայի հայտնության կապակցությամբ: Բայց քանի որ ժամանակն անցնում էր ու երեխան մնում էր օտարոտի ու մռայլ, ի ցույց դնելով իր հպարտ ու հակառակվող, համառ սիրտը, ոչինչ չէր ցանկանում անել, ծերունիների նկատմամբ հարգանք չէր տածում, ամայացնում-փչացնում էր Վասուդևայի մրգատու ծառերը, այդժամ Սիդհարթան սկսեց հասկանալ, որ իր որդին բոլորովին էլ երջանկություն ու անդորր չբերեց իրեն, այլ միայն ցավ ու հոգս: Բայց նա սիրում էր նրան, և իր համար ավելի սիրելի էր իր սիրուց ծնված ցավն ու հոգսը, քան երջանկությունն ու խաղաղությունը՝ առանց իր որդու:
Այն պահից սկսած, երբ երեխան իրենց հետ՝ խրճիթում էր ապրում, ծերունիները աշխատանքի բաժանում կատարեցին: Վասուդևան նորից միայնակ իր ձեռքն առավ լաստանավի կառավարման պաշտոնը, իսկ Սիդհարթան՝ իր որդու կողքին լինելու նպատակով, ստանձնեց տնային ու դաշտային աշխատանքները:
Երկար ժամանակ, երկար ու ձիգ ամիսներ սպասում էր Սիդհարթան, որ որդին կհասկանա իրեն, կընդունի իր սերը, գուցե նաև կպատասխանի փոխադարձությամբ: Երկար ամիսներ սպասում էր նաև Վասուդևան, տեսնում էր ամեն ինչ, սպասում էր ու լռում: Մի օր էլ, երբ կրտսեր Սիդհարթան նորից շատ տանջեց հորը իր կամակորությամբ ու քմահաճ համառությամբ և կոտրեց նրա բրնձեղենի զույգ պնակները, Վասուդեւան երեկոյան կողմ իր բարեկամին մի կողմ տարավ և խոսեց նրա հետ.
- Կներե՛ս ինձ,- ասաց նա,- սակայն բարեկամի սրտով ես ուզում եմ խոսել քեզ հետ: Ես տեսնում եմ, որ դու տանջվում ես, տեսնում եմ, որ մեծ վշտի մեջ ես: Քո որդին, սիրելի՛ս, քեզ հոգսեր է պատճառում, ճիշտն ասած՝ նաև ինձ: Մեկ ուրիշ կյանքի, ուրիշ մի բնի է պատանի թռչնակը վարժվել: Դու հրաժարվեցիր քաղաքից ու հարստությունից ու փախար նրանցից՝ նողկանքից ու գերհագեցումից դրդված, մինչդեռ քո որդին հարկադրված էր հակառակ իր կամքի լքել այդ ամենը: Ես հարցրեցի գետին, բարեկամս, ես շատ անգամներ եմ նրան հարցրել: Սակայն գետը ծիծաղում է, ծիծաղում է իմ վրա, իմ և քո վրա, մեր հիմարամտության վրա: Ջուրը ձգտում է ջրին, երիտասարդությունը ձգտում է երիտասարդության, քո որդին այնտեղ չի գտնվում, որն անհրաժեշտ է իրեն ծաղկումի համար: Ինքդ էլ կարող ես գետին հարցնել, լսի՛ր, թե ինչ կասի նա քեզ...
Դառնությամբ Սիդհարթան նայեց նրա բարեկամական դեմքին, որի անհամար խորշոմների մեջ կայտառությունն ու ուրախությունն էին մշտապես բնակվում:
- Ինչպե՞ս կարող եմ ես նրանից բաժանվել,- կամացուկ հարցրեց նա ինքն իրեն, հարցրեց շփոթմունքի մեջ ընկած:- Ինձ մի քիչ ժամանակ տուր, սիրելիս... Տե՛ս, ես կռիվ եմ տալիս նրա համար, ամեն գնով ուզում եմ գրավել նրա սիրտը, սիրով ու փաղաքուշ համբերատարությամբ ես ուզում եմ կոտրել նրան: Չէ՞ որ գետը մի օր էլ նրա հետ է խոսելու, չէ՞ որ նա էլ է դրան կոչված:
Վասուդեւայի ժպիտը ավելի ջերմ ու պայծառ դարձավ:
- Օ՜, այո՛, նա էլ է կոչվածներից, նա էլ է պատկանում կյանքի հավերժական ընթացքին: Սակայն գիտե՞նք արդյոք մենք, դու և ես, թե ինչի՞ է նա կոչված, ի՞նչ ճանապարհ է նրան սպասվում, ինչպիսի՞ գործեր և ի՞նչ տառապանքներ: Նրան քիչ տառապանքներ չեն սպասում կյանքում, քանզի հպարտ ու դաժան է նրա սիրտը, շատ տառապանքներ են բաժին ընկնելու նրան, շատուշատ սխալներ, բազմաթիվ անարդարություններ են վիճակվելու իրեն, բազմաթիվ մեղքերի ծանրությունից կքելու է նա: Ասա՛ ինձ, սիրելիս, չէ՞ որ դու քո որդուն չես դաստիարակում, չես բռնանում նրա վրա, չէ՞ որ դու նրան չես ծեծում, չես պատժում նրան:
- Ո՛չ, Վասուդևա, քո թվարկածներից ոչ մեկը ես չեմ անում:
- Այդպես էլ գիտեի: Դու նրա վրա չես բռնանում, չես ծեծում նրան, նրան չես կարգադրում, քանի որ դու գիտես, որ փափուկն ավելի ամուր է, քան կոշտը, ջուրն ավելի ուժեղ է ժայռից, սերն ուժեղ է բռնությունից: Շատ լավ է, ես գովում եմ քո այդ վարվելակերպը: Սակայն արդյոք սխալմունք չէ՞ քո կողմից, որ դու նրա վրա չես բռնանում, չես պատժում նրան: Արդյոք դու նրան չե՞ս կապում քո սիրո շղթաներով: Արդյոք դու նրան չե՞ս ամաչեցնում ամենայն օր, ճնշում չե՞ս բանեցնում նրա հանդեպ քո այդ բարությամբ ու համբերատարությամբ: Չէ՞ որ դու ստիպում ես նրան, գոռոզամիտ ու երես առած տղային, ապրել խրճիթում՝ բանաններով սնվող երկու ծերունիների հետ նույն հարկի տակ, որոնց համար բրինձն անգամ անուշահամ կերակուր է, որոնց մտքերը չեն կարող իրենը լինել, սրտերն էլ՝ ծեր են, իրենից տարբեր, տրոփում են թույլ ու հանդարտ, բոլորովին այլ կերպ: Այս ամենը մի՞թե նրա համար հարկադրանք չէ ու պատիժ:
Հուզված ու շփոթահար՝ Սիդհարթան աչքերը խոնարհեց: Հետո կամացուկ հարցրեց.- Այդ դեպքում դու ի՞նչ ես կարծում, ես ի՞նչ պետք է անեմ:
Վասուդևան ասաց.- Նրան ետ տար քաղաք, վերադարձրու իր մոր տունը, այնտեղ պետք է, որ դեռ սպասավորներ մնացած լինեն, հանձնի՛ր որդուդ նրանց: Իսկ եթե ոչ ոք չլինի, տար նրան ուսուցչի մոտ, բայց ոչ բնավ սովորելու սիրույն, այլ որպեսզի նա ընկնի ուրիշ տղաների ու աղջիկների շրջապատը, ա՛յն աշխարհը, որն իրենն է, որին պատկանում է նա: Դա բնավ չի՞ անցել քո մտքով:
- Դու տեսնում ես բովանդակ իմ սիրտը,- տխուր խոսեց Սիդհարթան:- Ես շատ հաճախ եմ մտածել այդ մասին: Բայց ահա՛, տե՛ս, ինչպե՞ս կարող եմ ես նրան, որ առանց այն էլ փափուկ սիրտ չունի, հանձնել այս աշխարհին: Արդյոք նա ավելի չի՞ մեծամտանա, անձնատուր չի՞ լինի արդյոք հաճույքներին ու իշխանությանը, չի՞ կրկնի արդյոք իր հոր գործած բոլոր սխալները, այդպես գուցե նա ամբողջությամբ կուլ գնա սանսարային ու կործանվի վերջնականապես:
Ավելի լուսապայծառ էր փայլում լաստավարի ժպիտը, նա նրբորեն դիպավ Սիդհարթայի ձեռքին ու ասաց.
- Այդ մասին գետին հարցրու, բարեկամս: Տես, թե ինչպե՞ս նա կծիծաղի քո հարցի առթիվ... Չլինի՞ թե դու իսկապես մտածում ես, թե քո բաժին հիմարություններն ու սխալները գործելով դու կարող ես ետ պահել որդուդ նույնը կրկնելու՞ց: Եւ ինչպե՞ս դու կարող ես քո որդուն պաշտպանել սանսարայից: Ինչպե՞ս: Ուսմա՞մբ, աղոթքո՞վ, խրատներով կամ հորդորներո՞վ: Սիրելիս, չլինի՞ թե դու բոլորովին մոռացել ես այն պատմությունը, այն խիստ ուսանելի պատմությունը բրահմանի որդի Սիդհարթայի մասին, որը դու շատ ժամանակ առաջ, հենց այս նույն տեղում, պատմել ես ինձ: Ո՞վ պաշտպանեց, ո՞վ ետ պահեց սամանա Սիդհարթային սանսարայից, մեղքից, ընչաքաղցությունից, խենթությունից: Մի՞թե նրան ետ պահեցին իր հոր բարեպաշտությունը, իր ուսուցիչների հորդորները, իր սեփական գիտելիքները, սեփական որոնումները: Այդ ո՞ր հայրը, ո՞ր ուսուցիչը նրան ետ պահեց դրանից, իր սեփական կյանքը վերապրելուց, իր կյանքով կենաց աղտեղությունն ընդունելուց, իր սեփական մեղքերը գործելուց, ինքն իր սեփական ձեռքով դառը ըմպելիքն ընդունելուց, իր սեփական ճանապարհը գտնելուց: Մի՞թե դու կարծում ես, սիրելիս, թե այդ նույն ճանապարհն անցնելը ինչ-որ մեկի համար բացառություն է լինելու, ինչ-որ մեկը խուսափելու է դառնության թասը պարպելուց: Եվ որ այդ բացառությունը քո որդի՞ն է լինելու, հենց միայն նրա համար, որովհետև դու նրան սիրու՞մ ես, որովհետև դու ցանկանում ես նրան ե՞տ պահել ցավից ու տառապանքից, այլև հուսախաբությունից: Բայց եթե նույնիսկ տասնյակ անգամներ հանուն նրա դու մահն ընդունես, միևնույն է՝ դու դրանով չես կարողանա նրան սպասվող ճակատագրի դույզն-ինչ մի մասնիկից ազատել նրան:
Վասուդևան դեռևս երբեք այսքան երկար չէր խոսել: Սիդհարթան բարեկամաբար շնորհակալություն հայտնեց նրան, վշտացած սրտով խրճիթը մտավ և երկար ժամանակ չէր կարողանում քնել: Վասուդևան նրան այնպիսի մի բան չէր ասել, ինչի մասին ինքն արդեն մտածած չլիներ ու չիմանար: Բայց այդ իր իմացածը նա ի վիճակի չէր գործնականում կիրառել, այդ իմացությունից ավելի ուժեղ էր իր սերը որդու հանդեպ, ավելի ուժեղ էր նրա հանդեպ իր տածած քնքշանքը, իրեն պաշարած՝ որդուն կորցնելու վախը: Պատահե՞լ է արդյոք, որ ինքը որևէ մեկին այդ աստիճան իր սիրտը նվիրաբերի, պատահե՞լ է արդյոք, որ ինքը այնքան շատ սիրի մի մարդու, այնպես կուրորեն, այնպես տառապագին, առանց փոխադարձության նշույլի և սակայն իրեն այնքա՜ն երջանիկ զգա:
Սիդհարթան չկարողացավ հետևել իր բարեկամի խորհրդին, նա ի վիճակի չէր բաժանվել որդուց: Նա թույլ տվեց տղային կարգադրել իրեն, անհարգալից վերաբերվել իր հանդեպ: Նա լռում ու սպասում էր, ամեն աստծու օր վերսկսելով համբերատարության համր ու մունջ պատերազմը: Վասուդևան ևս լռում էր ու սպասում, բարեկամական զգացումով տոգորված, ամեն ինչ հասկանալով, ներողամիտ համբերատարությամբ: Համբերության հարցում նրանք երկուսն էլ անգերազանցելի վարպետներ էին:
Մի անգամ, երբ մանկան դեմքը իրեն առավել քան երբևէ հիշեցրեց Քամալային, Սիդհարթան հանկարծ մտաբերեց այն բառերը, որ մի ժամանակ, իր երիտասարդության տարիներին, Քամալան ուղղել էր իրեն. «Դու անկարող ես սիրել», ասել էր նա իրեն, և ինքը համաձայնվելով նրա հետ՝ իրեն համամատել էր մի աստղի և երեխա-մարդկանց էլ՝ ընկնող տերևների հետ, և այնուամենայնիվ Քամալայի խոսքերում նա որսացել ու զգացել էր հանդիմանության պես մի բան: Իսկապես, նա երբեք ամբողջությամբ, ինքնամոռացության աստիճան անձնատուր չէր եղել մեկ ուրիշ մարդու, մեկ ուրիշի համար երբեք սիրո խենթությանը չէր տրվել: Նա իրեն դրան անընդունակ էր համարում, և հենց դա էր, ինչպես այն ժամանակ թվում էր իրեն, այն մեծագույն զանազանությունը, որ գոյություն ուներ իր և երեխա-մարդկանց միջև: Սակայն այժմ, իր որդու հայտնությունից ի վեր, հիմա ինքն էլ՝ Սիդհարթան, մի իսկական երեխա-մարդ էր դարձել. նա տառապում էր մեկ ուրիշի պատճառով, մեկ ուրիշին էր սիրում, ամբողջությամբ տրվելով այդ սիրույն, նույն այդ սիրո պատճառով խենթություններ կատարելով: Հիմա նա ինքն էլ զգում էր, թեև ուշացած, իր կյանքում առաջին անգամը լինելով, այդ ամենահզոր ու արտասովոր, այդ տարօրինակ կիրքը, տառապում էր նրա պատճառով, անասելիորեն տառապում, և սակայն իրեն երջանիկ էր զգում, մի տեսակ ասես նորացված, մի ինչ-որ բանով ավելի հարստացած:
Նա անշուշտ զգում էր, գիտակցում, որ իր որդու հանդեպ տածած այդ կույր սերը ընդամենը մի կիրք է, մի շատ մարդկային թուլություն, որ այն... սանսարա է, պղտոր մի աղբյուր, թանձր ու մուգ մի ջուր: Բայց, միաժամանակ, նա զգում էր, որ այն բոլորովին էլ արժեքից զուրկ չէր, որ այն նույնիսկ անհրաժեշտություն էր, որ գալիս էր իր սեփական հոգու խորխորատներից: Այդ հաճույքը նույնպես հարկավոր էր քավել, այդ տառապանքները պետք էր ճաշակել, այդ խենթություններն էլ պետք էր անել:
Ահա այդպես որդին, այս ամբողջ ընթացքում ստիպում էր նրան այդ խենթություններն անել, ստիպում էր, որ հայրն իր քմահաճույքները կատարի, համակերպվի իր կամակորությունների հետ: Այդ հայր կոչվածը չուներ ոչինչ, որ գրավեր, շլացներ տղային կամ վախ ներշնչեր նրան: Այդ հայր կոչվածը ընդամենը մի բարեսիրտ մարդ էր, բարի, քնքուշ, հեզաբարո մի մարդ, գուցե և շա՜տ բարեպաշտ, գուցե նույնիսկ սուրբ, սակայն դրանք այն հատկանիշները չէին, որ կարող էին շլացնել, հրապուրել տղային: Այդ հայրն իրեն ձանձրալի էր թվում, նա իրեն ասես գերի էր պահում իր այդ թշվառ խրճիթում: Նա իրեն զզվեցրել էր ու ձանձրացրել, իսկ այն, որ իր կատարած յուրաքանչյուր զազրելի արարք ժպիտով էր ընդունում, իր ամեն հանդիմանական արտահայտությանը պատասխանում էր սիրալիր խոսքերով, ամեն չարության բարությամբ պատասխանում, ահա հենց դա էլ երեխային պատկերանում էր որպես այդ խարդախ ծերունու կողմից խաղարկվող ամենաատելի, նենգմիտ խորամանկությունը: Երեխայի համար ավելի հաճելի կլիներ սպառնալիքներ լսել նրանից, նրա կոպիտ վերաբերմունքին արժանանար, թեկուզ պատիժներ կրեր:
Բայց ահա եկավ այն օրը, երբ պատանի Սիդհարթայի զգացմունքները պայթեցին և նա բացահայտ կերպով հանդես եկավ իր հոր դեմ: Հայրն իրեն ցախ հավաքելու հանձնարարություն էր տվել: Տղան սակայն խրճիթից դուրս չէր գալիս, նա կանգնել էր համառ ու զայրացած տեսքով, ոտքերով դոփում էր հատակին, բռունցքները սեղմած ու կատաղության բռնկման պահին հոր դեմքին նետեց իր ողջ ատելությունն ու նողկանքը.
- Ինքդ գնա քո ցախի ետևից,- բղավեց նա մոլեգնած,- ես քո ծառան կամ ստրուկը չեմ: Ես գիտեմ, որ դու ինձ չես ծեծի, դու այդքան համարձակություն չունես: Ես գիտեմ, որ դու քո այդ բարեպաշտությամբ ու ներողամտությամբ ցանկանում ես ինձ մշտապես պատժել ու ստորացնել: Դու ցանկանում ես, որ ես էլ քեզ նման մեկը դառնամ, քեզ պես բարեպաշտ, քեզ պես քնքուշ, քեզ պես իմաստուն... Սակայն իմացա՛ծ եղիր, որ հենց քեզ հակառակ՝ ես ավելի շուտ փողոցային ավազակ ու մարդասպան կդառնամ, դժոխքի բաժին կլինեմ, քան թե քեզ նման մեկը կդառնամ... Ես ատում եմ քեզ, դու իմ հայրը չես, թեկուզ և հարյուր անգամ էլ իմ մոր սիրեցյալը եղած լինես...
Հաջորդ առավոտյան, սակայն, նա անհետացել էր: Նրա հետ էլ անհետացել էր նաև փոքրիկ, երկգույն ծառակեղևից հյուսկեն կողովը, որին լաստավար ծերունիներն ի պահ էին տվել իրենց պղնձե ու արծաթյա դրամները, որ իրենք որպես վարձատրություն էին ստացել գետանցի աշխատանքների դիմաց: Անհետացել էր նաև լաստանավը, Սիդհարթան նշմարեց այն հանդիպակաց ափի մոտ: Տղան փախուստի էր դիմել:
- Ես պետք է հետևեմ նրան,- ասաց Սիդհարթան, որը տղայի առաջ ունեցած երեկվա հանդիմանական ճառից հետո դեռևս ցավից մղկտալով դողում էր:- Երեխան միայնակ չի կարող անտառում ճանապարհ գտնել: Նա կմոլորվի: Մենք պետք է նոր լաստանավ շինենք, Վասուդևա, որպեսզի կարողանանք գետն անցնել:
- Մենք պետք է փոքրիկ մի լաստ շինենք,- ասաց Վասուդևան,- հասնելու համար մեր լաստանավին, որ երեխան է փախցրել: Բայց դու նրան պետք է թողնես փախչի, մի՛ հետապնդիր նրան, բարեկամս, նա այլևս երեխա չէ, նա կարող է իր գլուխը պահել: Նա քաղաքի ճանապարհն է փնտրում, և նա իրավացի է, մի՛ մոռացիր դա: Նա անում է այն, ինչը դու պետք է անեիր: Նա ինքն է հոգ տանում իր մասին, նա ընթանում է իր ճանապարհով: Ա՜խ Սիդհարթա, ես տեսնում եմ քո տառապանքը, բայց դու տառապում ես ցավերից, որոնց առթիվ ծիծաղել կարելի է միայն, որոնց կապակցությամբ ինքդ էլ շատ շուտով ծիծաղելու ես:
Սիդհարթան չպատասխանեց: Նա անմիջապես ձեռքն առավ տապարը և սկսեց բամբուկից լաստ սարքել, Վեսուդևան օգնում էր նրան՝ ծառացողունները սիզախոտերով հյուսելու գործում: Ապա նրանք դիմացի ափն հասան, բայց քանի որ գետը ցած էր քշում լաստը, նրանք ստիպված էին գետափի երկայնքով հոսանքին ի վեր՝ հակառակ ուղղությամբ քարշ տալ լաստը:
- Ինչու՞ ես տապարը հետդ վերցրել,- հարցրեց Սիդհարթան:
Վասուդևան ասաց.- Կարող է պատահել, որ մեր լաստանավի թին կորած լինի:
Սիդհարթան, սակայն, հասկանում էր, թե ինչ կա իր բարեկամի մտքին: Նա մտածում էր, թե տղան թին մի կողմ նետած կամ կոտրած կլիներ՝ իրենցից վրեժ լուծելու համար և խանգարելու իրենց, եթե հետապնդում ձեռնարկեին: Իսկապես, պարզվեց լաստանավում ոչ մի թի էլ չկար: Վասուդևան մատնացույց արեց լաստանավի հատակը և ժպիտը դեմքին նայեց բարեկամի կողմը, կարծես ցանկանար ասել. «Մի՞թե դու չես տեսնում, թե ի՞նչ է քո որդին քեզ ցանկանում ասել: Չե՞ս տեսնում, որ նա չի ուզում, որ հետապնդեն իրեն»: Բայց նա այդ ամենը բառերով չասաց: Նա ձեռնամուխ եղավ մի նոր թի պատրաստելու գործին: Սիդհարթան, սակայն, հրաժեշտ տվեց նրան ու ճամփա ընկավ փախստականին որոնելու: Վասուդևան առարկության նշաններ չարեց:
Երբ Սիդհարթան արդեն երկար ժամանակ թափառում էր անտառում, նրան մի միտք այցելեց, որ իր որոնումն անիմաստ ու անօգուտ է: Նա մտածեց՝ կամ տղան վաղուց արդեն անտառից դուրս էր եկել ու քաղաք հասել, կամ էլ, եթե նա դեռևս ճանապարհին էր, ապա թաքնվելու էր իրենից, իրեն հետապնդողից: Այսպես շարունակ մտածելով՝ նա հասկացավ նաև, որ ինքը բնավ հոգ չէր տանում իր որդու մասին, նա իր սրտի խորքում գիտեր, որ որդուն ոչ մի դժբախտություն էլ չէր պատահել և անտառում ոչինչ նրան չէր սպառնում: Բայցևայնպես նա քայլում ու քայլում էր առանց հանգիստ առնելու, սակայն այլևս ոչ թե որդուն փրկելու համար, այլ միմիայն նրան կրկին անգամ տեսնելու ցանկությունից դրդված: Այդպես քայլելով նա հասավ քաղաքի մատույցներին:
Երբ քաղաքի մերձակայքում նա ընդարձակ ճանապարհ ոտք դրեց, հանկարծ կանգ առավ, նա կանգնած էր գեղեցիկ պարտեզի մուտքի առաջ, այն պարտեզի, որ նախկինում Քամալային էր պատկանում, և որտեղ ինքը առաջին անգամ տեսավ նրան պատգարակի վրա: Այն ժամանակվա ապրումները վերակենդանացան նրա հոգում, նա նորից իրեն տեսնում էր այնտեղ կանգնած, երիտասարդ ու առույգ, որպես մորուքավոր ու կիսամերկ մի սամանա, փոշեպատ մազերով: Երկար կանգնել էր Սիդհարթան ու բաց դարպասների միջով պարտեզի խորքն էր նայում, նա տեսավ դեղին սքեմ հագած վանականներ, որ քայլում էին գեղեցիկ ծառերի ներքո:
Երկար կանգնած մնաց նա, մտքերին տրված, աչքերի առաջ տեսնելով իր կյանքի պատկերները, ունկն դնելով անցյալի պատմություններին: Երկար կանգնել էր նա, նայում էր վանականներին, բայց նրանց փոխարեն տեսնում էր պատանի Սիդհարթային, տեսնում էր երիտասարդ Քամալային բարձրաբերձ ծառերի ներքո ճեմելիս: Նա կատարյալ պարզությամբ տեսավ իրեն, տեսավ թե ինչպես էր ինքը Քամալայի հյուրասիրությանն ու պատիվներին արժանանում, ինչպես ինքը Քամալայի առաջին համբույրն ըմբոշխնեց, թե ինչպիսի՜ հպարտությամբ ու արհամարհանքով էր ինքը նայում իր բրահմանական անցյալին, ինչպիսի՜ հպարտությամբ ու տենչանքով էր ձգտում աշխարհիկ կյանքին տրվելու հաճույքին: Նա տեսավ Կամասվամիին, տեսավ սպասավորներին, խնջույքները, զառախաղացներին, երաժիշտներին, տեսավ Քամալայի երգեցիկ թռչունին՝ վանդակի մեջ, վերստին վերապրեց այդ ամենը, շնչեց սանսարայի օդը, կրկին զառամյալ տեսք ընդունեց ու հոգնածություն իջավ վրան, նորից նողկանքով լցվեց, վերստին զգաց այն ժամանակ իրեն համակած սեփական կյանքին վերջ տալու ցանկությունը, նորից վայելեց սրբազան Օմի փրկարար ազդեցությունը:
Բավական տեւական ժամանակ պարտեզի դարպասների առաջ կանգնելուց հետո Սիդհարթան հասկացավ, թե ինչ անհեթեթ ու խելագար ցանկություն էր, որն իրեն այստեղ առաջնորդեց, որ ինքը չէր կարողանալու օգնել իր որդուն, որ ինքը պետք է հանգիստ թողնի նրան: Նա խորությամբ զգաց փախստականի նկատմամբ իր սրտում բուն դրած սիրո զորությունը, որպես թե կենդանի վերք, միաժամանակ հասկանալով, որ այդ վերքն իրեն տրված չէ այն քչփորելու համար, որ պետք է թույլ տալ նրան ծաղկելու, այնպես որ նրանից վերստին լույս ճառագի:
Քանի որ այդ պահին նրա վերքը դեռ չէր ծաղկել, ուստի լույսը դեռ չէր ճառագում, նա թույլ էր ու տխրամած: Այն ցանկություն-նպատակը, որն իրեն այստեղ էր բերել՝ իր ճողոպրած որդու որոնումներում, հիմա փոխակերպվել էր կատարյալ դատարկության: Նա տխուր նստեց գետնին, զգաց, որ ինչ-որ բան մահանում էր իր սրտում, զգաց կատարյալ դատարկությունը, և այլևս ոչ մի ուրախություն չէր տեսնում իր առաջ, ոչ մի նպատակ: Նա նստել էր խորասուզված ու սպասում էր: Այդ բանը նա սովորել էր գետից, միակ այդ բանը. սպասել, համբերել, ունկնդրել: Եվ նա նստել և լսում էր, փողոցի փոշիների մեջ, լսում էր իր սրտի միջով, որ տրոփում էր այնպես հոգնած ու տխուր, սպասելով ինչ-որ ձայնի: Այսպես ժամեր շարունակ նա նստել ու լսում էր, այլևս պատկերներ չէր տեսնում, խարասուզվեց դատարկության մեջ, ամբողջությամբ տրվեց այդ ինքնախորասուզմանը, ճանապարհն էլ անհետացավ նրա հայացքի առաջ: Եվ երբ նա զգաց, որ վերքը սկսել էր ավելի ուժեղ վառվել, նա բարձրաձայն արտաբերեց Օմը, լցվեց Օմով: Այգում ճեմող վանականները տեսան նրան, և քանի որ նա երկար ժամեր կքանստած էր ու նրա ճերմակած մազերին փոշի էր դրել, մեկը մոտեցավ ու երկու բանան դրեց նրա ոտքերի առաջ: Ծերունին չնկատեց նրան:
Այդ քարացած վիճակից նրան արթնացրեց մի ձեռք, որ իր ուսն էր շոշափում: Նա անմիջապես էլ ճանաչեց այդ ձեռքի հպումը, այնքան նուրբ ու ամոթխած, և սթափվեց: Նա վեր կացավ ու ողջունեց Վասուդևային, որն հետևել էր իրեն: Եվ երբ նա նայում էր Վասուդեվայի բարեկամական դեմքին, նրա այն մանրիկ, ասես բարձրաձայն ծիծաղից գոյացած խորշոմներին, նայում էր նրա կայտառ աչքերի մեջ, հանկարծ ինքն էլ ժպտաց: Նա հիմա նկատեց իր առջև ընկած բանանները, վերցրեց դրանք, մեկը տվեց լաստավարին, մյուսն ինքը կերավ: Այնուհետև Վասուդևայի հետ նա վերադարձավ անտառ, լաստանավի մոտ: Նրանցից ոչ ոք չէր խոսում այդ օրը տեղի ունեցածի մասին, ոչ ոք երեխայի անունը չէր տալիս, ոչ ոք չհիշեց նրա փախուստը, ոչ ոք չէր խոսում վերքի մասին: րճիթ հասնելուն պես՝ Սիդհարթան պառկեց իր անկողնուն, և երբ, միառժամանակ անց, Վասուդևան նրա մոտ մտավ՝ մի թաս կոկոսի կաթ առաջարկելու նպատակով, Սիդհարթան արդեն անձնատուր էր եղել քնին:
=== ՕՄ ===
Դեռ երկար վառվում էր նրա վերքը: Շատ ճամփորդների էր նա գետի մյուս ափը տեղափոխում, որոնք, պատահում էր, որ իրենց հետ որդի կամ դուստր էին ունենում, և նրանցից ոչ մեկին նա առանց նախանձի չէր նայում, այդժամ նա մտածում էր. «Այսքան շատ մարդիկ, հազարավորները տեր են այդ ամենաքաղցր երջանկության, բայց ինչու՞ ես դա չունեմ: Նաև չար մարդիկ, գողերն ու ավազակները նույնպես զավակներ ունեն, և սիրում են նրանց ու նրանց կողմից սիրվում, միայն ես եմ զուրկ դրանից»: Այսպես պարզ ու վճիտ, այսպես առանց դատողականության շաղախի մտածում էր նա այժմ, նա, որ հիմա այնքան շատ էր նմանվել երեխա-մարդկանց:
Նա հիմա մարդկանց առաջվանից տարբեր հայացքով էր նայում, նվազ խելամտությամբ, նվազ հպարտությամբ, փոխարենը՝ ավելի ջերմությամբ, ավելի մեծ հետաքրքրությամբ ու կարեկցանքով: Հիմա, երբ նա սովորական ուղևորների էր տեղափոխում՝ երեխա-մարդկանց, առևտրականների, զինվորականների, կանանց խմբերի, այժմ արդեն այդ մարդիկ իրեն այնպես խորթ ու օտար չէին ներկայանում, ինչպես առաջ. նա հասկանում էր նրանց, հասկանում ու կիսում էր նրանց թող որ մտքերի ու մտահանգումների փոխարեն զուտ բնազդային հակումներով ու ցանկություններով առաջնորդվող կյանքը, նա իրեն նրանց պես էր զգում՝ առանց իրեն նրանցից զանազանելու: Չնայած նա արդեն մոտ էր կատարելության սահմանին, և իր վերջին անձնական վերքի պատճառած վիշտն էր վերապրում, սակայն թվում էր, որ այդ երեխա-մարդիկ իր ևբայրներն էին, նրանց սնամեջ ու մանր-մունր ցանկությունները, ծիծաղելի ըղձանքներն ու փափագները այլևս նրա համար դադարել էին այդպիսին լինելուց, կորցրել էին իրենց ծիծաղելիությունը, դարձել էին իրեն ավելի հասկանալի ու սիրելի, անգամ հարգանքի արժանի: Իր մանկան հանդեպ մայրական կույր սերը, միակ որդու ու նրա թվացյալ արժանիքների հանդեպ հայրական հիմար ու կույր հպարտությունը, երիտասարդ, սնափառ կնոջ կուրամիտ ու վայրի մոլուցքը առ զարդեղենն ու պճնանքի առարկաները, տղամարդկանց հիացական հայացքների հանդեպ նրա տենչանքը, ահա այս ամենը, այս բնազդային հակումներն ու մանկամտությունները, բոլոր այդ պարզմիտ ու անհեթեթ, սակայն զարմանալիորեն զորեղ, չափազանց կենսունակ ու բավարարում պահանջող անհագուրդ բնազդներն ու կրքերը Սիդհարթայի համար այլևս մանկամտություններ չէին, նա տեսնում էր, որ մարդիկ ապրում են դրանց բավարարում տալու համար, հանուն նրանց անսահման ճիգ ու ջանք են թափում, ուղևորություններ ձեռնարկում, պատերազմներ մղում, անսահման տառապանքներ ու զրկանքներ կրում, և ինքը հիմա կարողանում էր սիրել նրանց այդ ամենի համար: Նա տեսնում էր կյանքը, կենդանի ու անկործանելի կյանքը, բրահման էր տեսնում մարդկային յուրաքանչյուր կրքի, յուրաքանչյուր արարքի մեջ: Սիրո ու հիացմունքի արժանի էին այդ մարդիկ իրենց կույր հավատարմության ցույցերում, իրենց կույր ուժի ու համառության դրսևորումներում: Ոչինչ չէր պակասում նրանց, նրանց հանդեպ ոչ մի առավելություն չունեին գիտունն ու մտածողը, բացի մեն-միակ, պստլիկ ու աննշան մի բանից. գիտակցությունից՝ ողջ գոյություն ունեցողի միասնության գիտակցված մտքից: Մի պահ անց, սակայն, Սիդհարթան սկսեց տարակուսել, թե արդյո՞ք այդ գիտելիքը, այդ միտք կոչվածը ավելի բարձր արժեք է իրենից ներկայացնում, գուցե այդ գիտելիք կոչվածն էլ զուտ մտածող-մարդկանց մանկամտության արդյունքն է, մտածող-երեխաների մանկական խաղերից մեկը: Մնացած ամեն ինչում աշխարհի մարդիկ հավասար էին իմաստուններին, հաճախ էլ՝ ավելի բարձր, ինչպես որ գազաններն են իրենց անհրաժեշտ կարիքներին հետամուտ համառ ու անկասելի ձգտման մեջ երբեմն-երբեմն մարդկանց շատ ավելի գերազանցող թվում:
Սիդհարթայի մեջ աստիճանաբար ծաղկում ու կամաց-կամաց հասունանում էր այն գիտակցությունը, թե ի՞նչ էր արդյոք գիտելիքը, ի՞նչ էր իմաստությունը, որն իր երկար տարիների որոնումների նպատակն էր եղել: Դա այլ բան չէր, քան հոգու պատրաստականություն, ընդունակություն, գաղտնի մի արվեստ՝ ամեն պահ, կյանքի կենտրոնում գտնվելով, միասնության գաղափարն առմտածելու, զգալու ու ներշնչելու միասնությունը: Այդ գիտակցությունը կամաց-կամաց ծաղկում, ճառագում էր իր մեջ՝ Վասուդևայի ծերունազարդ մանկական դեմքից արտահեղվելով. ներդաշնակությունը, աշխարհի հավերժական կատարելության գիտակցությունը, ժպիտը, միասնությունը:
Վերքը, սակայն, դեռ վառվում էր, կարոտով ու մեծագույն ցավով մտածում էր Սիդհարթան իր որդու մասին, իր սրտում փայփայելով իրեն պաշարած սերն ու փաղաքշանքը, ապա թողեց, որ ցավը ինքն իրեն խժռի, կատարեց սիրո բոլոր խենթությունները: Թվում էր այդ կրակը երբեք չէր հանգչելու:
Օրերից մի օր էլ, երբ վերքը սաստիկ այրում էր, Սիդհարթան գետի մյուս ափն անցավ, ցած իջավ այնտեղ ու կարոտից բոցավառվելով՝ քայլեց քաղաքի ուղղությամբ, որդուն գտնելու նպատակով: Գետը հոսում էր մեղմորեն ու հանդարտ, և չնայած եղանակը չորային էր, սակայն նրա ձայնը տարօրինակ հնչերանգ ուներ. նա ծիծաղում էր... Գետը զիլ ու պարզկա՝ ծիծաղում էր ծերունազարդ լաստավարի վրա: Սիդհարթան կանգ առավ, խոնարհվեց գետի վրա, որպեսզի ավելի լավ լսի, և խաղաղ հոսող ջրի հայելու մեջ նա տեսավ իր դեմքի արտացոլանքը, և իր դեմքի այդ արտացոլանքի մեջ կար մի բան, որն իրեն մոռացված մեկ ուրիշ բանի մասին հիշեցրեց, նա մի պահ միայն մտածեց ու վերհիշեց. այդ դեմքը նման էր մեկին, որին նա ժամանակին ճանաչել էր ու սիրել և միաժամանակ վախեցել նրանից: Այն նման էր իր հոր՝ բրահմանի դեմքին: Ու նա հիշեց, թե ինչպես, տարիներ առաջ, տակավին երեխա հասակում, ինքը հարկադրեց հորը, որ իրեն թույլ տա ճգնավորներին ընկերակցելու, հիշեց, թե ինչպես ինքը հրաժեշտ տվեց նրան, ինչպես հեռացավ ու այլևս երբեք չվերադարձավ: Արդյո՞ք իր հայրն էլ իր պատճառով նույն տառապանքները չէր կրել, ինչ որ հիմա ինքն է կրում իր որդու պատճառով: Արդյո՞ք իր հայրը վաղուց արդեն չէր մահացել, մենակության մեջ, առանց վերստին իր որդուն տեսնելու: Այդյո՞ք սա կատակերգություն չէ, տարօրինակ ու անհեթեթ մի բան, այս կրկնությունը, այս պտույտը արատավոր շրջանի ներսում:
Գետը ծիծաղում էր: Այո՛, դա այդպես էր, ամենը, ինչը մինչև վերջ չես տառապել ու չես ապաշխարել, վերստին կրկնվում է, մի և նույն տառապանքներն անընդմեջ կրկնվում են: Սիդհարթան, սակայն, նորից լաստանավ բարձրացավ ու ետ թիավարեց դեպի խրճիթը, մտաբերելով իր հորը, հիշելով որդուն, գետի հեգնանքին արժանացած, ինքն իր հետ կռիվ տալով, հուսախաբության գիրկն ընկած, պատրաստ՝ ինքն իր և ողջ աշխարհի վրա բարձրաձայն ծիծաղելու: Ավա՜ղ, նրա վերքը դեռ չէր ծաղկել, սիրտը դեռ անհաշտ էր ճակատագրի հետ, դեռ չէր ճառագում բերկրանքն ու հաղթանակը՝ սեփական տառապանքից ծնված: Բայց հույսը բնավորվել էր նրա մեջ, ու երբ նա խրճիթ վերադարձավ, իր մեջ անհաղթահարելի մի տենչանք զգաց՝ բացելու իր սիրտը Վասուդևայի առաջ, նրան ամեն ինչ ցույց տալու, ամեն ինչ ասելու նրան, նրա՛ն, ունկնդրումի մեծագույն վարպետին:
Վասուդևան նստած էր խրճիթում ու կողով էր հյուսում: Նա այլևս լաստանավ չէր վարում, նրա տեսողությունը սկսել էր թուլանալ, ոչ միայն տեսողությունը, այլև բազուկներն ու ձեռքերը: Անփոփոխ ու ծաղկուն էր միայն նրա դեմքին փայլող ուրախությունն ու կայտառ բարյացկամությունը:
Սիդհարթան նստեց ծերունու կիպ կողքին, նա դանդաղ սկսեց խոսել: Հիմա նա պատմում էր բոլոր այն բաների մասին, որոնց շուրջ առաջներում իրենք բնավ չէին խոսել, իր քաղաք գնալու մասին, որ օրեր առաջ էր տեղի ունեցել, այրող վերքի մասին, երջանիկ հայրերի հանդիպելիս իր մեջ գլուխ բարձրացնող նախանձի, և այն մասին, որ ինքն էլ գիտակցում է իր այդ ցանկությունների անմտությունը, նրանց դեմ իր մղած պայքարի անիմաստությունն ու ապարդյունությունը: Նա ամեն ինչ պատմեց, ամեն ինչի մասին հիմա նա ի զորու էր ազատ խոսել, նույնիսկ ամենացավոտ հարցերի մասին, ամեն-ամեն ինչ ասաց, ի ցույց դրեց ամենայն ինչ, շարունակ պատմում էր ու պատմում: Բարեկամի առաջ նա ի ցույց դրեց իր վերքը, պատմեց նաև այդ օրվա իր փախուստի տրամադրությունների մասին, ինչպես ինքը գետն անց կացավ, մանկական մի ձեռնարկում, ինչպես կամավոր որոշում կայացրեց քաղաք գնալ, ինչպես գետը ծիծաղեց իր վրա:
Երբ ինքը խոսում էր, երկար-բարակ պատմություններ պատմում, ու Վասուդևան էլ՝ խաղաղ հայացքով լսում էր նրան, Սիդհարթան զգաց, ավելի ուժեղ, քան երբևէ, թե որպիսի հզոր ազդեցություն է իր վրա գործում Վասուդևայի լսելու այդ ընդունակությունը, ինչպես էին իր ցավերը, իր անհանգստություններն ու տագնապները հոսում դեպի նա և իր ծածուկ հույսը լցվում էր ունկնդրողի մեջ ու այնտեղից ետ դեպի իրեն վերադառնում: Այդպիսի մի ունկնդրի առաջ սեփական վերքն ի ցույց դնելը նույնն էր, թե լվանայիր այն գետի ջրերում, մինչ վերքը կսառչեր ու գետի հետ մեկ ամբողջություն կազմեր:
Մինչ ինքը շարունակում էր խոսել ու խոսել, պատմում էր ու խոստովանություններ անում, Սիդհարթան ավելի ու ավելի խորն էր զգում, որ իր առաջ նստածն այլևս Վասուդևան չէր, իր առաջ նստածը բնավ այն մարդը չէր, որ ունկնդրում էր իրեն, որ այդ անշարժացած ունկնդիրը այնպես էր իր խոստովանությունն իր մեջ կլանում, ինչպես ծառն է ներծծում երկնքից թափվող անձրևաջուրը, հասկացավ, որ իր դիմացը նստածը հենց գետի աստվածն է, ինքը հավերժությունը: Եվ մինչ Սիդհարթան դադարել էր խորհրդածել իր ու իր վերքի մասին, Վասուդևայի փոխակերպության այդ գաղափարն ամբողջովին համակեց իրեն, և որքան ինքն ավելի ու ավելի էր այդ բանն զգում ու խորանում նրա մեջ, այնքան դա նվազ զարմանալի ու տարօրինակ էր թվում, այնքան ինքն ավելի հստակ էր տեսնում, որ ամեն ինչ կարգին է ու շատ բնական, որ Վասուդևան արդեն վաղուց, մշտապես այդպիսին է եղել, և միայն ինքն է, որ դա չէր նկատել ու հասկացել, ավելին, որ ինքը՝ Սիդհարթան ևս առանձնապես չի տարբերվում իր բարեկամից: Նա հասկացավ, որ ինքը հիմա ծեր Վասուդևային այնպես է նայում ու տեսնում, ինչպես ժողովուրդն է նայում աստվածներին և որ դա այլևս չի կարող երկար տևել, շարունակվել: Իր սրտում նա արդեն սկսել էր հրաժեշտ տալ Վասուդևային: Միաժամանակ նա շարունակ խոսում էր ու խոսում:
Երբ նա ավարտեց իր խոսքը, ամեն ինչ խոստովանեց-վերջացրեց, Վասուդևան նրան ուղղեց իր բարեկամական, դույզն-ինչ թուլացած հայացքը, չխոսեց, լռելյայն նրա կողմը ճառագեց իր միջի սերն ու կայտառությունը, հասկացողությունն ու իմացությունը: Նա բռնեց Սիդհարթայի ձեռքը, տարավ նրան գետափի իրենց նստատեղին, նստեց նրա կողքին ու լայն ժպտաց գետին:
- Դու լսեցիր նրա ծիծաղը,- ասաց նա,- բայց դու ամեն ինչ չէ որ լսեցիր: Ե՛կ միասին լսենք, դու դեռ ավելին կլսես...
Ու նրանք սկսեցին լսել: Մեղմածոր հնչում էր գետի հազարաձայն երգեցողությունը: Սիդհարթան նայում էր ջրի մեջ և հոսանուտ ջրերում նրա աչքերի առաջ պատկերներ էին երևում. ահա՛ երևաց իր հայրը, միայնակ, որդու համար ողբացող, հայտնվեց նաև ինքը, դարձյալ միայնակ, և ինքն էլ կարոտի շղթաներով կապված հեռուներում գտնվող իր որդուն, հայտնվեց իր որդին, նա էլ էր միայնակ, այդ երեխան՝ հախուռն անձկությամբ իր պատանեկան տենչանքների այրվող ուղիներով արշավելիս, յուրաքանչյուրն իր նպատակի հետևից գնացող, համակված այդ նպատակով, և ամենքն էլ՝ տառապյալ: Գետը երգում էր տառապագին մի ձայնով, կրքոտ կարոտով երգում էր նա, կարոտագին տենդով հոսում էր նա դեպի իր նպատակը, ողբ ու տրտունջ էր արձակվում նրա ձայնից:
- Լսու՞մ ես,- հարցրեց Վասուդևայի համր հայացքը: Սիդհարթան գլխով արեց:
- Ավելի լավ լսիր,- շշնջաց Վասուդևան:
Սիդհարթան ջանքերը կենտրոնացրեց ավելի լավ լսելու համար: Հոր պատկերը, իր սեփական պատկերը, որդու պատկերը հոսեցին իրար մեջ, միահյուսվեցին իրար, հայտնվեց նաև Քամալայի պատկերը, Գովինդայի պատկերը, և ուրիշ-ուրիշ պատկերներ, հետո բոլորն իրարից բաժանվեցին ու տարրալուծվեցին գետի ջրերում, բոլորը, գետի մեջ ընկղմված ու գետ դարձած ձգտում էին նպատակին՝ կարոտով բռնված, տենչալով ու տառապելով և գետի ձայնը հնչում էր լի կարոտով, լեցուն կրակվող ցավով ու անհագուրդ տենչանքով: Գետը ձգտում էր իր նպատակին, Սիդհարթան տեսնում էր նրա շտապողականությունը, գետը, որ բաղկացած էր իրենից, իր յուրայիններից և բոլոր այն մարդկանցից, ում նա երբևիցե հանդիպել կամ տեսել էր, բոլոր կոհակներն ու ջրերը աճապարանքով ձգտում էին իրենց նպատակին, տառապելով, իրենց բազմաթիվ նպատակներին, ջրվեժին, լճին, մեծ գետին, ծովին, և բոլորը հասնում էին իրենց նպատակներին, և ամեն անգամ նոր նպատակներ էին ծնունդ առնում, ջուրը գոլորշի էր դառնում ու բարձրանում դեպի երկինք, դառնում էր անձրև ու երկնքից ներքև թափվում, դառնում էր աղբյուր, դառնում առվակ, դառնում էր գետ, նորից սկսում էր ձգտել իր նորահայտ նպատակին, հոսում դեպի այնտեղ: Սակայն կարոտաբաղձ ձայնը փոխվել էր: Այն դեռ հնչում էր տառապագին տենչանքով, որոնումների մեջ, սակայն ուրիշ ձայներ էին միացել նրան, ուրախության ու տառապանքի ձայներ, բարի ու չար ձայներ, ծիծաղկոտ ու ողբալի, հարյուրավոր ձայներ, հազարավոր ձայներ:
Սիդհարթան լսում էր ու լսում: Նա հիմա համակ լսողություն էր դարձել, ամբողջովին խորասուզվել էր ունկնդրումի մեջ, լիովին դատարկված, լիուլի ներծծված, նա զգում էր, որ ինքն այժմ մինչև վերջ սովորել է լսելու արվեստը: Արդեն հաճախ էր նա այդ ամենը լսել, գետից բարձրացող այդ անթիվ-անհամար ձայները, որ այսօր բոլորովին այլ կերպ էին հնչում: Նա արդեն չէր կարողանում այդ բազմաձայնությունը իրարից զանազանել, ո՛չ ուրախը ողբացողից, ո՛չ մանկականը տղամարդկայինից, նրանք բոլոր հիմա իրար էին միաձուլվել, դարձել մեկ ամբողջ, կարոտյալների ողբն ու գիտունների ծիծաղը, կատաղության ճիչն ու մահացողների տնքոցը, ամենը մեկ էր դարձել, ամենայն ինչ իրար մեջ էր ագուցված, իրարու բաղհյուսված, հազարավոր թելերով հօուսկեն: Եվ բոլորը միասին, բոլոր ձայները, բոլոր նպատակները, բոլոր կարոտները, բոլոր տառապանքները, բոլոր հաճույքները, ողջ բարին ու չարը, այդ ամենը միասին կազմում էին աշխարհը: Բոլորը միասին վերցրած կազմում էր իրադարձությունների գետը, հոսանքը, կյանքի երաժշտությունը: Եվ երբ Սիդհարթան ուշիուշով ունկնդրում էր գետին, այդ հազարաձայն երգեցողությունը, չանսալով տառապանքին, չլսելով ծիծաղը, երբ նա իր հոգին չէր կապում մի որոշակի ձայնի հետ և իր եսով նրա մեջ թափանցում, այլ միայն լսում էր բոլորը, այդ ամբողջությունը, իր մեջ ընդունում միասնությունը, այդժամ հազարավոր ձայներից բաղհյուսված այդ մեծագույն երգեցողությունը բաղկացած էր լինում մեն-միակ բառից, որ կոչվում էր Օմ. ասել է թե՝ կատարելություն:
- Դու լսու՞մ ես,- հարցրեց Վասուդևայի հայացքը: Պայծառ փայլում էր Վասուդևայի ժպիտը, այն շողշողալու պես ճառագում էր իր ծերացած դեմքի բոլոր խորշոմներում, ինչպես որ Օմն էր ճառագում գետի բոլոր ձայների մեջ: Պայծառ շողարձակում էր նրա ժպիտը բարեկամին նայելիս, այժմ պայծառ լուսափայլում էր նաև Սիդհարթայի դեմքը՝ նույն այդ ժպիտով: Նրա վերքը ծաղկում էր ապրում, նրա տառապանքը ճառագում էր, նրա եսը միասնության մեջ էր ներհոսել:
Այդ պահին Սիդհարթան դադարեց կռիվ տալ ճակատագրի հետ, դադարեց տառապելուց: Նրա հայացքում ծաղկում էր իմացության երանությունը, որին կամքն այլևս չէր հակառակվում, չէր դիմակայում, որը ճանաչել էր կատարելությունը, հաշտվել էր իրադարձությունների հոսանուտ գետի հետ, լեցուն կարեկցանքով, ուրիշների ուրախությամբ ուրախանալով, հանձնված համընդհանուր հոսանքին, միասնությանը մաս կազմելով:
Երբ Վասուդևան վեր կացավ գետափի նստատեղից, նայեց Սիդհարթայի աչքերի մեջ և տեսավ նրանցում ճառագող իմացության երանությունը, ձեռքով կամացուկ շփեց նրա ուսը՝ իրեն հատուկ նուրբ ու զգուշավոր սովորությամբ ու ասաց.
- Ես այդ վայրկյանին էին սպասում, սիրելիս: Հիմա այն վերջապես վրա հասավ, թույլ տուր ես գնամ: Ես երկար եմ այդ պահին սպասել, արդեն տևական ժամանակ է ինչ ես լաստավար Վասուդևան եմ: Հիմա արդեն բավական է: Ո՛ղջ լեր, խրճիթ, ո՛ղջ լեր, գետ, ո՛ղջ լեր, Սիդհարթա
Սիդհարթան խորը կռացավ հրաժեշտ տալու համար:
- Ես դա գիտեի,- կամացուկ շշնջաց նա:- Դու պատրաստվում ես անտառ գնալ, այնպես չէ՞:
- Ես գնում եմ անտառ, ես գնում եմ դեպի միասնությունը,- լուսաճառագելով ասաց Վասուդևան:
Իրենից լույս արձակելով նա հեռացավ: Սիդհարթան նայում էր նրա հետևից: որը ուրախությամբ, խորագույն լրջությամբ նա նայում էր հեռացողի հետևից, նայում էր նրա խաղաղությամբ լեցուն քայլերին, տեսնում էր նրա լուսաշող գլուխը, տեսնում լույսերով ողողված նրա կերպարանքը:
=== ԳՈՎԻՆԴԱ ===
Այլ վանականների հետ միասին մի անգամ Գովինդան իր հանգիստն էր անցկացնում այն այգեստանում, որ դշխո Քամալան նվիրել էր Գոթամայի աշակերտներին: Այստեղ նա քանիցս առիթներ էր ունեցել խոսակցություններ լսելու մի լաստավարի մասին, որն ապրում էր գետափին՝ մի օրաչափ հեռավորության վրա, որին շատերը իմաստուն մարդ էին համարում: Երբ Գովինդան նորից ճանապարհ ընկավ, նա ուղևորվեց դեպի լաստանավը, ցանկանալով տեսնել այդ լաստավարին: Թեև նա իր ողջ կյանքն ապրել էր կանոնադրությանը խստիվ համապատասխան և մեծագույն հարգանք էր վայելում ավելի երիտասարդ վանականների շրջանում՝ շնորհիվ իր ծերունական հասակի ու ամբասիր, համեստ վարքի, սակայն նրա սրտում տագնապներն ու որոնումները դեռևս չէին մարել:
Գետին հասնելուն պես՝ նա խնդրեց ծերունուն իրեն մյուս ափը տեղափոխել, ու երբ նրանք տեղ հասնելով՝ նավակից ցած իջան, նա ծերունուն ասաց.
- Շատ բարի ծառայություններ ես դու մատուցել մեզ՝ վանականներիս և ուխտագնացներին, մեզանից շատերին ես դու գետն անցկացրել: Արդյո՞ք դու ևս, լաստավար, ճշմարիտ ուղին որոնողներից մեկը չես:
Խոսեց Սիդհարթան՝ ծերացած աչքերում ժպիտը փայլեցնելով.
- Դու քեզ որոնող մեկն ես անվանում, ո՜վ պատվարժան, սակայն դու արդեն բավական առաջացած տարիքում ես և Գոթամայի վանականների հանդերձանքն ես կրում:
- Այո՛, ես ծեր եմ,- խոսեց Գովինդան,- և ես երբեք չեմ դադարել որոնելուց: Ու երբեք էլ ետ չեմ կանգնելու իմ որոնումներից, սա՛ է, պետք է կարծել, ինձ վիճակված: Դու էլ, ինձ այդպես է թվում, որոնումների մեջ ես եղել: Ինձ մի երկու բան չէի՞ր ասի, ո՜վ պատվարժան:
Սիդհարթան խոսեց և ասաց.- Ի՞նչ կարող եմ ես քեզ ասել, պատվելի: Գուցե այն, որ դու չափից շատ ես որոնում: Եվ որ մշտապես որոնումների մեջ լինելով՝ դու քո փնտրածը չես գտնում:
- Այդ ինչպե՞ս հասկանանք,- հարցրեց Գովինդան:
- Երբ մեկը մշտապես որոնումների մեջ է,- ասաց Սիդհարթան,- ապա պատահում է, որ նրա աչքը միայն այն է տեսնում, ինչ փնտրում է ինքը, նա ուրիշ ոչինչ չի նկատում, չի կարողանում ոչինչ ընկալել, որովհետև նա մշտապես իր որոնածի մասին է մտածում, քանի որ նա իր առջև դրված նպատակ ունի, քանի որ համակված է այդ նպատակով: Որոնել՝ նշանակում է նպատակ ունենալ: Իսկ գտնել ասածը նշանակում է լինել ազատ, բաց լինել ամեն ինչի համար, նպատակ չունենալ: Դու, պատվարժան, գուցե իսկապես այդ որոնողներից մեկն ես, քանի որ քո նպատակին ձգտելով, նրանով կլանված՝ շատ բան չես նկատում, այն, որ ուղղակի քո աչքերի առաջ է:
- Ես քեզ լավ չեմ հասկանում,- ասաց Գովինդան,- ի՞նչ ես դու ուզում ասել: Սիդհարթան ասաց.- Մի անգամ, ո՜վ պատվարժան, շատ տարիներ առաջ դու արդեն եղել ես այս գետի մոտ և գետափին քնած մեկին գտնելով՝ դու նստեցիր նրա կողքին, նրա քունը հսկելու համար: Բայց դու, ո՜վ Գովինդա, դու չկարողացար ճանաչել քնածին:
Սքանչացած ու կարծես կախարդված՝ վանականը նայեց լաստավարի աչքերի մեջ:
- Մի՞թե դու Սիդհարթան ես,- հարցրեց նա անվստահ ձայնով:- Ես քեզ այս անգամ էլ չէի ճանաչի... Ընդունի՛ր սրտագին ողջույններս, Սիդհարթա, ես անկեղծորեն շատ ուրախ եմ քեզ վերստին տեսնելու համար... Դու շա՜տ ես փոխվել, բարեկամս: Ուրեմն դու հիմա լաստավա՞ր ես դարձել:
Սիդհարթան բարեկամաբար ժպտաց.- Այո՛, ես լաստավար եմ հիմա: Գովինդա, շատերին է վիճակված հաճախակի փոխել իրենց կերպարանքը, տարբեր տեսակի զգեստներ հագնել, դրանցից մեկն էլ ես եմ, բարեկամս: Բարի գալուստ, Գովինդա, այս գիշեր դու կարող ես մնալ իմ խրճիթում:
Գովինդան գիշերն անցկացրեց խրճիթում և քնեց այն անկողնում, որն առաջ Վասուդևային էր պատկանում: Նա շատ հարցեր ուղղեց իր պատանեկության բարեկամին, Սիդհարթան էլ շատ բաներ պատմեց իր կյանքից:
Հաջորդ առավոտյան, երբ արդեն ժամանակն էր վերստին ճանապարհ ընկնելու, Գովինդան, առանց տատանվելու, ասաց հետևյալ խոսքերը.
Մինչ ես նորից ճանապարհ կընկնեմ, Սիդհարթա, թույլ տուր ինձ մի բան էլ հարցնեմ: Դու ինքդ ունե՞ս մի ինչ-որ ուսմունք, որ դավանում ես: Ունե՞ս դու որևէ հավատք կամ գիտություն, որին հետևում ես դու, որն օգնում է քեզ ապրել, ապրել ճշմարիտ կյանքով:
Սիդհարթան պատասխանեց և ասաց.
- Դու գիտես, սիրելիս, որ արդեն երիտասարդ տարիքում, այն ժամանակ, երբ մենք ապրում էինք ճգնակյացների մոտ՝ անտառում, արդեն այն ժամանակ ես չէի վստահում ուսուցիչներին ու ուսմունքներին և թիկունք էի դարձրել նրանց: Մինչև օրս էլ ես նույն կարծիքին եմ մնացել: Այնուհանդերձ, այն ժամանակվանից ի վեր ես բազմաթիվ ուսուցիչներ եմ ունեցել: Մի գեղեցկուհի դշխո երկար ժամանակ եղավ իմ ուսուցչուհին, և մի մեծահարուստ վաճառական եղավ իմ ուսուցիչը ու մի քանի զառ խաղացողներ: Մեկ անգամ էլ Բուդդայի թափառաշրջիկ մի հետևորդ եղավ իմ ուսուցիչը. նա նստել էր իմ կողքին, երբ ես քուն էի մտել անտառում, ուխտագնացության կիսաճանապարհին: Ես նրանից էլ որոշ բաներ եմ սովորել, ես նրան էլ եմ երախտապարտ: Բայց ամենից շատ ես այս գետից եմ սովորել ու նաև՝ իմ նախորդից՝ լաստավար Վասուդևայից: Վասուդևան մի շատ սովորական ու հասարակ մարդ էր, նա մտածող չէր, սակայն նա գիտեր այն, ինչ անհրաժեշտ է գիտենալ, նույնքան հիմնավոր, ինչպես Գոթաման, նա էլ կատարյալ մեկն էր, մի իսկական սուրբ:
Գովինդան ասաց. - Ո՜վ Սիդհարթա, ինձ թվում է, որ դու առաջվա պես դեռ սիրում ես ամեն ինչում փոքր-ինչ հեգնել, կատակաբանել: Ես հավատում եմ քեզ և համոզված եմ, որ դու մեկից ավելի ուսուցիչներ ես ունեցել: Սակայն դու ինքդ արդյո՞ք, եթե ոչ մի ամբողջական ուսմունք, ապա գոնե որոշակի ինքնուրույն գաղափարներ, որոշակի իմացություններ ինքդ քեզ համար չե՞ս գտել, որոնք քոնն են, քո սեփականը, և որոնք օգնում են քեզ ապրել: Եթե դու այդ մասին ինձ մի քիչ պատմես, դրանով դու կուրախացնես իմ սիրտը:
Խոսեց Սիդհարթան և ասաց.- Այո՛, ես իմ սեփական մտքերն ու գաղափարներն եմ ունեցել, այդպիսիք ժամանակ առ ժամանակ այցելել են ինձ: Երբեմն-երբեմն, նույնիսկ ժամեր շարունակ, անգամ ամբողջ օրեր ու գիշերներ ես իմ մեջ որոշակի գիտելիքների զգացողություն եմ ունեցել, այնպես, ինչպես դու քո սրտում կյանքը կզգայիր: Զանազան մտքեր ու գաղափարներ էին դրանք, սակայն ինձ համար շատ դժվար է դրանք ներկայացնել քո առաջ: Ահա՛, օրինակ, Գովինդա, իմ այն մտքերից մեկը, որ ե՛ս եմ հայտնաբերել. իմաստնությունը անհաղորդելի է: Իմաստնությունը, որ իմաստունը փորձում է հաղորդել մեկ ուրիշին, հնչում է որպես հիմարություն:
- Դու կատակու՞մ ես,- հարցրեց Գովինդան:
- Ես չեմ կատակում: Ես ասում եմ այն, ինչը փորձով եմ հայտնաբերել: Գիտելիքը կարելի է մեկ ուրիշին հաղորդել, իմաստնությունը, սակայն, ո՛չ: Այն կարելի է գտնել, կարելի է ապրել նրանով, կարելի է նրա կողմից առաջնորդվել, նրանով կարելի է հրաշքներ գործել, սակայն արտաբերել, հաղորդել այն կամ մեկ ուրիշին սովորեցնել հնարավոր չէ: Դեռ պատանի հասակում այդ միտքը ժամանակ առ ժամանակ այցելում էր ինձ, որն էլ ինձ հեռացրեց ուսուցիչներից: Ես մեկ ուրիշ միտք էլ եմ հղացել, Գովինդա, որը դու կրկին կատակի կամ հիմարության տեղ կընդունես, որը, սակայն, ես համարում եմ իմ լավագույն մտքերից մեկը: Այն հետևյալն է. յուրաքանչյուր ճշմարտության հակառակը նույնպես ճշմարիտ է... Բանն այն է, որ ճշմարտությունն արտաբերել, բառերով արտահայտել կարելի է միայն, երբ այն միակողմանի է: Միակողմանի է այն ամենը, ինչը մտածվում է մտքով և արտահայտվում է բառերով, միակողմանի ամբողջ է, կիսատ ամբողջություն, զուրկ՝ ամբողջականությունից, շրջանակայնությունից, միասնականությունից: Երբ վսեմագույն Գոթաման իր ուսմունքում ու քարոզներում խոսում էր աշխարհի մասին, նա այն պետք է բաժաներ սանսարայի ու նիրվանայի, մոլորության ու ճշմարտության, տառապանքի ու փրկության: Այլ կերպ հնարավոր էլ չէ, այլ ճանապարհ չկա նրա համար, ով ցանկանում է ուսուցանել ուրիշներին: Սակայն աշխարհն ինքը, մեր շուրջը և մեր մեջ եղող գոյը բնավ միակողմանի չէ: Երբեք չի լինում, որ մարդը կամ արարքը ամբողջապես կամ բացառապես սանսարա կամ նիրվանա լինի, մարդս երբեք չի լինում կատարելապես սուրբ կամ կատարելապես մեղսավոր: Մեզ միայն այդպես թվում է, այդպես է պատկերանում, քանի որ մենք ենթակա ենք այն մոլորությանը, թե ժամանակը մի ինչ-որ իսկապես գոյություն ունեցող բան է: Ժամանակը գոյություն չունի, Գովինդա, ես հաճախ, շատ հաճախ եմ դրա փորձառությունն ունեցել ու հասկացել դա: Իսկ եթե ժամանակն իրական չէ, իրապես գոյություն չունի, այդժամ նաև սահմանաբաժանը աշխարհի ու հավերժության միջև, տառապանքի ու երանության միջև, չարի ու բարու միջև անջրպետը նույնպես մոլորություն է ներկայանում:
- Այդ ինչպե՞ս,- վախվորած հարցրեց Գովինդան:
- Ուշադիր լսի՛ր, սիրելիս, շա՜տ ուշադիր... Ինձ նման կամ քեզ նման մեղսավոր մեկը իսկապես էլ մեղսավոր կարող է լինել, սակայն նա երբևէ կարող է նորից բրահմա դառնալ, նա կհասնի նիրվանայի, կդառնա Բուդդա... Եւ ահա՛, նկատի ունեցի՛ր, այդ «երբևէ»-ն մոլորություն է, պատկերավոր արտահայտություն... Մեղսավորը նա չէ, որ դեռևս գտնվում է Բուդդայի կատարելագործմանն հասնելու կես-ճանապարհին, նա չի ընկալվում որպես զարգացման մի ինչ-որ աստիճանին գտնվող մեկը, թեև մեր մտածողությունը ընդունակ չէ իրերն այլ կերպ պատկերացնելու: Ո՛չ, մեղսավոր մարդու մեջ առկա է, արդեն այսօր իսկ, այս պահին նստած է ապագա Բուդդան, նրա ապագան արդեն իսկ ամբողջի մեջ առկա է, տրված: Եւ դու պետք է նրա մեջ, քո՛ մեջ և բոլորի ու յուրաքանչյուրի մեջ տեսնես ու երկրպագես հնարավոր, ծպտված Բուդդային: Աշխարհը, Գովինդա, բարեկամս, մի ինչ-որ անկատար բան չէ, կամ մի գոյացություն, որ դանդաղորեն շարժվում է առաջ՝ կատարելության ճանապարհով: Բնավ ո՛չ, յուրաքանչյուր պահի այն կատարյալ է, յուրաքանչյուր մեղք արդեն իսկ իր մեջ կրում է շնորհ ու ողորմածություն, յուրաքանչյուր փոքրիկ երեխայի մեջ արդեն իսկ ապրում է ալևորը, բոլոր նորածինները իրենց մեջ մահն են կրում, և բոլոր մահացողները՝ հավերժական կյանքը: Ոչ մի մարդ ի վիճակի չէ տեսնելու, թե որքան է մյուսը առաջադիմել իր ճանապարհին, ավազակի ու խաղամոլի մեջ թաքնվքծ՝ սպասում է Բուդդան, բրահմանների մեջ սպասում է ավազակը: որը ներհայեցության մեջ հնարավորություն է ընձեռված վերառելու ժամանակը, վերանալ նրանից, տեսնել ողջ եղածը, առկան և ապագա կյանքը որպես միաժամանակյա տրվածություն, այդժամ ողջը ներկայանում է որպես լավագույն, կատարյալ, ողջը ներկայանում է որպես բրահմա: Այդ դեպքում ողջ գոյություն ունեցողը պատկերանում է ինձ որպես բարի ու կատարյալ, մահը, որպես և կյանքը, մեղքը, որպես սրբությունն ու իմաստնությունը, նույնպես և հիմարությունը, ողջը հենց այդպես էլ պետք է լինի, դրա համար անհրաժեշտ է լոկ իմ համաձայնությունը, իմ բարի կամքը, իմ սիրահոժար վերաբերմունքը, այդժամ ամեն ինչ ինձ համար բարի է, օգտակար է ինձ համար, չի կարող ինձ բնավ վնաս պատճառել: Ես իմ սեփական մարմնի ու սեփական հոգու փորձառությամբ եմ համոզվել, որ ես կարիքն եմ ունեցել մեղքի, ես կարիքն եմ ունեցել ցանկասեր վարքի, երկրային բարիքների ձգտման, սնափառության, ինչպես որ կարիքն եմ ունեցել այն ամոթալի հուսահատության, որպեսզի ի վերջո ընտելանամ հրաժարվելու աշխարհին հակառակվելու մտքից, որպեսզի սովորեմ սիրել աշխարհը այնպես, ինչպիսին այն կա, չհամեմատելով այն մի ինչ-որ իմ կողմից ցանկալիի հետ, իմ երևակայությամբ ստեղծված աշխարհի, իմ ուղեղում հորինաստեղծված կատարելատիպի հետ, այլ այն թողնել այնպես, ինչպիսին որ կա, սիրել աշխարհը ու նրան պատկանել: Սրանք են, ո՜վ Գովինդա, իմ մտքերից այն մի քանիսը, որոնք իմ ուղեղում ծնունդ են առել:
Սիդհարթան կռացավ, գետնին ընկած մի քար բարձրացրեց ու ձեռքի մեջ ծանրութեթև արեց այն:
- Ահա՛,- ձեռքում քարը խաղացնելով ասաց նա,- սա քար է, և մի որոշակի ժամանակ անցնելուց հետո գուցե այն հող կդառնա, և հողից բույսի կվերածվի, կենդանու կամ մարդու: Նախկինում ես թերևս այսպես կասեի. Քարն այս ընդամենը քար է, այն արժեք չունի, այն պատկանում է Մայայի աշխարհին, սակայն, քանի որ փոխակերպությունների շրջապտույտում այն գուցե կարող է նաև մարդ կամ ոգի դառնալ, դրա համար էլ ես նրան արժեք եմ տալիս: Ես այսպես գուցե առաջներում էի մտածում: Իսկ այսօր ես մտածում եմ. այս քարը քար է, այն նաև կենդանի է, այն նաև աստված է, նաև Բուդդան է այն, ես նրան երկրպագում և սիրում եմ ոչ թե այն բանի համար, որ նա երբևէ այս կամ մյուսը կարող է դառնալ, այլ որովհետև նա այդ ամենը վաղուց և մշտապես իր մեջ ունի, նա այդ ամենն է, թե՛ մեկը, թե՛ մյուսը, և հենց միայն այն, որ նա քար է, որ այն ինձ այս պահին և այսօր որպես քար է պատկերանում, հենց դրա համար եմ ես նրան սիրում, արժեք ու իմաստ եմ տեսնում նրա բոլոր երակներում ու խոռոչներում, դեղնության, կանաչության, կարծրության մեջ, հնչյունի մեջ, որ այն արձակում է իր միջից, երբ ես հարվածում եմ նրան՝ նրա մակերևույթի չորությանը կամ խոնավությանը: Քարեր կան, որոնց շոշափելիս՝ նրանք ասես յուղ լինեն կամ օճառ, մյուսները տերև կամ սաղարթ են հիշեցնում, որոշներն էլ՝ ավազ: Յուրաքանչյուրը մի ինչ-որ առանձնահատուկ բան է իրենից ներկայացնում, յուրաքնաչյուրը աղոթելու պես Օմն է արտաբերում՝ ամեն մեկն իր ձևով, յուրաքանչյուրը բրահմա է և միևնույն ժամանակ նույնքան էլ քար, յուղոտ, սպունգանման կամ հյութեղ, և հենց դա է, որ ինձ դուր է գալիս, հրաշալի ու երկրպագության արժանի թվում ինձ: Բայց թույլ տուր ինձ այլևս չխոսել այդ մասին: Բառերը չեն նպաստում գաղտնի իմաստների ըմբռնմանը, խանգարում են դրան: Հենց որ մի միտք ես ուզում բարձրաձայն արտաբերել, այն արդեն փոքր-ինչ այլ իմաստ է ձեռք բերում, հնչում է ավելի կեղծ, ավելի անհեթեթ: Այո՛, սակայն դա նույնպես հրաշալի է և ինձ շատ է դուր գալիս, և ես ոչ մի առարկություն չունեմ նաև այն բանի հանդեպ, որ որևէ մարդու կողմից իր համար գանձ ու իմաստնություն համարվողը մյուսի ականջին որպես անմտություն է հնչում:
Լռելյայն Գովինդան լսում էր նրան:
- Ինչո՞ւ դու քարը ներկայացրիր ինձ որպես օրինակ,- հարցրեց նա մի փոքր մտածելուց հետո:
- Ես դա արեցի առանց որևէ դիտավորության: Կամ գուցե դրանով ես ցանկացա ասել, որ ես հավասարապես սիրում եմ և քարը, և գետը, և բոլոր այս բաները, որոնց մենք նայում ենք և որոնցից ինչ-որ բան ենք սովորում: Գովինդա, ես կարող եմ սիրել քարը, ինչպես որ կարող եմ ծառը սիրել կամ կեղևի մի կտորը: Դրանք իրեր են, իսկ իրերը կարելի է սիրել: Բառերը, սակայն, ես չեմ կարող սիրել: Դրա համար էլ ուսմունք կոչվածներն ինձ համար արժեք չունեն, նրանք չունեն ոչ կարծրություն, ոչ փափկություն, ոչ բռնելու տեղ, ոչ եզրեր, ոչ գույն ունեն, ոչ հոտ կամ բույր, նրանք ոչինչ են, բացի բառեր լինելուց: Գուցե հենց դա է, որ խանգարում է քեզ խաղաղություն գտնել, բառերի այդ լիությունը: Քանզի ապաշխարանքը և առաքինությունը, նաև սանսարան ու նիրվանան սոսկական բառեր են, Գովինդա: Չկա մի այնպիսի իր, որին կարելի լինի նիրվանա կոչել: Նիրվանան կա սոսկ որպես բառ:
Գովինդան ասաց,- Նիրվանան միայն բառ չէ, բարեկամ: Այն միտք է:
Սիդհարթան շարունակեց,- Միտք է, թերևս, գուցե այդպես է: Բայց ես պետք է խոստովանեմ քեզ, սիրելիս. ես մեծ տարբերություն չեմ տեսնում մտքերի ու բառերի միջև: Անկեղծ ասած, ես մեծ նշանակություն չեմ տալիս մտքերին: Ինձ համար ավելի կարևոր է իրը, առարկան: Այստեղ, այս լաստանավի վրա, օրինակ, ինձանից առաջ մի մարդ կար, որ նաև իմ ուսուցիչն էր, սուրբ մի մարդ, որը տարիներ շարունակ հենց միայն գետին էր հավատում, ուրիշ ոչ մի բանի: Նա նկատել էր, որ գետը ձայն ունի և խոսում է իր հետ, այդ ձայնը ուսուցանում էր նրան, դաստիարակում ու առաջնորդում, գետը նրա համար Աստված էր, տարիներ շարունակ նա չգիտեր և չէր էլ մտածել, որ ամեն մի քամի, ամեն ամպ, ամեն թռչուն կամ բզեզ նույնքան աստվածային է, նրանք էլ նույնքան գիտեն ու կարող են ուսուցանել, ինչպես իր կողմից երկրպագության արժանացած գետը: Բայց երբ այդ սուրբը անտառ հեռացավ, նա արդեն ամեն ինչ գիտեր, գիտեր ավելին քան դու և ես, առանց ուսուցիչների, առանց գրքերի, միայն այն պատճառով, որ հավատում էր գետին:
Գովինդան ասաց.- Բայց այն, ինչը դու «իրեր» կամ «առարկաներ» ես անվանում, իսկապե՞ս գոյություն ունեն, արդյո՞ք դրանք իրական են: Արդյո՞ք դրանք լոկ Մայայի խաբկանքը չեն, միայն պատկեր ու տեսիլք: Մի՞թե քո այդ քարը, ծառը, քո այդ գետը իրականում գոյություն ունեն:
- Դա էլ,- խոսեց Սիդհարթան,- ինձ շատ քիչ է հետաքրքրում: Թող որ իրերը լոկ թվացողություն լինեն կամ տեսիլք, բայց այդ դեպքում ես ինքս էլ, իմ կեցությունն էլ թվացյալ է լոկ, և երկու դեպքում էլ նրանք մշտապես նման են ինձ ու հավասար: Այդ պատճառով նրանք ինձ համար սիրելի են ու երկրպագելի, քանի որ նույնական են ինձ ու համագոյակից: Դրա համար ես կարող եմ սիրել նրանց: Այստեղից էլ՝ իմ ուսմունքը, որի առթիվ դու գուցե կծիծաղես. սերը, ո՜վ Գովինդա, ամենակարևոր բանն է աշխարհում: Աշխարհը ճանաչել, բացատրել այն, քամահրել և ուրանալ այն, ես դա թողնում եմ մեծ մտածողներին, դա նրանց գործն է: Ինձ համար, սակայն, կարևոր է միայն մի բան՝ կարողանալ աշխարհը սիրել, չարհամարել այն, չատել այդ աշխարհը և ինձ, նրան, ինչպես և ինձ ու բոլոր էակներին նայել սիրով, հիացումով ու հարգանքով:
- Ես դա հասկանում եմ,- ասաց Գովինդան:- Բայց հենց դա էլ Վեհագույնը մոլորություն էր համարում: Նա ընդունում է բարյացկամությունը, համբերատարությունը, կարեկցանքը, հանդուրժողականությունը, բայց ո՛չ երբեք սերը: Նա մեզ արգելել է մեր սիրտը շղթայել սիրով առ երկրայինը:
- Գիտեմ,- ասաց Սիդհարթան և ժպիտը ճառագեց նրա դեմքին:- Ես դա գիտեմ, Գովինդա: Ահա, տե՛ս, մենք հիմա խրվեցինք կարծիքների մացառուտների մեջ, վիճում ենք ինչ-որ բառերի պատճառով: Ես անկեղծորեն ընդունում եմ, որ իմ խոսքերը սիրո մասին հակասության մեջ են, թվացյալ հակասության մեջ են գտնվում Գոթամայի խոսքերի հետ: Դրա համար ես այնքան էլ չեմ հավատում ու չեմ վստահում բառերին, քանի որ ես գիտեմ, ես գիտեմ նաև, որ այդ հակասությունը թվացյալ է: Ես գիտեմ, որ ինքս միանգամայն համաձայն եմ Գոթամայի հետ: Ինչպե՞ս կարող է պատահել, որ սիրո մասին չիմանար և այն չընդուներ Նա, ով ճանաչելով հանդերձ մարդկային գոյության ողջ անցողիկությունն ու ունայնությունը, այնուհանդերձ այնքան էր սիրում մարդկանց, որ իր երկար ու դժվարին կյանքը նվիրաբերեց բացառապես մարդկանց օգնելուն, նրանց ուսուցանելուն... Նրա՝ քո այդ մեծագույն ուսուցչի պարագայում, նրա կատարած գործն ավելի կարևոր է, քան իր խոսքը, նրա արարքներն ու կյանքը ավելի կարևոր են իր քարոզներից, նրա ձեռքի շարժումներն ավելի կարևոր են իր կարծիքներից: Ես նրա մեծությունը տեսնում եմ ոչ թե նրա ճառերի ու մտքերի մեջ, այլ միայն նրա գործերում, նրա կյանքի մեջ:
Երկա՜ր լուռ մնացին երկու ծերունիները: Ապա խոսեց Գովինդան՝ հրաժեշտ տալուց առաջ խոնարհված դիրք ընդունելով.
- Շնորհակալություն քեզ, Սիդհարթա, այն բանի համար, որ դու ինձ ասացիր քո որոշ մտքերը: Դրանք մասամբ տարօրինակ մտքեր էին, և ոչ բոլորն էին անմիջապես ընկալելի ինձ համար ու հասկանալի: Բայց ինչ էլ լինի, ամեն դեպքում ես երախտապարտ եմ քեզ և ցանկանում եմ քեզ խաղաղ օրեր:
(Իսկ իր համար ծածուկ՝ նա մտածեց. Այս Սիդհարթան տարօրինակ մարդ է, տարօրինակ մտքեր է արտասանում, անհեթեթ է հնչում նրա ուսմունքը: Այդպիսին չէ Վեհագույնի մաքրագույն ուսմունքը, այն պարզ է, վճիտ, հասկանալի, տարօրինակ ու արտասովոր ոչինչ չկա նրանում, կամ անհեթեթ ու ծիծաղելի բաներ: Սակայն իր արտահայտած մտքերից խիստ տարբեր, բոլորովին այլ կերպ են ինձ թվում Սիդհարթայի ձեռքերն ու ոտքերը, նրա աչքերը, նրա ճակատը, նրա շնչառությունը, նրա ժպիտը, ողջունելու ձևն ու քայլվածքը: Այն ժամանակվանից ի վեր, երբ մեր վսեմափայլ Գոթաման Նիրվանա գնաց, ես դեռ չեմ հանդիպել որևէ մարդու, որին տեսնելուն պես այն զգացումն ունեցած լինեի, որ նա սուրբ է... Միայն նա, այս Սիդհարթան, իմ մեջ այդպիսի զգացում առաջ բերեց: Թող որ նրա ուսմունքը տարօրինակ հնչի, թող նրա խոսքերը անհեթեթ ու անմիտ թվան, բայց նրա հայացքն ու ձեռքը, նրա մաշկն ու մազերը, ամեն-ամենը նրա մեջ մի այնպիսի մաքրություն է շողարձակում, այնպիսի խաղաղություն, պարզություն ու հեզաբարոյություն է ճառագում, այնպիսի մի սրբություն, որպիսիք ես չեմ տեսել ոչ մի մարդու մոտ այն բանից ի վեր, երբ մեր վսեմափայլ ուսուցիչը վախճանվեց իր վերջին մարդկային մահվամբ:)
Այսօրինակ մտքերով պաշարված՝ Գովինդան, սիրտը լի անհաշտ հակասություններով, մեկ անգամ էլ խոնարհվեց ի դիմաց Սիդհարթայի՝ սիրով բռնվածի: Նա խորը խոնարհվեց խաղաղ նստածի առջև:
- Սիդհարթա, խոսեց նա,- մենք երկուսս էլ ծերացել ենք: Հազիվ թե մեզանից մեկը կտեսնի մյուսին այս նույն կերպարանքով: Ես տեսնում եմ, սիրելիս, որ դու խաղաղություն ես գտել: Իսկ ես, խոստովանում եմ, ես այն չեմ գտել: Ասա՛ ինձ, հարգարժան, մի վերջին խոսք էլ, ճանապարհ ընկնելուց առաջ ինձ մի այնպիսի բան ասա, որ ընկալելի լինի ինձ համար, որ ես հասկանամ այն... Ինձ մի բան տուր ճանապարհվելուց առաջ: Իմ ճանապարհը շատ հաճախ անսահման ծանր է, Սիդհարթա, մռայլ ու խրթին:
Սիդհարթան լուռ էր ու նրան էր նայում իր մշտնջենապես նույն, խաղաղ ժպիտով: Գովինդան սևեռուն նրա դեմքին էր նայում, վախվորած, կարոտով: Տառապանքն ու հավերժական որոնումն էր տպված նրա հայացքում, հավերժ չբավարարված որոնումը:
Սիդհարթան տեսնում էր այդ ու ժպտում էր.
- Խոնարհվի՛ր ինձ վրա,- կամացուկ շշնջաց նա Գովինդայի ականջին:- Խոնարհվի՛ր իմ կողմը... Ավելի, ավելի՛ մոտեցիր... Էլի՛, մի փոքր էլ... Համբուրի՛ր իմ ճակատը, Գովինդա...
Իսկ երբ Գովինդան՝ հմայված և պաշարված մեծագույն սիրով ու նախազգացումով՝ հնազանդվեց Սիդհարթայի ցանկությունը, նրա վրա խոնարհվելով՝ իր շուրթերով դիպավ նրա ճակատին, մի զարմանալի բան կատարվեց նրա հետ: Մինչ նրա մտքերը զբաղված էին Սիդհարթայի տարօրինակ խոսքերի թողած տպավորությամբ, մինչ նա ապարդյուն և իր կամքին հակառակ ջանք էր թափում վերանալ ժամանակից, նիրվանան ու սանսարան որպես մեկ-միասնություն պատկերացնել, և մինչ նրա մեջ իրար հետ կռիվ էին տալիս իր բարեկամի խոսքերի նկատմամբ արհամարանքն ու նրա հանդեպ տածած իր անսահման սերն ու մեծարանքը, նրա հետ հետևյալը կատարվեց.
Նա այլևս չէր տեսնում իր բարեկամ Սիդհարթայի դեմքը, փոխարենը նա ուրիշ դեմքեր էր տեսնում, բազմաթիվ ու բազմաքանակ, դեմքերի մի ամբողջ երկարուձիգ շարք, դեմքերի հոսանուտ մի գետ, հարյուրավոր, հազարավոր դեմքեր, որոնք բոլորը գալիս էին, մի պահ հայտնվում ու անհետանում էին և սակայն միաժամանակ բոլորը կարծես մշտառկա էին, նրանք բոլորը մշտապես փոխվում էին ու նորացվում, ու բոլորն էլ, ընդսմին, Սիդհարթան էին: Իր աչքերի առաջ նա տեսնում էր ձկան մի գլուխ՝ գետածածանի, անսահմանորեն տառապագին, լայն բացված բերանով, մեռնող մի ձկան, նրա հանգչող հայացքը, նա տեսնում էր նորածին մանկան դեմքը՝ կարմրատակած ու խորշակահար, լացից այլայլված, տեսնում էր մարդասպանի դեմքը, տեսնում էր, թե ինչպես էր նա դաշույնը խրում մեկ այլ մարդու մարմնի մեջ, և միևնույն պահին էլ՝ տեսնում էր այդ մարդասպանին շղթայակապ ծունկի իջած և թե ինչպես դահիճը սրի մի հարվածով բաժանում էր նրա գլուխը ուսերից: Նա տեսնում էր տղամարդկանց ու կանանց մերկանդամ մարմինները՝ մոլեգին ու կրքոտ սիրո գուպար մտած, նրանց փոփոխական դիրքերը, նա տեսնում էր գետնաթավալ դիակներ, խաղաղված, սառն ու դատարկված: Նա տեսնում էր կենդանիների գլուխներ՝ վարազի, կոկորդիլոսի, փղերի, ցուլերի ու թռչունների: Տեսնում էր աստվածների, տեսնում էր Կրիշնային, Ագնիին... Բոլոր այդ կերպարանքներն ու դեմքերը նա տեսնում էր իրար նկատմամբ հազարավոր հարաբերակցություններում, մեկ, թե ինչպես էին մեկը մյուսին օգնում ու սիրում, մեկ էլ՝ ատում իրար ու ոչնչացնում, հետո նորից վերածնվում: Յուրաքանչյուրը ձգտում էր դեպի մահը, յուրաքանչյուրը ներծծված էր անցողիկության ու ունայնության տենդագին ու տառապալի գիտակցությամբ, և սակայն ոչ ոք չէր մահանում, նրանք բոլորը փոխակերպվում էին միայն, վերածնվում, վերամարմնավորվում կրկին, մշտապես նոր դեմք ստանում, և այդ ամենը կատարվում էր ժամանակից վերացած. դեմքերն ու կերպարանքները հերթափոխում էին միմյանց՝ առանց որ ժամանակ կանցներ այդ ընթացքում: Բոլոր այդ կերպարանքներն ու դեմքերը գտնվում էին հանգստի վիճակում, հոսում էին՝ մեկը մյուսին ծնունդ տալով, հորդում էին տարբեր ուղղություններով ու իրար միախառնվում, և այդ ողջ հորձանքի գլխավերևում մշտապես կանգնած էր մի ինչ-որ նրբենի, անմարմին և սակայն խիստ որոշակի մի գոյություն, որն ասես նրբանուրբ ապակի լիներ կամ ձու, թափանցիկ մաշկի, ձվակճեպի կամ ջրային դիմակի կերպարանք հիշեցնող, և այդ դիմակը ժպտում էր, այդ դիմակը Սիդհարթայի ժպտացող դեմքն էր, որին, այդ նույն պահին, Գովինդան դիպչել էր իր շրթունքներով: Այսպես Գովինդան տեսնում էր դիմակին քարացած այդ ժպիտը, հոսանուտ ու հորձանախռիվ կերպարանքների գլխավերևում շողշողացող այդ ժպիտը, միաժամանակության այդ ժպիտը՝ հազարավոր ծնունդներին ու մահերին դաջված: Սիդհարթայի այդ ժպիտը հենց և հենց նույնպիսին էր, ինչպիսին որ խաղաղված, նուրբ ու անթափանց, մերթ բարեհամբույր ու մերթ էլ ծանակող, իմաստուն ու հազարերանգ ժպիտն էր Գոթամա Բուդդայի, որն ինքը՝ Գովինդան, հարյուրավոր անգամներ խորին ակնածանքով տեսել էր ու հմայվել: Գովինդան գիտեր, այդպես ժպտում էր միայն Կատարյալը:
Այլևս չգիտակցելով, թե արդյոք ժամանակը գոյություն ունի, արդյոք իր այդ հայեցումը ընդամենը մի պահ էր միայն տևել, թե ձգվել էր հարյուրավոր տարիներ, չիմանալով անգամ, թե արդյոք Սիդհարթան կամ Գոթաման գոյություն ունեին, թե ոչ, գոյություն ունի արդյոք ես և դու-ն, ասես մինչև հոգու խորքը խոցված աստվածային նետով, որից ստացած վերքը քաղցր է ու հաճելի, մինչև հոգու խորքը ցնցված ու սքանչացած՝ Գովինդան միառժամանակ դեռ կանգնած մնաց ոտքի վրա, խոնարհված Սիդհարթայի խաղաղված դեմքին, որն ինքը հենց միայն նոր էր համբուրել, որն ընդամենը մի պահ առաջ դարձել էր բազմատեսակ կերպարանքների խաղադաշտը, բոլոր վերածնունդների, բոլոր գոյությունների: Այդ հայացքն անփոփոխ էր նաև այժմ՝ այն բանից հետո, երբ նրա մակերևույթի ներքո վերստին փակվել էր հազարավոր բազմաձևությունների խորխորատը: Սիդհարթան նորից ժպտում էր՝ խաղաղված, ժպտում էր հանդարտ ու հեզ, մերթ բարեհամբույր ու մերթ էլ ծանակող ժպիտով, ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես ժպտում էր նա՝ Վեհագույնը:
Նրա առաջ խորը խոնարհվեց Գովինդան, արցունքներն հոսում էին ու նա չէր էլ զգում, ծորում էին նրա ծեր դեմքի վրայով: Կրակի պես հրդեհվում, իր սրտում բոցավառվում էր սիրո անշիջանելի հուրը, հնազանդ երկրպագության կրակը: Խորը, մինչև գետին խոնարհվեց նա անշարժ նստածի առաջ, որի ժպիտը նրան հիշեցրեց այն ամենի մասին, ինչն ինքը երբևէ սիրել էր իր կյանքի ընթացքում, ինչը ժամանակին իր կյանքում թանկ էր եղել ու սուրբ:
== «ՍԻԴՀԱՐԹԱՅԻ» ԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ==
Հերման Հեսսեն «Սիդհարթան» սկսել է շարադրել 1919 թ. դեկտեմբերին՝ շվեյցարական Մոնտանյոլայում: Մինչև տարեվերջ գրել-ավարտել է գրքի առաջին մասը և երկրորդ մասի առանձին գլուխներ, այդ թվում նաև «Գետափին» գլուխը, որը սակայն նրան թվացել է չհաջողված ու նա մի կողմ է դրել հետագա շարադրանքը: 1920 թ. օրագրային գրառումներից մեկում Հեսսեն մեկնաբանում է ստեղծագործության ընդհատման պատճառները. «... Հիմա խնդիրն ինձ համար պարզ է և ես կարող եմ պատճառները բացատրել: Իմ հնդկական քերթվածում ամեն ինչ փայլուն էր ընթանում, քանի դեռ ես բանաստեղծում էի այն, ինչ ինքս էի անձնապես վերապրել. իմաստնությանն հետամուտ պատանի բրահմանի տրամադրությունները, որն իրեն լլկանքի ու ինքնաձաղկման է ենթարկում, նա, որ պատվախնդրությունն է իրեն առաջնորդ կարգել և այժմ ստիպված է այն` որպես բարձրագույնին հասնելու ճանապարհին խոչընդոտ ճանաչել: Երբ ես ավարտին հասցրեցի Սիդհարթա հանդուրժողի ու ճգնակյացի հատվածը, որոնող ու տառապող Սիդհարթայի հետ հաշիվները փակեցի և ուզում էի անցնել հաղթող, ինքնահաստատող ու պարտադրող Սիդհարթայի ներկայացմանը, այստեղ արդեն ոչինչ չէր ստացվում: Սակայն օրերից մի օր ես անպայման շարունակելու եմ իմ կիսատ թողած ստեղծագործությունը, վաղ թե ուշ ձեռք եմ զարկելու նրան, և անպայման կերտելու եմ հաղթող Սիդհարթայի կերպարը»:
Մեկ ուրիշ տեղ՝ Գեորգ Ռայնհարտին ուղղած 15.08.1921 թվակիր նամակում նույն խնդրի առթիվ գրում է. «Թե հետագայում իի՞նչ է լինելու «Սիդհարթայի» ճակատագիրը, ինքս էլ հաճույքով կուզենայի իմանալ: Ես մի քիչ ավելին եմ վերապրել, քան նա, բայց ոչ մի կերպ ինքս ինձ համար չեմ կարողանում բացահայտել վերջն ու վերջնարդյունքը և հենց այդ նույն պատճառով էլ` այն ստեղծագործության մեջ ներկայացնել: Անհատականության ճանապարհը, որը մարդուս ամենից առաջ հեռու է պահում հանրային կյանքից ու ավտորիտարիզմից, ներքին ձայնը (նաև խիղճը) դարձնում է այնքան անձնական ու գերզգայուն և կյանքն էլ` այնպես արտակարգ ձևով տարբերակված ու բազմաբարդ, ահա դրա փորձառությունը ես ունեցա ու դեռ խրված եմ դրա մեջ: Տարբերակված անհատականության վերստին համապատասխանեցումը, ներդաշնակեցումը ամբողջին, ընկերային կյանքի ու հասարակական կազմակերպվածությանը ես միայն այն ժամանակ կարող էի ներկայացնել, երբ ինքս էլ այդ ճանապարհին բավականաչափ առաջադիմած լինեի»:
1921 թ. ընթացքում շվեյցարական մի շարք պարբերականներում լույս են տեսնում ստեղծագործության առանձին գլուխներ: Միաժամանակ նույն թվականի մայիս և հունիս ամիսներին Հեսսեն հաճախակի իր մասնակցությունն է բերում հոգեվերլուծական մեթոդի շուրջ Քյուսնախում Կարլ Յունգի կազմակերպած պարապմունքներին: Եւ միայն 1922 թ. մարտին նա վերստին անդրադառնում է «Սիդհարթայի» կիսատ թողած ձեռագրին: Մայիսի վերջին գրողը ստեղծագործության մաքրագիրը ուղարկում է իր հրատարակիչ Ֆիշերին: Գիրքը լույս է տեսնում 1922 թ. հոկտեմբերին:
Հետագայում՝ 1931 թ. «Ճանապարհ դեպի ներս» ընդհանուր խորագրի ներքո լույս ընծայած ժողովածուի վերջաբանում (ուր հեղինակի մտահղացմամբ ընդգրկված էին գաղափարական առումով միավորված իր չորս ստեղծագործությունները, այն է՝ բացի «Սիդհարթայից», նաև «Մանկան հոգի», «Քլայնը և Վագները», «Քլինգզորի վերջին ամառը» վիպակները)1, Հեսսեն ավելի է խորացնում «Սիդհարթայի» և իր անձնական գաղափարական հասունացման միջև ուղղակի կապի թեման. ««Սիդհարթան» սկսել եմ գրել 1919 թ. ձմռանը: Առաջին և երկրորդ մասերի միջև գրեթե երկու տարվա դադար է ընկած: Այն ժամանակ ես փորձառություն էի կուտակում (բնականաբար ոչ առաջին անգամ, սակայն անցյալների համեմատ շատ ավելի խիստ ու հիմնավոր մի փորձառություն), որ անիմաստ է ցանկանալ գրել մի բանի մասին, ինչը դու անձնապես չես վերապրել, և այն երկարատև դադարի ընթացքում, երբ ես արդեն ետ էի կանգնել «Սիդհարթան» շարունակելու մտքից, ինձ վիճակվեց այդ ճգնավորական ու հայեցողական կյանքի փորձառությունը ճաշակել, նախքան որ մանկությունից ի վեր հնդկական ոգու սրբազան ու հոգեհարազատ աշխարհն ինձ համար իսկապես էլ վերստին հայրենիք կկարողանար դառնալ: Այն, որ այդ աշխարհում հետայնու ես չեմ մնացել, ինչպես կրոնափոխն` իր ընտրած հավատին, որ ես հաճախակի, նորից ու նորից լքել եմ այդ աշխարհը, և որ «Սիդհարթային» հաջորդել է «Տափաստանի գայլը», դրա համար ինձ հաճախագույնս ցավով կշտամբել են «Սիդհարթայի» երհրպագու իմ ընթերցողները, նրանք, որ «Տափաստանի գայլը» բավարար խորությամբ չեն կարդացել: Ես դրան պատասխան չունեմ տալու, «Տափաստանի գայլն» ինձ համար պակաս իմը չէ, քան «Սիդհարթան»: Ինձ համար իմ սեփական կյանքը, ինչպես և իմ ստեղծագործությունը, ինքնին հասկանալի մեկ-միասնություն է, որն ինքս ինձ ապացուցելը կամ պաշտպանելը ինձ միանգամայն ապարդյուն է թվում»:
«Իմ սուրբը` Սիդհարթան, հնդկական հանդերձանք է կրում, սակայն նրա իմաստնությունն ավելի մոտ է Լաո Ցզիին, քան Գաութամա Բուդդային: Լաո Ցզին այսօր շատ մոդայիկ է մեր բարի ու թշվառ Գերմանիայում, սակայն գրեթե բոլորը, ըստ ամենայնի, նրան համարում են առեղծվածային, մինչդեռ նրա ուսմունքը բնավ առեղծվածային չէ, այլ խստիվ երկբևեռ է, այսինքն` մեկ չափում ավելին ունի: Նրա աղբյուրից ես հաճախ եմ խմում» (Շտեֆան Ցվայգին գրած նամակից, 27-ը նոյեմների 1922 թ.):
«Իմաստնությունը սովորովի չի լինում, սա մի փորձառություն է, որը ես կյանքում մեկ անգամ պետք է փորձեի ստեղծագործությամբ ներկայացնել: Այդ փորձը «Սիդհարթան» է (Վ.Շինդլերին գրած նամակից, 14-ը հունվարի 1922 թ.)
«Սիդհարթան» ես համարում եմ իմ ամենաարժեքավոր գիրքը» (Յ.Քլայնպաուլին գրած բացիկից, 4-ը հուլիսի 1923թ.)
== ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ==
===ՄԱՍ ԱՌԱՋԻՆ===
ԲՐԱՀՄԱՆՈՐԴԻՆ
Բրահման - Հնդկական բարձրագույն կաստայի անդամ: Հնագույն ժամանակներից ի վեր բրահմաններ էին համարվում քուրմերը, բանաստեղծները, գիտնականներն ու քաղաքագետները: Հին օրենսգրքերը սահմանում են բրահմանների սրբությունն ու անձեռնմխելիությունը: Հինդուիզմը չունի հիմնադիր, չունի նաև համընդհանրական-պարտադիր դավանաբանություն: Հինդուները միավորված չեն միասնական հավատամքով, նրանց մեջ կան բազմաստվածության հավատավորներ, միաստվածականներ և աթեիստներ: Այստեղ միակ որոշիչը պատկանելությունն է որևէ ճանաչված կաստայի:
Բրահմա - Հնդկական կրոնի տեսակ, որը ծագումնաբանորեն նշանակում է կախարդանք, մոգություն, ապա նաև` ուժ, որն ստեղծում է բոլոր աշխարհները, պահպանում ու կործանում դրանք: Բրահման աշխարհի արարիչն է, հինդուիզմի եռաստվածության, որ է` Տրիմուրթի հորջորջյալի առաջին դեմքը: Շիվայի` արարչության պահապանի ու Վիշնուի` արարչության կործանողի հետ միասին տղամարդկային եռամիասնություն կազմելով, սովորաբար պատկերվում է եռադեմ և քառաձեռ կերպարանքով: Ավելի ուշ` այս աստվածությունը բուդդայականների կողմից վերածվել է Բուդդայի օգնականի ու ծառայի, իսկ դաոսականներն, ընդհակառակը, այն բուդդիստներից փոխառելով` երկրպագել են նրան որպես իրենց գլխավոր աստվածություն:
Գովինդա - Այս անունը Հեսսեն քաղել է Բհագավատգիտայից: Գովինդան` Արջունայի կառապանը, Արջունային քարոզում է կյանքի իմաստի մասին: Հեսսեի մոտ` Սիդհարթան վերջում քարոզում է Գովինդային:
Սիդհարթա - Նշանակում է` «նա, ով հասել է իր նպատակին», Բուդդային (շուրջ 560-480 թթ. ն.Ք.) տրված մականուններից է: Վերջինս, սերելով ազնվականական Սաքյա կամ Շաքյա ընտանիքից, բնութագրվում է նաև Շաքյամունի անվամբ: Հնդկական ազնվականական տոհմաբանության ծիսակարգի համաձայն` տոհմանուններին հավելադրվում էին նաև վեդայական տեսանողների անունները, այստեղից էլ՝ նա կրում է նաև Գոթամա կամ Գաութամա անունը: Բուդդայի հայրը Նեպալի Հիմալայների ստորոտին տեղակայված Սուդդհոդանայի իշխանն էր, մայրը, որ մահացել էր նրա ծնունդից շատ չանցած, կոչվում էր Մայա: Դաստիարակված լինելով շռայլումի ու առատաձեռնության ոգով` ամուսնանում է իր զարմուհի Յասոդհարայի հետ և ունենում է մի որդի` Ռահուլա անունով: 29 տարեկանում, բարեկեցիկ կյանքից հոգնած, փրկության որոնումներում լքում է հայրենիքը և վեց տարի շարունակ թափառում որպես մուրացիկ-ճգնավոր, ուսանում է` առանց ներքին բավարարվածության, տարբեր ուսուցիչների մոտ և ինքզինքը հանձնում է խստագույն ինքնաձաղկման: Վերջում` Գայայի մոտ գտնվող Ուրուվելա ավանում պայծառատեսություն է իջնում վրան: Այնուհետև մեկնում է Բենարես, հիմնում է վանական ուխտ և հետագայում քարոզելով ու ուսուցանելով շրջում է Հյուսիսային Հնդկաստանում:
Օմ - Միստիքական վանկարկություն Հինդուիզմի ու Բուդդայականության սուրբ գրքերում` «Կատարյալը», «կատարելություն», «իրագործում» նշանակությամբ:
Աթման - Սանսկրիտում ծագումնաբանորեն նշանակում է «շունչ», «շնչառություն» (գերմ.` Atem, atmen), հետագայում հանդես է գալիս նաև այլ նշանակություններով` կենսաուժ, ավիշ, անձնավորություն, ինքնություն, ես, հնդկական փիլիսոփայության մեջ` հոգի: «Սիդհարթան դաստիարակվել ու կրթվել է իր հորենական ավանդույթով: Նա գիտե և ճանաչում է Միակը` Աթմանը, որը ոչ ուսյալ մարդը խորը քնի մեջ միայն կարող է վերապրել, ինչի մասին հիշատակվում է Սոնադևայի Ուպանիշադներում: Սակայն բրահմանների ամենագիտությունն անգամ ի զորու չէ արթմնի վիճակում, կյանքում վերապրել Աթմանը» (Ա.Հսիա, «Հերման Հեսսեն և Չինաստանը», Մայնի Ֆրանկֆուրտ 1974, էջ 238):
Ստվեր - «Սրանից կարելի է հասկանալ, որ Գովինդան հանդիսանում է Սիդհարթայի մի տեսակ երկրորդ եսը, ընդսմին` Սիդհարթան գործում է որպես արդեն իսկ առաջինի փոխակերպված եսը, որպես Գովինդայի այնկողմնային գաղափարակերպը կամ մի այնպիսի գիտակցություն, որին Գովինդան դեռ պետք է մտահասու լինի» (Դեբա Պ. Պատնայկ, «Գովինդա», «Հերման Հեսսեի «Սիդհարթային» վերաբերող նյութեր ժողովածու»-ում, 2-րդ հատոր, էջ 190-191)
Ռիգվեդա - Հնդկական գրականության հնագույն հուշարձանը
Պրաջապատի - Վեդայական առասպելաբանության մեջ Արարիչը կամ բարձրագույն Աստվածը
ՈՒպանիշադներ - Հին հնդկական աստվածաբանական-փիլիսոփայական գրվածքներ` անհամարժեք ու տարբեր ժամանակաշրջաններից սերող, ամենատարբեր ուսմունքներ պարունակող
Սամավեդա - Ռիգվեդայից հետո երկրորդ վեդան է` Երգերի վեդա։ Ռիգվեդայի օրհներգների ընտրանին է, որ առաջինից տարբերվում է միայն օրհներգների մատուցման եղանակներով
Չհանդոգյա-ուպանիշադ - Իմաստասեր Շանքարայի կողմից որպես իսկական և հավաստի ճանաչված տասը ուպանիշադներից իններորդը
Սատյամ - Մայայի շղարշաքողի ներքո թաքցված իրականությունը
Բանյան - Բենգալերեն` թզենի
«Օմը աղեղն է, հոգին` նետը» - Օմը, բոլոր վեդայական գրությունների սկիզբն ու ավարտը, «աստվածային ուժի» խորհրդանիշն է, որով ներծծված է ողջ տիեզերքը և որն ապրում է մարդկային սրտի մանրատիեզերքում, մանրաշխարհում` որպես աստծո ապրեցնող, փրկչական ողորմություն, ձև չունեցող կամ անէ մի ուժ, որը, սակայն, սկիզբն է բոլոր գոյություն ունեցածների, եղողների ու լինելիքների («Հերման Հեսսեի «Սիդհարթային» վերաբերող նյութերի ժողովածու»-ում, 2-րդ հատոր, էջ 99-100):
Սամանա - Թափառաշրջիկ, մուրացիկ վանական:
=== ՍԱՄԱՆԱՆԵՐԻ ՄՈՏ ===
Սաքյա - Բուդդայի տոհմանունը
Մագադհա - Հին հնդկական թագավորություն, որը մոտավորապես ընդգրկում է ներկայիս հնդկական Բիհար նահանգը
=== ԳՈԹԱՄԱ ===
Սավաթհի - Գոթամա Բուդդայի ժամանակներում Կոսալայի մայրաքաղաքը, ներկայումս ընդգրկված է Օուդ նահանգի կազմում, որն էլ իր հերթին մաս է կազմում Ութթար Պրադեշի` Գանգեսի պտղատու հարթավայրում: «Սավաթհի քաղաքը, ուր «յուրաքանչյուր երեխա Վեհագույնի անունը գիտեր», թեթևակի կերպափոխված տարբերակն է Շրավասթհի տեղանվան, այն քաղաքի, ուր Բուդդան վաճառական Անաթապինդիկայի կողմից արքայազն Յեթայի «Յեթավանա» անունով այգին ընծա ստացավ, ուր և նա օթևանում էր այն ժամանակ: (Վ.Գանեշան, Հերման Հեսսեի հնդկաստանյան վերապրումը, «Հերման Հեսսեի «Սիդհարթային» վերաբերող նյութերի ժողովածու»-ում, 2-րդ հատոր, էջ 61)
Ութնամասնյա ուղի - Ըստ Հայնրիխ Ցիմմերի («Հնդկաստանի փիլիսոփայությունն ու կրոնը, Մայնի Ֆրանկֆուրտ 1973 թ.) ազնիվ կամ ճշմարիտ ութնամասնյա ուղու առանձին աստիճաններն են` 1. ճշմարիտ հայեցումը, 2. ճշմարիտ մտածումը, 3. ճշմարիտ խոսքը, 4. ճշմարիտ արարքը կամ գործելակերպը, 5. ճշմարիտ կենցաղավարությունը, 6. ճշմարիտ ձգտումը, 7. ճշմարիտ ունկնդրումը, 8. ճշմարիտ խորասուզումը կամ ինքնասուզումը: Հերման Հեսսեն միանշանակորեն ելնում է այս աղբյուրից: Այլ մեկնաբանություններում ինքնամաքրման այս ճանապարհը բնորոշվում է նաև Ութնանդամ ուղի ձևով, անվանակոչվում են հետևյալ ութ աստիճանները` 1. ճշմարիտ հավատ, 2. ճշմարիտ վճիռ, 3. ճշմարիտ խոսք, 4. ճշմարիտ արարք, 5. ճշմարիտ կյանք, 6. ճշմարիտ ձգտում, 7. ճշմարիտ մտածում, 8. ճշմարիտ ինքնախորասուզում: Համաձայն բուդդիստական ուսմունքի Ութնամասնյա Ուղին տանում է դեպի տառապալից գոյության կատարյալ ու վերջնական վերառմանը և դրանով իսկ` Նիրվանայի
=== ԱՐԹՆԱՑՈՒՄ ===
Յոգավեդա - Յոգավեդա գոյություն չունի: Յոգան Հնդկաստանում զարգացում ստացած հոգևոր կենտրոնացման վարժանքների համակարգ է, որի նպատակն է` մարմնի նկատմամբ ամբողջական տիրապետության հաստատման միջոցով հոգու ազատագրումը: Պաթանջալիին վերագրված բրահմանական փիլիսոփայական համակարգը, որի ուսմունքն ամփոփված է Յոգա-սուտրաներում, մեզ ավանդված տեսքով ծագում է հ.Ք. առաջին դարից և գործածվում է որպես Սանքյա փիլիսոփայության մետաֆիզիկական հիմք, նույնպես ուսուցանելով Ութնամասնյա Ուղին` 1. բարոյական ամբասիր վարք, 2. արտաքին և ներքին մաքրություն, 3. մարմնի որոշակի դիրքերի ընդունում, 4. շնչառության կարգավորում, 5. զգայական օրգանների տարանջատում առարկայական հիմքից, 6. մտածողության կենտրոնացումը որոշակի կետի վրա, 7. հայեցություն, 8. ինքնախորասուզում
Աթհարվավեդա - «Տան քուրմի վեդան», ընտանեկան կրոնական ծեսերի համար անհրաժեշտ օրհներգների ու մոգական երգասացությունների ժողովածու
Մարայի կախարդանքը - Մարա` մարդասպան, մահ, չար սկզբունք
Մայայի շղարշաքողը - Մայան հնդկական փիլիսոփայության իրատեսական, պանթեիստական համակարգում ներկայացնում է այն ուժը, որի միջոցով աստված աշխարհ է բերում իր էության մի մասի իրական ձևափոխումը, դրանով իսկ մարդկանց խոչընդոտելով ճանաչել աստծո հետ իր էության միասնությունը: Իդեալիստական ուսմունքներում Մայան այն անբացատրելի պատրանքն է, որն անգիտության մեջ գտնվողներից թաքցնում է Ամենագոյի հետ իր ինքնության նույնականության գիտակցումը: Մայան ներկայացվում է որպես շղարշաքողով ծածկված գեղեցկություն
== ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ ==
=== ՔԱՄԱԼԱ ===
Ծառամագլցում - Կամա-սուտրայում գրկախառնման 12 դասական ձևերից 6-րդը
Քամալա - Ենթադրաբար Կամա անվան ձևափոխությունն է: Կաման հնդկական սիրո աստվածն է, որը ներկայացվում է թութակին հեծած վարգող պատանու տեսքով
Վիշնու - Հինդուիզմի գերագույն աստվածներից մեկը: Վիշնուն պետք է որ երկրիս երեսին ինը անգամ վերամարմնավորված լինի, վերջին երկու դեպքերում` որպես Ռամա և Կրիշնա: 10-րդ վերամարմնավորումը սպասվում է
Լակշմի - Հնդիկների մոտ երջանկության և գեղեցկության աստվածուհին, Վիշնուի կինը: Լակշմին ներկայացվում է Վիշնուի ոտքերին նստած
«Իր ստվերաշատ պարտեզը մտավ գեղեցկուհի Քամալան» - Հ.Հեսսեի բանաստեղծությունն է:
Կամասվամի - Այս անունը, ինչպես Քամալայի դեպքում, հավանաբար Կամա անվան ձևափոխություններից է: Սվամի նշանակում է` վարպետ, տեր, սեփականատեր
=== ԵՐԵԽԱ-ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ ===
«Մեր բնույթի մարդիկ գուցե չեն կարող սիրել» - հմմտ. «Գովինդա» գլխի մի արտահայտության հետ, ուր ասվում է` «…իրերը մարդս կարող է սիրել»
=== ՍԱՆՍԱՐԱ ===
Սանսարա - Հեսսեի Media in Vita շարքի («Մի օր, սի՛րտ, դու կխաղաղվես…) (15.02.1921թ.) բանաստեղծություններից է, սկզբնապես վերնագրված է եղել «Սանսարա»: Սանսարա նշանակում է կեցության հավերժորեն կրկնվող վերանորացումը` իր բոլոր տառապանքներով հանդերձ
=== ԳԵՏԱՓԻՆ ===
« որը սեր այս հոսանուտ ջրի հանդեպ» - «Պատահական չէ Հեսսեի կողմից հոսող ջրի ընտրությունը որպես Թաոյի անանձնական մարմնավորում: Քանզի գետը բոլոր փոխակերպումների մարմնավորում-հասկացությունն է: Կոնֆուցիուսի «Զրույցներում» ասվում է. «Այսպես ամեն ինչ հոսում է ինչպես այս գետը, առանց կանգառի, գիշեր ու տիվ»: Նա, ով սակայն ճանաչել է փոխակերպումը, իր հայացքն ուղղում է ոչ թե անցողիկին, այլ նրան, ինչը ծնում, մղում է տալիս այդ փոխակերպմանը, այսինքն` Թաոյին: Լաո Ցզիի 32-րդ ասույթը հաստատում է այս միտքը. «Կարելի է Թաոյի հարաբերությունը աշխարհի նկատմամբ համեմատել լեռնային աղբյուրների ու դաշտային ջրերի հետ, որոնք լցվում են գետերի ու ծովերի մեջ»: Լաո Ցզին խոսքից ժուժկալ էր, սակայն նրա հետևյալ արտահայտությունները համապատասխանում են այն պատկերին, որ «Սիդհարթայում» Հեսսեն վերագրել է գետին. «…բոլոր ալիքները և ջրերը շտապում են` տառապելով` դեպի իրենց նպատակը, այդ նպատակները բազմաթիվ են` ջրվեժները, լճերը, արագահոս գետերը, ծովերը, և բոլոր այդ նպատակներին հասնում են, և յուրաքանչյուր նպատակին հետևում է նորը, և ջուրը գոլորշի է դառնում ու բարձրանում դեպի երկինք, դառնում է անձրև ու երկնքից թափվում է ներքև, դառնում է աղբյուր, դառնում առվակ, դառնում է գետ, ձգտում է դեպի նորը, վերստին ու նորից հոսում» (Ա.Հսիա, «Հերման Հեսսեն և Չինաստանը», Մայնի Ֆրանկֆուրտ 1974, էջ 242-243)
=== ԼԱՍՏԱՎԱՐԸ ===
Վասուդևա - Կրիշնայի անուններից մեկը: «Վասուդևան Թաոյի անձնավորված մարմնացումն է, գետը` անանձնականը, չանձնավորվածը: Վասուդևայի ու Լաո Ցզիի միջև նմանությունը ակնբախ է
=== ԳՈՎԻՆԴԱ ===
«Յուրաքանչյուր ճշմարտության հակառակը նույնպես ճշմարիտ է» - «Յուրաքանչյուր լավ, իսկական ճշմարտությունը, թվում է ինձ, պետք է ընդունակ լինի, որպեսզի այն նաև շրջել կարողանաս: Այն, ինչը ճշմարիտ է, դրա հակառակը նույնպես պետք է ճշմարիտ լինի: Քանզի յուրաքանչյուր ճշմարտություն ինքնին մի կարճառոտ բանաձևում է աշխարհի վերաբերյալ որոշակի հայացքի` դիտված որոշակի բևեռից, և չկա որևէ բևեռ առանց հակառակ բևեռի» (Հ.Հեսսե, Վիլհելմ Շեֆերի մի թեմայի արծարծումների առնչությամբ, 1919, Հ.Հեսսեի երկերի լիակատար ժողովածու, հատոր 11, էջ 209)
Նիրվանա - Բուդդիստական ուսմունքում ապաշխարանքի միջոցով ձեռք բերված փրկությունը` որպես կյանքի մղումից լիակատար հրաժարում-դադար: Սանսարայի (կամ Սամսարայի) հակադրությունը
Սերը - Այս հասկացությունը շատ մեկնաբանների, այդ թվում նաև Հեսսեի համար բացառապես քրիստոնեական տարր է: Սակայն քրիստոնեությունը, չնայած որ Քրիստոսի ավետումն, անտարակույս, սիրո ավետում է, բոլորովին էլ սիրո մենաշնորհի տերը չէ: Սերը Թաոյի կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որոշ առումով՝ նույնիսկ նրա գլխավոր առարկան, քանի որ Թաոն շուրջառում և ընդգրկում է բոլոր էակներին: Սերը պատկանում է Թաո Թե Քինգ եռամիասնությանը: Ընդ որում` Թաոն ու Թեն անհաշտվելի են, քանի որ նրանք բոլոր արարածների գոյության նախապայմանն են՝ առանց որոնց ոչիչն գոյություն չունի և չի կարող ունենալ: Այդ պատճառով էլ` Թաոիզմում ևս սերը վճռորոշ տեղ է զբաղեցնում: «Սիդհարթայում» գլխավոր հերոսի պատկերացրած ու երկրպագած սերը բոլորովին էլ զուտ քրիստոնեական սերը չէ, այլ ավելի հարիր է հեթանոսական պատկերացումներին: Սիդհարթան սիրում է, ասենք, քարը, ոչ այն բանի համար, որ այն աստծո արարչագործության մասն է կազմում, այլ որովհետև այն խորհրդանշում է տևականությունն ու փոխակերպումը, այլ խոսքով, քանի որ նա Թաո է
Կրիշնա - Առասպելական հնդկական թագավոր, Վիշնու աստծո 8-րդ երկրային հայտնության կերպարանավորումը
Ագնի - Կրակի հնդկական աստվածը, որը զոհասեղանին խնկարկվող զոհին դեպի երկինք է տանում