Changes

Կորուսյալ աշխարհ

Ավելացվել է 54 539 բայտ, 06:16, 28 Մայիսի 2014
/* Գլուխ X «Ահա՛ հրաշքները» */
― Կապույտ կավ․․․ կապույտ կավ հրաբխային խառնարանում, ― շշնջում էր նա։
Դրանք վերջին խոսքերն էին, որոնցով ես, օրվա ընթացքում տանջահար լինելուց հետո, խոր քուն մտա։   ==ԳլուխXI Ես դառնում եմ օրվա հերոսը==  Լորդ Ջոն Ռոքստոնի երկյուղներն արդարացան․ մեզ վրա հարձակված հրեշների խայթոցները թունավոր էին։ Սարահարթում մեր առաջին արկածի հետևյալ օրը ես և Սամերլին սկսեցինք դողացնել ու ցավեր զգալ, իսկ Չելենջերի ծունկն այնպես ուռեց, որ նա հազիվ էր կարողանում հիվանդ ոտքի վրա հենվել։ Ուստի մենք ամբողջ օրն անցկացրինք ճամբարում աշխատելով ուժերիս ներածին չափ օգնել լորդ Ջոնին, որն զբաղված էր փշոտ ցանկապատն ամրացնելով, որը թշնամիներից մեր միակ պաշտպանության միջոցն էր։ Այսօրվա պես հիշում եմ, որ այն ժամանակ վաղ առավոտից ինձ հետապնդում էր մի տարօրինակ զգացում․ շարունակ թվում էր՝ ուշադիր հետևում են մեզ, բայց թե ով և որտեղից, ասել չէի կարող։ Չհամբերեցի և երկյուղս հայտնեցի Չելենջերին, որն շտապեց այդ բանը վերագրել իբր թե իմ տենդագին դրությունից առաջացող մտավոր խանգարվածությանը։ Ինչևէ, բայց ես շարունակում էի աչք ածել չորս կողմս՝ պատրաստվելով ինչ֊որ բան տեսնելու, և ոչինչ չէի տեսնում, բացի ճյուղերի մութ կույտից, որոնցից բաղկացած էր մեր փշոտ ցանկապատը, և մեկ էլ վիթխարի ծառերի բները պսակող կանաչի մռայլ կամարներից։ Բայց և այնպես այն համոզմունքը, որ ինչ֊որ անբայրացակամ դիտորդ թաքնվել է մեզնից երկու քայլի վրա, ոչ միայն չէր չքանում, այլ հետզհետե ուժեղանում էր։ Հիշեցի հնդկացիների սնահավատ վախը ահեղ Կուրուպուրիից, որը թաքնվում էր խուլ անտառներում և արդեն պատրաստ էի հավատալու, որ այդ քինոտ ոգին հանգստից զրկում է այն խիզախներին, որոնք ներխուժում են նրա սրբազան օթևանի գաղտնիքների մեջ։ Այդ գիշեր, ― երրորդ գիշերը Մեպլ֊Ուայտի Երկրում, ― մի դեպք շատ ծանր տպավորություն թողեց մեզ վրա և ստիպեց մի ավելորդ անգամ ևս շնորհակալություն հայտնելու լորդ Ջոնին, որը ջանք չէր խնայել Չելենջերի ամրոցն ամրապնդելու։ Քնել էինք հանգչող խարույկի մոտ, երբ հանկարծ մեզ արթնացրեց, ավելի ճիշտ, տառացիորեն ոտքի հանեց մի կատաղի ոռնոց ու կաղկանձյուն։ Չգիտեմ, թե ինչի հետ կարելի է համեմատել այդ ճիչերը, որոնք հնչում էին բոլորովին մոտիկից․ ես դրանցից ավելի զարհուրելի բան չեմ լսել։ Այդ ճիչերը պատառ֊պատառ էին անում օդը, նման շոքեքարշի սուլոցներին, չունենալով այդ ձայնի ո՛չ մաքրությունը, ո՛չ պարզորոշությունը։ Ականջներս փակեցինք՝ ջանալով չլսել անսահման տանջանքով ու սարսափով լի թավ, երերուն որոտները։ Մեր ջղերը չէին կարող դիմանալ այդպիսի լարվածության։ Ես ամբողջովին ծածկվեցի սառը քրտինքով, սիրտս կանգ առավ կրծքիս տակ։ Թվում էր, թե կյանքի բոլոր դառնությունները, նրա անհամար տանջանքները՝ այն ամենը, ինչում նա կարող է մեղադրել երկնքին, ձուլվել էր ի մի այդ տանջալից կանչի մեջ։ Եվ, ասես նվագակցելով զրնգուն աղաղակներին, ասես ընդգծելով դրանք, նույն տեղում թնդում էր ինչ֊որ մեկի կերկերուն ծիծաղը, կոկորդային ցնծալից մռնչյունը։ Այդ զարհուրելի զուգերգը տևեց երեք֊չորս րոպե՝ տագնապահար անելով ծառերի վրա քնած բոլոր թռչուններին, և նույնքան անսպասելի էլ լռեց։ Մենք երկար չէինք խոսում՝ ցնցված քիչ առաջ լսածից։ Հետո լորդ Ջոնը ցախ գցեց խարույկին։ Կրակի կարմրագույն ցոլքերը լուսավորեցին իմ ընկերների լարված դեմքերը և թրթռացրին մեր գլխավերևի սաղարթներին։ ― Ի՞նչ էր այդ, ― շշուկով հարցրի ես։ ― Առավոտյան կիմանանք, ― ասաց լորդ Ջոնը։ ― Դա բոլորովին մոտիկ էր, այն բացատից ոչ հեռու։ ― Մենք արժանացանք յուրայան շրջանի լագունի եղեգնուտում մինչպատմական ողբերգությունը հեռվից լսելու պատվին, երբ խոշոր թեփամորթը տիղմի մեջ վերջ է տալիս իր ավելի թույլ ցեղակցին, ― նույնիսկ իր համար անսովոր հանդիսավորությամբ ազդարարեց Չելենջերը։ ― Այո, մարդը շատ է շահել՝ մի փոքր ավելի ուշ հայտնվելով Երկրի վրա։ Աշխարհաստեղծության արշալույսին նա հարկադրված կլիներ հանդիպելու այնպիսի հրեշների, որոնք չէին վախենա ո՛չ նրա արիությունից, ո՛չ էլ հնարամտությունից։ Մի՞թե նետերը, պարսատիկը և նիզակը, կարող էին օգնել նրան այն ուժերի հետ ընդհարվելիս, որոնք խրախճանք էին սարքել այս գիշեր։ Անգամ ժամանակակից հրացանը ձեզ առավելություն չի տա այդպիսի հրեշի հետ հանդիպելիս։ ― Այնուամենայնիվ, ես վստահում եմ իմ սիրելի բարեկամին, ― ասաց լորդ Ջոնը, շոյելով իր «Էքսպրեսի փողը։ ― Սակայն չեմ վիճում, որ այդ ճիվաղը հաղթանակի քիչ շանսեր չէր ունենա։ Սամերլին ձեռքը վեր բարձրացրեց։ ― Ս֊ս֊ս՜, ― շշնջաց նա։ ― Ինչ֊որ ձայն լսեցի։ Մեռելային լռությունը խզեց մի թույլ, համաչափ դոփյուն։ Ինչ֊որ կենդանի էր անցնում թավուտով, ծանր թաթերը զգուշությամբ վերցնելով֊դնելով։ Նա դանդաղ շրջանցեց մեր ամրոցը և կանգ առավ մուտքի մոտ։ Լսում էին նրա շչող շնչառությունը։ Միայն թեթև ցանկապատն էր բաժանում մեզ այդ ճիվաղից։ Մենք վերցրինք մեր հրացանները, իսկ լորդ Ջոնը, փշոտ ցանկապատից մի թուփ դուրս քաշելով, հրակնատի նման ինչ֊որ բան պատրաստեց նրա մեջ։ ― Աստվա՜ծ իմ, ― շշնջաց նա։ ― Ես կարծես թե տեսնում եմ նրան։ Ես լորդ Ջոնի ուսի վրայով նայեցի այն կողմը։ Այո՛, ճիշտ է։ Ծառի տակ, թանձր ստվերում, երևում էր է՛լ ավելի թանձր մի ստվեր։ Գետնին կպած այդ նախնադարյան գազանի մեջ զգացվում էին վայրի ուժ ու կատաղություն։ Հասակով նա ձիուց բարձր էր, բայց նրա ծանր մարմնի գծագիրը խոսում էր արտասովոր ուժի մասին։ Միայն գերհզոր օրգանիզմը կարող էր այդպիսի լիքը, հավասար շնչառություն ունենալ։ Ասես շոգեկաթսա լիներ։ Հրեշը շարժվեց, և ես տեսա նրա զարհուրելի, կանաչափայլ աչքերը։ Խլրտոց լսվեց՝ նա դանդաղ առաջ էր շարժվում։ ― Հիմա կցատկի, ― ասացի ես ու շնիկը ձգեցի։ ― Չկրակեք, ― շշնջաց լորդ Ջոնը։ ― Մի՞թե այսպիսի խաղաղ գիշերին կարելի է կրակել։ Ձայնը կտարածվի մի քանի մղոնի վրա։ Պահեք այդ վերջին րոպեյի համար։ ― Եթե նա անցնի ցանկապատը, կորած ենք, ― ասաց Սամերլին ջղային քմծիծաղով։ ― Չենք թողնի, որ անցնի, ― ձայն տվեց լորդ Ջոնը։ ― Կրակեցեք միայն ծայրահեղ դեպքում։ Միգուցե առանց այդ էլ ես նրա հետ հաշիվ տեսնեմ։ Հարկավոր է փորձել։ Դժվար է ավելի համարձակ քայլ պատկերցնել, քան այն, ինչ կատարեց լորդ Ջոնը։ Նա կռացավ խարույկի վրա, կրակից դուրս քաշեց մի վառվող ճյուղ և մի ակնթարթում մտնելով ցանկապատի մեջ բացված նեղ անցքը, դուրս եկավ մյուս կողմը։ Հրեշը ահեղ մռնչյունով շարժվեց առաջ։ Առանց մի րոպե տատանվելու, լորդ Ջոնը արագ և թեթև թռավ նրա մոտ և վառվող ճյուղը պարզեց ուղղակի հրեշի մռութին։ Աչքերիս առջև միայն մի վայրկյան երևաց ու չքացավ վիթխարի դոդոշի զզվելի դիմակը՝ գորտնուկավոր, ասես բորոտ մաշկ, և ամբողջովին արնոտ, հսկայական բերան։ Թփերում խշրտյուն լսվեց, և մեր զարհուրելի հյուրն անհետացավ անտառի թավուտում։ ― Ես այդպես էլ գիտեի, որ նա կրակից կվախենա, ― ծիծաղելով ասաց լորդ Ջոնը՝ ետ գալով և ճյուղը նետելով խարույկի վրա։ ― Դուք վտանգի ենթարկեցիք ձեր կյանքը, ― խմբովին բացականչեցինք մենք։ ― Իսկ ի՞նչ էր մնում անելու։ Եթե այդ հրեշը հայտնվեր մեր մեջ, մենք կրակելով միայն իրար ցած կգլորեինք։ Ցանկապատի միջով կրակելն էլ իմաստ չուներ․ այդ ժամանակ նա ամենայն հավանականությամբ կանցներ ցանկապատը, իսկ այդպիսի կրակոցը մեզ գկխովին կմատներ, ուրիշ ոչինչ։ Մի խոսքով, ըստ իս, հեշտ պրծանք։ Բայց այդ ի՞նչ գազան էր։ Մեր գիտնականներն անվճռականորեն իրար նայեցին։ ― Չեմ համարձակվում շատ թե քիչ ճշգրիտ բնորոշել այդ արարածին, ― ասաց Սամերլին՝ ծխամորճը կպցնելով խարույկի կրակից։ ― Նման զգուշությունը հատուկ է իսկական գիտական մտածողություն ունեցող մարդկանց։ ― Չելենջերն իջավ մինչև հաճոյախոսությո՜ւն։ ― Ես ևս կսահմանափակվեմ ընդհանուր դիտողությամբ միայն, որ այս գիշեր մենք դեմ առանք գիշակեր դինոզավրի տեսակներից մեկին։ Սարահարթում դրանց գոյության հնարավորության մասին դուք արդեն լսել եք ինձանից։  ― Բայց չէ՞ որ մինչպատմական շատ տեսակների մասին ոչ մի տեղեկություն չի հասել մեզ, ― ասաց Սամերլին։ ― Անխոհեմություն կլիներ մտածել, թե մենք կարող ենք անուն տալ այստեղ մեր աչքին ընկնող ամեն մի կենդանի արարածի։ ― Միանգամայն իրավացի եք։ Մեր հնարավորությունները սահմանափակվում են ամենամոտավոր դասակարգումով։ Սպասենք մինչև վաղը կպարզվի, իսկ առայժմ եկեք շարունակենք մեր ընդհատված քունը։ ― Սակայն մի պայմանով, որ մեզանից մեկը հերթապահի, ― վճռականորեն ասաց լորդ Ջոնը։ ― Բարեկամներ, այսպիսի երկրում կատակ անել չի կարելի։ Առաջարկում եմ այսուհետև սահմանել գիշերային հերթապահություններ՝ երկժամյա հերթափոխությամբ։ ― Այն ժամանակ առաջին ժամապահը ես կլինեմ, մանավանդ, որ ուզում եմ ծխամորճս ծխել վերջացնել, ― ասաց պրոֆեսոր Սամերլին։ Եվ դրանից հետո մենք երբեք առանց պահպանության չենք քնում։ Առավոտյան պարզվեց, թե որն էր մեզ արթնացնող ճիչերի պատճառը։ Այն բացատը, որտեղ մենք տեսանք իգուանոդոններին, դարձել էր իսկական կոտորածի դաշտ։ Նայելով այդ արյան լճակներին ու կանաչ խոտերի վրա այստեղ֊այնտեղ թափված մսի խոշոր կտորներին, կարելի էր ենթադրել, թե քիչ գազաններ չեն ընկել այստեղ, բայց ուշադիր զննելուց հետո պարզվեց, որ այդ բոլորը մեկ իգուանոդոնի մարմնի մասերն են, որին պատառոտել է մի այլ՝ եթե ոչ ավելի խոշոր, ապա համենայն դեպս ավելի կատաղի գազան։ Երկու պրոֆեսորն էլ գիտական վեճի բռնվեցին, ուշի֊ուշով զննելով մսի յուրաքանչյուր պատառը, որն իր վրա կրում էր դաժան ժանիքների և հսկայական մագիլների հետքերը։ ― Առայժմ որևէ եզրակացություն անելը վաղաժամ է, ― ասաց պրոֆեսոր Չելենջերը՝ զննելով իր ծնկներին դրած սպիտակավուն մսի կտորը։ ― Դատելով որոշ տվյալներից, հարձագվողը եղել է թրաժանիք վագր։ <ref>Թրաժանիք վագր (մախայրոգ) ― մեռած վիթխարի կատու, որն աչքի էր ընկնում վերին ծնոտի անսովոր զարգացած ժանիքներով, որոնք հարմարված էին հաստակաշի կենդանիներ որսալու։</ref> Այսպիաի վագրերի կմախքները գտնում են կոնգլոմերատների մեջ քարայրներում, բայց այն գազանը, որին մենք սեփական աչքերով տեսանք, շատ ավելի խոշոր է և ավելի շուտ նման է սողունի։ Անձամբ ես հակված եմ կարծելու, որ դա ալլոզավր էր։ ― Կամ մեգալոզավր, ― ասաց Սամերլին։ ― Կարող է պատահել։ Մի խոսքով, գիշատիչ դինոզավրերից որևէ մեկը։ Դրանց մեջ պատահում են ամենազարհուրելի հրեշներ, որոնք երբևէ պղծել են մեր երկրագունդը կամ ծառայել իբրև թանգարանների զարդ։ ― Չելենջերը քրքջաց սեփական սրամտության վրա։ Ունենալով հումորի խիստ պարզունակ զգացողություն՝ նա ուրախանում էր իր ամեն մի, անգամ ամենակոպիտ կատակի վրա։ ― Որքան քիչ աղմկենք, այնքան լավ, ― խստությամբ լռեցրեց նրան լորդ Ջոնը։ ― Ինչ իմանանք, թե ո՞վ է թափառում մոտերքում։ Եթե այդ կարիճը մտածի վերադառնալ այստեղ նախաճաշելու և պատահի մեզ, այն ժամանակ ծիծաղելու տրամադրություն չի մնա։ Ի դեպ, այդ ի՞նչ բիծ է։ Իգուանադոնի թեփուկոտ, անփայլ սև կաշվին, ուսից մի փոքր վերև պարզ երևում էր մի մութ պալար, որը ասֆալտի գույն ուներ։ Մեզնից ոչ ոք չկարողացավ որոշել այդ բիծը, չնայած Սամերլին հիշեց, որ երկու օր առաջ ճիշտ այդպիսի պալար տեսել էր ջահել իգուանադոններից մեկի վրա։ Չելենջերը նստել էր փքված և բազմախորհուրդ լռություն էր պահպանում, իր ամբողջ տեսքով ասելով․ «Այ, գիտեմ, բայց չե՛մ ասի»։ Լորդ Ջոնին ուրիշ ոչինչ չէր մնում, քան նույն հարցով դիմել նրան։ Եթե ձերդ ողորմածությունը թույլ կտա ինձ բերան բանալ, երջանիկ կլինեմ իմ կարծիքը հայտնելու, ― խայթող տոնով խոսեց Չելենջերը։ Կյանքումս առաջին անգամ եմ այդպիսի խրատներ լսում։ Ես չէի կարծում, որ առանց ձեր թույլտվության չի կարելի մինչև իսկ անմեղ կատակի վրա ծիծաղել։ Եվ միայն այն բանից հետո, երբ լորդ Ջոնը ներողություն խնդրեց մեր շուտ նեղացող բարեկամից, նա բարեհաճեց զայրույթը փոխարկել ողորմածության։ Իսկ երբ նրա հուզմունքը բոլորովին հանդարտվեց, նա բարձրացավ ընկած ծառի բնին և դիմեց մեզ երկար և, ինչպես միշտ, խիստ հանդիսավոր մի ճառով, ասես նրա դեմ ոչ թե երեք մարդուց բաղկացած մի փոքրիկ խումբ էր, այլ հազարանոց բազմություն, որը թանկագին տեղեկություններ էր սպասում պրոֆեսորից։ ― Ինչ վերաբերում է վերոհիշյալ բծին, ― սկսեց Չելենջերը, ― ապա ես հակամետ եմ միանալու իմ բարեկամ ու կոլեգա պրոֆեսոր Աամերլիի կարծիքին, որը պնդում է, թե դա ասֆալտ է։ Մեպլ֊Ուայտի Երկիրն ակնհայտորեն հրաբխային ծագում ունի, ասֆալտն էլ, ինչպես հայտնի է, պատկանում է խորքային կազմավորումների թվին և, անկասկած, գոյություն ունի այստեղ հեղուկ վիճակում, հետևաբար կարող է կպչել իգուանադոնների մաշկին։ Սակայն այժմ մեր առաջ կանգնած է մի այլ շատ ավելի կարևոր հարց․ ի՞նչ կերպ կարող են այստեղ գոյություն ունենալ մսակեր գիշատիչներ, որոնցից մեկն այցելել է բացատը և այսպիսի ահավոր հետքեր թողել այստեղ։ Մենք գիտենք, որ սարահարթն իր չափերով ավելի մեծ չէ Անգլիայի միջին կոմսութմոյնից։ Չորս կողմից փակված տարածության վրա շատ ու շատ դարերի ընթացքում ապրում են երկրի երեսից վաղուց չքացած կենդանիների որոշ տեսակներ։ Թվում է, ինձ համար դա կասկածից վեր է, թե մսակեր կենդանիները անարգել բազմանալով, պետք է որ վաղուց ոչնչացրած լինեին բնության տրամադրած սննդի պաշարները և դրա հետևանքով կամ սովից մեռնեին, կամ մսից անցնեին որևէ այլ կերի։ Ւնչպես տեսնում ենք՝ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը տեղի չի ունեցել։ Հետևաբար, մնում է ենթադրել, որ այդ կատաղի գիշակերների թվի սահմանակումը, առանց որի բնության մեջ հավասարակշռությունն անհնարին է, այստեղ ձեռք է բերվում ինչ֊որ այլ եղանակներով։ Որոնք են այդ եղանակները և ինչպես են կիրառվում՝ ահա մեկը բազմաթիվ հետաքրքրական պրոբլեմներից, որոնք սպասում են իրենց լուծմանը։ Թույլ եմ տալիս ինձ հուսալու, որ մենք դեռևս առիթ կունենանք մսկաեր դինոզավրերին դիտելու ավելի մոտիկ տարածությունից։ ― Իսկ ես թույլ եմ տալիս ինձ հուսալու, որ այդպիսի առիթ չի ներկայանա, ― ասացի ես։ Ի պատասխան պրոֆեսորը վեր բարձրացրեց հոնքերը դպրոցական ուսուցչի նման, որն արհամարհում է չարաճճի աշակերտի անտեղի նկատողությունը։ ― Թերևս պրոֆեսոր Սամերլին հաճեր իր նկատառումնե՞ր արտահայտել այս հարցի մասին, ― առաջարկեց նա։ Եվ երկու գիտնականներն էլ ճախրեցին դեպի գիտության լեռնային բարձրունքները, որոնց նոսրացած մթնոլորտում միայն կարելի էր քննարկել այնպիսի պրոբլեմներ, ինչպես գոյության կռվի և կերի անշեղ պակասելու շնորհիվ ծնելության նվազման միջև եղած կապը։ Այդ առավոտ մենք ուղևորվեցինք առվակից դեպի արևելք, որպեսզի նորից դուրս չգանք պտերոդակտիլների ճահիճը, և սարահարթի մի փոքր մասը տեղադրեցինք քարտեզի վրա։ Այդտեղ մանրանտառն այնքան խիտ էր, որ մենք ստիպված էինք տառացիորեն ճեղքել֊անցնել նրա միջով։ Մինչև այժմ ես պատմեցի միայն Մեպլ֊Ուայտի Երկրի սարսափների մասին, բայց այդ անարդարացի է նրա նկատմամբ, որովհետև այդ ամբողջ առավոտ մենք շրջում էինք հիանալի ծաղիկների մեջ, գլխավորապես երկու երանգի՝ սպիտակ և դեղին։ Չելենջերի և Սամերլիի ասելով, նախնական գամման սահմանափակվում է հենց միայն այդ երկու գույներով։ Շատ տեղերում հողն ամբողջովին ծածկված էր ծաղիկներով, և մեր ոտքերը մինչև կոճերը թաղվում էին այդ հոյակապ փափուկ գորգի մեջ, որն այնպիսի ուժեղ ու դուրեկան բուրմունք էր տարածել չորս կողմը, որ մարդու գլուխը պտտվում էր։ Ամենուրեք տզտզում էին մեղուները, ճիշտ ու ճիշտ այնպիսիք, ինչպես մեզ մոտ, Անգլիայում։ Ծառերի ճյուղերը ցած էին խոնարհվել պտուղների ծանրության տակ, որոնք մասամբ ծանոթ էին մեզ, մասամաբ բոլորովին անծանոթ։ Մենք ընտրում էինք թռչունների կտցածները և, առանց թունավորումից վախենալու, հաճելի բազմազանություն մտցնում մեր կերակրացանկի մեջ։ Ջունգլիի այդ մասում ամենուրեք անցնում էին արահետներ, որ բացել էին վայրի գազանները, իսկ ճահճային ցածրավայրերը ծածկված էին բազմաթիվ հետքերով, որոնց մեջ պատահում էին նաև իգուանադոնների հետքեր։ Անտառային բացատներից մեկում արածում էր այդ հսկաների մի փոքրիկ նախիր։ Լորդ Ջոնը բինոկլով նկատեց, որ նրանք էլ ասֆալտե բծեր ունեն մարմինների վրա, չնայած ոչ այն տեղում, ինչ֊որ պատառ֊պատառ արված իգուանադոնինն էր։ Ինչպե՞ս բացատրել այդ տարօրինակ երևույթը՝ մեզնից ոչ ոք չգիտեր։ Ճամփին մի գլուխ պատահում էին մանր կենդանիներ՝ խոզուկներ, թեփուկավոր մրջնակեր, երկար, վերև ոլորված ժանիքներով խայտաբղետ վարազ։ Մի անգամ ծառերի միջի բացվածքից նկատեցինք հեռվում մի կանաչ բլրալանջ, որտեղով վազեվազ անցավ ինչ֊որ խոշոր, գորշ աղյուսագույն գազան։ Նա այնքան արագ անցավ, որ մենք ժամանակ չունեցանք մի լավ նայել նրան։ Բայց եթե դա եղջերու էր, ինչպես պնդում էր լորդ Ջոնը, ապա իր չափսերով չէր զիջում իշայծյամներին, որոնց կմախքները մինչև այսօր էլ հայտնաբերվում են իմ հայրենի Իռլանդիայի ճահիճներում։ Գիշերը մեզ այցի եկած հանելուկային հյուրից հետո սկսեցինք վախվխելով վերադառնալ ճամբար։ Սակայն այլևս ոչ մի այդպիսի բան չպատահեց։ Այդ երեկո մենք տաք վեճի բռնվեցինք ապագայի ծրագրերի շուրջը։ Մանրամասն շարադրեմ, որովհետև դա ազդեց մեր հետագա գործելակերպի վրա և օգնեց մի քանի օրում շատ ավելի լավ ծանոթանալ Մեպլ֊Ուայտի Երկրին, քան հնարավոր կլիներ անել երկար շաբաթների ընթացքում։ Վիճաբանությունը բացեց Սամերլին։ Դեռևս առավոտից նա ինչ֊որ բանից դժգոհ էր, և երբ Ջոնը խոսեց վաղվա պլանների մասին, պրոֆեսորն այլևս չդիմացավ ու փրփրեց։ ― Ե՛վ այսօր, և՛ վաղը, և՛ վաղը չէ մյուս օրը հարկավոր է ելք փնտրել այս մկան թակարդից, ― ասաց նա։ ― Բոլորդ գլուխ եք ջարդում, թե ինչպես թափանցեք երկրի խորքը, իսկ ըստ իս մենք պետք է մտածենք միայն այն մասին, թե ինչպես դուրս գանք այստեղից։ ― Չէի սպասում, սըր, որ գիտության մարդը կարող է այդքան ցած իջնել, ― թնդաց Չելենջերը՝ սղալելով իր փարթամ մորուքը։ ― Դուք ընկել եք մի երկիր, որը հետաքրքրասեր բնագետի համար լի է այնպիսի հրապույրներով, որոնց հավասարը չկա և չի եղել աշխարհի գոյության սկզբից ի վեր։ Եվ դուք առաջարկում եք թողնել այս արգելավայրը, սահմանափակվել միայն ամենամակերեսային ծանոթությամբ նրա և նրա բնակիչների հետ։ Ես զարմացած եմ, պրոֆեսոր Սամերլի։ ― Մի մոռանաք, խնդրեմ, ― զայրացած խոսեց Սամերլին, ― որ Լոնդոնում ինձ են սպասում մի մեծ խումբ ուսանողներ, որոնք թողնված են իմ բավականաչափ բթամիտ ասիստենտի խնամակալությանը։ Իմ վիճակը մի փոքր այլ է, պրոֆեսոր Չելենջեր, քան թե ձերը, քանզի, որքան հայտնի է ինձ, ոչ ոք և երբեք ձեզ չի հանձնարարել այնպիսի մի պատասխանատու աշխատանք, ինչպես երիտասարդության ուսուցումն է։ ― Միանգամայն ճիշտ է, ― համաձայնեց Չելենջերը։ ― Ինչո՞ւ դատարկ բաներով ծանրաբեռնել մի խելք, որն ընդունակ է բարձրագույն կարգի ստեղծագործական որոնումների։ Ըստ իս դա սրբապղծություն է։ Ահա թե ինչու ես միշտ էլ ամենավճռական ձևով հրաժարվում եմ նման առաջարկություններից։ ― Այդ ինչպիսի՞ առաջարկություններից, ― կծու ծաղրով հարցրեց Սամերլին։ Բայց այստեղ լորդ Ջոնն շտապեց խոսակցությունը փոխադրել այլ թեմայի շուրջ։ ― Պետք է ասեմ ձեզ, ― սկսեց նա, ― որ ես պարզապես խայտառակություն եմ համարում վերադառնալ Լոնդոն՝ առանց ինչպես հարկն է այս երկրի հետ ծանոթանալու։ ― Իսկ ես սիրտ չեմ անի անցնել մեր խմբագրության շեմքը և երևալ ծերուկ Մակ֊Արդլի աչքին, ― ավալացրեցի ես։ (Դուք չե՞ք բարկանա, սըր։) ― Նա ինձ չի ների, եթե ես արհամարհեմ այսպիսի նյութը։ Բայց, իմ կարծիքով, այս վեճերն ավելորդ են․ չէ՞ որ մենք ուզենանք էլ, չենք կարող ցած իջնել։ ― Մեր պատանի բարեկամի պարզունակ, առողջ դատողությունը որոշ չափով փոխհատուցում է նրա մտավոր զարգացման պակասը, ― ասաց Չելենջերը։ ― Հասկանալի է, որ մենք ոչ մի գործ չունենք նրա արգահատելի մասնագիտական հետաքրքրությունների հետ, բայց ինչ որ ճիշտ է, ճիշտ է, մենք չենք կարող ցած իջնել, հետևաբար կարիք չկա իզուր ուժերը վատնել անիմաստ վեճերում։ ― Իսկ ըստ իս այն բոլորը, որ դուք մտածել եք, նույնպես ուժերի անիմաստ վատնում կլինի, ― մռմռթաց Սամերլին՝ առանց ծխամորճը բերանից հանելու։ ― Թույլ տվեք հիշեցնել, որ մենք այստեղ ենք եկել միանգամայն որոշակի նպատակով, որ մեր առաջ դրել է Լոնդոնի Կենդաբանական ինստիտուտի գիտական ժողովը։ Այդ նպատակն է՝ ստուգել պրոֆեսոր Չելենջերի պնդումները։ Պետք է ասեմ, որ մենք արդեն լիովին կարող ենք հաստատել դրանց հավաստիությունը։ Հետևաբար, մեր միսիան ավարտված է։ Իսկ ինչ վերաբերում է սարահարթի և նրա բնակիչների մանրամասն ուսումնասիրության, ապա այդ վիթխարի խնդիրը ի վիճակի կլինի լուծելու միայն հատկապես պատրաստված մեծ արշավախումբը։ Եթե ինքներս այդ գործը մեր վրա առնենք, հապա այն ժամանակ ո՞վ Անգլիա կհասցնի մեր ձեռք բերած տեղեկությունները, որոնք արժեքավոր ներդրում են գիտության մեջ։ Պրոֆեսոր Չելենջերը գտավ առաջին հայացքից անմատչելի այս սարահարթը բարձրանալու եղանակը։ Եկեք խնդրենք, որ նա մեկ անգամ ևս գործի դնի միայն իրեն հատուկ հնարամտությունը և վերադարձնի մեզ այն աշխարհը, որտեղից մենք եկել ենք։ Սամերլիի փաստարկները վերին աստիճանի բանական թվացին ինձ։ Նույնիսկ Չելենջերը մտքերի մեջ ընկավ՝ հասկանալով, որ չի հաջողվի ամոթահար անել հակառակորդներին, եթե իր իրավացիության հաստատումը չհասնի նրանց։ ― Սարահարթից իջնելու պրոբլեմն առաջին հայացքից թվում է անլուծելի, ― ասաց նա, ― բայց ես չեմ կասկածում, որ մարդկային բանականությունը այդ դրությունից ևս ելք կգտնի։ Ըստ երևույթին, իմ հարգելի կոլեգան իրավացի է․ մենք չպետք է երկարաձգենք Մեպլ֊Ուայտի Երկրում մեր մնալը, ժամանակն է մտածել այն մասին, թե ինչպես վերադառնանք տուն։ Սակայն ես կտրականապես հրաժարվում եմ հեռանալ սարահարթից, քանի մենք դեռ չենք հետազոտել այն և թեկուզ որևէ քարտեզ չենք գծագրել։ Պրոֆեսոր Սամերլին անհամբերությամբ փնչացրեց։ ― Մենք ամբողջ երկու օր ծախսել ենք հետազոտության վրա, ― ասաց նա, ― և այդ համարյա ոչինչ չի տվել։ Առաջվա պես մենք ոչ մի պատկերացում չունենք սարահարթի տեղադրության մասին։ Մի բան է միայն պարզվել․ Մեպլ֊Ուայտի երկիրը ծածկված է խիտ անտառներով։ Բայց չէ՞ որ ավելի մանրամասն ուսումնասիրության համար հարկավոր կլինեն ամիսներ։ Այլ բան, եթե այստեղ որևէ բարձրունք լիներ։ Սակայն սարահարթը թեքվածք ունի դեպի կենտրոն, նշանակում է որքան էլ խորքերը գնանք, միևնույն է, նրա ընդհանուր տեսարանը մեր առջև չի բացվի։ Հանկարծ ասես ներշնչում ունեցա։ Պատահաբար հայացքս կանգ առավ հանգուցավոր վիթխարի գինգհո ծառի վրա, որն իր հզոր ճյուղերը տարածել էր մեր գլխին։ Մյուս ծառերից ոչ մեկն այդպիսի հաստ բուն չուներ, հետևաբար նա պետք է որ նաև նրանցից բարձր լիներ։ Եթե իսկապես սարահարթի փեշերը բարձրանում են, ապա ինչո՞ւ այդ հսկան չի կարող ծառայել իբրև դիտաշտարակ՝ Մեպլ֊Ուայտի Երկիրը շրջազննելու համար։ Ես դեռ մանկական տարիներում հռչակված էի ծառ բարձրանալու իմ արվեստով։ Ուղեկիցներս ինձնից լավ են մագլցում ժայռերը, բայց այստեղ նրանք ինձ հասնել չեն կարող։ Եթե կարողացա ոտքս դնել ներքևի ճյուղին, մնացածը դատարկ բան է՝ կբարձրանամ մինչև կատարը։ Իմ միտքը խանդավառությամբ ընդունվեց։ ― Մեր պատանի բարեկամն ընդունակ է ակրոբատիկ տրյուկներ անելու, որն աներևակայելի է ավելի ծանրաքայլ ու միաժամանակ ավելի պատկառելի մարդկանց համար, ― ասաց Չելենջերը, և նրա այտերը փքվեցին երկու կարմիր խնձորների նման։ ― Ողջունում եմ այդ որոշումը։ ― Երիտասարդ, բայց դուք ուղղակի հանճար եք, ― բացականչեց լորդ Ջոնը՝ խփելով մեջքիս։ ― Չեմ հասկանում, թե ինչպե՞ս այդ միտքն առաջ մեր գլխով չանցավ։ Մինչև արևի մայրամուտն ընդամենը մի ժամ է մնում, բայց դուք դեռևս ժամանակ կունենաք շտապով տեղանքի թեկուզ և ամենամոտավոր պլանը գծագրելու։ Բարձրացեք ուղղակի ծոցատետրով։ Հիմա մենք մի երեք արկղ կդնենք իրար վրա, և ես մի կերպ ձեզ կբարձրացնեմ վերև։ Լորդ Ջոնը բարձրացավ արկղերի վրա և սկսեց զգուշությամբ օգնել ինձ, բայց այստեղ Չելենջերը միջամտեց։ Նա մոտեցավ մեզ և տառացիորեն ինձ վեր շպրտեց իր հզոր թաթի մի շարժումով։ Կառչեցի հաստ ճյուղից, ոտքերիս օգնությամբ սկզբում ձգվեցի մինչև իրանիս կեսը, իսկ հետո չոքեցի ճյուղին։ Ներքևի երեք ճյուղերն աստիճանների դեր կատարեցին, ավելի բարակները նույնպես հեշտացնում էին վերելքը, և ես այնպես արագ էի բարձրանում, որ շուտով գետինը բոլորովին ծածկվեց տեսողությունիցս։ Ժամանակ առ ժամանակ արգելքներ էին պատահում, նույնիսկ ստիպված եղա մի տասը ոտնաչափ երկարությամբ լիանայի վրայով բարձրանալ, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ էր գնում, և ինձ արդեն թվում էր, թե Չելենջերի թավ բասը շուտով այլևս ինձ չի հասնի։ Սակայն ծառը հսկայական բարձրություն ուներ․ նայեցի վերևի կանաչ սաղարթին և չնկատեցի, որ նա սկսեր թեկուզ որևէ չափով նոսրանալ։ Շուտով իմ վերելքի ճամփին հանդիպեց մի ճյուղ, որի վրա նստել էր մի խիստ կանաչ կծիկ՝ հավանորեն մի որևէ պարազիտային բույս։ Վիզս պարզեցի, աշխատելով ավելի լավ տեսնել նրան և, ցնցված այն բանից, ինչ անսպասելիորեն երևաց իմ աչքերին, քիչ մնաց ծառից ցած գլորվեի։ Ինչ֊որ մեկի դեմքը ինձ էր նայում՝ մեզ իրարից բաժանում էր ընդամենը երկու ոտնաչափ տարածություն։ Այդ արարածը թաքնվել էր կանաչ կծիկի ետևում և գլուխը դուրս հանեց ինձ հետ միաժամանակ։ Դեմքը մարդկային էր, համենայն դեպս ավելի մարդկային, քան ամեն մի կապիկի դեմք։ Երկար, սպիտակավուն, ամբողջովին բշտիկներով ծածկված, տափակավուն քիթ, ներքևի մասսիվ ծնոտ, կզակին և այտերին կոշտ խոզաստև, ճիշտ այտամորուքի նման։ Հրեշը լայն բացել էր երախը և մռնչում էր, ասես անեծքներ տեղալով իմ հասցեին։ Ես տեսա նրա սուր, ցած ծռված շնային ժանիքները։ Կատաղի աչքերը, որոնք թավ հոնքերի տակից նայում էին ինձ սպառնալիքով և ատելությամբ, հանկարծ վայրկենապես անշարժացան անսահման սարսափից։ Հրեշը քարի պես ցած նետվեց։ Լսվեց ջարդվող ճյուղերի ուժեղ ճրթճրթոց, կարմրաշեկ, մազածածկ իրանը մի ակնթարթ երևաց աչքերիս առաջ ու անհետացավ տերևների փոթորկվող շրջապտույտում։  ― Բանն ի՞նչ է, ― լսվեց ներքևից լորդ Ռոքստոնի ձայնը։ ― Ի՞նչ է պատահել։ ― Դուք տեսա՞ք, ― բղավեցի ես՝ հուզմունքից ամբողջովին դողալով և երկու ձեռքով պինդ կառչած ճյուղից։ ― Ինչ֊որ աղմուկ լսեցինք, կարծեցինք, թե ոտներդ սխալ եք դրել։ Իսկ բանն ի՞նչ է։ Այդ տարօրինակ մարդակապկի անակնկալ հայտնվելն այնպես ալեկոծեց ինձ, որ ես արդեն ուզում էի իջնել ծառից և պատահածի մասին պատմել ուղեկիցներիս։ Բայց շատ քիչ էր մնացել մինչև կատարը, և ես ամաչում էի ցած ինջնել՝ առանց ինձ վրա վերցրած խնդիրը կատարելու։ Ուստի բավական երկար դադար տվի, շունչս ետ բերի ու շարունակեցի վեր բարձրանալ։ Մի անգամ ոտքս դրի մի փտած ճյուղի, որը ջարդվեց, և ես կախված մնացի ձեռքերիս վրա, բայց ընդհանրապես վերելքը դժվար չէր։ Տերևները սկսեցին քիչ առ քիչ նոսրանալ, դեմքիս քամի առավ, իսկ այդ նշանակում էր, որ գինգհոն արդեն իշխում էր հարևան ծառերի վրա։ Բայց ես մագլցում էի վեր ու վեր՝ հաստատ որոշելով չնայել չորս կողմս, մինչև կատարը չհասնեմ։ Վերջապես ճյուղերն սկսեցին ճկվել իմ ծանրության տակ։ Ընտրեցի մի հուսալի երկատվածք, հարմար ձևով նստեցի նրա մեջ և նայեցի ներքև իմ առջև տարածված խորհրդավոր երկրի զարմանալի տեսարանին, երկիր, ուր ճակատագիրը գցել էր մեզ։ Արևն արդեն բոլորովին իջել էր հորիզոնի գծին, բայց երեկոն այնպես պարզ էր ու խաղաղ, որ ներքևում փռված սարահարթը երևում էր մի ծայրից մինչև մյուսը։ Դա իրենից ներկայացնում էր մի ձվածիր մոտ երեսուն մղոն երկարությամբ, քսան մղոն լայնությամբ և ոչ խոր ձագարի ձևով, որովհետև մակերեսը թեքվածք ուներ դեպի կենտրոն, որտեղ մի բավական մեծ լիճ կար։ Այդ սքանչելի լճի ափերը ծածկված էին խիտ եղեգներով, կանաչավուն ջրի միջից տեղ֊տեղ երևում էին դեղին ավազուտներ, որոնք արևի մեղմ շողերի տակ փայլփլում էին ոսկու պես։ Ծանծաղուտում բազմաթիվ ինչ֊որ սև առարկաներ կային։ Ալիգատորի համար դրանք շատ մեծ էին, իսկ նավակի համար՝ շատ երկար։ Բինոկլով նկատեցի, որ կենդանի արարածներ էին, բայց թե ինչ, այպես էլ գլխի չընկա։ Սարահարթի այն կողմից, որտեղ մեր ճամբարն էր, տեղ֊տեղ բացատներով կտրատված անտառածածկ լանջերը ձգվում էին մոտ վեց մղոն դեպի կենտրոնական լիճը։ Համարյա ոտքերիս տակ ճանաչեցի իգուանադոնների բացատը, իսկ այնուհետև նոսրացող ծառերի միջից, երևում էր պտերոդակտիլների ճահիճ տանող արահետը։ Լճի մյուս կողմում սարահարթի բնույթը խստորեն փոխվում էր։ Այնտեղ բարձրանում էին ճիշտ այնպիսի բազալտե քարափներ, որպիսիք մենք տեսել էինք ներքևում, հարթավայրից։ Այդ շղթան մոտ երկու հարյուր ոտնաչափ բարձրություն ուներ, և նրա ստորոտում անտառ էր։ Կարմրավուն քարափների ներքևի մասում, գետնից մի փոքր վերև, բինոկլով մի շարք մութ անցքեր նկատեցի՝ ըստ երևույթին, քարայրների մուտքեր։ Այդ քարայրներից մեկի մոտ ինչ֊որ բան սպիտակին էր տալիս, թե ինչ, այնպես էլ չհաջողվեց պարզել։ Գործս վերջացրի միայն արևի մայր մտնելուց հետո, երբ արդեն ոչինչ չէր երևում, և ցած իջա ընկերներիս մոտ, որոնք ծառի տակ անհամբերությամբ ինձ էին սպասում։ Ահա թե ե՜րբ դարձա օրվա հերոսը։ Այդ մտահղացումը պատկանում էր ինձ, ինքս էլ այն կենսագործեցի։ Ահա քարտեզը, որը մի ամիս ժամանակ կտնտեսի մեզ համար և կազատի Անհայտ երկրում կուրորեն թափառելու անհրաժեշտությունից։ Հետևեցին հանդիսավոր ձեռքսեղմումներ։ Բայց նախքան ընկերներիս քարտեզը ցույց տալը, անհրաժեշտ էր պատմել մարդակապիկի հետ հանդիպելու մասին։ ― Ամբողջ ժամանակ նա այնտեղ էր, ― ասացի ես։ ― Որտեղի՞ց գիտեք, ― հարցրեց լորդ Ջոնը։ ― Ինձ հանգիստ չէր տալիս այն զգացումը, որ ինչ֊որ մեկի չար աչքերը հետևում են մեզ։ Հիշո՞ւմ եք, պրոֆեսոր Չելենջեր, ես այդ մասին ասում էի ձեզ։ ― Իսկապես, ինչ֊որ այդպիսի բան լսել եմ։ Մեր պատանի բարեկամն այնպիսի դյուրազգացություն ունի, որը բնորոշ է կելտական ցեղի ներկայացուցիչներին։ ― Հեռազգայության տեսությունը․․․ ― սկսեց Սամերլին՝ ծխամորճը լցնելով։ ― Դա խիստ բարդ պրոբլեմ է, որն այժմ չենք քննարկի, ― վճռականորեն ընդհատեց նրան Չելենջերը։ ― Ավելի լավ է ասեք, ― դարձավ նա ինձ վեհապանծ տեսքով, ինչպես եպիսկոպոս, որը քննության է ենթարկում կիրակնօրյա դպրոցի աշակերտին, ― չնկատեցի՞ք արդյոք՝ կարողանո՞ւմ էր այդ արարածը մեծ մատը ափին սեղմել։ ― Ա՛յ, ինչ որ չեմ տեսել, չեմ տեսել։ ― Պոչ ունե՞ր։ ― Ոչ։ ― Ետևի վերջավորությունները բռնո՞ղ էին։ ― Ամենայն հավանականությամբ, այլապես նա չէր կարող այդպիսի արագությամբ ճյուղից ճյուղ ցատկել։ ― Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Հարավային Ամերիկայում մինչև երեսունվեց տեսակի կապիկ է հաշվվում․․․ պրոֆեսոր Սամերլի, խնդրում եմ ձեռնպահ մնալ դիտողություններ անելուց․․․ բայց նրանց մեջ մարդանմաններ չկան։ Այժմ կասկածից վեր է, որ մարդակապիկներ կան այստեղ, սական դա ինչ֊որ այլ տարատեսակ է և ոչ թե այն մազառատ գորիլլանները, որոնք պատահում են միայն Աֆրիկայում և Արևելքում։ (Քիչ մնաց լեզվիցս թռչեր, որ այդ գորիլլանմաննեի ազգակիցներին տեսել եմ Կենսինգտոնում։) Այստեղի փոփոխակների համար բնորոշ են մազերի առկայությունը դեմքին և մաշկի սպիտակ գույնը․ վերջինս բացատրվում է նրանով, որ այդ կապիկներն ապրում են ծառերի վրա, խիտ տերևների մեջ։ Մեր առջև մի հարց է դրված՝ ո՞ւմ է ավելի մոտենում այստեղի տարատեսակը՝ կապիկի՞ն, թե մարդուն։ Վերջին դեպքում նա, ըստ երևույթին, իրենից ներկայացնում է այն, ինչ որ հասարակ լեզվով կոչվում է «պակասող օղակ»։ Մեր պարտքն է՝ անմիջապես անցնել այդ պրոբլեմի լուծմանը․․․ ― Առարկում եմ, ― մեկեն ընդհատեց նրան Սամերլին։ ― Այժմ, երբ մեր ձեռքին քարտեզ կա, ― իսկ դրանով մենք պարտական ենք միստր Մելոունի հնարամտությանն ու եռանդուն գործելակերպին (ես ստիպված եմ բերել նրա խոսքերը), ― մեր միակ պարտքն է՝ բոլոր միջոցները ձեռք առնել, որպեսզի անմիջապես ողջ ու անվնաս դուրս գանք այս ահավոր վայրից։ ― Քաղաքակրթության բարիքները ձեզ հանգիստ չեն տալիս, ― տնքաց Չելենջերը։ ― Այո, սըր։ Եվ քաղաքակրթության ամենամեծ բարիքը ես համարում եմ թանաքը, սըր։ Մենք պետք է հաշիվ տանք այն բոլորի մասին, ինչ տեսել ենք այստեղ, իսկ հետագա ուսումնասիրությամբ թող զբաղվեն ուրիշները։ Դուք ինքներդ դրա հետ համաձայնեցիք, նախքան միստր Մելոունը մեզ իր քարտեզը ցույց կտար։ ― Լավ, ― ասաց Չելենջերը։ ― Ես էլ իսկույն կթեթևանամ, երբ վերջնականապես համոզվեմ, որ էքսպեդիցիայի արդյունքները կհասնեն մեր բարեկամներին ի գիտություն։ Բայց առայժմ ես գաղափար չունեմ, թե ինչպե՞ս դուրս պրծնենք այստեղից։ Այնուամենայնիվ, դեռևս Ջորջ Էդուարդ Չելենջերն առիթ չի ունեցել դեմ առնելու այնպիսի պրոբլեմների, որոնք վեր լինեին նրա հնարամիտ խելքից, և նա խոստանում է վաղն իսկ ընդհուպ զբաղվել այդ հարցով։ Վիճաբանությունը վերջացավ։ Այդ նույն երեկոյան խարույկի և միակ մոմի լույսի տակ իմ ճեպանկարի հիման վրա մենք գծագրեցինք Կորսված աշխարհի քարտեզը։ Հենց քիչ առաջ ծառերի կատարից նշած իմ մանրամասները տեղադրվեցին համապատասխան տեղերում։ Չելենջերի մատիտը կանգ առավ լիճը պատկերող սպիտակ, մեծ խալի վրա։ ― Իսկ ի՞նչ անուն տանք սրան։ ― Ինչո՞ւ առիթից չօգտվեք ձեր անունն անմահացնելու համար, ― սովորական խայթող տոնով ասաց Սամերլին։ ― Ես համոզված եմ, սըր, որ սերունդներն ավելի ծանրակշիռ հիմքեր կունենան Չելենջերին հիշելու։ Եվ այդ հիմքերը կհանգեն նրա անձնական ծառայությունների վրա, ― խստությամբ պատասխանեց պրոֆեսորը։ ― Յուրաքանչյուր տգետ կարող է իր անունը զոռով փաթաթել որևէ գետի կամ լեռան վզին։ Ինձ այդպիսի հուշարձան պետք չէ։ Սամերլին ծուռ ժպտաց՝ պատրաստվելով նոր հարձակման, բայց լորդ Ջոնն շտապեց ընդհատել վիճողներին։ ― Սիրելի երիտասարդ, լիճը դուք պետք է մկրտեք, ― ասաց նա։ ― Առաջինը դուք եք տեսել այն, և եթե ուզենաք քարտեզի վրա նշել «Մելոունի լիճ», ոչ ոք ձեզ չի հակառակի։ ― Իհարկե, իհարկե։ Թող մեր պատանի բարեկամն անուն տա լճին, ― պատասխանեց նրան Չելենջերը։ ― Այդ դեպքում, ― ասացի ես և զգացի, որ կարմրում եմ, ― թող նա կոչվի Գլեդիսի լիճ։ ― Իսկ ձեզ չի՞ թվում, որ «Կենտրոնական» անունն ավելի պարզ պատկերացում կտա նրա դիրքի մասին, ― հարցրեց Սամերլին։ ― Ո՛չ, թող լինի Գլեդիսի լիճ։ Չելենջերը մի համակրական հայացք նետեց ինձ վրա և կատակով օրորեց գլուխը։ ― Ա՛խ, ջահելությո՜ւն, ջահելո՜թյուն, ― ասաց նա։ ― Դե ինչ, Գլեդիս է, թող Գլեդիս լինի։  
Ադմին, Վստահելի
1876
edits