Changes

Պահապանները

Ավելացվել է 16 968 բայտ, 17:29, 2 Հունիսի 2014
/* Գլուխ չորրորդ․ Ուղիղ դեպի սնկերը */
― Լավ, ― համաձայնեց Փինը։ ― Գնանք, թռչկոտենք ճիմերի վրայով՝ առջեւից դու, քո հետեւից՝ մենք։ Միայն թե ափսո՜ս։ Կարող էինք մինչեւ փակվելը հասնել «Ոսկի թառ», այնտեղ հրաշալի գարեջուր կա, այս տեղերում ամենալավը։ Վաղուց չեմ խմել։
 
― Այդ դեպքում՝ վիճելու բան չկա, ― որոշեց Ֆրոդոն։ ― Ուշ լինի, նուշ լինի։ Իսկ պանդոկում դու կմնայիր եւ կմնայիր։ Սրան տես, «Ոսկի թառի» վրա է նշան բռնել։ Ոչ, մեզ հարկավոր է մինչեւ արեւի մայր մտնելը հասնել Ճագարի Գերան։ Իսկ դու ի՞նչ կարծիքի ես, Սամ։
 
― Ես ի՜նչ, ոնց որ դուք կասեք, ― հառաչեց Սամը՝ մտածելով Հոբիթստանի ամենալավ գարեջրի մասին։
 
 
― Ուրեմն պայմանավորվեցինք, գնացինք դեպի ճահիճներն ու փշերը, ― եզրափակեց Փինը։
 
Շոգ էր, համարյա ինչպես երեկ․ արեւմուտքի ամպերը ամպրոպ էին խոստանում։ Հոբինթներն իջան խոտածածկ զառիթափ լանջով եւ սուզվեցին մացառների մեջ։ Մոտիկից դրանք ավելի խիտ դուրս եկան, քան երեւում էին հեռվից։ Ոչ մի կածան չկար, եւ ճանապարհորդները գնում էին իրենց հանձնած բախտի քմահաճույքին։ Գետ հասնելով նրանք տեսան կավահող զառիթափեր՝ ծածկված փշոտ թփուտներով։ Գետը պատնեշում էր ճանապարհը՝ այն անցնելու համար հարկավոր էր ցեխոտվել, քերծվել ու թրջվել։
 
― Առայժմ վատ չէ, ― մռայլ նկատեց Փինը։
 
Սամը հետ նայեց՝ թփուտի արանքներից դեռ երեւում էր անտառի բլրի կանաչ կատարը։
 
― Նայեք, ― շշնջաց նա՝ Ֆրոդոյի ձեռքը բռնելով։ Ճամփորդները շրջվեցինք ու կատարին տեսան սեւ ձին, իսկ կողքը՝ սեւ, կորացած կերպարանքը։
 
Դեպի հետ ճանապարհ չկար։ Ֆրոդոն առաջինը կավահողով իջավ ցած, դեպի առափնյա թփուտները։
 
― Ահա այսպես, ― ասաց Փինին։ ― Թե՛ դու, թե՛ ես, երկուսս էլ իրավացի ենք։ Կարճ ճանապարհով գուցեեւ դժվար է ու շատ ժամանակ կկորցնենք, բայց ի՜նչ կլիներ, եթե ճանապարհին դանդաղեինք։ Աղվեսի ականջներ ունես, Սամ, որեւէ մեկը ծածուկ չի՞ հետեւում մեզ։
 
Նրանք քարացան ու շունչները պահեցին․ հետապնդման ձայն չկար։
 
― Ձին այդպիսի վայրէջքը չի հաղթահարի, ― հայտարարեց Սամը։ ― Բայց թե նա, երեւում է, գիտի, որ մենք իջել ենք այստեղ։ Գնանք, շուտ։
 
Ծանծաղ մասում նրանք գետն անցան ու համարյա թե լրիվ տեսանելի դարձան՝ նրանց ծածկում էին միայն սեզի մացառուտներն ու հատուկենտ ծառերը։ Սակայն առջեւում մթին էր տալիս խիտ անտառը։ Քամին օդ բարձրացրեց չոր տերեւներն ու հանդարտվեց, իսկ հետո անձրեւ տեղաց։ Հոբիթներն անընդհատ թաքնվելով արագ֊արագ հասան անտառ։
 
Մոտավորապես կես ժամ հետո Փինը ասաց․
 
― Մենք, երեւի, շատ ենք աջ վերցրել, վաղուց պետք է դաշտ դուրս եկած լինեինք։
 
― Չէ, այդ մեկն արդեն՝ չէ, ― ասաց Ֆրոդոն, ― ոլոր֊մոլոր չենք գնա, թե չէ բոլորովին կխճճվենք։ Բացի այդ, վախենում եմ բաց տեղ դուրս գալուց։
 
Մի կես ժամ եւս անցավ։ Ծվեն֊ծվեն ամպերի տակից արեւը դուրս եկավ, ու անձրեւը թուլացավ։ Կեսօրն անցել էր, ու քաղցն իրեն զգալ էր տալիս։ Նրանք տեղավորվեցին ճյուղածածկ ծեփենու տակ, որի դեղնած տերեւները դեռ չէին թափվել, իսկ արմատների մոտ բոլորովին չոր էր։ Էլֆերը նրանց տափաշշերը լցրել էին ոսկեգույն, վճիտ եւ մեղրաբույր հյութով։ Շուտով նրանք ծիծաղում էին մաղող անձրեւի վրա, միաժամանակ եւ Սեւ Հեծյալի վրա։ Շատ քիչ ճանապարհ էր մնում։
 
Ֆրոդոն մեջքով ընկավ ծառի բնին ու աչքերը փակեց։ Սամն ու Փինը, մոտը նստած, կիսաձայն ձգեցին․
 
<poem>
Այս լռությունը կցրե՛մ հիմա,
Նախնիներիս պես կերգեմ ազա՜տ,
Թող քամին ոռնա՛ լուսնյակի վրա,
Ու թող խավարի երկինքն աստղազարդ։
 
Թող քամին ոռնա՛, անձրեւը զարկի՛,
Մե՛կ է, անվարան առաջ կգնամ,
Գինի կխմեմ իմ տափաշշից,
Որ ահ ու չարից ես հեռու մնամ։
</poem>
 
― Գինի կխմեմ իմ տափաշշից, ― քիչ ավելի բարձր երգեցինք նրանց ու սսկվեցին։
 
Ֆրոդոն ոտքի թռավ։ Քամու հետ մի երկարաձիգ ոռնոց լսվեց՝ սահմռկեցնող ու չարագույժ։ Այն գլորվում էր՝ դաշտ ու ձոր լցնելով սառը, գիշատիչ կատաղությամբ եւ բութ գայլիկոնի պես ծակում ականջները։ Նրանք քարացած լսում էին։ Իսկ ոռնոցին, որը չէր հասցրել ընդհատվել, պատասխանեց հեռավոր մի կաղկանձ, նույնքան կատաղի ու զզվելի։ Ապա իջավ մեռելային լռություն։
 
― Ի՜նչ տարօրինակ ճիչ էր, չէ՞, ― ասաց Փինը շինծու կայտառ, բայց բեկբեկուն ձայնով։ ― Թռչուն է, երեւի, ճիշտ է, մեր Հոբիթստանում նման թռչունի ձայն ես չեմ լսել։
 
― Ոչ գազան է, ոչ թռչուն, ― առարկեց Ֆրոդոն։ ― Մեկը կանչեց, մյուսը պատասխանեց, եւ նույնիսկ բառեր կային այդ կանչի մեջ, միայն թե զզվելի ու անհասկանալի։ Օտար լեզվով։
 
Չքննարկեցին։ Բոլորի գլխում Սեւ Հեծյալներն էին, իսկ նրանց մասին ավելի լավ է լռել, նրանք արդեն դա հասկացել էին։ Գնալը վտանգավոր է, թաքնվելն՝ առավել, բայց թե ուր կորչես, եթե հարկավոր է ամեն կերպ ու հնարավորին չափ արագ հասնել լաստանավին քանի դեռ լույս է։ Նրանք պարկերը գցեցին ուսներին ու արագ առաջ շարժվեցին։
 
Շուտով անտառը վերջացավ, հետո տարածվեցին մարգագետինները։ Երեւում է, նրանք իսկապես շատ են դեպի հարավ գնացել, հարթավայրից այն կողմ, հեռվում, ձախից աղոտ երեւում էր Թեք լեռը։ Նրանք գաղտագողի դուրս եկան ծառերի տակից ու մարգագետնով վազեցին։
 
Սկզբում առանց անտառի ծածկույթի սարսափելի էր։ Հեռվում էր մնացել անտառապատ բլուրը, որտեղ նրանք նախաճաշել էին։ Ֆրոդոն հետ նայեց, այնտեղ չի՞ երեւում արդյոք փոքրիկ սեւ կետը՝ Սեւ Հեծյալը։ Հեծյալ չկար։ Արեւը բոցավառել էր ամպերը եւ իջել հեռավոր բլուրների հետեւը, մայրամուտի վառ բռնկումներով լուսավորելով հարթավայրը։ Վախն անցել էր, բայց տրտմաշունչ անվստահությունն աճում էր։ Սակայն հողն արդեն վայրի չէր՝ խոտհարքներ, արոտավայրեր։ Ապա ձգվեցին դռնակներով ցանկապատերը, մշակված դաշտերը, ոռոգող առուները։ Ամեն ինչ ծանոթ էր, հուսալի ու խաղաղ․ սովորական Հոբիթստան։ Ճամփորդներն ամեն քայլը գցելու հետ հանդարտվում էին։ Դե գետն էլ արդեն մոտիկ էր, իսկ Սեւ Հեծյալները մնացին ինչ֊որ տեղ թիկունքում՝ որպես անտառային ուրվականներ։
 
Խնամքով մշակված շաղգամի դաշտի եզրով նրանք մոտեցան մի ցանկապատի։ Լայն դռնակից մի ուղիղ ճամփա էր ձգվում, ոչ հեռվում պուրակ էր երեւում, իսկ դրանից հետո՝ կալվածքը։ Փինը կանգ առավ։
 
― Ես գիտեմ սա ում տունն է, ― բացականչեց նա։ ― Ախր սա Անգեղի ագարակն է․․․
 
― Անձրեւից փախանք, ջուրն ընկանք, ― ասաց Ֆրոդոն հետ ընկնելով, ասես վիշապի որջն էր ընկել։
 
Սամն ու Փինը զարմացած նրան նայեցին։
 
― Իսկ ծեր Անգեղը ինչո՞վ քո սրտով չէ, ― զարմացավ Փինը։ ― Նա բոլոր Բրենդիզայքների մոտիկ բարեկամն է։ Թափաշրիկներ չի սիրում, կատաղի գամփռներ ունի՝ բայց դե տեղն էլ մի տեղ չի, համարյա սահման է, գիտես, էստեղ քնածի տեղ չի։
 
― Այդ բոլորը ճիշտ է, ― ասաց Ֆրոդոն եւ շփոթված ծիծաղեց։ ― Արի տես, որ վախենում եմ Անգեղից ու շներից, հնուց եկող հիշողությամբ եմ վախենում։ Փոքր տղա էի, երբեմն ցանկապատներից թռչում էի սունկ գողանալու եւ հաճախ էլ բռնվում էի։ Իսկ վերջին անգամ նա ինձ մի լավ դնքստեց, օձիքիցս բռնեց ու տարավ շներին ցույց տվեց․ «Տեսնո՞ւմ եք, այս վնասակար արարածին, ― ասում է, ― հենց որ նորից մեզ մոտ բարեհաճի, կերեք սրան, որ հետքն էլ չմնա, թույլ եմ տալիս։ Իսկ հիմա՝ սրան մի ճամփա դրեք»։ Եվ նրանք իմ հետեւից եկան մինչեւ լաստանավ, պատկերացնո՞ւմ եք։ Վախից սիրտս փորումս ձիավոր էր դարձել, թեպետ շները գիտեին, թե ինչ են անում՝ հետեւիցս գալիս էին, գռմռում, բայց ձեռք չէին տալիս, քանի որ հրաման չկար։
 
Փինը ծիծաղեց։
 
― Այ հիմա ամեն ինչ կպարզենք, ― ասաց նա։ ― Կարծես թե ուզում էիր այստեղ բնակվել։ Անգեղը քո ուզած մարդն է, մենակ թե սունկ գողանալու չգնաս։ Դռնակից ուղիղ գնանք դեպի տուն, որ երեւա, թե մենք ինչ֊որ թափառաշրջիկներ չենք։ Իսկ որ իրեն հանդիպենք, ես կխոսեմ, դուք գործ չունեք։ Նա եւ Մերին լավ բարեկամներ են, դե ես էլ նրանց հետ միշտ լավ եմ եղել։
 
Ճամփորդներն իրար հետեւից գնում էին աղուրի երկայնքով․ շուտով երեւացին ագարակի ագարակամերձ շինությունների եղեգե տանիքները։ Հիմնավոր, բարետես աղյուսե տունը շրջափակված էր կաղնեփայտե բարձր պարսպով։
 
Դարպասի հետեւից լսվեց բարձր, համերաշխ հաչոց, ապա մի ձայն․
 
― Ժանի՜ք, Գա՜յլ, Բռնի՜կ, ինձ մոտ․․․
 
Ֆրոդոն ու Սամը քարացան, իսկ Փինը մի քանի քայլ էլ գնաց։ Դարպասը բացվեց, եւ երեք հսկայական գամփռ կատաղի հաչոցով նետվեցին դեպի ճամփորդները։ Փինի վրա նրանք ուշադրություն էլ չդարձրին։ Երկուսը նետվեցին Սամի վրա, նրան սեղմեցին պարսպին ու սկսեցին հոտոտել։ Երրորդը՝ հսկայական ու տեսքից ամենակատաղի, կանգնեց Ֆրոդոյի առջեւ՝ հետեւելով նրան ու խուլ գռմռալով։
 
Դարպասից դուրս եկավ մի գեր, թիկնեղ ու կարմիր դեպքով հոբիթ։
 
― Բարե՜ւ ձեզ։ Ողջո՜ւյն։ Թույլ տվեք իմանալ, ովքե՞ր եք դուք եւ այստեղ ձեզ ի՞նչ է պետք, ― հարցրեց նա։
 
― Ձեզ էլ ողջույն, պարող Անգեղ, ― ասաց Փինը։
 
Տանտերը ուշադիր նայեց։
 
― Վա՜հ, էս հո Փինն է՝ ուզում էի ասել, պարոն Փերեգրին Ճագարակը։ ― Անգեղը քթի տակ լայն ժպտաց, ― վաղուց ձեզ չեմ տեսել։ Դե ձեր բախտը բերեց, որ մենք հին ծանոթներ ենք։ Ես էլ արդեն ուզում էի շներին բաց թողնել։ Թե չէ ով ասես թափառում է այստեղ, իսկ այսօր հատկապես։ Օ՜ֆ, ախր գետը մոտիկ է, ― ասաց նա գլուխը թափ տալով։ ― Իսկ դա որտեղի՞ց բարեհաճեց, ոնց որ հեքիաթի հրեշ։ Մյուս անգամ դրան ներս թողնողը չեմ։ Կմեռնեմ՝ չեմ թողնի։
 
― Այդ ո՞ւմ մասին եք ասում, ― հարցրեց Փինը։
 
― Դե նա ձեզ ընդառաջ գնաց։ Այդ ինչպե՞ս է չեք հանդիպել, ― զարմացավ Անգեղը։ ― Ասում եմ, չէ՞, իսկը հրեշ, ու հարցերն էլ հրեշային․․․ Դե մի տուն մտնենք, մի կարգին խոսենք։ Ես էլ հենց նոր եմ գարեջուր սարքել։
 
Ըստ երեւույթին, նա եկվորի մասին ուզում էր պատմել անշտապ ու մանրամասն։
 
― Իսկ շնե՞երը, ― հարցրեց Ֆրոդոն։
 
― Շնե՞րը, քանի հրաման չեն տվել, ձեզ ձեռք չեն տա, ― ծիծաղեց տանտերը։ ― Հեյ, Ժանի՛ք, Բռնի՛կ, պառկե՛լ, ― գոռաց նա, ― պառկել, Գա՛յլ։
 
― Միստր Ֆրոդո Պարկինսն է, ― ներկայացրեց Փինը։ ― Երեւի դուք նրան չեք հիշում, բայց ժամանակին նա այստեղ ապրել է։
 
«Պարկինս» անունը լսելով, Անգեղը զարմացավ ու սեւեռուն նայեց Ֆրոդոյին։ Վերջինս մտածեց, որ հիմա նա կհիշի գողացած սնկերը եւ շներին բաց կթողնի իր վրա։ Բայց տանտերը նրան թեւանցուկ արեց։
 
― Ա՜յ քեզ բան, ― ասաց նա։ ― Ո՞ւմ մտքով կանցներ։ Անունը տուր, սուփրան փռիր։ Համեցեք, ներս համեցեք․․․ Խոսելիք կա։
 
Բոլորը նստեցին լայն բուխարիկի առջեւ։ Տանտիրուհին կճուճով գարեջուր բերեց եւ լցրեց չորս գավաթի մեջ։ Գարեջուրն այնքան համեղ էր, որ ասելու չէ, այնպես որ Փինը նույնիսկ ամաչեց «Ոսկե թառի» մասին իր ասած խոսքերի համար։ Սամն զգուշությամբ էր խմում․ ի՜նչ իմանաս ինչ կարող են եփել այս կողմերում։ Էլ չասած, որ իր տիրոջն էլ այստեղ նեղացրել են, ճիշտ է՝ վաղուց, բայց դա ի՞նչ նշանակություն ունի։
 
Խոսեցին եղանակի, բերքի մասին (առհասարակ, սովորականից վատ չէ), հետո Անգեղը գավաթը թմփացրեց սեղանին եւ նայեց հյուրերին։
 
― Դեհ, պարոն Փերեգրին, ― հարցրեց նա, ― որտեղի՞ց եք գալի, ո՞ւր եք գնում։ Եթե ինձ մոտ եք եկել՝ ապա քիչ էր մնում կողքովս անցնեիք։