Այսպես փոխհատուցեց ծեր կինը հյուրընկալ ցեղին։ Այն օրվանից հնդիկները խնամում են եգիպտացորենի արտերը և երբ հացահատիկի կանաչ հասկերից սպիտակ մազեր են դուրս գալիս, ասում են, որ դրանք ծեր կնոջ սպիտակ մազերն են, որին երբեք չեն մոռանում։
==Տոտեմների նվերը==
Հեռու, հեռու չորս լեռներից այն կողմ անեզր օվկիանոսի ափին կանգնած էր Տոտեմ գյուղը։ Այդպես էր կոչվում այն բարձր տոտեմների պատճառով, որոնք կանգնած էին յուրաքանչյուր վիգվամի մոտ իբրև պաշտպան այն հնդիկների, որոնք ծով էին դուրս գալիս կետ որսալու համար։
Ձկնորսները հավատում էին, որ այդ քանդակազարդ, ներկված սյուները իրենց փրկելու են դժբախտությունից։ Նրանք պաշտում էին տոտեմներին, և երբ վերադառնում էին որսից, միշտ ի պատիվ տոտեմներիխնջույք էին անում։
Մի գիշեր, հենց այդպիսի քեֆից առաջ, մի ագռավ քնած էր ծառին, տոտեմների պուրակի մոտ։ Ագռավը երևի վատ երազ տեսավ, կամ մրսեց․ գիշերվա կեսին հանկարծ արթնացավ։ Մթության մեջ նրա ականջին ձայներ հասան։ Նա ուշադրությունը լարեց, որպեսզի պարզի իր արթնանալու պատճառը։ Տարօրինակ մեղմ ձայներ էին լսվում, կարծես թե քամուց խեղդվելով, ճյուղերը զրուցում էին իրար հետ։
Ագռավը երարեց վիզը, ձայներն ավելի որոշակի դարձան։
― Ինչպե՞ս է ձեր կարծիքը, Մեծն Տոտեմ։
― Ձկան Ոգին հայտնել է, որ հնդիկները նվեր են ստանալու, մետաղյա նվեր, փայլուն, ինչպես ոսկի։ Ճի՞շտ է արդյոք, Մեծն Տոտեմ։
― Իմաստուն Տառեխի ոգին ինձ գաղտնի ասաց, որ դա կոշտ մետաղ է լինելու, որ կկոպտացնի կարմրամորթների սրտերը։ Համաձա՞յն եք, իմաստուն Տոտեմ։
― Այո, Մայր Կետի ոգին հաղորդել է, որ այդ մետաղով զարդարելու են իրենց նետերի ծայրերը, նիզակներն ու տեգերը։
Չնայած ագռավը լարել էր ամբողջ ուշադրությունը, բայց տոտեմների շշնջոցը չէր լսվում։
«Այնուամենայնիվ հասկացա»,― մտածեց ագռավը, սպասելով հաջորդ օրվա քեֆին, որպեսզի տոտեմների ասած նվերից ինքն լ օգտվի։ Վերջապես չպետք է թույլ տալ, որ գռեհիկ հնդիկները ամեն ինչ ստանան, իսկ ինքը դատարակձեռն մնա։
Մեծ խնջույքը սկսվեց այն ժամանակ, երբ դեռ արևը զենիթին չէր հասել։ Վաղը լուսաբացից երկար փայլուն նավակներով, եկան հնդիկները բերելով թանկարժեք նվերներ՝ գունավոր ծածկոցներ, համեղ ուտելիքներ, խմիչքներ և տարբեր տեսակի զենքեր։
Երբ անտառում բոլոր հյուրերը իրենց հարգանքը և երախտիքը մատուցեցին տոտեմներին ու մեծ շրջան կազմած նստոտեցին, մի անսպասելի ու աներևակայելի բան պատահեց․ օդում հանկարծակի շարժում սկսվեց, կարծեք թե հազարավոր թռչուններ թափահարեցին իրենց թևերը։ Հեռվում բարձր թռչող ալիքների վրա կարելի էր նշմարել մի տարօրինակ փայլուն առարկա, որը ավելի ու ավելի էր մոտենում։
Հանկարծ զարմանք պատճառելով բոլորին, հնդիկների Մեծն Տոտեմը խոսեց մարդկային ձայնով․
― Բարի Ոգին ձեզ թանկարժեք նվեր է ուղարկել։ Դա պղինձ է, դուք դրանով կարող եք պատրաստել ձեր նետերի ծայրերը, տեգերը նիզակները։ Պղինձը ձեզ ավելի օգտակար կլինի, քան կայծքարը, որ դուք օգտագործում էիք մինչև այսօր։
Մեծն Տոտեմը դեռ չէր վերջացրել իր խոսքը, երբ երկնքից հայտնվեց ագռավը և թռավ դեպի պայծառ փայլփլող առարկան, ցանկանալով հափշտակել։ Բոլորը վեր նայեցին, շլացած կուրացնող փայլից և ապշած ագռավի անամոթության վրա։ Բայց բարի ոգիները, որ հսկում էին, աչալուրջ գտնվեցին։ Թույլ չտվեցին, որ ագռավը նվերը փախցնի։
Թվում էր, թե ամեն ինչ կարգին է, թե ագռավը հասկացել էր, որ զուր են իր ջանքերը և լավ է, եթե թռչի ու հեռանա։ Բայց հանկարծ բոլորին ապշեցնելով, ագռավը ցած իջաց, ոգուց խլեց փայլուն գնդակը, առավ իր մագիլների մեջ և փորձեց փախչել։
Սակայն ագռավի համար պղինձը շատ ծանր էր։ Թեև նա ջանում էր ավարը պահել իր մագիլների մեջ, բայց ուժը չպատեց։ Նա պղինձը բաց չթողեց ծովի վրա, որն իսկույն անհետացավ ալիքների մեջ։
― Ի՞նչ անենք,― շշնջացին հնդիկները, դառնալով դեպի տոտեմները, այն հույսով, որ խելացի խորհուրդ կլսեն։ Բայց սրբազան սյուները կանգնած էին լուռ ու անշարժ։
― Գուցե մի հմուտ ու ճարպիկ ձկնորս գտնվի, որ կարողանա փրկել թանկագին նվերը,― խախտելով լռությունը, խոսեց առաջնորդը։
― Ով կարողանա, ես նրան կնության կտամ իմ միակ աղջկան։
Երբ աղջիկը լսեց հոր խոսքերը, նրա մարմնով մի սարսուռ անցավ և իսկույն արցունքներ հորդեցին աչքերից։ Նա արդեն իր համձայնությունը տվել էր մի քաջ որսորդի, որը այդ րոպեին նավարկում էր հեռավոր ծովերով, որպեսզի հարսանիքին ընտիր նվերներ բերի, իսկ ինքը խոստացել էր սպասել նրան։
Բայց նա հասկացավ, որ չի կարող ընդիմանալ հոր որոշմանը։ Մինչև այդ ձկնորսների մեջ աշխուժություն էր սկսվել, ոմանք արդեն նավակները ջուրն էին իջեցրել։
Ծաղկի Լիճը՝ այդպես էին կոչում առաջնորդի դեռատի աղջկան, տխուր քայլեց տոտեմի անտառով և խոնարհվեց իմաստուն տոտեմի առաջ։
― Ով իմաստուն Տոտեմ, ի՞նչ անեմ,― աղերսում էր աղջիկը։
Տեսնելով, որ աղջկա սիրտը պայթում է վշտից, տոտեմը խոսեց նրա հետ այնքան ցածրաձայն, որ միայն աղջկան էր լսելի։
― Հագիր տղամարդու զգեստներ։ Ծովափով քայլիր, մինչև հասնես Սալմոն ծովին։ Այնտեղ դու մի մակույկ կգտնես, մեջն էլ մի եռաժանի։ Կնստես մակույկը և կթիավարես առանց ուշք դարձնելու կատաղի ալիքներին, որ կզարնվեն մակույկիդ և կաշխատեն քեզ ահաբեկել։ Մակույկը քեզ կտանի այն տեղը, ուր գտնվում է պղնձե գնդակը։ Երբ մակույկդ կանգ առնի, վերցրու եռաժանին և այնպես հարվածիր, որ պղինձը ծակվի։ Վերցրու նվերը և վերադարձիր Սալմոն ծովը։ Եթե ճիշտ այսպես չանես, ինչպես ասում եմ, իմացած եղիր, որ ալիքները կխորտակեն նավակդ և դու կկորչես ծովում։ Հիմա շտապիր, մի ուշացնի։
Աղջիկը մի պահ անգամ չտատանվեց, հագավ իր եղբայրներից մեկի շորերը, դեմքը ներկեց գունատ կավով, որ չճանաչեն և շտապեց Սալմոն ծովը։ Այնտեղ գտավ նավակն ու եռաժանին և համարձակ ջուրը մտավ, բայց շուտով պարզվեց, որ ծովը շատ է կատաղի։ Նավակը մխրճվում էր վիթխարի ալիքների նենգ հորձանուտում։ Չնայած այդ բոլորին, նա տեղի չտվեց, արիաբար առաջ շարժվեց։
Քիչ անց աղջիկը տեսավայն որսորդների շուռ եկած նավակները, որոնք ծով էին մտել իրենից առաջ։ Նրանցից ոչ մեկը չէր կարողացել հեռու գնալ և զոհվել էր իր կյանքը նվիրավերելով խիզախությանը և այն բուռն ցանկությանը, որ նարցն մղում էր առաջ։ Նրանք իրենց կյանքի վերջին րոպեին էին միայն հասկացել, որ ծովը այս անգամ կամավոր չի ենթարկվելու իրենց, ինչպես միշտ։
Նավակը կանգ առավ։ Աղջիկը եռաժանին բարձր պահած նայում էր խռովարար ջրերին։ Նրա ձեռքերը դողում էին։ Նա պատկերացրեց իր սիրեցյալին, հուսահատությունը իսկույն փոխվեց ոգևորության։ Նա ամբողջ ուժով ջրի մեջ խրեց եռաժանին և երբ համոզվեց, որ տեղ է հասել, դուրս քաշեց։
Մոլեգնած ալիքները ուժեղ ճոճում էին նավակը, իսկ երբ նա պղնձե գնդակը դուրս քաշեց խորքից, ալիքը նոր կատաղությամբ վրա պրծավ։ Ծովը մռնչում էր, ծարս էր լինում, ինչպես մուստանգ, աղջիկը սպասում էր, որ ահա, շույտով կուլ է գնալու ալիքներին։ Բայց բարեբախտաբար միշտ էլ դուրս էր պրծնում գահավիժող ալիքների հորձանքից և շատ չանցած Սալմոն ծովի ափին էր։
Ծովափին նրան դիմավորեցին ուրախ ճիչերով։ Առաջնորդն ինքը կռացավ, որ պղնձյա գնդակը բարձրացնի նավակի միջից, բայց հենց թեքվեց, որ ցույց տա հավաքված ամբոխին, ահարկու կռինչով ագռավը նորից հայտնվեց, ապշահար եղած առաջնորդի ձեռքից խլեց գնդակը և թռավ ամենաբարձր սոճու կատարին․ կարծեք թե չար ոգիներն էին նրան այդպիսի ուժով օժտել։
― Ահա, նայե՛ք, ձեր նվերն ինձ մոտ է, հույս չունենաք, թե ես կարող եմ վերադարձնել, երբեք,― կռնչաց ագռավը հաղթական,― չե՛մ տա այլևս,― օդում մի քանի նետեր սուրացին։ Հուսահատված հնդիկները փորձում էին նորից ձեռք բերել իրենց նվերը։
Աղջիկը նույնպես փորձեց նետահարել ագռավին։ Գլխարկն ընկավ և փայլուն սև մազերը թափվեցին պարանոցին։ Բայց նրա ջանքերը նույնպես ապարդյուն անցան։ Նետերը չէին հասնում ագռավին։
Հենց այդ պահին Սալմոն ծովի կողմից արագ քայլերի ձայն լսվեց։ Շտապ մի երիտասարդ էր գալիս։ Երբ այնքան մոտեցավ, որ ճանաչելի դարձավ, աղջիկը առաջ վազեց և նետվեց նրա բազուկների մեջ։
― Վերջապես երկա, թանկագինս,― ուրախացավ աղջիկը և իսկույն երիտասարդին պատմեց ինչ որ պատահել էր։ Թռչող Ալիքը՝ այսպես էին կոչում երիտասարդին այն պատճառով, որ նավակը շատ վարպետորենէր վարում, նետը հանեց կապարճից, դրեց աղեղի վրա և սպասեց մինչև անբարտավան ագռավը գլուխը ցույց տա։ Երբ երևաց ագռավը, նա արձակեց նետը։ Լարված լռության մեջ միայն նետի սուրոցն էր լսվում և շուտով լռությունը խախտեց ագռավի կատաղի կռինչը։ Վերևից ճարճատյուն լսվեց։ Չդիմանալով օրհասական ցավին, ագռավը ճակնկերը խրեց ծառի կեղևի մեջ, իսկ կախարդական պղնձյա գնդակը վայր ընկավ։ Գնդակը զարնվեց գետնին և փշրվեց։
― Ագռավը արդարացի էր,― մտածեցին հնդիկները,― մեր նվերը գողացավ և հիմա էլ բոլորովին փշրեց։
― Այդպես չէ,― լսվեց ամենաիմաստուն տոտեմներից մեկի ձայնը,― հենց այդ փշրանքներն են հարկավոր, որ նետերի համար սուր ծայրեր և թիակների կոթեր պատրաստեք։
Երբ հնդիկները զբաղված էին պղնձի կտորտանքը հավաքելով, աղջիկը շրջվեց դեպի երջանիկ նետաձիգը։
― Ի՞նչ նվեր ես բերել ինձ համար, սիրելիս։
― Շատ փոքր նվեր,― պատասխանեց երիտասարդը,― ես մի խոշոր կետ որսացի, երևի աշխարհի ամենախոշոր կետը, բայց դա Կետի ծովածոցում նվիրեցի հնդիկներին, որոնք մեռնում էին քաղցից։ Ահա, այս եմ բերել քեզ նվեր, սա կոչվում է ամպեր<ref>Բույս, որ օգտագործվում է անուշահոտություներ պատրաստելու համար<ref>։― Նա աղջկան հանձնեց մի փայտե սրվակ, լցված օծանելիքով, որ արբեցնող բուրմունք էր արձակում։
Ծաղկի Լիճը օծանելիքը քսեց ձեռքերին, դեմքին, հետո իր նշանածին առաջնորդեց դպի տոտեմների անտառը։ Երջանիկ զույգին ուղեկցում էին բազմաթիվ հնդիկներ՝ իրենց առաջնորդի հետ։ Վերջինս աչք չէր կտրում երիտասարդ զույգից և մոտ կանգնածները լսում էին նրա շշնջոցը․
― Դու շատ խելացի և ճիշտ ընտրություն ես արել աղջիկս, Թռչող Ալիքը մինչև կյանքիդ վերջը կլինի հավատարիմ և լավ ամուսին։
<references />