― Դու շատ խելացի և ճիշտ ընտրություն ես արել աղջիկս, Թռչող Ալիքը մինչև կյանքիդ վերջը կլինի հավատարիմ և լավ ամուսին։
==Հնդիկները և մահը==
Շատ դարեր առաջ ոչ հնդիկները և ոչ էլ կենդանիները չգիտեին թե ինչ բան է մահը, նրանք ապրում էին հավիտյան և բոլորի համար էլ տեղը բավական էր։ Միայն կոյոտը՝ այդ անհաշտը միշտ դժգոհ շրջում էր ու փնթփնթում։
― Իսկ ինչո՞ւ այսպես նեղվենք, եթե ծերերը մեռնեն, մենք ավելի լավ կապրենք։
Նա վազեց պրերիայով և սկսեց ուժեղ գոռգոռալ, որ իր ձայնը լսելի լինի թե անտառում, թե տափաստանում։ Բայց ոչ ոք ուշք չդարձրեց նրա խոսքին։ Բոլորին էլ հայտնի էր, որ կոյոտը սրիկա է և միշտ աշխատում է փորձանքի մեջ գցել։
Բայց, ինչպես երևում էր, այս անգամ նա հեշտությամբ չի հրաժարվելու այն մտքից, որ հաստատապես մտել էր նրա ծուռ ու տհաս գլուխը։ Եվ երբ այդ տարի ձյունը առանձնապես երկար մնաց ու սովը սպառնաց, նա նոր թափով սկսեց գոռալ․
― Տեսնում եք, մենք շատ ենք, այդ պատճառով էլ սոված ենք մնում։ Եթե ծերերը մեռնեն, շատ ուտելիք կունենանք։
Վերջապես Մեծ Շամանը լսեց կոյոտի առաջարկությունը։ Խելացի ծերունին շատ զայրացավ և ուզեց պատժել չարամիտին։ Բայց հետո փոշամենց, որոշեց ժողով հրավիրել և ապացուցել, թե ինչքան զզվելի է նրա առաջարկությունը։ Գուցե կոյոտը խելքի գար։
Հնդիկները և կենդանիները հավաքվեցին Սրբազան ժայռի ստորոտում, Մեծ Շամանի մոտ, որ նստել էր բլրի վրա, ծառի կոճղին։ Նրա գլխածածկը հասավ երկնքին, երբ բարձրացրեց գլուխը և դիմեց նրանց հետևյալ խոսքերով․
― Իմ որդիներ, ես այլևսչեմ կարող լսել մեր եղբայր կոյոտի կաղկանձոցը։ Նա պահանջում է, որ մենք մահ բերենք մեր երկիրը։ Ահա ինչու բոլորիդ այստեղ եմ հավաքել։ Հասկացրեք կոյոտին և դաս տվեք նրան։
Կենդանիները հանգիստ խորհրդակցում էին, իսկ կոյոտը նստել էր առանձին, ճանկերով քերում էր ականջի հետևը, երբեմն֊երբեմն տեղից վեր էր թռչում և շրջում էր ականջները սրած, որպեսզի լսի թե ինչ են ասում։
Մեկ էլ հանկարծ սկսեց ամբողջ ձայնով գոռգոռալ․
― Օ՛, Մեծ Շաման, ես միտք չունեմ վնաս պատճառել որևէ մեկին, միայն թե բավականաչափ սնունդ չկա մեր շրջապատում, որպեսզի բոլորս կարողանանք պահել մեր գոյությունը։― Նրա խորամանկ աչքերը նեղացել, դարձել էին մի փոքրիկ ճեղք,― ես իհարկե չեմ ուզում ասել, որ մահացողները այլևս աշխարհ չվերադառնան։
― Իսկ ի՞նչ է քո առաջարկը,― հարցրեց սկյուռը։
― Ես կարող եմ ասել, բայց ցավը այն է, որ ոչ ոք ինձ չի վստահում։
― Շարունակիր, մենք լսում ենք,― թախանձեցին հնդիկները, նույնիսկ Մեծ Շամանը կռացավ, որ լավ լսի։
― Շատ լավ, կասեմ։ Ես առաջարկում եմ, որ մենք մի անցք բացենք երկնքում և բոլոր մեռածներին ժամանակավորապես ուղարկենք այնտեղ։ Հետո, երբ սնունդը առատ լինի, մենք նրանց իսկույն ետ կկանչենք։
― Բայց այդքան բարձր ծառ որտեղի՞ց գտնենք,― մռմռաց արջը։
― Ես այդ բոլորի մասին նախօրոք մտածել եմ,― պատասխանեց կոյոտը ինքնագոհ,― մի նետ կարձակենք դեպի բարձր երկինք, հետո երկրորդ նետը կգնա և կմիանա առաջինին։ Դրան կհաջորդի երրորդը, չորրորդը և այսպես շարունակ, մինչդեռ երկինքն ու երկիրը աստիճաններով միանան իրար։ Այդ ժամանակ ամեն մարդ էլ կարող է բարձրանալ և հեշտությամբ իջնել։
Կոյոտի առաջարկը խելքի մոտ էր երևում։ Իհարկե տեղին է, մտածեց Մեծ Շամանն ինքն իրեն և չկարողացավ առարկել։ Նույնիսկ ամենաանհավատը համաձայն էր։ Կոյոտը գոհունակությամբ ժպտում էր․ ա՛հ, եթե միայն գիտենային․․․
Այդ միջոցին հնդիկները շտապեցին վերցնելու իրենց նետ ու աղեղները։
Ամենալավ նշանառուն պատրաստվեց նետն ուղարկելու։
― Վը՜զզ,― սուրաց առաջին նետը հավաքվածների գլխավերևում և ծակեց ամենացածր ամպը։ Դրան անմիջապես հաջորդեց մյուսը, որը խոցեց առաջին փետրազարդ նետը և ճեղքեց անցավ։
Կենդանիները հիացած նայում էին, երբ հնդիկները ցուցադրում էին իրենց հմտությունը նետաձգության մեջ։ Ոչ մի նետ չվրիպեց։ Կոյոտը վազվզում էր նշանառուների ոտքերի արանքով, նրանց ճանապարհ կամ էլ խորհուրդներ էր տալիս, կարծես թե այդ ինքն է, որ նարնց այդպես ճիշտ նշան բռնել էր սովորեցրել։
Այժմ նետերի երկար շարքը հասնում էր այնտեղ, ուր Սրբազան ժայռն էր։ Մեծ Շամանը բարձրացավ կոճղից և քաշեց նետերից մեկը՝ ամրությունը փորձելու համար։ Նրանք հաստատուն էին, այնքան ամուր, որ կարող էին դիմանալ արջի ծանրությանը։
Մութը վրա հասավ, Մեծ Շամանը նշան արեց ամբոխին, որ ցրվեն իրենց տները։
― Գնացեք քնելու։ Այս օրվանից սկսած մահն այստեղ է լինելու, մեզ հետ, դուք ինքներդ եք այդպես ցանկացել, իսկ այժմ ես դուռ կբանամ Սրբազան ժայռից, որ մահը ներս գա և նրան, ում որ կընտրի, կարող է երկինք բարձրանալ և այնտեղ մնալ․․․
Գյուղի վրա իջավ մութ գիշերը, առաջին գիշերը, որ մահը շրջելու էր հնդկական երկրում, առաջին գիշերը, որի ընթացքում ծեր վարազը մեռավ իր քարայրում, մենակ որսորդն՝ իր խցիկում և արծիվն իր բնում՝ բարձր ժայռի գլխին։
Անցավ ժամանակ։ Շուտով ամենուրեք ողջ ու կոծ լսվեց հանգուցյալների համար, շատերը գնացին Մեծ Շամանի մոտ օգնություն խնդրելու, բայց նույնիսկ նա անկարող գտնվեց այդ հարցում։
― Մենք պետք է սպասենք այնքան, մինչև աստղերը մի քիչ ցածրանան, հիմա նրանք շատ բարձր են, մեր ձայնը չի հասնի նրանց։
Ամեն գիշեր մարդիկ և կենդանիները իրենց աչքերը հառում էին երկինք, սպասելով մահացածների վերադարձին։
Միայն կոյոտը չէր երևում։
Նա քաշվել էր իր որջը և ովքեր անցնում էին մոտով ներսից տարօրինակ կրճտոց էին լսում։ Նրանք մտածում էին, թե ինչով է զբաղված այդ քավթառ խաբեբան, բայց համոզված էին, որ վախենում է դուրս գալ, քանի որ իր քմահաճույքի պատճառով այնքան մեծ ցավ պատճառեց մարդկանց։
Այնինչ նրա չոր ուղեղում նոր ու նոր հրեշավոր մտքեր էին ծնվում։ Կոյոտը սրածայր քարեր էր հավաքել իր որջում և օրեր շարունակ զբաղված էր ատամները սրելով, որպեսզի ավելի սուր լինեն, քան հնդիկների թոմահավկները։ Տարօրինակ ձայների պատճառը հենց այդ էր։
Երբ վերջապես լեզուն կտրեց սեփական ատամներով, համոզվեց, որ պատրաստ է գործի անցնելու։
Մինչև այգաբացը մեկ ժամ էր մնում։ Տիրում էր բացարձակ լռություն։ Կոյոտը գաղտագողի գանց դեպի Սրբազան ժայռը, զգուշությամբ փոխելով թաթերը, որպեսզի աղմկոտ խոտերի խշխշոցը չմատնի իրեն։ Նա կանգ առավ ժայռի ստորոտին և ականջ դրեց։ Անկենդան լռություն էր ամենուրեք, լսվում էր միայն քամու սուրոցը ժայռի ճեղքերում։ Նրան ոչինչ չէր խանգարում իրագործելու իր հերշավոր մտադրությունը։ Կոյոտը կանգնեց ետևի թաթերին, ատամներով կառչեց վերջին նետից և սկսեց կրծոտել այն։ Նուրբ փայտը շուտով տեղի տվեց, բայց մյուս նետրը դեռ հաստատորեն մնում էր երկնքին ամրացված։ Այդ բանը սաստիկ զայրացնում էր։ Կատաղած սկսեց ցնցել նետերի ամբողջ շարքը, ցանկանալով պոկել տեղից։
Նրան հաջողվեց։ Արձագանք տվող շրմփոցով նետերը ցած թափվեցին։ Մի քանիսը խրվեցին նրա ետևը և կոյոտը ցավից ոռնաց։
― Վո՜ւ, ուո՜ւու․․․
Ճզմված ու ջաղջախված, նա սողաց դեպի իր որջը։ Մեծ իրարանցում սկսվեց։ Աղմուկը արթնացրեց արջին։ Նա իսկույն հայտնաբերեց կատարվածը և արթնացրեց բոլորին, ինչպես և Մեծ Շամանին։
Այլևս ոչինչ հնարավոր չէր անել․ մեռածները երբեք աշխարհ չէին վերադառնա։
Մեծ Շամանը խիստ զայրացավ և առանց տատանվելու ասաց ոճրագործին․
― Դու պետք է ընդմիշտ հեռանաս մեզնից։ Մենք շատ համբերատար եղանք քո նկատմամբ, հուսալով, որ կուղղվես, բայց իզուր։ Գնա պրերիա, ապրիր մենակ և այլևս չարիք մի գործիր։
Կոյոտը լսեց վճիռը, և տեսնելով, որ ուրիշ ելք չկա, խոնարհաբար պոչը խոթեց ոտների արանքը և հեռացավ։
Նա թափառեց ամբողջ օրը և գուցե ավելի, վերջապես հայտնվեց մի վայրում, ուր ոչ մի կենդանի շունչ չկար։
Այդ օրվանից մինչև հիմա նա ողբում է և թախանձում, որ իրեն թույլ տան վերադառնալ, թեև նրա աղաչանքը հաճախ է լսվում, բայց ոչ ոք նրան չի խղճում և ետ չի կանչում, ինչպես մահը, որին նա երկիր բերեց, երբեք ետ չի գնում դեպի իր բնակավայրը՝ Սրբազան Ժայռը։
==Հավերժական երգը==
Գիշերը եկավ։ Հնդկական երկիրը այնպես կորավ մթության մեջ, որ մատդ մարդու աչքը խոթեիր չէիր տեսն։ Միայն մենավոր քամին էր շառաչում հեռու ժայռերի մեջ։
Այդ ուշ ժամին ինչ որ մարդիկ խոտածածկ արահետով քայլում էին օձի բնի հետևից։ Նրանք առաջ էին շարժվում զգույշ ու անաղմուկ։ Դաքոդացիները կռվի էին ելել և մի խումբ ռազմիկներ շատպում էին հանկարծակիի բերել թշնամուն, քանի դեռ մութ էր։
Քաջերը մեկ քայլում էին, մեկ վազում, իսկ առջևից ու հետևից հսկում էին դիտորդները, որ թշնամին հակարածակի չհարձակվի։
Օձի թույնը թողեց հարթավայրը և նրանց դեպի փոքրիկ անտառը առաջնորդեց։
― Եկեք հանգստանանք,― ասաց առաջնորդը, առաջին անգամ բարձրաձայն խոսելով,― այստեղ ամայի է, կարող ենք կրակ վառել։
Մարտիկներն իսկույն չոր խոտ հավաքեցին և շատ չանցած կրակն արդեն բոցկլտում էր։ Հարմար տեղավորվելով կրակի շուրջը, ոմանք սկսեցին իրենց պատռված մոքասինները վերանորոգել, մյուսները նետերն ու կացիններն էին ստուգում, մի քանիսն էլ ուտելիք էին պատրաստում։
Ավելի տարիքավոր ռազմիկները պատմում էին հինավուրց ճակատամարտերի, հերոսների տարօրինակ տխրագործությունների մասին։ Պատմում էին, թե ինչպես ամենազոր թալիսմանը փրկել է բազմաթիվ մարդկանց կյանքեր, ինչպես կախարդական պարկը թշնամու արձակած նետը ետ է դարձել արձակողի սիրտը, ինչպես գեղեցիկ աղջիկներ են եկել Ստվերների աշխարհից և խիզախներին առաջնորդել այնպիսի տեղեր, որտեղից նրանք այլևս չեն վերադարձել։
Կրակը ականջ էր դնում պատմությունները և լուռ իր ծուխն էր արձակում դեպի կանաչ ճյուղերը, բայց երբ սպիտակահեր հնդիկը վեր կացավ, որպեսզի հանդիսավոր աղոթքը անի, կրակը հանկարծ սկսեց մռնչալ ու ճարճատել, կայծերը դուրս թռան և հետո տարօրինակ մի բան եղավ։
Մոտակա ծառերից երգի ձայն լսվեց։
Երգը ավելի ու ավելի ծավալվեց և անտառը լցվեց մեղեդու տխուր հնչյուններով, որը երբեմն նվազում էր, միանում քամու սվոցին։
― Հանգցրեք կրակը,― կամացուկ հրամայեց առաջնորդը և մթնում առաջ քայլեց՝ աղեղը պատրաստ պահած։
Կարծեք ինչ որ գաղտնի հրամանի հնազանդվելով, լուսինը դուրս լողաց ամպերի միջից և իր աղոտ լույսը սփռեց ծառերի բներին։ Ռազմիկները քայլում էին զգուշությամբ ոտքը դնելով փափուկ, թաց խոտին և ուշադիր զննում էին ծռված ճյուղերի ստվերները, որ քամուց ճոճվում էին։ Երգը շարունակում էր։ Այժմ պարզ էր, երգը գալիս էր վիթխարի ծփիից, որ գտնվում էր անտառի մյուս ծայրին։
Ռազմիկները շրջան կազմեցին և կամաց շրջանակը նեղացնելով առաջ շարժվեցին։ Խորհրդավոր երգի ձայնը ուժեղացավ և հետո այնպես անսպասելի դադարեց, ինչպես անսպասելի սկսվել էր։ Ռազմիկները քայլերն ուղղեցին դեպի ծեր ծառը․ և նստեցին խճճված արմատների վրա, հանգստանալու։ Հանկարծ նրանց աչքին զարնեց սպիտակին տվող ոսկորների մի փոքրիկ կույտ, որ պատկանում էր անծանոթ մի ռազմիկի, նավակի մյուս կողմում ընկած էր ջարդված աղեղ, իսկ քիչ հեռու զանազան նետեր էին ցրված։
― ԱՅս ամենը, որ տեսանք և լսեցինք, ապացուցում է, թե այստեղ եղել է այն ռազմիկի վերջին հանգստարանը, որը իր կյանքը զոհել է ուրիշների համար,― երկարատև լռությունը խզեց առաջնորդը։― Նա եղել է այնպիսին, որ նույնիսկ մահը չի կարողացել լռեցնել նրա ձայնը,― շարունակեց առաջնորդը։― Նրա երգը ապրում և հասնում է մարդկանց, կոչ է անում վրեժխնդիր լինել։ Այժմ մենք էլ պիտի կատարենք ամենասրբազան պատգամը, որ պահանջում է մեզնից՝ զոհվել ուրիշների համար։ Պետք է հիշենք այս երգը, մինչև որ մենք էլ ճանապարհվենք դեպի Ստվերների աշխարհը։ Հետո մեր այդ երգն էլ կդառնա անմահ և հավերժական։
==Մեծ ոգու և աստծո եմամարտը==
― Ուշ է, հոգնած ես,― ասաց ծխամորճը փոքրիկ դադարից հետո,― դու արդեն անկողնում պետք էլինեիր։
― Օհ, ո՛չ, դեռ ո՛չ,― աղերսում էր տղան,― մի բան էլ կա, որ հարցնել եմ ուզում։
― Շատ լավ, առաջ արի և հարցրու, բայց շտապի՛ր, ծխախոտը վերջանում է։ Ձայնս սկսել է նվազել։
― Ասացեք խնդրեմ, ո՞վ է Մեծ Ոգին և որտե՞ղ է ապրում։
― Մեծ Ոգին հնդկական ոգիներից ամեազորեղն է, նա բնակվում է Բարձր Վիգվամում, որ երկնքում է։ Թեպետ ճիշտն ասած, նա կարող է լինել ամեն տեղ։
― Իսկ նրան երբևէ որևէ մեկը հաղթե՞լ է։
― Երբեք։ Ճիշտ է, մի անգամ, շատ տարիներ առաջ սպիտակամորթները փորձեցին ուղարկել իրենց Աստծուն, որպեսզի Մեծ Ոգուն քշի հնդկական հողից, բայց Մանիտուն այդ մենամարտում հաղթող դուրս եկավ։
― Խնդրում եմ դա էլ պատմեք,― պահանջում էր տղան։
― Շատ լավ։ Կպատմեմ ինչպես լսել եմ հուրոններից, բայց միայն այդքանը այսօրվա համար։ Այժմ լսիր․․․
Մեծ Ոգին նստած էր Սրբազան Ժայռի գլխին, երբ հանկարծ նրա կողքին հայտնվեց Աստվածը։
― Ողջույն,― բարևեց նրան Մեծ Ոգին անկեղծորեն, բայց նորեկը չբարեհաճեց պատասխանել։ Նա միայն մռայլ իր շուրջն էր նայում։
― Ինչո՞ւ նձ հետ չես խոսում,― հարցրեց Մեծ Ոգին։
― Ես ավելի զորեղ եմ, քան դու և քեզ կարող եմ վռնդել այստեղից,― այսպես եղավ պատասխանը։
― Օ, փորձիր միայն։
Աստվածը ոչինչ չասաց, նա կռացավ, մի սև գիրք վերցրեց և սկսեց ինչ որ բան շշնջալ, որ անհասկանալի էր Մեծ Ոգուն։ Նա երկար շշնջում էր։ Վերջապես Մանիտուն առաջարկեց․
― Այս ձևով մենք չենք կարող փորձել մեր ուժերը։ Դու տեսնում ես այս ժայռը, որի վրա ես եմ նստած։
Աստվածը մտազբաղ գլխով արեց։
― Ով առաջինը կկարողանա տեղափոխել այս ժայռը, նա կմնա հնդկական երկրում,― ասաց Մեծ Ոգին,― գնա, փորձիր։
Աստվածը մեկ անգամ էլ բացեց իր սև գիրքը և սկսեց կարդալ ու կարդալ։ Թեև արդեն վերջին էջն էլ շրջեց, բայց ժայռը տեղից բոլորովին չէր շարժվում։
― Չեմ կարող,― գոչեց վշտացած Աստվածը։
Մեծ Ոգին ելավ։ Հագուստի կաշե թևքերը վեր քաշելով թափով հերց ժայռը, որը եղջուրի մի ոստույնից էլ ավելի շարժվեց տեղից։
― Տեսնո՞ւմ եք,― հարցրեց Ոգին իր թշնամուն։ Բայց Աստվածը հեռացել էր։ Նա վազում էր ու վազում՝ փոշի բարձրացնելով, և այլևս չերևաց հնդկական հողում։
=Երկրորդ երեկո=
==Պատմություններ անտառի ու կենդանիների մասին==
<references />