: Ամուսնությունից անմիջապես հետո Պադինգթոնում գնեցի բժիշկ Ֆարկերի բուժարանը։ Ծերուկ բժիշկը մի ժամանակ բազմաթիվ այցելուներ է ունեցել, բայց հետո սուրբ Վիտոսի պարախտի նման հիվանդությամբ է տառապել, և այդ, ինչպես նաև ծերության պատճառով նրանց թիվը զգալիորեն պակասել է։ Չէ որ մարդիկ, և դա հասկանալի է, գերադասում են բուժվել նրա մոտ, ով առողջ է, և քիչ են վստահում այն մարդու բժշկական գիտելիքներին, որը չի կարողանում բուժել անգամ ինքն իրեն։ Եվ որքան վատանում էր վերջինիս առողջությունը, այնքան մեծ վնաս էր հասնում նրա բուժարանին, և այն պահին, երբ գնեցի, այն տարեկան բերում էր երեք հարյուր ֆունտից քիչ ավելի՝ նախկին երկու հարյուր հազարի փոխարեն։ Բայց ես ապավինեցի երիտասարդությանս ու եռանդիս և չէի կասկածում, որ մեկ-երկու տարուց այցելուներից պրծնում չի լինի։
: Առաջին երեք ամիսներին, երբ բնակություն հաստատեցի Պադինգթոնում, շատ զբաղված էի և ոչ մի անգամ չհանդիպեցի ընկերոջս՝ Շերլոկ Հոլմսին։ Ժամանակ չունեի գնալ Բեյքր-սթրիթ՝ նրա մոտ, իսկ նա, եթե որևէ տեղ էր դուրս գալիս, ապա միայն գործով։ Այդ պատճառով էլ շատ ուրախացա, երբ հունիսյան մի առավոտ, նախաճաշից հետո «Բրիտանական բժշկական լրաբերը» կարդալիս, լսեցի նախասենյակի զանգը և դրան հաջորդող ընկերոջս կտրուկ ձայնը։
: ― Ա՛Ա՜, իմ թանկագին Ուոտսոն, ― սենյակ մտնելով ասաց նա, ― ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Հուսով եմ, միսիս Ուոտսոնն արդեն ուշքի է եկել այն ցնցումից հետո, որ մեզ վիճակվեց ապրել «Չորսի նշանի» գործի կապակցությամբ։
: ― Շնորհակալ եմ, նա իրեն հիանալի է զգում, ― ջերմորեն սեղմելով ընկերոջս ձեռքը, պատասխանեցի ես։
: ― Հուսով եմ նաև, բժշկությամբ զբաղվելը ձեր մեջ դեռ չի մարել հետաքրքրությունը մեր փոքրիկ հանելուկների հանդեպ, ― նստելով ճոճաթոռին շարունակեց Շերլոկ Հոլմսը։