==Ինչպես հնդիկներին հաջողվեց ձիեր ունենալ==
Ես քեզ էի սպասում,― փնչացրեց ծխամորճը, երբ հաջորդ երեկոյան տղան նստեց բոցավառվող կրակի մոտ։ Դրսում անձրևը պատուհաններն ու տանիքն էր թակում, բայց ներսում տաք էր ու հաճելի։
― Հնդիկները միշտ ապրել են բացօթյա և հասկացել են բնության գաղտնիքները,― սկսեց ծխամորճը։― Անտառի առվակը այսպես է ասում։
― Ես երգում եմ, երբ դուք իմ ջուրն եք խմում և թեթև ամպերը կամ աստղերը ինձ են նայում վերևից։
― Ես ձեր եղբայրն եմ, ձեզ պաշտպանում եմ գազաններից ու ցրտից,― հնդիկ որսորներին ասում է կրակը ճարճատուն ձայնով։
― Ես ձեր քույրն եմ, դուք կարող ե քինձ կարդալ այնպես, ինչպես ամենաճշմարիտ գիրքը,― շշնջում է խոտը։
― Իսկ կարմրամորթները հասկացե՞լ են այդ բոլորը,― հարցրեց տղան կասկածանքով։
― Իհարկե, դեռ ավելին, նրանք գիտեն նաև կենդանիների սովորությունները և բույսերի բուժիչ հատկությունները։
Մի խոսքով, նրանք լավ ճանաչել են անտառը և այս գիշեր ես պետք է պատմեմ մի քանի պատմություններ, որ լսել եմ նրանցից, կենդանիների և բնության մասին։
Դե, հիմա ուշադիր ականջ արա․․․
==Ինչպես հնդիկներին հաջողվեց ձիեր ունենալ==
Մեծ ջրերի ափին գտնվող հնդկական գյուղերից մեկում ապրում էր մի որբ տղա։ Նա ապրում էր մի կիսաքանդ հողե խրճիթում և քանի որ շատ փոքր էր, չէր կարող որսորդությամբ զբաղվել, ողորմածություն էր խնդրում բարի մարդկանցից։ Բայց շատ անգամ մարդիկ կոպտում էին նրան և ասում․
― Ինչո՞ւ պետք է քեզ կերակրենք։ Ոչ մի բանի օգտակար չես, նույնիսկ շան լակոտները կարող են քեզնից շատ բեռներ կրել։
Այն ժամանակ, ինչպես հայտնի է, հնդիկները ձիեր չունեին։ Գուցե Տիրավան՝ Մեծ Ոգին, մոռացել էր այդ կենդանին պարգևել նրանց, այդ պատճառով բեռներ տեղափոխելու համար շներ էին օգտագործում կամ էլ իրենք էին կրում։
Միայն առաջնորդը չէր զլանում տղային ուտելիք տալու, նույնիսկ մոքասիններ էր նվիրել։
― Տիրավան գիտե, թե ինչու համար է այդ տղան ապրում։ Գուցե նա մեծանա և շատ հայտնի հերոս դառնա,― ասում էր առաջնորդն իր մարդկանց, բայց շատերը չէին հավատում։ Ինչ հերոս կարող էր դուրս գալ այդ տկար խղճուկից։
Գարնանը, երբ լսվում էին բիզոնների սմբակների աղմուկը և հորիզոնում հայտնվում էին առաջին սև ոգիները, հնդիկները թողնում էին իրենց վիգվամները և հետևում էին նախրին, որպեսզի ձմեռվա համար իերնց բիզոնի մսով և կաշվով ապահովեն։ Տղան բոլորից շատ այդ օրից էր վախենում, որովհետև մարդիկ հեռանում էին գյուղից, ինքը մենակ էր մնում և մեծ դժվարուըթյամբ էր ուտելիք ճարում։ Անցած տարի նրան մենակ էին թողել և երբ վերադարձել էին, տղային գտել էին այնքան թուլացած ու հյուծված, որ զարմացել էին, թե նա ինչպես է կենդանի մնացել։
Ծաղիկների ամսին, մի առավոտ, պահակները գետի մոտ նկատեցին ծանոթ ոգիներին։
― Բիզոններ, բիզոններ,― լսվեց աղաղակը,― բիզոնները գալիս են։― Եվ արևի առաջին ճառագայթները դեռ չէին պատռել վաղորդյան մշուշը, որ գյուղը լրիվ դատարկվեց։
Տղան հուսահատ նստել էր հողե խրճիթի առաջ և նայում էր, թե ինչպես փոշին հանդարտ նստում է հետքերին։ Վերջին մարդիկ և շները արդեն չքացել էին տեսադաշտից, միայն նրանց ձայներն էին, մեկ էլ շների հաչոցն էր լսվում։
Տղան բոլորովին մենակ էր մնացել՝ փայլուն արցունքները գլորվում էին դեմքից և ընկնում մոքասինների վրա։ որքան կուզենար, ինքն էլ նրանց հետ լիներ։
Հանկարծ նրան թվաց, թե ինչ որ մեղմ, թախանձագին ձայն է լսում, որն ասում է․
― Վերցրու խաղա։ Ցույց տուր, թե ինչ կարող են անել քո թույլ մատները։
Ո՞վ խոսեց իր հետ, ինչո՞վ պիտի խաղա։ Նրա աչքերը կանգ առան փոշու մի փոքրիկ հատիկի վրա, որ իր արտասուքների պատճառով կպչուն ցեխ էր դարձել։
― Ես շուն կպատրաստեմ և ինձ մենակ չեմ զգա,― ասաց տղան ինքն իրեն և սկսեց տրորել փափուկ ցեխը։ Բայց սա ի՞նչ է․ կարճ ոտքերի փոխարեն, որ ունենում են շները, ստացվեցին երկար ոտքեր՝ սմբակներով։ Գլուխը շատ մեծ էր ու երկար, սուր, աչքի զարնող ականջներով, բաշի նման մի բան վզին և ետևի մասում պոչ, որ բոլորովին շատ պոչինման չէր։ Սա ի՞նչ բան է։ Երբեք այսպիսի կենդանի չէր տեսել։
― Լավ է նորից շինեմ։ Այս անգամ ավելի ուշադիր կլինեմ,― մտածեց տղան։ Բայց ինչքան էլ ուշադիր էր լինում, կարծեք թե մի ուրիշն էր ղեկավարում ձեռքերը, որովհետև այս անգամ էլ այնպիսի մի կենդանի ստացվեց, ինչպես առաջինն էր։
Նա շփոթված նայում էր երկու արձանիկներին։ Դրանք կանգնած էին գետնին, իր դիմաց, և այնպես էին նայում, ասես ամեն րոպե պատրաստ էին ցատկելու օդի մեջ։ Հանկարծ տղան շատ հոգնած զգաց իրեն։ Ձգվեց չոր գետնին, իսկույն քուն մտավ և այսպիսի մի երազ տեսավ․
Անսահման հեռվում ինքը՝ Մեծ Տիրավան, դուրս եկավ իր վիգվամից։ Այժմ արդեն պարզ երևում էր նրա կերպարանքը և լսվում իմաստուն խոսքերը․
― Այդ ես էի, որ ստիպեցի խաղալ։ Իմ հրամանով քո մատները ձևավորեցին ձիեր, որոնք կարող են կրել քո բեռները։ Բայց նրանք դեռ շատ փոքր են։ Դու պետք է չորս օր, չորս գիշեր նրանց արածելու տանես և ջուր տաս Մեծ Գետի ափին, որպեսզի նրանք մեծանան և ծառայեն քեզ։
Տիրավան վերջացրեց իր խոսքը և այնպես անհետացավ, ինչպես ալիքը ջրի երեսից։
Տղան արթնացավ։ Երկու արձանիկները դրեց թևի տակ և դեպի Մեծ Գետը շտապեց։ Նա լավ գիտեր, թե որտեղ է ավելի հյութալի և բուրավետ խոտ աճում։ Արձանիկները զգուշությամբ դրեց գետնին․ մի ակնթարթում ձիերը կենդանացան և նույնիսկ խրխնջացին։ Տղան չէր կարողանում նրանցից աչքը կտրել։ Դա հրաշք էր։ Տղան նկատում էր, որ քանի գնում, ձիերը ավելի են մեծանում և ուժեղանում։
Նա թողեց, որ ինչքան սիրտներն ուզի խոտ ուտեն և ջուր խմեն, հետո երեկոյան նորից դեպի գյուղ տարավ։ Այդ կարճ ժամանակում նարնք այնքան էին մեծացել, որ հազիվ էին մտնում փոքրիկ խրճիթի դռնից։ Հաջորդ գիշերը տղան ստիպված եղավ նրանց տեղավորել առաջնորդի ընդարձակ բնակարանում։
Նա անսահման ուրախանում էր, երբ տեսնում էր, որ ձիերը մեծանում են և ուժեղանում։ Երրորդ օրը, առավոտյան, տղան շրջում էր գյուղում, ձիու մեջքին նստած։ Հանկարծ մեծ պահանջ զգաց գնալ իր ընկերներին և հարևաններին գտնել։ Բայց նա մոռացել էր հզոր Տիրավայի խորհուրդը։ Կտրելով Մեծ Գետը նա իր ձիերին քշեց բիզոնի հոտի հետքերով։ Տղան շատ անփորձ էր, երբեք ձի չէր տեսել։ Նրան թվում էր, թե չորրորդ օրը այլևս չեն արածելու։
Մեծ Տիրավան միշտ հետևում էր նրան։ Նրա դեմքը մռայլ էր, որովհետև ուզում էր հնդիկներին մեծ ձիեր տալ, ինչպիսիք ունեին սպիտակամորթները, բայց հետո մտածեց, որ փոքրիկ կենդանիները ավելի ճարպիկ են և որսի համար ավելի հարմար, որ հնդիկների ձիերը կոչվում են պոնի, որ նշանակում է փոքրիկ ձի։
Շատ չանցած տղան ծուխ նկատեց, այդ որսորդների բնակատեղից էր։
Առաջնորդը և մի քանի որսորդներ դուրս եկան նրան դիամվորելու։ Նրանք աչքները ձիերից չէին կտրում։ Իսկ տղան այլևս առաջվա թշվառ, տկար երեխան չէր, այլ մի հուժկու երիտասարդ, որ հեշտությամբ կարող էր առաջնորդ դառնալ։
Այդպես էլ եղավ։ Որսի ընթացքում նա բոլորին գերազանցում էր իր ճարպկությամբ, ինչպես և նետաձգությամբ ու ձիավարժությամբ։ Երբ ծեր առաջնորդը հրաժեշտ տվեց աշխարհին և գնաց միանալու իր նախահայրերին, տղային ընտրեցին նրա փոխարեն և նա շատ տարիներ խելացի կերպով ղեկավարեց կարմրամորթներին։
==Բուն և դեղին մուկը==
Կեսօրվա շոգին բուն նիրհում էր իր փչակում։ Նա այրվում էր հետաքրքրությունից, թե ինչ է կատարվում դրսում այն ժամին, երբ բոլորին թվում է, թե ինքը քնած է։ Նա քնել չէր կարողանում։
Նա չափազանց սնապարծ էր և շատ էր ցանկանում, որ բոլորը վախենան իրենից։ Բայց դժբախտաբար ցերեկը, երբ կենդանիների մեծ մասը դրսում էր, բուն քնած էր իր փչակում, իսկ գիշերը ինչքան էլ աշխատում էր սուր կռնչոցներ տարածել, միևնույն է, ամեն ինչ խաղաղ էր, ոչ ոք չէր շարժվում։
― Իհարկե, բոլորը թաքնվում են ինձնից, վախենում են,― ասում էր նա հեգնանքով։― Ուո՜ւու, հուո՜ւու,― և որքան կարող էր բարձր էր վայում։
Բայց այդքանով նա չբավարարվեց։
― Ավելի լավ է ինքս գնամ և որևէ մեկին հարցնեմ, թե ի՞նչ կարծիք կա իմ մասին,― ամառվա մի գեղեցիկ օր քրթմնջաց բուն ինքն իրեն։
― Հեռու գնալու կարիք էլ չկա, հենց այստեղ, այս քարի տակ բազմաթիվ մկներ են ապրում, կգնամ և կհարցնեմ նրանց։
Բուն երկար ժամանակ փչակում այս ու այն կողմ էր ցատկոտում, ճիշտ եթե ասենք չէր համարձակվում ցերեկով դուրս գալ։
― Բո՛ւ, բո՛ւ,― ճչացին մկները և վայրկենապես ցրվեցին բները։ Այդ նրան շատ դուր եկավ։
Նա նստեց մկան ամենամոտ բնի կողքին և ներս նայեց։
― Ողջույններս, մկնիկ, մի վախենա ինձնից։ Դու այստե՞ղ ես։
― Այո, այստեղ եմ,― պատասխանեց փոքրիկ դեղին մուկը։ Թեև նա հասկանում էր, որ բուն իրեն չէր կարող վնասել, քանի որ ինքը ներսում էր, բայց և այնպես շատ անհանգիստ էր։
― Ես ուզում էի հարց տալ,― բուն աշխատում էր դուր գալ մկանը։― Մկները ի՞նչ կարծիք ունեն իմ մասին։
― Ահա թե ինչ,― ասաց մուկն ինքն իրեն,― ահա թե ինչու է պառավ ջադուն օրը ցերեկով դարանակալել իմ բնի մոտ։ Բայց բարձրաձայն նա ասաց․
― Այստեղ բոլորը ձեզ կոչում են գիշերային առաջնորդ։
Այս խոսքերը սնափառ բուի ականջին հնեցին ինչպես երաժշտություն։
― Նորից ասա այդ բառերը և ավելի դանդաղ,― հրամայեց բուն։
― Գիշերային ա֊ռաջ֊նորդ,― կրկնեց մուկը վախից դողալով։― Ինչպես է երևակայում իրեն,― փնթփնթաց մուկն ինքն իրեն,― այս գարշելի հրեշը։
Բուն զմայլված էր։
― Իսկ այժմ շշնջա ականջիս,― ասաց բուն և գլուխը մոտեցրեց մկան բնին։
― Դու քավթու, ողորմելի ջադու ես, ահա թե ինչ ես,― ասաց նա և անհետացավ բնի խորքում։
Բուն սկզբում միայն աչքերն էր թարթում՝ անկարող լսածը հասկանալու, բայց հանկարծ կատաղությունը բռնեց։
― Սպասիր, կբռնեմ քեզ,― սպառնաց մկանը,― ես քեզ ցույց կտամ։ Տեղիցս չեմ շարժվելու, մինչև որ դուրս գաս,― ավելացրեց բուն ոխակալությամբ կտցահարելով անցքը։
Մուկն իհարկե երկար չսպասեց, անցքից սողոսկեց իր ընկերների մոտ և պատմեց ամեն ինչ։
Իսկ բուն սպսում էր մկան բնի մոտ, փոխնիփոխ բարձրացնելով մերթ մեկ, մերթ մյուս ոտքը։ Նա այնտեղ անցկացրեց մեկ գիշեր և ցերեկ, հետո երկրորդ օրը, և երրորդը, ես ճիշտ չեմ կարող ասել, թե էլի որքան, մինչև վերջապես հյուծվեց սովից ու ծարավից։ Ահա ձեզ մի զոհ սեփական հիմարության և սնափառության պատճառով։
<references />