== Ա.Գուրզադյան. Ռուդոլֆ Շտայները և նրա «Ազատության փիլիսոփայությունը» (V)==
Այս աշխատության նախապատմությունն ու հետագա ճակատագիրը հասկանալու համար անհրաժեշտ է ոչ միայն հեղինակի կյանքի և ստեղծագործությսւն մանրակրկիտ ուսումնասիրություն, այլև արևմտաեվրոպական հոգևոր կյանքի առնվազն վերջին հարյուրամյակների խորը իմացություն, մասնավորապես գերմանական դասական փիլիսոփայության (Գյոթե-Հեգել-Շելլինգ-Ֆիխթե-Նիցշե-Է. Հարթման գծով) և հատկապես XX դարի առաջին քառորդի մշակութային ահռելի խմորումների ճանաչողություն, որոնց լեյտմոտիվն ի վերջո ազատության նոր իրագործման ձգտումն էր։ Թեմայի լրջությունն ու խորությունը դժվար է գերագնահատել։ Բնականաբար, խոսքը գնում է ազատության մասին։ Սակայն, ի տարբերություն տվյալ թեմայի շուրջ գրված բազմաթիվ այլ երկերի, այստեղ մենք գործ ունենք ոչ թե խոսքի և դատողությունների մակարդակով վերապրված ազատության, այլ տվյալ հեղինակի կյանքով և ստեղծագործությամբ ''ապացուցված'' և ''իրագործված'' ազատության, ազատության հենց ''մարմնավորման'' հետ։
1894-ին Գերմանիայում լույս տեսած այս գիրքը, դնելով ազատության իմացաբանական հիմքերը, հեղինակի հետագա գործունեության մեջ իրոք մարմնավորվում է որպես ազատության կենսագրություն՝ տալով մարդկության պատմության մեջ իմացաբանականսստեղծագործական եզակի արդյունքներ։ Բերենք մի օրինակ. Ռուդոլֆ Շտայների երկերի (դեռ հրատարակվող) լիակատար ժողովածուն այսօր արդեն ընդգրկում է 352 հատոր։ Իմացաբանական շերտերն ընդգրկում են մարդկային գործունեության գրեթե բոլոր բնագավառները։ Այսօր այդ իմացությունները շարունակում են մարմնավորվել մարդկային կոնկրետ գործունեության մեջ։ Դրանք մի մարդու կողմից իրագործված ազատության պտուղներն են, որոնք անձնականի սահմաններից ելնելով՝ արդեն համամարդկային նշանակություն ունեն։
Արդյունքներն ''այսօր'' շոշափելի են, օրինակ, կրթության ասպարեզում (Վալդորֆյան մանկավարժության մեթոդներով առաջնորդվող մանկապարտեզներ և դպրոցներ, որոնց թիվն ''այսօր'' աշխարհում անցնում է 500-ից, նոր ազատ համալսարաններ, բարձրագույն դպրոցներ և այլն), բժշկության մեջ (նորաստեղծ հիվանդանոցներում հիվանդությունների բուժում նոր ըմբռնման հիման վրա, նոր դեղորայքների ոչ քիմիական արտադրություն, տարբեր արվեստների ներգրավում թերապևտիկ բուժման պրոցեսում և այլն), գյուղատնտեսության մեջ (բիոդինամիկական գյուղատնտեսություն, որը լուծում է թե՛ էկոլոգիական, թե առողջ, քիմիական պարարտանյութերից զերծ սննդամթերքի արտադրության խնդիրներ), ֆինանսա-վարչական համակարգում (նոր բանկեր, ինքնակառավարման հիմունքների վրա ստեղծված վարչական նոր կառույցներ), արվեստի և գիտության տարբեր ոլորտներում (նկարչություն, քանդակագործություն, ճարտարապետություն, երաժշտություն, թատրոն, էվրիթմիա, խոսքարվեստ, մաթեմատիկա, ֆիզիկա և այլն)։ Սա տքնաջան և դժվարին զարգացում է, ահռելի փորձություն, հատկապես արևմտյան քաղաքակրթության ներկայիս ընդերքում, ուր իրական ազատության փոխարեն աշխատանք-դրամ-հաճույք նշանաբանի ներքո ծաղկում է (մետաստազների հասնող ճոխությամբ) ազատության սոսկ արտաքին, նյութական կողմը սպառողական բնույթի հաճույքների անծայրածիր ջունգլիներում։ էգոիզմի զսպանակների վրա հիմնված այս մեխանիզմին ահռելի արագությամբ կուլ են գնում միլիոնավոր հոգիներ՝ չգիտակցելով անգամ արհավիրքի լրջությունը։ Մարդկությունը գտնվում է լուրջ փորձության մեջ։ Արևելքն ու Արևմուտքը, Հարավն ու Հյուսիսը յուրովի են վերապրում այդ փորձությունը՝ ստրկությամբ և ազատությամբ (կամայականությամբ). փորձություն, որի նշանաբանի տակ անցավ XX դարի պատմությունը և որի լուծումից է կախված XXI դարի ապագան։
Այս իմաստով «Ազատության փիլիսոփայության», առհասարակ դրա հեղինակի և իր գործունեության ճակատագիրը չափազանց խորհրդանշական է։ Այդ ճակատագիրը ցուցանիշն է լինելու մարդկության հետագա ճակատագրի, որքանով որ խոսքը վերաբերում է ազատության իրականությանն ու իրականության ազատությանը։ Հակիրճ անդրադառնանք այդ բացառիկ կենսագրությանը։
Ռուդոլֆ Շտայները ծնվել է 1861 թվականի փետրվարի 27-ին երբեմնի Ավստրո-Հունգարիայի Կրալյևեչ կոչվող վայրում (այժմ Հորվաթիա), որն ընկած է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի սահմանին։ Նրա ծնողները ծագումով Ավստրիայի գերմանացիներից էին։ Հոր մասնագիտության բերումով (երկաթուղային ծառայող) նրանք հաճախ էին փոխում իրենց բնակավայրը և այդ շրջանում ապրում էին Ավստրիայի սլավոնական տարածքում։ 1863-ին Շտայներները տեղափոխվում են Փոթշախի երկաթգծային փոքրիկ կայարանը, որի մերձալպյան գեղատեսիլ բնության և այդ բնության մեջ նոր-նոր ներխուժող տեխնիկայի հարևանությամբ էլ անցնում են Ռուդոլֆ Շտայների մանկության առաջին տարիները։ 1868-ին հետևում է նոր տեղափոխություն դեպի Նոյդյորֆլ։ «Իմ կյանքի ուղին» խորագիրը կրող իր ինքնակենսագրականում այդ տարիների մասին նա գրում է.
«Մի օր ... դասարանում հայտնաբերեցի երկրաչափության մի գիրք... Շաբաթներ շարունակ տարվեցի եռանկյունների, քառանկյունների, բազմանկյունների հավասարությամբ, նմանությամբ, ես գլուխ էի ջարդում այն հարցի շուրջ, թե որտեղ են իրականում հատվում զուգահեռները. Պյութագորասի թեորեմը կախարդել էր ինձ։
Այն, որ հոգեպես կարելի էր ապրել զուտ ներքուստ հայեցված ձևերի մեջ, առանց արտաքին զգայարանների տպավորությունների, ինձ մեծագույն բավականություն էր պատճառում... Զուտ ոգով ինչ-որ բան ըմբռնել կարողանալն ինձ ներքին երջանկություն էր բերում։ Ես գիտեմ, որ երկրաչափությունից եմ առաջին անգամ երջանկություն ճաշակել...
...Ես երկու պատկերացում ունեի, որոնք չնայած անորոշ էին, բայց մինչև իմ ութ տարեկան հասակը հոգուս կյանքում արդեն մեծ դեր էին խաղում։ Արդեն տարբերում էի իրեր և էակներ, “որոնց տեսնում են”, և այնպիսիներ, “որոնց չեն տեսնում”։»(Gesamtausgabe (GA), Bd. 28.)
Շատ վաղ հասակում երեխայի մեջ ինքնաբերաբար արթնացած պայծառատեսական ընդունակությունները, «անտեսանելի աշխարհի» ընկալողությունը բերում են վերապրումների, որոնց մասին արտահայտվելու փորձերն անպատասխան են մնում և վաղ հասակից ստիպում նրան ապրել լուռ ու ինքնամփոփ՝ իր մեջ կրելով հոգևոր ապրումների վիթխարի մի աշխարհ։
1872-ին նա սկսում է հաճախել Վիներ-Նոյշտադթի ռեալական դպրոցը, որտեղ առնչվում է բնագիտական և տեխնիկական առարկաների հետ։ Զուգահեռաբար ծանոթանում է գերմանական դասական գրականությանը՝ Գյոթե, Շիլլեր, Լեսսինգ։ Տասնվեց տարեկան հասակում սկսում է ուսումնասիրել Կանտի «Զուտ բանականության քննադատությունը»։
«Որոշ էջեր վերընթերցում էի քսան անգամից ավել։ Ես ուզում էի գաղափար կազմել բնության ստեղծարար գործի նկատմամբ մարդկային մտածողության վերաբերմունքի մասին»։(Ibid.)
1879-ին ավարտելով ռեալական դպրոցը՝ Ռուդոլֆ Շտայներն ընդունվում է Վիեննայի տեխնիկական բարձրագույն դպրոց և տրվում մաթեմատիկայի, ֆիզիկայի, անալիտիկ մեխանիկայի, կենդանաբանության, հանքաբանության, քիմիայի, բուսաբանության, երկրաբանության, գրականության պատմության և պետական իրավունքի երկարատև ուսումնասիրությանը։ Հաճախում է գերմանական գրականության մասին Գյոթեի մեծ գիտակ Կարլ Յուլիուս Շրյոերի դասախոսություններին։ Զուգահեռաբար համալսարանում լսում է Ռոբերտ Ցիմմերմանի և Ֆրանց Բրենտանոյի փիլիսոփայական դասախոսությունները։ Սկսում է կարդալ Ֆիխթե, ծանոթանալ Վիեննայի մշակութային հարուստ կյանքին։ Շփվում է բազմաթիվ նշանավոր անհատականությունների հետ։
1882-ին Կարլ Յուլիուս Շրյոերի միջամտությամբ 21-ամյա Ռուդոլֆ Շտայներին առաջարկություն է արվում Յոզեֆ Քյուրշների հրատարակած «Գերմանական ազգային գրականության» մոնումենտալ շարքում խմբագրելու և լույս ընծայելու Գյոթեի բնագիտական աշխատությունները։ Սկսվում է Գյոթեի բնագիտության ինտենսիվ ուսումնասիրությունը, որն իր խմբագրված և ծավալուն մեկնություններով հարստացած տեսքն է ստանում այդ շարքի հինգ հատորներում։ Սա ֆունդամենտալ աշխատանք էր, որը հետագայում զարգանալու էր Գյոթեի իմացաբանությանը նվիրված առանձին գրքերով («Գյոթեի աշխարհայացքի իմացաբանական հիմնագծերը», 1886. «Գյոթեի աշխարհայացքը», 1897)։ Դրա շնորհիվ Գյոթեն դառնում է Ռուդոլֆ Շտայների կյանքի կարևորագույն տարրը։ Նա առաջինն է, ըստ էության, նկատում Գյոթեի ճանաչողության հոգևոր ակունքներն ու աշխարհայացքային մեթոդը։ Հանձին Գյոթեի Շտայները գտնում է արդեն առկա այն հիմքը, որի վրա արդեն կարելի էր կառուցել սեփական աշխարհայացքի՝ ոգեգիտության շենքը։ Գյոթեի բնագիտական աշխատությունների ահռելի փորձը հղի էր ճանաչողական հետագա զարգացման հզոր պոտենցիալով։ Իր հետազոտություններում անօրգանական աշխարհից օրգանականին անցնելով, բուսական և կենդանական աշխարհների ճանաչողության համար զարգացնելով մետամորֆոզի և մորֆոլոգիայի ֆենոմենոլոգիական սկզբունքները՝ Գյոթեն առաջինը ուղի հարթեց մտածողության ուժերը արևմտյան ռացիոնալ ինտելեկտուալիզմի հետզհետե նեղացող փակուղուց դուրս բերելու համար։ XIX դարի Եվրոպայի հոգևոր կյանքը, հատկապես դարի երկրորդ կեսին, սկսում էր ուրվագծել զարգացման երկու հիմնական տենդենց. մի կողմից՝ ինտենսիվորեն զարգանում էին մատերիալիստական-տեխնիկական գիտությունները, որոնք զարկ տվեցին ինդուստրիալ-տեխնոկրատ քաղաքակրթության ձևավորմանը իր ողջ պոզիտիվիստական-պրագմատիկ մտայնությամբ, մյուս կողմից՝ արվեստներն ու փիլիսոփայությունը, որոնք հատկապես Կենտրոնական Եվրոպայում դրսևորում էին հստակ իդեալիստական ուղղվածություն՝ գտնվելով իռացիոնալիստական տենդենցների և իրականությունից կտրվելու սպառնալիքի ներքո։
Աշխարհը սկսում էր դառնալ դուալիզմի, իսկ հետագայում պլյուրալիզմի վիթխարի մի թատերաբեմ և իր բարոյական կորիզը կորցնելով՝ կարող էր «ատոմականացվել» և ենթարկվել «ռադիոակտիվ տրոհման», ինչի մեջ ի դեպ մենք մասամբ արդեն ապրում ենք։
Ռացիոնալիզմի և իռացիոնալիզմի ծավալվող հակամարտությունը XX դարի սկզբին մշակութային աննախադեպ վերելքի և հոգևոր խմորումների ալիքի վրա տրոհվում է զանազան ուղղությունների և իզմերի մի այնպիսի քանակի, որի մեջ ճշմարտության որոնումները աստիճանաբար սկսում են նմանվել տոնավաճառներում թափառող ակրոբատների ատրակցիոնների։ Դարասկզբի եվրոպական մշակույթը ստեղծագործական փնտրտուքների խայտաբղետ համայնապատկեր է, ուր մարգարիտներ պեղելու դժվարին գործընթացը դեռ շարունակվում է։ Իսկ ինչո՞ւ պեղելու։ Որովհետև ճշմարտության հետ խաղալն այդքան էլ անվնաս չէ։ Դարավերջից դարասկիզբը երևում է պատերազմներից և հեղափոխություններից մնացած փլատակների (ոչ միայն ֆիզիկական) մի-ջով։ Երկու ահռելի համաշխարհային պատերազմ, մի անծայրածիր «սոցիալիստական» հեղափոխություն, ցեղասպանություններ և այլն։ Այս ամենը չի կարող մշակույթից անկախ դիտվել։ Սա մարդու ներաշխարհի արտացոլումն է։ Այստեղ մենք կանգնած ենք մարդու ֆենոմենի առջև։ Սա է առեղծվածների առեղծվածը, որի լուծումը անմիջականորեն կախված է աշխարհի և տիեզերքի խորհրդի լուծումից։ Գյոթեն այստեղ հսկա քայլ էր արել։ Ի տարբերություն իր ժամանակի բնագիտության, որում ակնհայտ էին անօրգանական աշխարհի ճանաչողության մեթոդները և առհասարակ ''մեխանիստական'' մտածողությունը օրգանական աշխարհի ճանաչողության մեջ կիրառելու փորձերը (որը և հետագայում դրոշմեց գիտությունների զարգացման հիմնական տրամաբանությունը), նա օրգանական աշխարհի ճանաչողության համար զարգացնում է մի մտածողություն, որը վեր է ռացիոնալիզմ-իռացիոնալիզմ դուալիզմից, ձգտում է դրանց սինթեզին և ստեղծում է մի որակ, որը «հայեցող մտածողություն» է և «մտածող հայեցողություն»։ Եվ սա տեղի է ունենում ոչ թե «սպեկուլյատիվ» մտածողության միջոցով, այլ կոնկրետ բնագիտական փորձով։ Բայց ի տարբերություն պրագմատիկ գիտության, որում փորձը մնում է արտաքին աշխարհի փաստ՝ մտածողության մեջ թողնելով սոսկ ռացիոնալ-հասկացողական իր պատճենը, ուր և կատարվում են պատճառա-հետևանքային «սպեկուլյացիաներն» ու այսպես կոչված «բնության օրենքների» դուրս բերումը, Գյոթեի օրգանական գիտության մեջ արտաքին, ֆիզիկական փորձը դիտարկման պրոցեսի ընթացքում «սինթետիկ մտածողության» շնորհիվ վերածվում է ներքին, հոգևոր փորձի։ Հենց այդտեղ է «բացվում» երևույթի էությունը, իմաստը, օրենքը։ Փիլիսոփայական տերմինաբանությամբ սա անվանում են ֆենոմենոլոգիա։ Այս ճանապարհով ստեղծելով իր հանրահայտ «Գույների ուսմունքը», «Բույսերի մետամորֆոզն» ու «Կենդանիների մորֆո-լոգիան» Գյոթեն եկել-հասել էր մարդու առեղծվածին, որը, սակայն, մնաց նրա ողջ գրական կյանքի հիմնական թեման գրականության և արվեստի շրջանակներում՝ իր բարձունքներին հասնելով հանճարեղ «Ֆաուստի» մեջ։ «Ֆաուստում» նա ստեղծեց ճանաչողության ձգտող մարդու գեղարվեստական դրաման։ Նրան վիճակված չէր ստեղծել գիտություն մարդու մասին։ Դա պետք է աներ մեկը, որին կհաջողվեր սինթեզել մարդկային ողջ իմացաբանական, աշխարհայեցողական մտքի վիթխարի փորձը՝ վերածելով այն ճանաչողական այնպիսի կարողությունների, որոնք կլուծեին տիեզերական այդ սինթեզի՝ մարդու առեղծվածը։ Եվ դա հաջողվեց անել Ռուդոլֆ Շտայներին։ Այդ սինթեզը կոչվեց ոգեգիտություն, կամ անտրոպոսոֆիա (մարդիմաստություն), որի առաջին իմացաբանական հիմքերը դրվեցին նրա առաջին մեծ, ինքնուրույն աշխատության՝ «Ազատության փիլիսոփայության» մեջ։
Ազատության մասին կարելի է գեղեցիկ խոսքեր ասել, հրաշալի դատողություններ զարգացնել, բայց մարդու էությանն առնչվող կենտրոնական այդ հասկացության մասին ըստ էության ինչ-որ բան կարող է ասել միայն նա, ով տքնաջան տառապել է այդ որակի կայացման համար, ով կյանքի ամենօրյա պայքարում արարել է այն, կերտել դրա էությունը առօրյա մանրուքներում։ Ռուդոլֆ Շտայների կյանքը կայացման այդ պայքարի փայլուն օրինակներից է։ Այն կառուցվում է բնածին օժտվածության անընդհատ բազմապատկման սկզբունքի հիման վրա։ Ինքնաճանաչողության և ինքնադաստիարակության, ինքնահաղթահարման և ինքնարարման, ինքնածննդաբերման և առհասարակ ծննդի նշանաբանով։
Գյոթեի բնագիտական երկերի հրատարակմանը զուգահեռ, Շտայները մասնավոր դասեր է տալիս իր ապրուստը հոգալու համար։ Նա հարկադրված է եղել զբաղվել մանկավարժական գործունեությամբ դեռևս տասնչորս տարեկանից, գրեթե տասնհինգ տարի շարունակ։ Դա եղել է մանկավարժական մեծ դպրոց և անհատական-մարդկային մեծ փորձ, որը հետագայում իր պտուղներն է տվել Վալդորֆյան մանկավարժության մեդոթաբանական կառուցվածքում։
1886-ին նրան առաջարկում են աշխատակցել այս անգամ արդեն Գյոթեի երկերի «Վայմարյան հրատարակությանը» (Sophien-Ausgabe)։ Բայց միայն 1889-ին է Շտայներին հաջողվում գալ Վայմար և Գյոթեի արխիվում ծանոթանալ աշխատանքային ծրագրին։ 1890-ի սեպտեմբերի 30-ին Ռուդոլֆ Շտայները սկսում է աշխատել Վայմարի Գյոթեի և Շիլլերի հռչակավոր արխիվում։ Աշխատանքը ձգվում է մինչև 1897 թվականը։ Նրա համար դա եղել է ծանր ու հակասական մի ժամանակաշրջան։ Մի կողմից՝ Գյոթեի և Շիլլերի ահռելի ժառանգության ուսումնասիրության միջոցով վիթխարի հեռանկարներ էին բացվում դեպի ազատության անդաստանները, մյուս կողմից՝ արխիվային տառակեր աշխատանքն ու արխիվում տիրող պեդանտ մթնոլորտը ճնշող էր ու հեղձուցիչ։ Այդ մասին նա վկայում է. «Արդեն միայն արխիվային հոգետանջ աշխատանքը իմ մեջ ծնում էր ոգեկան այնպիսի հակակրանք, որն ինձնից խլում էր գրելու գրեթե ամեն մի ցանկություն։»(GA, Bd. 39, S. 90.)
«Այստեղ, Վայմարում, դասական մումիաների այս քաղաքում, ես օտար եմ կյանքին։ Չկա մեկը, որի հետ կարողանամ խոսել, որն ինձ հասկանար փոքր-ինչ։»(Ibid., Տ. 98.)
Այդ ժամանակաշրջանը հարուստ է եղել նաև հետաքրքիր մարդկային հանդիպումներով։ Արդեն Վիեննայում սկսված նրա ծանոթությանների շրջանը՝ գրողներ, բանաստեղծներ, արվեստագետներ, երաժիշտներ, դերասաններ, գիտնականներ, քաղաքագետներ և այլն, այստեղ համալրվում է նոր որակներով։ «Հայտնագործվում» են Էռնստ Հեկկելն ու Ֆրիդրիխ Նիցշեն։ Վերջինիս ոգեշունչ ուսումնասիրությունը սկսվել էր արդեն Վիեննայում։ Վայմարում նա ծանոթանում է նաև Մաքս Շտիռների ստեղծագործությանը։ Շտիռների և Նիցշեի ֆենոմենը Գյոթեից և Շիլլերից հետո լրիվ հասունացրեց ազատության գաղափարի ծնունդը։ Գաղափար, որ արևմտաեվրոպական հոգևոր կյանքի լեյտմոտիվն էր Վերածննդից ի վեր։ Սաղմնավորվելով վերածննդյան հումանիզմի ընդերքում ինդիվիդուալիզմի և ունիվերսալիզմի հետ, կամքի ազատության շրջանակներում քննարկման թեմա դառնալով Էրազմ Ռոտերդամցու և Սարտին Լութերի երկխոսության մեջ, մուտք գործելով փիլիսոփայություն՝ այդ գաղափարն անցնում է կազմավորման մի մեծ ճանապարհ բարոյախոսական ամենատարբեր մոտեցումների պարագայում, հասնում մինչև գերմանական դասական փիլիսոփայություն, Շելլինգ, որի 1809– ին լույս տեսած «Փիլիսոփայական հետազոտություններ մարդկային ազատության էության և դրա հետ կապված առարկաների վերաբերյալ» աշխատությունը լինում է այդ թեմային նվիրված վերջին գործը (ներշնչված Յակոբ Բյոմեի մտքերից) և ի վերջո հանգում է էկզիստենցիալ ակտուալության Մաքս Շտիռների, Ֆրիդրիխ Նիցշեի և Էդուարդ ֆոն Հարթմանի երկերում։ Վերջինիս փիլիսոփայության ճանաչողական սկզբունքներին առնչվող պոլեմիկայի հիման վրա էլ կառուցվում է «Ազա-տության փիլիսոփայության» տեքստը։
Չմոռանանք, որ ազատության իմացաբանական, ճանաչողա-տեսական ըմբռնմանը զուգահեռ, ազատության սուբստանցի և իրականության, ազատության փորձի առումով ահռելի աշխատանք է տարվել արվեստի և գրականության ոլորտում, որովհետև ազատությունն ի վերջո ծնվում է միայն ստեղծագործության մեջ, իրականանում է միայն ստեղծագործական ակտում։ Եվ վերջապես ենթարկվում է սոցիալական և քաղաքական դաժան փորձությունների՝ կյանքի իրավունք ստանալու համար։
Եվ այսպես, վայմարյան տարիների լարված աշխատանքի և ներքին հակամարտության պայմաններում Ռուդոլֆ Շտայների մեջ հասունանում է ազատության հոգևոր վերապրումն ու իմացաբանական ձևակերպման կարողությունը, որի գաղափարը նա արդեն կրում էր 1881-ից, քսան տարեկանից ի վեր։ Այդ գաղափարի նախապատրաստական փուլը նա արդեն անցնում է 1891-ին Ռոստոկում, պաշտպանելով դոկտորական թեզը՝ «Ճանաչողության տեսության հիմնահարցը, հատուկ ուշադրություն դարձնելով Ֆիխթեի “Գիտության ուսմունքին”»։ Այն լույս է տեսնում 1892-ին «Ճշմարտություն և գիտություն. “Ազատության փիլիսոփայության” ներածություն» խորագրով։ Այդ աշխատությամբ արդեն դրվում են նախադրյալներից զերծ ճանաչողության իմացաբանական հիմքերը։
Այսպիսով, 1691-ից 1693 թվականների վայմարյան փորձությունների շրջանում Շաայները ստեղծում է «Ազատության փիլիսոփայությունը», որը լույս է տեսնում 1893-ի նոյեմբերին «Ժամանակակից մի աշխարհայեցողության հիմունքներ. Հոգեկան դիտարկման արդյունքներ ըստ բնագիտական մեթոդի» ենթավերնագրով։
Գրքի բուն թեման մարդն է։ Առաջին մասում, որը կրում է «Ազատության գիտությունը» վերնագիրը, վերլուծվում է մարդու ճանաչողական մեխանիզմը։ Ավելի ճիշտ կլիներ ասել՝ զարգացվում է մարդու ճանաչողական ''օրգանիզմի'' ֆենոմենոլոգիան։ Որովհետև, ինչպես հետևում է գրքի ողջ բովանդակությունից, ճանաչողությունը ոչ թե մեխանիզմ է, այլ ոգեղեն օրգանիզմ, որի ''ճշգրիտ'' գործունեության, ավելի ստույգ՝ ''ստեղծա-գործունեության'' շնորհիվ ճանաչողական ակտի իրագործման հետևանքով մի կողմից՝ ծնվում է կատարյալ իրականությունը, մյուս կողմից՝ կատարյալ մարդը. իրական, ազատ մարդը, ոչ թե սոսկ գոյության ունեցող, այլ իրապես ապրող մարդը, ի դեմս որի դրվում են ''բարոյական երևակայությունից'' ծնվող բոլորովին նոր բարոյականության հիմքերը, որի վրա էլ կառուցվում է ազատության իրականությունը։
Գրքի երկրորդ մասը նվիրված է հենց այդ իրականությանը։ Նախ՝ իրականությունը երբեք պատրաստի, իրական վիճակում չի ներկայացված մարդուն։ Մեզ տրված է միայն իրականության մի մասը, պատկերավոր ասած՝ խակ, տհաս իրականությունը, որը ''հասունանում'' և կատարյալ իրական է դաոնում միայն ճանաչողական ստեղծագործման մեջ։ Պատահական չէ, որ հին աշխարհում (օրինակ, Հնդկաստանում), սոսկ տեսանելի «իրականությունը» «մայա»՝ պատրանք էր համարվում։ Իսկ «ռեալ» իրականությունը ճանաչվում էր միայն «Բրահմանի» մեջ տրանսցենդենտ վիճակում։ Երկարատև էվոլյուցիայից հետո, իր ետևում ունենալով հունական դասական փիլիսոփայության՝ Սոկրատի, Պլատոնի և հատկապես Արիստոտելի ահռելի փորձը և քրիստոնեությունն իբրև նոր հոգևոր աշխարհայացք (հայրաբանություն), անցնելով միջնադարյան սխոլաստիկայի (Թովմա Աքվինացի), Վերածննդի հումանիզմի, նոր և նորագույն ժամանակների մտքի ահռելի փորձությունների միջով՝ Արևմուտքում վերջապես ձևավորվում է իրականությանը հասնելու բոլորովին նոր մոտեցում, որն իր աոաջին հստակ ձևակերպումն է գտնում «Ազատության փիլիսոփայության» առաջին մասում։ «Իրականությունը» դադարում է «մայա» լինելուց մարդու ճանաչողական օրգանիզմի մեջ մտնելուն պես։ Ճանաչողական կյանքի ինտենսիվացմանը զուգընթաց, ինտենսիվանում է նաև մարդու և «իրականության» ռեալությանը։ Այն իմաստ է ստանում։ Դառնում է ճշմարիտ։
Ճանաչողության մյուս փուլում, երբ ընկալոդության առարկան դաոնամ է մտածողությունն ինքը, որպես օբյեկտիվ պրոցես, մտածողությանը հասնում է ինտենսիվ այնպիսի վիճակի, երբ հնարավոր է դառնում հենց բուն մտածողության ճանաչողությունը։ Դժվարությամբ տրվող այդ վիճակներում մտածողությունը մտածում է ինքն իրեն։ Սուբյեկտ-օբյեկտ դուալիզմն այստեղ վերանում է։ Աշխարհի ճանաչողությունը վերածվելով ինքնաճանաչողության՝ իր հերթին նոր հորիզոններ և խորություններ է բացում աշխարհաճանաչողության մեջ։
«Մարդուց դուրս ընկած ողջ աշխարհն առեղծված է, իսկական համաշխարհային առեղծված, որի լուծումն ինքը մարդն է»։(GA, Bd. 28, S. 319)
«Մտքային բովանդակությամբ լցված կյանքն իրականության մեջ միաժամանակ կյանք է Աստծո մեջ»։(GA, Bd. 4, S. 250.)
Մտածողության ոգեղեն էութենականությունը գիտակցության մեջ բացվում է ''ինտուիցիայի'' միջոցով։ Նոր ձևակերպվող մի հասկացություն, որը չպետք է շփոթել (առօրյայում գործածվող) նույնանուն բառի հետ, որը հիմնականում օգտագործվում է որևէ բան ըմբռնելու ոչ թե գերմտածողական (բուն ''ինտուիցիայի''), օբյեկտիվ, այլ ենթամտածողական, ավելի շատ զգայական, սուբյեկտիվ իմաստով։
«''Ինտուիցիան'' զուտ ոգեղեն բովանդակության գիտակցված ապրումն է զուտ ոգեղենում»։(Ibid., S. 110.)
Մտածողությունն անաչառ դիտարկողը մարդու «Ես»–ը գտնում է հենց մտածողության ներսում։ Այդ «''Ես-ի գիտակցությունը''» հիմնվում է մարդու կազմակերպվածքի վրա, որից էլ, որոշակի դրդապատճառներից ելնելով, բխում են կամային գործողությունները։
«Եթե գործում ենք ինտուիցիաների ազդեցության տակ, ապա մեր գործողության ''մղիչ ուժը զուտ մտածողությունն է''»։(Ibid., S. 115.)
Այդ մտածողության մեջ «Ես»–ի զարգացրած բարոյական երևակայությունից ծնվող ինտուիցիաները դրդապատճառ դարձնող մարդու գործողությունները վերապրվում են իբրև ''ազատ'' գործողություններ։ Մինչ այդ զուտ մտածողության մեջ ձեռք բերված ''իդեալական'' ազատությունը դրանցում մարմնավորվում է իբրև ''իրական'' ազատություն։ ''Ազատությունը դառնում է իրականություն։''
Այս պարագայում բոլորովին այլ իմաստ է ստանում բարոյականությունը։ Բարոյական օրենքը, Կանտի «բարոյական իմպերատիվն» այժմ գործում է ոչ թե դրսից, իբրև պարտավորեցնող հրամայական, այլ ներսից, իբրև «բարոյական երևակայությունից» ծնված կամ ստեղծագործված ազատ բարոյականության օրենք։ Անհատն ինքն է որոշում իր գործելակերպը՝ ելնելով կոնկրետ իրավիճակի ինտուիտիվ իր ճանաչողությունից։ Նրա գործելակերպն այլևս չի որոշվում ո՛չ բնազդով, ո՛չ խղճով, ոչ քաղաքավարության կանոններով, ո՛չ դաստիարակությամբ, ո՛չ դավանանքով. սրանք միայն հող են նախապատրաստում ամեն կոնկրետ պահի նրա «Ես»–ից ծնվող բարոյական ինտուիցիաների համար։ Նման գործելակերպը հեշտորեն կարելի է շփոթել անարխիայի, կամայականության հետ։ Դա այդպես չէ այն պարզ պատճառով, որ մարդու ոգեղեն «Ես»–ից ծնվող ինտուիցիաները գալիս են իդեաների աշխարհից ե ոչ թե նրա կամայական ցանկությունից։ Իսկ իդեաների աշխարհը ամբողջական, միասնական և ունիվերսալ է բոլորի համար։ Բարոյական իդեաներն ունիվերսալ են բոլոր մարդկանց համար։ Եվ չափանիշն այստեղ միակն է՝ ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունը ձևակերպում չունի։ Այն ողջ մարդկային էվոլյուցիայի իմաստն ու էությունն է։ Էվոլյուցիան ճշմարտության որոնումների դրաման է։ Իսկ այդ որոնումների թատերաբեմը մարդն է։
Այս տեսանկյունից բոլորովին այլ իմաստ են ստանում արվեստին առնչվող խնդիրները։ Առհասարակ ստեղծագործության պրոբլեմը։ Ստեղծագործությունը, որ ի սկզբանե մարդուն շնորհված աստվածային (դեմիուրգիական) գերագույն կարողություն է, մեծ մետամորֆոզ է ապրում հատկապես մեր դարաշրջանում, երբ ազատության ակտուալությունն առօրեական բնույթ է կրում արդեն։ Անտիկ գեղագիտության միմեսիսի ժամանակներն անցել են վաղուց։ Անցել են նաև իդեալիստական գեղագիտության սկզբունքները։ Այս կապակցությամբ չափազանց ուշագրավ է դեռևս 1888-ին Վիեննայում Ռուդոլֆ Շտայների կարդացած դասախոսությունը՝ «Գյոթեն իբրև նոր գեղագիտության հայր», որում բացվում են Գյոթեի գեղագիտական բոլորովին նոր սկզբունքների սաղմերը։
«Գեղեցիկը ոչ թե աստվածայինն է զգայական-իրական զգեստով, այլ զգայական-իրականն է աստվածային զգեստով։ Արվեստագետը Երկիր է բերում աստվածայինը՝ ոչ թե այն ներհոսեցնելով աշխարհ, այւ աշխարհը բարձրացնելով աստվածայինի ոլորտ։»( GA., Bd. 271, S. 25.)
«Այս իմաստով, արվեստագետը ներկայանում է մեզ իբրև համաշխարհային ոգու շարունակող։ Նա արարչագործությունը շարունակում է այնտեղից, որտեղ ոգին այն հանձնում է իրեն։ Նա հայտնվում է մեզ համաշխարհային ոգու հետ ներքին եղբայրացման մեջ, իսկ արվեստը ներկայանում է իբրև բնության պրոցեսի ''ազատ'' շարունակություն»( GA., Bd. 271, S. 26.) (ընդգծումը մերն է - Ա.Գ.)։
Այս տողերում ամփոփված է ազատության բոլորովին նոր ըմբռնումը ստեղծագործության մեջ։ Ստեղծագործողը ոչ թե ընդօրինակում է բնությունը (միմեսիս), ոչ թե մարմնավորում է գաղափարներ, այլ արվեստի ուժով նյութականն է դարձնում իդեալական, հոգևոր։ Նա շարունակում է արարչագործությունը այժմ արդեն ոչ թե վերևից ներքև, այլ ներքևից վերև՝ նյութականը դարձնելով հոգևոր։ Սա ևս նոր իրականության, նոր տիեզերքի արարման նախապայման է։
Վերոհիշյալ դատողություններից հստակ երևում է, որ ազատության լիակատար մարմնավորման համար անհրաժեշտ է մարդու հոգևոր կյանքի գլխավոր երեք ոլորտների՝ իմացաբանության (գնոսեոլոգիա), գեղագիտության (էսթետիկա) և բարոյագիտության (էթիկա) օրգանական սինթեզ։ Որակական նոր մակարդակի վրա գիտության, արվեստի և կրոնի ապագա մերձեցման հիմքերն արդեն դրված են։ «Ազատության փիլիսոփայության» վրա կառուցված ոգեգիտությունը այդ սինթեզի սկիզբն է։ Ազատ և ունիվերսալ մարդու իդեալը, որ Վերածննդից ի վեր ողջ առաջադեմ մարդկության ձգտումների հիմնական շարժիչ ուժն էր, XX դարի սկզբին աննախադեպ ձևով մարմնավորվեց ոչ միայն խոսքի, այլ նաև գործի մեջ ի դեմս Ռուդոլֆ Շտայների անհատականության և կենսագործունեության։
«Ազատության փիլիսոփայության» հրատարակումից հետո 1894-ին Վայմարում նա ծանոթանում է Ֆրիդրիխ Նիցշեի քրոջ՝ էլիզաբեթ Ֆյորսթեր-Նիցշեի հետ, որի շնորհիվ հնարավորություն է ստանում ծանոթանալու Նիցշեի արխիվին և հանդիպելու արդեն ցնորված փիլիսոփայի հետ։ 1895-ին լույս է տեսնում «Ֆրիդրիխ Նիցշե. իր ժամանակի դեմ պայքարողը» գիրքը, որտեղ Ռուդոլֆ Շտայները Նիցշեի ողբերգական կյանքի օրինակի վրա ցույց է տալիս ազատության և ինդիվիդուալիզմի նոր ըմբռնման սաղմերը։ Այն, ինչ Նիցշեն կանխազգում էր ի դեմս նոր, բացարձակ ազատ մարդու, այսպես կոչված «գերմարդու» գաղափարի («գերմարդ», որին, սակայն, նա ի վերջո զրկեց իրական բարոյականությունից՝ դնելով բարուց ու չարից վեր, և ի հետևանք դրա զոհ դարձավ կյանքի և բանականության անհավասարակշռության, ցնորամտության), Շտայներն իրագործեց կյանքում ազատ բարոյականության, բարոյական երևակայության հաստատումով։
1897-ին նա տեղափոխվում է Բեռլին և Օտտո Էրիխ Հարթլեբենի հետ ստանձնում «Գրականության ամսագրի» («Magazin für Literatur») խմբագրության գործը։ Այդ տարիներին ինտենսիվ շփվում է արվեստի և գրականության գործիչների, գրական միավորումների հետ։ 1899-ին դասավանդում է Բեռլինի «Աշխատավորների կրթության դպրոցում»։ 1900-ին լույս են տեսնում «Աշխարհայեցողությունները և կենսահայեցողությունները XIX դարում» գրքի I և II հատորները, որը հետագայում, 1914-ին, ընդլայնվում և վերահրատարակվում է «Փիլիսոփայության առեղծվածները» խորագրով։ Բեռլինի Թեոսոֆական գրադարանում Շտայները սկսում է դասախոսությունների մի շարք, որոնք 1901-ին հրատարակվում են «Միստիկան նոր ժամանակների հոգևոր կյանքի նախօրեին» անվան տակ։ Դասախոսական գործունեությունը շարունակվում է, որից 1902-ին ծնվում է «Քրիստոնեությունն իբրև միստիկական փաստ և հին աշխարհի միստերիաները» գիրքը։ Նույն թվականին Ռուդոլֆ Շտայները դառնում է Թեոսոֆական ընկերության գերմանական մասնաճյուղի նախագահ։ 1904-ին լույս են տեսնում «Թեոսոֆիա», այնուհետև «Ինչպես հասնել բարձրագույն աշխարհների ճանաչողությանը», «Աքաշա-խրոնիկայից» և «Բարձրագույն ճանաչողության աստիճանները» գրքերը։ Շարունակվում է նրա դասախոսական գործունեության շեշտակի ընդլայնումը Գերմանիայի և Եվրոպայի տարբեր քաղաքներում։ 1910-ին լույս է տեսնում «Գաղտնագիտությունը»։ 1913-ին Ռուդոլֆ Շտայներն իր աշակերտների հետ դուրս է գալիս Թեոսոֆական ընկերությունից և հիմնում Անտրոպոսոֆական ընկերությունը։ Նույն թվականի սեպտեմբերի 20-ին դրվում են անտրոպոսոֆական հոգևոր կենտրոնի՝ «Գյոթեանումի» հիմքերը Դոռնախում (Շվեյցարիա)։ 1914-ին սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը։
Պատերազմի տարիներին Ռուդոլֆ Շտայների գործունեությունը կենտրոնանում է Դոռնախում։ Իրար դեմ պատերազմական հակամարտության մեջ գտնվող ազգերի ներկայացուցչիները նրա ղեկավարության ներքո, չեզոք Շվեյցարիայի գեղատեսիլ վայրերից մեկում, իրենց ուժերով կառուցում են մի շինություն, նախագծված Ռուդոլֆ Շտայների կողմից, որը պիտի խորհրդանշեր և մարմնավորեր կատարյալ մարդու գաղափարը. Գաղափար՝ ծնված Գյոթեի ճանաչողական սկզբունքներից (գյոթեանիզմից) և վերջնականապես ձևակերպված ի դեմս Ռուդոլֆ Շտայների «անտրոպոսոֆիայի»։ Պիտի մարմնավորեր մի ժամանակաշրջանում, երբ մարդկությունը վերապրում էր դեռահասի իր անցումային փուլը՝ կանգնելով ազատության փաստի առջև։
Մշակույթն սկսել էր դեկադենտական իր ծամածռությունները։ Մատերիալիզմն իր հաղթարշավի մեջ էր։ Կրոնն ի դեմս եկեղեցու շատերին այլևս չէր բավարարում։ Բարոյական նորմերը կորցնում էին իրենց անվիճահարույց բնույթը։ Հոռետեսությունը պաշարել էր հոգիները։ Այդ տարիներին է գրվում Օսվալդ Շպենգլերի մեծ աղմուկ հանած «Արևմուտքի մայրամուտը» աշխատությունը, որում մշակութաբանորեն ներկայացվում է արևմտյան քաղաքակրթության մոտակա կործանման անխուսափելիությունը։ Նման շիկացած մթնոլորտում, երբ քաղաքակիրթ ազգերը պատերազմական թեժ գործողությունների մեջ էին ներքաշում իրենց քաղաքակրթությունն ու դեմոկրատիան, Եվրոպայի կենտրոնում մի խումբ մարդիկ փորձում էին փրկել հոգևոր մշակույթն ու ազատության բողբոջները՝ կործանմանը հակադրելով «շինարարի» ստեղծագործ ակտիվությունը։
Պատերազմից հետո եվրոպական երկրները և հատկապես Գերմանիան, հայտնվում են տնտեսական և հոգևոր ծանր կացության մեջ։ Այդ
տարիներին մեծ վերելք է ապրում Ռուդոլֆ Շտայների սոցիալական գործունեությանը։ 1919-ին լույս է տեսնում նրա «Սոցիալական հարցի
գլխավոր կետերը» աշխատությունը։ Նույն թվականի սեպտեմբերին Շտուտգարտում հիմնադրվում է առաջին ագատ Վալդորֆյան դպրոցը։
1920-ին նա բազմաթիվ դասախոսություններ է կարդում բնագիտության, բժշկության, մանկավարժության, տնտեսագիտության վերաբերյալ։ Նորից վերականգնվում է դասախոսական գործունեությունը եվրոպական մյուս երկրներում՝ Հոլանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Անգլիայում, Ավստրիայում և այլն։ (Իր կյանքի ընթացքում Շտայները կարդացել է շուրջ վեց հազար դասախոսություն։)
1922-ի դեկտեմբերի 31-ին հրդեհվում է «Գյոթեանումի» նոր ավարտված հիասքանչ շինությունը։ Ողբերգական այդ իրողությունը ուժաթափ չի անում Ռուդոլֆ Շտայներին. նա պատասխանում է ճանաչողական նոր վերելքով։ 1923—1924 թվականներին նրա բազմաբնույթ գործունեությունը հասնում է իրոք գերմարդկային մակարդակների։ 1923-ի վերջին վերահիմնվում է «Անտրոպոսոֆական ընկերությունը», այս անգամ իբրև «Համընդհանուր անտրոպոսոֆական ընկերություն» Ռուդոլֆ Շտայների նախագահությամբ։ Նա նոր մոդել է կերտում «Գյոթեանումի» նոր շինության համար։
Այդ տարիների գերլարվածությունն ու տիտանական աշխատանքը աստիճանաբար քայքայում են նրա առողջությունը, որն արդեն վնասված էր մարդկային փոխհարաբերությունների, արտաքին և ներքին թշնամանքի, անհանդուրժողականության և ատելության ծանրությունից։ 1925-ին լույս է տեսնում նրա վերջին գիրքը՝ «Իմ կյանքի ուղին» ինքնակենսագրությունը, որը միաժամանակ նաև ազատ ճանաչողության և առհասարակ ազատության կենսագրությունն է XX դարի դժվարին խմորումների ընդերքում։ Ռուդոլֆ Շտայները մահանում է 1925-ի մարտի 30-ին «Գյոթեանումի» իր արվեստանոցում 64 տարեկան հասակում։
Նա իր դասախոսություններում տարբեր առիթներով բազմիցս անդրադարձել է «Ազատության փիլիսոփայության» զանազան ասպեկտներին՝ վեր հանելով նոր իմաստներ, բացելով նոր տեսադաշտեր։ Բերենք մեր շոշափած նյութին ներքուստ համահունչ միայն մի քանի օրինակ, որ խորությունները դառնան ակնառու։
«Կյանքի ոլորտները բազում են։ Ամեն աոանձին պորտի համար հատուկ գիտություններ են զարգանում։ Բայց կյանքն ինքը մի միասնություն է, և որքան ավելի են գիտությունները ձգտում խորանալ առանձին ոլորտներում, այնքան ավելի են հեռանում աշխարհի կենդանի ամբողջի հայեցողությունից։ Պետք է մի գիտելիք լինի, որն աոանձին գիտություններում փնտրում է մարդուն նորից լիիրավ կյանքի վերադարձնելու տարրերը։ Գիտնական-մասնագետն իր իմացությունների միջոցով ուզում է գիտակցություն ձեռք բերել աշխարհի և նրա ազդեցությունների վերաբերյալ. նպատակն այս գրքում փիլիսոփայական է՝ գիտությունը պետք է ինքը օրգանական-կենդանի դաոնա։ Աոանձին գիտությունները այստեղ հետամտված գիտության նախաաստիճաններն են։ Նման հարաբերակցություն է տիրում նաև արվեստներում։ Երգահանն աշխատում է՝ հիմնվելով կոմպոզիցիայի ուսմունքի վրա։ Վերջինս իմացությունների մի հանրագումար է, որն ունենալը երգահանության անհրաժեշտ նախապայմանն է։ Երգահանության մեջ կոմպոզիցիայի ուսմունքի օրենքները ծառայում են կյանքին, ռեալ իրականությանը։ Ճիշտ այդ իմաստով էլ փիլիսոփայությունը արվեստ է։ Բոլոր իսկական փիլիսոփաները հասկացությունների արվեստագետներ են եղել։ Մարդկային գաղափարները նրանց համար արվեստի նյութ են դարձել, իսկ գիտական մեթոդը՝ գեղարվեստական տեխնիկա։ Դրա շնորհիվ վերացական մտածողությունը կոնկրետ անհատական կյանք է ստանում։ Գաղափարները կենսական զորություններ են դառնում։ Այժմ մենք ոչ միայն գիտելիք ունենք առարկաների մասին, այլ գիտելիքը մենք ռեալ, ինքն իրեն տիրապետող օրգանիզմ ենք դարձրել, մեր իրական գործուն գիտակցությունը ճշմարտությունների սոսկ պասսիվ ընկալումից վեր է կանգնել։
Թե ինչպես է փիլիսոփայությունն իբրև արվեստ հարաբերվում մարդու ազատությանը, ինչ է վերջինս և արդյոք մենք դրա մասն ունենք կամ կարող ենք ունենալ՝ սա է իմ գրքի հիմնահարցը։»( GA., Bd. 191, S. 269.)
«Այդ շրջանում ճշմարիտ ճանաչողությունը, ոգեղենի դրսևորումն արվեստում և բարոյական կամեությունը մարդու մեջ ինձ համար մի ամբողջություն էին կազմում։ Մարդու անձնավորության մեջ ես պետք է մի կենտրոն տեսնեի, որտեղ նա միանգամայն անմիջականորեն կապված է աշխարհի ամենանախնական էության հետ։ Այդ կենտրոնից է բխում կամեությունը։ Եվ եթե այդ կենտրոնում գործում է ոգու պարզ լույսը, ապա կամեությունը ազատ է։ Մարդն այդուհետ համաձայնեցված է գործում աշխարհի ոգեղենության հետ, որը ստեղծագործական է դառնում ոչ թե ինչ-որ անհրաժեշտությունից, այլ միայն սեփական էության իրագործմամբ։ Մարդու այդ կենտրոնում ոչ թե մութ մղումներից, այլ «բարոյական ինտուիցիաներից» են ծնվում գործողության նպատակները, ինտուիցիաներ, որոնք թափանցիկ են իրենց մեջ, ամենաթափանցիկ մտքերի նման։ Այդպես ես ուզում էի ազատ կամեության հայեցողությամբ գտնել այն ոգին, որի շնորհիվ մարդն իբրև անհատականություն աշխարհում է։ Ճշմարիտ գեղեցիկի զգացողությամբ ես ուզում էի տեսնել մարդու միջոցով գործող ոգին, երբ նա զգայականում գործում է այնպես, որ սեփական էությունը ոչ թե սոսկ ոգեպես ներկայացնում է իբրև ազատ արարք, այլ այնպես, որ նրա ոգեղեն այդ էությունը արտահոսում է աշխարհ, որը չնայած ոգուց է, սակայն անմիջականորեն չի բացահայտում այն։ Ճշմարիտի հայեցողության միջոցով ես ուզում էի ունենալ ոգու ''ապրումը'', որը հայտնակերպվում է իր սեփական էության մեջ, որի ոգեկան արտացոլանքը բարոյական արարքն է և որին գեղարվեստական արարումը ձգտում է որևէ զգայական ձևի կազմավորման միջոցով։ “Ազատության փիլիսոփայություն”, ոգեծարավ, գեղեցկության ձգտող զգայական աշխարհի մի կենսահայեցողություն, ճշմարտության կենդանի աշխարհի ոգեկան մի հայեցողություն էր հառնում իմ հոգուց։»( GA., Bd. 28, S. 142, 143.)
«Իմ “Ազատության փիլիսոփայությունը” հիմնված է մի ապրումի վրա, որը կայանում է մարդկային գիտակցության ինքն իր հետ փոխըմբռնման մեջ։ Կամեության մեջ ազատությունը ''վարժեցվում է''։ Զգացության մեջ` ''ապրվում''։ Մտածողության մեջ՝ ''ճանաչվում'': Միայն թե դրան հաս-նելու համար մտածողության մեջ կյանքը չպետք է կորսվի։
“Ազատության փիլիսոփայության” վրա աշխատելիս իմ մշտական հոգսն էր մտքերիս շարադրման մեջ ներքին ապրումը այդ մտքերի մեջ ներառյալ լրիվ արթուն պահելը։ Դա մտքերին տալիս է ներքին տեսողության միստիկական բնույթ, այդ տեսողությունը, սակայն, նմանեցնելով աշխարհի արտաքին զգայական հայեցողությանը։ Եթե մարդ հասնում է այդպիսի ներքին ապրումի, ապա այլևս ոչ մի հակադրություն չի զգում բնության ճանաչողության և ոգու ճանաչողության միջև։ Պարզ է դառնում, որ երկրորդը առաջինի սոսկ մետամորֆոզված շարունակությունն է։
Եվ քանի որ դա ինձ այդպես էր երևութանում, ես կարող էի հետագայում իմ “Ազատության փիլիսոփայության” անվանաթերթին բնաբան դնել՝ “Հոգեկան դիտարկման արդյունքներ ըստ բնագիտական մեթոդի”։ Որովհետև, եթե բնագիտական մեթոդը ճշտորեն պահպանվում է ոգեկանի պարագայում, ապա այն ճանաչողաբար տանում է նաև այդ ոլորտը։»(GA, Bd. 28, S. 178, 179.)
«Ես, օրինակ, կնկարեի իմ “Ազատության փիլիսոփայության” բովանակությունը։ Այդ միանգամայն իրագործելի է։ Միայն թե այսօր դա չի
ընթերցվի։ Այսօր դա չեն կարողանա ընկալել, որովհետև այսօր «բառի» վրա են վարժեցված։»(Wesen und Bedeutung der illustrativen Kunts», S. 16.)
«...Ոգեղեն աշխարհ մուտք գործելու ամենաառաջին պայմանը հետևյալն է՝ ''սովորիր ինքնուրույն մտածել''»։(Arbeitervortrage», GA, Bd. 350, S. 140)
«Ով ինքնուրույն չի մտածում, չի կարող հասկանալ այս գիրքը»։( Ibid.)
«Մենք իրականում չենք ապրում, երբ ինտելեկտն ենք զարգացնում։
Պետք է միայն զգալ, որ իրականում չեն ապրում, երբ մտածում են, որ մարդ իր կյանքն արտահոսեցնում է դատողականության դատարկ պատկերների մեջ և որ մարդ զորեղ կյանքի կարիք ունի՝ դատողականության մեռած կազմավորման մեջ եղածը, այնուհանդերձ, իբրև ստեղծարար կյանք զգալու համար, եթե ոտք է դնում այն ոլորտը, որտեղ զուտ մտածողության ուժից գալիս են բարոյական իմպուլսները որտեղ մարդու ազատությունը հասկանալ են սովորում զուտ մտածողության իմպուլսներից ելնելով։»(«Exoterisches und esoterisches Christentum», GA, Bd. 211, S. 121.)
«Այն, ինչ զգայարաններն են մեզ ցույց տալիս, ոչ թե ողջ, այլ միայն ''կես'' իրականություն է։ ...Մեր որոշակի կազմակերպվածքի պատճառով աշխարհն ինչ-որ առումով, ինչպես արևելցիներն են ասում, “պատրանք է”, “մայա”։ Եվ աշխարհի մասին պատկերացումներ կազմելու շնորհիվ է, որ մենք մեր մտքերի մեջ ավելացնում ենք մարմնի մեջ մտնելիս մեր կողմից ճնշվածը։ Այսպիսին է ճշմարիտ հարաբերակցությունը ճշմարտության և գիտության միջև։ Իրական գիտությունը պատրանքի լրացումն է առ լիակատար իրականություն։ Եվ այս գաղափարից ելնելով, որ աշխարհն իր առաջին տեսքով, ինչպես որ զգայարաններին է բացվում, ''մեր'', ոչ թե ''իր'', պատճառով է մեզ անիրական երևում, և որ աշխարհի այդ տեսքը, որ մեր շնորհիվ է անիրական, սուբյեկտիվ աշխատանքի մեջ իրականություն ենք դարձնում, այս միտքը ես կարող եմ ''պողոսյան միտք'' անվանել ''ճանաչողության տեսության'' ոլորտում։ Քանզի դա ոչ այլ ինչ է, եթե ոչ փիլիսոփայական ճանաչողության ոլորտ տեղափոխված պողոսյան ճանաչողության տեսության միտքը, որ մարդը առաջին Ադամով աշխարհ գալու իր ձևով այդ աշխարհն իր առջև ունի ստորադաս ձևով և որ այդ աշխարհի ապրումն իր ճշմարիտ տեսքով ունենում է այն բանի շնորհիվ, ինչ Քրիստոսով է դառնում։»(«Das Karma des Materialismus», GA, Bd. 176, S. 302.)
«Ազատության փիլիսոփայությունն» այսպիսով քրիստոնեական իմացաբանության և ինքնագիտակցված, ստեղծարար ապրելակերպի պտուղն է, որի սաղմերն առկա էին արդեն Պողոս առաքյալի գործերում, նրա ողջ կեցվածքում։ Դա դոգմատիզմից ազատագրված քրիստոնեական աշխարհընկալման և աշխարհարարման գոյաձևն է, որի ձեռք բերման համար թանկ է վճարվել վերջին երկու հազար տարիների տքնաջան զարգացման ընթացքում, իսկ քաղաքակրթությունների ապագան ուղղակիորեն կախված է ազատության այդ գոյաձևի իրագործման աստիճանից։
<div align="right">''Արա Գուրզադյան''</div>
= ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ (1) =
===1918 թվականի նոր հրատարակության առաջաբան (3) ===