== Գլուխ III. Նյութի բնույթը ==
Նախորդ գլխում մենք, թեև չկարողանալով բացահայտ պատճառներ գտնել, համաձայնեցինք, որ տրամաբանական է հավատալ, որ մեր զգայական տվյալները, օրինակ՝ նրանք, որոնց մենք համարում ենք իմ սեղանի հետ կապված, իսկապես մեզնից և մեր ընկալումներից անկախ ինչ-որ բանի գոյության նշաններ են: Այսինքն՝ ես ենթադրում եմ, որ բացի գույնի, կոշտության, ձայնի և այլնի զգայություններից, որոնք ինձ տալիս են սեղանի պատկերը, կա ինչ-որ ուրիշ բան, որին էլ այս պատկերը պատկանում են: Գույնը դադարում է գոյություն ունենալ, երբ ես փակում եմ աչքերս, կոշտության զգայությունը դադարում է գոյություն ունենալ, երբ ես ձեռքս հեռացնում եմ ու չեմ հպվում սեղանին, ձայնը դադարում է գոյություն ունենալ, երբ ես դադարեցնում եմ թակել սեղանին: Բայց ես չեմ հավատում, որ երբ այս բոլորը դադարում են գոյություն ունենալ, սեղանը դադարում է գոյություն ունենալ: Ընդհակառակը, ես հավատում եմ, որ քանի որ սեղանը շարունակաբար գոյություն ունի, այս բոլոր զգայությունները նորից կհայտնվեն, երբ ես բացեմ իմ աչքերը, ետ շարժեմ ձեռքս և նորից սկսեմ թակել: Հարցը, որ մենք պետք է քննարկենք այս գլխում, հետևյալն է՝ ինչպիսի՞ բնույթ ունի այս իրական սեղանը, որ շարունակում է գոյություն ունենալ անկախ իմ ընկալելուց:
Այս հարցին ֆիզիկան տալիս է մի պատասխան՝ ճիշտ է, որոշ չափով կիսատ և մասամբ դեռևս խիստ հիպոթետիկ, բայց, այնուամենայնիվ, առայժմ արժանի ուշադրության: Ֆիզիկան շատ թե քիչ անգիտակցաբար հանգել է այն տեսակետին, որ բոլոր բնական երևույթները պետք է հանգեցվեն շարժմանը: Լույսը, ջերմությունը և ձայնը առաջանում են շնորհիվ շարժվող ալիքների, որոնք շարժվում են նրանց արձակող մարմնից դեպի այն անձը, որը տեսնում է լույս, զգում է ջերմություն կամ լսում է ձայն: Այն, ինչ ունի ալիքային շարժում, կամ եթեր է, կամ «կոպիտ նյութ», բայց երկու դեպքում էլ այն է, ինչ փիլիսոփան կանվաներ նյութ: Հատկությունները, որ գիտությունը վերագրում է նրան, միայն տարածության մեջ դիրքն ու շարժման օրենքներով շարժվելու էներգիան են: Գիտությունը չի ժխտում, որ այն ''կարող'' է ունենալ այլ հատկություններ, բայց եթե անգամ ունի, այդ հատկությունները գիտնականի համար օգտակար չեն ու ոչ մի ձևով նրան չեն օգնում երևույթները բացատրելիս:
Երբեմն ասում են, թե լույսն ալիքների շարժի ձև է, բայց սա խաբուսիկ է, քանզի այն լույսը, որ մենք անմիջականորեն տեսնում ենք, որը մենք ճանաչում ենք ուղղակի մեր զգայություններից, ալիքների շարժի ձև ''չէ'', այլ բոլորովին ուրիշ մի ինչ-որ բան, ինչ-որ բան, որ եթե մենք կույր չենք, բոլորս գիտենք, թեև մենք չենք կարող այն նկարագրել այնպես, որ մեր գիտելիքը փոխանցենք մի կույր մարդու: Ընդհակառակը, ալիքների շարժը շատ լավ կարող է նկարագրվել կույր մարդուն, քանզի շոշափելիքի զգայարանով նա կարող է տարածության մասին գիտելիք ձեռք բերել և ծովային ճամփորդությամբ ալիքների շարժը նույնքան լավ զգալ, որքան մենք: Բայց այս, ինչը կույր մարդը կարող է հասկանալ, այն չէ, ինչ մենք նկատի ունենք ''լույս'' ասելով: ''Լույս'' ասելով մենք նկատի ունենք հենց այն, ինչ կույր մարդը երբեք չի կարող հասկանալ, և մենք երբեք չենք կարող նկարագրել նրան:
Հիմա, այս ինչ-որ բանը, որ բոլորս, ովքեր կույր չենք, ճանաչում ենք, ըստ գիտության, արտաքին աշխարում իսկապես չկա. դա մի բան է, որ առաջանում է լույսը տեսնող անձի աչքերի, նյարդերի և ուղեղի վրա որոշակի ալիքների ազդեցության պատճառով: Երբ ասում են՝ լույսն ալիք ''է'', իրականում նկատի ունեն, որ ալիքները լույսի՝ մեր զգայության ֆիզիկական պատճառն են: Բայց գիտությունը չի ենթադրում, որ ինքնին լույսը՝ այն, ինչ առողջ մարդիկ զգում են, իսկ կույր մարդիկ՝ ոչ, կազմում է մեզնից ու մեր զգայություններից անկախ աշխարհի որևէ մաս: Կարելի է նմանօրինակ դիտողություններ անել զգայության մյոա տեսակների վերաբերյալ:
Ոչ միայն գույներն ու ձայներն են բացակայում նյութի գիտական աշխարհից, այլ նաև ''տարածությունը'', քանզի մենք այն ընկալում ենք տեսողության կամ շոշափելիքի միջոցով: Գիտության մեջ անհրաժեշտաբար ենթադրվում է, որ նրա նյութը գտնվում է ''մի'' տարածության մեջ, բայց այն տարածությունը, որի մեջ այդ նյութն է, չի կարող լինել ճիշտ և ճիշտ այն տարածությունը, որը մենք տեսնում կամ զգում ենք:
Բացի այդ, տարբեր մարդիկ նույն առարկան տեսնում են տարբեր ձևերով՝ իրենց տեսանկյանը համապատասխան: Օրինակ՝ շրջանաձև մետաղադրամը, թեև մենք այն միշտ շրջանաձև պետք է ''համարենք'', էլիպսաձև ''կերևա'', քանի դեռ մենք նրա ճիշտ դիմացը չենք: Երբ մենք համարում ենք, որ այն շրջանաձև է, մենք համարում ենք, որ այն ունի իրական ձև, որը նրա երևութական ձևը չէ, բայց, անկախ նրա երևալու ձևից, պատկանում է նրան և անբաժանելի է նրանից: Բայց այս իրական ձևը, որն էլ հետաքրքրում է գիտությանը, պետք է լինի իրական տարածության մեջ, որը նույնը չէ, ինչ որևէ մեկին երևացող տարածությունը: Իրական տարածությունը հասարակական է, ''երևացող'' տարածությունը զգայողի համար անհատական է: Տարբեր մարդկանց ''անհատական'' տարածություններում միևնույն օբյեկտը, թվում է թե ունի տարբեր ձևեր, հետևաբար իրական տարածությունը, որի մեջ օբյեկտն ունի իր իրական ձևը, պետք է տարբերվի անհատական տարածությունից: Հետևաբար, գիտության տարածությունը թեև ''կապված'' է այն տարածությունների հետ, որ մենք տեսնում և զգում ենք, նրանց հետ նույնական չէ, և նրանց կապվածության ձևը պահանջում է հետազոտություն:
Մենք արդեն համաձայնեցինք, որ ֆիզիկական օբյեկտները չեն կարող լինել ճիշտ և ճիշտ մեր զգայական տվյալների նման, բայց կարող են համարվել մեր զգայությունների ''պատճառ'': Այս ֆիզիկական օբյեկտները գիտության տարածության մեջ են, որը մենք կարող ենք անվանել «ֆիզիկական» տարածություն: Կարևոր է նկատել, որ որպեսզի մեր զգայությունների պատճառը լինեն ֆիզիկական օբյեկտները, պետք է լինի այս օբյեկտները, մեր զգայարանները, նյարդերը և ուղեղը պարունակող ֆիզիկական տարածություն: Մենք օբյեկտից շոշափելու զգայությունը ստանում ենք այն ժամանակ, երբ հպվում ենք նրան, այլ կերպ ասած, երբ մեր մարմնի ինչ-որ մաս ֆիզիակական տարածության մեջ զբաղեցնում է օբյեկտի զբաղեցրած տեղին շատ մոտ տեղ: Կոպիտ ասած՝ մենք օբյեկտը տեսնում ենք այն դեպքում, երբ ֆիզիկական տարածության մեջ օբյեկտի և մեր աչքերի միջև չկա անթափանց մարմին: Նույն ձևով մենք օբյեկտի ձայնը լսում ենք, հոտը կամ համը զգում ենք միայն այն դեպքում, երբ մենք բավականին մոտ ենք նրան, կամ երբ այն հպվում է մեր լեզվին, կամ երբ այն ֆիզիկական տարածության մեջ մեր մարմնի նկատմամբ ինչ-որ հարմար դիրք ունի: Մինչև մենք չհամարենք, որ օբյեկտը և մեր մարմինը միևնույն ֆիզիկական տարածության մեջ են, մենք չենք կարող նշել, թե մենք ինչ տարբեր զգայություններ կստանանք տրված օբյեկտից տարբեր պայմաններում, քանի որ հիմնականում օբյեկտի և մեր մարմնի դիրքերն են որոշում, թե մենք ինչ զգայություններ կստանանք օբյեկտից:
Հիմա մեր զգայական տվյալները տեղակայված են մեր սեփական տարածության մեջ՝ կամ տեսողության տարածության մեջ, կամ շոշափելիքի տարածության մեջ, կամ այնպիսի ավելի աղոտ տարածություններում, ինչպիսիք մեզ կարող են տալ մյոա զգայությունները: Եթե, ինչպես ենթադրում են գիտությունը և առօրյա գիտակցությունը, կա մեկ համընդգրկուն հանրամատչելի ֆիզիկական տարածություն, որի մեջ ֆիզիկական օբյեկտներն են, ֆիզիկական տարածության մեջ ֆիզիկական օբյեկտների դիրքերի հարաբերությունը պետք է շատ թե քիչ համապատասխանի մեր սեփական տարածությունների մեջ զգայական տվալների դիրքերի հարաբերությանը: Դժվար չէ ենթադրել, որ սա այսպես է: Եթե մենք տեսնենք, որ փողոցի վրայի տներից մեկը մեզ ավելի մոտ է, քան մյոաը, մեր մյուս զգայությունները նույնպես կստեղծեն այն կարծիքը, որ այն ավելի մոտ է: Օրինակ՝ ավելի շուտ կհասնենք նրան, եթե քայլենք փողոցի երկայնքով: Մյուս մարդիկ կհամաձայնեն, որ այն տունը, որը մեզ ավելի մոտ է թվում, ավելի մոտ է, ռազմական քարտեզը նույնը կասի: Այսպիսով ամեն ինչ մատնացույց է անում տների միջն տարածական հարաբերության և տներին նայելիս մեր տեսած զգայական տվյալների հարաբերության համապատասխանությանը: Այսպիսով՝ մենք կարող ենք ենթադրել, որ կա մի ֆիզիկական տարածություն, որի մեջ ֆիզիկական օբյեկտների տարածական հարաբերությունները համապատասխանում են մեր սեփական տարածությունների մեջ համա-պատասխան զգայական տվյալների տարածական հարաբերություններին: Այս տարածությունն է, որի հետ գործ է ունենում երկրաչափությունը, և որը ենթադրվում է ֆիզիկայի և աստղագիտության մեջ:
Ի՞նչ կարող ենք մենք իմանալ ֆիզիկական տարածության մասին՝ ընդունելով, որ այն կա, և որ այն նշված ձևով համապատասխանում է մեր զգայական տվյալներին: Մենք կարոդ ենք իմանալ ''միայն'', թե ինչ է անհրաժեշտ համապատասխանությունն ապահովելու համար: Այլ կերպ ասած, մենք ոչինչ չենք կարող իմանալ, թե այն ինչ է որպես այդպիսին, բայց մենք կարոդ ենք իմանալ ֆիզիկական օբյեկտների դասավորության ձևը, որն արդյունք է նրանց տարածական հարաբերություների: Օրինակ՝ մենք կարող ենք իմանալ, որ երկիը, լուսինը և արևը խավարման ժամանակ մեկ ուղիղ գծի վրա են, թեև մենք չենք կարող իմանալ, թե ինչ է ֆիզիկական ուղիղ գիծը որպես այդպիսին, քանի որ մենք մեր տեսողական տարածության մեջ է, որ գիտենք ուղիղ գծի տեսքը: Այսպիսով՝ մենք հեռավորությունների ''հարաբերությունների'' մասին ավելի շատ ենք իմանում, քան իրենց՝ հեռավորությունների մասին: Մենք կարող ենք իմանալ, որ մի հեռավորությունը մյոաից մեծ է, կամ որ սա մյուսի հետ միևնույն ուղիդ գծի վրա է, բայց մենք չենք կարող ֆիզիկական հեռավորությունների հետ ունենալ այն անմիջական ծանոթությունը, որ մենք ունենք մեր սեփական տարածությունների միջի հեռավորությունների, գույնի, ձայնի կամ այլ զգայական տվյալների հետ: Մենք ֆիզիկական տարածության մասին կարող ենք իմանալ այն ամենը, ինչ կույր ծնված մարդը կարող է այլ մարդկանց միջոցով իմանալ տեսողական տարածության մասին, բայց այնպիսի բաները, որ կույր ծնված մարդը երբեք չի կարող իմանալ տեսողական տարածության մասին, մենք նույնպես չենք կարող իմանալ ֆիզիկական տարածության մասին: Մենք կարող ենք իմանալ հարաբերությունների՝ զգայական տվյալների հետ համապատասխանությունը պահպանելու համար անհրաժեշտ հատկությունները, բայց մենք չենք կարող իմանալ այն մեծությունների էությունը, որոնք հարաբերության մեջ են դրվում:
Ինչ վերաբերում է ժամանակին, ապա մեր տևականության կամ ժամանակի ընթացքի ''զգայությունը'', տարածված կարծիքի համաձայն, ժամացույցի հաշված ժամանակը գնահատելու համար անապահով է: Երբ մենք ձանձրացած ենք կամ տառապում ենք ցավից, ժամանակը դանդաղ է անցնում, երբ մենք բավականին զբաղված ենք, արագ է անցնում, իսկ երբ մենք քնած ենք, ժամանակն այնպես է անցնում, որ կարծես չի էլ եղել: Այսպիսով՝ այնքանով, որքանով ժամանակը կազմված է տևողությունից, ինչպես տարածության դեպքում, հանրային և սեփական ժամանակները տարբերակելու նույն անհրաժեշտությունը կա: Բայց այնքանով, որքանով ժամանակը կազմված է նախքանի և հետոյի հաջորդականությունից, նման տարբերակման կարիք չկա: Ժամանակային ''հաջորդականությունը'', որ իրադարձությունները, թվում է, թե ունեն, այնքանով, որքանով տեսնում ենք մենք, այն նույն ժամանակային հաջորդականությունն է, որ նրանք ունեն: Ամեն դեպքում ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ երկու հաջորդականությունները նույնը չեն: Սովորաբար նույնը ճշմարիտ է նան տարածության համար, եթե տղամարդկանց մի գունդ քայլում է մի փողոցի երկայնքով, գնդի ''ձևը'' տարբեր տեսանկյուններից տարբեր կերևա, բայց բոլոր տեսանկյուններից մարդիկ նույն ''հաջորդականությամբ'' դասավորված կերևան: Ուստի մենք ''հաջորդականությունն'' իրական ենք համարում նաև ֆիզիկական տարածության մեջ: Մինչդեռ ձևը, ըստ մեր ենթադրության, ֆիզիկական տարածությանը համապատասխանում է միայն այնքանով, որքանով անհրաժեշտ է հաջորդականության պահպանման համար:
Ասելով, թե ժամանակի այն հաջորդականությունը, որ իրադարձությունները, ''թվում է, թե ունեն'', այն նույն ժամանակային հաջորդականությունն է, որ նրանք ''իրապես ունեն'', անհրաժեշտ է զգուշացնել մի հնարավոր թյուրիմացությունից: Չպետք է ենթադրել, թե տարբեր ֆիզիկական օբյեկտների տարբեր վիճակներն ունեն այն նույն ժամանակային հաջորդականությունը, ինչ այդ օբյեկտների ընկալումները կազմող զգայական տվյալները: Որպես ֆիզիկական օբյեկտներ՝ որոտն ու կայծակը ծնվում են միասին, այսինքն՝ որոտն առաջանում է օդի տատանման հետ միաժամանակ, այնտեղ, ուր տատանումն է սկսվում, կայծակն է սկսվում: Բայց զգայական տվյալները, որոնց մենք անվանում ենք որոտը լսել, տեղի չի ունենում, մինչև օդի տատանումները չեն տարածվում այնքան հեռու, ինչքան մենք ենք; Նույն ձևով արևի լույսը մեզ հասնում է մոտավորապես ութ րոպեում: Այսպիսով՝ երբ մենք տեսնում ենք արևը, մենք տեսնում ենք ութ րոպե առաջվա արևը: Որքանով, որ մեր զգայական տվյալները ֆիզիկական արևի ապացույց են տրամադրում, նրանք տրամադրում են ութ րոպե առաջվա արևի ապացույց, եթե ֆիզիակական արևը վերջին ութ րոպեում դադարած լիներ գոյություն ունենալուց, «արևը տեսնել» կոչվող զգայական տվյալներն ոչ մի փոփոխություն չէին կրի: Սա զգայական տվյալների և ֆիզիկական օբյեկտների տարբերակման անհրաժեշտության նոր հիմնավորում է տրամադրում:
Այն, ինչ մենք պարզել ենք տարածության մասին, շատ նման է զգայական տվյալների և նրանց ֆիզիկական զույգերի համապատասխանության վերաբերյալ պարզածին: Եթե մի օբյեկտ կապույտ է երևում, իսկ մյոաը՝ կարմիր, մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ ֆիզիկական օբյեկտների միջև կա ինչ-որ համապատասխան տարբերություն: Եթե երկու օբյեկտներ կապույտ են երևում, մենք կարող ենք ենթադրել համապատասխան նմանություն: Բայց մենք չենք կարող հույս ունենալ, որ անմիջապես կծանոթանանք ֆիզիկական օբյեկտի այն որակի հետ, որը նրան դարձնում է կապույտ կամ կարմիր: Գիտությունը մեզ հայտնում է, որ այս որակը ինչ-որ ալիքային շարժում է: Սա ծանոթ է հնչում, որովհետև ալիքային շարժումների մասին մենք մտածում ենք մեր տեսած տարածության մեջ: Բայց ալիքային շարժումները պետք է իրապես լինեն ֆիզիկական տարածության մեջ, որի հետ մենք անմիջական ծանոթություն չունենք: Ուստի իրական ալիքային շարժումները մեզ այնքան ծանոթ չեն, որքան մենք կարող էինք կարծել: Այն, ինչ ճշմարիտ է գույների համար, շատ նման է նրան, ինչ ճշմարիտ է մյոա զգայական տվյալների համար: Այսպիսով՝ պարզվում է, որ թեև ֆիզիկական օբյեկտների հարաբերություններն ունեն զգայական տվյալների հարաբերությանը համապատասխանելուց բխող բազմապիսի ճանաչելի հատկություններ, ֆիզիկական օբյեկտներն իրենք իրենց էությամբ մնում են չճանաչված՝ չճանաչված առնվազն այնքանով, որքանով չեն կարոդ բացահայտվել զգայությունների միջոցով: Մնում է պարզել, թե արդյոք կա ֆիզիկական օբյեկտների էությունը բացահատելու որևէ այլ մեթոդ:
Ամենաբնական, թեև ոչ ամենահիմնավորված հիպոթեզը, որ պետք կլինի ընդունել առաջին հերթին, և որ վերաբերում է զգայական տվյալներին, կլինի այն, որ թեև ֆիզիկական օբյեկտները չեն կարող վերը քննարկված պատճառներով լինել ''ճիշտ և ճիշտ'' մեր զգայական տվյալների նման, նրանք կարող են լինել շատ կամ քիչ նման: Ըստ այս տեսակետի՝ ֆիզիկական օբյեկտներն իսկապես կունենան, օրինակ, գույներ, և մենք կկարողանայինք բախտի բերմամբ որևէ օբյեկտ տեսնել իր իրական գույնով: Գույնը, որ տրված օբյեկտը, թվում է, ունի ցանկացած տրված պահի, ընդհանուր առմամբ կլինի նույնը, թեև ոչ լրիվ նույնը, բազմաթիվ տարբեր դիտման կետերից: Այսպիսով՝ մենք կարող ենք «իրական» գույնը համարել տարբեր դիտման կետերից երևացող տարբեր երանգների միջև ընկած ինչ-որ միջանկյալ գույն: Նման տեսությունը, հավանաբար, միանշանակորեն ժխտվելու ենթակա չէ, բայց կարելի է ցույց տալ, որ այն անհիմն է: Նախ, պարզ է, որ գույնը, որ մենք տեսնում ենք, կախված է միայն մեր աչքին հարվածող լոաային ալիքների բնույթից և, հետևաբար, փոփոխվում է ինչպես մեր և օբյեկտի միջև ընկած միջավայրից, այնպես էլ այն ձևից, որով լույսն օբյեկտից անդրադառնում է մեր աչքի ուղղությամբ: Միջանկյալ օդը, քանի դեռ այն կատարելապես պարզ չէ, փոխում է գույները: Ամեն մի ուժեղ անդրադարձ ամբողջովին փոխում է գույները: Այսպիսով՝ գույնը, որ մենք տեսնում ենք, արդյունք է ճառագայթների՝ մեր աչքերին հասնելու, այլ ոչ թե պարզապես այն օբյեկտի հատկություն, որից ճառագայթները գալիս են: Ուստի եթե որոշակի ալիքներ հասնում են աչքին, մենք կտեսնենք որոշակի գույն՝ անկախ նրանից, թե օբյեկտը, որից սկսվում են ալիքները, ունի որևէ գույն, թե ոչ: Այսպիսով՝ այն ենթադրությունը, թե ֆիզիկական օբյեկտները գույներ ունեն, մեզ ոչինչ չի տալիս, և հետևաբար, նման ենթադրության ոչ մի արդարացում չկա: Կարելի է ճիշտ նույնպիսի փաստարկներ բերել մյոա զգայական տվյալների վերաբերյալ:
Մնում է հարցնել, թե կա՞ն արդյոք որևէ ընդհանուր փիլիսոփայական փաստարկներ, որ մեզ հնարավորություն տան ասել, թե եթե նյութն իրական է, այն ''պետք'' է ունենա այսպիսի բնույթ: Ինչպես բացատրվել է վերը, շատ փիլիսոփաներ, հավանաբար, նրանց մեծամասնությունը, կարծել են, որ այն, ինչ իրական է, պետք է ինչ-որ առումով մտավոր լինի, կամ ծայրահեղ դեպքում, այն ինչի մասին մենք կարող ենք որևէ բան իմանալ, պետք է ինչ-որ առումով մտավոր լինի: Այսպիսի փիլիսոփաները կոչվում են «իդեալիստներ»: Իդեալիստները մեզ ասում են, որ այն, ինչ երևում է որպես նյութ, իրականում ինչ-որ մտավոր բան է, այսինքն, կամ ինչպես Լեյբնիցն էր կարծում, շատ թե քիչ հասուն գիտակցություններ, կամ ինչպես Բերկլին էր համառում, այնպիսի գիտակցությունների մեջ գտնվող գաղափարներ, որոնք, ինչպես մենք բոլորս ենք ասում, «ընկալում են» նյութը: Այսպիսով իդեալիստները մերժում են նյութի՝ որպես գիտակցությունից էապես տարբեր ինչ-որ բանի գոյությունը, թեև նրանք չեն մերժում, որ մեր զգայական տվյալները մեր սեփական զգայություններից անկախ գոյություն ունեցող ինչ-որ բանի նշաններ են: Հաջորդ գլխում մենք հակիրճ կքննենք իմ կարծիքով սխալ այն հիմնավորումները, որոնց իդեալիստներն առաջ են քաշում իրենց տեսության օգտին:
== Գլուխ IV. Իդեալիզմ ==
== Գլուխ V. Իմացություն ծանոթության միջոցով և իմացություն նկարագրության միջոցով==