Արդեն չգիտեմ էլ, թե հատկապես ով՝ մայրի՞կս, թե Գրեթխենը, կորոշի ութամյակիս պատվին ինձ հագցնել գնդակահարման դատապարտված փոքրիկ արքայազնի ոճով։ Երկու կանանց Ռասպուտինյան պաշտամունքը այդ ժամանակաշրջանում հասավ իր բարձրակետին։ Այն օրը արված լուսանկարը ցույց է տալիս, թե ինչպես եմ ես ութ չհալված մոմերով զարդարված տոնական թխվածքի կողքին նստել ռուսական ասեղնագործ վերնաշապիկով, կտրիճի պես թեք դրած կազակական գլխարկով, խաչաձևած փամփշտակալներով, սպիտակ գալիֆեով ու կարճ ճտքակոշիկներով։
Մեծ հաջողություն է, որ իմ թմբուկը ևս լուսանկարում հայտնվելու թույլտվություն է ստացել։ Եվս մեկ այլ հաջողություն է այն, որ Գրեթխեն Շեֆլերը, հավանաբար իմ պնդումներին տեղի տալով, կարել և ի վերջո իմ չափերին էր հարմարեցրել մի կոստյում, որը լինելով հավասարապես և՛ քաղքենիական ճաշակների վկայությունը, և՛ «Ընտրովի ազգակցականության» վկայությունը՝ մինչ օրս իր դյութանքներով իմ ալբոմի մեջ արթնացնում է Գյոթեի ոգին և վկայում այն մասին, որ իմ մեջ ապրում են երկու ոգիներ։ Մի խոսքով, ինձ հնարավորություն է տալիս գեթ մեկ֊միակ թմբուկի օգնությամբ Պետերբուրգում ու Վայմարում միաժամանակ վերից վար իջնել և տիկնանց հետ խրախճանքներ կազմակերպել։ ===Հեռահար երգեցողության հարկաշար աշտարակից=== Բժիշկ ֆրոյլայն Հորնշտեթերը, որը գրեթե ամեն օր մտնում է ինձ մոտ, սիգարետ ծխելու, կարծես թե որպես բժիշկ պարտավոր է ինձ բուժել, սակայն դրա փոխարեն ես ինքս եմ նրան բուժում։ Նա սենյակը լքում է ավելի քիչ նյարդայնացած, և այդ բժիշկ ֆրոյլայն Հորնշտեթերը այն աստիճան վախկոտ է, որ միայն իր սիգարետների հետ է ունակ մտնել սերտ շփման մեջ և չի հոգնում կրկնել․ մանկական տարիներից ի վեր ինձ պակասում էին շփումները, ես չափից դուրս քիչ էի խաղում այլ երեխաների հետ։ Դե, ինչ վերաբերում է այլ երեխաներին, նա թերևս այնքան էլ սխալ չէ։ Սակայն Գրեթխեն Շեֆլերի հետ պարապմունքները այնքան էին կլանել, այնքան էին բզկտել Գյոթեի ու Ռասպուտինի միջև, որ ես իմ ողջ ցանկությամբ հանդերձ չէի կարողանա ժամանակ ընտրել հաշվեփայտիկների ու երգչախմբով երգելու համար։ Իսկ ամեն անգամ երբ ես, իսկական գիտնականի պես, երես էի թեքում գիտությունից, անիծում էի գրքերը որպես տառերի գերեզմանատներ և հասարակ ժողովրդի հետ շփման կետեր էի փնտրում։ Ես հանդիմանում էի մեր տան երեխաներին և այդ մարդակերների հետ մի քանի շփումներից հետո շատ ուրախ էի լինում իմ գրքերին ողջ ու անվնաս վերադառնալուս համար։ Իր ծնողների բնակարանը Օսկարը կարող էր լքել կամ կրպակի միջով, այդ դեպքում նա հայտնվում է Լաբեսվեգ փողոցում, կամ կարող էր իր ետևից շրխկացնել բնակարանի դուռը և հայտնվել մուտքում, որտեղից ձախով դուրս կգար ուղիղ փողոց կամ չորս հարկերը բարձրանալով անցնելով, հասնել ձեղնահարկ, որտեղ բնակվում էր երաժիշտ Մայնը և, վերջապես, վերջին հնարավորությունը ընձեռում էր մեր տան բակը։ Փողոցը՝ դե դա գլաքար էր․․․ Բակի տոփանված ավազի վրա թափ էին տրվում գորգեր և բազմանում էին ճագարները։ Ձեղնահարկը քեֆը լավ պարոն Մայնի հետ զուգանվագից զատ, առաջարկում էր տեսարան պատուհանից, հեռավոր բնապատկեր և ազատության այն չքնաղ, սակայն խաբուսիկ զգացումը, որը փնտրում են բոլորը, ովքեր բարձրանում են աշտարակի վրա, և որը ձեղնահարկի բնակիչներին վեր է ածում երազողների։ Եթե Օսկարի համար բակը լի էր վտանգներով, ապա ձեղնահարկը նրան խոստանում էր հուսալիություն, այնքան ժամանակ, քանի դեռ Ակսել Միշքեն իր խմբով դուրս չէր մղել նրան նաև ձեղնահարկից։ Իր լայնությամբ բակը համընկնում էր տան հետ, սակայն խորությամբ հավասար էր յոթ քայլի, ինչից հետո ցանկապատի վերևում սերտաճած սուր, ձյութապատ փշալարով դեմ էր առնում երեք այլ բակերի։ Այդ ողջ լաբիրինթոսը ձեղնահարկից դիտվում էր ինչպես ափի մեջ․ Լաբսվեգի կողքերով տներ, լայնակի հատող փողոցների վրա՝ Հերթաշթրասե և Լուիզենշթրասե և դրանից այն կողմ Մարթաշթրասեի երկայնքով, եզրափակում էր շատ լայնատարած բակերից բաղկացած քառանկյունին։Այդտեղ, ի թիվս այլոց, տեղակայված էին էլի մեկ ֆաբրիկա, որը հազի դեմ պաստեղներ էր արտադրում, և մի քանի խոտավերամշակող արտադրամասեր։ Այստեղ ու այնտեղ բակերից վեր էին բարձրանում ծառեր ու թփեր՝ նշելով տարվա եղանակը։ Չնայած բակերը տարբերվում էին իրենց մեծությամբ, սակայն ինչ վերաբերում է մնացյալին՝ ճագարներին և գորգերը թափ տալու համար սյուներին, բոլորը նման էին միմյանց։ Այնուամենայնիվ, եթե ճագարներին կարելի էր տեսնել կլոր տարի, ապա գորգերը, ընդունված կարգի համաձայն, թափ էին տալիս միայն երեքշաբթի և ուրբաթ օրերին։ Այդ օրերին բակի մեծությունը գտնում էր իր արդարացումը։ Օսկարը կարող էր այս ամենը ձեղնահարկից տեսնել ու լսել․ ավելի քան հարյուր գորգեր, ուղեգորգեր մաքրում էին խոզանակով ու թափ էին տալիս՝ ստիպելով վաղ թե ուշ ցուցադրել իրենց վաղնջական նախշերը։ Հարյուրավոր տնային տնտեսուհիներ տներից դուրս էին բերում գորգերի դիակները, ընդ որում վեր էին բարձրացնում կլոր, մերկ ձեռքերը, հանգույցով կապված գլխաշորերի օգնությամբ պաշտպանում էին մազերն ու սանրվածքները։ Գորգերը գցում էին ձողի վրայով, բռնում էին գործած տապկիչները, և չոր հարվածներով պայթեցնում էին բակերի նեղվածքը։ Օսկարը տանել չէր կարող կարգ ու կանոնին ուղղված այդ համերաշխ օրհներգը։ Նա իր թմբուկի վրա փորձում էր պայքարել աղմուկի դեմ և սակայն ստիպված էր նույնիսկ ձեղնահարկում, որը որոշակի հեռավորություն էր ապահովում, խոստովանել իր անզորությունը տնային տնտեսուհիների առջև։ Հարյուրավոր գորգեր թափ տվող կանայք կարող էին ցած գցել երկինքը, կարող էին բթացնել երիտասարդ ծիծեռնակների թևերը և մի քանի հարվածներով ստիպում էին փլվել ապրիլյան օդում թմբկահարությունից վեր խոյացած Օլիվերի փոքրիկ տաճարին։ Այն օրերին, երբ գորգեր թափ չէին տալիս, մեր տան տղաները պտտվում էին փայտե ձողերի վրա։ Ես հազվադեպ էի դուրս գալիս բակ։ Միայն պարոն Հայլանդի ցախանոցն էր, որ ինձ շատ թե քիչ հուսալի ապաստարան էր տրամադրում, քանզի ծերունին ինձ ներս էր թողնում պահեստանոց, իսկ մնացած երեխաներին թույլ չէր տալիս նույնիսկ հայացք նետել կիսաքայքայված կարի մեքենաների, սպասարկված հեծանիվների, մամլիչների, վերամբարձների, սիգարետների տուփերի մեջ պահվող ծուռ, ուղղման ենթակա մեխերի վրա։ Դա այսպիսի ուսուցում էր․ եթե նա մեխերը տախտակների միջից չէր հանում, ապա զնդանի վրա ուղղում էր մեկ օր առաջ դուրս քաշածները։ Բացի նրանից, որ նա ոչ մի մեխի թույլ չէր տալիս կորչել, նա նաև օգնում էր մարդկանց նոր բնակարաններ տեղափոխվելիս, տոներից առաջ մորթում էր ճագարներին՝ իր թութունե ծամոնը ողջ բակով մեկ դուրս թքելով, աստիճանի վրա և ձեղնահարկում։ Մի անգամ երեխաները, ինչպես դա անում են փոքրերը, նրա ցախանոցի կողքին ապուր էին եփում և Նուխի Էյկեն ծերունուն խնդրեց երեք անգամ թքել եփուկի մեջ։ Ծերունին դա արեց մեծ հեռավորությունից, որից հետո կրկին անհետացավ իր որջում, որտեղ շարունակեց հարվածել մեխերին, իսկ Ակսել Միշքեն ապուրին ավելացրեց ևս մեկ բաղադրիչ՝ ծեծված աղյուս։ Օսկարը հետաքրքրությամբ դիտում էր այդ խոհարարական գործընթացը, սակայն կանգնել էր մի կողմ։ Ակսել Միշքեն ու Հարրի Շլագերը կառուցեցին վրանին նմանվող մի բան, որպեսզի մեծահասկաներից ոչ մեկը չնայեր իրենց ապուրի մեջ։ Երբ աղյուսի փոշին եռաց, Հենսխեն Քոլլինը, դատարկելով իր գրպանները, ապուրի համար զոհեց երկու կենդանի գորտ, որոնց բռնել էր արհեստական լճակից։ Նրանց միջից միակ աղջկա՝ Սյուզի Քատերի բերանը դառը հիասթափությունից ծռվեց, և գորտերը անտրտունջ ու անաղմուկ անհետացան ապուրի մեջ՝ նույնիսկ չփորձելով կատարել վերջին ցատկը։ Այդ ժամանակ Նուխի Էյկեն արձակեց շալվարը ու միզեց եփուկի մեջ՝ հաշվի չառնելով Սյուզիի ներկայությունը, այնուհետև Ակսելը, Հարրին ու Հենսխեն Քոլլին հետևեցին նրա օրինակին։ Փոքրիկ Կեսխենը ևս ուզում էր արժանավայել դրսևորել իրեն տասնամյակների առջև, սակայն նրա պուճուրիկ ծորակից ոչինչ չհոսեց։ Այստեղ բոլորը աչքերը սևեռեցին Սյուզիի վրա, և Ակսել Միշքեն նրան մեկնեց կապույտ, էմալապատ կաթսան, որի եզրերը պոկված էին։ Օսկարը դեռ այն ժամանակ էր ուզում հեռանալ, սակայն չգիտես ինչու սպասեց, մինչև Սյուզին, որը հավանաբար քայլում էր առանց վարտիքի, պպզեց, ձեռքերով գրկելով ծնկները, կաթսան քաշեց իր տակ, դատարկ աչքերը հառեց իր առաջ, կնճռոտեց իր քիթը, և թիթեղյա զնգոցով կաթսան տեղեկացրեց, որ Սյուզին ևս ապուրի մեջ ներդրեց իր լուման։ Եվ հենց այդ ժամանակ ես վազեցի։ Ավելի լավ էր չվազեի, այլ հանգիստ հեռանայի, բայց քանի որ վազեցի, բոլորը, ովքեր մինչ այժմ կանգնել ու աչքերը չռած նայում էին փոքրիկ կաթսային, նայեցին իմ ետևից, և ես իմ թիկունքում լսեցի Սյուզիի ձայնը․ «Այդ ինչո՞ւ նա վազեց, հավանաբար նա ուզում է մեզ դավաճանել»։ Դա խոցում էր ինձ, նույնիսկ, երբ ես հաղթահարեցի բոլոր հինգ հարկերը և շունչ քաշեցի միայն ձեղնահարկում։ Այն ժամանակ ես յոթ ու կես տարեկան էի, իսկ Սյուզին տասը, փոքրիկ Կեսխենի ութը նոր էր լրացել, իսկ Ակսելը, Նուխին, Հենսխենն ու Հարրին տասը֊տասնմեկական տարեկան էին։ Մնաց նաև Մարիա Տրուչինսկին։ Նա ինձանից փոքր֊ինչ տարիքով էր, սակայն երբեք բակում չէր խաղում, այլ տիկնիկ էր խաղում իր մոր՝ ֆրաու Տրուչինսկու խոհանոցում կամ մեծահասակ քրոջ՝ Գուստայի հետ, որը աղախնություն էր անում անգելիստական մանկապարտեզում։ Պե՞տք է արդյոք զարմանալ, որ ես մինչ օրս էլ չեմ կարողանում լսել, թե ինչպես են կանայք միզում գիշերանոցի մեջ։ Երբ այն ժամանակ ձեղնահարկում Օսկարը, թմբուկի օգնությամբ իր լսողությունը հանգստացնելով, երևակայում էր իրեն այդ եփուկից փրկված, նրանք այնտեղ հայտնվեցին բազմությամբ, ոմանք ոտաբոբիկ, ոմանք կոշիկներով, բոլորը, որ իր լուման էր ներդրել ապուրի պատրաստման գործում, իսկ Նուխին բերել էր նաև ապուրը։ Բոլոր նրանք տեղավորվեցին Օսկարի շուրջը, վերջինը սողալով մոտեցավ Կեսխենը։ Նրանք հրում էին մեկը մյուսին՝ շշնջալով․ «Դե՛, սկսի՛ր», ― մինջև ի վերջո Ակսելը ետևից գրկեց Օսկարին, սեմեց նրա ձեռքերը, ստիպելով ենթարկվել, իսկ Սյուզին՝ խոնավ, հավասարաշար ատամներով, ուրախ հռհռում էր՝ տեղի ունեցողից ամենևին չշփոթվելով։ Նա Նուխիից վերցրեց գդալը, փայլելու աստիճան շփեց իր գիստերին, ընկղմեց գոլորշի արձակող փոքրիկ կաթսայի մեջ, դանդաղ խառնեց՝ հաճույքով զգալով եփուկի խտությունը և, ընդ որում, հիշեցնելով լավ տան տիրուհու, փչեց, ցանկանալով սառեցնել լի գդալը, և կերակրեց Օսկարին, կերակրեց ինձ, ես իմ կյանքում այլևս երբեք նման ոչինչ չեմ փորձել և երբեք չեմ մոռանա այդ համը։ Միայն այն բանից հետո, երբ իմ առողջական վիճակով չափից դուրս մտահոգված ժողովուրդը ինձ լքեց, որովհետև Նուխին ետ տվեց ուղիղ կաթսայի մեջ, ես սեղմվելով ձեղնահարկի անկյունին, որտեղ մի քանի սավաններ էին չորանում ես ինձնից դուրս մղեցի այդ կարմրավուն հեղուկը՝ դուրս մղվածի մետ չնկատելով գորտերի մնացորդները։ Այնուհետև ես բարձրացա պատուհանի տակի սնդուկի վրա, նայեցի հեռավոր բակերին, ատամներիս արանքից սրբելով ուղթուսի փշուրները, գործելու պահանջ զգացի։ Նայեցի մարիենշթրասեի տների ապակիներով փայլող պատուհաններին, գոռացի, երգեցի դեպի այն կողմ, և, չնայած չէի կարող դիտել արդյունքները, այնքան համոզված էի իմ ձայնի հեռահար ազդեցության վրա, որ այդ պահից սկսած բակը և բոլոր բակերը ինձ համար դարձան նեղ։ Փափագելով հեռուները, հեռաստաններն ու հեռավոր տեսարանները՝ օգտագործում էի ամեն հնարավորություն, որն ինձ կտաներ՝ ինձ միայն կամ մորս ձեռքը բռնած, դուրս Լաբեսվեգից, մեր բակի խոհարարների բոլոր խարդավանքերից։ Շաբաթվա յուրաքանչյուր հինգշաբթի օրերին մայրս քաղաքում գնումներ էր կատարում։ Առավել հաճախ նա ինձ իր հետ էր վերցնում, երբ նախատեսվում էր ածխի շուկայի Յոգհաուս֊պասաժում Սիգիզմունդ Մարկուսի մոտից թմբուկ գնել։ Այդ ժամանակներում, մոտավորապես իմ կյանքի յոթերորդ ու տասներորդ տարիների մինջև ընկած ժամանակահատվածում, ես թմբուկը ոչնչացնում էի մոտավորապես տասնչորս օրվա ընթացքում։ Տասը֊տասնչորս տարեկան հասակաում ինձնից նույնիսկ մեկ շաբաթ չէր պահանջվում, որպեսզի ծակեմ թիթեղը։ Ավելի ուշ ինձ երբեմն հաջողվում էր թմբուկը անպիտան իր դարձնել առաջին իսկ հարվածով, իսկ երբեմն, երբ հոգիս գտնվում էր հավասարակշռված վիճակում, երեք և նույնիսկ չորս ամիս խնամքով, սակայն և միաժամանակ տքնաջան թմբկահարել իմ թիթեղիկին՝ որևէ վնաս (եթե չհաշվենք լաքի վրա ոչ մեծ ճաքերը) չպատճառելով։ Սակայն խասքը այստեղ ոչ այն ժամանակահատվածի մասին է, երբ ես լքում էի մեր՝ գորգեր թափ տալու համար նախատեսված ձողափայտով, մեխեր ուղղող ծերունի Հայլանդով, ապուրներ հայտնագործող թոկից փախածների բակը, որպեսզի ամեն երկու շաբաթը մեկ մորս ուղեկցությամբ հայտնվեմ Սիգիզմունդ Մարկուսի մոտ և մանկական թմբուկների հարուստ տեսականուց ինձ համար ընտրեմ նորը։ Երբեմն մայրիկս ինձ վերցնում էր իր հետ, երբ դեռ հինը նույնպես պատշաճ տեսք ուներ, և ես այդ այցերով հաճույք էի ստանում Հին քաղաքի խայտաբղետությունից, որը միշտ թանգարան էր հիշեցնում և անպայմանորեն ղողանջեցնում իր զանգերից որևէ մեկը։ Մեր ելքերը մեծամասամբ ընթանում էին հաճելի միանմանության մեջ։ Ինչ֊որ գնումներ Լյայզերի, Շթերնֆելդի կամ Մախվիցի մոտից, այնուհետև Մարկուսի մոտ, որը որպես կանոն, քաղաքավարի նրբաճաշակ ու հաճոյախոսական խոսքեր էր ասում մորս։ Նա ակնհայտորեն սիրահետում էր նրան, սակայն, որքան հիշում եմ, երբեք իրեն թույլ չէր տալիս իր հիացմունքները ավելի կրքոտ ձևով արտահայտել, քան ջերմությամբ բռնելով ոսկե (ինչպես ինքն էր անվանում) ձեռքը, այն անձայն հմբուրելը։ Ոչ մի անգամ, եթե չհաշվենք ծնկի իջնելու այն մեկ դեպքը, որի մասին էլ այժմ կգնա խոսքը։ Կոլյայչեկ տատիկից ժառանգելով լավ ձևած բարեկազմ մարմին և հաճելի թեթևամտություն, որոնք միավորված էին բարեհոգության հետ, մայրս առավել ևս հաճույքով էր ընդունում Սիգիզմունդ Մարկուսի հիացմունքները, քանի որ վերջինս ժամանակ առ ժամանակ մորս ոչ թե մատակարարում, այլ ավելի շուտ անվճար նվիրում էր մետաքսե թելեր կամ հրաշալի գուլպաներ, որոնք նա առիթի դեպքում գնում էր հնոտիների շուկայից։ Էլ չասենք երկու շաբաթը մեկ վաճառասեղանի ետևից մատուցվող թիթեղյա թմբուկների մասին։ Եվ իր յուրաքանչյուր այցի ժամանակ մայրիկս ճիշտ ժամը չորսն անց կեսին Սիգիզմունդից թույլտվություն էր խնդրում Օսկարին նրա խնամքի տակ թողնելու համար, քանի որ ինքը պետք է ևս մի քանի շտապ գործեր կարգավորի։ Մարկուսը մի անհասկանալի քմծիծաղով խոնարհում էր գլուխը և ամենածաղկավոր արտահայտություններով խոստանում էր մորս Օսկարին պահպանել աչքի լույսի պես՝ մինչև որ նա կարգավորեր իր այդքան կարևոր գործերը։ Հազիվ նկատելի, բայց ոչ վիրավորական հեգնանքը, որը նրա խոսքերին առանձնահատուկ երանգ էր հաղորդում, երբեմն մորս ստիպում էր կարմրել ու կասկածել, որ Մարկուսը գիտի, թե ինչ գործեր են դրանք։ Սակայն, ես ևս գիտեի, թե այդ ինչ գործեր էին, որոնք այդքան ջանասիրաբար կարգավորում էր մայրս՝ դրանք կարևոր անվանելով։ Զուր չէր ու սկբզնական շրջանում ինձ թույլ էր տրվում Թիշլերգասե փողոցում գտնվող էժանագին հանրակացարան ուղեկցել մորս, որտեղ նա անհետանում էր աստիճանների մատույցներում և մոտ քառասունհինգ րոպե չէր վերադառնում՝ ինձ ստիպելով իրեն սպասել մշտապես լիկյոր կոնծող տիրուհու կողքին, առանց մի որևէ խոսքի՝ մինչև գրեթե չփոխված մայրս հայտնվում էր իմ առջև և հրաժեշտ տալով աչքերը բաժակից վեր բարձրացնող տիրուհուն, բռնում էր իմ ձեռքից՝ չկռահելով, որ նույնիսկ ձեռքի ջերմաստիճանն է մատնում իրեն։ Այնուհետև ձեռք֊ձեռքի տված մենք գնում էինք Վոլվեբերգասե փողոցի Վայցեկի սրճարանը։ Մայրս իր համար պատվիրում էր մոկկո սուտճ, Օսկարին լիմոնի պաղպաղակ և սպասում, մինչև հանկարծ և կարծես թե պատահմամբ Յանը անցեր կողքով, և նստեր մեր սեղանի մոտ և ճիշտ նույն ձևով պատվիրեր մոկկայի գավաթ և այն դներ սառը մարմարյա սեղանին։ Նրանք խոսում էին իմ ներկայությամբ առանց որևէ ամոթխածության, և նրանց խոսքերը ընդամենը հաստատում էին այն, ինչը ես արդեն վաղուց գիտեի, մայրիկը և Յան մորեղբայրը հանդիպում են գրեթե ամեն հինգշաբթի, Յանի կողմից վարձված Թիշլերգասե փողոցում գտնվող սենյակում, որպեսզի այնտեղ քառասունհինգ րոպե միմյանց հետ մեղք գործեն։ Հնարավոր է, որ Յանը ցանկություն հայտնեց այլևս ինձ Թիշլերգասե, իսկ դրանից հետո Վայցեկի սրճարան չտանել։ Երբեմն նա շատ ամոթխած էր դառնում, առավել ամոթխած, քան մայրս, որը ոչ մի արտասովոր բան չէր տեսնում նրանում, որ ես ակամայից դառնում եմ սիրո նվազող ժամվա ականատեսը, որի օրինականության մեջ նա խորապես համոզված էր նաև հետագայում։ Ահա հենց այդպես ստացվեց, որ ես գրեթե յուրաքանչյուր հինգշաբթի Յանի ցանկությամբ չորսն անց կեսից մինչև վեցին մոտ ցցված էի մնում Սիգիզմունդ Մարկուսի մոտ և կարող էի զննել նրա թմբուկների տեսականին, կարող էի փորձել, կարող էի միանգամից (իսկ էլ որտեղ էին Օսկարին այդպիսի հնարավորություններ ընձեռում) թմբկահարել մի քանի թմբուկների վրա և ընդ որում նայել Մարկուսի շան պես թախծոտ դեմքին։ Թող որ ես նույնիսկ չգիտեի, թե որտեղից են գալիս նրա մտքերը, դրա փոխարեն կռահում էի, թե ուր են դրանք գնում։ Դրանք գնում էին դեպի Թիշլերգասե, քերվում են այնտեղի համարակալված դռներին կամ աղքատ Ղազարոսի նման, կուչ եկած պառկում էին Վայցեկի սրճարանի մարմարյա սեղանի տակ, սպասելով․․․ բայց ինչի՞։ Սեղանի վրայի փշրանքների՞ն։ Սակայն մայրս ու Յանը փշրանքներ չէին թողնում։ Նրանք ինքներն էին ամեն ինչ մինչև վերջ ուտում։ Նրանք օժտված էին գերազանց ախորժակով, որը հնարավոր չէ հագեցնել, որն ինքն իր պոչն է կծում։ Նրանք այնքան զբաղված էին, որ նույնիսկ սեղանի ետևում նստած Մարկուսի մտքերը կընդունեին որպես թեթև միջանցիկ քամու հոգնեցուցիչ քնքշություն։ Այդպիսի օրերից մի օր, իմ կարծիքով դեպքը տեղի էր ունենում սեպտեմբերին, քանզի մայրիկս Մարկուսի կրպակը լքեց ժանգոտ֊կարմրավուն գույնի աշնանային կոստյումով, ինձ, քանի որ ես գիտեի, որ մառացված, վայր գցված, և հավանաբար կորած Մարկուսը նստած է վաճառասեղանի ետևում, հենց նոր ձեռք բերված թմբուկների հետ դուրս բերեց դեպի Յոյգհաուս֊պասաժ՝ սառը և զովացուցիչ մի թունել, որի երկու կողմերում գտնվող ոսկերչական, նրբահամ կերակուրների նրբաճաշակ խանութները և գրադարանները իրենց ցուցափեղկերով սեղմվել էին միմյանց։ Այնուամենայնիվ, ես չէի ձգվում դեպի ակնհայտորեն էժանագին, սակայն ինձ համար անմատչելի երեսպատված ցուցափեղկերը, ոչ, ես ձգտում էի դուրս գալ թունելից դեպի ածխի շուկա։ Դուրս գալով այդ փոշոտ լույսի տակ՝ ես անշարժացա Յոյգհաուսի ճակատային մասի դիմաց, որի բազալտային գորշությունը գիրուցված էր տարբեր չափերի թնդանոթային արկերով, տարբեր ժամանակների պաշարումներից, այն բանի համար, որպեսզի այդ երկաթյա կիսագնդերը ամեն մի անցորդի հիշողության մեջ արթնացնեն քաղաքի պատմությունը։ Ինձ այդ արկերը ոչինչ չէին ասում՝ չնայած ես գիտեի, որ դրանք պատի մեջ ինքնուրույնաբար չեն ցցված, որ այս քաղաքում կա որմնադիր, որին պահում ու վճարում է վերգետնյա շինարարության վարչությունը հուշարձանների պահպանության վարչության հետ համատեղ, որպեսզի նա անցած դարերի զենքը շարի եկեղեցիների ու քաղաքապետարանների ճակատային մասերի, ինչպես նաև Յոյգհաուսի դիմային ու ետին պատերի մեջ։ Ես ուզում էի գնալ քաղաքային թատրոն, որն իր շքամուտքը ի ցույց էր դրել աջ կողմից, որը Յոյգհաուսից բաժանվում էր նեղ, կիսախավար նրբանցքով։ Քանի որ թատրոնը, ինչպես ես հենց կարծում էի, պարզվեց, որ այդ ժամանակ փակ էր, երեկոյան դրամարկղը բացվում էր միայն ժամը յոթին, ես անվճռականորեն, արդեն իսկ մտածելով նահանջի մասին և թմբկահարելով, սկսեցի տեղափսխվել դեպի ձախ, որտեղ Օսկարը այլևս չէր գտնվի Փուլավոր աշտարակի ու Լանգասեի դարպասների միջև։ Ես չհամարձակվեցի անցենլ Լանգասեի դարպասների միջով, իսկ այնուհետև թեքվել ձախ, դեպի մեծ Վոլվեբերգրասե, որովհետև այնտեղ նստած էին մայրիկս ու Յանը։ Իսկ եթե նույնիսկ դեռ նստած չէին, ապա հնարավոր է, որ արդեն Թիշլերգրասեում գործերը հասցրել էին ավարտել, գտնվում էին դեպի մարմարյա սեղանիկի վրայի թարմացնող մոկկա սուրճի գավաթը տանող ճանապարհին։ Արդեն չեմ հիշում, թե ես ինչպես անցա Ածխի շուկայի բանուկ մասը, որտեղ մշտապես դես ու դեն վազող տրամվայները, ցանկանալով կամ հատել֊անցնել դարպասների միջով, կամ զանգեր հնչեցնելով արդեն դուրս էին գալիս նրանց միջից և շրջադարձերի ժամանակ ճռնչյունով թեքվում էին դեպի Ածխի շուկա, դեպի փայտամթերքի շուկա, Գլխավոր երկաթուղային կայարանի կողմը։ Հավաաբար ինչ֊որ մի մեծահասակ, հնարավոր է ոստիկան, ձեռքիցս բռնեց ու հոգատարությամբ անցկացրեց տրանսպորտային վտանգների միջով։ Ահա և ես կանգնած էի կտրուկ երկնքին դեմ առած աղյուսե աշտարակի դիմաց և, ճիշտ ասած, միայն զուտ պատահականության արդյունքում, ինձ հաղթահարած ձանձրույթի պատճառով թիթեղի փայտիկները մտցրեցի աղյուսների ու դեպի աշտարակը տանող երկաթյա դռան կողասյան արանքը։ Սակայն հայացքս աղյուսների վրայով տանելով դեպի վեր, ես անկարող էի նրան տանել ճակատային մասի երկայնքով, որովհետև աշտարակի ելուստներից ու հրակնատների միջից ժամանակ առ ժամանակ ցած էին թափվում աղավնիները, որպեսզի առանց հապաղելու և իրենց աղավնային ձևով մի կարճ ժամանակ հանգստանան ջրահեռացման փողրակների ու էրկերների վրա, իսկ հետո կրկին, քարի վրայից ցած նետվելով, իմ հայացքը տանեն իրենց ետևից։ Աղավնիների իրարանցումը ինձ ջղայնացնում էր։ Ես չափից դուրս խղճում էի իմ հայացքին և այն շրջեցի մի կողմ ու լրջությամբ, որպեսզի ազատվեի բարկությունից, իմ փայտիկները օգտագործեցի որպես լծակ։ Դուռը ընկրկեց, և Օսկարը, դեռ այն մինչև վերջ բացել չհասցրած, հայտնվեց աշտարակի ներսում, ոլորապտույտ աստիճանների վրա և արդեն բարձրանում էր՝ առաջ մղելով աջ ոտքն ու նրան մոտ ձգելով ձախը, հասավ առաջին ճաղապատված զնդաններին, պտտվելով բարձրացավ վեր։ Ետևում թողնելով խոշտանգումների խուցը, որտեղ տեղավորված էին խնամքով պահպանված և խրատական գրություններով մատակարարված գործիքները, բարձրացավ էլի վեր՝ այժմ քայլելով ձախ ոտքից և վեր ձգելով աջը։ Հայացք նետեց նեղ ճաղապատ պատուհանների միջով, մոտավորապես հաշվարկեց բարձրությունը, գնահատեց քարե պատի հաստությունը, վախեցրեց աղավնիներին, այդ նույն աղավնիներին հանդիպեց աստիճանի հերթական պտույտի մյուս կողմում, կրկին քայլեց աջ ոտքից՝ առաջ ձգելով ձախը և երբ հերթական անգամ փոխեց ոտքը, Օսկարը հայտնվեց վերևում և կարող էր դեռ էլի ու էլի բարձրանալ՝ չնայած թե՛ աջ և թե՛ ձախ ոտքերը զգալիորեն ծանրացել էին։ Սակայն աստիճանն ինքը ժամանակից շուտ հանձնվեց։ Եվ նա հասկացավ աշտարակային ճարտարապետության ամբողջ անիմաստությունն ու անզորությունը։ Չգիտեմ, թե ինչ բարձրություն էր ունեցել, ինչպես նաև ունի, աշտարակը, քանի որ այն վերապրել է պատերազմը։ Ես ցանկություն չունեմ խնդրել Բրունոյին՝ իմ հիվանդապահին, որպեսզի ինձ բերի արևելագերմանական աղյուսե գոթիկայի վերաբերյալ մի որևէ տեղեկատու։ Դե իսկ սրաձողի հետ միասին իր քառասունհինգ մետրերը նա թերևս ուներ։ Ես ստիպված եղա աշտարակը գոտևորող տանիքի վերնասրահի վրա հապաղել, և դրա պատճառը ժամկետից շուտ հոգեմաշ արած աստիճանն էր։ Ես նստեցի, ոտքերս խցկեցի ձևավոր ճաղաշարքի փոքրիկ սյուների միջև, թեքվեցի առաջ ու սյունի կողքով, որին ես փաթաթվեցի աջ ձեռքով, նայեցի ներքև՝ Ածխի շուկային, այն ժամանակ երբ ձախ ձեռքս հավաստիանում էր ինձ հետ ողջ բարձրունքը հաղթահարած թմբուկս տեղում լինելու մեջ։ Ես մտադիր չեմ ձանձրացնել բազմաշտարակ, զանգակներով շչացող հնագույն ու իբր թե մինչ օրս միջնադարյան շունչը պահպանած, հազարավոր լիովին վայելուչ փորագրանկարների վրա պատկերված Դանցիգ քաղաքի՝ թռչունի թռիչքի բարձրությունից արված նկարագրությամբ։ Ես չեմ զբաղվի նաև աղավնիներով, որքան էլ պնդեն, թե իբր աղավնիների մասին գրելը հեշտ է։ Աղավնին անձամբ ինձ ոչինչ չի ասում, թերևս ավելի շուտ՝ ճայը։ «Խաղաղության աղավնի» արտահայտությունը գուցե արդարացի է միայն որպես պարադոքդ։ Խաղաղության բարի լուրը ես ավելի շուտ կվստահեի շահենին կամ էլ երկնաբարձրունքի կռվասեր բնակչին, քան աղավնուն։ Կարճ ասած, Հարկաշար աշտարակի վրա գտնվում էին աղավնիներ։ Սակայն աղավնիներ վերջ ի վերջո կան ցանկացած, շատ թե քիչ կարգին, աշտարակի վրա, որը, հուշարձանների պաշտպանների աջակցությամբ, հետևում է իր արտաքին տեսքին։ Ոչ, իմ հայացքը ուղղված էր այլ բանի վրա․ Քաղաքային թատրոնի վրա, որի դռները ես, դուրս գալով Յոյգհաուզ֊պասաժից, փակ գտա։ Այդ գմբեթով պսակված շինությունը սարսափելի նման էր անհեթեթության աստիճան մեծացրած կլասիցիզմի ոճի սրճաղացի։ Թեև, իհարկե, գմբեթին պակասում էր ձեռքի բռնիչը, որն անհրաժեշտ էր, որպեսզի յուրաքանչյուր երեկո մուսաներով գերլցված տաճարուն աղացվեր հինգակտանոց դրամայի կտորները՝ միմոսների, կուլիսների, հուշարարների, բեմական կահավորանքի ու բոլոր վարագույրների հետ միասին։ Ինձ զայրացնում էր այդ շենքը, որտեղ դեպի մայրամուտ գնացող և ավելի ու ավելի բոսոր ճառագող ետկեսօրյա արևը ոչ մի կերպ չի ցանկանում լքել սյուներով երիզված պատուհանները։ Ածխի շուկայի վերևում, մոտավորապես երեսուն մետր բարձրությամբ, տրամվայների գծերի վերևում, աշխատանքային օրվա ավարտի առթիվ ուրախացած ծառայողների վերևում, Մարկուսի՝ քաղցր բուրող մանրուքի կրպակից վեր, Վայցեկի սրճարանի պաղ մարմարյա սեղանիկի վերևում, խոյանալով երկու մոկկայի գավաթների վրա, մայրիկի և Յանի վրա, ներքևում թողնելով մեր տունը, բակը, բոլոր բակերը, մեխերը՝ ծռվածներն ու ուղիղները, հարևանների երեխաներին՝ իրենց աղյուսից պատրաստված ապուրի հետ միասին, ես (ով մինչ այժմ գոռում էր միայն անհրաժեշտության դեպքում) դարձա առանց պատճառի գոռացող։ Եթե նախքան աշտարակի վրա բարձրանալը ես իմ խոցող ձայնն էի ուղղում բաժակին, լամպին, երկար չբանեցված գարեջրի շշերին, միայն այն ժամանակ, երբ ինձանից փորձում էին խլել թմբուկը, ապա այժմ ես գոռացի աշտարակից՝ չնայած իմ թմբուկն այստեղ ոչ մի կապ չուներ։ Ոչ ոք չէր պատրաստվում Օսկարի ձեռքից խլել թմբուկը, և, այնուամենայնիվ, նա գոռաց, նույնիսկ ոչ այն պատճառով, որ ինչ֊որ մի աղունիկ վերից նրա թմբուկի վրա էր ծրտել, ցանկանալով նրանից գոռոց կորզել։ Ճիշտ է, մոտակայքում պղնձյա թիթեղների վրա փառ էր բռնել, փառ, սակայն ոչ ապակի։ Բայց և այնպես Օսկարը գոռաց։ Ո՞ւր էր նա գոռում, ինչպիսի՞ հեռավորություն էր նրան հրապուրում։ Միգուցե այստեղ սպասվում էր նպատակասլաց վերականգնումը այն ամենի, ինչը ձեղնահարկում՝ աղյուսե ապուրով կերակրելուց հետո, անօգուտ թռավ֊անցավ բակերի վրայով։ Ո՞ր ապակու վրա էր նշան բռնել Օսկարը։ Ո՞ր ապակու վրա (խոսքը կարող էր միայն ապակու մասին լինել) էր ցանկանում փորձարարություն կատարել։ Դա քաղաքային թատրոնն էր, դա դրամատիկական սրճաղացն էր, որ իր մայրամուտե ապակիներով ձգում էր իր նոր ի հայտ եկած, առաջին անգամ մեր ձեղնահարկում փորձարկված, և նույնիսկ կասեի մանյերության գոռգոռոցից հետո, որը սակայն ոչնչի չհանգեցրեց, ինձ հաջողվեց արտաբերել գրեթե անձայն գոռոց, և Օսկարը ուրախությամբ ու դավաճանական հպարտությամբ կարող էր իրեն զեկուցել․ ճեմասրահի բաց պատուհանի երկու միջին ապակիները ստիպված եղան հրաժարվել արևի լույսից և նրա հայացքին ներկայացրին երկու սև, արագ ապակեպատում պահանջող քառանկյունիներ։ Հաջողությունը այժմ պետք է ամրապնդել։ Ես հանդես էի գալիս ժամանակակից նկարչի պես, որը ցուցադրում է իր՝ երկար տարիների փնտրտուկից հետո գտած ոճը՝ ապշած աշխարհին պարգևելով իր հավասարապես չքնաղ, հավասարապես հանդուգն, հավասարազոր, իսկ երբեմն նույնիսկ նաև հավասարամեծ ստեղծագործական ոճի մի ողջ սերիա։ Քառորդ ժամից քիչ ժամանակահատվածում ինձ հաջողվեց ապակիներից զրկել ճեմասրահի բոլոր պատուհանները և դռների մի մասը։ Թատրոնի դիմաց սկսեց հավաքվել անհանգստացած, ինչպես կարելի էր դատել այստեղից նայելով, ամբոխը։ Միշտ էլ բերանբացներ կգտնվեն։ Իմ արվեստի երկրպագուները ինձ այնքան էլ չէին գրավում, մինչդեռ Օսկարին նրանք դրդեցին գործել էլ ավելի խիստ ու էլ ավելի ձևական։ Նոր էի ես մտադրվել ևս մի հանդուգն փորձարարություն կատարել, մերկացնել իրերի ներքին էությունը, իսկ բաց ճեմասրահի միջով, դռների բանալու անցքով դեպի դեռևս մութ հանդիսասրահ ուղարկել մի առանձնահատուկ գոռոց՝ խոցելու համար բոլոր աբոնեմենտ պահողների հպարտությունը՝ իր, հայելային արտացոլումով լույսը բեկող, թատերական ջահը, երբ թատրոնի դիմացի ամբոխի մեջ նկատեցի ժանգակարմրավուն շորը․ դա մայրիկս էր, որը սուրճ խմելով ու Յանին լքելով, Վայցկեի սրճարանից անցնում էր հետադարձ ուղին։ Չի կարելի սակայն չխոստովանել, որ Օսկարը ճոխ ջահին հասցեագրեց իր գոռոցը։ Սակայն դատելով ամեն ինչից, նա այստեղ հաջողություն չունեցավ, քանզի հաջորդ օրը թերթերը տեղեկացրին միայն խորհրդավոր պատճառներով ճեմասրահի պատուհանների ու դռների մասին։ Մամուլի ֆելիետոնյան բաժնի կիսագիտական ու գիտական որոնումները դեռ շատ շաբաթներ սյունակները լրացնում էին անհավանական հիմարություններով։ Այսպես, «Նորագույն լուրերը» բացատրության համար օգտագործում էին տիեզերական ճառագայթների գաղափարը։ Աստղադիտարանից մարդիկ, այլ խոսքերով բարձր որակավորում ունեցող մտավոր աշխատանքի գործիչները, խորհում էին արևի վրայի բծերի մասին։ Այն ողջ արագությամբ, ինչը միայն թույլ էին տալիս իմ կարճ ոտքերը, ես ապարդյուն աստիճաններից գլորվեցի ներքև և, փոքր֊ինչ խեղդվելով, խառնվեցի թատերական շքամուտքի դիմացի ամբոխին։ Մայրիկիս ժանգակարմիր աշնանային լրակազմությունը այլևս ամբոխի միջից չէր փայլում՝ կա֊չկա նա Մարկուսի կրպակում է, հնարավոր է, որ այնտեղ պատմում է այն դժբախտությունների մասին, որոնց մեղավորը իմ ձայնն էր, իսկ Մարկուսը, որը թե՛ իմ ուշացած զարգացումը և թե՛ ձայնիս միջի ալմաստը ընդունում է որպես լիովին բնական մի բան, այժմ երևի շարժում է լեզվի ծայրով և շփում դեղնասպիտակավուն ձեռքերը։ Սակայն կրպակի շեմին իմ հայացքի առջև ներկայացավ այնպիսի տեսարան, որն անմիջապես ինձ ստիպեց մոռանալ հեռավորության վրա ապակի կտրող ձայնի մասին, քանզի Սիգիզմունդ Մարկուսը կանգնած էր մորս առջև, ծնկների վրա և բոլոր շորե գազանները, արջերը, կապիկները, շները, նույնիսկ փակվող աչքերով տիկնիկները, նույնպես և հրշեջ մեքենաները, և ճոճվող ձիուկները, և նրա կրպակը պահպանող բոլոր խեղկատակները թվում էր, թե նույնպես պատրաստ են նրա հետ ընկնել ծնկներին։ Նա երկու ձեռքով սեղմում էր մորս երկու ձեռքերը, ցուցադրելով ափի ետևի մասի շագանակագույն, բաց գույնի աղվամազով ծածկված բծերը և լաց էր լինում։ Մայրիկս ևս ուներ զայրացած իրավիճակին համապատասխանող հայացք։ ― Պետք չէ, Մարկուս, ― ասում էր նա, խնդրում եմ, պետք չէ այստեղ կրպակում։ Սակայն Մարկուսը չէր հանգստանում և նրա խոսքերում հնչում էր ինձ համար անմոռանալի, կախարդող և միաժամանակ չափազանցված երանգավորում։ ― Այլևս Բրոնսկու հետ դա մի արեք, չէ՞ որ նա աշխատում է Լեհական փոստատանը, Լեհական, դա լավ չի վերջանա, հավատացեք ինձ, որովհետև նա լեհերի հետ է։ Խաղագումար մի դրեք լեհերի վրա, իսկ եթե ուզում եք խաղագումար դնել, դրեք գերմանացիների վրա, քանի որ նրանք արդեն բարձրանում, նրանք արդեն երևում են, իսկ ֆրաու Ագնեսը դեռևս խաղագումար է դնում Բրոնսկու վրա։ Այդ դեպքում դրեք Մացերատի վրա, նա ձեզ մոտ կա, եթե ուզում եք անպատճառ դնել, կամ, եթե, իհարկե, ցանկանաք, դրեք Մարկուսի վրա և եղեք Մարկուսի հետ, որովհետև նա քիչ ժամանակ առաջ կնքվել է։ Կգնանք ձեզ հետ Լոնդոն, ֆրաու Ագնես, ես այնտեղ ունեմ իմ մարդիկ, և կան փաստաթղթեր, եթե միայն ցանկանաք գնալ, իսկ եթե դուք չեք ուզում Մարկուսի հետ, որովհետև նրան արհամարհում եք, դե այն ժամանակ արհամարհեք։ Միայն թե նա ողջ սրտով խնդրում է ձեզ, որպեսզի դուք խաղագումար չդնեք այդ հոգեկան Բրոնսկու վրա, որն այդպես էլ կմնա Լեհական փոստատանը կից, իսկ Լեհաստանի վերջը մոտ է, քանի որ նրանք՝ գերմանացիները շուտով կգան։ Սակայն, հենց որ հնարավորությունների ու անհնարինությունների այդ քանակությամբ ցնցված մայրս ուզում էր լաց լինել, կրպակի դռների մեջ ինձ տեսնելով, Մարկուսը, բաց թողնելով մայրիկիս ձեռքը, իր հինգ բազմանշանակ մատներով ցույց տվեց ինձ։ ― Ահա խնդրեմ, նրան մենք ևս կտանենք Լոնդոն, թող այնտեղ արքայազնի պես ապրի, արքայազնի պես։ Այստեղ մայրիկս էլ նայեց ինձ և հազիվ նկատելի ժպտաց։ Միգուցե մտածեց ճեմասրահի դատարկ պատուհանների մասին, իսկ, գուցե, մեկ այլ մայրաքաղաքի՝ Լոնդոնի տեսարաններն էին նրան ուրախացրել։ Սակայն, ի մեծ զարմանք ինձ, նա շարժեց գլուխը ու անփութորեն, կարծես հրաժարվելով պարի հրավերից, ասաց․ ― Շնորհակալություն ձեզ, Մարկուս, սակայն իրականում մեզ մոտ ոչինչ չի ստացվի Բրոնսկու պատճառով։ Մորեղբորս անունը որպես ազդանշան ընկալելով՝ Մարկուսը արագ վեր բարձրացավ ծնկներից, դանակի պես ծալվեց և խոնարհվելով արտաբերեց․ ― Դուք եք խնդրել Մարկուսի վրա չբարկանալ, ես այդպես էլ կարծում էի, որ դուք նրա պատճառով չեք ուզում։ Երբ մենք դուրս եկանք պասաժի կրպակից, Մարկուսը, չնայած ժամանակը դեռ չէր եկել, դրսից այն փակեց և ուղեկցեց մեզ մինչև հինգերորդ տրամվայի կանգառը։ Քաղաքային թատրոնի շենքի դիմաց մինչև այժմ կանգնած էին անցորդները և մի քանի ոստիկան։ Սակայն ես չէի վախենում և գրեթե չէի հիշում ապակու հանդեպ իմ հաղթանակի մասին։ Թեքվելով իմ կողմը՝ Մարկուսը ավելի շուտ իր, քան մեզ համար շշնջաց․ ― Մեր Օսկարը ամեն ինչ կարողանում է։ Թմբուկ է խփում և թատրոնի առջև աղմկոտ իրարանցում ստեղծում։ Մորս, որը բեկորներ տեսնելիս նկատելի անհանգստություն էր ցուցաբերում, նա ձեռքի շարժումով հանգստացրեց, իսկ երբ եկավ տրամվայը, և մենք նստեցինք կցորդ վագոնի մեջ, նա ցածրաձայն, կարծես օտար ականջներից վախենալով, կրկին ներողություն խնդրեց․ ― Դե լավ, ինչ արած, մնացեք Մացերատի հետ, որին դուք ունեք, իսկ Լեհաստանի վրա այլևս մի դրեք․․․ Երբ այսօր իր մետաղյա մահճակալի մեջ պառկած կամ նստած, սակայն թմբուկը ևս ցանկացած այդ դիրքերից մեկում էր, Օսկարը կրկին փնտրում է դեպի Յոյգհաուս֊պասաժ տանող ուղին, դեպի Հարկաշարք աշտարակի զնդանների պատերի վրայի խզբզոցները, դեպի բուն աշտարակի՝ յուղով պատված խոշտանգումների գործիքները, դեպի քաղաքային թատրոնի ճեմասրահի սյուների ետևի երեք պատուհանները և կրկին դեպի Յոյգհաուս֊պասաժ ու Սիգիզմունդ Մարկուսի կրպակը։ Եվ որպեսզի կարողանա ճիշտ վերարտադրել այն սեպտեմբերյան օրվա առանձին դրվագները, նա ստիպված էր միաժամանակ փնտրել լեհերի երկիրը։ Չնայած ինչո՞վ է նա այն փնտրում։ Դե իհարկե, իր թմբուկի փայտիկներով։ Նա այն փնտրում է զգայության օրգաններով՝ սակայն չէ՞ որ հոգին օրգան չէ։ Ես էլ փնտրում եմ լեհերի երկիրը, որը «կործանվել է»։ Այստեղ՝ այս երկրում, սկսել են վարկերի, լուսանկարչական ապարատների, կողմնացույցների, ռադարների, կախարդական փայտիկների ու պատգամախմբերի, մարդասիրության, ընդդիմության առաջնորդների և արտաքսվածների միության օգնությամբ, որտեղ մինչև հարմար ժամանակների գալը, ազգային տարազները դարսել են նաֆթալինի մեջ։ Քանի որ այստեղ՝ այս երկրում, լեհերի երկիրը հոգով են փնտրում կիսով չափ Շոպենին ունենալով սրտերում, կիսով չափ փոխհատուցման գաղափարներով, քանի դեռ նրանք խաչը դնում են Լեհաստանի չորս բաժինների վրա և նույնիսկ խորհում հինգերորդը, քանի դեռ նրանք Վարշավա են թռչում «Էյր Ֆրանսի» ինքնաթիռներով և ափսոսանք են հայտնում՝ ծաղկեպսակ դնելով այն տեղում, որտեղ երբեք Վարշավան առանձնաթաղ չի եղել։ Քանի դեռ այս երկրում մտադիր են լեհերի երկիրը փնտրել ինքնաթիռների օգնությամբ, ես Լեհաստանը փնտրում եմ իմ թմբուկի վրա ու թմբկահարում եմ՝ կործանվել է, դեռ չի կործանվել, կրկին է կործանվել, հանուն ում է կործանվել, շուտով կկործանվի, արդեն կործանվել է։ Լեհաստանը կործանվել է, ամեն ինչն է կործանվել․ «Լեհաստանը դեռ չի կործանվել»։