Կուտակման կամ հավելյալ արժեքի՝ կապիտալի հետադարձ փոխարկման մերձավոր սահմանումին անցնելուց առաջ անհրաժեշտ է վերացնել կլասիկ քաղաքատնտեսության ծնած երկիմաստությունը։
Որչափով այն ապրանքները, որ կապիտալիստը հավելյալ արժեքի մի մասով դնում է սեփական սպառման համար, չեն կարող նրա համար արտադրության և արժեքի աճման միջոցներ ծառայել, նույն չափով էլ իր բնական ու սոցիալական պահանջմունքները բավարարելու համար նրա գնած աշխատանքը արտադրողական աշխատանք չէ։ Այդպիսի ապրանքներ կամ աշխատանք գնելով կապիտալիստը նրանց վրա գործադրած հավելյալ արժեքը չի դարձնում կապիտալ, այլ, ընդհակառակը, այն սպառում կամ ծախսում է որպես եկամուտ։ Հակառակ հին-ազնվական սկզբունքի, որի էությունը, ըստ Հեգելի իրավացի դիտողության, «առկա բարիքների սպառումն է» և որըառանձնապես ցայտունորեն երևան է գալիս անձնական սպասարկումների շքեղության մեջ, բուրժուական քաղաքատնտեսությունը բացառապես կարևոր է համարել ազդարարել ու անդուլ քարոզել, թե կապիտալի կուտակումը քաղաքացու առաջին պարտականությունն է. չի կարող կուտակել նա՛, ով ուտում է իր ամբողջ եկամուտը՝ փոխանակ դրա մի զգալի մասը ծախսելու լրացուցիչ արտադրողական բանվորներ ձեռք բերելու վրա, որոնք ավելի օգուտ են բերում, քան իրենք նստում են դնողի վրա։ Մյուս կողմից, քաղաքատնտեսությունը ստիպված էր պայքարելու ժողովրդական այն նախապաշարմունքի դեմ, որը կապիտալիստական արտադրությունը շփոթում է գանձի կուտակման հետ<ref>«Մեր ժամանակի ոչ մի տնտեսագետ չի կարող տնտեսում ասելով սոսկ գանձի կուտակում հասկանալ. բայց, տվյալ տերմինի այդ սահմանափակ ու անբավարար գործածությունից դուրս, այն կիրառելով ազգային հարստության նկատմամբ, կարելի է պատկերացնել միայն մեկ նշանակություն, հենց այն, որը բխում է տնտեսածի տարբեր գործադրությունից և հիմնվում է տնտեսումների հաշվին վճարվող աշխատանքի տեսակների իրական զանազանության վրա» (Malthus: «Principles of Political Economy», էջ 38—39)։<br>28a Այսպես, Բալզակի մոտ, որը հիմնավորապես ուսումնասիրել էր ժլատության բոլոր երանգները, հին վաշխառու Գոբսեկը պատկերվում է որպես արդեն երեխայացած այն շրջանում, երբ նա սկսում է գանձեր ստեղծել՝ ապրանքները դիզելով։</ref>, ուստի և գտնում է, որ կուտակված հարստությունը մի հարստություն է, որը պաշտպանված է քայքայումից իր տվյալ նատուրալ ձևի մեջ և, հետևապես, հանված է սպառման ոլորտից և նույնիսկ շրջանառության ոլորտից։ Իրականում փողը շրջանառության ոլորտից հանելը նրա՝ որպես կապիտալի գործադրման ճիշտ հակադրությունը կլիներ, իսկ ապրանքների կուտակումը գանձի կուտակման իմաստով՝ զտագույն անմտություն կլիներ [''Տես 28a ծանոթ.'']։ Զգալի քանակությամբ ապրանքների կուտակումը շրջանառության դադարի կամ գերարտադրության հետևանք է<ref>«Պաշարների կուտակում... փոխանակության դադար... գերարտադրություն» (Th. Corbet: «An Inquiry into the Causes and Modes of the Wealth of Individuals». London 1841, էջ 104)։</ref>։ Ինչպես էլ որ լինի, ժողովրդի երևակայության մեջ, մի կողմից, սավառնում է հարուստների մոտ կուտակվող սպառողական ֆոնդերի պատկերը, այն ֆոնդերի, որոնք դանդաղորեն սպառվող բարիքների կույտ են կազմում, մյուս կողմից՝ պաշարներ կազմելու պատկերը, մի երեվույթ, որը հատուկ է արտադրության բոլոր եղանակներին և որի վրա մենք դեռ կանգ ենք առնելու շրջանառության պրոցեսը վերլուծելիս։ Հետևաբար, այդ սահմաններում կլասիկ քաղաքատնտեսությունը լիովին իրավացի է, երբ նա շեշտում է, որպես կուտակման պրոցեսի բնորոշ մոմենտ, այն հանգամանքը, որ հավելյալ արդյունքը սպառում են արտադրողական բանվորները և ոչ թե անարտադրողական բանվորները։ Բայց այստեղ էլ սկսվում է նրա սխալը։ Ա. Սմիթը մոդա է դարձրել կուտակումը պատկերել որպես սոսկ հավելյալ արդյունքի սպառում արտադրողական բանվորի կողմից, այսինքն՝ հավելյալ արժեքի կապիտալացումը պատկերել որպես նրա սոսկ փոխարկումը աշխատուժի։ Լսենք, օրինակ, Ռիկարդոյին. «Անհրաժեշտ է հասկանալ, որ երկրի բոլոր արդյունքներն սպառվում են. բայց մեծագույն տարբերությունը, որ մարդ կարող է պատկերացնել, այն է, թե արդյոք այդ արդյունքները սպառում են նրանք, ովքեր նոր արժե՞ք են վերարտադրում, թե՞ նրանք, ովքեր չեն վերարտադրում այն։ Եթե մենք ասում ենք, թե եկամուտը տնտեսվում և կապիտալին է միանում, ապա այդ ասելով մենք այն ենք հասկանում, որ եկամտի այն մասը, որի մասին ասվում է, թե այն կապիտալի է փոխարկվել, սպառվում է արտադրողական ու ոչ թե անարտադրողական բանվորների կողմից։ Չկա ավելի մեծ սխալ, քան ենթադրելը, թե կապիտալը կարող է աճել նրանով, որ այն դադարում են սպառել»<ref>Ricardo: «Principles of Political Economy», 3-րդ հրատ., London 1821. էջ 163, ծանոթագրություն։ [Հմմտ. Д. Рикардо: «Начала политической экономии» . Соцэкгиз, 1935 թ., էջ 86—87, ծանոթագրություն։]</ref>։ Չկա ավելի մեծ սխալ, քան Ա. Սմիթի առաջ քաշած և Ռիկարդոյի ու նրանց բոլոր հետագա արձագանքողների կողմից կրկնվող այն պնդումը, թե «եկամտի այն մասը, որի մասին ասվում է, թե կապիտալի է փոխարկվել, սպառվում է արտադրողական բանվորների կողմից»։ Այդ պատկերացման համաձայն, կապիտալի փոխարկված ամեն մի հավելյալ արժեք պետք է փոփոխուն կապիտալ դառնար։ Իրոք նա, ինչպես և սկզբնապես ավանսավորած արժեքը, բաժանվում է հաստատուն կապիտալի և փոփոխուն կապիտալի, արտադրության միջոցների և աշխատուժի։ Աշխատուժն այն ձևն է, որով փոփոխուն կապիտալը գոյություն ունի արտադրության պրոցեսում։ Այդ պրոցեսում աշխատուժն ինքն սպառվում է կապիտալիստի կողմից։ Աշխատուժը արտադրության միջոցներն սպառում է իր ֆունկցիայի — աշխատանքի — միջոցով։ Միևնույն ժամանակ աշխատուժը գնելիս վճարված փողը դառնում է կենսամիջոցներ, որոնք սպառվում են ո՛չ թե «արտադրողական աշխատանքի», այլ «արտադրողական բանվորի» կողմից։ Ա. Սմիթը հիմքից սխալ իր վերլուծության միջոցով հասնում է այն անհեթեթ հետևանքին, որ, եթե ամեն մի անհատական կապիտալ բաժանվում էլ է հաստատուն ու փոփոխուն բաղկացուցիչ մասերի. ապա հասարակական կապիտալը ամբողջովին կազմված է միայն փոփոխուն կապիտալից, այսինքն՝ ամբողջովին աշխատավարձ վճարելու վրա է ծախսվում։ Օրինակ, մահուդի գործարանատերը 2 000 ֆունտ ստեռլինգը դարձնում է կապիտալ։ Այդ փողի մի մասը նա ծախսում է ջուլհակներ վարձելու վրա, մյուս մասը՝ բրդի մանվածքի, մեքենաների վրա և այլն։ Բայց այն մարդիկ, որոնցից նա մանվածք ու մեքենաներ է գնել, ստացած փողի մի մասը նորից ծախսում են աշխատանքի վրա և այլն, մինչև որ, վերջապես, ամբողջ 2 000 ֆունտ ստեռլինգը ծախսվի աշխատավարձի վրա, կամ այն ամբողջ արդյունքը, որ ներկայացված է 2 000 ֆունտ ստեռլինգի մեջ, սպառվի արտադրողական բանվորների կողմից։ Ինչպես տեսնում ենք, այդ փաստարկի ամբողջ զորությունը «և այլն» բառերի մեջ է, որոնք մեզ Պոնտիոսից ուղարկում են Պիղատոսի մոտ։ Ա. Սմիթը իր հետազոտությունն ընդհատում է հենց այնտեղ, որտեղ սկսվում է նրա դժվարությունը<ref>Չնայած իր «Տրամաբանությանը»՝ Ջոն Ստյուարտ Միլլը երբեք չի բացահայտում իր նախորդների վերլուծությունների սխալները, չի նկատում նաև այնպիսի անճշտություններ, որոնք նույնիսկ բուրժուական մտահորիզոնի շրջանակներում և ուղղակի մասնագիտական տեսակետից շտկման մասին են աղաղակում։ Նա շարունակ դպրոցականի դոգմատիզմով միայն ցուցակագրում է իր ուսուցիչների մտքերի խառնաշփոթությունը։ Նույնն, է անում նաև այս դեպքում. «Ինքը՝ կապիտալը երկար պրոցեսի ընթացքում, վերջիվերջո, ամբողջովին ծախսվում է աշխատավարձի վրա և, նույնիսկ երբ նա փոխհատուցվում է արդյունքը վաճառելիս, հետո դարձյալ աշխատավարձի է փոխակրվում»։</ref>։ Քանի դեռ մենք տարեկան ամբողջ արտադրանքի ֆոնդն ենք քննում, վերարտադրության տարեկան պրոցեսը շատ հասկանալի է։ Բայց տարեկան արտադրանքի բոլոր բաղկացուցիչ մասերը պետք է ապրանքային շուկա հանվեն, և ահա այստեղ էլ սկսվում են դժվարությունները։ Առանձին կապիտալների ու անձնական եկամուտների շարժումները խաչաձևվում, խառնվում, կորչում են մի ընդհանուր տեղաշարժի — հասարակական հարստության շրջանառության մեջ, որը խաբում է հայացքը և հետազոտության առաջ սաստիկ խճճված խնդիրներ է դնում։ Երկրորդ գրքի երրորդ բաժնում ես կտամ այստեղ նկատվող իրական կապերի ու կախումների վերլուծությունը։ Ֆիզիոկրատների մեծ ծառայությունն այն է, որ նրանք իրենց «Tableau économique»-ի մեջ առաջին անգամ փորձ արին տարեկան արտադրանքի պատկերը տալու այն կերպարանքով, որով այդ արտադրանքը դուրս է գալիս շրջանառությունից<ref>Ա. Սմիթը վերարտադրության պրոցեսը, հետևապես՝ նաև կուտակումը, պատկերելիս շատ տեսակետներից ոչ միայն ո՛չ մի առաջընթաց քայլ չի արել, այլ նույնիսկ մի վճռական հետընթաց քայլ է արել իր նախորդների, հատկապես ֆիզիոկրատների համեմատությամբ։ Տեքստում հիշատակված նրա պատրանքի հետ կապված է դարձյալ քաղաքատնտեսության նրանից ժառանգած և իսկապես առասպելական այն դոգման, թե իբր ապրանքների գինը բաղկացած է աշխատավարձից, շահույթից (տոկոսից) և հողային ռենտայից, այսինքն՝ միայն աշխատավարձից ու հավելյալ արժեքից։ Այդ հիմքից ելնելով, Շտորխը գոնե խոստովանում է միամտությամբ. «Հնարավոր չէ անհրաժեշտ գինը տրոհել իր ամենապարզ տարրերին» (Storch: «Cours d’Économie Politique», հրատ. Petersbourg 1815, հ. II, էջ 141, ծանոթագրություն)։ Լա՜վ տնտեսագիտություն է, որ հայտարարում է, թե հնարավոր չէ ապրանքների գինը տրոհել իր ամենապարզ տարրերին։ Այս մասին ավելի մանրամասն մենք կխոսենք երկրորդ գրքի 3-րդ բաժնում և երրորդ գրքի 7-րդ բաժնում։</ref>։ Ասենք` ինքնըստինքյան հասկանալի է, որ քաղաքատնտեսությունն առիթը բաց չթողեց կապիտալիստների դասակարգի շահերի տեսակետից օգտագործելու Ա. Սմիթի այն դրույթը, թե զուտ արդյունքի այն ամբողջ մասը, որ կապիտալի է վերածված, բանվոր դասակարգն է սպառում։ ====3. ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԿԱՊԻՏԱԼԻ ՈՒ ԵԿԱՄՏԻ։ ԺՈԻԺԿԱԼՈՒԹՅԱՆ ԹԵՈՐԻԱՆ==== Նախորդ գլխում մենք հավելյալ արժեքը, համապատասխանորեն՝ հավելյալ արդյունքը, քննեցինք միայն որպես կապիտալիստի սպառման անհատական ֆոնդ, այս գլխում մինչև այժմ քննում էինք այն լոկ որպես կուտակման ֆոնդ։ Իրոք, հավելյալ արժեքը ո՛չ միայն առաջին, ո՛չ էլ միայն երկրորդ ֆոնդն է, այլ մեկը և մյուսը միատեղ։ Հավելյալ արժեքի մի մասը կապիտալիստը սպառում է որպես եկամուտ<ref>Ընթերցողը կնկատի, որ revenue [եկամուտ] բառը գործ է ածվում երկու իմաստով. առաջին` նշելու համար այն հավելյալ արժեքը, որ որպես արդյունք պարբերաբար առաջ է գալիս կապիտալից, երկրորդ՝ նշելու համար այդ արդյունքի այն մասը, որ պարբերաբար սպառվում է կապիտալիստի կողմից- կամ միացվում է նրա սպառողական ֆոնդին։ Ես պահում եմ այդ երկակի իմաստը, որովհետև այն համապատասխանում է անգլիական ու ֆրանսիական տնտեսագետների սովորական տերմինաբանությանը։</ref>, նրա մյուս մասը կիրառվում է որպես կապիտալ կամ կուտակվում է։ Հավելյալ արժեքի տվյալ մասսայի դեպքում այդ մասերից մեկն այնքան ավելի մեծ կլինի, որքան ավելի փոքր է մյուսը։ Մյուս բոլոր հավասար պայմաններում այն հարաբերությունը, որով տեղի է ունենում այդ բաժանումը, որոշում է կուտակման մեծությունը։ Բայց այդ բաժանումը կատարում է հենց հավելյալ արժեքի տերը, կապիտալիստը։ Հետևապես, այդ բաժանումը նրա կամային ակտն է։ Նրա հավաքած տուրքի այն մասի վերաբերմամբ, որ նա կուտակում է, ասում են, որ իբր նա անտեսում է այդ, որովհետև նա չի ուտում այդ մասը, այսինքն՝ որովհետև նա այստեղ կատարում է իր՝ կապիտալիստի ֆունկցիան, ինքնահարստացման ֆունկցիան։ Միայն այն չափով, որչափով կապիտալիստը անձնավորված կապիտալ է, նա ունի պատմական նշանակություն և գոյության այն պատմական իրավունքը, որը, ըստ սրամիտ Լիխնովսկու դիտողության, «keinen Datum nicht hat» [«թվական չունի»]։ Եվ կապիտալիստի սեփական գոյության անցողիկ անհրաժեշտությունը միայն այս չափով է պարունակվում արտադրության կապիտալիստական եղանակի անցողիկ անհրաժեշտության մեջ։ Բայց այդ սահմաններում ո՛չ թե սպառումն ու սպառողական արժեքը, այլ փոխանակային արժեքն ու նրա մեծացումն են նրա գործունեության հիմնական շարժառիթը։ Որպես արժեքի ինքնաճման ֆանատիկոս, նա անզուսպ կերպով մարդկությանը հարկադրում է արտադրել հանուն արտադրության, հետևաբար, հարկադրում է զարգացնել հասարակական արտադրողական ուժերը և ստեղծել արտադրության այն նյութական պայմանները, որոնք միայն կարող են այնպիսի ավելի բարձր հասարակական ձևի իրական բազիսը դառնալ, որի հիմնական սկզբունքն է ամեն մի անհատի լիակատար ու ազատ զարգացումը։ Կապիտալիստը միայն որպես կապիտալի անձնավորում է հարգանք վայելում։ Իր այդ դերի մեջ նա տոգորված է հարստանալու այն ինքնաբավ տենչով, որ ունի գանձահավաքը։ Այն, ինչ որ գանձահավաքի անհատական մոլություն էր, կապիտալիստի համար հասարակական այն մեխանիզմի գործողությունն է, որի անվակներից մեկն է կապիտալիստը։ Բացի դրանից, կապիտալիստական արտադրության զարգացումն անհրաժեշտություն է դարձնում արդյունաբերական ձեռնարկության մեջ դրված կապիտալի մշտական աճումը, իսկ կոնկուրենցիան ամեն մի անհատական կապիտալիստի վզին է փաթաթում արտադրության կապիտալիստական եղանակին ներհատուկ օրենքները, որպես արտաքին հարկադիր օրենքներ։ Կոնկուրենցիան նրան ստիպում է շարունակ ընդարձակելու իր կապիտալը՝ այն պահպանելու համար, իսկ իր կապիտալը նա կարող է ընդարձակել միայն հարաճուն կուտակման միջոցով։ Ուստի, որչափով կապիտալիստի ամբողջ վարքագիծը լոկ կապիտալի ֆունկցիան է, կապիտալի, որը հանձին նրա օժտված է կամքով ու գիտակցությամբ, նույն չափով կապիտալիստի սեփական անձնական սպառումը նրա աչքին երևում է որպես մի կողոպտիչ ոտնձգություն իր կապիտալի կուտակման դեմ. այսպես, իտալական հաշվապահության մեջ կապիտալիստի մասնավոր ծախսերը նրա կապիտալի նկատմամբ գրվում են դեբետի կողմում։ Կուտակումը հասարակական հարստության աշխարհի նվաճումն է։ Մարդկային շահագործվող նյութի մասսայի հետ միասին կուտակումը ընդարձակում է կապիտալիստի ուղղակի և անուղղակի տիրապետության բնագավառը<ref>Վաշխառուի — կապիտալիստի թեև հնամոդայական, բայց շարունակ նորոգվող այդ ձևի — օրինակով Լութերը շատ լավ ցույց է տալիս, որ իշխանության ծարավը հարստանալու տենչի տարրերից մեկն է։ «Հեթանոսները բանականության հիման վրա կարող կին եզրակացնել, որ վաշխառուն քառապատիկ գող է և մարդասպան։ Իսկ մենք, քրիստոնյաներս, նրանց այնպես ենք մեծարում, որ նրանց համարյա երկրպագում ենք իրենց փողի համար... Ով ուրիշից կողոպտում և գողանում է նրա կերակուրը, նա նույնպիսի մեծ սպանություն է գործում (որչափով այդ նրանից է կախված), որքան եթե նա սովամահ աներ մեկին և նրան իսպառ ոչնչացներ։ Այդպես է վարվում վաշխառուն և ապահով նստում իր բազկաթոռի Վրա, այնինչ իսկապես նա պետք է կախաղանի կախված լիներ, որպեսզի այնքան ագռավ նրան կտցահարեր, որքան գուլդեն է նա գողացել, եթե միայն նրա վրա այնքան միս լիներ, որ բոլոր ագռավները կարողանային նրան ծվեն-ծվեն անելով իրենց բաժինն ստանալ։ Իսկ փոքր գողերին կախում են... Փոքր գողերին շղթայակապ են անում, իսկ մեծ գողերը ման են գալիս ոսկով ու մետաքսով պճնված... Ուստի աշխարհում մարդ չունի ավելի մեծ թշնամի (սատանայից հետո), քան ժլատն ու վաշխառուն, որովհետև նա ուզում է բոլոր մարդկանց գլխին աստված լինել։ Թյուրքերը, ռազմամոլները, բռնակալները նույնպես չար մարդիկ են, բայց նրանք, այնուամենայնիվ, պետք է թույլ տան, որ մարդիկ ապրեն, և պետք է խոստովանեն, որ իրենք չար մարդիկ են և թշնամիներ, և կարող են, նույնիսկ պետք է, երբեմն գթան ոմանց։ Իսկ վաշխառուն կամ ժլատը ուզում է, որ ամբողջ աշխարհը քաղցի ու ծարավի մատնվի նրա համար, աղքատության ու վշտի մեջ ոչնչանա, որպեսզի ինքը, և մենակ ինքը, ամեն բան ունենա, էլ ամեն ոք նրանից ստանա՝ որպես աստծուց, և հավիտենապես նրա ճորտը դառնա... Նա քղամիդ, ոսկե շղթաներ, մատանիներ է կրում, լվանում է իր դունչը, հավատարիմ, աստվածավախ մարդու տեսք է ընդունում, գովում է գլուխը... Վաշխառուն մի ահռելի, այլանդակ հրեշ է, մի հրեշ, որ ամեն ինչ լափում է ավելի վատ՝ քան Կակուսը, Հերիոնը կամ Անթեյը։ Եվ սակայն, նա զարդարվում է, բարեպաշտ տեսք է ընդունում, որ մարդիկ չտեսնեն, թե ուր են այն եզները, որ նա ետ-ետ քշելով տանում է իր որջը։ Բայց Հերկուլեսը պետք է լսի եզների բառաչն ու գերիների աղաղակը և Կակուսին գտնի նույնիսկ ծերպերի ու ժայռերի մեջ, որպեսզի եզներին նորից ազատի չարագործից։ Որովհետև Կակուս է կոչվում չարագործը, բարեպաշտ վաշխառուն, որ գողանում, կողոպտում, լափում է ամեն ինչ։ Եվ սակայն, կարծես թե նա ոչ մի վատ բան չի արել, և կարծում է, թե նույնիսկ ոչ ոք չի կարող նրան մերկացնել, որովհետև նա եզները ետ-ետ քշելով է տարել իր որջը, ուստի նրանց հետքերից այնպես է թվացել, թե իբր որջից դուրս են թողնվել։ Այդպես էլ վաշխառուն կուզեր խաբել ամբողջ աշխարհին, որ իբրև ինքն օգուտ է բերում և աշխարհին եզներ է տալիս, մինչդեռ նա եզները բռնում է իրեն համար և լափում է... Եվ եթե ավազակներին ու մարդասպաններին անվամահ են անում ու գլխատում, ապա որքա՜ն ավելի շատ պետք է անվամահ անել ու քառատել... Հալածել, նզովել, գլխատել բոլոր վաշխառուներին» (Martin Luther: «An die Pfarrherrn, wider den Wucher zu predigen». Wittenberg 1540)։</ref>։ Բայց նախածին մեղքը գործում է ամենուրեք։ Արտադրության կապիտալիստական եղանակի, կուտակման ու հարստության զարգացման հետ կապիտալիստը դադարում է կապիտալի սոսկական մարմնացումը լինելուց։ Նրա սեփական մարմնի հին Ադամը շարժում է նրա «մարդկային զգացումը» և, բացի դրանից, նա բավականաչափ կրթված է, որպեսզի ծաղրանքով մերժի ասկետիզմը որպես հնօրյա գանձահավաքի նախապաշարմունք։ Մինչդեռ կլասիկ կապիտալիստն անհատական սպառումը ծաղկում է որպես մեղք «ժուժկալության» իր սրբազան ֆունկցիայի դեմ, մոդեռնացված կապիտալիստը բարձրացել է մինչև այն տեսակետը, որը կուտակումն ըմբռնում է որպես «հրաժարում» սպառումից։ «Zwei Seelen wohnen, ach! in seiner Brust, die eine will sich von der andren trennen!» [«Ախ, երկու հոգի՜ են ապրում նրա կրծքի տակ, միմյանց օտար, և ծարավի են անջատման»։] Արտադրության կապիտալիստական եղանակի պատմական սաղմնավորումների շրջանում — իսկ յուրաքանչյուր կապիտալիստական parvenue (նորելուկ) անհատաբար անցնում է այդ պատմական ստադիան,— հարստացման տենչն ու ժլատությունը իշխում են որպես բացարձակ կրքեր։ Բայց կապիտալիստական արտադրության առաջադիմությունը լոկ վայելքների աշխարհ չէ, որ ստեղծում է. սպեկուլյացիայի ու վարկային գործի զարգացման հետ նա հայտնադործում է հանկարծակի հարստացման հազարավոր աղբյուրներ։ Զարգացման որոշ աստիճանում շռայլության մի որոշ պայմանական մակարդակ, որպես հարստության ցուցանակ և, հետևապես, վարկ ստանալու միջոց, «դժբախտ» կապիտալիստի համար նույնիսկ գործնական անհրաժեշտություն է դառնում։ Պերճանքը մտնում է կապիտալի ներկայացուցչական ծախսերի մեջ։ Բացի ղրանից, կապիտալիստը հարստանում է ո՛չ թե իր անձնական աշխատանքի համեմատ կամ իր անձնական սպառումը սահմանափակելու համեմատ, ինչպես գանձահավաքը, այլ ուրիշներից ծծած աշխատուժի քանակության համեմատ, ինչպես և շնորհիվ այն բանի, որ նա բանվորներին բռնադատում է կենսական բոլոր վայելքներից հրաժարվելու ճիշտ է, կապիտալիստի շռայլումը երբեք չի ընդունում խրախճանասեր ֆեոդալի շռայլման բացահայտ բնույթը, ընդհակառակը, նրա հիմքում միշտ թաքնված է ամենակեղտոտ կծծիությունն ու մանրախնդիր հաշիվը. այնուամենայնիվ, կապիտալիստի շռայլումն աճում է նրա կուտակումն աճելու հետ՝ ամենևին չխանգարելով վերջնին։ Դրա հետ միաժամանակ մարմնավորված կապիտալի ազնիվ կրծքում ծավալվում է ֆաուստյան կոնֆլիկտը կուտակման տենչի և վայելքի ծարավի միջև։ «Մանչեստրի արդյունաբերությունը», ասված է մի գրվածքում, որ դոկտոր Էյկինը հրապարակել է 1795 թվականին, «կարելի է չորս ժամանակաշրջանի բաժանել։ Առաջին ժամանակաշրջանում գործարանատերերն ստիպված էին չարաչար աշխատելու, որ իրենց գոյությունը պահպանեն»։ Նրանք առանձնապես հարստանում էին ծնողներին խաբելու միջոցով, որոնք իրենց տղաներին տալիս էին որպես apprentices (աշկերտներ) և սովորեցնելու համար պետք է թանկ վճարեին, մինչդեռ այդ աշկերտներին սովալլուկ էին անում։ Մյուս կողմից՝ միջին շահույթը ցածր էր, և կուտակումը մեծ խնայողություն էր պահանջում։ Նրանք ապրում էին ինչպես ժլատներ, գանձահավաքներ և երբեք իրենց կապիտալի նույնիսկ տոկոսը չէին սպառում։ «Երկրորդ ժամանակաշրջանում նրանք սկսեցին փոքրիկ կարողություններ կազմել, բայց առաջվա նման դարձյալ համառորեն աշխատում էին»,— որովհետև աշխատանքի անմիջական շահագործումն ինքը աշխատանք է նստում, ինչպես այդ հայտնի է ստրուկների ամեն մի վերակացուի,— «և առաջվա նման ապրում էին նույն համեստ նիստ ու կացով... Երրորդ ժամանակաշրջանում սկսվեց պերճանքը, և ձեռնարկություններն սկսեցին ընդլայնվել շնորհիվ այն բանի, որ պատվերներ ստանալու համար հեծյալներ (ձիավոր վաճառաշրջիկներ) էին ուղարկում թագավորության բոլոր վաճառաշահ քաղաքները։ Պետք է կարծել, որ մինչև 1690 թվականը 3 000-ից մինչև 4 000 ֆունտ ստ. շատ քիչ կապիտալ կար, որ արդյունաբերության մեջ ձեռք բերված լիներ, կամ այդպիսի կապիտալ նույնիսկ բոլորովին չկար։ Բայց արդյունաբերողները մոտավորապես այդ ժամանակ կամ մի քիչ ավելի ուշ արդեն փող էին կուտակել և սկսեցին փայտե կամ հողե տների փոխարեն քարե տներ կառուցել... Դեռևս XVIII դարի առաջին տասնամյակներում Մանչեստրում մի գործարանատեր, որն իր հյուրերին հյուրասիրում էր մի գավաթ արտասահմանյան գինիով, բոլոր հարևանների խոսակցության ու ասեկոսեների առարկա էր դառնում»։ Մեքենայական արտադրության երևան գալուց առաջ գործարանատերերը, երեկոյան հավաքվելով գինետներում, երբեք ավելի բան չէին գործածում, քան 6 պենսանոց մի բաժակ պունշ և 1 պենսանոց մի փաթեթ ծխախոտ։ Առաջին անգամ միայն 1758 թվականին,— և այդ դարագլուխ կազմեց,— մարդիկ տեսան «արդյունաբերությամբ զբաղված մի մարդու՝ սեփակա՜ն կառքով»։ «Չորրորդ ժամանակաշրջանը»,— XVIII դարի վերջին երրորդը,— «աչքի է ընկնում մեծ պերճանքով, ու շռայլությամբ, որոնք հենվում են ձեռնարկությունների ընդլայնման վրա»<ref>Dr. Aikin: «Description of the Country from 30 to 40 miles round Manchester». London 1795, էջ 182 և հաջ.։</ref>։ Ի՜նչ կասեր բարի դոկտոր Էյկինը, եթե նա հարություն առներ ու նայեր այժմյան Մանչեստրին։ Կուտակեցե՜ք, կուտակեցե՜ք։ Ա՜յդ են Մովսեսն էլ, մարգարեներն էլ։ «Աշխատասիրությունը տալիս է այն նյութը, որը կուտակում է խնայողությունը»<ref>A. Smith: «Wealth of Nations», գիրք III, գլ. III։ [Հմմտ. А. Смит: «Богатство народов». Соцэкгиз, 1935 թ., հատ. I, էջ 284—285։]</ref>։ Այսպես ուրեմն, խնայողությո՜ւն արեք, խնայողությո՜ւն արեք, այսինքն՝ հավելյալ արժեքի կամ հավելյալ արդյունքի ըստ կարելույն ավելի մեծ մասը նորից կապիտա՜լ դարձրեք։ Կուտակում կուտակման համար, արտադրություն արտադրության համար — այս ֆորմուլայով էր արտահայտում կլասիկ քաղաքատնտեսությունը բուրժուական ժամանակաշրջանի պատմական կոչումը։ Նա ոչ մի րոպե չէր խաբվում այն բանի նկատմամբ, թե որքան մեծ են հարստության երկունքի ցավերը<ref>Նույնիսկ Ժ. Բ. Սեյն ասում է. «Հարուստների խնայողությունները գոյանում են աղքատների հաշվին»։ «Հռոմեական պրոլետարը գրեթե ամբողջովին հասարակության հաշվին էր ապրում... Համարյա կարելի է ասել, թե արդի հասարակությունն ապրում է պրոլետարների հաշվին, ա՛յն մասի հաշվին, որ արդի հասարակությունը նրանցից խլում է աշխատանքը վարձատրելիս» (Sismondi: «Etudes etc.», հ. I, էջ 24)։</ref>. բայց ի՞նչ իմաստ ունեն այդ բոլոր գանգատները պատմական անհրաժեշտության հանդեպ։ Եթե կլասիկ քաղաքատնտեսության աչքում պրոլետարը լոկ մի մեքենա է հավելյալ արժեք արտադրելու համար, ապա կապիտալիստն էլ նրա աչքում լոկ մի մեքենա է այդ հավելյալ արժեքը հավելյալ կապիտալ դարձնելու համար։ Կլասիկ քաղաքատնտեսությունը կապիտալիստի պատմական ֆունկցիային վերաբերվում է կատարյալ լրջությամբ։ Կապիտալիստի սիրտը այն չարաբաստիկ կոնֆլիկտից ազատելու համար, որը տեղի ունի վայելքների ծարավի և հարստացման տենչի միջև, Մալթուսն այս դարի քսանական թվականների սկզբին պաշտպանում էր աշխատանքի բաժանման մի առանձին տեսակ, որի համաձայն կուտակման գործը արտադրությամբ իրապես զբաղվող կապիտալիստին է հատկացվում, իսկ շռայլման գործը հավելյալ արժեքի բաժանքի մյուս մասնակիցներին — հողային արիստոկրատիային, պետությունից ու եկեղեցուց ռոճիկ ստացող անձերին և այլն։ Վերին աստիճանի կարևոր է,— ասում է նա,— «բաժանել ծախսելու տենչը և կուտակելու տենչը» (the passion for expenditure and the passion for accumulation)<ref>Malthus: «Principles of Poliical Economy», էջ 319, 320։</ref>։- Պարոնայք կապիտալիստները, որոնք վաղուց արդեն զվարճասեր ու աշխարհիկ մարդիկ էին դարձել, աղաղակ բարձրացրին։ Ինչպե՜u թե, — բացագանչում է նրանց փաստաբանը դարձած մի ռիկարդոյական,—- պարոն Մալթուսը քարոզում է բարձր հողային ռենտաներ, բարձր հարկե՜ր և այլն. արդյունաբերողներին խթանելու համար նա ուզում է ուժեղացնել նրանց վրա անարտադրողական սպառողների ճնշումը։ Իհարկե, արտադրություն, արտադրություն միշտ ընդլայնվող մասշտաբով,— այս է նշանաբանը,— սակայն erարտադրությունը այդ ձևով կարելի է ավելի շուտ արգելակել, քան զարգացնել։ Այնքան էլ արդարացի բան չէ նաև (nor is it quite fair) միայն ուրիշներին խթանելու նպատակով պարապության մեջ պահել մի խումբ այնպիսի մարդկանց, որոնց բնավորությունից կարելի է եզրակացնեք (who are likely, from their characters), որ եթե նրանց ստիպեք, կարող են հաջողությամբ գործով զբաղվել»<ref>«An Inquiry into those Principles respecting the Nature of Demand etc.». [London 1821], էջ 67։</ref>։ Բայց թեև նա անարդարացի է համարում արդյունաբերական կապիտալիստին կուտակման նպատակով խթանելը, նրա սուպի երեսից յուղը քաշելով, այնուամենայնիվ, նրան թվում է, թե անհրաժեշտ է բանվորի աշխատավարձը հնարավոր մինիմումի հասցնել «նրա աշխատասիրությունը պահպանելու համար»։ Նա նույնպես ամենևին չի թաքցնում, որ շահույթ ստանալու գաղտնիքը չվարձատրված աշխատանքի յուրացումն է։ «Պահանջարկի ուժեղացումը բանվորների կողմից միայն այն է նշանակում, որ նրանք պատրաստ են իրենց ավելի քիչ բաժին վերցնելու իրենց սեփական արդյունքից և նրա ավելի մեծ մասը թողնելու ձեռնարկատերերին. և եթե ասում են, թե այդ դեպքում սպառումը (բանվորների կողմից) նվազելու հետևանքով տեղի է ունենում «glut» (շուկայի գերլցում, գերարտադրություն), ապա ես կարող եմ միայն պատասխանել , որ «glut»-ը բարձր շահույթի հոմանիշն է»<ref>Նույն տեղում, էջ 59։</ref>։ Գիտնական ծեծկռտուքն այն մասին, թե ինչպես ֊պետք է բանվորից խլված ավարը կուտակման համար ավելի ձեռնտու կերպով բաշխել արդյունաբերական կապիտալիստի ու պարապ հողատիրոջ միջև և այլն,— լռեց հուլիսյան ռևոլյուցիայի զարկերի տակ։ Դրանից հետո շուտով Լիոնի քաղաքային պրոլետարիատը հնչեցրեց տագնապազանգը, իսկ Անգլիայի գյուղական պրոլետաըիատը բաց թողեց կարմիր աքաղաղը։ Նեղուցի այս կողմում աճում էր օուենիզմը, այն կողմում՝ սեն-սիմոնիզմն ու ֆուրյեիզմը։ Հասավ վուլգար քաղաքատնտեսության ժամը։ Ճիշտ մի տարի նրանից առաջ, երբ մանչեստրցի Նասսաու Վ. Սենիորը գտավ, որ կապիտալի շահույթը (տոկոսն էլ ներառյալ) չվարձատրված «վերջին տասներկուերորդ աշխատաժամի» արդյունքն է, նա աշխարհին ազդարարեց իր մի ուրիշ հայտնագործությունը։ «Ես,— հանդիսավոր կերպով ասաց նա,— որպես արտադրության գործիք դիտվող կապիտալ բառը փոխարինում եմ ժուժկալության բառով»<ref>Senior: «Principes fondamentaux de l’Économie Politique». Թարգմ. Arrivabene. Paris 1836, էջ 309t Հին կլասիկ դպրոցի կողմնակիցների համար այդ մի մեծ հիմարություն էր։ «Պարոն Սենիորր աշխատանք ու կապիտալ արտահայտությունները նենգափոխում է աշխատանք ու ժուժկալություն արտահայտություններով... Ժուժկալությունը մի սոսկ բացասում է։ Ո՛չ թե ժուժկալությունը, այլ արտադրողաբար կիրառվող կապիտալի գործադրությունն է շահույթի աղբյուրը» (Ջոն Կեյզնովը Մալթուսի «Definitions in Political Economy» աշխատության իր հրատարակության մեջ։ London 1853, էջ 130, ծանոթագրություն)։ Պ-րն Ջոն Ստ. Միլլը, ընդհակառակը, մի էջում արտագրում է Ռիկարդոյի շահույթի թեորիան, իսկ մյուս էջում ընդունում է Սենիորի «ժուժկալության վարձատրությունը»։ Որքան խորթ է նրա համար հեգելյան «հակասությունը», ամեն մի դիալեկտիկայի աղբյուրը, նույնքան նրա համար հարազատ են տափակ հակասությունները։<br>'''2-րդ հրատ. հավելում.'''— Վուլգար տնտեսագետի մտքով երբեք չի անցնում այն տարրական միտքը, որ մարդկային ամեն մի գործողություն կարող է դիտվել որպես «ժուժկալություն» հակառակ գործողությունից։ Ուտելը հրաժարումն է ծոմից, քայլելը հրաժարումն է մի տեղում կանգնելուց, աշխատանքը հրաժարումն է պարապությունից, պարապությունը հրաժարումն է աշխատանքից և այլն։ Այդ պարոնները լավ կանեին, որ խորհրդածեին Սպինոզայի այն խոսքերի մասին, թե Determinatio est negatio [Սահմանումը բացասում է]։</ref>։ Վուլգար տնտեսագիտության «հայտնագործությունների» մի իսկապես անհասանելի՜ նմուշ։ Տնտեսագիտական որոշակի կատեգորիան փոխարինվում է նենգամիտ ֆրազով։ Voilà tout [Ահա բոլորը]։ «Եթե վայրենին,— ուսուցանում է Սենիորը,— աղեղ է շինում, ապա նա արդյունաբերությամբ է զբաղվում, բայց նրա արածը ժուժկալություն չէ»։ Այդ մեզ բացատրում է, թե ինչպե՛ս և ինչո՛ւ հասարակական նախկին կացութաձևերի ժամանակ աշխատանքի միջոցները ստեղծվում էին «առանց ժուժկալության» կապիտալիստի կողմից։ «Որքան ավելի է առաջադիմում հասարակությունը, այնքան ավելի է նա ժուժկալություն պահանջում»<ref>Senior. Նույն տեղում, էջ 342։</ref>, հատկապես նրանց կողմից, որոնց աշխատանքն այն է, որ ուրիշի աշխատանքն ու նրա արդյունքը յուրացնեն։ Աշխատանքի պրոցեսի բոլոր պայմաններն այսուհետև փոխարկվում են կապիտալիստի ժուժկալության համապատասխան քանակով գործողությունների։ Որ հացահատիկը ո՛չ միայն ուտում են, այլև ցանում են, այդ մենք պարտական ենք կապիտալիստի ժուժկալությա՜նը։ Եթե գինին պահում են որոշ ժամանակ՝ եփը կտրվելու համար, ապա դարձյալ միայն կապիտալիստի ժուժկալությա՜ն շնորհիվ<ref>«Ոչ ոք... օրինակ, իր ցորենը չէր ցանի և տասներկու ամիս հողի մեջ չէր պահի, կամ տարիներ շարունակ իր գինին չէր թողնի նկուղում, փոխանակ միանգամից ինքն սպառելու այդ բաները կամ նրանց համարժեքը, եթե նա հավելութային արժեք ստանալու ակնկալություն չունենար և այլն» (Scrope: «Political Economy», հրատ. A. Potter. New York 1841, էջ 133)։</ref>։ Կապիտալիստը կողոպտում է իր սեփական մարմինը, երբ նա «բանվորին արտադրության գործիքներ է վարկատրում» (!) այսինքն՝ դրանք աշխատուժի հետ միացնելով, կիրառում է որպես կապիտալ, — փոխանակ կլանելու շոգեմեքենաները, բամբակը, երկաթուղիները, պարարտանյութերը, լծկան ձիերը և այլն, կամ ինչպես վուլգար տնտեսագետն է երևակայում միամտորեն, փոխանակ «նրանց արժեքը» վատնելու, դարձնելով այդ արժեքը պերճանքի առարկաներ և սպառման այլ միջոցներ»<ref>«Այս մի զրկանք է, որին ենթարկում է իրեն կապիտալիստը՝ իր արտադրության գործիքները վարկատրելով բանվորին, փոխանակ նրանց արժեքը իր անձնական սպառման համար գործադրելու, այն դարձնելով սպառման կամ պերճանքի առարկաներ» (G. de Molinari: «Études Économiques». Paris 1846, էջ 38 (այս «վարկատրել» մեղմացուցիչ արտահայտությունը գործածված է այն նպատակով, որ վուլգար տնտեսագետների փորձված մաներայի համաձայն՝ արդյունաբերական կապիտալիստի կողմից շահագործվող վարձու բանվորին նույնացնեն հենց այն արդյունաբերական կապիտալիստի հետ, որն օգտվում է մի այլ կապիտալիստի վարկատրած փողից)։</ref>։ Թե կապիտալիստների դասակարգն ինչպես կարող է այդ անել, վուլգար քաղաքատնտեսության կողմից մինչև այժմ խստորեն պահվող մի գաղտնիք է։ Ինչպես էլ որ լինի, աշխարհն ապրում է կապիտալիստի, Վիշնուի այդ արդիական երկրպագուի, ինքնախոշտանգմամբ միայն։ Ո՛չ միայն կուտակումը, այլև «կապիտալի հասարակ պահպանումն ուժերի մշտական լարում է պահանջում՝ դիմադրելու համար այն սպառելու փորձությանը»<ref>Courcelle-Seneuil: «Traité théorique et pratique des entreprises industrielles», 2-րդ հրատ., Paris 1857, էջ 20։</ref>։ Այսպես ուրեմն, հասարակ մարդասիրությունն արդեն, ակներևորեն, պահանջում է, որ կապիտալիստն ազատագրվի այդ տանջալից փորձություններից նույն այն եղանակով, որով ստրկության վերացումը Գեորգիայի ստրկատիրոջը հենց վերջերս ազատագրեց այն տանջալից երկընտրանքից, թե արդյոք նեգր ստրուկներից քամած հավելյալ արդյունքն ամբողջովի՞ն խմի որպես շամպայն գինի, թե՞ նրա մի մասը նորից փոխարկի հավելյալ քանակությամբ նեգրերի ու հողի։ Հասարակական-տնտեսական ամենատարբեր ֆորմացիաներում տեղի է ունենում ո՛չ միայն պարզ վերարտադրություն, այլև ընդլայնված ծավալով վերարտադրություն, թեև վերջինը տարբեր մասշտաբներով է կատարվում Ժամանակի ընթացքում ավելի շատ է արտադրվում և ավելի շատ է սպառվում, հետևաբար, ավելի շատ արդյունքն է փոխարկվում արտադրության միջոցների։ Սակայն այդ պրոցեսը կապիտալի կուտակում չէ, հետևապես, կապիտալիստի ֆունկցիա էլ չէ, քանի դեռ բանվորի արտադրության միջոցները. հետևաբար, նաև նրա արդյունքներն ու նրա կենսամիջոցները, նրա դեմ կանգնած չեն կապիտալի ձևով<ref>«Եկամտի առանձին տեսակները, որոնք ամենից շատ են օժանդակում ազգային կապիտալի պրոգրեսին, զարգացման տարրեր աստիճաններում փոփոխվում են, ուստի և... բոլորովին տարբեր են զարգացման տարբեր աստիճանների վրա գտնվող ազգերի մեջ... Շահույթը... աշխատավարձի ու ռենտայի համեմատությամբ, կուտակման մի աննշան աղբյուր է հասարակական զարգացման վաղ աստիճաններում։ Երբ ազգային աշխատանքի ուժերի զարգացումն իսկապես մի առաջընթաց զգալի քայլ է անում, շահույթի՝ որպես կուտակման աղբյուրի հարաբերական դերը աճում է» (Richard Jones: «Text-book etc.», էջ 16, 21)։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1937 թ., էջ 295, 299, 300։]</ref>։ Մի քանի տարի առաջ վախճանված Ռիչարդ Ջոնսը, Մալթուսի հաջորդը Հեյլիբեըիի արևելա-հնդկական կոլեջի քաղաքատնտեսության ամբիոնում, հաջող կերպով լուսաբանում է այդ բանը երկու խոշոր փաստով։ Որովհետև հնդիկ ժողովրդի մեծամասնությունը կազմում են ինքնուրույն տնտեսություն վաըող գյուղացիները, ուստի նրանց արդյունքը նրանց աշխատամիջոցներն ու նրանց կենսամիջոցները երբեք չեն ընդունում «ուրիշի եկամտից տնտեսված («saved from revenue») ֆոնդի ձև («the shape») և, հետևաբար, ամենևին չեն անցնում կուտակման նախնական պրոցեսը» («a previous process of accumulation»)<ref>Նույն տեղում, էջ 37։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1937 թ., էջ 314։]</ref>։ Մյուս կողմից, այն նահանգներում, որտեղ անգլիական տիրապետությունն ամենից քիչ է քայքայել հին սիստեմը, ոչ-հողադործական բանվորները աշխատանք են ստանում անմիջաբար այն խոշոր ֆեոդալների մոտ, որոնց ձեռքում է կենտրոնանում գյուղատնտեսական հավելյալ արդյունքի մի մասը հարկի կամ հողային ռենտայի ձևով։ Այդ հավելյալ արդյունքի մի մասը խոշոր ֆեոդալներն սպառում են նատուրալ ձևով, մյուս մասը բանվորները փոխարկում են նրանց համար պերճանքի առարկաների ու սպառման այլ միջոցների, այնինչ մնացորդը կազմում է բանվորների աշխատավարձը, որոնք իրենց աշխատանքի գործիքների սեփականատերերն են։ Արտադրությունն ու վերարտադրությունն ընդլայնված չափերով այստեղ կատարվում է միանգամայն բարեհաջող, առանց այդ զարմանալի սրբի, այդ տխրադեմ ասպետի, «ժուժկալող» կապիտալիստի որևէ միջամտության։ ====4. ԿՈՒՏԱԿՄԱՆ ԾԱՎԱԼԸ ՈՐՈՇՈՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ՝ ԱՆԿԱԽ ԱՅՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ՈՐՈՎ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԸ ՏՐՈՀՎՈՒՄ Է ԿԱՊԻՏԱԼԻ ՈՒ ԵԿԱՄՏԻ։ ԱՇԽԱՏՈՒԺԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ։ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՈՒԺԸ։ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՊԻՏԱԼԻ ԵՎ ՍՊԱՌՎՈՂ ԿԱՊԻՏԱԼԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՄԸ։ ԱՎԱՆՍԱՎՈՐԱԾ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ==== Եթե այն հարաբերությունը, որով հավելյալ արժեքը տրոհվում է կապիտալի ու եկամտի, տրված է, ապա կուտակված կապիտալի մեծությունը, ակներևաբար, կախված է հավելյալ արժեքի բացարձակ մեծությունից։ Ենթադրենք, որ 80%-ը կապիտալացվում է, 20%-ը ուտվում. այդ դեպքում կուտակված կապիտալը կլինի 2 400 ֆ. ստ. կամ 1 200 ստ., նայած թե հավելյալ արժեքի ընդհանուր գումարը 3 000 թե՞ միայն 1 500 ֆ. ստ. է։ Այդպիսով, կուտակման մեծությունը որոշվելուն մասնակցում են այն բոլոր հանգամանքները, որոնք որոշում են հավելյալ արժեքի մասսան։ Այստեղ մի անգամ էլ ամփոփենք դրանք, բայց լոկ այն չափով, որչափով դրանք նոր տեսակետներ են տալիս կուտակման վերաբերմամբ։
<references>