|վերնագիր = Անկում
|հեղինակ = [[Ալբեր Կամյու]]
|թարգմանիչ = Գրիգոր Քեշիշյան (անգլերենիցֆրանսերենից)
|աղբյուր = [[«Հինգ վիպակ»]]
}}
Կարո՞ղ եմ, պարոն, իմ ծառայություններն առաջարկել ձեզ, առանց ձանձրալի դառնալու վտանգին ենթարկվելու։ Վախենում եմ, որ չկարողանաք ձեզ հասկանալի դարձնել այս հաստատության ճակատագրի վրա իշխող այն հարգելի գորիլլային։ Նա միայն հոլանդերեն է խոսում։ Եթե ինձ թույլ չտաք ձեր դատը պաշտպանել, նա գլխի չի ընկնի, որ դուք գիհօղի եք ցանկանում։ Ահա համարձակվում եմ հուսալ, որ ինձ հասկացել է. գլխի այդ շարժումը պետք է նշանակի, որ նա տեղի է տալիս իմ փաստարկների առջև։ Եվ իսկապես, նա դեպի այս կողմն է շարժվում, նույնիսկ շտապում է, բայց ինչ դիտավորյալ դանդաղկոտությամբ։ Դուք բախտավոր եք, նա չգռմռաց։ Երբ չի ցանկանում սպասարկել, պարզապես գռմռում է, և դա բավական է, որ ոչ ոք այլևս չհամարձակվի պնդել։ Սեփական տրամադրությամբ առաջնորդվելը խոշոր կենդանիների մենաշնորհն է։ Այժմ ես հեռանում եմ, պարոն, երջանիկ եմ, որ կարողացա ձեզ պարտավորեցնել։ Շնորհակալություն, սիրով կընդունեի ձեր հրավերը, եթե վստահ լինեի, որ ձեզ չեմ ձանձրացնում։ Դուք շատ բարի եք։ Ուրեմն բաժակս կտեղավորեմ ձեր բաժակի կողքին։
Դուք իրավացի եք, նրա լռությունը խլացնող է, նման նախնադարյան անտառների լռության, որ լեցուն է վտանգներով։ Երբեմն ես զարմանում եմ այն համր ատելության վրա, որ մեր լռակյաց բարեկամը հանդես է բերում քաղաքակիրթ լեզուների նկատմամբ։ Նրա արհեստը բոլոր ազգերի նավաստիներին ընդունելն է Ամստերդամի այս խորտկարանում, որը չգիտես ինչու նա անվանել է «Մեքսիկո-սիտի»։ Այդպիսի պարտականությունների դեպքում չե՞ք կարծում, որ նրա տգիտությունը տհաճությունների առիթ կտա։ Պատկերացրեք կրոմանոնյան շրջանի մարդը՝ տեղավորված բաբելոնյան աշտարակում։ Նա առնվազն կտառապեր իր միջավայրից դուրս ընկած լինելու համար։ Բայց ոչ, այս մեկը իր աքսորված վիճակը չի զգում, նա գնում է իր ճանապարհով, և ոչինչ նրան չի խանգարում։ Եզակի նախադասություններից մեկը, որ լսել եմ նրա բերանից, «այո» է, կամ «ոչ», այսինքն՝ իր ասածը կարող եմ ընդունել կամ մերժել։ Ի՞նչը պետք ՝ է ընդունել կամ մերժել։ Անշուշտ իրեն, մեր բարեկամին։ Խոստովանում եմ, մի ամբողջական կտորից կազմված այս մարդիկ ինձ գրավում են։ Երբ քո կոչումի կամ արհեստի բերումով երկար ես խորհում մարդու մասին, պատահում է, որ նախնական տիպերի կարոտ ես զգում։ Նրանք առնվազն հետին մտքեր չունեն։ Բայց, ճիշտն ասած, մեր տանտերը ունի նաև հետին մտքեր, թեև դրանք նա թաքցնում է իր հոգու խորքում։ Քանի որ չի հասկանում, թե ինչ են խոսում իր ներկայությամբ, նա ձեռք է բերել չվստահող բնավորություն։ Դրանից էլ՝ նրա այդ մռայլ, խոժոռ լրջությունը։ Կարծես առնվազն կասկածում է, թե մարդկանց մեջ ամեն ինչ չէ, որ կարգին է։ Այդ պատճառով էլ դժվար է նրա հետ զրուցել այն ամենի մասին, ինչ նրա արհեստին չի վերաբերում։ Նայեցեք, օրինակ, նրա գլխավերևում, պատի վրայի այդ քառակուսի դատարկությանը, որ կարծես իջեցված մի նկարի տեղը լինի։ Իսկապես, այդտեղ մի նկար կար, հատկապես հետաքրքրական մի նկար, մի գլուխգործոց։ Ես ներկա եմ եղել, թե ինչպես տանտերը ստացավ այն և ինչպես տվեց ուրիշի։ Երկու դեպքում էլ՝ նույն անվստահությամբ, շաբաթներ տևող տատանումներից հետո։ Այս տեսակետից պետք է ընդունել, որ հասարակությունը մի քիչ փչացրել է նրա բնավորության նախնական պարզությունը։ Նկատի ունեցեք, որ ես նրան չեմ դատապարտում։ Ես հարգում եմ նրա արդարացի անվստահությունը և սիրով պիտի բաժանեի այն, եթե, ինչպես նկատում եք, իմ ընկերական բնավորությունը չընդդիմանար դրան։ Ափսոս, ես շատախոս եմ և շատ հեշտ եմ ծանոթություններ հաստատում։ Գիտենալով հանդերձ, որ պետք է պատշաճ հեռավորություն պահպանել մարդկանց հետ շփվելիս, բոլոր առիթներն ինձ հարմար են թվում։ Երբ ապրում էի Ֆրանսիայում, չէի կարող հանդիպել որևէ խելացի մարդու, որի հետ անմիջական ընկերություն չհաստատեի։ Ահ, տեսնում եմ, ըղձակականի անկատար ժամանակով խոսելու իմ ձևը ձեր ժպիտն է շարժում։ Խոստովանում եմ իմ թուլությունը խոնարհման այդ եղանակի և ընդհանրապես գեղեցիկ լեզվի նկատմամբ։ Այդ թուլությունը ես իմ մեջ քննադատում եմ, հավատացեք, ես լավ գիտեմ, որ նուրբ սպիտակեղենի ճաշակը երբեք չի ենթադրում, որ պետք է կեղտոտ ոտքեր ունենալ։ Բոլորովին։ Թեև ոճը, ինչպես մետաքսը, հաճախ ծածկում է էկզեման։ Ի վերջո ես ինձ մխիթարում եմ՝ ասելով, որ ովքեր աղճատում են լեզուն, նույնպես մաքուր չեն։ Ահ, այո, մեկական գիհօղի ևս վերցնենք։ Ամստերդամում երկա՞ր եք մնալու։ Գեղեցիկ քաղաք է, չէ՞։ Հմայիչ։ Ահա մի ածական, որ վաղուց չեմ լսել։ Այն օրվանից, ինչ թողել եմ Փարիզը, իսկ դա արդեն տարիներ առաջ էր։ Բայց սիրտը իր հիշողությունն ունի, և ես մեր գեղեցիկ մայրաքաղաքից, նրա գետափնյա փողոցներից ոչինչ չեմ մոռացել։ Փարիզը մի իսկական աչք խաբող նկար է, մի հրաշալի զարդանկար՝ չորս միլիոն դիմաստվերներով։ Վերջին մարդահամարով՝ մոտ հինգ միլիոն։ Դե, իհարկե, երեխաներ ծնված պիտի լինեն։ Դա ինձ չի զարմացնի։ Ինձ միշտ թվացել է, որ մեր հայրենակիցները երկու կիրք ունեն, գաղափարները և շնանալը։ Դրանցով նրանք զբաղվում են, այսպես ասած, որտեղ պատահի։ Բայց զգուշանանք նրանց դատապարտելուց, որովհետև նրանք մենակ չեն, ամբողջ Եվրոպան նրանց նման է։ Երբեմն մտածում եմ, թե ինչ են գրելու ապագա պատմաբանները մեր մասին։ Ժամանակակից մարդուն բնորոշելու համար մի նախադասությունը բավական է լինելու. նրանք շնանում էին և թերթեր կարդում։ Այս ուժեղ սահմանումից հետո, համարձակվում եմ ասել, առարկան սպառված կլիներ։ Հոլանդացինե՞րը, օ՜, ո՛չ, նրանք շատ ավելի նվազ ժամանակակից են։ Դիտեցեք, նրանք ազատ ժամանակ շատ ունեն։ Ի՞նչ են անում։ Օրինակ, այդ պարոնները ապրում են այս կանանց աշխատանքով։ Նրանք բոլորն էլ՝ արու և էգ, միջին դասի սովորական էակներ են, որոնք եկել են, ինչպես լինում է սովորաբար, իրենց երազկոտության կամ հիմարության պատճառով։ Կարճ ասած՝ ուժեղ երևակայությունից կամ երևակայության պակասից դրդված։ Ժամանակ առ ժամանակ այս պարոնները դանակի կամ ատրճանակի հետ են խաղում, բայց մի հավատացեք, որ դրանում լրջություն կա։ Խաղացած դերն է ստիպում նրանց, և նրանք վախից մեռնում են վերջին փամփուշտը կրակելուց հետո։ Այս բոլորն ասելով հանդերձ, ես նրանց ավելի բարոյական եմ համարում, քան նրանց, ովքեր ընտանիքում հարազատին մաշեցնելով են սպանում։ Չե՞նք նկատել, որ մեր հասարակությունը կատարելագործված է այդ ձևի սպանության համար։ Բնականաբար դուք լսած կլինեք բրազիլական գետերի այն շատ փոքրիկ ձկնիկների մասին, որոնք հազարներով հարձակվում են անխոհեմ լողորդի վրա և իրենց փոքր ատամների արագ հարվածներով մի քանի վայրկյանում մաքրում-վերջացնում են նրան, թողնելով միայն կմախքը։ Ահա թե ինչպիսին է նրանց կազմակերպվածությունը։ Դուք, անշուշտ, մաքուր կյանքո՞վ եք ցանկանում ապրել, ինչպես բոլորը։ Դուք բնականաբար «այո» եք ասում։ Ինչպե՞ս «ոչ» ասել։ Համաձայն եմ։ Բայց ձեզ կխժռեն։ Այդպես է կազմակերպված մեր աշխատանքը, մեր ընտանիքը, այդպես են կազմակերպված մեր հաճույքները։ Եվ փոքրիկ ատամները խրվում են մսի մեջ մինչև ոսկորը։ Բայց ես անարդար եմ։ Պետք չէր խոսել նրանց մասին, որովհետև դա նույն ժամանակ մերն էլ է. հարց է, թե ով է ում առաջինը խժռում։ Վերջապես մեր գիհօղին բերում են։ Ձեր բարգավաճման կենացը։ Այո, գորիլլան բացեց բերանը, որպեսզի ինձ դոկտոր անվանի։ Այս երկրներում բոլորը դոկտոր ևպրոֆեսոր են։ Հոլանդացիները սիրում են մեծարել. նրանք այդ անում են բարությունից կամ համեստությունից։ Նրանց մոտ չարությունը առնվազն ազգային բնավորություն չէ։ Ի միջի այլոց, ես բժիշկ չեմ։ Եթե ցանկանում եք իմանալ, ասեմ, այստեղ գալուց առաջ ես իրավաբան էի։ Այժմ ես խոստովանող դատավոր եմ։ Բայց թույլ տվեք ներկայանալ. Ժան֊Բատիստ Քլամանս, ձեր խոնարհ ծառան։ Ուրախ եմ ձեզ ճանաչելուս համար։ Անկասկած առևտրով եք զբաղվում։ Մոտավորապես։ Գերազանց պատասխան։ Միաժամանակ բազմանշանակալի ու խելամիտ. մենք մոտավորապես ամեն ինչ ենք։ Այժմ թույլ տվեք մի փոքր դեդեկտիվ խաղալ։ Դուք մոտավորապես իմ տարիքին եք, ունեք քառասնամյա մարդու մոտավորապես ամեն ինչ տեսած վստահ աչքեր, մոտավորապես լավ եք հագնված, այսինքն՝ ինչպես հագնվում են մեզ մոտ, և ունեք ողորկ, փափուկ ձեռքեր։ Հետևաբար, մոտավորապես մի բուրժուա եք։ Բայց մի բարեկիրթ բուրժուա։ Ըղձական եղանակի անկատար ժամանակի իմ գործածության առթիվ ձեր ժպիտը ապացուցում է ձեր կրկնակի կրթվածությունը, որովհետև նախ՝ այդ ոճը ծանոթ է ձեզ, և, ապա, դուք դրանից տհաճություն եք զգում։ Ի վերջո ես ձեզ հաճույք եմ պատճառում, որը, առանց սնափառության, ենթադրել է տալիս ձեր որոշ չափով լայնախոհությունը։ Ուրեմն դուք մոտավորապես... Բայց ի՞նչ կարևոր է։ Մասնագիտությունները ինձ ավելի քիչ են հետաքրքրում, քան կրոնական աղանդները։ Թույլ տվեք ձեզ երկու հարց տալ։ Մի պատասխանեք, եթե գաղտնիք եք համարում։ Հարստություն ունե՞ք։ Որոշ չափո՞վ։ Լավ։ Աղքատներին բաժանո՞ւմ եք։ Ոչ։ Ուրեմն դուք, ինչպես ես եմ անվանում՝ սադուկեցի եք։ Եթե դուք Սուրբ Գիրքը մոտիկից չգիտեք, չեք հասկանա, թե ինչ եմ ասում։ Հասկանո՞ւմ եք։ Նշանակում է՝ մոտիկից գիտեք Սուրբ Գիրքը։ Հետևաբար դուք ինձ կրկնակի եք հետաքրքրում։