{{Գլուխ|հիմնական=Հաղթական կամար|նախորդ=Հաղթական կամար - I գլուխ|հաջորդ=Հաղթական կամար - III գլուխ}}
Փոքրիկ վիրահատարանը ցերեկվա պես լույս էր։ Նա նման էր հիգիենիկ սպանդանոցի։ Հատակին դրված էին արնաթաթախ բամբակներով դույլեր, ամենուրեք թափված բինտեր ու տամպոններ էին։ Կարմիրը բարձրագոչ ու հանդիսավոր մարտահրավեր էր նետում անբառ ճեպ-ճերմակին։ Վեբերը նստած էր նախավիրահատարանում դրված պողպատե լաքած սեղանի առաջ և ինչ-որ բան էր գրում։ Բուժքույրերից մեկը եռացնում էր գործիքները։ Ջուրը խլթխլթում էր, էլեկտրական լույսը, թվում էր, թշշում է, և միայն սեղանին պառկած մարմինն էր, որ անտարբեր էր ամեն ինչի նկատմամբ։