== Գլուխ XIII. Գիտելիք, մոլորություն և հավանական կարծիք==
Այն հարցը, թե մենք ինչ նկատի ունենք ասելով ճշմարտություն կամ մոլորություն, որը և մենք քննարկեցինք նախորդ գլխում, շատ ավելի քիչ է հետաքրքիր, քան այն հարցը, թե ինչպես կարող ենք մենք իմանալ, թե ինչն է ճշմարիտ, և ինչը՝ սխալ: Այս հարցը մեզ կզբաղեցնի սույն գլխում: Կասկած չկա, որ մեր ''որոշ'' համոզմունքներ մոլորություններ են. այսպիսով՝ մենք հանգում ենք այն հարցին, թե առհասարակ որքանով կարող ենք մենք վստահ լինել, որ այս-այս համոզմունքը մոլորություն չէ: Այլ կերպ ասած, առհասարակ կարո՞ղ ենք մենք երբևէ որևէ բան գիտենալ, թե մենք երբեմն բախտի բերմամբ հավատում ենք նրան, ինչ ճշմարիտ է: Նախքան այս հարցի վրա գրոհելը մենք, այնուամենայնիվ, պարտավոր ենք նախ պարզել, թե ինչ նկատի ունենք «իմանալ» ասելով: Իսկ այս հարցն այնքան հեշտ չէ, որքան կարող է թվալ:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ գիտելիքը կարող է սահմանվել որպես «ճշմարիտ համոզմունք»: Կարող էր ենթադրվել, թե եթե այն, ինչին մենք հավատում ենք, ճշմարիտ է, մենք ձեռք ենք բերել այն բանի մասին գիտելիքը, ինչին հավատում ենք: Սակայն սա չէր համապատասխանի այն ձևին, որով բառը սովորաբար գործածվում է: Վերցնենք մի շատ ծեծված օրինակ, եթե մի մարդ հավատում է, որ վերջին վարչապետի ազգանունն սկսվում էր Բ տառով, նա հավատում է ճշմարիտ բանի, քանզի վերջին վարչապետը սըր Հենրի Փամփբել Բաններմանն էր: Բայց եթե մարդը հավատում է, որ վերջին վարչապետը եղել է պարոն Բալֆորը, նա նորից կհավատա, որ վեջին վարչապետի ազգանունն սկսվում է Բ տառով: Բայց և այնպես, թեև այս համոզմունքը ճշմարիտ է, այն չի համարվի գիտելիք: Եթե մի լրագիր նախքան ճակատամարտի արդյունքը հայտնող հեռագիր ստանալը մի կանխատեսմամբ հայտարարի ճակատամարտի արդյունքը, այն կարող է բախտի բերմամբ հայտարարել այն, ինչ հետագայում լինելու է ճիշտ արդյունքը, և լրագիրը կարող է վստահություն առաջ բերել որոշ քիչ փորձառություն ունեցող ընթերցողների համար: Բայց չնայած նրանց համոզմունքի ճշմարտացիությանը՝ չի կարելի ասել, թե նրանք գիտելիք ունեն: Այսպիսով՝ պարզ է, որ ճշմարիտ համոզմունքը, երբ այն բխեցված է սխալ համոզմունքից, գիտելիք չէ:
Նույն ձևով, ճշմարիտ համոզմունքը չի կարելի անվանել գիտելիք, եթե այն բխեցված է մտածելու սխալ գործընթացի միջոցով, նույնիսկ, եթե այն նախադրյալները, որոնցից այն բխեցվել է, ճշմարիտ են: Եթե ես գիտեմ, որ բոլոր հույները մարդիկ են, և որ Սոկրատեսը մարդ էր, և ես բխեցնեմ, որ Սոկրատեսը հույն էր, չի կարելի ասել, թե ես ''գիտեմ'', որ Սոկրատեսը հույն էր, քանզի չնայած նրան, որ իմ նախադրյալները և իմ եզրակացությունը ճշմարիտ են, եզրակացությունը չի հետևում նախադրյալներից:
Բայց մենք կարո՞ղ ենք ասել, թե բացի ճշմարիտ նախադրյալներից ճիշտ ձևով բխեցվածից ոչինչ գիտելիք չէ: Ակնհայտ է, որ չենք կարող: Այսպիսի սահմանումը միաժամանակ և չափազանց լայն է, և չափազանց նեղ: Առաջին հերթին այն չափազանց լայն է, որովհետև բավական չէ, որ մեր նախադրյալները լինեն ''ճշմարիտ'', նրանք պետք է լինեն նաև ''գիտելիք'': Մարդը, որ հավատում է, որ վերջին վարչապետը պարոն Բալֆորն էր, կարող է սխալ նախադրյալից ճիշտ բխեցումներ անելով իր միտքը շարունակել, որ վերջին վարչապետի անունն սկսվում է Բ-ով, բայց չի կարելի ասել, թե նա ''գիտի'' այն եզրակացությունները, որոնց հանգել է այս բխեցումներով: Այսպիսով՝ մենք ստիպված կլինենք մեր սահմանումը բարեփոխել՝ ասելով, թե գիտելիքն այն է, ինչ ճիշտ ձևով բխեցված է ''գիտելիք'' հանդիսացող նախադրյալներից: Բայց այս սահմանման մեջ կա արատավոր շրջան. այն ենթադրում է, որ մենք արդեն գիտենք, թե ինչ է նշանակում «գիտելիք հանդիսացող նախադրյալ»: Հետևաբար, լավագույն դեպքում այն կարող է սահմանել գիտելիքի մի տեսակ՝ այն տեսակը, որը, ի հակադրություն ինտուիտիվ գիտելիքի, մենք անվանում ենք բխեցված: Մենք կարող ենք ասել. «Բխեցված գի-տելիքն այն է, ինչ ճիշտ ձևով բխեցված է ինտուիտիվ գիտելիք հանդիսացող նախադրյալներից»: Այս պնդման մեջ ձևական թերություն չկա, բայց այն բաց է թողնում ''ինտուիտիվ'' գիտելիքի սահմանման հարցը:
Մի պահ մի կողմ թողնելով ինտուիտիվ գիտելիքի հարցը՝ եկեք քննարկենք բխեցված գիտելիքի՝ վերը առաջարկված սահմանումը: Նրա դեմ գլխավոր առարկությունն այն է, որ այն անհարկի ձևով սահմանափակում է գիտելիքի սահմանները: Հաճախ է պատահում այնպես, որ մարդիկ կրում են մի ճշմարիտ համոզմունք, որը նրանց մոտ ձևավորվել է շնորհիվ ինչ-որ ինտուիտիվ գիտելիքի, որից այն կարող է ճիշտ ձևով բխեցվել, բայց որից, փաստորեն, այն չի բխեցվել որևէ տրամաբանական գործընթացով: Օրինակի համար վերցնենք ընթերցանությամբ ձեռք բերված համոզմունքները: Եթե լրագրերը հաստատում են, որ թագավորը մահացել է, բավականին արդարացի կլինի, որ մենք հավատանք, որ թագավորը մահացել է, քանի որ սա այնպիսի հայտարարություն է, որը սխալ լինելու դեպքում չէր արվի: Եվ լիովին արդարացի կլինի, որ մենք հավատանք, որ լրագիրը պնդում է, թե թագավորը մահացել է: Բայց այստեղ այն ինտուիտիվ գիտելիքը, որի վրա հենվում է մեր համոզմունքը, լուրը տրամադրող տպագրված նյութին նայելուց բխեցված զգայական տվյալների գոյության մասին գիտելիքն է: Այս գիտելիքը հազվադեպ է գիտակցվում: Բացառություն են այն մարդիկ, ովքեր չեն կարող կարդալ հեշտությամբ: Հնարավոր է, որ մի երեխա ճանաչի տառերի պատկերները և աստիճանաբար և ցավոտ կերպով անցնի նրանց նշանակության գիտակցմանը: Բայց վարժ կարդացող յուրաքանչյուր ոք միանգամից անցնում է նրան, ինչ տառերը նշանակում են, ն բացառությամբ այն դեպքերի, երբ խորհում է այդ մասին, չի գիտակցում, որ ինքն այս գիտելի-քը բխեցրել է տպված տառերը տեսնել կոչվող զգայական տվյալներից: Այսպիսով՝ թեև հնարավոր է ճիշտ կերպով տառերից բխեցնել նրանց իմաստը, և ընթերցողը ''կարող է'' անել այս, սա իրականում չի արվում, քանզի ընթերցողն իրականում չի կատարում որևէ գործողություն, որը կարելի լինի անվանել տրամաբանական բխեցում: Այդուհանդերձ, անհեթեթություն կլինի ասել, թե ընթերցողը ''չգիտի'', որ լրագիրը հայտարարում է թագավորի մահը:
Հետևաբար, մենք պետք է բխեցված գիտելիք համարենք այն ամենն, ինչ ինտուիտիվ իմացության արդյունք է, եթե անգամ այն ծագել է լոկ զու-գորդման պատճառով: Սա այն դեպքում, երբ ''կա'' հիմնավոր տրամաբանական կապ, և խնդրում նշված անձը կարող էր խորհրդածելով գիտակցել այս կապը: Իրականում բացի տրամաբանական բխեցումից շատ ձևեր կան, որոնցով մենք մի համոզմունքից անցնում ենք մյուսին, տպված նյութից նրա իմաստին անցնելն այս ձևերի օրինակ է: Այս ձևերը կարելի է անվանել «հոգեբանական բխեցում»: Ուրեմն, եթե կա հոգեբանական բխեցմանը զուգահեռ գնացող հայտնաբերելի տրամաբանական բխեցում, մենք պետք է հոգեբանական բխեցումը համարենք բխեցված գիտելիք ձեռք բերելու միջոց: Սա բխեցված գիտելիքի մեր սահմանումը դարձնում է պակաս ճշգրիտ, քան մենք կցանկանայինք: Քանի որ «հայտնաբերելի» բառն անորոշ է, այն մեզ չի ասում, թե որքան խորհրդածություն կարող է պահանջվել հայտնա-գործությունը կատարելու համար: Հետևաբար, շատ ճշգրիտ սահմանում պետք չէ փնտրել, քանզի ցանկացած նման սահմանում պետք է լինի շատ թե քիչ մոլորեցնող:
Այնուամենայնիվ, գիտելիքի վերաբերյալ գլխավոր դժվարությունը ծագում է ոչ թե բխեցված գիտելիքի, այլ ինտուիտիվ գիտելիքի առնչությամբ: Քանի դեռ մենք գործ ունենք բխեցված գիտելիքի հետ, մենք կարող ենք հենվել ինտուիտիվ գիտելիքով ստուգման վրա: Բայց ինչ վերաբերում է ինտուիտիվ համոզմունքներին, ապա առհասարակ հեշտ չէ հայտնաբերել մի չափանիշ, որով կարելի լինի որոշ համոզմունքներ տարբերակել որպես ճշմարիտ, իսկ մյուսները՝ որպես սխալական: Այս հարցում հազիվ թե հնարավոր լինի հասնել որևէ խիստ ճշգրիտ արդյունքի. ճշմարտությունների մեր ողջ իմացությունն ախտահարված է ''ինչ-որ'' չափի կասկածով, և այս փաստն անտեսող տեսությունը պարազպես սխալ կլիներ:
Սկսենք նրանից, որ մեր ճշմարտության տեսությունը հնարավորություն է ընձեռում որոշակի ճշմարտություններ տարբերակել, որպես ''ակնառու'' ճշմարտություններ այն առումով, որը երաշխավորում է անսխալականությունը: Մենք ասացինք, որ երբ համոզմունքը ճշմարիտ է, կա համապատասխան փաստ, որում համոզմունքի առանձին օբյեկտները կազմում են մեկ բաղադրյալ ամբողջ: Ասում են՝ համոզմունքը հանդիսանում է այս փաստի ''իմացությունը'', եթե այն համապատասխանում է այն հետագա ինչ-որ առումով աղոտ պայմաններին, որոնք մենք քննարկեցինք սույն գլխում: Բայց ցանկացած փաստի վերաբերյալ, բացի համոզմունքի միջոցով կառուցված գիտելիքից, մենք կարող ենք ունենալ նաե ''ընկալման'' (այս բառի հնարավոր ամենալայն իմաստով) միջոցով կառուցված գիտելիք: Օրինակ՝ եթե դու գիտես արևամուտի ժամը, այդ ժամին դու կարող ես իմանալ այն փաստը, որ արևը մայր է մտնում. սա փաստի իմացություն է ''ճշմարտությունների'' իմացության միջոցով: Բայց եթե եղանակը լավն է, դու կարող ես նաև նայել դեպի արևմուտք և իրականում տեսնել մայր մտնող արևը, այս դեպքում դու նույն փաստն իմանում ես ''իրերի'' իմացության միջոցով:
Այսպիսով ցանկացած բաղադրյալ փաստի համար տեսականորեն կա երկու ուղի, որոնցով այն կարող է ճանաչվել: Փաստերը կարող են ճանաչվել. 1) այնպիսի դատողության միջոցով, որում դատում են, որ նրա առանձին մասերը կապված են այնպես, ինչպես նրանք իրականում կապված են. 2) իր՝ բաղադրյալ փաստի հետ ծանոթության միջոցով: Այս միջոցը կարելի է անվանել ընկալում (լայն իմաստով), թեև այն բոլորովին Էլ չի սահմանափակվում զգայության միջոցով: Այժմ ցույց կտրվի, որ բաղադրյալ փաստերը ճանաչելու երկրորդ եղանակը՝ ''ծանոթության'' եղանակը, հնարավոր է միայն, երբ իսկապես կա այդպիսի փաստ, մինչդեռ առաջին եղանակը, բոլոր դատողությունների նման, ենթակա է սխալ լինելու: Երկրորդ եղանակը մեզ տալիս է բաղադրյալ ամբողջը, և հետևաբար հնարավոր է միայն, երբ նրա մասերն իրականում ունեն այն հարաբերությունը, որը նրանց միավորում է նման բաղադրյալ ամբողջ ձևավորելու համար: Ընդհակառակը, առաջին եղանակը մասերի հարաբերությունը մեզ տալիս է առանձին- առանձին և պահանջում է միայն մասերի և հարաբերության իրականությունը. հարաբե-րությունը կարող է և մասերը ճիշտ ձևով չկապել, բայց և այնպես դատողությունը կարող է ի հայտ գալ: Հիշենք, որ գլուխ XI-ի վերջում մենք ակնարկեցինք, որ կարող է լինել ակնառության երկու տեսակ. մեկը տալիս է ճշմարտության բացարձակ երաշխիք, իսկ մյուսը՝ միայն մասնակի երաշխիք: Այժմ կարելի է տարբերակել այս երկու տեսակները:
Մենք կարող ենք ասել, որ ճշմարտությունն ակնառու է առաջին և ամենաբացարձակ իմաստով այն դեպքում, երբ մենք ծանոթ ենք ճշմարտությանը համապատասխանող փաստին: Երբ Օթելլոն հավատում է, որ Դեզդեմոնան սիրում է Կասիոյին, համապատասխանող փաստը, եթե այս համոզմունքը ճշմարիտ լիներ, կլիներ «Կասիոյի հանդեպ Դեզդեմոնայի սերը»: Սա կլիներ մի փաստ, որի հետ ոչ ոք, բացի Դեզդեմոնայից, չէր կարող ծանոթ լինել: Ուստի այն ճշմարտությունը, որ Դեզդեմոնան սիրում է Կասիոյին, (եթե այն ճշմարտություն լիներ) ակնառության այն առումով, որ մենք քննարկում ենք, կարող Էր ակնառու լինել միայն Դեզդեմոնայի համար: Բոլոր մտային փաստերը և զգայական տվյալների վերաբերյալ բոլոր փաստերն ունեն այս նույն անձնականությունը, քանի որ միայն մեկ անձ կա, որը կարող է ծանոթ լինել քննարկվող մտային բաներին կամ զգայական տվյալներին, միայն մեկ անձ կա, որի համար նրանք կարող են ակնառու լինել բառի ներկայիս իմաստով: Այսպիսով՝ գոյություն ունեցող որևէ մասնավոր բանի մասին ոչ մի փաստ չի կարող ակնառու լինել մեկից ավելի անձանց համար: Մյուս կողմից, ունիվերսալիաների մասին փաստերն այս անձնականությունը չունեն: Շատ գիտակցություններ կարող են ծանոթ լինլ նույն ունիվերսալիաների հետ, ուստի ունիվերսալիաների միջև առկա հարաբերությունը կարող է ծանոթության միջոցով հայտնի դառնալ բազմաթիվ տարբեր մարդկանց: Բոլոր դեպքերում, երբ մենք ծանոթանում ենք որոշակի հարաբերության մեջ գտնվող որոշակի տերմիններից կազմված բաղադրյալ փաստի, մենք ասում ենք, որ այս տերմինների նկատված ձևով կապակցված լինելու մասին ճշմարտությունն ունի առաջին կամ բացարձակ տեսակի ակնառություն, և այսպիսի դեպքերում այն դատողությունը, թե տերմինները կապակցված են նկատված ձևով, ''պետք'' է լինի ճշմարիտ: Այսպիսով՝ ակնառության այս տիպը ճշմարտության բացարձակ երաշխիք է:
Բայց թեև ակնառության այս տիպը ճշմարտության բացարձակ երաշխիք է. այն մեզ հնարավորություն չի տալիս որևէ տրված դատողության դեպքում ''բացարձակապես'' վստահ լինել, որ խնդրո առարկա դատողությունը ճշմարիտ է: Ենթադրենք՝ մենք նախ ընկալում ենք փայլող արևը, որը բաղադրյալ փաստ է, այնուհետև կառուցում ենք «Արևը փայլում է» դատողությունը: Ընկալումից դատողությանն անցնելիս անհրաժեշտ է վերլուծել տրված բաղադրյալ փաստը. որպես փաստի բաղադրիչներ մենք պետք է առանձնացնենք «արևը» և «փայլելը»: Այս գործընթացում հնարավոր է սխալ թույլ տալ: Ուստի նույնիսկ, երբ ''փաստն'' ունի առաջին կամ բացարձակ տեսակի ակնառություն, դատողությունը, որը հավատում են, թե համապատասխանում է փաստին, հավաստի է ոչ բացարձակապես, որովհետև այն կարող է փաստին ամբողջապես չհամա-պատասխանել: Բայց եթե այն համապատասխանում է (նախորդ գլխում բացատրված առումով), ապա այն պետք է լինի ''ճշմարիտ: ''
Ակնառության երկրորդ տիպը կլինի այն, որն առաջին հերթին պատկանում է դատողություններին և բխեցված չէ փաստի՝ որպես մեկ բաղադրյալ ամբողջի անմիջական ընկալումից: Ակնառության այս տեսակը կունենա աստիճաններ՝ ամենաբարձր աստիճանից ներքև մինչև ինչ-որ համոզմունքի օգտին լոկ հակվածության: Օրինակի համար վերցնենք կոշտ փողոցով մեզանից վարգով հեռացող ձիու դեպքը: Սկզբից մենք ամբողջովին վստահ ենք, որ լսում ենք սմբակների ձայնը: Եթե ուշադիր լսենք, աստիճանաբար գալիս է մի պահ, երբ մենք մտածում ենք, թե միգուցե դա երևակայության արդյունք էր, գլխավերևից լսվող ձայն էր կամ մեր սրտի խփոցը: Ի վերջո, մենք սկսում ենք կասկածել, թե արդյոք առհասարակ որևէ ձայն կա, հետո մենք ''մտածում'' ենք, թե այլևս ոչինչ չենք լսում, իսկ վերջում մենք ''գիտենք'', որ այլևս չենք լսում: Այս գործընթացում առկա է ակնառության անխզում աստիճանակարգ՝ ամենաբարձր աստիճանից ամենացածրը: Աստիճանակարգն իրենց՝ զգայական տվյալների մեջ չէ, այլ նրանց վրա հիմնված դատողությունների մեջ:
Կամ, նորից, ենթադրենք, թե համեմատում ենք գույնի երկու երանգներ. մեկը՝ կապույտ, իսկ մյուսը՝ կանաչ: Մենք կարող ենք լրիվ վստահ լինել, որ նրանք գույնի տարբեր երանգներ են: Բայց եթե կանաչ գույնն աստիճանաբար փոխվի և կապույտին ավելի ու ավելի նմանվի՝ նախ դառնալով կապտականաչ, հետո՝ կանաչակապույտ, հետո՝ կապույտ, կգա մի պահ, երբ մենք կկասկածենք, թե արդյոք տեսնում ենք որևէ տարբերություն, իսկ հետո մի պահ, երբ մենք գիտենք, որ մենք որևէ տարբերություն չենք տեսնում: Նույն բանը պատահում է երաժշտական գործիքը լարելիս կամ ցանկացած այլ դեպքում, որտեղ կա անխզում աստիճանակարգ: Այսպիսով՝ այս տիպի ակնառությունն աստիճանի հարց է, և թվում է՝ պարզ է, որ ավելի բարձր աստիճաններին հարկ է վստահել ավելի շատ, քան ցածր աստիճաններին:
Բխեցման միջոցով իմացության մեջ մեր ելակետային նախադրյալները պետք է ունենան ակնառության ինչ-որ աստիճան, ակնառության ինչ-որ աստիճան պետք է ունենա նաև նրանց և նրանցից բխեցված եզրակացությունների կապը: Օրինակի համար երկրաչափությունից վերցնենք դատելու մի գործողություն: Բավական չէ, որ աքսիոմները, որոնցից մենք սկսում ենք, լինեն ակնառու, անհրաժեշտ է նաև, որ դատելու ամեն մի քայլում նախադրյալի և եզրակացության կապը լինի ակնառու: Դատելու բարդ գործողություններում այս կապը հաճախ ունի ակնառության շատ փոքր աստիճան: Ուստի, երբ բարդությունը մեծ է, դատելու սխալներն անհավանական չեն:
Ասվածից ակնհայտ է դառնում, որ եթե, ենթադրենք, ինտուիտիվ գիտելիքն արժանահավատ է իր ակնառությանը համեմատական ձևով, և ինտուիտիվ գիտելիքի, և բխեցված գիտելիքի համար կլինի արժանահավատության աստիճանակարգ՝ սկսած հիշարժան զգայական տվյալների գոյությունից և տրամաբանության ու թվաբանության համեմատաբար պարզ ճշմարտություններից, որոնք կարելի է համարել լրիվ հավաստի, վերջացրած այն դատողություններով, որոնք պարզապես թվում են ավելի հավանական, քան իրենց հակադիրները: Այն, ինչին մենք ամուր կերպով հավատում ենք, կոչվում է ''գիտելիք'', երբ այն ճշմարիտ է, և երբ ենթադրվում է, որ այն կամ ինտուիտիվ է, կամ բխեցված է (տրամաբանորեն կամ հոգեբանորեն) ինտուիտիվ գիտելիքից, որից հետևում է տրամաբանորեն: Այն, ինչին մենք ամուր կերպով հավատում ենք, կոչվում է ''մոլորություն'', երբ այն ճշմարիտ չէ: Այն, ինչին մենք ամուր կերպով հավատում ենք, կարելի է անվանել ''հավանական կարծիք'', եթե այն ոչ գիտելիք է, ոչ մոլորություն: ''Հավանական կարծիք'' կարելի է անվանել այն, ինչին մենք հավատում ենք երնակայելով, որովհետև այն մի դրույթ է կամ բխեցված է մի դրույթից, որը չունի ակնառության բարձրագույն աստիճանը: Այսպիսով՝ սովորաբար գիտելիք համարվողի մեծ մասը շատ թե քիչ հավանական կարծիք է:
Հավանական կարծիքի համար մենք կարող ենք մեծ օգուտ քաղել ''կոհերենտությունից'', որը մենք մերժեցինք որպես ճշմարտության ''սահմանում'', բայց որը կարող ենք հաճախ օգտագործել որպես ''չափանիշ''։ Առսւնձին-առանձին հավանական կարծիքների ամբողջությունը, եթե կարծիքները փոխադարձաբար կոհերենտ են, ավելի հավանական է դառնում, քան նրանցից որևէ մեկը կլիներ առանձին: Այս ձևով են շատ գիտական հիպոթեզներ ձեռք բերում իրենց հավանականությունը: Նրանք հավանական կարծիքների մի կոհերենտ համակարգում գտնում են իրենց տեղը և այսպիսով դառնում ավելի հավանական, քան նրանք կլինեին մեկուսի: Նույն բանը վերաբերում է ընդհանուր փիլիսոփայական հիպոթեզներին: Հաճախ մի եզակի դեպքում նման հիպոթեզները կարող են թվալ խիստ կասկածելի, բայց երբ մենք հաշվի ենք առնում հավանական կարծիքների մի ամբողջության մեջ նրանց կարգավորվսւծությունն ու կոհերենտությունը, նրանք դառնում են գրեթե հավաստի: Սա, մասնավորապես, վերաբերում է այնպիսի հարցերին, ինչպիսին երազների և արթուն կյանքի տարբերակումն է։ Եթե մեր երազները գիշեր գիշերվա ետևից միմյանց հետ լինեին նույնքան կոհերենտ, որքան մեր օրերը, մենք դժվարությամբ կիմանայինք՝ հավատալ երազներին, թե արթուն կյանքին: Փաստորեն, կոհերենտության թեստը մերժում է երազները և հաստատում արթուն կյանքը: Բայց այս թեստը, թեև այն հաջողության դեպքում մեծացնում է հավանականությունը, քանի դեռ կոհերենտ համակարգի ինչ-որ կետում հավաստիություն դեռևս չկա, երբեք բացարձակ հավաստիություն չի տալիս: Այսպիսով՝ միայն հավանական կարծիքի կազմակերպումն ինքնին երբեք կարծիքը չի փոխակերպի անառարկելի գիտելիքի:
== Գլուխ XIV. Փիլիսոփայական իմացության սահմանները==
== Գլուխ XV. Փիլիսոփայության արժեքը==