— Այդպիսին էր Ալլահի կամքը,— հաստատեց տղամարդը վստահ տեսքով։
Պետրին միայն երկու սենյակ էր վարձել, քանի որ ինքը գերադասում էր ախոռում քնել և հսկել ծածկած սայլը, որը նա խուսափում էր թողնել միայն իր մարդկանց հսկողության ներքո։ Այնտեղ մթերքից, հագուստից և խոհանոցային կարասից բացի, կար մի ճամպրուկ, որն անձանբ անձամբ Պետրիին էր պատկանում։ Ճամպրուկը լցված էր տեղահանվածներից խլված թանկարժեք իրերով, զարդերով և դրամով։ Տիրոջից ծածուկ Պետրին իր բաժինն էր ստանում ոստիկանների իրագործած թալանից։
Իջևանատունը մեծ փայտյա կառույց էր, որին կից ախոռ կար։ Դրա երկու տերերը Ռըզային պատկառանքով ընդունեցին, որը ստորաքարշության վերածվեց, երբ նա պահանջեց ներկայացնել մատյանները։ Անկասկած եղբայրներ էին, քանի որ նրանց նմանությունը աչքի էր զարնում։ Հիսունին մոտ, երկուսն էլ գիրուկ և ճաղատացող ճակատներով, նրանք լարված և անհանգիստ կանգնած էին Ռըզա բեյի առջև, որը թերթում էր նրանց մատյանը։ Իջևանատանը իրենցից բացի միայն երեք այցելու կար։ Դրանք գերմանացի սպաներ էին, որոնք նստած շնապս էին խմում։ Դիմելով իջևանատան տերերին առանձին—առանձին, նա հրամայեց.