Changes

Փիլիսոփայության պրոբլեմները

Ավելացվել է 28 152 բայտ, 10:08, 23 Հուլիսի 2014
/* Գլուխ XV. Փիլիսոփայության արժեքը */
== Գլուխ XV. Փիլիսոփայության արժեքը==
 
Այժմ, երբ հասել ենք փիլիսոփայության պրոբլեմների մեր հակիրճ և խիստ անավարտ քննարկման ավարտին, լավ կլինի եզրափակման համար քննարկել, թե որն է փիլիսոփայության արժեքը, և ինչու է պետք այն սովորել: Այս հարցի քննարկումն էլ ավելի անհրաժեշտ է, երբ հաշվի է առնվում այն փաստը, որ շատ մարդիկ գիտության կամ գործնականության ազդեցությամբ հակված են կասկածելու, թե արդյոք փիլիսոփայությունն արժե ավելին, քան անմեղ, բայց անօգուտ զբաղմունքը, ավելորդ տարբերակումները և այնպիսի հարցերի վերաբերյալ հակասությունները, որոնց վերաբերյալ գիտելիքն անհնար է:
 
Փիլիսոփայության մասին այս պատկերացումը, թվում է, մասամբ կյանքի նպատակների սխալ ըմբռնման, իսկ մասամբ բարիքների այն տեսակների սխալ ըմբռնման արդյունք է, որ փիլիսոփայությունը ձգտում է ձեռք բերել: Բնագիտությունը հայտնագործությունների միջոցով օգտակար է անհամար մարդկանց համար, ովքեր նրանից լրիվ անտեղյակ են: Այսպիսով՝ բնագիտության ուսումնասիրությունը հարկ է հորդորել ոչ միայն կամ առաջին հերթին ոչ ուսանողի վրա նրա ունեցած ազդեցության, այլ ընդհանրապես մարդկության վրա նրա ունեցած ազդեցության համար: Այս օգտակարությունը չի վերաբերում փիլիսոփայությանը: Եթե փիլիսոփայություն ուսումնասիրելն առհասարակ որեէ արժեք ունի փիլիսոփայության ուսանողներից բացի այլ անձանց համար, դա պետք է լինի միայն անուղղակի ձևով՝ այն ազդեցության միջոցով, որ փիլիսոփայությունն ունենում է իրեն ուսումնասիրողի կյանքի վրա: Հետևաբար, եթե որևէ տեղ, ապա առաջին հերթին այս ազդեցությունների մեջ է, որ պետք է փնտրել փիլիսոփայության արժեքը:
 
Բայց բացի այդ, եթե չենք ուզում ձախողվել փիլիսոփայության արժեքի որոշման մեր ջանքերում, մենք նախ պետք է մեր գիտակցությունից հանենք սխալմամբ «գործնական» մարդիկ կոչվածի վերաբերյալ նախապաշարումները: «Գործնական» մարդը, այն իմաստով, որով այս բառը հաճախ գործածվում է, այն մարդն է, ով ընդունում է միայն նյութական կարիքները, ով գիտակցում է, որ մարդն իր մարմնի համար պարտավոր է սնունդ ընդունել, բայց ով անտարբեր է գիտակցությանը սնունդ տրամադրելու անհրաժեշտության նկատմամբ: Եթե բոլոր մարդիկ ապահովված լինեին, եթե աղքատությունն ու հիվանդությունը հասցվեին իրենց հնարավոր ամենացածր կետին, միևնույն է, արժեքավոր հասարակություն ստեղծելու համար դեռ շատ բան կմնար անելու: Եվ նույնիսկ այսօր գոյություն ունեցող աշխարհում գիտակցության տված բարիքներն առնվազն նույնքան կարևոր են, որքան մարմնի տված բարիքները: Բացառապես գիտակցության տված բարիքների մեջ է, որ կարելի է գտնել փիլիսոփայության արժեքը, և միայն նրանց, ովքեր անտարբեր չեն այս բարիքների նկատմամբ, կարելի է համոզել, որ փիլիսոփայություն ուսումնասիրելը ժամանակի կորուստ չէ:
 
Փիլիսոփայությունը, ինչպես մյուս բոլոր գիտությունները, նախ և առաջ ձգտում է դեպի գիտելիքը: Գիտելիքը, որին այն ձգտում է, այնպիսին է, որ միասնություն և համակարգ է տալիս գիտությունների բազմությանը, այնպիսին է, որ առաջ է գալիս նոր համոզմունքների, նախապաշարումների և կարծիքների հիմքերի քննադատական հետազոտության արդյունքում: Բայց չի կարելի կարծել, թե փիլիսոփայությունը շատ մեծ չափերի հասնող որևէ հաջողություն է ունեցել իր հարցերին որոշակի պատասխաններ տալու փորձերում: Եթե մաթեմատիկոսին, հանքագետին, պատմաբանին կամ որևէ այլ ուսումնասիրողի հարցնեք, թե իր գիտության կողմից ճշմարտությունների ինչ որոշակի բազմություն է փաստվել, նրա պատասխանը կտևի այնքան, որքան դուք ցանկանում եք լսել: Բայց եթե նույն հարցը տաք մի փիլիսոփայի, ապա եթե նա անկեղծ է, նա կխոստովանի, որ իր գիտությունը ձեռք չի բերել այնպիսի պոզիտիվ արդյունքներ, որպիսիք են մյուս գիտությունների ձեռք բերածները: Ճիշտ է, սա մասամբ բացատրվում է այն փաստով, որ հենց որ որևէ բնագավառի վերաբերյալ որոշակի գիտելիքը հնարավոր է դառնում, այս բնագավառը դադարում է փիլիսոփայություն կոչվելուց և դառնում է առանձին գիտություն: Երկնքի ողջ ուսումնասիրությունը, որն այժմ պատկանում է աստղագիտությանը, մի ժամանակ ներառնված էր փիլիսոփայության մեջ. Նյուտոնի խոշոր աշխատությունն անվանվել է «Բնության փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները»: Նույն ձևով, մարդկային գիտակցության ուսումնասիրությունը, որ փիլիսոփայության մի մասն էր, այժմ առանձնացել է փիլիսոփայությունից և դարձել է հոգեբանական գիտությունը: Այսպիսով՝ ոչ հավաստիությունը մեծ մասամբ ավելի շուտ թվացյալ է, քան իրական, այն հարցերը, որոնց արդեն կարելի է որոշակի պատասխաններ տալ, տեղակայվում են գիտությունների մեջ, այն դեպքում, երբ փիլիսոփայություն կոչվող մնացորդը կազմելու համար մնում են միայն այն հարցերը, որոնց ներկայումս ոչ մի որոշակի պատասխան չի տրվել:
 
Այնուամենայնիվ, սա փիլիսոփայության ոչ հավաստիության վերաբերյալ ճշմարտության միայն մեկ մասն է. կան շատ հարցեր, որոնց թվում են
մեր հոգևոր կյանքի համար ամենախոր հետաքրքրություն ունեցող հարցերը, որոնք այնքանով, որքանով մենք ենք հասկանում, մարդկային բանախոհության համար պետք է անլուծելի մնան այնքան ժամանակ, մինչև նրա կարողությունները չդառնան ամբողջովին այլ կարգի մի բան, քան այն, որ հիմա են: Տիեզերքն ունի՞ արդյոք որևէ միասնական ծրագիր կամ նպատակ, թե՞ այն ատոմների պատահական հավաքույթ է: Արդյո՞ք գիտակցությունը տիեզերքի հարատև տարր է, որն իմաստության մեջ անվերջ աճելու հույս է տալիս, թե՞ այն մի անցողիկ վթար է մի փոքր մոլորակի վրա, որի վրա կյանքը պետք է հիմնովին անհնար դառնա: Բարին և չարը կարևորություն ունեն տիեզերքի՞, թե՞ միայն մարդու համար: Փիլիսոփայությունը տալիս է նման հարցեր, և տարբեր փիլիսոփաներ տարբեր կերպ են պատասխանում նրանց: Բայց կարող է թվալ, որ անկախ նրանից՝ պատասխաններն այլ ձևով կարելի է բացահայտել, թե ոչ, փիլիսոփայության առաջարկած պատասխաններից ոչ մեկը բացահայտորեն ճշմարիտ չէ: Բայց և այնպես, որքան էլ փոքր լինի որևէ պատասխան բացահայտելու հույսը, փիլիսոփայության խնդիրների թվում են նման հարցերի քննարկումը շարունակելը, մեզ նրանց կարևորության մասին իրազեկելը, նրանց լուծելու բոլոր մոտեցումները քննելը և տիեզերքի նկատմամբ այն սպեկուլյատիվ հետաքրքրության կենդանի պահելը, որը հավանաբար կործանման է դատապարտվում նրանից, որ մենք մեզ սահմանափակում ենք հաստատ փաստելի գիտելիքով:
 
Ճշմարիտ է, որ շատ փիլիսոփաներ պաշտպանել են այն կարծիքը, թե փիլիսոփայությունը կարող է հաստատել նման հիմնական հարցերին տրված որոշակի պատասխանների ճշմարտացիությունը: Նրանք ենթադրել են, թե խստիվ կերպով կարող են ապացուցել այն, ինչ ամենակարևորն է կրոնական համոզմունքների մեջ: Այսպիսի փորձերի մասին դատողություն անելու համար անհրաժեշտ է հետազոտել մարդկային իմացությունը և կարծիք կազմել նրա մեթոդների և սահմանափակությունների մասին: Անխոհեմ կլիներ նման հարցերում դոգմատիկորեն արտահայտվելը, բայց եթե մեր նախորդ գլուխների հետազոտությունները մեզ չեն շեղել ճիշտ ուղուց, մենք պետք է դատապարտված լինենք մի կողմ թողնել կրոնական համոզմունքների համար փիլիսոփայական ապացույցներ գտնելու հույսը: Հետևաբար, մենք չենք կարող որպես փիլիսոփայության արժեքի մաս ներառել նման հարցերին տրված պատասխանների որևէ որոշակի բազմություն: Ուստի, ևս մեկ անգամ նշենք, որ փիլիսոփայության արժեքը չպետք է կախված լինի գիտելիքների որոշակի բազմությունից, որը ենթադրվում է, թե հաստատ փաստելի է, և որը ձեռք է բերվելու այն ուսումնասիրողների կողմից:
 
Փաստորեն, փիլիսոփայության արժեքը հիմնականում հարկ է փնտրել հենց իր անորոշության մեջ: Մարդը, որը չի զգացել փիլիսոփայության համը, կյանքի միջով անցնում է առօրյա գիտակցությունից, իր դարի կամ իր ազգի սովորույթներից եկող համոզմունքներից և իր գիտակցության մեջ առանց իր կշռադատող բանականության համագործակցության կամ համաձայնության հասունացած համոզմունքներից սկիզբ առնող նախապաշարումներով բանտարկված: Նման մարդու համար աշխարհը հակված է դառնալ որոշակի, սահմանափակ, ակնհայտ. սովորական օբյեկտները հարցեր չեն առաջացնում, իսկ անսովոր հնարավորություններն արհամարհանքով մերժվում են: Ընդհակառակը, հենց որ մենք սկսում ենք փիլիսոփայել, պարզ է դառնում, որ ինչպես մենք տեսանք սկզբի գլուխներում, նույնիսկ ամենաաոօրեական հարցերն են տանում այնպիսի պրոբլեմների, որոնց կարելի է տալ միայն խիստ անավարտ պատասխաններ: Թեև փիլիսոփայությունն ի վիճակի չէ մեզ հավաստիորեն ասել, թե որն է իր բարձրացրած կասկածների ճշմարիտ պատասխանը, այն ի վիճակի է առաջարկել բազում հնարավորություններ, որոնք ընդլայնում են մեր խոհերն ու նրանց ազատում սովորույթի բռնակալությունից: Այսպիսով՝ պակասեցնելով մեր հավաստիության զգացումն այն մասին, թե ինչ են առարկաները, այն մեծապես ընդլայնում է մեր գիտելիքն այն մասին, թե ինչ կարող են դրանք լինել, այն վերացնում է որոշ չափով ամբարտավան դոգմատիզմը, որը պատկանում է նրանց, ովքեր երբեք չեն մտել կասկածն ազատագրելու տարածքը: Եվ այն, սովորական բաներն անծանոթ տեսանկյունից ցույց տալով, կենդանի է պահում մեր զարմանալու զգացումը: Բացի ուշադրությունից դուրս մնացած հնարավորություններ ցույց տալու օգտակարությունից, փիլիսոփայությունն արժեք է ձեռք բերում շնորհիվ իր հայեցողության օբյեկտների մեծության և նեղ ու անձնական նպատակներից ազատության, որը հանդիսանում է այս հայեցողության արդյունք: Բնազդային մարդու կյանքը պարփակված է նրա անձնական հետաքրքրությունների շրջանակով, որի մեջ կարող են ներառնվել ընտանիքն ու ընկերները, բայց արտաքին աշխարհն անտեսվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ այն կարող է բնազդային ցանկությունների շրջանակում գտնվողին օգնել կամ խանգարել: Նման կյանքում ինչ-որ տենդոտ և սահմանափակ բան կա, որի հետ համեմատած՝ փիլիսոփայական կյանքը հանդարտ է և ազատ: Բնազդային հետաքրքրությունների անձնական աշխարհը փոքր աշխարհ է՝ ընկած մեծ և հզոր աշխարհի կենտրոնական մասում, որը վաղ թե ուշ պետք է կործանի մեր անձնական աշխարհը: Քանի դեռ մենք չենք կարող մեր հետաքրքրություններն այնպես ընդլայնել, որ այն ներառի ողջ արտաքին աշխարհը, մենք մնում ենք պաշարված ամրոցի միջի մի կայազորի պես, որը գիտի, որ թշնամին կանխում է փախուստը, որ ամբողջովին անձնատուր լինելն անխուսափելի է: Նման կյանքում խաղաղություն չկա, այլ կա ցանկության համառության և կամքի անզորության միջև անդադրում պայքար: Եթե վիճակված է, որ մեր կյանքը լինի սքանչելի և ազատ, մենք այս կամ այն ձևով պետք է ազատվենք այս բանտից և այս պայքարից:
 
Ազատվելու մի ձև է փիլիսոփայական հայեցողությունը: Իր ամենալայն հետազոտության մեջ փիլիսոփայական հայեցողությունը տիեզերքը չի բաժանում երկու հակամարտող ճամբարների՝ ընկերների և թշնամիների, օգտակարի և վնասակարի, բարու և չարի, այլ ամբողջին հայում է առանց մասնատման: Երբ փիլիսոփայական հայեցողությունն անարատ է, չի ձգտում ապացուցել, որ մնացյալ ողջ տիեզերքն ազգակից է մարդուն: Գիտելիքի ողջ ձեռքբերումն Անձի ընդլայնում է, բայց այս ընդլայնումն ավելի մատչելի է, երբ նրան ձգտում են անուղղակիորեն: Այն ձեռք է բերվում այն դեպքերում, երբ գործում է միայն գիտելիքի հանդեպ ձգտումը, ձեռք է բերվում այն ուսումնասիրությամբ, որը կանխավ չի ցանկանում, որ իր օբյեկտներն ունենան այս կամ այն հատկությունները, այլ Անձին սովորեցնում է այն հատկություններին, որոնց այն գտնում է իր օբյեկտներում: Այս ընդլայնումը չի ձեռք բերվում այն դեպքերում, երբ մենք, Անձը վերցնելով այնպիսին, ինչպիսին, որ այն կա, փորձում ենք ցույց տալ, որ աշխարհն այս Անձին այնքան նման է, որ նրա մասին գիտելիքը հնարավոր է առանց որևէ կերպ ընդունելու այն, ինչ օտար է թվում: Այս ապացուցելու ձգտումն ինքնահաստատման ձև է, և, ինչպես ամեն մի ինքնահաստատում, այն խոչընդոտ է Անձի այն աճի համար, որին Անձը ձգտում է, և որին Անձը գիտի, որ ինքն ի վիճակի է: Փիլիսոփայական խորհրդածություններում, ինչպես և ամենուր, ինքնահաստատումն աշխարհին նայում է որպես սեփական նպատակներին հասնելու միջոցի: Այսպիսով՝ այն աշխարհի հետ ավելի քիչ է հաշվի նստում, քան Անձի հետ, և Անձն է որոշում աշխարհի բարիքների արժեքը: Ընդհակառակը, հայեցողության ժամանակ մենք սկսում ենք ոչ-Անձից, և նրա մեծության շնորհիվ ընդլայնվում են Անձի սահմանները, այն գիտակցությունը, որը հայում է տիեզերքը, նրա անվերջության շնորհիվ դառնում է անվերջության ինչ-որ մաս:
 
Այս պատճառով այն փիլիսոփաները, ովքեր նույնացնում են տիեզերքն ու Մարդուն, չեն խնամում հոգու մեծությունը: Գիտելիքը Անձի և ոչ-Անձի միության ձև է, և ինչպես բոլոր միությունները, այն պակասավոր է դառնում առաջնայնության հարցի և, հետևաբար, ամեն գնով տիեզերքը և այն, ինչ մենք գտնում ենք մեր մեջ ներդաշնակելու փորձերի պատճառով: Տարածված փիլիսոփայական հակում կա դեպի այն տեսակետը, որը մեզ ասում է, որ մարդն ամեն ինչի չափանիշն է, որ ճշմարտությունը մարդն է ստեղծել, որ տարածությունը, ժամանակը և ունիվերսալիաների աշխարհն ամենը գիտակցության հատկություններ են, և որ եթե կա որևէ բան, որը չի ստեղծվել գիտակցության կողմից, այն անճանաչելի է և մեզ համար ոչ մի նշանակություն չունի: Եթե մեր նախորդ քննարկումները ճիշտ էին, այս տեսակետը սխալ է, բայց քանի որ այն հայեցողությունը շղթայում է Անձին, ի հավելումն սխալ լինելուն, այն ունի հափշտակելու ներգործություն: Քանի որ այն հայեցողությունը շղթայում է Անձին, փիլիսոփայական հայեցողությունից հափշտակում է այն ամենն, ինչ նրան արժեք է տալիս: Այն, ինչն այս տեսակետն անվանում է գիտելիք, ոչ-Անձի հետ միություն չէ, այլ նախապաշարումների, սովորությունների և իղձերի մի բազմություն, որը մեր և մեզանից դուրս աշխարհի միջև մի անթափանց քող է ստեղծում: Մարդը, որը հաճույք է ստանում այսպիսի իմացության տեսությունից, նման է այն մարդուն, ով երբեք չի հեռանում իր ընտանեկան շրջանակից՝ վախենալով, որ դրսում իր բառը կարող է օրենք չլինել: Ճշմարիտ փիլիսոփայական հայեցողությունը, ընդհակառակը, իր բավականությունը գտնում է ոչ֊Անձի յուրաքանչյուր ընդլայնման մեջ, այն ամենի մեջ, ինչ խոշորացնում է հայվող օբյեկտը և դրա շնորհիվ հայող սուբյեկտին: Հայեցողության մեջ այն ամենն, ինչ անձնական է կամ մասնավոր, այն ամենն, ինչ կախված է սովորությունից, շահից կամ ցանկությունից, աղավաղում է օբյեկտը և, հետևաբար, վնասում է այն միությանը, որ բանականությունը որոնում է: Այս կերպ սուբյեկտի և օբյեկտի միջև արգելք ստեղծելով՝ այսպիսի անձնական և մասնավոր բաները բանտ են դառնում բանականության համար: Ազատ բանականությունը կտեսներ այնպես, ինչպես կարող էր Աստված տեսնել՝ առանց ''այստեղի'' և ''հիմայի'', առանց հույսերի և մտավախությունների, առանց սովորական համոզմունքների ստեղծած խոչընդոտների և ավանդական նախապաշարումների, հանդարտ, առանց կրքերի, միայն և բացառապես գիտելիքի ձգտելով, ձգտելով գիտելիքի՝ որպես ոչ անձնային, որպես զուտ հայեցողական մի բանի, որը մարդը կարող է ձեռք բերել: Ուստի ազատ բանականությունը նաև ավելի կարժևորի վերացական և ընդհանուր գիտելիքը, որի մեջ չեն մտնում մասնավոր պատմության պատահականություններ, քան զգայություններով ստացված, և ինչպիսին հր այսպիսի գիտելիքը պետք է լինի, բացառիկ ու անձնական տեսակետից և այնպիսի մի մարմնից կախված գիտելիքը, որի զգայության օրգաններն աղավաղում են այնքան, որքան և բացահայտում են:
 
Գիտակցությունը, որը վարժվել է փիլիսոփայական հայեցողության ազատությանն ու անկողմնակալությանը, գործողության և զգացումի աշխարհում այդ նույն ազատությունից և անկողմնակալությունից ինչ-որ բան կպահպանի։ Այն իր նպատակներն ու ցանկությունները կդիտի որպես ամբողջի մասեր առանց այն համառության, որը ծագում է նրանց որպես աշխարհի անվերջ փոքր մասեր դիտելուց, մի աշխարհում, որտեղ մնացած ամեն ինչն ազատ է բոլոր մարդկանց արարքների ազդեցությունից: Անկողմնակալությունը, որը հայեցողության մեջ անարատ ձգտումն է դեպի ճշմարտությունը, գիտակցության այն նույն որակն է, որը գործողության մեջ արդարությունն է, և զգացմունքի մեջ այն ունիվերսալ սերն է, որը կարող է տրվել բոլորին և ոչ թե միայն նրանց, ովքեր համարվում են օգտակար կամ համակրելի: Այսպիսով՝ հայեցողությունն ընդլայնում է ոչ միայն մեր մտածողության օբյեկտները, այլ նաև մեր գործողությունների և մեր զգացմունքների օբյեկտները, այն մեզ դարձնում է տիեզերքի և ոչ միայն մյուս բոլոր քաղաքների հետ պատերազմող մի պարսպապատ քաղաքի քաղաքացի: Տիեզերքի այս քաղաքացիության մեջ է կայանում մարդու ճշմարիտ ազատությունն ու նրա ազատագրումը նեղ հույսերի և մտավախությունների գերությունից:
 
Այսպիսով՝ փիլիսոփայության արժեքի վերաբերյալ մեր քննարկումն ամփոփելու համար նշենք, որ փիլիսոփայությունը հարկ է ուսումնասիրել ոչ հանուն նրա հարցերին տրված որևէ որոշակի պատասխանի, քանի որ, որպես կանոն, անհնար է իմանալ, որ որևէ որոշակի պատասխան ճշմարիտ է: Այն ավելի շուտ հարկ է ուսումնասիրել հանուն իրենց՝ հարցերի, որովհետև այս հարցերն ընդլայնում են այն բանի մասին ըմբռնումը, ինչ, հնարավոր է, հարստացնում է մեր մտավոր երևակայությունը և պակասեցնում է այն դոգմատիկ վստահությունը, որը գիտակցությունը կտրում է մտածողությունից: Բայց ամենից առավել հարկ է փիլիսոփայությունն ուսումնասիրել նրա համար, որ տիեզերքի մեծության շնորհիվ, որին փիլիսոփայությունը հայում է, գիտակցությունը նույնպես մեծ է դառնում և ի վիճակի է դառնում տիեզերքի հետ այն միության, որը հանդիսանում է գերագույն բարիքը:
== Ծանոթագրություններ ==
<references/>
Վստահելի
199
edits