: Այդ գիշեր Արթուրը չկարողացավ քնել, նրան խռովել էին ակումբային պարտքերը։ Հանկարծ իր սենյակի կողքին զգույշ քայլերի խշշոց լսեց։ Վեր կացավ, դռան ետևից նայեց և զարմանքով տեսավ իր հորեղբոր աղջկան, որ գաղտագողի անցնում էր միջանցքով և անհետացավ ձեր սենյակում։ Շշմած Արթուրն արագ հագնվեց և սպասեց, թե ինչ պետք է կատարվի։ Շուտով Մերին դուրս եկավ․ միջանցքի լույսի ներքո ձեր որդին նրա ձեռքին նկատեց թանկարժեք վարսակալը։ Մերին աստիճաններով իջավ ներքև։ Սարսափից դողալով Արթուրը սողաց ձեր դռան ծանր վարագույրի ետևը․ այդտեղից երևում էր այն ամենը, ինչ կատարվում էր հյուրասենյակում։
: Մերին զգուշորեն բացեց պատուհանը, մթան մեջ ինչ-որ մեկին տվեց վարսակալը, իսկ հետո փակելով պատուհանը, շտապեց իր սենյակը՝ անցնելով ծանր վարագույրի ետևում քար կտրած Արթուրի կողքից։
: Վախենալով դիմազրկել սիրած աղջկան, Արթուրը ոչինչ չէր կարող ձեռնարկել, չնայած գիտեր, թե ինչ հարված կլիներ ձեզ համար վարսակալի կորուստը և որքան կարևոր է վերադարձնել թանկարժեք իրը։ Բայց հազիվ էր Մերին իր ետևից ծածակել ծածկել իր սենյակի դուռը, Արթուրը կիսահագնված ու բոբիկ ներքև նետվեց, թափով բացեց պատուհանը, թռավ այգի և սուրաց ճանապարհով․ այնտեղ հեռվում, լուսնի լույսի ներքո, երևաց ինչ-որ մեկի մթին ստվերը։
: Սըր Ջորջ Բերնվելը փարձեց փախչել, բայց Արթուրը հասավ։ Նրանց միջև պայքար սկսվեց։ Մի կողմից ձեր որդին էր քաշում վարսակալի ծայրը, մյուս կողմից՝ հակառակորդը։ Ձեր որդին հարվածում է Ջորջին և վնասում նրա հոնքը։ Իսկ հետո հանկարծակի ինչ-որ բան խշրտած, և Արթուրն զգաց, որ վարսակալն իր ձեռքում է․ նա ետ նետվեց, փակեց պատուհանը և բարձրացավ ձեր սենյակը։ Միայն այնտեղ նկատեց, որ ապարոշը ծռված է, և փորձեց ուղղել։ Այդ պահին էլ դուք մտաք։
: ― Աստված իմ։ Աստված իմ, ― շնչահեղձ լինելով կրկնեց դրամատան տերը։