: ― Աստված իմ։ Աստված իմ, ― շնչահեղձ լինելով կրկնեց դրամատան տերը։
: ― Արթուրը ցնցված էր ձեր անարդարացի մեղադրանքից։ Չէ որ, ընդհակառակը, դուք պետք է շնորհակալություն հայտնեիք նրան։ Նա չէր կարող ձեզ ճշմարտությունն ասել, առանց մատնելու Մերիին, չնայած վերջինս արժանի չէր ներողամտության։ Արթուրն իրեն պահեց ասպետի պես և թաքցրեց գաղտնիքը։
: ― Ահա թե ինչու Մերին ուշաթափվեց, երբ տեսավ վարսակալը, ― բացականչեց միստր Հոլդերը։ ― Աստված իմ, ինչ անմիտն եմ ես։ Չէ որ Արթուրը խնդրեց իրեն բաց թողնել գոնե հինգ րոպեով։ Խեղճ տղան մտածում էր կռվի վայրում փնտրել վարասակալի վարսակալի կոտրված մասը։ Ինչպես եմ սխալվել։
: ― Ձեր մոտ գալով, ― շարունակեց Հոլմսը, ― առաջին հերթին ուշադիր նայեցի տան կողամասը, հույս ունենալով ինչ-որ բան հայտնաբերել։ Երեկ գիշերվանից ձյուն էր տեղացել, իսկ ուժեղ ցուրտը լավ է պահպանում ձյան վրայի հետքերը։ Ես անցա մթերք բերելու ճանապարհով, բայց այն կոխկրտված էր։ Խոհանոց տանող դռնից ոչ հեռու կնոջ հետք նկատեցի, կնոջ կողքին տղամարդ էր եղել կանգնած։ Կլոր հետքը ցույց էր տալիս, որ նրա մի ոտքը փայտից է։ Հավանաբար, ինչ-որ մեկը խանգարել էր նրանց խոսակցությունը, քանի որ կինը վազել էր դռան կողմը։ Կնոջ կիսակոշիկների թաթերն ավելի խորն էին դրոշմված, քան՝ կրունկները։ Փայտե ոտքով մարդը մի փոքր սպասել էր, իսկ հետո հեռացել։ Տեղնուտեղը մտածեցի, որ դրանք պետք է սպասուհին և նրա երկրպագուն լինեին, որոնց մասին պատմել եք դուք։ Այդպես էլ պարզվեց։ Անցա այգի, բայց այլևս ոչինչ չնկատեցի, բացի անկարգ, բոլոր կողմերը ձգվող հետքերից։ Դրանք ոստիկանների հետքերն էին։ Բայց երբ հասա ձիանոց տանող ճանապարհին, այդ գիշերվա ամբողջ բարդ պատմությունը բացվեց իմ առաջ, կարծես գրված էր ձյան վրա։ Ես տեսա երկու հետք․ մեկը պատկանում էր կոշիկներով մարդուն, մյուսը, որը բավականությամբ նկատեցի, ոտաբոբիկ վազող մարդու։ Հավատացած էի, որ երկրորդը ձեր տղայի հետքերն են։ Առաջին մարդը հանգիստ քայլել էր այդ ուղղությամբ, մյուսը՝ վազել։ Վազողի հետքերը դրոշմվել էին այնտեղ, որտեղով գնացել էր առաջինը։ Դրանից կարելի էր եզրակացնել, որ երկրորդ մարդը հետապնդել էր առաջինին։ Գնացի կոշիկներով մարդու հետքերով։ Դրանք ինձ բերին ձեր հյուրասենյակի պատուհանի մոտ․ այստեղ ձյունը տրորված էր, ակներև էր, որ այդ մարդը ինչ-որ մեկին երկար սպասել է։ Այդ ժամանակ նրա հետքերով գնացի հակառակ ուղղությամբ։ Դրանք ճանապարհով ձգվում էին մոտավորապես հարյուր յարդ։ Հետո կոշիկներով մարդը շրջվել է, այդտեղ ձյունը շատ ուժեղ տրորված էր, կարծես մենամարտ էր տեղի ունեցել։ Ձյան վրայի արյան հետքերը վկայում էին, որ դա այդպես էլ եղել է։ Հետո կոշիկներով մարդը նետվել էր փախուստի։ Որոշ տարածության վրա նորից արյան հետքեր նկատեցի՝ ուրեմն վիրավորը հենց նա էր։ Արահետով գնացի ընդհուպ մինչև ճանապարհը, այնտեղ ձյունը մաքրված էր, և հետքերը ընդհատվեցին։
: Դուք հիշում եք, որ տուն մտնելով, խոշորացույցով զննեցի հյուրասենյակի պատուհանի գոգն ու շրջանակը և հայտնաբերեցի, որ ինչ-որ մեկը դուրս է սողացել պատուհանից։ Նկատեցի նաև կեղտոտված ոտքի ուրվագիծը, այսինքն ոտաբոբիկ մարդը ետ է եկել։ Դրանից հետո արդեն ի վիճալի էի պատկերացնել այն ամենը, ինչ կատարվել էր։ Ինչ-որ մեկը կանգնել էր պատուհանի մոտ և ուրիշ մեկը նրան էր տվել վարսակալը։ Ձեր որդին տեսել էր դա, նետվել էր անծանոթին հետապնդելու և կռվել էր հետը։ Նրանցից ամեն մեկը գանձը ձգել էր իր կողմը։ Այդ ժամանակ էլ մի կտոր պոկվել էր վարսակալից։ Արթուրը վարսակալով տուն էր շտապել՝ չնկատելով հակառակորդի մոտ մնացած կտորը։ Առայժմ ամեն ինչ հասկանալի է։ Բայց հարց է ծագում․ ո՞վ է այն մարդը, որ կռվել է ձեր որդու հետ և ո՞վ է տվել նրան վարսակալը։