Եթե ջրային և ցամաքային կենդանիներից հետո ցանկանանք օդի մեջ շրջողների հետ էլ թափառել, կարոտ կլինենք շատ մանր ու ոչ շատ հաստատուն քննության։ Հայոց համազգային ու արքունի զորագնդերում ու պաշտոնատարների մեջ կային այլևայլ թռչունների պատկերներով դրոշակիրներ (աղավնի, բազե, արծիվ և այլն)։ Եվ ամբողջ ազգատոհմ ունենք՝ Հավունիք կամ Հավնունիք անունով։ Բայց դրանք սոսկ նշա՞մ էին, թե՞ կրոնական գաղափորի արտահայտություն՝ չեմ կարող վճռել։ Միայն հավանական է Արծրունիների՝ արծվին պատվի արժանացնելը, եթե, արդարև, ըստ ավանդության, ասորեստանցիների սերունդ են կամ խառնուրդ (գոնե նրանց նահապետները), ինչը երաշխավորում է նաև Ս․ գիրքը՝ հիշելով Սենեքերիմ թագավորին սպանող որդիների՝ Հայաստան փախչելը։ Սրանց ազգի չաստվածներից մեկը կոչվում էր Նեսրաք կամ Նեսրոք<ref>Արծիվը կամ անգղը արաբերեն էլ <i>նեսր</i> է կոչվում։</ref>, որի դիմաց երկրպագելու պահին իր 185000֊անոց զորաբանակը կորցնող թագավորը կորցրեց նաև իր կյանքը։ Հայրասպանները իերնց կողոպտած ինչքի հետ եթե ոչ նույն, ապա ուրիշ արծիվ֊դիքի պատկեր էլ բերեցին Հայաստան, որտեղ այն պաշտվեց նրանց ժառանգած կողմերում։ Այս է հավանորեն Արծրունյաց ցեղի անվան պատճառը, որ իրենց Թովմա պատմիչը հետաքննել է Խորենացուց հետո 10֊րդ դարում։
[[Պատկեր:Alishan.png]]
Մեկ այլ առումով էլ անհարմար չէ, որ եթե չորքոտանիների թագավոր անվանված առյուծը ցամաքի վրա էր պատվի արժանացել, ապա օդում էլ թռչունների թագավոր արծիվը պատվի արժանացած լիներ։ Մանավանդ, ինչպես հույների Զևսին, այնպես էլ հայոց Արամազդին էր նվիրված ու նրա ձեռքին էր հանգչում հայկական ոչ աննշան արծիվը, որի այլևայլ տեսակները հիշվում են մեր լեզվում՝ գետարծիվ, ցրտարծիվ, քաջարծիվ։ Կան նաև նրանցից մեծ տեսակները՝ պաշկուճ, լաշհավ, քարքազ<ref>Անգղի արաբերեն անունն է, բայց մեր աղթարքներում այդպես է գրվում, և գարնանը երևալու օրն էլ նշանակվում է մարտի 15֊ին․ «Այսօր Քարքազն ի Հոռմանց երկիրն գայ»։ Մեկ այլ տեղում էլ իբր պատկերի կամ երազի մեջ «երկու մարդ ի Քարքազն են հեծեր, և զթեւն ի մէմմէկի շլիկն են ձգեր»։</ref> Անգեղ տան մեծ ցեղի ու նախարարի անունից գուշակելի է, որ անգղն էլ իր պատիվն ու կրոնական հիշատակումն է ունեցել։