== 4. Լեգենդի արձագանքները ուշ միջնադարում ==
''Տեսիլների գրական էվոլյուցիան մոնղոլների ժամանակ: Ռուբրուքի վկայու-թյունը հայ կանխատեսությունների մասին: Մոնղոլների անհանգստությունը գուշակությունների կապակցությամբ: Գուշակությունների վերախմբագրումները XIV—XV դարերում: Թոմա Մեծոփեցի և Առաքել Բաղիշեցի: Գուշակությունները իրանա-թուրքական տիրապետման ժամանակ: Ազատագրական լեգենդի մոսկովյան վարիանտը:''
<hr/>
Մոնղոլական արշավանքների ժամանակ հայ ազատագրական սպասումները մտան զարգացման նոր շրջան։
Վաչկատուն նվաճողներն ավերեցին Հայաստանի շատ քաղաքներ ու գյուղեր, սրի ածեցին բնակիչների մի մասը, ճնշեցին և ծանր հարկերի տակ դրին մնացածներին։ Հայաստան հրոսած նոր «նետողների» մեջ ոմանք տեսան Նեռի գալուստը ազդանշող այն «կարապետներին», որոնց մասին նախազգուշացնում էին երբեմն։
Ոչինչ դժվարություն չառաջացրեց այն հանգամանքը, որ խաբուսիկ էին դուրս եկել երջանիկ գալիքի բոլոր այն խոստումները, որոնք պիտի իրականացած լինեին Նեռի հայտնվելուց առաջ, «չորրորդ տիեզերական պետության» սահմաններում։ Բայց գուցե հենց այդ պատճառով Նեռի մասին չէր առայժմ խոսքը, այլ նրա «կարապետների»։ Ահավոր էին սրանց գործերը, ուստի և անկասկած նրանց նույնությունը տեսիլներոսմ նկարագրված արհավիրքների հետ։ Վաղուց արդեն մոռացել էին սելջուկներին, որոնց նետերի տարափը մի ժամանակ տարածվում էր Միջին Ասիայի անապատ ներից մինչև «Մեծ օվկիանոսի» - Միջերկրականի - ափերը։ Նոր նեղիչների սարսափը ավելի մեծ էր ու տարերային, ուստի և պատ-ճառ կար նշմարելու նրանց մեջ հների գուշակած «նետողներին»։ Արդեն 1236 թվականին - Հայաստանի նվաճման առաջին իսկ տարում - անանուն մի ժամանակագիր, նկարագրելով «նետողների» արշավանքը, այն կապում էր Ներսեսի կանխատեսության հետ. «ՈՁԵ (1236) թուին անառիկ բերդն, որ կոչի Կայեան և Լաւռէ քաղաք և Անի մայրաքաղաք Հայոց և այլ բնալ աշխարհքս Հայոց, գաւառք և անառ բերդորայք և քարայրք և անմուտ մայրիք ի միում ամ առան, և կոտորեցան անհամար և անթիւ արք և կանայք և մանկունք. և ո՛վ կարէ պատմել զնեղութիւնս և զտառապանս, զոր եհաս մեզ յանողորմ ազգէն նետողաց, որպես ասաց սուրբ հայրապետն Ներսէս, տեսեալ հոգոյ ակամբ ի ժամ վաղճանին իւրոյ, ասէ քակեսցին հայք ի հիմանց յազգեն նետողաց, դատարկեսցին ճանապարհը բազմագնացք առ ի չգոյ մարդանց և այսպես եղև որպես հրամայեաց»<ref>«Մանր ժամանակագարություններ», I, էջ 26։</ref>։ «Զի ի գլուխ ելին ամենայն սրբոց մարգարէութիւնք, որք յառաջագույն գուշակեցին վասն նեղութեանցս, որ հանդերձեալ էր լինել. և առ մեզ գործովք կատարեցաւ» - հայտարարում էր մոնղո-լական շրջանի պատմիչ Կիրակոս Գանձակեցին իր գրքի առաջաբանում։ Գանձակեցին համարում էր իր ժամանակի աղետները. «սկիզբն երկանց յայտնութեան որդւոյն կորստեան որ երկնչիմք՝ մի՞ գուցե երևեսցի նա ի մերում աւուրս. զի գործք ամենայն որ գործին այժմ, զնոյն նշանակեն... զի զոր գուշակեաց այրն Աստուծոյ սուրբն Ներսէս վասն ազգին նետողաց և աւերման աշխարհիս Հայոց, այժմ կատարեցաւ յազգէ որ Թաթարն կոչի»<ref>Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ VII և VIII և էջ 218։</ref>։ Ներսես Պարթևի տեսիլքի հետ է կապում մոնղոլների ներխուժումը նաև Վարդան պատմիչը. ըստ այգմ Ներսեսը գուշակել էր «զոր ինչ կրեցաքս յազգէն նետողաց, զորոց զանուանսն կոչէ սուր և թեթև, զի թերևս թաթարն սուր և թեթև ասի ըստ լծորդաց փոփոխման և կամ տուր և տար, որ է տաթար, քան զի հարին անյագապէս և տարան աներկիւղապէս զորգիսն Սիոնի ի ստրկութիւն գերութեան»<ref>Ալիշան, Հայապատում, էջ 452։</ref>։ Օգտագործելով մեզ ծանոթ տեսիլքի վերախմբագրված վերսիան, Վարդանը, ինչպես տեսնում ենք, վերիմաստավորում է «սուր և թեթև» կոչված նետողների մասին այդ վերսիայում հանդիպող վարիանտը։
Տեսիլները միջոց էին տալիս ոչ միայն բացատրելու նեղիչների երևումը, այլ և կռահելու նրանց կործանումը։ Չէ՞ որ «արիական» ազատարարները կամ նրանց առաջապահ «արմանները» պիտի հայտնվեին «նետողներից» - ներկա դեպքում մոնղոլ թաթարներից հետո։ Կիրակոս Գանձակեցին գիտեր Սահակի տեսիլն այն մասին, «թէ մերձ երևումն Նեռինն դարձեալ կանգնելոց է Աստուած զթագաւորութիւն Արշակունեաց և զքահանայապետութիւն յազգէ սրբոյն Գրիգորի» <ref>Կ. Գանձակեցի, նույն տեղում, էջ 35։</ref>։ Այդ նույնը գիտեր նաև մոնղոլական սարսափները նկարագրող նրա դասընկեր ու գրչեղբայր Վարդան պատմիչը. Սահակի մասին Վարդանը կրկնում էր. «Սա ետես զբառնալ թագաւորութեան և զքահանայութեան յազգէն Պահլավունեաց և վերստին անդրէն նորոգիլ ի '''լրումն աւուրց'''»։
Տեղի տալով մոնղոլ հորդաների առաջ, հայերը, իրոք, չհրաժարվեցին ազատագրական հեռանկարներից։ Այս մասին ունենք նաև կողմնակի մի դիտողի - Ռուբրուքի վկայությունը։ Լյուդովիկոս խաչակիր թագավորի կողմից դեսպանի հանգամանքով 1254 թվականին Հայաստանի վրայով ֆրանցիսկյան բոկոտն այդ կրոնավորը գնում էր Կարակորում՝ հանձնարարություն ունենալով դաշինք կնքելու մոնղոլ մեծ խանի հետ և քրիստոնեության դարձնելով նրան, ներշնչելու նրան Քրիստոսի գերեզմանը «անօրենների» ձեռքից ազատելու գաղափարը։ Այս չնայած այն բանի, որ տակավին մոնղոլ Գույուկ խանն (1246-1248) էր գրել Ինոկենտիոս II պապին ու քրիստոնյա թագավորներին, թե կամոքն աստուծո երկրի ամբողջ տարածությունը իրեն է վիճակված, և պիտի որ քրիստոնյա աշխարհի իշխողները դառնան Չինգիզ աստվածորդու հլու հպատակները և տրամադրեն խանին իրենց ուժը։ «Դու (դառնում էր խանը պապին) անձամբ թագավորների գլուխ անցած, ամենքդ առանց բացառության եկեք ծառայություն առաջարկելու մեզ և են-թարկվելու մեզ որպես հպատակներ»<ref>Նամակը դրված է պարսկերեն և Վատիկանի դիվանից հանել ու հրապարակել է P. Pelliot-ը իր «Les Mongols et la apauté, Paris. 1923, վերնագրված գրքում։ Մեջբերված տողերն առնում ենք А. Н. Насонов-ի
Монголы и Русь, М. и Л., 1940, գրքից, էջ 26, ծան.։></ref>։
Նախիջևանի մոտերքում հայ մի եպիսկոպոսից Ռուբրուքը տեղեկացավ երկու հայ «մարգարեների» մասին։ Այն, ինչ հաղորդում է մեզ ֆրանցիսկյան քարոզիչը, լիովին գաղափար է տալիս ազատագրական լեգենդի մեջ կատարված տեղաշարժի մասին։ «Այդ մարգարեներից մեկը,- պատմում է Ռուբրուքը,- Մեթոդիոսն է, հայ մի նահատակ, որը ամենայն պարզությամբ նախատեսել էր իսմայելացիների ներխուժումը։ Մյուսը կոչվում է Ակակրոն (var. Ակարոն) մի մարդ, որը մահվան անկողնում, գուշակել է նետողների հյուսիսից խուժելու մասին։ Սրանք, ասել է նա, նվաճելու են ամբողջ Արևելքը, բայց խնայողաբար են վարվելու, որպեսզի նվաճեն նաև Արևմուտքը։ Սակայն, ինչպես ասել է նա, մեր եղբայր կաթոլիկ ֆրանկները չեն ենթարկվելու նրանց։ Նետողները գրավելու են բոլոր երկրները, հյուսիսից մինչև հարավ, մինչև Կ. Պոլիսը, որպեսզի իրենց տիրապետության տակ առնեն այստեղ նրա նավահանգիստը։ Նրանց գլխավորներից խելահաս մեկը մկրտություն է ընդունելու այդտեղ և ցույց է տալու ֆրանկներին թաթարների պետին սպանելու և նրանց շփոթության մեջ գցեյու հնարը։ Այս խորհրդին հետևելու են աշխարհի կենտրոնում (ասել է՝ Երուսաղեմում) գտնվող ֆրանկները։ Նրանք հարձակվելու են նաև իրենց հարևան թաթարների վրա, ապա մեր ժողովրդի (այսինքն՝ հայերի) օգնությամբ հետ են քշելու նրանց ավելի հեռու։ Այսպիսով, ֆրանկների թագավորը առաջ է գնալու մինչև Թավրիզ քաղաքը և հիմնելու այդտեղ իր գահը։ Ապա նրանք քրիստոնեության են դարձնելու ամբողջ Արևելքը ու բոլոր անօրեններին, հաստատելով երկրի վրա այնպիսի մի խաղաղություն, որ վերապրողներն ավաղելու են մեռածներին, որոնց չէր վիճակված տեսնել նոր դարաշրջանի երանությունը<ref>Rubruk, De gestis sive de moribus Tartarorum, Recueil de voyage et de mémoires, publiê par la societê de geographie, tome IV, Paris, 1839, էջ 385 և հետ.։</ref>։
Ռուբրուքի հաղորդածն այլ ինչ չէ, քան մեզ վաղածանոթ տեսիլների վերսիան, փոքր ինչ շփոթված և մոնղոլ-թաթարական արշավանքների իրադրության համեմատ մեկնաբանված։ Շփոթության արդյունք է, երբ Ռուբրուքը (կամ նրան պատմողը) հայացնում են Մեթոդիոսին։ Բայց փաստ է, որ Մեթոդիոսին վերագրված գուշակությունները մասնակցել էին հայ ազատագրական լեգենդի կազմավորմանը։ Փաստ է և այն, որ, ինչպես տեսանք, մեծապես հայացված էին արդեն եթե ոչ ինքը Մեթոդիոսը, գեթ նրա գուշակությունները։ Պարզ է նաև, որ Ակակրոն անունը եղծում է՝ առաջացած Ագաթոն անունից։ Ակներև է նաև, որ Ռուբրուքը խառնում էր Ագաթոնի տեսիլքը Ներսես Պարթևի այն գուշակությունների հետ, որ արել էր վերջինս «մահվան անկողնում»։ Դժվար չէ բացատրել այդ շփոթությունը. հայ ճառընտիրներում տեսիլները հաճախ հաջոր-դում են իրար, կարդացվում կամ պատմվում են մի շնչով, առաջացնելով մոտիվների և պատկերացումների փոխթափանցումներ՝ '''կոնտամինացիա''': Այս ճանապարհով Մեթոդիոսի անունը շատ հեշտ կարող էր կապվել ներսիսյան տեսիլքի հետ կամ այս վերջինի սյուժեն՝ Ագաթոնի անվան հետ։ Բնորոշ է, այս տեսակետից նաև թաթար դեսպանի մանրավեպը, որ Ռուբրուքը կամ, ավելի ճիշտ, նրա հայ զրուցակիցները, Ներսեսի տեսիլքից փոխանցում են Ագաթոնի գուշակություններին։
Ռուբրուքը նշում է իր լսած մարգարեությունների ժողովրդականությունը։ Ինքը կարդացած է եղել այգ մասին դեռ Կ. Պոլսում, այդտեղի հայերի մոտ, բայց քիչ արժեք տվել դրան։ «Բայց,- գրում է Ռուբրուքը,- հիմա ամբողջ Հայաստանում ավետարանի պես են հավատում դրան»։ «Ինչպես որ մեռելներն են անձկորեն սպասում Քրիստոսի գալուն,- հարում է կաթոլիկ քարոզիչը,- այնպես էլ հայերն են սպասում ֆրանկներին, որպեսզի ազատվեն այն ստրկությունից, որի մեջ նրանք երկար ժամանակ դեգերում են»<ref>«Et par totam Hermeniam habent istam propheciam ita procerto sicut Evangelium. Dicebant etiam nobis: „Sicut anima in limibo expertabant adventum Chpisti ut liberamur, ita expectamus advemtum vestrum ut liberamur ab ista servitute in qua tarn diu furimus.” Նույն տեղում, էջ 386։</ref>։
Ինքյան պարզ է, որ ստրկությունից ազատվելու հույսը չէր գալիս լեգենդից, այլ հանդիսանում էր խաչակիրների և գուցե արդեն իսկ այդ պահին Նախիջևանի մոտ ոտք, դրած ունիտորների քարոզության արձագանք։
Ռուբրուքի շարադրանքի մեջ նկատելի է առանձնահատուկ մի տենդենց, որ մատնում է մեզ ոչ այնքան հայերի, որքան ֆրանսիացի հեղինակի ձգտումը՝ մտցնելու հայերի ակնկալությունները իր թագավորի քաղաքական տեսադաշտը։ Այդ տենդենցն ակներև է կոնկրետ այն իմաստից, որ մտցնում է Ռուբրուքը Արևելքում և Հայաստանում գործածական «ֆրանկ» տերմինի մեջ։ Ամենից հաճախ ֆրանսիացիներն էին զորավիգ հանդիսանում խաչակիրներին կամ գլուխ անցնում նրանց հիմնած պետություններին։ Ուստի Բյուզանդիայից արևմուտք ընկած բոլոր երկրները հայերի, ինչպես և արևելյան մյուս ժողովուրդների աչքում դարձան «Ֆրանկստան» և նրա բոլոր ժողովուրդները՝ «ֆրանկներ»<ref>Այսպես, նրանց համար «ֆրանկներ» էին նաև «ալամաններն» ու «հունգարները», տե՛ս Օրբելյան, նույն տեղում, էջ 401, և Առաքել Դավրիժեցի, Պատմություն, Վաղարշապատ, 1896, էջ 615։ XVII դարի մի ձեռագրում «ֆրանկ»-ներ են կոչված լեհերը. «ի թագաւորութեանն ֆրանկաց ազգի, երրորդ Զիգմունդին. Տե՛ս Conyebeare. Fr. C. „A. Catalogue of the Armen. Mns. In the Brit. Museum.”, էջ 183 և 195, նույնը նաև Սրվանձտյան, Թորոս Աղբար, II, էջ 385 և 425։»</ref>։ Նույն այդ «ֆրանկներն» իրենց հռոմեական-կաթոլիկ դավանանքի համար հետագայում կոչվում էին նաև «հռոմայեցիներ», հասկացություն , որ նախապես չուներ դավանաբանական երանգ և տարածվում էր նաև հռոմեական կայսրության բոլոր քաղաքացիների, դրանց թվում նաև «բյուզանդացիների» վրա, որոնց այդ պատճառով էլ հենց կոչում էին «հոռոմք»։ Միջնադարյան պատմիչների մոտ «հոռոմներն» արդեն «ֆրանկներ» չէին։ Այս մասին ունենք Այրիվանեցու ուշագրավ վկայությունը. «Ի Գայոսէ մինչև ցյետինն Յուստին 50 թագաւորք փռանկք էին, իսկ ի Տիբերէ ի այսր թագաւորքն հոռոմ լինէին»- գրում է նա<ref>Մխիթար Այրիվանեցի, նույն տեղում, էջ 49։</ref>։
Մինչդեռ սովորաբար հայերր գործ էին ածում «ֆրանկ» և «ֆրանկստան» անունները համապարփակ և ընդհանրացնող իմաստով՝ հասկանալով դրա տակ ամբողջ կաթոլիկ Եվրրոպան՝ Ռուբրուքը, ընդհակառակը, որոշակի կամենում էր տեսնել այդ անվան մեջ իրեն սրտամերձ ֆրանսիացիներին, «սրբակենցաղ» իր թագավորի գլխավորությամբ: Այս վերջինն է հենց, որ, ինչպես հավաստիացնում էր նրա բանագնացը, մտնելով Թավրիզ՝ ֆրանկների աթոռանիստ էր դարձնելու այդ քաղաքը, ուսկից և ձեռնարկելու էր հետո ողջ Արևելքի և բոլոր անհավատների քրիստոնեացմանը։ Առաջին հեղինակն է Ռուբրուքը, որի մոտ նկատում ենք հետագա միսիոնարներին տարբերանշող տենդենցը՝ շահավետել հայ ազատագրա-կան լեգենդը հօգուտ այն պետության կամ ի նպաստ այն երկրի, որին ինքն է պատկանում կամ որի շահախնդրությունն ինքն է բորբոքում։
{{ԵրեքԱստղ}}
1273 թվականին Թիլ ավանում հրաշապատումների մեջ պարուրված հայտնվեցին ինչ որ «նշխարներ»։ Եկեղեցական զգուշավոր խրոնիստը գրում է այդ մասին. «Աստանաւր յայտնեցան նշխարհք սրբոց ի Թիլն Երզնկային և համբաւեցին, թէ սրբոյն Ներսէսին է»<ref>«Մանր ժամանակագրություններ», I, էջ 44։</ref>։ Կասկածելի հայտնագործումն առիթ տվեց հավատալ, թե մոտ է արդեն հայերի տենչալի ազատությունը։ Այդ առթիվ պատմում էին, թե իրենք մոնղոլներն իսկ, թարգմանած լինելով Ներսեսի տեսիլը, «տագնապէին խորհրդով, զսկիզբն իրին վախճան իւրեանց իշխանութեանն համարելով»։ Նրանցից շատերը խորհուրդ էին տալիս ավանի բնակիչներին՝ գիշերով հափշտակել ու անհետացնել սրբի կորստագուշակ ոսկորները. «Թերևս կարասցեն ծածկել զհամբաւն աշխարհալուր»<ref>Ալիշան, Հայապատում, էջ 479 և հետ.։</ref>։
Սակայն նշխարները չսասանեցին մոնղոլների տիրապետության հիմքերը։ Փրկության ժամը չհնչեց, և սպասված փրկիչները չերևացին ոչ մի տեղ չնայած նշխարների հայտնագործման «աշխարհալուր համբավին»։ Մինչ այդ իր «կարապետների» միջոցով Նեռը շարունակում էր գուժել մեղապարտ մարդկանց չարաղետ իր երևումը։
Այդպիսի «կարապետներ» նշմարեց Թոմա Մեծոփեցին միջինասիական նորանոր այն հրոսախմբերի մեջ, որոնք պարբերաբար ոտքի տակ էին տալիս Հայաստանի դաշտերն ու լեռները<ref>Թովմայ Մեծոփեցի, Պատմութիւն Լամկ-Թամուրայ և հաջորդաց իւրոց, Փարիզ, 1860, էջ 85 և Ալիշան, Հայապատում, էջ 553։</ref>։ Նույն կերպ էին մեկնաբանում Լանկ-Թամուրի աղետավոր այցելությունները ժամանակակից Գր. Խլաթեցին և ուրիշները<ref>Ալիշան, Հայապատում, էջ 536 և Փիրղալեմյան, Ղ. Նոտարք հայոց, Կ. Պոլիս, էջ 206։</ref>։ ։ Ներսես Պարթևին նվիրած իր գանձում Խլաթեցին վերագրում է այդ սրբին ոչ միայն թաթարների, այլև դրան հաջորդող «հերձվածի» ու Նեռի երևման գուշակումը։ Ներկա դեպքում «հերձվածող»- ունիտորներն էին, որ կարապետում էին աշխարհակործան Նեռին։
Մեծոփեցուն ծանոթ էր նաև Սահակի տեսիլը։ Այսպես, 1410 թվականին նա ազգի տառապանքները լծորդում էր Սահակի «հառաջատես տեսիլքի» հետ<ref>ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմեց Լ. Խաչիկյան, Երևան, 1950, Ա. Էջ 103։</ref>։ Կամ երբ 1441 թվականին հայոց կաթողիկոսական աթոռը փոխադրվեց Սսից Էջմիածին, նա գրում էր. «Կատարեցաւ մարգարէութիւն և տեսիլ առն Աստուծոյ սրբոյ Սահակի Պարթևի, որ ետես ի Վաղարշապատ քաղաքի... Այժմ ողորմեցաւ արարիչն Աստուած և վերստին հաստատեաց զաթոռ Պարթևին Գրիգորի և սքանչելի հրաշիւք յայտնեաց խստակրօն և զխարազանազգեաց ճգնաւորն տէր Կիրակոս կաթողիկոսն Վիրապեցի... և ամենայն անէծք և նզովք որ կայր ի վերա ազգիս ի յանուղղայ առաջնորդաց և ի տգէտ կարգաւորաց ի յօրհնութիւն փոխեցաւ»<ref>Թ. Մեծոփեցի, էջ 59 և հետ.։</ref>։
Բայց Մեծոփեցին ծանոթ էր նաև Ներսեսի տեսիլքին։ Նույն անցքի մասին պատմագիրը իր «Հիշատակարան»-ում գրում էր. «Լրումն եհաս ժամանակի փրկութեան թորգոմեան ազգիս։ Զի ասաց սուրբն Ներսէս՝ յամենայն շնորհաց հոգևորաց և մարմնաւորաց փարթամութեանց ազդգ հայոց պակասեալ գտանի և մնալ սակաւ նշոյլ բարեպաշտութեան յոտն Վարագայ ի կողմն հարաւոյ. և անտի ելեալ ոմանք, գնան ի կողմն հիւսիսոյ. և սակաւ մի նորոգումն առնու ուղղափառութեամբ տառապեալ ազգն Արամեան մինչև գալուստ պղծոյն անապատի և օրինաց և կանոնաց որ քակեալ լինի և խախտեալ յանուղղայ առաջնորդաց, միաբանութեամբ նոցին վերստին հաստատութիւն և նորոգումն առնու»<ref>Թովմա Մեծոփեցու Ցիշատակարանը, Թիֆլիս, 1892, էջ 56 և հետ.։</ref>։ Այս տողերը գրելիս Մեծոփեցին ձեռքի տակ ուներ երևի Ներսեսի տեսիլքի մեզ ծանոթ շարադրանքը, ուր խոսվում էր հենց Վարագա կրոնավորների մասին։ Այդպիսիներից մեկն էր նաև Մեծոփա վանքից դուրս եկած մեր հեղինակը, որը ներգործոն մասնակցություն ունենալով Էջմիածնի աթոռի վերահաստատման գործին, անձնապես համոզված էր կամ կամենում էր համոզել ուրիշներին, թե դրանով կենսագործում էր հենց տեսիլների հին խոստումը։
Ինչպես ազատագրական լեգենդի զարգացման նախընթաց էտապները, այնպես և սրանց հաջորդածները, ստանում էին այս կամ այն ուղղությունը, ամեն անգամ արձագանքելով հայ քաղաքական կյանքի բախտորոշ շրջադարձերին։ Հերթական այդպիսի մի շրջադարձ էր օսմանյան թուրքերի աշխարհակալությունը։
Նշելով բյուզանդական մայրաքաղաքի անկումը, Առաքել Բաղիշեցին ակնկալում էր աշխարհի փրկությունը ֆրանկներից, որոնք համաձայն սուրբ հայրապետների խոստման՝
<pre>
Գայցեն ծովով և ցամաքով որպես զաստեղս որ ոչ թուին
Յորդորելով զամենայն աստուածառաք պատերազմին։
Նախ զԸստամպօլ քաղաքն առնեն ամենազօր կամօք փրկչին։
Ապա յառաջ համարձակին և ի բոլոր աշխարհ սփռին։
</pre>
Հալածելով օսմանցիներին, նոր այս խաչակիրները առնելու են Հոռոմոց աշխարհը մինչև Մըսըր, գրավելու են Թավրիզը, հասնելու Խորասան։
<pre>
Ազգըս Հայոց պայծառանա, զի յայլազգեացն ազատեսցին,
Բերկրե ալ ցնծան ամենեքեան, որպէս յաւուրս Լուսաւորչին։
</pre>
Բաղիշեցու հավաստիացումով ֆրանկ զորքերի առաջնորդները հանդիսանալու են Տրդատի ժամանակներից ի վեր Հռոմում թողնված հայ ռազմիկների ժառանգները.
<pre>
յԱշակունեաց Պահլավունին,
Արդ առաշնորդք նոքա լինին արիական ֆրանկ ազգին.
Գայցեն ծովով և ցամաքով և օգնական մեզ լինիցին։
</pre>
Ողբասացը գտնվում է լիովին նույն պատրանքների իշխանության տակ, որոնք ծանոթ են մեզ արդեն Ներսեսի և Ագաթոն ի գուշակություններից<ref>Ուրիշ մի տաղասաց ևս արտահայտել է նման մտքեր՝ որոշակիորեն կապակցելով դրանք Ներսեսի տեսիլքի հետ. տե՛ս Տաշեան, Ցուցակ հայերէն ձեռագրաց Մխիթարեան Մատենադարանի, Վիեննա, 1895, էջ 795։</ref>։ Նա գրել է նաև Ներսեսի չափական վարքը, ուր անդրադառնում էր նորից նրա գուշակություններին՝
<pre>
Ասաց գալ թաթարին, որ կատարեցաւ.
ԵԼ զազգի նետողաց, որ երևեցաւ,
ԵԼ ջաղաթայ ազգին, որ աչք մեր տեսաւ.
Անուն գլխաւորին Թամուր կոչեցաւ.
Այլև նորոգութիւն ասաց հա(յ)կ ազին,
Որ լինիցի ի գալ ֆռանգաց ազգին։
Զինչ որ ասաց եղև, այլև լինիցին,
Զոր սուրբ հոգին յայտնեաց մեծին Ներսեսին</pre><ref> Հայկական ՍՍՌ Մատենադարան, ձեո. № 2398, թ. 100ա։</ref>։
Բաղիշեցու «Ողբի» մեջ դրսևորվում է նաև այն մտայնությունը, որ հանդիպեցինք Մեծոփեցու մոտ։ Ֆրանկների հայազգի առաջնորդները հաստատելու են իրենց իշխանությունը Արշակունիների մայրաքաղաք Վաղարշապատում, որտեղ, ինչպես երբեմն, գահակալելու են նաև Լուսավորչի ժառանգները.
<pre>
Առցեն զգաւառն Այրարատեան,
որ է տեղիք Լուսաւորչին,
Թագաւորեն յԷջմիածին
Վաղարշապատ սուրբ քաղաքին.</pre>
ասում է Բաղիշեցին ֆրանկ զորքերի հայազարմ առաջնորդների մասին<ref>«Անահիտ», 1901, էջ 217 և հետ.։</ref>։
Նույն տրամադրություններն արտահայտված են նաև Բաղիշեցու մի ներբողում, ուր Գրիգոր և Սահակ Պարթևների տեսիլների կապակցությամբ նա գովերգում է Էջմիածինը, որպես ցիր ու ցան եղած ազգի «ժողովարան» և «տեղի նորոգման»<ref>Տե՛ս «Արարատ», 1895, էջ 190 և հետ.։</ref>։ Չպիտի կարծել, թե Բաղիշեցուն համամիտ էին նրան ժամանակակից բոլոր հայերը կամ գեթ բոլոր հայ եկեղեցականները։ Աբրահամ Անկյուրացին «Ողբ ի վերայ անկման Կ. Պոլսոյ ի տաճկաց» գրվածքում ոչ միայն փրկում չէր տեսնում ֆրանկների միջամտության մեջ, այլ հենց «անգութ լատինների» միջամտությամբ էր բացատրում բյուգանդական մայրաքաղաքի ողբերգությունը<ref>Տե՛ս Ք. Պ. Նշխարք մատենագրութեան հայոց, էջ 69 և հետ.։</ref>։ Պոլսի անկումը Անկյուրացին կապում էր այն իրողության հետ, որ երկյուղ կրելով հույն ժողովրդից, բյուզանդական կառավարությունը քաղաքի գլխավոր մարտկոցների պաշտ-պանությունը հանձնել էր վարձկան ֆրանկների (իտալացիների, սպանիացիների, ֆրանսիացիների և գերմանացիների) ձեռքը։ Անկյուրացին նշում էր նաև այն հանգամանքը, որ «լատինները» օգնություն էին խոստանում հույներին՝ միայն դավանափոխության գնով։ «Լատինների» դրած պայմանը պառակտում առաջացրեց պաշարված քաղաքում։ Ակամա վերհիշում ենք Մարքսի դիտողությունը Ղալաթիայի ջենովացի կոլոնիստների դավաճանական ընթացքի մասին։ Քաղաքի պաշարման նախօրեին սուլթանից առևտրական արտոնությունների խոստում ստացած, նրանք ցերեկը օգնություն էին ցույց տալիս հույներին, գիշերը՝ թյուրքերին։ Պապի ներկայացուցիչ կարդինալ Իսիդորի Պոլսում կատարած դերի մասին Մարքսը գրում էր թե «ծիրանի քղամիդի ներկայությունը քաղաքում հենց այն ժամանակ, երբ ամեն օր թյուրքերը գրոհում էին քաղաքի վրա, պառակտում առաջացրեց այդտեղ»<ref>Архив Маркса и Энгельса, VI, էջ 206 և հետ.։</ref>։
Եթե XV-րդ դարի կեսերից ի վեր Հայաստանի արևմտյան բաժնում հաստատվում էին օսմանյան զավթիչները, X դարի սկզբներին երկրի արևելյան բաժնի վրա ոտք էին դնում Սեֆեվյան ուզուրպատորները։ XVI դարում գրված մի ոտանավորի մեջ անանուն հեղինակը խոսում է «ղզլբաշ» (կարմիր գլուխ) ազգի, Հայտնության չորրորդ վիշապի մասին, որը չարությամբ ստվերի տակ պիտի դներ բոլոր նախորդներին։
<pre>
«Զձայն որ Դանիէլն ասէր, թէ չորրորդ գազանն ահեղ է
Յայտնապէս սորա ասէ որ անունըն Շահ կոչեալ է.
Ներսէս հայրապետն մեր մարգարէիս բանին վկայ է,
Թէ կարմիր գլուխն ելցէ և զՀայոց երկիրն աւերէ</pre><ref>Ալիշան, Հայապատում, էջ 593 և հետ</ref>.
Նույն դարում Հովասափ Սեբաստացին դրեց «Տեսիլ տեառն Ներսէսի կարճ ի կարճոյ վասն վերջին ժամանակին» չափական երկը, որտեղ նշելով մահմեդականների դեմ «արիական ազգի» վարած կռիվը, նախատեսվում էր սրանց առաջանալը «մինչև յաշխարհ Պարսկաստան», «տաճկաց աղոթարանի» ավերումն ու Երուսաղեմի առումը։ Սկսվելու է 65 ամյա բարօրության մի շրջան, որի մասին Հովասափը գրում է.
<pre>
Ոչ գտանի զրկող և ոչ մարդասպան,
Ոչ աւազակ և գող թշնամական,
Զի ոչ պիտոյանան սուսեր և այլ բան,
Ամենեքեան հաւասար փառս Աստուծո տան</pre><ref>Հայկական ՍՍՌ Մատենադարան, ձեո. № 1661, Տաղարան, էջ 144 և հետ.։</ref>։
XVII դարի սկզբին՝ Շահ Աբասի արշավանքի ժամանակ, այցելելով Իրան՝ պորտուգալացի կրոնավոր Գոուվեյան դիտում էր, թե հայերը իրենց վիճակի բարելավման այլ միշոց չեն տեսնում, մինչև որ Լուսավորչի (sic) նախատեսության համաձայն չերևա քրիստոնյա մի իշխան և չհպատակեցնի շրջապատող մահմեդականներին։ Հին այս մարգարեությունը, ասում է Գոուվեյան, խիստ տարածված է ժողովրդի մեջ, որը հավատում է դրա մոտալուտ իրագործման։
Գոուվեյան կապում է իր հիշատակած մարգարեությունը Լուսավորչի անվան հետ։ Այդ՝ ըստ երևույթին այն պատճառով, որ իր տեղեկանքը նա չէր առել գրքերից, այլ հայ այն զրուցակիցներից, որոնց աչքում Անակի որդու անունը առավել մեծ հեղինակություն էր<ref>Une ancienne prophetie fort commune parmy le peuple- ասված է Գոուվեյայի գրքում. Տե՛ս. Fr. Antoine de Gouvea. „Relation de Grandes guerres et victoires obtenus par le roi de Perse de Cha-Abbas contre les empreurs de Turquie Mahomet et Achmet son fils” Trad. de l’org. portugais, Rouen, 1646, էջ 343 և հետ. և 416։</ref>։
Ո՞ւսկից պիտի գա քրիստոնյա այն «ազգը», «թագավորը» կամ «իշխանը», որից հայերը ակնկալում էին իրենց ազատագրումը։
Ինչպես առաջ, այնպես և XVII դարում այդ հարցին տրվում էին տարբեր պատասխաններ, նայած իրադրության, այսինքն նայած թե երբ կամ ում կողմից էր դրվում հարցը, կամ ով և ինչ հանգամանքներում էր տալիս պատասխանը։ Սակայն նախքան կանցնենք տրված պատասխանների քննությանը, կարծում ենք ընդհանուր գծերով հիմա իսկ պարզված կարող ենք համարել Պետրոս Մեծին ուղղված թղթում Իսրայել Օրիի արած այն հայտարարությունը, որի վրա կանգ առանք մեր հետազոտության սկզբում։ Ակներև, է, որ այլ ինչ չէր այդ հայտարարությունը, քան հայ ազատագրական բազմադարյան լեգենդի կարևոր մի վարիանտը, որ ազդանշում էր հայ քաղաքական մտքի մեջ կատարված հերթական շրջադարձը: Լեգենդի նոր մի խմբագրություն էր այդ, որը ցույց է տալիս, թե XVIII դարի սկզբում հայ ազատագրական մաքի հորիզոններում ռուս պետությունն էր դառնում այն հուսակայանը, որի հետ կապվելու էին հայ ժողովրդի ինքնորոշման նոր հեռանկարները:
= II. Լեգենդի սոցիալական միջավայրը =