Այսօր չեմ կարող ծիծաղս զսպել, երբ հիշողությանս մեջ արթնացնում եմ այն միտքը, որն Օսկարին ստիպեց դեղնել ու խանգարվել պաստառների վրա․ ես ցանկացա բժշկություն սովորել և, ընդ որում, անհապաղ։ Ես ցանկացա բժիշկ դառնալ, ընդ որում հատկապես Մարիինյան հոսպիտալում։ Ես ուզում էի այնտեղից վռնդել բժիշկ Վերներին, մերկացնել նրան, մեղադրել տգիտության մեջ, նույնիսկ նրա անփութության պատճառով՝ կոկորդի մի վիրահատության մահվան ելքի մեջ։ Որպեսզի պարզվեր, որ այդ պարոն Վերները երբեք բժշկություն չի սովորել։ Ուղղակի պատերազմի ժամանակ նա աշխատել է դաշտային հոսպիտալում և այնտեղ ինչ֊որ չափի գիտելիքներ է ձեռք բերել՝ կորչեն խաբեբաները։ Իսկ Օսկարը դառնում է գլխավոր բժիշկ՝ այդքան երիտասարդ է և այդպիսի պատասխանատու պաշտոն է զբաղեցնում։ Եվ ահա նոր Զաուերբրուխը քայլում է թնդացող միջանցքներով և, որպես վիրահատական քույր, նրան ուղեկցում էր քույր Դորոթեան, և նա շուրջայց էր կատարում, և նա վերջին րոպեին, այնուամենայնիվ, որոշեց վիրահատություն կատարել։
Ախ, ինչ լավ է, որ այդ ֆիլմը այդպես էլ երբեք չնկարահանվեց։ ===Հագուստի պահարանի մեջ=== Պետք չէ սակայն մտածել, թե իբր Օսկարին միայն քույրերն էին հետաքրքրում։ Ես ունեի նաև իմ մասնագիտական կյանքը։ Գեղարվեստների ակադեմիայում սկսվում էր ամառային եռամսյակը, ես ստիպված էի թողնել գրանիտագործի պատահական աշխատանքը, որը կատարում էի արձակուրդների ժամանակ, քանզի Օսկարը պարտավոր էր լավ վարձատրության դիմաց անշարժ կանգնել, ոճական հին ուղղությունները պետք է նրան ապացուցեին իրենց կենսունակությունը։ Նոր ոճերը իմ և Ուլլա անունով մուսայի վրա փորձարկում էին իրենց․ մեր առարկայությունը ոչնչացնում էին, նրա առջև անձնատուր էին լինում, մեզ մերժում էին, գծեր էին անցկացնում, քառակուսիներ, պարույրներ, բոլոր ամբողջությամբ ձանձրացած նրբաճաշակությունները, որոնք, սակայն, լիովին իրենց արդարացնում էին պաստառների վրա, ինչպես նաև էկրանների ու գծագրական թերթերի վրա։ Հանդերձում էին կենցաղային նախշերը, որոնց թերևս միայն Օսկարն ու Ուլլան էին պակասում, այլ խոսքերով, խորհրդավոր լարվածությամբ, հրավերներով, առևտրագովազդային անվանումներով, ինչպես, օրինակ, «Ուղղահայաց հանգույց», «Երգ ժամանակի վրա», «Կարմիր գույնը նոր ծավալներով»։ Դրանով հիմնականում զբաղվում էին սկսնակները, որոնք դեռ կարգին նկարել էլ չգիտեին։ Իմ հին ընկերները, որոնք խմբվել էին պրոֆեսոր Քուխենի և Մարունի շուրջը, Ցիգեի ու Ռասկոլնիկովի նման լավագույն աշակերտները չափից դուրս հարուստ էին սևությամբ ու գույնով, որպեսզի անգույն ոլորագծերով և հյուծված գծերով երկինք հասցնեին ողորմելիության փառքը։ Իսկ ահա Ուլլա մուսան, որը դառնալով երկրային արարած, կիրառական գեղանկարչության մեջ անսովոր ունակություններ էր դրսևորում, այն աստիճանի էր ոգևորվում նոր պաստառներով, որ շուտով մոռացավ իրեն լքած նկարիչ Լանքեսին և արդեն ոչ երիտասարդ Մատեյ ազգանունով նկարչի տարբեր չափսերի բեմազարդերը հայտարարեց գեղեցկատես, ուրախ, զվարճալի, աներևակայելի, չլսված և նույնիսկ պերճաշուք։ Այն հանգամանքը, որ նա շուտով նաև նշանվեց նկարչի հետ, որը նախապատվություն էր տալիս չափից դուրս քաղցրացված Զատկի ձվերի տիպի կառուցվածներին, նշանակություն չունի․ նա հետագայում էլ բազմակի անգամ նշանվել է, ինչպես և ներկա պահին, ինչի մասին հենց ինքն էլ տեղեկացրեց։ Երեկ չէ առաջին օրը իմ և Բրունոյի համար կոնֆետներով այցի գալով, նա ասաց, որ ուր որ է կմտնի լուրջ հարաբերությունների մեջ։ Կիսամյակի սկզբին Ուլլան ընդհանրապես որպես մուսա ցանկացավ իր կերպարը նվիրել միայն նոր և, ինչը նա բացարձակապես չէր նկատում, արվեստի մեջ փակուղային ուղղությանը։ Նրա նախշած Զատկի ձվերի մասնագետը՝ Մայտելը, այդ բուսոջիլը մտցրեց նրա գլուխը, մատուցեց որպես ինչ֊որ մի փեսայական բառարանային պահուստ, որը նա փորձարկում էր ինձ հետ արվեստի մասին զրուցելիս։ Այժմ նա մեկնաբանություններ էր անում կրկնանախշերի, կառուցվածքների, շեշտադրությունների, հեռանկարի, հոսակեղտերի, լաքապատման և նյութակազմվածքի բացառիկության մասին։ Նա, ով ողջ օրը զբաղված էր միայն բանաններ ուտելով և դրանց վրայից տոմատի հյութ խմելով, այժմ դատողություններ էր անում հիմնական խաչաձև դարավածքների մասին, ներկի միջուկների մասին, որոնք սեփական ուժային դաշտի հարաճկուն շարժունակության մեջ ոչ միայն գտնում էին իրենց տեղը, այլ նաև․․․ Մոտավորապես այսպես էր Ուլլան ինձ հետ զրուցում ընդմիջումների ժամանակ կամ երբ մենք դեպքից դեպք Ռատինգերշտրասե փողոցում սուրճ էինք խմում։ Եվ նույնիսկ երբ Զատկի ձվերի հարաճկուն ձևավորողի հետ նշանդրեքը լուծվեց, երբ ինչ֊որ մի միասեռամոլ կնոջ հետ կարճատև միջադեպից հետո Ուլլան զբաղվեց Քուխենի աշակերտներից մեկով ու դրանով իսկ վերադարձավ առարկայական աշխարհ, նրա մոտ պահպանվեց նախկին բառապաշարը, որից նրա փոքրիկ դեմքը այնքան լարված արտահայտություն էր ձեռք բերում, որ դեմքի երկու կողմերում երկու մոլեռանդ ծալքեր էին դարսվում։ Այստեղ պետք է խոստովանել, որ Ուլլային որպես բուժքրոջ նկարելու գաղափարը ոչ միայն Ռասկոլնիկովին էր պատկանում։ «Մադոննա 49»֊ից հետո նա մեզ պատկերեց «Եվրոպայի առևանգման» մեջ՝ ես ցուլն էի։ Իսկ բավականին վիճելի «Առևանգումից» հետո ատեղծվեց «Խեղկատակը բժշկում է բուժքրոջը» կտավը։ Իմ կողմից ասված մի բառը բոցավառեց Ռասկոլնիկովի երևակայությունը։ Նա մռայլ, շիկամազ, ինքնամփոփ՝ ինչ֊որ բան էր խորհրդածում, նա, աչքը Ուլլայից չկտրելով, թեթևակի լվաց իր վրձնիկը, մտածում էր ոճրի ու պատժի մասին, ինչից հետո ես խորհուրդ տվեցի նրան իմ մեջ տեսնել ոճիրը, իսկ Ուլլայի մեջ՝ պատիժը, ընդ որում իմ ոճիրը առանց այն էլ անզեն աչքով է տեսանելի, իսկ ահա պատիժը կարելի է զգեստավորել բուժքրոջ հագուստներով։ Եվ եթե արդյունքում այդ հրաշալի կտավը ստացավ այլ, մոլորության մեջ գցող անվանում, մեղքը ամբողջապես ընկնում է Ռասկոլնիկովի վրա։ Անձամբ ես կանվանեի «Գայթակղություն», որովհետև իմ նկարված աջ ձեռքը բռնված է դռան բռնակից, պտտում է, բացում է դուռը, որի մեջտեղում կանգնած է քույրը։ Ռասկոլնիկովը նաև կարող էր ուղղակի «Դռան բռնակ» անվանել, ես կառաջարկեի «Դռան բռնակը»․ զուր չէ որ այդ ճարպիկ հարմարանքը դեպի գայթակղություն էր դրդում, զուր չէի ես անփոփոխ գայթակղվում քույր Դորոթեայի սենյակի ապակեպատ դռան բռնակով, երբ իմանում էի, որ Ոզնի֊Ցայդլերը ժամանակավորապես բացակայում է, քույրը հիվանդանոցում է, իսկ ֆրաու Ցայդլերը՝ Մանեսմանի գրասենյակում։ Այդ ժամանակ Օսկարը լքում էր իր անջրթող լոգարանով սենյակը, դուրս էր գալիս ցայդլերական բնակարանի միջանցք, քարանում էր քրոջ սենյակի դիմաց և, ինչպեսև կարգն է, սեղմում էր բռնակը։ Մոտավորապես մինչև հունիսի կեսը, իսկ փորձեր ամեն օր էի անում, դուռը չէր ընկրկում։ Ես պատրաստ էի քրոջ մեջ տեսնել նույնիսկ մի մարդու, որը սեփական աշխատանքով շատ է ընտելացել կարգ ու կանոնին, ավելի լավ համարեցի թողնել դուռը սխալմամբ չփակված տեսնելու հույսը։ Այստեղից էլ այն հիմար, զուտ մեխանիկական հակազդեցությունը, որը ստիպեց ինձ շտապ ծածկել դուռը, երբ մի անգամ, այնուամենայնիվ, պարզեցի, որ այն փակված չէ։ Իհարկե, Օսկարը մեծագույն լարվածության մեջ մի քանի րոպե կանգնեց միջանցքում և իր տարաբնույթ մտքերին այնպիսի ազատություն տվեց, որ նրա սրտի համար ամենևին էլ հեշտ չէր մտքերի այդ ճնշման մեջ գոնե մի որևիցե ծրագիր մտցնելը։ Միայն երբ ինձ հաջողվեց, թե անձամբ ինձ, թե իմ մտքերը ուղղել կյանքի այլ հանգամանքներին․ Մարիան և իր երկրպագուն, մտածում էի ես, Մարիան իր համար երկրպագու է ձեռք բերել, երկրպագուն Մարիային սրճեփ է նվիրել, երկրպագուն շաբաթ օրը Մարիայի հետ կգնա «Ապոլլո», Մարիան երկրպագուին միայն աշխատանքից հետո է «դու» ասում, իսկ խանությում «դուք» է ասում, որովհետև նա խանութի տնոօրենն է։ Միայն երբ ես բոլոր կողմերից պատկերացրեցի Մարիային ու նրա երկրպագուին, ինձ հաջողվեց որոշակիորեն կարգ ու կանոնի նման մի բան հաստատել գլխիս մեջ, և ես բացեցի անթափանցիկ ապակեպատ դուռը։ Ես արդեն առաջ էի այդ կացարանը պատկերացնում որպես առանց պատուհանների մի շինություն, որովհետև դեռ ոչ մի անգամ դռան վերին, խավար, թափանցիկ մասը ցերեկային լույսի թեկուզ մի գիծ բաց չէր թողել։ Ճիշտ ինչպես իմ սենյակում՝ ես, դեպի աջ մեկնելով, շոշափելով գտա անջատիչը։ Այդ կացարանի համար, որը չափից դուրս նեղ էր, որպեսզի այն հնարավոր լիներ անվանել սենյակ, քառասուն մոմանոց լամպը բավարար է և մի բան էլ ավելին։ Ինձ համար տհաճ էր մարմնիս կիսով չափ անմիջապես հայելու առջև հայտնվելը, սակայն Օսկարը չցանկացավ խուսափել իր հայելային և այդ իսկ պատճառով հազիվ թե իր համար օգտակար անդրադարձի հետ հանդիպումից, քանզի փայլատ սեղանիկի (որն իր լայնությամբ համընկնում էր հայելու հետ, որի դիմաց նա կանգնած էր), վրայի առարկաները ինձ շատ հետաքրքրեցին և Օսկարին ստիպեցին բարձրանալ ոտքի մատների վրա։ Լվացվելու թասի սպիտակ արծնապակին ցուցադրում է կապտասև ջարդվածքի տեղերը։ Զուգարանի սեղանի այն մարմարյա սեղանածածկը, որի մեջ մինչև պռունկները մտած թասը, նույնպես ապրել էր իր առաջին երիտասարդությունը։ Սեղանածածկի ձախ, պոկված կտորը դրված էր հայելու դիմաց՝ նրա առջև բացելով իր բոլոր երակները։ Կոտրված եզրերի վրայի սոսնձի հետքեը խոսում էին վերանորոգման անհաջող փորձի մասին։ Ուղղակի քոր եկան քարհատի իմ ձեռքերը։ Ես վերհիշեցի Քորնեֆի կողմից գտած մարմարի համար շաղախը, որը կարողանում էր նույնիսկ ամենափխրուն ծանր մարմարը վեր ածել այն ճակատային մասի հավերժական սալաքարերին, որոնցով ընդունված է երեսպատել երշիկի մեծ խանութները։ Այժմ, երբ կրաքարի հետ հոգեհարազատ շփումը ինձ ստիպեց մոռանալ հայելու մեջ չարամտորեն աղավաղված իմ անդրադարձը, ինձ հաջողվեց նաև որոշել այն հոտը, որը սենյակում առաջին իսկ րոպեից Օսկարին տարօրինակ թվաց։ Այստեղից քացախի հոտ էր գալիս։ Ավելի ուշ, և նույնիսկ ոչ ավելի քան մի քանի շաբաթ առաջ, ես սուր հոտը արդարացնում էի այն ենթադրությամբ, որ քույրը, հավանաբար, նախորդ օրը լվացել էր գլուխը, իսկ քացախը ավելացրել էր ջրին՝ մազերը մաքրաջրելիս։ Ճիշտ է, զարդասեղանիկի վրա ես քացախով լցված ոչ մի շիշ չհայտնաբերեցի և սկսեցի ինքս ինձ ապացուցել, որ քույր Դորոթեան ցայդլերյան խոհանոցում ջուր չի տաքացնի՝ նախապես Ցայդլերից թույլտվություն խնդրելով, որպեսզի հետո մեծագույն բարդություններով իր սենյակում լվանա գլուխը, երբ հոսպիտալում նրա տրամադրության տակ ժամանակակից լոգասենյակ կա։ Չնայած չի բացառվում, որ ավագ քույրը կամ հոսպիտալի տնտեսական վարչությունը քույրերին արգելում են սանիտարական տեխնիկան օգտագործել սեփական կարիքների համար և այդ իսկ պատճառով քույր Դորոթեան ստիպված է գլուխը լվանալ այստեղ, արծնապակե թասի մեջ, պղտոր հայելու դիմաց։ Չնայած, որ զարդասեղանիկի վրա քացախով շիշ չկա, սառը մարմարի վրա այնուամենայնիվ բավականաչափ սրվակներ ու շշեր կան։ Բամբակի փաթեթը և կիսով չափ օգտագործված հիգիենիկ միջադիրների փաթեթը այն ժամանակ Օսկարին զրկեցին ոգու արիությունից, որն անհրաժեշտ էր, որպեսզի ծանոթանար սրվակների պարունակության հետ։ Այնուամենայնիվ, ես մինչ օրս էլ կարծում եմ, որ այդ սրվակները լցված էին միայն կոսմետիկական միջոցներով, ամեն կարգի քսուկներով ու կրեմներով։ Քույրը սանրը խրել էր խոզանակի մեջ։ Ես ստիպված էի ինձ վրա ջանք գործադրել, որպեսզի այն դուրս քաշեի ցցամազերի միջից և տեսնեի ողջ ծավալով։ Ինչքան լավ է, որ ես դա արեցի, քանզի հենց նույն րոպեին Օսկարը կատարեց իր հայտնագործություններից կարևորագույնը․ Քույր Դորոթեան բաց գույնի մազեր ուներ, հնարավոր է մոխրագույն, չնայած մեռած, սանրած մազերի հիման վրա պետք է զգուշությամբ հետևություն անել, այդ իսկ պատճառով միայն մեկ բան կարելի է պնդել, քույր Սորոթեան շիկահեր մազեր ունի։ Հետո սանրի ատամների արանքների կասկածելիորեն հարուստ որսը խոսում է այն մասին, որ նրա մազերը շատ արագ են թափվում։ Այդ տհաճ՝ կանանց դաժանացնող, հիվանդության պատճառները ես տեսա քույրական գլխաշորի մեջ, սակայն չմեղադրեցի նրան, որովհետև պատշաճ հիվանդանոցում առանց դրա ոչ մի կերպ հնարավոր չէր ապրել։ Որքան էլ քացախի հոտը ճնշում էր Օսկարին՝ ինքնըստինքյան այն հանգամանքը, որ քույր Դորոթեան կորցնում է մազերը, իմ մեջ այլ զգացմունքներ չարթնացրեց, քան գործող սիրո ազնվացնող կարեկցանքը։ Ինձ և իմ վիճակի համար բնորոշ է այն, որ ես անմիջապես մտաբերեցի մազերի աճի համար այն բավականին արդյունավետ համարվող միջոցները, որոնք ես արդեն պատրաստ էի հարմար առիթի դեպքում հանձնել քրոջը։ Մտքերով հեռանալով դեպի այդ հանդիպումը՝ Օսկարն այն իրեն պատկերացնում էր անհողմ ամառային երկնքի ներքո, ծածանվող շեկ դաշտերի մեջ, ես սանրի վրայից հանեցի մազերը, դրանք փնջիկով փաթաթեցի, հենց մազերով էլ կապեցի։ Փնջիկի վրայից փչեցի թեփի ու փոշու մի մասը և խնամքով դրեցի իմ դրամապանակի շտապողաբար ազատված մասի մեջ։ Սանրը, որը Օսկարը դրամապանակը առավել հարմար բռնելու նպատակով դրեց մարմարե սեղանածածկի վրա, ես կրկին վերցրեցի, երբ իմ դրամապանակը և իմ ավարն արդեն գտնվում էին բաճկոնիս մեջ։ Ես այն պահեցի ոչնչով չպատված լամպի լույսի դիմաց, որպեսզի այն դառնա թափանցիկ, ուսումնասիրեցի անհամաչափ ատամներով երկու շարքերը, նշեցի, որ առավել բարակներից երկուսը կոտրված են, չկարողացա ինձ մերժել ձախ ցուցամատիս եղունգով առավել հաստերի վերին հատվածներին ճտտտացնելու հաճույքը, և այդ ամբողջ ժամանակ Օսկարին սփոփում էր մի քանի մազերի շողշողոցով, որոնք ես կասկածներ չհարուցելու նպատակով դիտավորյալ թողել էի սանրի վրա։ Դրանից հետո սանրը վերջնականապես ընկղմվեց խոզանակի մեջ։ Ես կարողացա շեղվել զարդասեղանիկից, որը չափից դուրս միակողմանի տեղեկություններ էր ինձ հաղորդում։ Դեպի քույրի անկողինը տանող ճանապարհին ես դիպա խոհանոցային աթոռին, որի վրա կրծկալ էր կախված։ Դրական պարունակությունից զուրկ եզրերում լվանալուց մաշված և խունացած արդուզարդի երկու կաղապարների մասերը Օսկարը ոչնչով չէր կարող լցնել, քան սեփական բռունցքներով։ Սակայն նրանք չլցրեցին, ոչ, նրանք շարժվում էին օտարների պես, դժբախտ, երկու չափից դուրս ամուր, չափազանց նյարդային թասիկների մեջ, որոնք ես մեծագույն հաճույքով ամեն օր գդալով կդատարկեի։ Նույնիսկ չիմանալով, թե նրանց մեջ ինչպիսի կերակուր է պարունակվում, հնարավոր համարելով նույնիսկ փսխումը, քանզի ցանկացած շիլա ինչ֊որ ժամանակ կարող է փսխոց առաջացնել։ Իսկ հետո կրկին քաղցր կթվա, չափից դուրս քաղցր, այն աստիճան քաղցր, որ փսխման մղումը դրա մեջ համ է գտնում, և իրական սերը փորձության է ենթարկվում։ Ես վերհիշեցի բժիշկ Վերներին և բռունցքներս կրծկալի միջից հանեցի։ Բժիշկ Վերները անմիջապես մոռացվեց, ես կարող էի մոտենալ քույր Դորոթեայի մահճակալին։ Օ՜, բուժքրոջ այդ մահճակալը։ Որքան հաճախ էր Օսկարը մտովի այն իրեն պատկերացնում, իսկ պարզվեց, որ դա նույնպիսի մի զզվելի բան է, ինչպես և այն, որը շագանակագույն շրջանակի մեջ է պահում իմ հանգիստը, իսկ ժամանակ առ ժամանակ նաև անքնությունը։ Սպիտակ լաքով պատված արույրե գնդերով մետաղյա մահճակալ, թեթև ճաղավանդակներից ամենաթեթևը կկամենայի ես նրան, այլ ոչ թե անհոգի, անճարտար առարկան։ Անշարժ, ծանրացած գլխով, որևիվցե կրքի անունակ, նույնիսկ խանդի անունակ, ես կարճ ժամանակ կանգնել էի այդ երազների զոհասեղանի դիմաց, ինչի փետրաներքնակը հաստատ գրանիտից էր, հետո շրջվեցի, որպեսզի խուսափեմ տանջալից տեսարանից։ Երբեք Օսկարը չէր կարող քույր Դորոթեային և նրա քունը պատկերացնել այս գարշելի որջի մեջ։ Ես արդեն կրկին զարդասեղանիկի ճամփին էի՝ հնարավոր է, ենթարկվելով նրա վրայի կասկածելի սրվակները ի վերջո բացելու ցանկությանը, երբ պահարանն ինձ ստիպեց ուշադրություն դարձնել իր վրա, նրա գույնը սահմանել որպես սև֊շագանակագույն, հայացքս անցկացնել քիվի ակոսների վրայով և, ի վերջո, բացել, քանի որ յուրաքանչյուր պահարան միայն այն է երազում, որ իրեն բացեն։ Մեխը, որը փականքի փոխարեն պահում էր դուռը, ես ծռեցի հորիզոնական դիրքով, և առանց իմ միջամտության դռները, հոգոց հանելով հեռացան իրարից և հայացքի համար այնպիսի ընդարձակ տարածություն բացեցին, որ ես ակամա մի քանի քայլ ընկրկեցի, որպեսզի խաչված ձեռքերի վերևով հնարավոր լիներ սառնասրտորեն ամեն ինչը զննել։ Այստեղ Օսկարը չէր ցանկանում ընկնել մանրուքների ետևից, ինչպես զարդասեղանիկի վերևում, չէր ցանկանում նախապաշարմունքներով ծանրաբեռնված դատ կատարել, ինչպես նա վարվեց դիմացը կանգնած մահճակալի հետ, նա ուզում էր ընդառաջ դուրս գալ այդ պահարանին թարմ, ինչպես արարման առաջին օրը, առանց որևիցե ետին մտքերի, քանզի պահարանը ևս նրան գրկաբաց դիմավորեց։ Սակայն Օսկարը, այս անուղղելի գեղապաշտը, նույնիսկ այստեղ չկարողացավ լիովին զերծ մնալ քննադատությունից, ահա խնդրեմ, մի ինչ֊որ բարբարոս շտապողաբար պոկել է այս պահարանի փայտի կտորները, ոտքերը, որպեսզի այն այլանդակված ու տափակեցված վիճակում դնի հատակին։ Պահարանի ներքին կարգ ու կանոնը անթերի էր։ Աջ կողմից խորքային արկղում, իրար վրա էին դարսված տակի սպիտակեղենն ու բլուզները։ Սպիտակ և վարդագույն գույները մեջընդմիջում էին ակնհայտորեն չգունաթափված բաց երկնագույնի հետ։ Իրար հետ կապված երկու կարմիր֊կանաչ աղյուսիկներով վանդակավոր պայուսակները կախված էին աջ դռան ներքին մասում, սպիտակեղենով արկղերի կողքին՝ վերևում պահպանելով վերանորոգված, իսկ ներքևում՝ քանդված հանգույցներով գուլպաները։ Եթե դրանք համեմատենք նրանց հետ, որոնք Մարիան իր շեֆից ու երկրպագուից էր նվեր ստացել և որոնք հագնում էր, վանդակավոր պայուսակի միջի առարկաները ինձ թվացին եթե ոչ ավելի կոպիտ, ապա, բոլոր դեպքերում, ավելի հոծ և դիմացկուն։ Պահարանի մեծ բաժանմունքում ձախից կախիչների վրա կախված էին փայլատ, օսլայված քույրական հագուստները։ Ավելի վեր, գլխարկների դարակին, իրար վրա էին շարվել բաբախող, կոպիտ հպում չհանդուրժող, իրենց պարզությամբ չքնաղ քույրական գլխաշորերը։ Սպիտակեղենով արկղերից դեպի ձախ կախված քաղաքացիական հագուստներին ես միայն թռուցիկ հայացք պարգևեցի։ Անփույթ ու ցածրաճաշակ ընտրությունը ամրապնդում էր իմ գաղտնի հույսը․ իր հանդերձանքի այս մասին քույր Դորոթեան նվազագույն ուշադրություն է հատկացնում։ Ահա և թվով երեք, թե չորս գլխարկները, որոնք նման են կաթսաների ու անփութորեն կախված են գլխաշորերի կողքին, մեկը մյուսի վերևում, ինչից ճմրթվում էին նրանց վրայի արհեստական ծաղիկներով անհեթեթ փնջիկները՝ ավելի շուտ կիսաթուխ տորթ հիշեցնելով։ Խայտաբղետ կազմերով շուրջ տասներկու գրքեր այդ նույն գլխարկների դարակում հենվել էին կոշիկի տուփի մեջ լցված թելի կծիկներին։ Օսկարը գլուխը թեքեց դեպի ուսը, անհարաժեշտ համարեց գնալ ավելի մոտ վերնագրերը կարդալու համար։ Ես հանդուրժողական քմծիծաղով գլուխս վերադարձրի նախկին դիրքին․ բարի քույր Դորոթեան դեդեկտիվ գրքեր էր ընթերցում։ Սակայն բավական է խոսել պահարանի քաղաքացիական մասից։ Սկզբում գրքերի պատճառով նրան ընդհուպ մոտենալով ես հետո էլ պահպանեցի բարեհաջող դիրքս, ավելի կռանալով, ես գլխով մտա նրա մեջ, դադարեցի պայքարել նրա բաղկացուցիչ մասը դառնալու գնալով ավելի ամրապնդվող ցանկության հետ՝ դառնալ պարունակությունը պահարանի, որին քույր Դորոթեան վստահել է իր արտաքինի բավականին նշանակալի մասը։ Ես նույնիսկ ստիպված չեղա մի կողմ հրել ցածրակրունկ, հարմարավետ մարզակոշիկները, որոնք փայլելու աստիճան դրված էին պահարանի հատակին և սպասում էին ելքին։ Հետո միտումնավոր կանչի դրդող հրավերով պահարանը լցված էր այնպես, որ նրա կենտրոնում, ոտքերը կրծքին մոտեցնելով, Օսկարը կարող էր հանգիստ նստել ծնկների վրա, տանիք և ապաստան ձեռք բերել, ընդ որում, դրա համար նույնիսկ ստիպված չէր լինի որևէ հագուստ ճմռթել։ Ես էլ մտա։ Ես դրանից շատ բան էի սպասում։ Չնայած չկարողացա անմիջապես կենտրոնանալ։ Օսկարին թվում էր, թե իբր սենյակի իրերը և լամպը հետևում են իրեն։ Պահարանի ներքևում առավել ինտիմ պայմաններ ստեղծելու համար ես փորձեցի դուռը փակել։ Առաջ եկան դժվարություններ, քանզի դռների վրայի սողնակները շարժվում էին, վերևում ճեղք էին թողնում, լույսը ներթափանցում էր պահարան չնայած ոչ այնքան շատ, որ ինձ խանգարեր։ Իսկ ահա հոտը ուժեղացավ։ Հին, խնամքով հարդարված, այժմ քացախի հոտ չէր գալիս, այժմ, չձանձրացնելով, գալիս էր ցեցի դեմ միջոցի հոտը և լավ հոտ էր։ Իսկ ինչ էր անում Օսկարը, երբ նստած էր պահարանում։ Նա ճակատով հենվեց քույր Դորոթեայի մոտակա մասնագիտական հագուստին՝ թևքերով ու կոկորդի մոտ կոճակով խալաթին, և իմ դիմաց անմիջապես բացվեցին քույրական կենցաղի բոլոր ժամանակաշրջանները, իմ աջ ձեռքը, հավանաբար հենարան փնտրելով, շրջազգեստների կողքով գնաց ետ, խճճվեց, հենարանը կորցրեց, ինչ֊որ հարթ բան բռնեց, հենարանային շերտափայտը, սահեց մյուս, լայնակի շերտափայտի վրայով, որը հորիզոնական մեխված էր պահարանի ետին պատին, այն հենարան էր և՛ իմ, և՛ ետին պատի համար։ Օսկարն արդեն ձեռքը վերադարձրել էր նախկին դիրքին, արդեն կարող էր ուրախանալ, սակայն այստեղ ինքս ինձ ցույց տվեցի, թե ինչ առարկա էի վերցրել իմ թիկունքում։ Դա սև լաքապատ գոտի էր, սակայն ես անմիջապես տեսա և ավելին, քան գոտին, քանի որ պահարանում ամեն ինչն այն աստիճան մոխրագույն էր, որ լաքապատ գոտին ևս ոչ թե պարզապես լաքապատ գոտի էր, այլ էլի ինչ֊որ բան։ Նա լիովին կարող էր էլի ինչ֊որ բան նշանակել, նույնչափ հարթ, երկարավուն, որը ես, որպես անփոփոխ երեքամյա թմբկահար, տեսել էի Նոյֆարվասերի ծովապատնեշի մոտ․ խեղճ մայրիկիս փոքրիկ ծալվացքներով ծովի ալիքի գույնի գարնանային թիկնոցով, Մացերատը վերարկուով, Յան Բրոնսկին՝ թավշյա օձիքով, Օսկարի ծովային գլխարկի վրա երիզ կա, և երիզի վրա ոսկե տառերով գրություն «Ե․Վ․Կ․ Զայդլից»։ Այդ ամենը խմբի բաղկացուցիչ մասերն էին, իսկ վերարկուն ու թավշայա օձիքը ցատկում էին իմ ու մայրիկի առջև՝ վերջինս իր բարձր կրունկների պատճառով ընդհանրապես չէր կարող ցատկել՝ քարից քար, մինչև նավարկության նշանը, որի տակ նստել էր ձկնորսը՝ ապիտակ պարանով ու կարտոֆիլի պարկով, որը լցաված էր աղով ու շարժումով։ Իսկ մենք, երբ տեսանք պարկն ու պարանը, ցանկացանք իմանալ, թե որպես ինչ է նա նստել նավարկության նշանի տակ ու լվացքի պարանով ձուկ բռնում, սակայն տիպը Նոյֆարվասերից կամ Բրոյզենից՝ դե գնա իմացիր, թե որտեղից է՝ ծիծաղեց և ջուրն ուղարկեց խիտ, շագանակագույն թուքը, որը տեղից չշարժվելով, դեռ երկար ճոճվում էր ծովավատնեշի կողքի ալիքների վրա, մինչև որ այն չվերցրեց ճայը։ Ճայը, նա ինչ ուզես կվերցնի, դա ձեզ համար փափկակյաց աղավնի չէ կամ առավել ևս բուժքույր՝ շատ ավելի հեշտ կլիներ, եթե այն ամենը, ինչը զգեստավորված է սպիտակով, հնարավոր լիներ հավաքել մի տեղ ու թաքցնել պահարանում։ Սևի մասին ևս կարելի է նույն բանը ասել, քանզի այն ժամանակ ես դեռ չէի վախենում սև խոհարարուհուց, անմեղ նստել էի պահարանում և նույնչափ, առանց վախի էլ անհողմ եղանակին կանգնել էի Նոյֆարվասերի ծովապատնեշի վրա, այստեղ ձեռքս էի վերցրել լաքապատ գոտին, այնտեղ՝ մեկ այլ բան, որը չնայած սև էր ու լպրծուն, սակայն ոչ գոտի։ Եվ քանի որ ես նստած էի պահարանում՝ համեմատություններ էի փնտրում (քանզի պահարանները դրդում են համեմատություններ անել), սև խոհարարուհուն կոչում էին անունով, սակայն այն ժամանակ դա դեռ իմ մեջ այդքան խորը չէր ներթափանցել, սպիտակի մասով ես ավելի շատ էի տեղակացված, հազիվ թե կարողանայի ճային քույր Դորոթեայից տարբերել։ Սակայն ինձանից վանում էի աղավնիներին և ուրիշ հիմարությունները՝ նամանավանց, երբ մենք մեկնեցինք Բրոյզեն, ոչ թե Երրորդությունն էր, այլ Չարչարանաց ուրբաթը։ Ավելի ուշ իջանք ծովապատնեշի մոտ, բացի դա աղավնիներ էլ չկային նավարկության նշանի տակ, որի տակ նստած էր սպիտակ պարանով Նոյֆարվասերի տղան, նստել ու թքում էր։ Իսկ երբ բրոյզենցի տղան պարանը սկսեց քաշել դուրս, մինչև որ պարանը մոտեցավ վերջին՝ ցույց տալով մեզ, թե ինչից էր, որ այդքան դժվար էր այն լճացված մոթլավյան ջրից դուրս հանելը, երբ իմ խեղճ մայրիկը ձեռքը դրեց Յան Բրոնսկու ուսին և թավշե օձիքի վրա, որովհետև նրա երեսը պատեց ալրային գունատությունը, որովհետև նա ցանկանում էր հեռանալ, իսկ դրա փոխարեն պիտի նայեր, թե ինչպես է այդ տիպը ձիու գլուխը նետում քարերի վրա, թե ինչպես են մանր ու կանաչավուն, ծովային ալիքի գույնի, օձաձկները դուրս սողում բաշի միջից։ Իսկ խոշորները, առավել մգոտները, նա ինքն էր դուրս ճզմում լեշի միջից, կարծես պտուտակներ էր քաշելով հանում, սակայն այդ ժամանակ ինչ֊որ մեկը պատռեց փետրաներքնակը, ես ուզում եմ ասել՝ թռան եկան ճայերը, նրանք վրա պրծան, որովհետև ճայերը, երբ նրանք երեքից ոչ պակաս են կամ ավելի շատ, հեշտությամբ կհաղթահարեն ոչ մեծ օձաձկանը, իսկ ահա նրանց հետ, որոնք ավելի խոշոր են, ավելի դժվար է լինում։ Սակայն այդ ժամանակ տղան բացեց ձիու ծնոտները, ատամների արանքը փայտե պահանգ դրեց և կարծես թե ձին ծիծաղեց, այնուհետև նա իր մազոտ ձեռքը մտցրեց խորքը, ձեռք գցեց ու բռնեց։ Այն նույն ձևով ինչպես ես պահարանում ձեռքս գցեցի ու բռնեցի, այնպես էլ նա դուրս քաշեց՝ ինչպես ես լաքապատված գոտին, սակայն չէ՞ որ նա անմիջապես երկուսին գցեց օդ ու նետեց քարերի վրա, մինչև որ իմ խեղճ մայրիկը ետ տվեց ողջ նախաճաշը, որը բաղկացած էր կաթով սուրճից, դեղնուցից, սպիտակուցից, մի քիչ ջեմից ու սպիտակ հացից, այն աստիճան առատ նախաճաշ, որ ճայերն անմիջապես շեղակի գրոհեցին, իջան մեկ հարկ ներքև, հրատապ վայրէջք կատարելով, իսկ ճչոցի մասին մենք էլ չենք խոսի, և այն, որ ճայերը շատ աչքեր ունեն, դա բոլորը գիտեն։ Եվ հնարավոր էլ չէր նրանց վռնդել, Յան Բրոնսկին հո չէ՞ր նրանց վռնդելու, նա ինքն էր նրանցից վախենում, նա երկու ձեռքերով փակեց իր կլոր, երկնագույն աչքերը, իմ թմբուկին նրանք չէին ենթարկվում, նրանք կուլ էին տալիս ու կուլ էին տալիս, իսկ այդ ընթացքում ես, ցասման ու հիացմունքի մեջ, փնտրեցի ու նոր ռիթմ գտա, միայն թե իմ խեղճ մայրիկը այդ ռիթմերը չէր լսում։ Նա իր հոգսերն ուներ, նա շարունակ խեղդվում էր ու խեղդվում, սակայն նրա ներսից այլևս ոչինչ էլ դուրս չեկավ, որովհետև նա նախաճաշին այդքան էլ շատ չէր կերել, նա իր կազմվածքն էր պահպանում և այդ իսկ պատճառով, շաբաթական երկու անգամ կանանց ակումբ էր այցելում, միայն թե դա նրան չէր օգնում, միևնույն է, նա գաղտնի էր ուտում և միշտ ինչ֊որ մի խորամանկություն էր հորինում։ Ահա և նոյֆարվասերցի տղան, ի հեճուկս բոլոր տեսությունների, վերջին մոտ, երբ ներկա գտնվողներն արդեն մատծում էին, որ այլևս ոչինչ չի լինի, ձիու ականջից ևս մեկ օձաձուկ հանեց։ Օձարուկը ամբողջապես մի ինչ֊որ սպիտակ շիլայով էր պատված, որովհետև ձիու ուղեղի մեջ էր քչփորել, սակայն այդ օձաձկանը այնքան պտտեցրին, մինչև որ ողջ շիլան նրա վրայից պոկվեց ու օձաձուկը փայլեց իր լաքապատ կողերով, դարձավ լաքապատ գոտու նման, դեպի ինչն էլ ես տանում եմ իմ ակնարկը․ ահա այդպիսի լաքապատ գոտի էր կրում քույր Դորոթեան, երբ անձնական գործերով էր դուրս գալիս և առանց կարմիր խաչով նշանի։ Իսկ մենք այն ժամանակ գնացինք տուն՝ չնայած որ Մացերատը դեմ չէր մնալուն, որովհետև ալիք բարձրացնելով նավահանգստին էր մոտենում մոտավորապես հազար ութ հարյուր տոննա տարողությամբ ֆինը։ Այն տղան ձիու գլուխը թողեց ծովապատնեշի վրա։ Սևաթույրը շուտով դարձավ սպիտակագույն ու գոռաց, սակայն գոռում էր ոչ այնպես, ինչպես գոռում են ձիերը, այլ ավելի շուտ այնպես, ինչպես կարող էր գոռալ սպիտակ ամպը, որը բարձրաձայն ու ագահորեն կպչելով՝ պատեց ձիու գլուխը։ Այն ժամանակ դա, ընդհանուր առմամբ, լիովին հաճելի էր, որովհետև այժմ ձիու գլուխը չէր երևում՝ չնայած բոլորն էլ հասկանում էին, թե ինչ է թաքնված այդ խելագարության տակ։ Բացի դա, ֆինն էլ էր մեր ուշադրությունը շեղում, նա իր վրա անտառանյութ էր բարձել և շիկահեր էր, ինչպես Զասպեի գերեզմանների ճաղավանդակները։ Սակայն իմ խեղճ մայրիկը չշրջվեց ու չնայեց ո՛չ ֆինին, ո՛չ ճայերին։ Նա մինչև կոկորդը կուշտ էր։ Եվ չնայած նախկինում նա մեր դաշնամուրի վրա ոչ միայն «Փոքրիկ ճայն» էր նվագում, այլ նաև երգում էր, այդ երգը այլևս երբեք չէր կատարում, նա ընդհանրապես այլևս ոչինչ չէր երգում, սկզբում ընդհանրապես չէր ուզում ձուկ ուտել, հետո մի գեղեցիկ օր սկսեց հանկարծ ուտել, այն էլ՝ այնքան շատ, այն էլ այնքան յուղալի, մինչև որ այլևս չկարողացավ, ոչ, այլևս չցանկացավ, մինչև կոկորդը կուշտ էր ոչ միայն օձաձկներից, այլ նաև կանանցից ու առանձնապես տղամարդկանցից, իսկ գուցե նաև Օսկարից։ Համենայն դեպս նա, որ նախկինում ոչնչից չէր ցանկանում հրաժարվել, հանկարծ դարձավ ավելի չափավորված ու ավելի զսպված և թույլ տվեց, որ իրեն թաղեն Բրենտաուի գերեզմանատանը։ Հավանաբար, ես նման եմ նրան, որովհետև մի կողմից չեմ ուզում ոչնչից հրաժարվել, իսկ մյուս կողմից՝ կարող եմ բավարարվել առանց ամեն ինչի, միայն առանց ծխահարված օձաձկների, չնայած նրանց սարսափազդու գնին, չեմ կարող ապրել։ Թեկուզ վերցնենք հենց նույն քույր Դորոթեային, որին ես երբեք չեմ տեսել, նրա նկատմամբ գործում էին այդ նույն կանոնները, նրա լաքապատ գոտին վերջ չուներ, այն նույնիսկ բազմապատկվում էր, քանզի ես ազատ ձեռքով արձակում էի շալվարիս կոճակները և դա անում էի այն նպատակով, որպեսզի ինձ կրկին պատկերացնեի քրոջը, որը բազմաթիվ լաքապատ օձաձկների ու նավահանգիստ մնտող ֆինի պատճառով կորցրել էր իր հստակ ուրվագծերը։ Կամաց֊կամաց Օսկարին, որին կրկին ու կրկին ուղարկում էին ծովապատնեշ, ի վերջո ճայերի օգնությամբ հաջողվեց ձեռք բերել քույր Դորոթեայի աշխարհը, համենայն դեպս զգեստապահարանի այն մասում, որտեղ նա պահում էր իր դատարկ, սակայն ձգող աշխատանքային հագուստը։ Իսկ երբ այն ի վերջո լիովին պարզորոշ տեսա և, ինչպես թվում էր, մասնակիորեն կռահեցի նրա դեմքի գծերը, սողնակները դուրս շարժվող ծխնիների միջից ճռռոցով բացվեցին պահարանի դռները, հանկարծահաս լույսը սպառնում էր ինձ մոլորության մեջ գցել, և Օսկարը ստիպված էր մեծ ջանք թափել, որպեսզի ցայտուկներով չկեղտոտի քույր Դորոթեայի բոլորից մոտ կախված խալաթը։ Միայն անհրաժեշտ անցումը իրապես կատարելու նպատակով, ինչպես նաև որպեսզի ներսում մնալը ավարտին հասցնեմ, պահարանի ներսում մնալը, որը հակառակ սպասումի, ինձ հոգնեցրեց, Օսկարն արեց այն, ինչ արդեն շատ տարիներ չէր արել․ նա ավելի կամ պակաս հմտությամբ պահարանի վերևի չորացած պատի մոտ մի քանի տակտ թմբկահարեց, հետո դուրս եկավ, ևս մեկ անգամ ստուգեց նրա սանիտարական վիճակը՝ ես ինձ չէի կարող նախատել վճռականորեն ոչնչի համար, նույնիսկ գոտին չէր կորցրել իր փայլը։ Թերևս ոչ, պետք էր որոշ խամրած մասերը շփել, նաև նրանց վրա շնչել, մինչև որ գոտին դարձավ այն, ինչը հիշեցնում էր օձաձկներին, որոնց իմ մանկության ժամանակներում որսում էին Նոյֆարվասերի ծովապատնեշի վրա։ Ես՝ Օսկարս, լքեցի քույր Դորոթեայի սենյակը, սակայն նախքան հեռանալս, խլեցի քառասուն մոմանոց լամպի լույսը, որն իմ այցելության ամբողջ ժամանակ հետևում էր ինձ։