}}
[[Կատեգորիա:Արձակ]]
==12-ը հունիսի 1942թ.==
Հուսով եմ, որ այն ամենն ինչ երբեւէ չեմ վստահել ոչ ոքի, կարող եմ վստահել քեզ, հուսով եմ, որ դու ինձ զորավիգ կլինես։
==Կիրակի, 14-ը հունիսի, 1942թ․==
Ուրբաթ օրը ժամը վեցին ես արդեն արթուն էի։ Եւ միանգամայն հասկանալի է՝ իմ ծննդյան օրն էր։ Բայց իհարկե, այդքան շուր վերկենալ չէր կարելի, ստիպված էի հետաքրքրությունս զսպել մինչեւ յոթին քառորդ պակաս։ Սակայն այլեւս համբերել չկարողացա, գնացի սեղանատուն, որտեղ եւ հանդիպեցի Մացրիկին, մեր կատվի ձագին, որն սկսեց քսմսվել ոտքերիս։
Ժամը յոթին վազեցի հայրիկի ու մայրիկի մոտ, հետո մենք բոլորս միասին գնացինք հյուրասենյակ եւ սկսեցինք նայել նվերները։ Քեզ, իմ օրագիր, ես իսկույն տեսա, դու իմ ամենալավ նվերն էիր։ Ինձ նվիրել էին նաեւ վարդերի մի փունջ, կակտուս եւ պիոն։ Դրանք իմ ստացած առաջին ծաղիկներն էին, բայց հետո ավելի շատ բերեցին։
Հայրիկն ու մայրիկը շատ նվերներ էին առել ինձ համար, իսկ ընկերներս իրենց նվերներով պարզապես շլացրել էին ինձ։ Ստացել էի «Կամերա» գիրքը, սեղանի խաղեր, բազմաթիվ քաղցրավենիք, խաղալիք-հանելուկ, բրոշկա, Յոզեֆ Կոենի «Հոլանդական հեքիաթներն ու լեգենդները» եւ «Դեզին մեկնում է լեռները» հրաշալի գիրքը ու փող։ Ես այդ փողերով գնեցի «Հուն Հունաստանի եւ Հռոմի առասպելները» սքանչելի գիրքը։
Հետո Լիզը եկավ մեր տուն եւ մենք միասին գնացինք դպրոց։ Ես ուսուցիչներին եւ մեր ամբողջ դասարանին կոնֆետ հյուրասիրեցի, հետո սկսվեցին դասերը։
Առայժմ այսքան։ Այնքան ուրախ եմ, որ դու կաս ինձ համար։
==Երկուշաբթի, 15-ը հունիսի 1942թ.==
Շաբաթ օրը ճաշիվ հետո կատարեցինք իմ ծնունդը։ Մենք ցույց տվինք «Փարոսի պահակը» կինոնկարը՝ Ռին֊Տին֊Տինի մասնակցությամբ։ Նկարը շատ դուր եկավ իմ ընկերուհիներին։ Մենք չափից դուրս չարաճճիություններ արեցինք ու ուրախացանք։ Շատ տղաներ ու աղջիկներ կային։ Մայրիկը միշտ հարցնում է, թե ես հետագայում նրանցից որի հետ կուզենայի ամուսնանալ։ Նա երեւի շատ կզարմանար, եթե իմանար, որ ես ուզում եմ ամուսնանալ Պետեր Վեսսելի հետ, որովհետեւ երբ մայրս նրա մասին խոսում է, ես ոչ մի բան զգացնել չեմ տալիս։ Լիզ Հոսենսին եւ Սաննա Խաուտմանին հարյուր տարի կլինի ճանաչում եմ, մինչեւ հիմա էլ նրանց իմ ամենալավ ընկերուհիներն են։ Հետո ես հրեական գիմնազիայում ծանոթացա Յոպպի վան դեր Վաալի հետ։ Մենք միասին շատ ենք լինում, եւ այժմ իմ ամենալավ ընկերուհին նա է։ Հիմա Լիզը ուրիշ աղջիկների հետ ավելի շատ է ընկերություն անում, իսկ Սաննան ուրիշ դպրոցում է սովորում, եւ նա էլ այնտեղ իր ընկերուհիներն ունի։
==Շաբաթ, 20-ը հունիսի 1942թ.==
Մի քանի օր չգրեցի, ուզում էի լուրջ մտածել, թե ընդհանրապես ինչի՞ համար է օրագիրը։ Ես մի տարօրինակ զգացում ունեմ՝ օրագիր եմ պահելու։ Ոչ միայն այն պատճառով, որ երբեք չեմ զբաղվել «գրողի գործով»։ Ինձ թվում է, որ հետագայում ե՛ւ ինձ, ե՛ւ առհասարակ բոլորի համար էլ հետաքրքիր չի լինի կարդալ տասներեքամյա մի դպրոցականի զեղումները։ Բայց բանը դրանում չէ։ Ես ուզում եմ պարզապես գրել, եւ կարեւորն այն է, որ ուզում եմ ասել այն ամենը, ինչ որ կա իմ հոգում։
«Թուղթն ամեն բան հանդուրժում է»։ Հաճախ եմ այսպես մտածել տխուր օրերին, երբ նստել եմ գլուխս ձեռքերիս մեջ առած եւ չեմ իմացել ինչ անեմ։ Մեկ ուզեցել եմ տանը նստել, մեկ՝ որեւէ տեղ գնալ, եւ այդպես էլ տեղիցս չեմ շարժվել ու շարունակ մտածել եմ։ Այո, թուղթն ամեն բան հանդուրժում է։ Ես ոչ ոքի մտադիր չեմ ցույց տալու այս հաստ կազմով «Օրագիր» կոչվող ճոռոմ վերնագրով տետրը, իսկ եթե ցույց էլ տամ, ուրեմն ցույց կտամ իսկական ընկերոջս կամ իսկական ընկերուհուս, ուրիշներին դա հետաքրքիր չէ։ Ահա թե ինչու եմ ուզում օրագիր պահել՝ որովհետեւ իսկական ընկերուհի չունեմ։
Սա էլ պիտի բացատրել, թե չէ ոչ ոք չի հասկանա, թե այդ ինչպես է, որ տասներեքամյա մի աղջիկ իրեն այնքան մենակ է զգում։ Իհարկե, դա բոլորովին էլ այդպես չէ։ Ես հրաշալի ծնողներ ունեմ, տասնվեցամյա մի քույրիկ, եւ երեւի, երեսունից ոչ պայաս ծանոթներ կամ, այսպես կոչված ընկերներ։ Բազմաթիվ երկրպագուներ ունեմ, որոնք աչք չեն հեռացնում ինձանից, իսկ դասերի ժամանակ նույնիսկ հայելիով որսում են իմ ժպիտը։
Ես շատ ազգականներ ունեմ, հրաշալի քեռիներ, հորեղբայրներ, մորաքույրներ եւ հորաքույրներ, լավ տուն ունենք, ըստ էության ես ամեն ինչ ունեմ, բացի ընկերուհուց։ Իմ բոլոր ծանոթների հետ կարելի է միայն չարաճճիություն անել եւ զվարճանալ, խոսել ամեն դատարկ բանի մասին։ Բայց մեկը չկա, որի հետ ես անկեղծորեն խոսեմ եւ ոնց որ ձեռքերս ու ոտքերս կապած լինեն։ Գուցե լավ կլիներ, որ դյուրահավատ լինեի, բայց ոչինչ անել չես կարող, ափսոս, որ այդպես է ստացվում։
Ահա թե ինչու է ինձ պետք օրագիրը։ Բայց որպեսզի ես իմ աչքի առաջ ունենամ իսկական ընկերուհի, որի մասին այնքան վաղուց երազում եմ, ես օրագրում չեմ գրի միայն մերկ փաստեր, ինչպես անում են բոլորը, ես ուզում եմ այս տետրը դառնա իմ ընկերուհին, եւ այդ ընկերուհուն ես կանվանեմ Քիտտի։
Բայց ոչ ոք չի հասկանա, եթե ես հանկարծ առանց որեւէ բանի նամակագրություն սկսեմ Քիտտիի հետ, դրա համար էլ սկզբում կպատմեմ իմ կենսագրությունը, չնայած որ դա ինձ համար այնքան էլ հետաքրքիր չէ։
Երբ իմ ծնողներն ամուսնացել են, հայրս 36 տարեկան է եղել, իսկ մայրս՝ 25։ Իմ քույրը՝ Մարգոն, ծնվել է 1926թ․ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում, իսկ 1929 թվականի հունսիս 12֊ին լույս աշխարհ եմ եկել եւ ես․ մենք հրեաներ ենք, դրա համար էլ ստիպված էինք 1933 թվականին գաղթել Հոլանդիա, որտեղ իմ հայրը դարձավ «Տրավիս» ակցիոներական ընկերության դիրեկտորներից մեկը։ Այդ կազմակերպությունը կապված է «Կոլեն եւ Ընկ․» ֆիրմայի հետ, որը տեղավորված է նույն շենքում։