Երբ իմ ծնողներն ամուսնացել են, հայրս 36 տարեկան է եղել, իսկ մայրս՝ 25։ Իմ քույրը՝ Մարգոն, ծնվել է 1926թ․ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում, իսկ 1929 թվականի հունսիս 12֊ին լույս աշխարհ եմ եկել եւ ես․ մենք հրեաներ ենք, դրա համար էլ ստիպված էինք 1933 թվականին գաղթել Հոլանդիա, որտեղ իմ հայրը դարձավ «Տրավիս» ակցիոներական ընկերության դիրեկտորներից մեկը։ Այդ կազմակերպությունը կապված է «Կոլեն եւ Ընկ․» ֆիրմայի հետ, որը տեղավորված է նույն շենքում։
Մենք էլ ուրիշների նման կյանքում շատ տագնապներ ենք ապրել, մեր հարազատները մնացել էին Գերմանիայում, եւ հիտլերականները հետապնդում էին նրանց։ 1938թ․ ջարդերից հետո մորս երկու եղբայրները փախան Ամերիկա, իսկ տատիկս եկավ մեզ մոտ։ Այն ժամանակ նա յոթանասուներեք տարեկան էր։ Քառասուն տարեկանից հետո նրա կյանքը դժվարացել էր։ Սկզբում պատերազմ, հետո կապիտուլյացիա, հետո գերմանական օկուպացիա։ Եվ հենց այդ ժամանակ էլ սկսվեցին մեր տանջանքները, նոր օրենքներ մտցրին, մեկը մյուսից ավելի խիստ, հատկապես ծանրացավ հրեաների վիճակը։ Հրեաները պետք է կրեին դեղին աստղ, հանձնեին հեծանիվները, հրեաներին արգելվեց տրամվայով երթեւեկել, էլ չեմ ասում մեքենաների մասին։ Գնումներ կարելի էր կատարել միայն ժամը երեքից հինգը՝ այն էլ միայն հրեական հատուկ կրպակներից։ Երեկոյան ժամը ութից հետո չէր կարելի փողոց դուրս գալ, նույնիսկ՝ նստել պարտեզում կամ պատշգամբում։ Չէր կարելի գնալ կինո, թատրոն, ո՛չ մի զվարճություն։ Արգելված էր լողով զբաղվել, հոկեյ կամ թենիս խաղալ, մի խոսքով սպորտն էլ էր արգելված։ Հրեաներին չէր կարելի հյուր գնալ քրիստոնյաների մոտ, հրեա երեխաներին տեղափոխեցին հրեական դպրոց։ Սահմանափակումները գնալով ավելի ու ավելի էին մեծանում։
Մեր ամբողջ կյանքը սարսափի մեջ է անցնում։ Յոպպին միշտ ասում է․ «Վախենում եմ որեւէ բան ձեռնարկել՝ բա որ հանկարծ դա արգելված լինի՞»։
Այս տարվա հունվարին մահացավ տատիկս։ Ոչ ոք չգիտի, թե ինչքան էի ես նրան սիրում եւ թե ինչպես ես զգում նրա պակասը։
1934 թվականին ինձ տարան Մոնթեսսորի դպրոցին կից մանկապարտեզը, իսկ հետո մնացի այդ դպրոցում։ Վերջին տարին իմ դասարանական դաստիարակչուհին մեր վարչուհի տիկին Կ֊ն էր։ Տարեվերջին մեր բաժանումը շատ սրտառուչ էր, երկուսս էլ հոնգուր֊հոնգուր լաց եղանք։ 1941 թվականին ես ու Մարգոն ընդունվեցինք հրեական գիմնազիա, նա չորրորդ դասարան, իսկ ես՝ առաջին։
Առայժմ մենք չորսով վատ չենք ապրում։ Ինչպես տեսնում ես, ես հասա այսօրվա ամսաթվին ու տարթվին։
==Շաբաթ, 20-ը հունիսի 1942թ.==