: Մենք անցանք գեղեցիկ տնակի մոտով, ուր ապրել էր սպանված կառապանը, և գնացինք ծառուղիով, որը մեզ հասցրեց թագուհի Աննայի ժամանակների հիանալի մի շենքի մոտ, որի պատին փորագրված էր Մալպլակի օրոք տեղի ունեցած ճակատամարտի տարեթիվը։ Հետևելով Հոլմսին և տեսուչին, մենք անցանք շենքը և մոտեցանք անկյունային մուտքին, որն առանձնացված էր կենդանի ծաղիկների ցանկապատով և եզրապատել էր ճանապարհը։ Խոհանոց տանող դռան մոտ հերթապահում էր ոստիկանը։
: ― Լայն բացեք դուռը, սերժանտ, ― հրամայեց Հոլմսը։ ― Ահա այն աստիճաններին է կանգնած եղել երիտասարդ Կանինգեմը և այդտեղից է տեսել, հենց մեր կանգնած տեղում, երկու տղամարդու։ Ծերուկ Կանինգեմը նայել է այն պատուհանից՝ ձախից երկրորդը։ Նա ասում է, որ մարդասպանը փախել է, ա՛յ, այնտեղ։ Այն թփի ետևը։ Նույնը տեսել է և որդին։ Երկուսն էլ ցույց են տալիս նույն ուղղությունը։ Հետո միստր Ալեքը դուրս է վազել տնից և խանարհվել վիրավորի վրա։ Հողը պինդ է, ինչպես տեսնում եք, ոչ մի հետք չի մնացել, որը կարող էր մեզ օգնել։
: Մինչ նա խոսում էր, տան անկյունից երևացին երկու տղամարդ, որոնք այգու ճանապարհով մեր կողմն էին գալիս։ Մեկը պատկառելի արտաքինով ջենտլմեն էր՝ ուժեղ կամք արտահայտող դեմքով, հասու կնճիռներով և վշտալի հայացքով, մյուսը՝ պճնասեր մի երիտասարդ,որի շքեղ հագուստը, ուրախ, անհոգ տեսքը անհարիր էին այն գործին, որը մեզ բերել էր այստեղ։
: ― Դե ինչ, գործն առաջ չի՞ ընթացել, ― հարցրեց նա Հոլմսին։ ― Կարծում էի, որ դուք՝ մայրաքաղաքի մասնագետներդ, հեշտությամբ եք լուծում ցանկացած հանելուկը։ Ինչպես տեսնում եմ, դուք այնքան էլ փութաջան չեք։
: ― Օ՛, մեզ մի փոքր ժամանակ տվեք, ― միամտորեն ասաց Հոլմսը։