Ավելացվել է 30 123 բայտ,
10:49, 28 Նոյեմբերի 2014 {{Վերնագիր
|վերնագիր = Ուղղագրութեան խնդրի առթիւ
|հեղինակ = [[Կոստան Զարեան]]
|թարգմանիչ =
|աղբյուր = «Հայրենիք» օրաթերթ, 1927, Օգոստոսի 28
}}
[[Category: Հրապարակախոսություն]]
Ահա հինգ տարիից ի վեր է, որ արտասահմանեան հայ թերթերի էջերում, գիտուն և անգիտուն հայրենակիցներ աղաղակում են երևանեան անապատի դէմ։
Ուղղագրութեան հարցը դարձել է ցաւոտ մի հարց, մի տեսակ մղձաւանջ, որ մերթ ընդ մերթ, գալիս խանգարում է ազնիւ հայրենակիցների հանգստաւէտ քունը։ Մարդ չմնաց, որ այդ մասին իր կարծիքը չարտայայտեր, արիւն և քրտինքի մէջ մտան, բողոքեցին, զայրացան, բարկացան, օդի մէջ սպառնացող սուրեր շարժեցին՝ թղթէ, բոց ու կրակ տեղացին՝ հեռուից, ու հիմա էլ լռել են և սպասում են։
Ի՞նչ են սպասում։
Սպասում են, որ երևանեան ուղղագրական հանձնաժողովը՝ անդամալոյծ այդ կրիան՝ բարեհաճի յայտնել հայ ազգին իր «հեղինակաւոր» և վերջնական որոշումը։
Սակայն նրանք, որ ճանաչում են հանձնաժողովի անդամներին և այն տարօրինակ մթնոլորտը, որի մէջ տեղի են ունենում այդ պատուական և վեհերոտ ակադեմականների աշխատանքները, քաջ գիտեն, որ մրոտած թղթերի, բացատրութիւնների, պատասխանների, վերլուծումների այդ լեռը պիտի ծնի մուկն չնչին և այն էլ հիւանդ։
Ու բնական է, որ այդպէս լինի, որովհետև ուղղագրական խնդիրը սերտօրէն կապուած է ամբողջ մի մտայնութեան հետ, որից եթէ խորհրդայնականները հրաժարուեն՝ պարզապէս կ'ընկնեն հակասութեան մէջ, կը դաւաճանեն այն մակերեսային սիստեմին, որը կազմում է իրենց գոյութեան հիմնական նպատակը ու կը դադրին կատարել այն դերը, որի համար կոչուած են ապրելու։
Առայժմ հակասութեան մէջ են նրանք, որոնք պաշտպանում են թէ՛ արդի քաղաքակրթութեան որոշ ձգտումները, թէ՛ խորհրդային կարգերը, և միևնոյն ժամանակ հարձակւում են նոր ուղղագրութեան դէմ։ Ըստ իս, այդ մարդիկ առնուազն անհետևողական են, եթէ ոչ անգիտակից կամ անբարեխիղճ։
Ուղղագրական խնդիրը ընդհանուր մշակութային խնդիր է, միանգամայն կապուած մեր մտային և հոգեկան կեանքի ընթացքի հետ և սխալ է նրան անջատել և տալ մասնագիտական և արուեստային բնոյթ, ինչպէս արած են մինչև հիմա այդ հարցի շուրջը գրողները։
Հարցը նրանումն է, որ արդի եւրոպական, դրամատիրական քաղաքակրթութիւնը, չնայած իր դիզած նիւթական հարստութիւններին և իր ստեղծած կեանքի բարդութիւններին, բնորոշ է սակայն մարդկային անհատականութեան հոգեկան աղքատացումով։ Նրա գլխաւոր նպատակն է ստեղծել նուազագոյն ճիգի ապրելակերպը։ Ապրել և գործել մեքենաբար, առանց մտաւոր հոգնութեան և առանց հոգեկան ձգտումի։ Տալ անհատին այն քիչը, որը անհրաժեշտ է նրա մասնագիտութեան համար։ Ռամկացնել և տարածել գիտութիւնը, հեշտացնել ու արագացնել ամէն ինչ։
Ռադիօն և շարժապատկերը հանդիսանում են այդ մտայնութեան լավագոյն զենքերը։ Գիրք կարդալու համար պէտք է որոշ մտաւոր պատրաստութիւն, մինչ ռադիօն և կինեման ամէն ինչ մատուցանում են դիւրին կերպով, առանց որ ուղեղը որևէ հոգնութեան մատնուի։ Մարդը մնում է կրաւորական դիրքի մէջ, ստանում է վայրկենական տպաւորութիւններ, որ մի ժամ յետոյ մոռանում է։
Արդի դեմոկրատիան, հետևելով դրամատիրական կարգերի հիմնական այդ պահանջին, ձգտում է ամէն ինչ դիւրացնել։
Տարածել գրագիտութիւնը, բանալ դպրոցներ, ժողովրդական համալսարաններ, կիրակնօրեայ դասախօսութիւններ կազմակերպել և այլն։ Իրականի մէջ այդ գեղեցիկ բառերի տակ թաքնուած է մեծ աղքատութիւն, և հետևանքները այլևս ամենի աչքի առջևն են։ Ժողովրդական զանգուածները մինչև գիտութեան խորութիւնը բարձրանալու տեղ, առայժմ, վարժապետները և ուսուցիչներն են իջել մինչև զանգուածների մակարդակը։ Բրոշիւրը դարձել է աժան աւետարան, և մարդ չկայ, որ ամենակարևոր հարցերի շուրջը իր անպատասխանատու կարծիքը չյայտնէ։
Մեր հայ իրականութեան մէջ՝ երէկ կովկասահայ գաղութահայութեան և այսօր Խորհրդային Հանրապետութեան մէջ, այդ ձգտումները ուղղակի ծիծաղելի բնոյթ առած են։ Մեծ մասամբ, շնորհիւ ռուսների ազդեցութեան։
Ռուս մարդը ծայրահեղ դիւրութեամբ ընդօրինակել կը խոյէ։ Եւ ընդօրինակում է միակողմանի կերպով, չափազանցնելով երկրորդական գիծերը, կերպարանափոխելով իսկական իմաստը և հաւատաւոր մոլեռանդութիւն դնելով իր մակերեսային ընդօրինակութիւնների մէջ։ Այդպէս՝ անցեալում նա իւրացրել է ինչ-ինչ մոնղոլական բարքերը, յետոյ պրուսական (գերման) պետական ձգտումները, եւրոպական դեմոկրատիայի սկզբունքները ու այժմ մարքսիստական հրեայ տալմուդականութիւնը։ Ռուսաստանի ծռած հայելիի մէջ ամէն ինչ դիմափոխւում է, կորցնում իր հաւասարակշռութիւնը և ֆանտաստիկ բնոյթ առնում։
«Ռուս մարդը,- ասում է, մօտաւորապէս, քննադատ Բելինսկին,- վերցնում է փայտի մի կտոր, տաշում է, քերթում է ու յետոյ հաւատացնում է աշխարհին, որ իսկական Միլոսի Աստղիկը հենց դա՛ է և ուրիշ չէ»։
Հենց դա՛ է և ուրիշ չէ՝ կրկնում են խմբովին մեր հայ իմաստակները և դեռ աւելի չափազանցնում են այն, ինչ որ արդէն չափազանցութիւն է։
Երբ եւրոպական դրամատիրական բարդ մեքենական աշխարհում պահանջում են, որ անհատը, իբրև մեծ օրգանիզմի մի մաս, հրաժարուի իր հոգեկան բոլոր ձգտումներից և ամենակարճ ժամանակում օժտւի անհրաժեշտ տեղեկութիւններով ընկերային իր դերը կատարելու համար, մենք ընդվզում ենք մարդկային անհատի այդ պարտադրիչ աղքատացման դէմ, բայց նաև ըմբռնում ենք ընկերային արդի կազմի այդ անհրաժեշտութիւնը։ Այստեղ մարդը իր աշխատանքի, իր ամենօրեայ զբաղումների բերմամբ պարզապէս գերի է։ Նրա մէջ հոգեկանը բացակայում է և դեպի խորութիւն ձգտող ամէն մի ճիգ փոխարինուած է դեպի մակերեսը սահող աշխատանքով, այն ինչ որ անուանում են «քանակի տենդը»։ Ու բնական է, որ գիտութիւնը կիրառւի այն չափով, ինչ չափով անհրաժեշտ է, որ անհատը իր այդ մակերեսային աշխատանքը կարողանայ նպատակահարմար կերպով իրագործել։
Եւրոպայում և մանաւանդ Ամերիկայում այն, ինչ որ անուանում են ժողովրդական զանգուած, պարզապէս որոշ ֆիզիկական ուժի քանակ է, որ ընկերութիւնը աշխատում է շահագործել իր որոշ նպատակներին հասնելու համար։ Անհատը գոհ է, և նրա գերագոյն պահանջները ոչ միայն միանգամայն անտեսուած են, այլ համարուած են վնասակար։ Այստեղ գրագիտութիւնը և գիտութիւնը կիրառւում են այն չափով, ինչ չափով որ այդ անհրաժեշտ է ընկերութեան մէջ ստրուկի դեր կատարող անհատին։ Ուստի քիչ, արագ և միայն անհրաժեշտը։ Այստեղից բոլոր գիշերային և ցերեկային այն դպրոցական հաստատութիւնները, որոնք «լոյս» են տարածում, և գործարանային այն արտադրութիւնը, որ այս օրուայ միջակ մտաւորականի տիպն է կազմում։
Ու նաև ձգտումը դէպի ձայնական ուղղագրութեանը։ Ուղղագրութիւնը համարում են իբրև միջոց և ոչ նպատակ։ Այդ միջոցը պէտք է դիւրացնել։ Պէտք է լեզուն դարձնել որոշ անհրաժեշտ նշանների արտայայտական ձև, փշրել նրա զարգացման բնականոն ընթացքը, խառնել, աղաւաղել և դատարկել իր պատմական բովանդակութիւնից։ Ազգային մշակութային և դարաւոր հոգեկան աշխատանքի արդիւնքը վերածել փողոցային նախնական արտայայտութիւնների միջոցի։
Այդպէս է, օրինակի համար, որ Շեքսպիրի անգլիերէնը վեր է ածուել գաղութային աղքատիկ բարբառի՝ մատչելի Սանդւիչեան կղզիների բարբարոսներին։ Այդպէս է նաև, որ Խորհրդային Հայաստանում գրուած և խոսուած հայերէնը աւելի աղքատ է, քան այն հայերէնը, որ խոսում էին Հայաստանում Քսենոֆոնտի ժամանակ։
Հայերէն լեզւի առնուազն քսան դարուայ պատմութիւնը, հարստութիւնը, գեղեցկութիւնը, ահաւասիկ միանգամայն ջնջուած է։ Եւ տեսէք, ինչպէս յանուն «լոյս»–ի կարելի է գլխով և ոտքով գլորուել թանձր խաւարի մէջ։
Տարօրինակն այն է, որ ստորին դասակարգերի համար ստեղծուած եւրոպական որոշ սկզբունքների կիրառման մէջ ամենէն հանդուգն են հետամնաց ազգերը։
Եւրոպայում ձայնական ուղղագրութեան կողմնակիցներ շատ կան՝ մանաւանդ ընկերական առաջնորդների մէջ, բայց մտաւորական ազնուականութիւնը, որի դերն է՝ հսկել մշակութային բոլոր հարստութիւնների վրա, առ այժմ, մտադիր չէ դիւրին կերպով թոյլ տալ այդպիսի ոտնձգութիւն։
Ռուսաստանը, աւելի հետամնաց ազգ, բայց որին չեն պակասում պատասխանատու մտաւորական տարրեր, ընդունում է շատ չնչին փոփոխութիւններ։
Բոլշևիկեան Հայաստանը՝ տխմար իմաստակների օրով՝ աւելի պապական քան պապը, կուրծքը դուրս է ցցում և նետւում նորաձևութեան մէջ։ Ահա, տեսէ՛ք, ինչքան հեղափոխական ենք։
Ազերբեյջանը, պատմութիւնից և մշակոյթից զուրկ այս երկիրը, ցատկում է բոլոր ցանկապատերի վրայից և միամիտ ոչխարի նայուածքով ընդունում է լատին գրերը։
Յետոյ գալիս են կիրգիզները, սարդերը, չեչենները և էսկիմոսները...
Նոր ուղղագրութեան մասին, նախ և առաջ, կարելի է հազար տեսակ տեքնիկ առարկութիւններ անել։
Առանց կրկնելու ինչ որ ուրիշները ասած են, աւելացնեմ միայն, որ օտար լեզուների մէջ առաջ եկած բոլոր փոփոխութիւնները տեղի են ունեցած նախ կյանքի մէջ ու շատ յետոյ բառարանների մէջ:
Ֆրանսերէնում, օրինակ, որոշ բառերի արտասանութեան մէջ շատ գրեր անհետացել էին (asne, ane և այլն), երբ լեզուաբանները որոշեցին օրինական դարձնել այն, ինչ որ արդեն սովորութեան մէջ էր մտել։
Մեզ մօտ սովորութեան մասին, այն, ինչ որ Վոժլան անուանում էր le bon usage1, կարելի չէ խօսիլ, որովհետև մեր ազգը դեռ մի լեզուի ազգ չէ և անցնում է դեռ բարբառների շրջանը։ Թէ ինչ դժբախտ պարագայ է այդ և վտանգներով ինչքան լեցուն, այդ մասին տեղը չէ խօսելու։
Երկրորդը՝ եւրոպացի մտաւորականների ձգտումը դէպի ձայնական ուղղագրութիւնը հիմնուած է արդի կեանքի բարդ և արագընթաց տեմպին հարմարուելու ձգտումի վրա։ Անհատը համարւում է ֆիզիկական որոշ ուժ, որի մտային և հոգեկան զարգացումը ընկերութեան համար անհրաժեշտ է այնքան, ինչքան կարող է նպաստել մեքենական արտադրութեան, աւելին՝ ոչ միայն չի քաջալերւում, այլ համարւում է կասկածելի և վնասակար։ Ձայնական ուղղագրութիւնը դիւրին զենք է կիրառելու համար ռամկացրած գիտութեան որոշ տուեալներ, որոնք անհրաժեշտ են աշխատութեան համար. նա հանդիսանում է նուազագոյն ճիգի արագ և մակերեսային միջոց։
Արդ, ընդունելով հանդերձ, որ բոլշևիկները կոչուած են ընդօրինակելու դրամատիրական երկրների բոլոր մեթոդները, ինչպէ՞ս կարող են նրանք ներուժ տնտեսական տեմպին յատուկ այդ ցանկութիւնը ներմուծել, իբրև զարգացման անհրաժեշտ ազդակ, մի երկրի մէջ, ուր հասարակ անցագիր առնելու համար տասնվեց խնդրագիր պէտք է գրել և վեց ամիս սպասել, ուր գոյութիւն ունի աշխարհիս երեսին չտեսնուած բիւրոկրատիզմ, ուր ճաշարանի սպասարկուն մի ժամ է գնում պարզ մի ապուր բերելու համար. ուր... Ո՞րը ասես, ո՞րը լռես։
Բայց թողնենք բոլշևիկներին և անցնենք մեր մէջ տիրող ընդհանուր այն մտայնութեան, որ ես համարում եմ վտանգաւոր և նոյնիսկ կործանարար։
Հարցը նրանում է, որ ուղղագրութիւնը փոփոխելու ձգտումը որոշ սխալ սկզբունքի ծայրահեղ և արտառոց կիրառման հետևանքն է։ Գիտութիւնը ժողովրդականացնելու, ռամկացնելու, հեշտ կերպով տարածելու վաղեմի սկզբունքը։ Այդ մասին մեր մէջ տիրում են միանգամայն սխալ և բուն նպատակից շեղող նախապաշարումներ։
Մտաւոր արժէքները տարածելու շտապ և մակերեսային ձևը ուրիշ բան չէ, եթէ ոչ ուրացումը այդ արժեքների։ Այդպէս անուանուած «լոյս» տարածողները մեծ մասամբ տգէտ մարդիկ են, անպատասխանատու անհատներ, որոնք չեն գիտակցում կործանիչ այն դերը, որ նրանք կատարում են։ Նրանք միամտօրէն կարծում են, որ մտային և հոգեկան բարձրագոյն արտադրութիւնները կարելի է աժան բացատրութիւնների վերածել և հեշտօրէն լեցնել ամէն մի ուղեղի մէջ, որ մարդը՝ ամէն մի մարդը՝ մի տեսակ տոպրակ է, կրաւորական և կամազուրկ, որի մէջ կարելի է ամէն ինչ թափել, որ եթէ նա չի ըմբռնում մտքի որոշ նրբութիւնները, մեղքը միանգամայն մտքինն է և որ ինքը կոչուած է այդ միտքը պարզերս, ծամելու ու դիւրամարսելի սնունդի վերածելու։
Պէտք է ասել, թէ ինչքան սխալ է այդ սկզբունքը։ Խելացի գիւղացին իր սերմերը ցանելու համար պարարտ հող է փնտրում, ահագին ճիգ է թափում այդ հողը պատրաստելու՝ ջուր է բերում, հերկում է, ակոսում է։ Որովհետև նա գիտէ, որ հողի ստեղծագործական աշխատանքը նոյնքան կարևոր է, ինչքան սերմը, որ առանց որոշ բաղադրութիւնների ներկայութեան, առանց հիւթերի ներուժ գործունեութեան՝ բոյսը չի կարող ծլիլ և զարգանալ։ Եւ գիտէ նաև, որ ամէն հողի վրա նոյն սերմը կարելի չէ ցանել, ոչ միայն որովհետև սերմը կարող է մեռնել, այլ որովհետև աւելի վատը կարող է պատահել՝ բոյսը կ'այլասեռի։
Նոյնը մտային կեանքի մէջ։ Միտքը արտադրողի ստեղծագործական ճիգը հաւասար է նոյն միտքը ընդունողի ճիգին։ Շոպենհաուերի լավագոյն էջերի իմաստը տպուած գրքի մէջ չէ, որ գոյութիւն ունի, այլ այն անհատի մէջ, որը այդ իմաստը հասկանում է։ Եթէ ոչ ոք նրան չհասկանայ, Շոպենհաուերը կը դադրի գոյութիւն ունենալ։ Նա վերածնւում է ամէն մի անհատի իմացական ճիգի հետ, ամէն մի ստեղծագործական որոնումի հետ, ընթերցողի ամէն մի անձնական հոգեկան պահանջի հետ։ Ու այնտեղ, ուր պահանջ և ճիգ չկայ, ոչինչ չկայ, և սերմը ընկնում է քարի վրայ։
Մարդկային միտքը առաջադիմում է այնքան, ինչքան նա կարողանում է յաղթել բազմաթիւ դժվարութիւններ, որոնք առաջ են գալիս ներքին տարակուսանքներից և արտաքին բարդութիւններից։
Ուստի, երբ դիւրացնում են ուղղագրութիւնը՝ դատարկում են միտքը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այն օրուանից, երբ չինացիները պարզացրել են իրենց ուղղագրութիւնը, չինական ազգի մտաւոր մակարդակը իջել է և կորցնելով իր աւանդական մշակութային բարդութիւնների գաղտնիքը՝ կորցրել է նաև իր ստեղծագործական թափը։
Եթէ անգլիական լեզուի մէջ արտասանութեան և ուղղագրութեան հակասութիւնը ջնջուեր, կասկած չկար, որ Բայրոնի լեզուն բոլորովին կը գռեհկանար։
«Եթէ այսօր,– ասում է Կայզերլինգը,- մտցնեն Հունաստանի մէջ ձայնական ուղղագրութիւնը, այլևս յոյները կը դադրին ազգ լինելուց և կը վերածուին լևանտենների»: Որովհետև, չնայած այսօրուան յոյների մտաւոր խեղճութեան, եթէ նրանք այնուամենայնիւ ընդունակ են որոշ մշակոյթի, այդ նրանիցն է, որ կարդալ գրել իմացող մարդիկ, լեզուն հասկանալու համար, ստիպուած են ոչ միայն բաղադրել բառերի հնչականութիւնը գրաւոր ձևի հետ, այլ ենթարկել նրանց մի շարք փոփոխութիւնների, որոնց բնոյթը գերազանցապէս մտաւորական է։
Հնդկաստանում ճամբորդող եւրոպացիները մնում են զարմացած արևմտեան կրթութիւն առած նոր սերունդի մտաւոր աղքատութեան վրա։ Եւրոպացի ամենաքոսոտ լեզուաբանը Հնդկաստանի անցեալ հարստութիւնների հետ աւելի ծանօթ է, քան նոր հնդիկների այդ անբովանդակ ներկայացուցիչները։ Նրանց մեծ մասը կրթութիւն է առել արևմտեան համալսարաններում՝ լաւ խօսում է անգլիերէն, օժտուած է տեքնիկ գիտութիւնների որոշ պաշարով, բայց իբրև ինքնուրոյն անհատ, իբրև միտք ու հոգի՝ դատարկ է և թշուառ։ Ու Անգլիան, Հնդկաստանը և իր հսկայ քաղաքակրթութեանը նուաճելու համար, դիմմել է ամենավտանգաւոր զենքի, այն է՝ նոր ձայնական ուղղագրութեան և մակերեսային, տեքնիկ գիտութիւնների գրեթէ պարտադրիչ կիրառում։
Խորհրդային Հայաստանում Մոսկուան դիմում է նոյն մեթոդների։ Քանդել անցեալը, տարածել «լոյսը»։
Այդ լոյսը պարզապէս գիշերը ներս մտնող աւազակի ձեռքում բռնած լամպար է, սպաննելու մի միջոց։ Ռաբֆակ-բրոշիւր, պրոլետ բանաստեղծութիւն, կեղտոտ և հիստերիկ աղջիկներ, ու տափակ մարքսիզմը՝ մտային այդ լուծողականը, որի արտադրութիւնը անզուսպօրէն ծածկում է ահագին էջեր։
Ու թո՛ղ տարօրինակ չթուի, եթէ ասեմ, որ իմ ամբողջ յոյսս, երկրի մէջ, առայժմ դրել եմ մեր ժողովրդի «տգիտութեան» վրա։ Այդ տգիտութիւնը բարեբախտաբար ունի պատմականօրէն ամբարուած այնպիսի իմաստ, որը նախադասելի է վերոյիշեալ առաջադիմութեան։
Երկրից դուրս, գաղութներում, դրութիւնը շատ աւելի մխիթարական չէ։ Այստեղ հայ միտքը ենթարկուած է բազմաթիւ վտանգների, որոնց մասին տարիներից ի վեր գրւում է։ Ու ամենամեծ վտանգը կազմում են այն միջակ մտաւորականները՝ կիսակիրթ, ինքնավստահ և անբովանդակ, որոնք առաջ են եկել զանազան երկրների դիւրին գիտութեան և դիւրին գրականութեան ազդեցութեան տակ։
Հայե՞րը, ասել է ականաւոր մի ֆրանսացի, անձեռնհասների այդ ժողովուրդը... Եւ այդ, այն տխուր տարիներին, երբ Միլանի ամէն մի գորգավաճառ իրեն Հայաստանի ներկայացուցիչ կը հռչակեր, երբ մածուն շինողները բանակցութիւններ էին վարում և առնուազն նախարարական պաշտօն պահանջում, երբ...
Բայց թողնենք անցեալը պատմութեան։ Այսօրուայ քաոսային վիճակը, մտքերի շփոթումը, գիտակցութիւնների աղաւաղումը կարող են մեզ համար նոյնքան սուղի նստել վաղը՝ ճակատագրականօրէն գալիք օրերում, եթէ հոգեպաշտ և մտաւորական մի ազնուականութիւն չվերակազմի հայ մտքի այն կենտրոնները, որոնք անհետացել են։
Հայ ժողովուրդը՝ այդ իմ խորին համոզումս է՝ կարող է դիրք բռնել և դեր կատարել համաշխարհային կեանքի մէջ միմիայն իր հանճարի ինքնուրոյն դրսևորումով։ Մենք կարող ենք յաղթել որակով և ոչ քանակով։ Մենք պէտք է նախ լինենք, որպէսզի կարողանանք:
Արդ, արդի եւրոպական քաղաքակրթութիւնը ամբողջովին հիմնուած է կարողութեան վրա։ Գործել ըստ տիեզերքի մեքենականութեան, ձեռք բերել անհատականութիւնից դուրս ընդունելիք բոլոր այն մակերեսային զենքերը, որոնք օժտում են ամէն մի ընկերային տարր իր ստրուկի դերը կատարելու համար։ Անհատը մնում է կրաւորական դիրքի մէջ, անմշակ, նախնական և բարբարոս, ինչպէս ամերիկացի մարդը և ինչպէս բազմաթիւ այն հայ մտաւորականները, որոնք համալսարան են տեսել, բայց իրենց էութեան մէջ մնացել են հոգեկան նրբութիւնից զուրկ, գռեհիկ և անտաշ։
Նախ պէտք է լինել: Լինելը պահանջում է մեծ ճիգ, չի ենթարկւում նուաճող իրերի բռնի արտացոլման, որոնում է իր արտայայտութեան անհատական ուղին ամենադժուարին հոգեկան ճամբաներով, իր գոյացման մէջ միացնում է միտքը, զգացումը, գործը և ներկայացնում է ինչպէս ամբողջութիւն և ոչ մաս։
Եւ ինչ որ ճիշտ է անհատի համար, ճիշտ է նաև ազգի համար։
Երբ լինելը և կարողութիւնը միանում են՝ այն ժամանակ առաջ է գալիս ինքնուրոյն մշակոյթը և առաջադիմութիւնը։
Մեր մէջ, ահա առնուազն մի դարից ի վեր է, խօսում են լոյսի և կրթութեան մասին, ինչպէս վաճառականը խօսում է դրսից առնուելիք ապրանքի մասին։ Գնալ դուրս, ընդունել, ենթարկուել, ընդօրինակել... Եւ քանի ընդունած և ենթարկուած ենք, այնքան աղքատացած ենք։
Հետևանքները ամենքի աչքի առջևն են, և նոր ուղղագրութիւնը ասում եմ, ծայրահեղ արդիւնքն է տիրող այդ մտայնութեան։ Եթէ բողոքում էք, յանուն ինչի՞ էք բողոքում։
Յանուն ինչի՞ են բողոքում, օրինակի համար, հայ վաճառականների կուսակցութեան ներկայացուցիչները, որոնք այդքան ճիգ են թափում խորհրդային ռեժիմը արդարացնելու և ուժեղացնելու համար, և յանուն ինչի՞ են բողոքում կրօնական այն գաղափարախօսները, որոնք Ամերիկայից հինցած զգեստների կապոցի հետ, պրագմատիստ լութերականութեան քանդիչ պատգամներ են ղրկում հայ ժողովրդին և միանում են երկրի մէջ գործող դաւաճան վարդապետներին...
Պէտք է պարզեն։
Վենետիկ
«Հայրենիք» օրաթերթ, 1927, Օգոստոսի 28