: Ետդարձի ճանապարհին Հոլմսի դեմքից հասկացա, որ նրան հանգիստ չի տալիս ինչ-որ մի միտք։ Կամքի ուժով փորձում էր խոսակցությունն այնպես վարել, ասես իր համար ամեն ինչ պարզ էր։ Բայց կասկածները նորից ու նորից հաղթում էին նրան։ Խոժոռված հոնքերը, անթափանց աչքերն ասում էին, որ նրա մտքերը նորից ուղղված են Էբբի-Գրեյնջի ճաշասենյակին, ուր խաղացվել էր գիշերային ողբերգությունը։ Եվ, ի վերջո, մի ինչ-որ քաղաքամերձ կայարանում, երբ գնացքը համարյա շարժվեց, Հոլմսը, կասկածներից պարտված, նետվեց կառամատույց և ինձ քաշեց ետևից։
: ― Ներեցեք ինձ, թանկագին բարեկամս, ― ասաց նա, երբ մեր գնացքի վերջին վագոններն անհետացան ոլորանում, ― խղճիս դեմ է ձեզ զոհաբերել իմ քմահաճույքին, ինչպես դա կարող է թվալ։ Բայց կյանքովս եմ երդվում, պարզապես չեմ կարող գործը թողնել այս վիճակում։ Իմ փորձն, իմ ինտուիցիան ըմբոստանում են դրա դեմ։ Ոչ մի բան ճիշտ չէ, պատրաստ եմ երդվելու, ոչ մի բան ճիշտ չէ։ Իսկ, ի միջի այլոց, լեդիի պատմածը ճշգրիտ է և պարզ, սպասուհու ցուցմունքներում ոչ մի հակասություն չկա, բոլոր մանրամասնությունները համընկնում են։ Ես ի՞նչ կարող եմ դրան հակադրել։ Երեք դատարկ բաժակ, ահա ամենը։ Եթե այս գործին մոտենայի առանց կանխակալ կարծիքի, եթե սկսեի հետաքննությունն այն մանրակրկիտությամբ, որը պահանջում է գործը de novo, եթե չլիներ պատրաստի վարկածը, որ մեզ անմիջապես մի կողմ շեղեց, մի՞թե ավելի որոշիչ բան չէի գտնի, քան այդ բաժակները։ Իհարկե, կգտնեի։ Նստենք այս նստարանին, Ուոտսոն, սպասենք Չիզելհերսթի գնացքին։ Իսկ մինչ այդ լսեք իմ դատողությունները։ Միայն, խնդրում եմ, դա շատ կարևոր է, տիրուհու և սպասուհու պատմածները ձեզ համար թող անվիճելի ճշմարտություն չլինեն։ Լեդի Բրեքենսթոլի անձնական հմայքը չպետք է խանգարի մեր եզրակացություններին։
: Նրա պատմածում, եթե անաչառ լինես, անտարակույս կասկածելի մանրամասներ կան։ Այդ կողոպտիչները հանդուգն հարձակում են կատարել Սայդենհեմում ընդամենը երկու շաբաթ առաջ։ Թերթերում նրանց մասին ինչ-որ տեղեկություններ են հայտնվել, տրվել են նրանց նշանները։ Եվ եթե որևէ մեկը որոշեր կողոպուտի մասին վարկած հորինել, կարող էր օգտվել դրանից։ Մտածեք, մի՞թե ավազակները, որոնք հենց նոր էին հաջող հարձակում գործել, փոխանակ ինչ-որ անհասանելի տեղում խաղաղ ուրախանան իրենց հաջողությամբ, կգնան նոր վտանգավոր գործի։ Հետո, մի՞թե ավազկների ավազակների մոտ ընդունված է գործել այսքան վաղ ժամի կամ կնոջ ծեծեն, որպեսզի նա լռի, չնայած դա գոռալ հարկադրելու հավանական ձևվն ձևն է։ Նրանք մարդ էլ չեն սպանի, եթե իրենց բավարարի առանց արյունահեղության գործը գլուխ բերել։ Նրանք բաց չեն թողնի ավարը և դատարկ բաներով չեն սահմանափակվի, եթե որսն ինքն է ընկնում նրանց ձեռքը։ Այդ մարդկանց օրենքների մեջ չի մտնում նաև կիսատ թողնել գինու շիշը։ Ձեզ չի՞ զարմացնում այս ամբողջ անմտությունը, Ուոտսոն։
: ― Այդ բոլորը միասին տպավորություն են թողնում, չնայած ամեն մեկն առանձին այնքան էլ անհավանական չէ։ Ինձ թվում է, այս գործում ամենատարօրինակն այն է, որ լեդիին կապել են բազկաթոռին։
: ― Դա ինձ տարօրինակ չի թվում, Ուոտսոն։ Նրանք պետք է կամ սպանեին կամ այնպես անեին, որ անմիջապես իրենց գնալուց հետո նա տագնապ չբարձրացներ։ Բայց, միևնույն է, Ուոտսոն, մի՞թե չհամոզեցի ձեզ, որ լեդի Բրեքենսթոլի պատմածի մեջ ամեն ինչ չէ, որ վստահություն է ներշնչում։ Իսկ ամենավատը բաժակներն են։