Ավելացվել է 4392 բայտ,
12:50, 30 Նոյեմբերի 2014 {{Վերնագիր
|վերնագիր = Խրոնիկա
|հեղինակ = [[Գաբրիել Գարսիա Մարկես]]
|թարգմանիչ = Հենրիկ Սահակյան (իսպաներենից)
|աղբյուր = [[«Հինգ վիպակ»]]
}}
[[Category: Արձակ]]
[[Կատեգորիա:Ապոլոն հրատարակչություն]]
Այն օրը, երբ պետք է սպանեին նրան, Սանտյագո Նասարը արթնանում է առավոտյան 5-ն անց 30-ին, որպեսզի դիմավորի շոգենավը, որով պետք է ժամաներ եպիսկոպոսը: Երազում նա թզենիների անտառում էր, մեղմ անձրև էր մաղում, մի պահ նա իրեն երջանիկ զգաց, բայց արթնացավ ամբողջովին թռչյունների ծերտում կորած: «Երազում միշտ ծառեր էր տեսնում, - 27 տարի անց վերհիշելով անիծյալ երկուշաբթվա մանրամասնությունները, ասաց ինձ նրա մայրը` Պլասիդա Լիներոն: - Անցյալ շաբաթ երազ էր տեսել, իբր թռչում է նրբաթիթեղից պատրաստված ինքնաթիռում` առանց արգելքի հանդիպելու, թռչում է նշենիների միջով», ասաց նա ինձ: Սակայն, անոթի փորով պատմած երազները ճիշտ գուշակողի բարի համբավը վայելելով, նա որդու այդ երազների միջև չի նկատում ոչ մի ճակատագրական կապ, ինչպես չէր նկատել առաջներում, երբ որդին արթնանալով առավոտյան, իր ծառազարդ երազներն էր պատմում նրան:
Սանտյագո Նասարը չէր հավատում կանխանշաններին: Նա քիչ ու վատ էր քնել, առանց շորերը հանելու. արթնացել էր գլխացավով, քիմքում` ինչ-որ տհաճ համ, որը նա բացատրում էր որպես մինչև կեսգիշեր տևած հարսանյաց խրախճանքի բնական հետևանք: Բոլորը, ում նա հանդիպում է 6-ն անց 05-ին տանից դուրս գալուց հետո, մինչև մեկ ժամ անց ինքը խոզի պես կտոր-կտոր կլիներ, նրան հիշում էին քնաթաթախ, թեև լավ տրամադրությամբ, և բոլորին էլ առանց որևէ հիմքի համոզում է, որ օրը հրաշալի է: Ոչ ոք հաստատ չկարողացավ ասել` արդյոք նա եղանա՞կը ի նկատի ուներ: Շատերն էին համաձայն, որ առավոտը լուսառատ էր, իսկ ծովից փչող թեթև զեփյուռը կորչում էր թզենիների մեջ և, ուրեմն, դեպքը կատարվել էր փետրվարյան մի գեղեցիկ օր: Բայց ոմանք էլ պնդում էին, որ եղանակը վատն էր, երկնքից գորշ, գետնահուպ ամպեր էին կախվել, կուտակված ջրերի ծանր հոտ կար, իսկ դժվարության պահին Սանտյագո Նասարի երազում տեսած բարակ անձրևն էր մաղում: Հարսանիքի գինարբուքից հետո ես ինձ գցել էի Մարիա Ալեխանդրինա Սերվանտեսի աստվածային գիրկը, որտեղ ինձ չկարողացան գտնել նույնիսկ ահաբեկված զանգերը, որոնք, ով իմանա, գուցեև եպիսկոպոսի պատվին էին ղողանջում:
Սանտյագո Նասարը հագնում է չօսլայած սպիտակ կտավե տաբատ ու վերնաշապիկ, ինչպիսին նա հագել էր հարսանյաց հանդեսի օրը: Դա վտանգավոր ճոխություն էր նրա համար: Չլիներ եպիսկոպոսի ժամանումը, կհագներ խակե վերնաշապիկն ու հեծյալի երկարաճիտ կոշիկները և ամեն երկուշաբթվա պես կմեկներ հորից ժառանգած` իր «Աստվածային պատկերը» փարախը, որ կառավարվում էր բարեխղճորեն, բայց առանց որևէ հաջողության: