Ավելացվել է 53 147 բայտ,
08:07, 12 Դեկտեմբերի 2014 {{Վերնագիր
|վերնագիր = Մեկ օրվա կանգառ
|հեղինակ =[[Ջեկ Լոնդոն]]
|թարգմանիչ = [[Ալեքսանդր Թոփչյան]]
|աղբյուր =
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
<blockquote>Այդպիսի խելագար մրցավազք ես դեռ չէի տեսել։ Հազարավոր ասհնակներ սլանում էին սառույցի վրայով։ Այնպիս գոլորշի էր բարձրանում, որ շները չէին երևում։ Այդ գիշեր երեք հոգի մահացու սառեցին և մի տասից ավելի մարդ էլ ընդմիշտ փչացրին իրենց թոքերը, իսկ ես սեփական աչքերով սառցածակի հատակը տեսա։ Այնտեղ ոսկուց՝ մանանեխամանի պես դեղին էր։ Ահա թե ինչու, Յուքոնի այդ մասում ես սյուներ կանգնեցրի և հայտարարություն տվեցի։ Այդ հայտի պատճառով էլ սկսվեց մրցավազքը, իսկ հետո պարզվեց, որ այնտեղ ոչինչ չկա, բացարձակապես ոչինչ։ Ես մինչև հիմա ել չգիտեմ, թե ինչով բացատրել դա։
Շորթիի պատմածը
</blockquote>
Առանց թաթմանները հանելու, Ջոն Մեսները մի ձեռքով դարձաձողից բռնեց և սահնակը հետքի վրա գցեց, մյուսով այտը և քիթը տրորեց։ Նա անընդհատ տրորում էր այտը և քիթը, փաստորեն ձեռքը համարյա չէր հեռացնում դեմքից, իսկ երբ թմրությունը ուժեղանում էր, սկսում էր առանձին մի կատաղությամբ տրորել։ Մորթե սաղավարտը ծածկում էր նրա ճակատը և ականջները։ Սառնամանիքից եղյամած խիտ, ոսկեգույն մորուքը պաշտպանում էր կզակը։
Նրա հետևից ծանր բեռնված յուքոնյան սահնակն էր ճոճվելով սահում, առջևից հինգ շնանոց լծվածքն էր վազում։ Ձգափոկը, որով շները սահնակն էին քաշում, քսվում էր Մեսների ոտքին։ Երբ շները ճանապարհի շեղությանը հետևելով թեքվում էին, նա անցնում էր ձգափոկի վրայից։ Ոլորանները շատ էին, և նա նորից ու նորից ստիպված էր լինում անցնել։ Երբեմն, կառչելով ձգափոկին, քիչ էր մնում րնկներ. նրա շարժումները անշնորհք էին և մատնում էին նրա հոգնածությունը, սահնակը հաճախ անցնում էր նրա ոտքի վրայով։
Երբ ուղիղ ճանապարհն սկսվեց, և սահնակը կարող էր որոշ ժամանակ առանց դժվարության գնալ, նա թողեց դարձաձողր և ձեռքը մի քանի անգամ խփեց փայտին։ Հեշտ չէր արյան շրջանառությունը վերականգնել։ Աջ ձեռքը փայտին ուժգին խփելով հանդերձ, ձախով անդադար քիթը և այտերն էր տրորում։
— Ազնի՛վ խոսք, այսպիսի ցրտին չի կարելի ճամփա դուրս գալ,— ասաց Ջոն Մեսները։ Նա խոսում էր բարձր, ինչպես մենակության սովորած մարդիկ են խոսում։— Միայն ապուշը այսպիսի սառնամանիքին կարող է ճամփա ընկնել։ Եթե հիմա ութսունից ցածր չէ, ապա հաստատ յոթանասունինը կլինի։
Նա ժամացույցը հանեց և ձեռքում պտտեցնելով, նորից դրեց բրդյա հաստ բաճկոնի ծոցագրպանը։ Հետո նայեց երկնքին և մի հայացք գցեց հորիզոնի սպիտակ գծին։
— Տասներկուսն է,— մրթմրթաց նա։— Երկինքը մաքուր է և արևը չի երևում։
Տասը րոպե նա լուռ քայլեց, իսկ հետո խոսքն այնպես ավելացրեց, կարծես ոչ մի դադար չէր եղել։
— Ես համարյա տեղիցս չեմ շարժվել։ Այսպիսի ցրտին չի կարելի ճամփա ընկնել։
Հանկարծ նա գռռաց շներին՝ «Հո-ո՜»,— և կանգ առավ։ Խենթացնող սարսափ էր համակել նրան, աջ ձեռքը համարյա թմրել էր։ Նա ձեռքը սկսեց կատաղությամբ խփել դարձաձողին։
— Է՛հ, խե՜ղճ կենդանիներ,— դարձավ Մեսները շներին, որոնք ծանրորեն ընկան սառույցի վրա հանգստանալու։ Ձեռքով փայտին խփելու ճիգից նրա ձայնը ընդհատվում էր։— Ինչո՞վ եք մեղավոր, որ երկոտանիները ձեզ լծում են սահնակին, ճնշում են ձեր բոլոր բնածին բնազդները և ողորմելի ստրուկ դարձնում ձեզ։
Նա գազազած տրորեց քիթը, աշխատելով արյան հոսք առաջ բերել, հետո շներին ստիպեց վեր կենալ։ Ջոն Մեսները սառած մեծ գետի սառույցի վրայով էր գնում։ Նրա հետևից գետը ձգվում էր բազմաթիվ մղոններ, ոլորվում և կորչում ձյունապատ լեռների ամայի, տարօրինակ կուտակման մեջ։ Առջևում գետը բազմաթիվ բազուկների էր բաժանվում՝ կղզիներ կազմելով, որոնք կարծես իր կրծքին դրած տանում էր։ Կղզիները ճերմակ էին և ամայի։ Լռությունը ոչ գազանների ճիչով, ոչ էլ միջատների բզզոցով չէր խախտվում։ Ոչ մի թռչուն չէր անցնում սառած օդով։ Մարդկային ձայն չէր լսվում, մարդկային բնակավայրի ոչ մի հետք չկար։ Աշխարհը քնած էր, և մահի նման էր նրա քունը։
Չորս կողմը տիրող ընդարմացումը թվում էր, թե փոխանցվում է Ջոն Մեսներին։ Սառնամանիքը կաշկանդել էր նրա ուղեղը։ Գլուխը կախած, առանց շուրջը նայելու, անգիտակցաբար տրորում էր քիթն ու այտը և, երբ սահնակը դուրս էր գալիս ուղիղ ճանապար, աջ ձեռքը խփում էր փայտին։
Բայց շները զգաստ էին և հանկարծ կանգ առան։ Գլուխները դարձնելով տիրոջ կողմը, թախծալի, աղերսող աչքերով նայում էին նրան։ Սառնամանիքը սպիտակեցրել էր նրանց թարթիչները և մռութները, և այդ սպիտակությունից ու հոգնածությունից նրանք ավելի թուլացած էին երևում։
Մարդն ուզում էր մտրակել, բայց իրեն զսպեց և ուժերը հավաքելով, շուրջը նայեց։ Շները կանգնել էին սառցածակի մոտ. դա ճաքվածք չէր, այլ մարդու ձեռքով արված, կացնով խնամքով տաշված, երեքուկես ֆուտ հաստությամբ մի սառցածակ էր։ Նոր սառույցի հաստ կեղևը վկայում էր, որ սառցածակից վաղուց չէին օգտվել։ Մեսները նայեց չորս կողմը։ Շներն արդեն ճամփա էին ցույց տալիս, նրանց եղյամապատ մռութները ձգվել էին դեպի ձյան վրա հազիվ նկատելի արահետը, որ հիմնական ճամփից ճյուղավորվելով, կղզու ափով ձգվում էր վեր։
— Դե լա՜վ, խե՜ղճ գազանիկներ,— ասաց Մեսները։— Գնամ հետախուզելու։ Ինքս էլ ձեզնից ոչ պակաս եմ ուզում հանգստանալ։
Նա բարձրացավ զառիվայր լանջով ու անհետացավ։ Շները չպառկեցին, ոտքի վրա անհամբեր սպասում էին նրան։ Վերադառնալով, նա վերցրեց սահնակի առջևից կապված պարանը և օղակը անցկացրեց ուսին։ Հետո շներին դարձրեց աջ և քշեց դեպի ափ։ Թեք զառիվայրով սահնակ քաշելը հեշտ չէր, բայց շները մոռացել էին հոգնությունը և ձյան վրա սողալով, անհամբեր և ուրախ վնգստոցով, վերջին ճիգով մագլցում էին վեր։ Երբ առջևինները սահում էին կամ կանգնում, հետևինները կծում էին նրանց ազդրերը։ Մարդը գոռում էր շների վրա, մեկ քաջալերելով, մեկ սպառնալով, և մարմնի ամբողջ ծանրությամբ ձգում էր պարանը։
Շները սահնակը թափով տարան վեր, իսկույն թեքվեցին ձախ և նետվեցին դեպի գերանաշեն խրճիթը։ Այդ անբնակ խրճիթում մի սենյակ կար՝ ութ ֆուտը տասի վրա տարածությամբ։ Մեսները շներին արձակեց, սահնակը բեռնաթափեց և խրճիթի տիրությունն առավ։ Վերջին պատահական բնակիչը վառելափայտի պաշար էր թողել։ Մեսներն իր երկաթե փոքրիկ վառարանը դրեց և կրակ արեց։ Նա ջեռոցի մեջ հինգ ապխտած ձուկ գցեց՝ շների կերը, և սրճամանն ու կաթսան ջուր լցրեց սառցածակից։
Սպասելով, մինչև որ ջուրը եփի, Մեսները կռացավ վառարանի վրա։ Մորուքին նստած խոնավությունը, որ շնչառությունից սառցե կեղև էր դարձել, սկսում էր հալվել։ Սառցակտորները վառարանին ընկնելով, թշշում էին և նրանցից գոլորշի էր բարձրանում։ Ջոն Մեսները սառցալուլաները պոկում էր մորուքից, և նրանք չխկոցով ընկնում էին հատակին։
Շների կատաղի հաչոցը նրան չկտրեց այդ զբաղմունքից։ Նա օտար շների վնգստոց, գռմռոց և ինչ-որ ձայներ լսեց։ Դուռը թակեցին։
— Մտե՛ք,— խուլ գոռաց Մեսները, որովհետև այդ պահին վերի շրթունքի սառցակտորն էր ծծում պոկելու համար։
Դուռը բացվեց և Մեսները գոլորշու ամպի մեջ նկատեց շեմին կանգնած տղամարդուն և կնոջը։
— Մտե՛ք,— ասաց նա հրամայաբար,— և դուռը փակե՛ք։
Գոլորշու միջից նա հազիվ էր տեսնում մտնողներին։ Կնոջ գլուխը այնպես էր փաթաթված, որ միայն սև աչքերն էին երևում։ Տղամարդն էլ թխաչվի էր, մաքուր սափրված դեմքով։ Սառցակալած բեղերը ամբողջովին ծածկում էին նրա բերանը։
— Մենք ուզում էինք ձեզնից իմանալ, արդյոք այստեղ մոտակայքում ուրիշ խրճիթ չկա՞,— հարցրեց նա, մի հայացք գցելով խրճիթի խղճուկ կահավորմանը։— Մենք կարծում էինք, թե այստեղ մարդ չկա։
— Սա իմ խրճիթր չէ,— պատասխանեց Մեսները,— ես ինքս էլ մի քանի րոպե առաջ եմ գտել սա։ Մտեք և տեղավորվեցեք։ Տեղ բավականին կա և ձեր՝ վառարան դնելու կարիք չի լինի։ Մի կերպ կտեղավորվենք։
Ձայնը լսելով, կինը հետաքրքրությամբ նայեց նրան։
— Հանվիր,— ասաց ուղեկիցը։— Ես շներին կարձակեմ և ջուր կբերեմ, որպեսզի հնարավոր լինի ճաշ պատրաստել։
Մեսները հալված ձուկը վերցրեց ու գնաց շներին կերակրելու։ Նա ստիպված եղավ ուրիշի շներից պաշտպանել դրանց և երբ վերադարձավ խրճիթ, նորեկն արդեն բեռնաթափել էր սահնակը և ջուր բերել։ Մեսների սրճամանի ջուրը եռաց։ Նա սուրճ լցրեց, կես գավաթ սառը ջուր ավելացրեց, որ նստվածք տա, և վերցրեց վառարանից։ Հետո թթու խմորից պատրաստված մի քանի պաքսիմատ գցեց մեջը և կաթսայիկով բակլան տաքացրեց, որն անցյալ գիշերն էր եփել և ամբողջ առավոտ սառեցրած բերել էր հետը։
Ւր ամանը վառարանից վերցնելով, որպեսզի նոր եկածներին ուտելիք պատրաստելու հնարավորություն տա, Մեսները նստեց անկողնու կապոցին, իսկ սեղանի վախարեն մթերքի արկղը հարմարեցրեց։ Ուտելիս անծանոթի հետ շների և ճանապարհի մասին էր զրուցում, իսկ սա վառարանին կռացածՀ բեղերի սառույցն էր հալեցնում։ Վերջապես ազատվելով սառցալուլաներից, անծանոթը անկողնի կապոցը խրճիթում կանգնած մահիճներից մեկի վրա գցեց։
— Մենք այստեղ կքնենք,— ասաց նա,— եթե միայն դուք չեք գերադասում այս մահիճը։ Դուք առաջինն եք եկել այստեղ և ընտրության իրավունք ունեք։
— Ինձ համար միևնույն է,— ասաց Մեսները,— երկուսն էլ միատեսակ են։
Նա էլ անկողին պատրաստեց և նստեց մահճակալի ծայրին։ Անծանոթը բարձի փոխարեն բժշկական գործիքների ճանապարհորդական պայուսակը դրեց վերմակի տակ։
— Դուք բժի՞շկ եք,— հարցրեց Մեսները։
— Այո,— հաջորդեց պատասխանը,— բայց հավատացնում եմ ձեզ, որ պրակտիկայի համար չեմ եկել Քլոնդայկ։
Կինը զբաղվեց ճաշ պատրաստելով, իսկ նրա ուղեկիցը խոզի ճարպ էր կտրատում և վառարանին փայտ ավելացնում։ Խրճիթում կիսախավար էր։ Լույսը թափանցում էր միայն փոքրիկ պատուհանից, որը ծածկված էր խոզաճարպով ծծված թղթով, և Ջոն Մեսները չէր կարողանում ինչպես պետքն է կնոջը նայել։ Նա կարծես քիչ էր հետաքրքրում Մեսներին։ Բայց կինը հետաքրքրությամբ նայում էր մութ անկյունը, որտեղ նա էր նստած։
— Ի՜նչ հոյակապ կյանք է այստեղ,— ոգևորված ասաց բժիշկը, մի պահ դադարեցնելով դանակը վառարանի խողովակի վրա սրելը։— Ինձ դուր է գալիս գոյության այս պայքարը, ամեն ինչ սեփական ձեռքերով ճարելու ձգտումը, այս կյանքի պարզությունը, իրական լինելը։
— Այո, ջերմ աստիճանը բավականին իրական է,— ծիծաղեց Մեսները։
— Իսկ դուք գիտե՞ք, թե քանի աստիճան է,— հարցրեց բժիշկը։
Մեսները գլուխը շարժեց։
— Դե՛, ես ձեզ կասեմ։ Իմ սահնակում եղած սպիրտի ջերմաչափով յոթանասուն չորս աստիճան սառնամանիք է։
— Այսինքն սառեցման կետից հարյուր վեցով ցածր։ Ճամփորդելու համար ցուրտ է, չէ՞։
— Իսկական ինքնասպանություն,— բարբառեց դոկտորը։— Մարդ հսկայական եռանդ է ծախսում։ Նա ծանր է շնչում, սառնամանիքը թափանցում է ուղիղ նրա թոքերը և հյուսվածքի ծայրերը սառեցնում։ Մարդն սկսում է չոր հազալ մեռած հյուսվածքը խորխելով, և մյուս գարնանը թոքերի բորբոքումով մեռնում է, չիմանալով, թե որտեղից եկավ այդ հիվանդությունը։ Ես այս խրճիթում մի շաբաթ կմնամ, եթե միայն ջերմաստիճանը չբարձրանա առնվազն հիսունի՝ զրոյից ցած։
— Մի նայիր, Դե՛սս,— ասաց նա մի րոպե անց.— կարծես թե սուրճն արդեն եփում է։
Ջոն Մեսները կնոջ անունը լսելով՝ ուշադրությունը լարեց։ Մի հայացք նետեց, և նրա դեմքով վաղուց թաղված ու հանկարծ հարություն առած տառապանքի ստվեր, ուրվական անցավ։ Բայց մի ակնթարթ հետո, կամքի լարումով նա քշեց այդ ուրվականը։ Նրա, դեմքը առաջվա պես անվրդով դարձավ, բայց նա ուշադիր նայում էր կնոջը, նեղվելով թույլ լույսից, որ խանգարում էր նրան նայել։
Նրա առաջին անգիտակից շարժումը սրճամանը կրակից վերցնելն էր։ Միայն դրանից հետո նայեց Մեսներին։ Բայց Մեսներն արդեն տիրապետել էր իրեն։ Նա հանգիստ նստել էր անկողնին և անտարբեր տեսքով մոքասիններն էր զննում։ Բայց երբ կինը նորից սկսեց ուտելիք պատրաստելով զբաղվել, Մեսները նորից մի պահ նայեց նրան, իսկ նա շրջվելով, նույն արագությամբ բռնեց նրա հայացքը։ Մեսներն անմիջապես աչքը գցեց բժշկին և նրա շրթունքներին քմծիծաղ երևաց, նշան այն բանի, որ նա գնահատել էր կնոջ խորամանկությունը։
Կինը մոմ վառեց, հանելով դա մթերքի արկղից։ Մեսների համար նրա վառ լուսավորված դեմքին մի հայացք գցելը բավական էր։ Այդ փոքրիկ խրճիթում մի քանի քայլ անհրաժեշտ եղավ անելու, որպեսզի կինը հայտնվի Մեսների կողքին։ Կինը դիտմամբ մոմը մոտեցրեց նրա դեմքին և սարսափից չռված աչքերը հառեց նրան։ Կինը նրան ճանաչեց։ Մեսները հանգիստ ժպտաց։
— Ի՞նչ ես որոնում, Դե՛սս,— հարցրեց նրա ուղեկիցը։
— Հերակալները,— պատասխանեց նա և, հեռանալով Մեսներից, սկսեց մահճակալին դրած իրերի տոպրակում փնտրել։
Նրանք իրենց արկղը սեղան դարձրին և դեմքով դառնալով Մեսների կողմը, նստեցին նրա արկղի վրա։ Իսկ նա հանգստանալով, ձգվեց մահճին, ձեռքերը դրեց գլխի տակ, և նայում էր նրանց։ Այս նեղ խրճիթում թվում էր թե երեքն էլ մի սեղանի շուրջն են նստած։
— Դուք ո՞ր քաղաքից եք,— հարցրեց Մեսները։
— Սան-Ֆրանցիսկոյից,— պատասխանեց բժիշկը,— բայց արդեն երկու տարի է այստեղ եմ։
— Ես Կալիֆորնիայից եմ,— հայտարարեց Մեսները։
Կինը պաղատանքով աչքերը գցեց նրա վրա, բայց նա ժպտաց և շարունակեց.
— Բերքլիից...
Բժիշկը իսկույն հետաքրքրվեց.
— Կալիֆորնիւսյի համալսարանի՞ց,— հարցրեց նա։
— Այո, ութսունվեց թվի շրջանավարտներից։
— Իսկ ես կարծում էի, թե պրոֆեսոր եք։ Այդպիսի տեսք ունեք։
— Ափսո՜ս,— ժպտաց Մեսները։— Ես կգերադասեի, որ ինձ բանվորի կամ սահնակավարի տեղ դնեին։
— Նա այնքան է նման պրոֆեսորի, որքան որ դուք բժշկի,— ասաց կինը։
— Շնորհակալ եմ ձեզնից,— ասաց Մեսները։ Հետո դարձավ նրա ուղեկցին.— ի դեպ, բժի՛շկ, թույլ տվեք իմանալ, ի՞նչ է ձեր ազգանունը։
— Հեյթորն։ Բայց դուք ստիպված եք հավատալ ինձ։ Ես իմ այցետոմսերը քաղաքակրթության հետ դեն նետեցի։
— Իսկ դուք, իհարկե, միսսիս Հեյթո՞րն...— Մեսները ժպտալով խոնարհվեց։
Կինը մի հայացք գցեց նրան, որտեղ ցասումն ավելի շատ էր քան աղաչանքը։
Հեյթորնը պատրաստվում էր իր հերթին նրա ազգանունը հարցնել։ Նա արդեն բացել էր բերանը, բայց Մեսները կանխեց նրան։
— Դուք, բժի՛շկ, հավանաբար կարող եք բավարարել իմ հետաքրքրասիրությունը։ Երկու-երեք տարի առաջ, դասախոսական շրջաններում մի աղմկալի պատմություն եղավ։ Դասախոսներից մեկի կինը փախավ... ներողություն եմ խնդրում, մի մսիս Հեյթորն... կարծեմ, Սան-Ֆրանցիսկոյի ինչ-որ բժշկի հետ, չեմ կարող հիշել նրա ազգանունը։ Դուք չե՞ք լսել այդ։
Հեյթորնը գլխով արեց.
— Այդ պատմությունը իր ժամանակին քիչ աղմուկ չհանեց։ Նա կոչվում էր Ուոմբլ, Գրեհեմ Ուոմբլ։ Հոյակապ պրակտիկայով բժիշկ։ Ես մի փոքր ճանաչում էի նրան։
— Ահա՛, ինձ համար հետաքրքիր է, ի՞նչ եղան նրանք։ Գուցե իմանա՞ք։ Նրանցից ոչ մի հետք չմնաց։
— Այո, նա իր հետքերը ճարպկորեն ջնջեց։— Հեյթորնը հազաց։— Լուրեր էին պատվում, թե իբր առևտրանավով գնացել է հարավային ծովերը և, կարծեմ, թայֆունի ժամանակ այնտեղ զոհվել։
— Դրա մասին ուինչ չեմ լսել,— ասաց Մեսները։— Իսկ դուք հիշո՞ւմ եք այդ պատմությունը, մի՛սսիս Հեյթորն։
— Շատ լավ եմ հիշում,— պատասխանեց կինը և նրա ձայնի հանդարտությունը աչքերում բռնկված ցասումի ապշեցուցիչ հակադրությունն էր։ Նա շրջվեց, դեմքը թաքցնելով Հեյթորնից։
Բժիշկը կարծես նորից ուզում էր հարցնել Մեսներից, թե ինչ է նրա անունը, բայց սա շարունակեց.
— Այդ դոկտոր Ուոմբլը... ասում են շատ գեղեցիկ էր և մեծ... ը-ը՜... հաջողություն ուներ կանանց շրջանում։
— Գուցե, բայց այդ պատմութունը նրան զզվեցրել էր,— մրթմրթաց Հեյթորնը։
— Իսկ նրա կինը կատարյալ վհուկ էր։ Համենայն դեպս, այդպես եմ լսել։ Բերքլիում կարծում էին, որ իր ամուսնու համար... հը՛մ... այնքան էլ դրախտային կյանք չի ստեղծել։
— Առաջին անգամ եմ լսում։— պատասխանեց Հեյթորնը։— Սան-Ֆրանցիսկոյում հենց հակառակն էին ասում։
— Մարտիրոսուհի կին, այդպես չէ՞, խաչված ամուսնական կյանքի խաչին։
Հեյթորնը գլխով արեց։ Մեսների գորշ աչքերը թեթև հետաքրքրասիրությունից բացի, ոչինչ չէին արտահայտում։
— Պետք է կարծել, որ դրանք մի մեդալի երկու կողմերն են։ Ես, իհարկե, Բերքլիում ապրելով միայն մեկ կողմը գիտեի։ Այդ կինը, կարծեմ, հաճախ էր լինում Սան-Ֆրանցիսկոյում։
— Ինձ սուրճ լցրու, խնդրեմ,— ասաց Հեյթորնը։
Նրա գավաթը լցնելիս, կինն անբռնազբոսիկ ժպտաց։
— Դուք իսկական սանամերների պես եք բամբասում,— կշտամբեց նա տղամարդկանց։
— Իսկ դա շատ հետաքրքիր է,— ժպտաց նրան Մեսները և նորից դարձավ բժշկին։— Ամուսինը Սան-Ֆրանցիսկոյում այնքան էլ նախանձելի վարք չուներ։
— Ընդհակառակը, բոլորը նրան բարձր բարոյականի տեր անձնավորություն էին համարում,— ավելորդ կրքոտությամբ պոռթկաց Հեյթորնը։— Պեդանտ, չոր կոճ, առանց մի կաթիլ տաք արյան։
— Դուք ճանաչո՞ւմ էիք նրան։
— Կյանքումս երբեք չեմ տեսել։ Համալսարանական շրջաններում ես չէի լինում։
— Նորից մեդալի միայն մի կողմն է,— ասաց Մեսները, կարծես անտարբերությամբ գործը բոլոր կողմերից քննելով։— Ճիշտ է, նա այնքան էլ լավը չէր, ես խոսում եմ արտաքինի մասին, բայց այնքան էլ վատը չէր։ Ուսանողների հետ տարվում էր սպորտով։ Եվ ընդհանրապես շնորհքից զուրկ չէր։ Նա ջրօրհնեքի պիես գրեց, որը մեծ հաջողություն ունեցավ։ Ես լսեցի, որ նրան ուզում էին անգլիական բաժնի դեկան նշանակել, բայց հենց այդտեղ կատարվեց այդ բոլորը, և նա հրաժարական տալով, ինչ-որ տեղ գնաց։ Հավանաբար, այդ պատմությունը խորտակեց նրա կարիերան։ Համենայն դեպս, մեր շրջաններում կարծում էին, որ այդպիսի հարվածից հետո նա խելքի չի գա։ Նա կարծեմ շատ էր սիրում իր կնոջը։
Հեյթորնը սուրճը խմեց և, անտարբեր ինչ-որ բան մրթմրթալով, ծխամորճը կպցրեց։
— Բախտները բերեց, որ երեխա չունեին,— շարունակեց Մեսները։
Բայց Հեյթորնը վառարանին նայելով, գլխարկը դրեց և ձեռնոցները հագավ։
— Գնամ փայտ բերեմ,— ասաց նա,— իսկ հետո մոքասիններս կհանեմ ու ավելի հարմար կտեղավորվեմ։
Դուռը նրա հետևից փակվեց։ Երկարատև լռություն տիրեց։ Մեսները առանց դիրքը փոխելու պառկել էր մահճակալին։ Կինը նստել էր նրա դիմաց՝ արկղի վրա։
— Ի՞նչ եք մտադիր անելու,— հարցրեց նա կտրուկ։
Մեսները ծուլորեն նայեց նրան։
— Իսկ ի՞նչ պետք է անեմ ձեր կարծիքով։ Հուսով եմ... Հո տեսարան չե՞մ սարքի։ Գիտե՞ք, ես հոգնել եմ ճանապարհից, իսկ մահիճը շատ հարմար է։
Կինը լուռ կատաղությամբ շրթունքը կծեց։
— Բա՜յց...— ջերմորեն սկսեց նա և, ձեռքերը սեղմելով, լռեց։
— Կարծում եմ, չեք ուզենա, որ ես միստր... Հեյթորնին սպանեմ, այնպես չէ՞,— ասաց նա երկչոտ, համարյա աղաչելով։— Դա շատ տխուր կլիներ... և, հավատացնում եմ ձեզ, բոլորովին կարիք չկա։
— Բայց դուք պարտավոր եք ինչ-որ բան անե՞լ,— գոռաց նա։
— Ընդհակառակը, ամենից հավանականն է, որ ոչինչ չանեմ։
— Դուք այստե՞ղ եք մնալու։
Նա գլխով արեց։
Կինը հուսահատությամբ խրճիթը և մյուս մահճակալին և բացած անկողնին նայեց։
— Շուտով մութը կընկնի։ Ձեզ չի կարելի այստեղ մնալ, չի՛ կարելի։ Հասկանո՞ւմ եք, դա պարզապես անհնար է։
— Ոչ, հնարավո՛ր է։ Թույլ տվեք ինձ հիշեցնել, որ առաջինը ես եմ գտել այս խրճիթը, և դուք երկուսդ էլ իմ հյուրերն եք։
Նրա աչքերը նորից արագ հածեցին սենյակով և, երբ երկրորդ մահճակալի վրայով սահեցին, նրանցում սարսափ արտահայտվեց։
— Այդ դեպքում մե՛նք կհեռանանք,— հայտարարեց նա վճռականորեն։
— Դա անհնար է։ Դուք հազում եք այն չոր հազով, որը միստր... ը-ը՜... Հեյթորնը այնպես լավ նկարագրեց։ Ձեր թոքերը մի թեթև մրսած են։ Իսկ նա բժիշկ է և դա հասկանում է։ Նա ձեզ չի թողնի գնալ։
— Իսկ ի՞նչ կանեք այդ դեպքում,— նորից հարցրեց նա, փոթորիկ նախագուշակող լարումից զսպված ձայնով։
Մեսներն աշխատեց առավելագույն կարեկցանք և համբերություն արտահայտել դեմքին և համարյա հայրաբար նայեց նրան։
— Սիրելի՛ Թերեզա, ես ձեզ արդեն ասացի, որ չգիտեմ։ Ես դեռ չեմ մտածել դրա մասին։
— Աստվա՜ծ իմ, դուք ինձ կխելագարեցնեք,— անզոր կատաղությամբ ձեռքերը կոտրատելով, նա վեր թռավ արկղից։— Առաջ դուք բոլորովին այսպիսին չէիք։
— Այո, ես հնազանդության և մեղմության մարմնացում էի,— համաձայնեց նա։— Գուցե հենց այդ պատճառով էլ ինձ թողեցիք։
— Դուք այնպե՜ս եք փոխվել։ Որտեղի՞ց է ձեր այդ չարագուշակ հանդարտությունը։ Ես վախենում եմ ձեզնից։ Ես զգում եմ, որ դուք ինչ-որ սարսափելի բան եք որոճում։ Ցասումին ազատություն մի տվեք, խոհեմ եղեք...
— Ես այլևս չեմ կորցնում ինձ, ինքս ինձ տիրապետում եմ...— ընդհատեց նրան Մեսները,— այն ժամանակվանից, երբ դուք գնացիք։
— Դուք զարմանալի կերպով ուղղվել եք,— խուսափեց նա։
Մեսները որպես համաձայնության նշան ծիծաղեց։
— Մինչև որ ես կմտածեմ, թե ինչ անեմ, ձեզ խորհուրդ եմ տալիս ահա թե ինչ անել. ասեք միստր... ը֊ը՜... Հեյթորնին, թե ով եմ ես։ Դրանից մեր ներկայությունը խրճիթում ավելի, ինչպե՞ս ասեմ... անբռնազբոսիկ կլինի։
— Ինչո՞ւ եք իմ հետևից վազել այս սարսափելի երկիրը,— անսպասելիորեն հարցրեց նա։
— Չմտածեք, թե ես փնտրում Էի ձեզք Թերե՛զա։ Մի՛ շոյեք ձեր փառասիրությունը։ Մեր հանդիպումը լոկ պատահականություն է։ Ես կապերս խզեցի համալսարանական կյանքից և ինձ պետք էր մի տեղ գնալ։ Ազնվորեն խոստովանում եմ, որ Քլոնդայկ եմ եկել հենց այն պատճառով, որովհետև ամենից քիչ այստեղ հույս ունեի ձեզ հանդիպել։
Փականի չխկոց լսվեց, դուռը բացվեց և Հեյթորնը ցախի խտիտով ներս մտավ։ Նրա քայլերի առաջին իսկ ձայնից Թերեզան սկսեց ամանները հավաքել, կարծես ոչինչ էլ չէր պատահել։ Հեյթորնը նորից գնաց։
— Ինչո՞ւ մեզ իրար չներկայացրիք,— հարցրեց Մեսները։
— Ես կասեմ նրան,— պատասխանեց նա գլուխը ցնցելով,— չկարծեք, թե վախենում եմ։
— Ես երբեք չեմ նկատել, որ դուք որևէ բանից առանձնապես վախենայիք։
— Խոստովանությունից էլ չեմ վախենում,— ասաց նա։ Նրա դեմքի արտահայտությունը մեղմացել էր, և ձայնը նուրբ էր հնչում։
— Վախենում եմ, որ ձեր խոստովանությունը քողարկված շորթում դառնա, սեփական շահի ձգտում, ինքնամեծարում աստծո հաշվին։
— Այդպես գրքային մի արտահայտվեք,— կամակորությամբ, բայց ձայնում աճող նրբությամբ ասաց նա։— Ես իմաստուն վեճերի սիրահար չեմ։ Բացի դրանից, ես չեմ վախենա ձեզնից ներողություն խնդրել։
— Թերե՛զա, ես, ճիշտն ասած, ձեզ ներելու բան չունեմ։ Ավելի շուտ, ես պետք Է շնորհակալություն հայտնեմ։ Ճիշտ է, սկզբում ես տառապում Էի, բայց հետո, գարնան ողորմած շնչի նման, երջանկության, հսկայական երջանկության զգա-ցում եկավ ինձ։ Դա ապշեցուցիչ հայտնագործություն էր։
— Իսկ ի՞նչ կլինի, եթե ես վերադառնամ ձեզ մոտ,— հարցրեց նա։
— Գուցե,— ասաց Մեսները, խորամանկ ժպիտով նայելով նրան,— դա ինձ դժվար կացության մեջ դներ։
— Ես ձեր կինն եմ, չէ՞ որ դուք ապահարզան չեք տվել։
— Ոչ,— խոնարհ ասաց նա,— պատճառն իմ անփութությունն է։ Տուն վերադառնալուն պես, ես անմիջապես կզբաղվեմ դրանով։
Նա մոտեցավ Մեսներին և ձեռքը նրա ուսին դրեց։
— Ես ձեզ այլևս պետք չե՞մ, Ջոն։— Նրա ձայնը նուրբ էր հնչում, ձեռքի հպումը կարծես շոյանք լիներ։— Իսկ եթե ձեզ ասեմ, որ սխալվե՞լ եմ։ Եթե խոստովանեմ, որ շատ գժբախտ եմ։ Ես իրոք դժբախտ եմ. ես իսկապես սխալվել եմ։
Վախն սկսեց թափանցել Մեսների հոգին։ Նա զգաց, որ նրա ձեռքի թեթև հպումից ինքը թուլանում է։ Նա այլևս դրության տերը չէր, նրա գովաբանված ամբողջ հանդարտությունը անհետացել էր։ Նա մեղմ հայացքով նայում էր Մեսներին, և այդ մարդու խստությունը սկսել էր հալվել։ Նա իրեն տեսնում էր անդունդի ծայրին և այնտեղ հրող ուժի դեմ չէր կարողացնում պայքարել։
— Ջո՛ն, ես կվերադառնամ ձեզ մոտ։ Այսօր կվերադառնամ... հիմա։
Մեսները, ինչպես դժնի երազում, աշխատում էր ազատվել այդ ձեռքի իշխանությունից։ Նրան թվում էր, թե Լորելեյի նուրբ, կարկաչուն երգն է լսում։ Կարծես հեռվում, ինչ֊որ տեղ, դաշնամուր էին նվագում և ձայները համառորեն թափանցում էին գիտակցության մեջ։
Նա վեր թռավ մահճակալից, հրեց կնոջը, երբ վերջինս պատրաստվում էր գրկել, և քաշվեց դեպի դուռը։ Նա մահու չափ վախեցած էր։
— Ես ինձ համար պատասխանատու չեմ,— գոռաց նա։
— Ես ձեզ նախազգուշացրի, չէ՞, որ ինքնատիրապետումը չկորցնեք։— Նա ծաղրանքով ծիծաղեց և շարունակեց աման լվանալ։— Դուք ոչ մեկին պետք չեք։ Ես միայն կատակ արեցի. ես երջանիկ եմ նրա հետ։
Բայց Մեսները չհավատաց նրան։ Նա հիշում էր, թե այս կինը ինչպիսի հեշտությամբ էր փոխում տակտիկան։ Այժմ էլ նույն բանն է տեղի ունենում։ Ահա և քողարկված շորթումը։ Նա երջանիկ չէ ուրիշի հետ և գիտակցում է իր սխալը։ Մեսների ինքնասիրությունը բավարարված է։ Կինն ուզում է վերադառնալ, բայց Մեսներին ամենից քիչ դա է պետք։ Իր համար իսկ աննկատելի նա ձեռքը տարավ փականին։
— Մի՛ փախեք,— ծիծաղեց նա,— ես ձեզ չեմ ուտի։
— Ես չեմ էլ փախչում,— պատասխանեց Մեսները, երեխայի պես տաքանալով ու թաթմանները հագնելով։— Ես պարզապես գնում եմ ջուր բերելու։
Նա վերցրեց դատարկ դույլերն ու կաթսաները և դուռը բացեց։ Հետո ետ նայեց։
— Չմոռանաք միստր... ը-ը՜... Հեյթորնին ասել, թե ես ով եմ։
Մեսները ջարդեց սառույցի շերտը, որը մի ժամում ծածկել էր սառցածակը, և ջուր լցրեց դույլերը։ Բայց նա չէր շտապում խրճիթ վերադառնալ։ Դույլերը դնելով արահետին, նա սկսեց արագ ետ ու առաշ քայլել, որպեսզի չսառչի, որովհետև սառնամանիքը կրակի պես դաղում էր նրա մարմինը։ Մինչև որ ճակատի կնճիռները հարթվեցին և դեմքին վճռական արտահայտություն հայտնվեց, նրա մորուքը արդեն ծածկվել էր եղյամով։ Գործողությունների ծրագիր ընդունեց նա և քմծիծաղը ծռմռեց ցրտից սառած նրա շրթունքները։ Նա վերցրեց արդեն սառցապատ ջրով լի դույլերը և ուղղվեց դեպի խրճիթը։
Դուռը բացելով, Մեսները տեսավ, որ բժիշկը կանգնել է վառարանի մոտ. նրա դեմքը լարված էր և անվճռական։ Մեսները դույլերը դրեց հատակին։
— Ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալուս համար, Գրե՛հեմ Ուոմբլ,— հանդիսավորությամբ արտասանեց Մեսները, կարծես նրանց հենց նոր էին ներկայացրել իրար։
Նա ձեռքը չմեկնեց։ Ուոմբլը անհանգիստ դոփում էր տեղում, Մեսներին նայելով այնպիսի ատելությամբ, որ սովորաբար տածում են չարիք պատճառած մարդկանց նկատմամբ։
— Ուրեմն այդ դո՜ւք եք,— ասաց Մեսները, զարմանք խաղալով։— Այդպես, այդպե՜ս... Իսկապես, շատ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալուս համար։ Ինձ համար... ը-ը՜... շատ հետաքրքիր էր իմանալ ի՞նչ է գտել Թերեզան ձեզանում, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ ձեր ի՞նչն է գրավել նրան։ Այդպես, այդպե՜ս...
Եվ ոտից գլուխ նայեց նրան, ինչպես ձիուն են նայում։
— Ես լիովին հասկանում եմ իմ նկատմամբ ունեցած ձեր զգացմունքները...— սկսեց Ուոմբլը։
— Օ՜, դատարկ բաներ են,— չափազանցված սրամտությամբ ընդհատեց նրան Մեսները։— Արժե՞ արդյոք դրա մասին խոսել։ Ես միայն ուզում Էի իմանալ, թե ինչ եք մտածում Թերեզայի մասին։ Ձեր հույսերը հատուցվեցի՞ն։ Ինչպե՞ս էր իրեն պահում։ Իհարկե, դուք հիմա երանելի երազում եք ապրում։
— Վե՛րջ տվեք հիմարություններին,— մեջ մտավ Թերեզան։
— Ես պարզ մարդ եմ և ասում եմ այն, ինչ մտածում եմ,— ասաց Մեսները։
— Այնուամենայնիվ պարտավոր եք ըստ հանգամանքների ձեզ պահել,— վրա տվեց Ուոմբլը։— Մենք ուզում ենք իմանալ, թե ի՞նչ եք մտադիր անելու։
Մեսները սարքովի անօգնականությամբ ձեռքերը տարածեց։
— Ճիշտն ասած, չգիտեմ։ Սա այն անկարելի վիճակներից մեկն է, որի համար դժվար է որևէ ելք գտնել։
— Մենք երեքով չենք կարող այս խրճիթում գիշերն անցկացնել։
Մեսները գլխով համաձայնության նշան արեց։
— Ուրեմն մեկնումեկը պետք է դուրս գա։
— Դա էլ անվիճելի է,— համաձայնեց Մեսները։— Եթե երեք մարմին չեն կարող տվյալ տարածության վրա միևնույն ժամանակ տեղավորվել, նրանցից մեկը պետք է անհետանա։
— Ստիպված կլինեք դուք անհետանալ,— մռայլ հայտարարեց Ուոմբլը։— Մինչև հաջորդ իջևանատեղը տասը մղոն է, բայց դուք մի կերպ կգնաք։
— Ահա ձեր դատողության առաջին սխալը,— առարկեց Մեսները։— Ինչո՞ւ հատկապես ես պետք է գնամ։ Ես առաջինն եմ գտել այս խրճիթը։
— Բայց Դեսսը չի կարող գնալ,— ասաց Ուոմբլը,— նրա թոքերը մրսած են։
— Լիովին համաձայն եմ ձեզ հետ։ Այսպիսի սառնամանիքին նա չի կարող տասը մղոն գնալ։ Նա անպայման պետք է մնա։
— Ուրեմն այդպես էլ կլինի,— վճռականորեն ասաց Ուոմբլը։
Մեսները հազաց։
— Ձեր թոքերը կարգին են, այնպես չէ՞։
— Այո։ Հետո ի՞նչ։
Մեսները նորից հազաց և կարծես յուրաքանչյուր բառը մտմտալով, արտաբերեց.
— Դե, ոչի՜նչ... միայն թե, ըստ ձեր փաստարկների, ձեզ ոչինչ չի խանգարում, որ սառնամանիքին մի տասը մղոն զբոսնեք։ Դուք մի կերպ կգնաք։
Ուոմբլը կասկածանքով նայեց Թերեզային և ուրախ զարմանքի կայծ նկատեց նրա աչքերում։
— Իսկ դու ի՞նչ կասես,— հարցրեց նա։
Թերեզան անվճռականությամբ լռեց, և Ուոմբլի դեմքը մթնեց ցասումից։ Նա դարձավ Մեսներին.
— Բավակա՛ն Է։ Դուք չպետք է մնաք։
— Ո՛չ, պետք է մնամ։
— Ես թույլ չեմ տա,— Ուոմբլն ուսերը սպառնալից ուղղեց։— Այստեղ ի՛մ խոսքը պետք է անցնի։
— Բայց և այնպես, ես կմնամ,— իրենը պնդեց Մեսները։
— Ես ձեզ դուրս կշպրտեմ։
— Իսկ ես կվերադառնամ։
Ուոմբլը լռեց, աշխատելով տիրապետել իրեն։ Հետո դանդաղ, ցածր խեղդված ձայնով խոսեց։
— Լսեք, Մե՛սներ, եթե դուք չգնաք, ես ձեզ կծեծեմ։ Մենք Կալիֆորնիայում չենք։ Ա՛յ, այս բռունցքներով ես ձեզ կոտլետ կշինեմ ։
Մեսներն ուսերը թոթվեց։
— Եթե դուք այդպես անեք, ես կհավաքեմ ոսկի որոնողներին և կնայեմ, թե ինչպես ձեզ կկախեն առաջին պատահած ծառից։ Միանգամայն ճիշտ է, մենք Կալիֆորնիայում չենք։ Ոսկի որոնողները պարզ ժողովուրդ են, և բավական է, որ ծեծի հետքերը ցույց տամ, պատմեմ ամբողջ ճշմարտությունը և կնոջս հանդեպ ունեցած իրավունքներս ներկայացնեմ։
Կինը ուզեց ինչ֊որ բան ասել, բայց Ուոմբլը կատաղած հարձակվեց նրա վրա։
— Մի՛ խառնվիր,— գոռաց նա։
Մեսների ձայնը բոլորովին այլ կերպ էր հնչում։
— Թերե՛զա, բարի եղեք, մի՛ խանգարեք մեզ։
Ցասումից և հազիվ զսպված հուզմունքից, կինը չոր, կոշտ հազով բռնվեց։ Դեմքը կարմրեց, ձեռքը սեղմեց կրծքին և սպասեց մինչև հազը դադարի:
Ուոմբլը մռայլ նայում էր նրան, ականջ դնելով հազին։
— Պետք է մի բան վճռել,— ասաց նա։— Նրա թոքերը ցրտին չեն դիմանա։ Մինչև չտաքանա, նա չի կարող գնալ, իսկ ես նրան չեմ պատրաստվում ձեզ տրամադրել։
Մեսները հնազանդ «հըմ» արեց, հազաց, նորից «հըմ» արեց և ասաց.
— Ինձ փող է պետք...
Ուոմբլի դեմքին իսկույն արհամարհական ծամածռություն երևաց։ Ահա թե երբ Մեսները նրանից անսահման ցած իջավ, ցույց տվեց վերջապես իր սրիկայությունը։
— Դուք ոսկեփոշու մի ամբողջ տոպրակ ունեք,— շարունակեց Մեսները,— ես տեսա, թե ինչպես էիք սահնակի վրայից վերցնում։
— Ինչքա՞ն եք ուզում,— հարցրեց Ուոմբլը, և նրա ձայնում այնքան արհամարհանք էր հնչում, որպիսին դեմքին էր դրոշմված։
— Ես հաշվեցի, թե ձեր տոպրակում մոտավորապես որքան կարող է լինել, և ը-ը՜... կարծում եմ, որ մոտ քսան ֆունտ կձգի։ Ի՞նչ կասեք չորս հազարի մասին։
— Բայց դա իմ ամբողջ ունեցածն է,— գոռաց Ուոմբլը։
— Դուք Թերեզա ունեք,— մխիթարեց նրան Մեսները։— Մի՞թե նա այդքան փող չարժե։ Մտածեք, թե ինչի՜ց եմ ես հրաժարվում... Իսկապես որ ձեռնտու գին է։
— Լավ։— Ուոմբլը նետվեց դեպի ոսկու տոպրակը։— Միայն թե այս գործը շուտ վերջացնենք։ Է՜խ դո՜ւ... Ոչնչությո՜ւն։
— Դե՜, այստեղ արդեն սխալվում եք,— ծաղրանքով առարկեց Մեսները։— Մի՞թե բարոյագիտության տեսակետից կաշառք տվողը կաշառք վերցնողից լավ է։ Գողացվածը թաքցնողը գողից լավը չէ, այնպես չէ՞։ Եվ մի՛ մխիթարվեք այս փոքրիկ գործարքում գոյություն չունեցող ձեր բարոյական գերազանցությամբ։
— Գրողի ծո՛ցը գնա ձեր բարոյագիտությունը,— պայթեց Ուոմբլը։— Եկեք այստեղ և նայեք, թե ինչպես եմ փոշին կշռում։ Ես կարող եմ ձեզ խաբել, չէ՞։
Իսկ կինը, անկողնին կռթնած, անզոր կատաղությամբ նայում էր, թե ինչպես արկղին դրված կշեռքով բնակտորներ և փոշի են կշռում՝ իր գինը։ Կշեռքը փոքր էր, ստիպված էին մաս-մաս կշռել, և Մեսները ամեն անգամ ուշադիր ստուգում էր։
— Այս ոսկու մեջ չափից շատ արծաթ կա,— նշեց նա, տոպրակը կապելով։— Այստեղ գուցե մեկ ունցիայի մեջ ընդամենը երեք քառորդ մաքուր քաշ լինի։ Դուք կարծես թե մի փոքր ինձ խաբեցիք, Ուո՛մբլ։
Նա խնամքով բարձրացրեց տոպրակը և պատշաճ հարգանքով դեպի այդպիսի արժեքը, տարավ դրեց սահնակին։ Վերադառնալով, հավաքեց իր ամանները, մթերքի արկղը փակեց և անկողինը փաթաթեց։ Հետո, բեռը կապելով, դժգոհ շներին լծեց և թաթմանների համար վերադարձավ խրճիթ։
— Մնաք բարով, Դե՛սս,— ասաց նա շեմից։
Կինը դարձավ Մեսներին, ուզեց ինչ-որ բան պատասխանել, բայց ներսում եռացող ցասումը չկարողացավ բառերով արտահայտել։
— Մնաք բարով, Դե՛սս,— մեղմ կրկնեց Մեսները։
— Սրիկա՛,— վերջապես ասաց կինը։
Ճոճվելով մոտեցավ մահճակալին, երեսնիվայր փռվեց և հեկեկաց։
— Անասուննե՛ր։ Ա՜խ, ի՜նչ անասուններն եք դուք...
Ջոն Մեսները իր հետևից դուռը զգուշությամբ փակեց, և ճամփա ընկնելով, մեծագույն բավականության զգացումով նայեց խրճիթին։ Նա իջավ ափից, սահնակը սառցածակի մոտ կանգնեցրեց և բեռը ձգող պարանների տակից հանեց ոսկու տոպրակը։ Ջուրն արդեն սառցի բարակ շերտով էր ծածկվել։ Նա սառույցը բռունցքով ջարդեց, և տոպրակի երիզը ատամներով քանդելով, պարունակությունը թափեց ջրի մեջ։ Գետն այդտեղ խոր չէր և սառցածակից երկու ոտնաչափ ցած Մեսները տեսավ հատակը, որը օրվա հանգչող լույսից խամրած դեղնավուն էր։ Նա թքեց սառցածակի մեջ։
Հետո շներին քշեց Յուքոնով։ Նրանք աղիողորմ կաղկանձում էին և դժկամությամբ վազում։ Դարձաձողը աջ ձեռքին և ձախով քիթն ու այտը տրորելով, Մեսները սայթաքեց ձգափոկի վրա, երբ շները գետի շեղությանը հետևելով, մի կողմ էին դարձել։
— Առ՛աջ, կաղիկներ,— գոռաց նա,— դե՛, առա՛ջ, առա՛ջ։