Մեյլմյութ Քիդը, որ պատմելու բնածին շնորհք ուներ, սկսեց շարադրել այդ հյուսիսային Լոքինվարի ճշմարտացի պատմությունը։ Եվ նրան լսելիս՝ արկած որոնողները զգում էին, թե ինչպես սրտները սեղմվում են Հարավի արևոտ հողերի կարոտից, որտեղ կյանքը ավելին էր խոստանում, քան անարդյունք պայքարը սովի ու մահվան դեմ։
-- — Յուքոնն անցանք, երբ սառույցը նոր էր շարժվել,— եզրփակեց Քիդը,— իսկ հնդկացիները քառորդ ժամով ետ մնացին։ Եվ դա մեզ փրկեց. սառույցն արդեն շարժվում էր ամբողջ գետով, ճանապարհը կտրված էր։ Երբ նրանք, վերջապես, հասան Նուքլուկայտո, ամբողջ կայանն արդեն պատրաստ ոտքի վրա էր։ Իսկ հարսանիքի մասին հայր Ռուբոյից հարցրեք, պսակողը նա էր։
Քահանան ծխամորճը հանեց բերանից ու պատասխանի փոխարեն հայրական բարեհոգությամբ ժպտաց, իսկ մնացածը՝ և՛ բողոքականները, և՛ կաթոլիկները, ոգևորված ծափահարում էին։
— Աստված վկա, չտեսնված բան է,— բացականչեց Լուի Սավոյը, որին, ըստ երևույթին, հափշտակել էր այդ ռոմանտիկ պատմությունը։-- La petite սքվո։ Mon Mason brave: Չտեսնված բան է։
Երբ փունշով լցված անագե բաժակները առաջին անգամ շրջան կատարեցին, անհանգիստ Բեթլզը վեր թռավ տեղից և սկսեց սեղանի իր սիրելի երգը.
<poem>
Բիչեր Հենրին առնացի
Ուսուցչի հետ դպրոցի
Չի՛ հաջողվի մեզ խաբել,
Այդ շշի մեջ կապտագույն
Բուսաջուր չէ՛ բժշկական։ </poem>
Եվ քեֆ անողները խմբովին կրկնեցին բարձրագոչ.
<poem>
Այդ շշի մեջ կապտագույն
Բուսաջուր չէ բժշկական։ </poem>
Մեյլմյութ Քիդի սարքած շատ թունդ խառնուրդը իր գործը տեսավ, նրա կենարար ջերմության ազդեցությունից լեզուները բացվեցին, ու սեղանի շուրջը ծայր առան կատակներ, երգեր, գլխով անցած արկածների պատմություններ։ Նրանք, որ եկել էին տարբեր երկրներից, խմում էին բոլորի և յուրաքանչյուրի կենացը։ Անգլիացի Փրինսը բաժակ բարձրացրեց «Նոր Աշխարհի վաղահաս մանուկ քեռի Սեմի» կենացը, յանկի Բեթլզը՝ Անգլիայի թագուհու կենացը՝ «աստված պահի նրան», իսկ ֆրանսիացի Սավոյը և գերմանացի մեծագնորդ Մայերսը բաժակ բաժակի խփեցին Էլզաս-Լոթարինգիայի կենացը։