Changes

Մարտին Իդեն, Գլուխ XXXII

Ավելացվել է 21 261 բայտ, 21:38, 2 Հունվարի 2015
Նոր էջ «{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXXI|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXXIII}} Հաջորդ օր...»:
{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXXI|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXXIII}}

Հաջորդ օրը ճաշից հետո Մարիան նորից իրար անցավ։ Մարտինի մոտ դարձյալ մի անսովոր հյուր եկավ։ Բայց այս անգամ նա այնքան ինքնազսպություն ունեցավ, որ հյուրին պատվարժան կերպով հրավիրեց սպասել հյուրասենյակում։

— Հուսով եմ, որ դուք չեք առարկում ներխուժելու դեմ,— ասաց Բրիսենդենը։

— Ոչ, ոչ, ամենևին, ի՞նչ եք ասում,— բացականչեց Մ արտինը՝ ուժեղ սեղմելով նրա ձեռքը և, հյուրին մոտեցնելով միակ աթոռը, ինքը նստեց մահճակալին։— Բայց ինչպե՞ս իմացաք իմ հասցեն։

— Ես զանգահարեցի Մորզերի տուն։ Միսիս Մորզն ինքը մոտեցավ հեռախոսին։ Եվ ահա եկա։

Բրիսենդենը վերարկուի գրպանից հանեց մի փոքրիկ հատոր և դրեց սեղանին։

― Ահա ձեզ մի բանաստեղծի գրքույկ,— ասաց նա,— կարդացե՛ք և պահեցե՛ք։ Վերցրե՛ք,— բացականչեց նա՝ պատասխանելով Մարտինի բողոքին։— Ինչի՞ս են հարկավոր գրքերը։ Այս առավոտ ես նորից արյուն թքեցի։ Դուք վիսկի ունե՞ք, իհարկե ոչ։ Սպասեցեք մի րոպե։

Նա արագ վեր կացավ ու դուրս եկավ։ Մարտինը նայեց նրա հետևից և ցավով տեսավ, թե ինչպես նրա փոս ընկած կրծքի վրա կուչ են եկել ուսերը, որոնք ժամանակին հուժկու պետք է եղած լինեին։ Բերելով երկու բաժակ՝ Մարտինը սկսեց կարդալ գրքույկը։ Դա Հենրի Վոգան Մարլոուի բանաստեղծությունների վերջին ժողովածուն էր։

— Շոտլանդական վիսկի չկար,— հայտարարեց Բրիսենդենը՝ վերադառնալով․— սրիկան միայն ամերիկյան վիսկի է վաճառում։ Ահա մի շիշ դրանից։

— Ես երեխաներից մեկին կուղարկեմ, որ կիտրոն բերի, ու մենք գրոգ կպատրաստենք,— առաջարկեց Մարտինը։— Հետաքրքիր է, ինչքա՞ն դրամ է ստացել Մարլոուն այդ գրքի համար։

— Հավանաբար՝ հիսուն դոլլար,— պատասխանեց Բրիսենդենը։— Դա դեռ ոչինչ։ Թող շնորհակալ լինի, որ հաջողվել է գտնել այդ ռիսկն անող մի հրատարակիչ։

— Ուրեմն չի կարելի ապրել բանաստեղծություններ գրելով։

Մարտինի ձայնն ու դեմքը արտահայտում էին ընկճված տրամադրություն։

— Իհարկե՝ ոչ․ ո՞ր հիմարն է հույս դնում դրա վրա։ Այլ բան են հանգաստեղծները՝ ինչպես Բրյուսը, Վիրջինյա Սփրինգը կամ Սիջվիկը․ նրանք լավ են շահում, իսկ իսկական բանաստեղծնե՜րը․․․ Գիտե՞ք, թե ինչով է ապրում Մարլոուն. դասավանդում է Պենսիլվանիայի արական մի դպրոցում, իսկ դա աշխարհի երեսին դժոխքի բոլոր բաժանմունքներից անկասկած ամենամռայլն է։ Ես չէի ցանկանա նրա հետ փոխանակել իմ տեղը, եթե նա մինչև անգամ առաջարկի ինձ դրա համար հիսուն տարվա կյանք։ Իսկ նրա բանաստեղծությունները փայլում են ժամանակակից անպետք ոտանավորների ամբողջ աղբակույտի մեջ, ինչպես սուտակը՝ ապակու փշրանքի մեջ։ Իսկ ի՞նչ են գրում նրա մասին քննադատները, սատանան տանի այդ քննադատներին, այդ փքուն ոչնչություններին...

— Առհասարակ այն մարդիկ, որոնք անընդունակ են գրող դառնալու, չափազանց շատ են դատում իսկական գրողների մասին,— բացականչեց Մարտինը։— Օրինակ՝ ինչեր չհերյուրեցին Սթիվենսոնի և նրա աշխատության մասին։

— Վամպիրնե՛ր, գիշատիչներ,— ասաց Բրիսենդենը՝ արհամարհանքով սեղմելով ատամները։— Հա՜, ես ճանաչում եմ մեկին, որն ամբողջ կյանքում մեծ բավականությամբ փետում էր Սթիվենսոնին՝ հայր Դամիենին գրած իր նամակի համար, վերլուծում, կշռադատում էր նրան և․․․

— Եվ իհարկե, չափում էր նրան իր սեփական ողորմելի «եսի» չափոցով,— ընգմիջեց Մարտինը։

— Իսկակա՛ն, ճիշտ ասացիք. իհարկե։ նրանք բոլորը գզգզում ու կեղտոտում են ամեն ինչ, որ գեղեցիկ է, ճշմարիտ ու բարի, և հետո խրախուսանքով խփում են ձեր ուսին և ասում. «Լավ շուն է, ֆի՛դոն»։ Թո՛ւ, նրանց մասին Ռիչարդ Ռիլֆը մահվան անկողնում ասել է․ «Մարդկային խղճո՜ւկ կաչաղակներ»։

— Նրանք ուզում են կտցել աստղային փոշին,— ջերմորեն միջամտեց Մարտինը,— ուզում են կասեցնել հանճարի երկնաքարի նման թոչող միտքը։ Ես ժամանակին մի հոդված եմ գրել քննադատների մասին։

— Տվեք՝ տեսնե՛նք,— արագ ասաց Բրիսենդենը։

Մարտինը սեղանի տակից վերցրեց «Աստղային փոշուց» մի օրինակ, և Բրիսենդենը իսկույն սկսեց կարդալ՝ մերթրնդմերթ փնչացնելով, ձեռքերը շփելով ու մոռանալով մինչև անգամ իր գրոգը։

— Դուք ինքներդ այդ աստղային փոշու մի մասնիկն եք, որ թռել ընկել եք կույր թզուկների աշխարհը,— աղաղակեց Բրիսենդենը՝ հոդվածը մինչև վերջ կարդալուց հետո։— Իհարկե, հենց առաջին հանդեսը մերժեց այդ։

Մարտինը թերթեց իր հուշատետրը։

— Այս հոդվածը մերժել են քսանյոթ հանդեսներ։

Բրիսենդենը պատրաստվում էր երկար ու սրտանց քրքջալ, բայց այդ միջոցին խեղդող հազը բռնեց։

— Ասացեք,— վերջապես հարցրեց նա խռպոտ ձայնով,— դուք անպայման գրած կլինեք և ոտանավորներ։ Տվեք ինձ մի քանիսը կարդալու։

— Միայն թե այստեղ մի՛ կարդացեք,— խնդրեց Մարտինը,— ուզում եմ զրուցել ձեզ հետ։ Իսկ ոտանավորները ես կծրարեմ, և դուք կարող եք տուն տանել։

Բրիսենդենը մեկնեց՝ իր հետ վերցնելով «Սոնետներ սիրո մասին» և «Փերին ու մարգարիտը»։ հաջորդ օրը նա նորից եկավ, ողջունեց Մարտինին և ասաց․

— Էլի եմ ուզում։

Ոչ միայն Բրիսենդենը հավաստիացրեց Մարտինին, որ նա բանաստեղծ է, այլև Մարտինը հասկացավ, որ Բրիսենդենը նույնպես բանաստեղծ է։ Նա աչքի անցկացրեց Բրիսենդենի գրվածքները և ապշեց, որ նա ոչ մի փորձ չի արել հրատարակելու դրանք։

— Սատանան տանի դրանց բոլորին էլ,— ասաց Բրիսենդենը, երբ Մարտինն առաջարկեց ուղարկել նրա բանաստեղծությունները որևէ հանդեսի։— Սիրեցեք գեղեցկությունը հենց ի սեր գեղեցկության և ձեռք քաշեք հանդեսներից,— խորհուրդ տվեց նա։— Ա՜խ Մարտին Իդեն, վերադարձեք ձեր նավերն ու ձեր ծովերը։ Ի՞նչ գործ ունեք մարդկանց այս հիվանդոտ ու փտած քաղաքներում։ Դուք ինքնասպան եք լինում ամեն օր, որ վատնում եք դրանց մեջ՝ այլանդակելով գեղեցկությունը, որպեսզի հարմարվեք մամուլի ճաշակին։ Ինչպես ասացիք դուք ինձ վերջե՞րս․․․ Հա՜․․․ «Մարդը աստղաբաշխական օրագրության մեջ վերջինն է»․ լավ, ի՞նչ գործ ունեք դուք՝ օրագրության վերջինը, համբավի հետ, եթե դուք հասնեք համբավին, դա թույն կլինի ձեզ համար։ Իմ կարծիքով, դուք չափազանց ինքնօրինակ եք, անմիջական և շատ խելացի՝ այդպիսի երեխայական շիլայով սնվելու համար։ Հուսամ, որ դուք ոչ մի տող չեք վաճառի հանդեսներին։ Գեղեցկությունն է այն միակ տերը, որին պետք է ծառայել։ Ծառայել նրան, իսկ ամբոխին թող սատանան տանի։ Հաջողութհո՜ւն․․․ Էլ ի՞նչ հաջողություն է հարկավոր ձեզ, երբ դուք արդեն հասել եք դրան և՛ Սթիվենսոնին ձոնված ձեր սոնետում, որը, ասենք ի դեպ, գերազանցում է Հենլիի «Տեսիլքը», և՛ «Սոնետներում սիրո մասին», և՛ ծովային ոտանավորներում։ Դուք ուրախանում եք ոչ թե նրա համար, որ ձեր արածի մեջ հաջողության եք հասնում, այլ նրանով, որ ստեղծագործում եք։ Դուք կարող եք չասել այդ, բայց ես էլ, դուք էլ գիտենք այդ։ Գեղեցկությունը խոցել է ձեզ։ Դա ձեզանում անբուժելի մի հիվանդություն է, չապաքինվող մի վերք, հրաշեկ մի դանակ ձեր սրտում։ Ի՞նչ գործ ունեք սակարկելու մամուլի հետ։ Թող գեղեցկությունը լինի ձեր նպատակը, ինչու պետք է գեղեցկությունը լինի ձեր նպատակը. ինչո՞ւ պետք է գեղեցկությունը վերածեք ոսկու։ Միևնույն է, դա ձեզ չի հաջողվի, այնպես որ դրա մասին անհանգստանալու կարիք չունեմ։ Դուք կարող եք հազար տարի կարդալ հանդեսներ, բայց չեք գտնի ոչ մի արժեքավոր բան, որ հավասարվի Քիտսի մի տողին։ Մոռացեք հռչակի և դրամի մասին և հենց վաղը գնացեք նավարկության։

— Ես հետամուտ եմ ոչ թե հռչակին, այլ սիրո,— ծիծաղեց Մարտինը։— Թվում է, թե ձեզ համար սերը գոչություն չունի, իսկ ինձ համար գեղեցկությունը սիրո սպասուհին է։

Բրիսենդենը նայեց նրան կարեկցաբար՝ միաժամանակ հիացած։

— Դուք դեռ շատ երիտասարդ եք, Մարտին, շա՜տ երիտասարդ։ Դուք բարձր կթռչեք, բայց ձեր թևերը շատ նուրբ են։ Մի՛ այրեք դրանք. սակայն դուք արդեն այրել եք դրանք։ Եվ այս «Սոնետները սիրո մասին» դովերգել են ինչ֊որ չնչին մի շրջազգեստ... Եվ դա հենց խայտառակություն է։

— Նրանք գովերգում են սերը և ոչ թե հասարակ շրջազգեստը,— ծիծաղեց Մարտինը։

— Դա խենթության փիլիսոփայություն է,— առարկեց Բրիսենդենը։— Ես համոզվեցի դրանում, երբ, հաշիշ ընդունելուց հետո, անձնատուր եղա երազանքի, բայց զգույշ եղեք։ Այս բուրժուական քաղաքները կսպանեն ձեզ։ Օրինակի համար, վերցրեք չարչիների այդ որջը, ուր ես հանդիպեցի ձեզ։ Աստված վկա, դա աղբանոցից էլ վատ է։ Այդպիսի մթնոլորտում չի կարելի առողջ մնալ, ուզես-չուզես այնտեղ կստորանաս։ Չկա նրանց մեջ մեկը՝ տղամարդ թե կին, որ բարձրանա այդ ամբողջ գարշանքից վերև։ Նրանք բոլորն էլ շրջիկ ստամոքսներ են, որոնք իբր առաջնորդվում են մտավոր ու գեղարվեստական բարձր ներշնչումներով...

Նա մի անգամից ընդհատեց իր խոսքը և նայեց Մարտինին։ Հետո հանկարծական մի միտք շանթահարեց նրան․ նրա դեմքը արտահայտում էր սոսկում ու զարմանք։

— Եվ դուք ձեր հիանալի սիրային երգերի այդ շարքը գրել եք այդ դժգույն և ցամաքած էգի սիրո՞ւյն։

Հաջորդ րոպեին Մարտինն աջ ձեռքով սեղմեց նրա կոկորդը և այնպես ցնցեց նրան, որ Բրիսենդենի ատամները իրար բախվեցին։ Բայց ընդսմին Մարտինը նրա աչքերում նկատեց ոչ թե սարսափի արտահայտություն, այլ հետաքրքրություն և դիվային հեգնանք։ Մարտինն ուշքի եկավ, թողեց նրա կոկորդը և շպրտեց նրան անկողնու վրա։

Բրիսենդենը երկար ժամանակ չէր կարողանում շունչ քաշել։ Հանգստանալուց հետո նա հռհռաց։

— Դուք ինձ ձեր հավիտենական պարտապանը կանեիք, եթե վերջ տայիք իմ կյանքի մնացորդին,— ասաց նա։

— Վերջերս իմ ջղերը խանգարվել են,— արդարացավ Մարտինը,— հուսով եմ, որ չվնասեցի ձեզ։ Հիմա կպատրաստեմ թարմ գրոգ։

— Ա՜հ, դո՛ւք, երիտասարդ Հելլեն,— բացականչեց Բրիսենդենը։— Դուք բավականաչափ չեք գնահատում ձեր ֆիզիկական ուժը։ Ձեր մեջ դիվային ուժ կա. դուք երիտասարդ հովազ եք, կորյուն։ Դե՛, դե՜, դուք ինքներդ եք տուժելու ձեր այդ ուժի երեսից։

— Ինչպե՞ս թե,— հետաքրքրությամբ հարցրեց Մարտինը՝ տալով նրան բաժակը.— խմեք և մի՛ չարանաք։

— Պարզ է։— Բրիսենդենը խմեց և ժպտաց,— ամեն ինչ կանանց պատճառով եղավ։ Նրանք հանգիստ չեն տա ձեզ մինչև մահ, ինչպես հանգիստ չեն տալիս և հիմա։ Չէ որ ես երեկ չեմ ծնվել, ինձ խեղդելուց ի՞նչ օգուտ։ Միևնույն է, ես մինչև վերջ կասեմ իմ խոսքը։ Անկասկած, դա ձեր առաջին սերն է, բայց, ի սե՜ր գեղեցկության, հաջորդ անգամ ավելի ճաշակավոր եղեք։ Ձեր ինչի՞ն են պետք բուրժուական միջավայրի աղջիկները. ձեռք քաշեք դրանցից, գտեք ձեզ համար իսկական կին, կրակոտ, կրքոտ, այնպիսի մեկին, որը ծիծաղի կյանքի վրա, ծաղրի և՛ մահը, և՛ սերը։ Աշխարհի երեսին կան այդպիսի կանայք, և հավատացեք, որ նրանք էլ կհոժարեն սիրել ձեզ այնպես, ինչպես ամեն մի փոքրոգի կին բուրժուական միջավայրից։

— Փոքրոգի՜,— բացականչեց Մարտինը վրդովված։

― Հենց այդպես՝ փոքրոգի՛։ Նրանք թոթովելու են ձեզ մանրիկ, իրենց միջավայրում ծամծմված բարոյախոսություններ, և վախենալու են ապրել իսկական կյանքով։ Նրանք իրենց հասկացած ձևով են սիրելու ձեզ, Մարտի՛ն, բայց շատ ավելի սիրելու են իրենց ողորմելի բարոյականությունը։ Դուք ուզում եք շքեղ ու անկաշկանդ, մեծ ու ազատ հոգիների, փայլուն թիթեռնիկի, ոչ թե գորշ ցեցի կյանք։ Եվ սակայն ի վերջո բոլոր կանացի բաներն էլ կձանձրացնեն ձեզ, եթե դուք միայն դժբախտություն ունենաք ողջ մնալու. բայց դուք երկար չեք ապրի։ Դուք, չէ՞ որ չեք վերադառնա ձեր նավերն ու ծովերը․ քարշ կգաք այդ փտած քաղաքներում՝ մինչև որ ձեր ոսկորներն էլ փտեն, և կմեռնեք։

— Դուք կարող եք դասախոսել, բայց չեք կարող իմ համոզմունքներից ետ կանգնեցնել ինձ,— ասաց Մարտինը։— Վերջ ի վերջո դուք ունեք ձեր խառնվածքի իմաստությունը, իսկ իմ խառնվածքի իմաստությունը նույնքան անմեղանչական է, ինչքան ձերը։

Նրանք տարակարծիք էին սիրո, հանդեսների և այլ շատ հարցերի մեջ, բայց համակրում էին իրար, իսկ Մարտինը ավելի խոր սեր էր տածում դեպի Բրիսենդենը։ Նրանք սկսեցին տեսակցել ամեն օր, թեև Բրիսենդենը չէր կարողանում մի ժամից ավելի նստել Մարտինի տոթ սենյակում։ Բրիսենդենը ոչ մի անգամ չէր գալիս դատարկ ձեռքով, հետը միշտ բերում էր մի կվարտ վիսկի․ իսկ երբ նրանք ճաշում էին քաղաքում՝ որևէ տեղ, նա միշտ պատվիրում էր շոտլանդական վիսկի և սոդայաջուր։ Նա միշտ էլ վճարում էր երկուսի համար, և նրա շնորհիվ Մարտինը ծանոթացավ մի շարք համեղ կերակուրների և առաջին անգամ խմեց շամպայն ու հռենոսյան գինի։

Սակայն Բրիսենդենը միշտ էլ հանելուկային էր մնում։ Արտաքուստ ճգնավոր, նա միաժամանակ, չնայած իր ամբողջ սակավարյունությանը, բացահայտորեն հեշտասեր էր։ Նա չէր վախենում մահից, ցինիկ արհամարհանքով էր վերաբերվում մարդկային կյանքի բոլոր ձևերին. այնուամենայնիվ նա սիրում էր կյանքը՝ մինչև նրա ամենափոքր արտահայտությունը։ Նա տոչորվում էր ապրելու պապակով և հիմա, որ պատրաստվում էր մեռնել, փափագում էր մինչև կյանքի վերջին ատոմը «շարժվել իմ պստիկ տարածության վրա տիեզերական փոշու մեջ, որից գոյացել եմ ես»,— ինչպես մի օր նա ինքն ասաց։ Նա չարաշահում էր թմրեցուցիչ դեղեր և անում էր շատ տարօրինակ բաներ միայն նոր զգացողություններ և ապրումներ ունենալու նպատակով։ Նա պատմեց Մարտինին, թե մի անգամ երեք օր շարունակ ջուր չի խմել, որպեսզի վայելի ծարավը հագեցնելու բավականությունը։ Մարտինն այնպես էլ չիմացավ, թե ով և ինչ է նա։ Նա անցյալ չունեցող մարդ էր, նրան սպասում էր շիրիմը անմիջական ապագայում, իսկ ներկայումս նրան այրում էր ապրելու տենդը։
Վստահելի
1318
edits