Changes

հիմա նա դառնում է
<math>p_1´ \ = \ m´\frac{v}{EC}</math,>.
որովհետև v-ն ոչ մի փոփոխություն չի կրում, ուստի <math>\frac{v_1}{v}</math> գործոնն այստեղ դառնում է = 1։
պահպանում է իր վճռական նշանակությունը։ Սրանից հետևում է, որ հավելյալ արժեքի անփոփոխ նորմայի դեպքում՝
ա) շահույթի նորման ընկնում է, եթե E-ն ավելի մեծ է, քան e-ն, այսինքն եթե հաստատուն կապիտալն այնպես է աճում, որ ամբողջ կապիտալն ավելի ուժեղ հարաբերությամբ է աճում, քան փոփոխուն կապիտալը։ Եթե մի կապիտալ 80 c + 20 v + 20 m կազմից անցնում է 170 c + 30 v + 30 m կազմին, ապա m´-ը մնում է 100%, բայց <math>\frac{v}{C}</math>-ն <math>\frac{20}{100}</math>-ից ընկնում է մինչև <math>\frac{30}{200}</math>-ի, չնայած որ ինչպես v-ն, այնպես և C-ն աճել են, և շահույթի նորման համապատասխանորեն 20%-ից ընկնում է մինչև 15%։
բ) Շահույթի նորման անփոփոխ է մնում լոկ այն դեպքում, եթե e = E, այսինքն եթե <math>\frac{v}{C}</math> կոտորակը արտաքուստ փոխվելով հանդերձ միևնույն մեծությունն է պահպանում, այսինքն եթե համարիչն ու հայտարարը բազմապատկված կամ թե բաժանված են լինում միևնույն թվով։ 80 c + 20 v + 20 m-ն ու 160 c + 40 v + 40 m-ն ակներևորեն շահույթի միևնույն 20%-անոց նորման ունեն, որովհետև m´ մնում է = 100%, և <math>\frac{v}{C} \ = \ \frac{20}{100} \ = \ \frac{40}{200}</math> երկու օրինակում էլ միևնույն մեծությունն է ներկայացնում։
50% : 66<math>^2/_3</math>% < 10% : 20%։
3) p´-ն բարձրանում է կամ թե ընկնում հարաբերաբար ավելի թույլ չափով, քան m´-ն, եթե <math>\frac{v}{C}</math>-ն փոխվում է m´-ի փոխվելուն հակադիր ուղղությամբ, բայց հարաբերաբար ավելի թույլ չափով.
80 c + 20 v + 10 m; m´ = 50%, p´ = 10%
20 c (մաշվածք) + 358 c + 52 v + 80 m = 510.
Այսպիսով ուրեմն, շրջանառու կապիտալի շաբաթական կանխավճարումն էր 358 c + 52 v = 410, և սրա տոկոսային կազմը = 87,3 c + 12,7 v։ 2500 ֆ. ստ. շրջանառու ամբողջ կապիտալի վրա հաշվելով, ստանում ենք 2182 ֆ. ստ. հաստատուն ու 318 ֆ. ստ. փոփոխուն կապիտալ։ Որովհետև աշխատավարձի վրա արված ամբողջ ծախսումը տարվա մեջ 52 անգամ 52 ֆ. ստ. էր, հետևաբար 2704 ֆ. ստ., ապա դուրս է գալիս, որ 318 ֆ. ստ.-անոց փոփոխուն կապիտալը տարվա մեջ գրեթե ճիշտ 8½ անգամ պտույտ է գործել։ Հավելյալ արժեքի նորման էր <math>\frac{80}{52}</math> = 153<math>^{11}/_{13}</math>։ Այս տարրերից ելնելով, մենք հաշվում ենք շահույթի նորման, ընդորում <math>p´ \ = \ m´n\frac{v}{C}</math> ֆորմուլայի մեջ մենք տեղադրում ենք հետևյալ թվական մեծությունները՝ m´ = 153<math>^{11}/_{13}</math>, n = 8½, v = 318, C = 12 500. այսպիսով ստանում ենք
p´ = 153<math>\frac{11}{13}</math> × 8½ × <math>\frac{318}{12 \ 500}</math> = 33,27%։
Այստեղ, ինչպես մինչև հիմա, ենթադրվում է, թե հավելյալ արժեքի նորմայի ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում։ Այս ենթադրությունն անհրաժեշտ է՝ տվյալ դեպքն իր զուտ՝ կերպարանքով հետազոտելու համար։ Սակայն կարող է պատահել, որ հավելյալ արժեքի անփոփոխ նորմայի դեպքում մի կապիտալ բանվորների աճող կամ թե նվազող մի թիվ աշխատեցնի գործի այնպիսի սեղմման կամ թե ընդարձակման հետևանքով, որի պատճառը մեզ այստեղ զբաղեցնող՝ հումքի գների տատանումները լինեին։ Այս դեպքում հավելյալ արժեքի մասսան կարող է փոխվել հավելյալ արժեքի հաստատուն նորմայի պայմաններում։ Սակայն այստեղ պետք է այս էլ մի կողմ թողնել, իբրև միջնակա դեպք։ Եթե մեքենաների բարելավումն ու հումքի գների փոփոխությունը միաժամանակ են ներգործում՝ կամ տվյալ կապիտալի աշխատեցրած բանվորների մասսայի վրա կամ թե աշխատավարձի բարձրության վրա, ապա՝ պետք է սոսկ առադրել 1) այն ներգործությունը, որ հաստատուն կապիտալի փոփոխությունն է անում շահույթի նորմայի վրա, 2) այն ներգործությունը, որ աշխատավարձի փոփոխությունն է անում շահույթի նորմայի վրա. այս դեպքում հանրագումարն ստացվում է ինքն իրեն։
Բայց այստեղ, ինչպես նախընթաց դեպքում, պետք է ընդհանրապես նկատել հետևյալը. եթե փոփոխություններ են տեղի ունենում, ուզում է՝ հաստատուն կապիտալի տնտեսման հետևանքով, կամ թե հումքի գների տատանումների հետևանքով, միևնույն է,— նրանք միշտ ազդում են շահույթի նորմայի վրա նույնիսկ այն ժամանակ, երբ միանգամայն անփոանփոփոխ են թողնում աշխատավարձը, ուրեմն և հավելյալ արժեքի նորման ու մասսան։ Նրանք <math>m´\frac{v}{C}</math>-ի մեջ փոխում են C-ի մեծությունն ու սրանով էլ ամբողջ կոտորակի մեծությունը։ Հետևաբար այստեղ էլ ի տարբերություն նրանից, ինչ որ տեսանք հավելյալ արժեքը քննելիս — բոլորովին նշանակություն չունի, թե այս փոփոխություններն արտադրության ո՛ր ոլորտում են կատարվում, արդյոք նրանց կողմից շոշափված արդյունաբերության ճյուղերը բանվորների համար կենսամիջոցներ, resp. այսպիսի կենսամիջոցների արտադրության համար հաստատո՞ւն կապիտալ են արտադրում, թե ոչ։ Այստեղ զարգացրած դրույթները վերաբերում են նմանապես այն դեպքերին, երբ փոփոխությունները կատարվում են պերճանքի արտադրության մեջ, իսկ պերճանքի առարկաների արտադրություն ասելով այստեղ պետք է հասկանալ ամեն մի արտադրություն, որն անհրաժեշտ չի բանվորական ուժի վերարտադրության համար։ Հումքի տակ այստեղ օժանդակ մատերիալներն էլ են հասկացվում, ինչպիսիք են՝ ինդիգոն, ածուխը, գազը և այլն։ Այնուհետև, որչափով որ այս ռուբրիկայում քննվում են մեքենաները, սրանց սեփական հումքը կազմված է երկաթից, փայտից, կաշուց և այլն։ Ուստի մեքենաների սեփական գնի վրա ազդում են այն հումքի գնի տատանումները, որը մտնում է նրանց հորինվածքի մեջ։ Որչափով որ մեքենաների գինը բարձրանում է գների տատանումների շնորհիվ, ուզում է՝ այն հումքի գնի, որից կազմված են մեքենաները, թե այն օժանդակ մատերիալի գնի, որ գործադրվում է նրանց բանեցնելու ժամանակ, միևնույն է,— շահույթի նորման համապատասխանորեն ընկնում է, եթե ընդհակառակն է՝ ընդհակառակը։ Հաջորդ հետազոտումների ժամանակ մենք սահմանափակվում ենք հումքի գների տատանումներով, բայց ոչ այն չափով որչափով նա իբրև հումք մտնում է որպես աշխատամիջոցներ գործող մեքենաների հորինվածքի մեջ, կամ թե իբրև օժանդակ մատերիալ է ծառայում մեքենաները գործադրելիս, այլ այն չափով, որչափով նա իբրև հումք մտնում է ապրանքի արտադրության պրոցեսի մեջ։ Այստեղ լոկ այս պետք է նկատել. երկաթի, ածխի, փայտի ու այլոց, այսինքն մեքենաների հորինվածքի ու կիրառման գլխավոր տարրերի բնական հարստությունն այստեղ իբրև կապիտալի բնաճուն պտղաբերություն է երևան գալիս և շահույթի նորմայի որոշման մի տարր է՝ անկախ աշխատավարձի բարձրությունից կամ թե ցածրությունից։ Որովհետև շահույթի նորման է՝ <math>\frac{m}{C}</math> կամ = <math>\frac{m}{c+v}</math>, ուստի պարզ է, որ այն ամենը, ինչ որ մի փոփոխություն է մտցնում c-ի ու սրա հետեւանքով էլ C-ի մեծության մեջ, նմանապես մի փոփոխություն է առաջ բերում շահույթի նորմայի մեջ, եթե նույնիսկ m-ն ու v-ն ու սրանց փոխադարձ հարաբերությունն անփոփոխ են մնում։ Բայց հումքը հաստատուն կապիտալի մի գլխավոր մասն է կազմում։ Մինչև անգամ արդյունաբերության այն ճյուղերում, որոնք չեն գործադրում ոչ մի հումք բառիս իսկական իմաստով, նա մտնում է իբրև օժանդակ մատերիալ կամ թե իբրև մեքենաների և այլոց բաղադրամաս, և այս ճանապարհով էլ նրա գների տատանումները համապատասխանորեն ազդում են շահույթի նորմայի վրա։ Եթե հումքի գինն ընկնում է մի գումարի չափով, որ = d, ապա <math>\frac{m}{C}</math>-ն կամ <math>\frac{m}{c+v}</math>-ն փոխվում է <math>\frac{m}{C-d}</math>-ի կամ թե <math>\frac{m}{(c-d)+v}</math>-ի։ Հետևաբար շահույթի նորման բարձրանում է։ Ընդհակառակը, եթե հումքի գինը բարձրանում է, ապա <math>\frac{m}{C}</math>-ն կամ <math>\frac{m}{c+v}</math>-ն հիմա դառնում է <math>\frac{m}{C+d}</math> կամ <math>\frac{m}{(c+d)+v}</math>, ուստի շահույթի նորման ընկնում է։ Այսպիսով ուրեմն, այլ հավասար պայմաններում շահույթի նորման ընկնում է և բարձրանում հումքի գնի փոխվելու հակառակ ուղղությամբ։ Այստեղից ի միջի այլոց հետևում է, թե արդյունաբերական երկրների համար որքան կարևոր է հումքի ցած գինը, եթե մինչև անգամ հումքի գնի տատանումներին ամենևին ուղեկից չեն եղել փոփոխություններ արդյունքի վաճառքի ոլորտում, ուրեմն բոլորովին, մի կողմ թողած պահանջարկի ու առաջարկի հարաբերությունը։ Այնուհետև սրանից հետևում է, որ արտաքին առևտուրն ազդում է շահույթի նորմայի վրա, նույնիսկ եթե մի կողմ ենք թողնում ամեն մի ներգործություն, որ նա անում է աշխատավարձի վրա՝ անհրաժեշտ կենսամիջոցներն էժանացնելով։ Այսինքն արտաքին առևտուրն ազդում է արդյունաբերության կամ թե երկրագործության մեջ մտնող հումքի ու օժանդակ մատերիալների գների վրա։ Շահույթի նորմայի բնության վերաբերմամբ ու նրա՝ հավելյալ արժեքի նորմայից ունեցած մասնահատուկ տարբերության վերաբերմամբ մինչև հիմա գոյություն ունեցող բոլորովին պակասավոր հայացքն է մեղավոր, երբ մի կողմից այն տնտեսագետները, որոնք մատնանշում են գործնական փորձով հավաստված՝ հումքի գների զգալի ազդեցությունը շահույթի նորմայի վրա, տեսականորեն բոլորովին սխալ են բացատրում այս (Տորրենս), այնինչ մյուս կողմից՝ այնպիսի տնտեսագետներ, որոնք հավատարիմ են մնում ընդհանուր սկզբունքներին, ինչպիսին Ռիկարդոն է, չեն նկատում, օրինակ, համաշխարհային առևտրի ազդեցությունը շահույթի նորմայի վրա։ Հետևաբար հասկանալի է այն մեծ կարևորությունը, որ արդյունաբերության համար ունի հումքի վրա դրված մաքսերի վերացումը կամ թե իջեցումը. ուստի հումքին ըստ կարելվույն ազատ մուտք տրամադրելը ռացիոնալ կերպով զարգացած հովանավորական մաքսային սիստեմի գլխավոր ուսմունքն է եղել։ Հացահատիկների մաքսերի վերացման կողքին այս էր անգլիական ֆրիտրեդերների գլխավոր նպատակը. նրանք ամենից առաջ հոգում էին, որ բամբակի մաքսն էլ վերացվի։ Իբրև մի օրինակ այն բանի, թե ինչ կարևորություն ունի գների իջեցումը ոչ թե բուն հումքի, այլ մի այնպիսի օժանդակ մատերիալի նկատմամբ, որը միաժամանակ սննդի գլխավոր տարր է, կարող է ծառայել ալյուրի գործածությունը բամբակեղենի արդյունաբերության մեջ։ Դեռ 1837 թվականին Ռ. Հ. Գրեգը<ref>The Factory Question and the Ten Hours Bill. By R.H. Greg, London 1837, p. 115.</ref> հաշվում էր, որ այն ժամանակ Մեծ Բրիտանիայում բանեցվող բամբակամանագործական 100 000 մեխանիկական հաստոցներն ու 250 000 ձեռնահաստոցները տարեկան 41 միլիոն ֆունտ ալյուր էին գործածում հենքերը շոհելու համար։ Սրա վրա ավելանում էր այս քանակի մի երրորդն էլ սպիտակացման ու այլ պրոցեսների համար։ Այս եղանակով գործածված ալյուրի ընդհանուր արժեքը վերջին 10 տարվա համար նա հաշվում է տարեկան 342 000 ֆ. ստ.։ Համեմատությունը Մայր-ցամաքի վրա եղած ալյուրի գների հետ ցույց տվեց, որ այն գնահավելուրդը, որ անգլիական գործարանատերերն ստիպված էին վճարելու հացահատիկների մաքսերի հետևանքով, միայն ալյուրի համար տարեկան կազմում էր 170 000 ֆ. ստ.։ Գրեգը 1837 թվականի համար այն գնահատում է առնվազն 200 000 ֆ. ստ. և մի ֆիրմայի մասին ասում է, թե ալյուրի համար սրա վճարած գնահավելուրդն անում էր տարեկան 1000 ֆ. ստ.։ Սրա հետևանքով ահա «խոշոր գործարանատերերը, հոգացող ու հաշվիմաց գործարարներն ասում էին, թե 10-ժամյա օրական աշխատանքը լիովին բավական կլիներ, եթե հացահատիկների մաքսերը վերացվեին» (Rep. Fact., Oct. 1848, p. 98)։ Հացահատիկների մաքսերը վերացվեցին, սրանից զատ վերացվեց բամբակի ու այլ հումքի մաքսն էլ. բայց հազիվ էր ձեռք բերվել այս, երբ գործարանատերերի կողմից տասժամյա բիլլին ցույց արվող դիմադրությունն ավելի սաստկացավ, քան երբևէ։ Եվ երբ սրանից անմիջապես հետո տասժամյա գործարանային աշխատանքն այնուամենայնիվ օրենք դարձավ, առաջին հետևանքը եղավ աշխատավարձի ընդհանրական իջեցման փորձը։ Հումքի ու օժանդակ մատերիալի արժեքն ամբողջովին ու միանգամից է մտնում այն արդյունքի արժեքի մեջ, որի համար նրանք գործ են ածվում, մինչդեռ հիմնական, կապիտալի տարրերի արժեքը միմիայն նրա մաշվածքի չափով, ուրեմն լոկ աստիճանաբար է անցնում արդյունքին։ Սրանից հետևում է, որ արդյունքի գինը մի շատ ավելի բարձր աստիճանով է ազդվում հումքի գնից, քան հիմնական կապիտալի գնից, թեև շահույթի նորման որոշվում է գործադրվող կապիտալի արժեքի ամբողջ գումարով, անկախ այն հանգամանքից, թե նրա ո՞ր մասն է սպառվել կամ չի սպառվել։ Բայց պարզ է, որ շուկայի ընդարձակվելն ու սահմանափակվելը կախված է առանձին ապրանքի գնից և այս գնի բարձրացման կամ թե անկման նկատմամբ հակառակ հարաբերության մեջ է գտնվում,— թեև այս կետն այստեղ հարևանցի է հիշատակվում, որովհետև մենք այստեղ դեռ ենթադրում ենք, որ ապրանքներն իրենց արժեքով են ծախվում, և ուրեմն այստեղ մեր կողմից դեռ խոսք չի կարող լինել գների այն տատանումների մասին, որոնք առաջ են գալիս մրցման հետևանքով։ Ահա ինչու իրականության մեջ հանդիպում ենք այն երևույթին, որ հումքի գնի բարձրացման դեպքում ֆաբրիկատի գինը նույն հարաբերությամբ չի բարձրանում, ինչպես հումքինը, և հումքի գնի անկման դեպքում նույն հարաբերությամբ չի իջնում։ Ուստի շահույթի նորման մի դեպքում ավելի ցած է իջնում, մի ուրիշ դեպքում ավելի վեր է բարձրանում, քան կլիներ, եթե ապրանքներն իրենց արժեքով ծախվեին։ Այնուհետև, գործադրվող մեքենաների մասսան ու արժեքն աճում են աշխատանքի արտադրողական ուժի զարգացմանը զուգընթաց, բայց ոչ նույն հարաբերությամբ, որով այս արտադրողական ուժն է աճում, այսինքն որով այս մեքենաներն արդյունքի մի աճած քանակ են մատակարարում։ Հետևաբար արդյունաբերության այն, ճյուղերում, որտեղ առհասարակ հումք է մտնում, այսինքն որտեղ ինքն աշխատանքի առարկան արդեն նախորդ աշխատանքի արդյունք է, այդտեղ աշխատանքի արտադրողականության աճումն արտահայտվում է ճիշտ այն հարաբերությամբ, որով հումքի մի ավելի մեծ քանակ աշխատանքի մի որոշ քանակ է կլանում, ուրեմն արտահայտվում է հումքի այն աճող մասսայի չավով, որն, օրինակ, մի բանվորական ժամում արդյունքի է փոխարկվում, վերամշակվելով ապրանք է դառնում։ Այսպիսով, ուրեմն, այն հարաբերությամբ, որով զարգանում է աշխատանքի արտադրողական ուժը, հումքի արժեքն ապրանքային արդյունքի արժեքի մշտապես աճող մի բաղադրամասն է կազմում և այդ տեղի է ունենում ոչ միայն այն պատճառով, որ նա ամբողջովին է մտնում սրա մեջ, այլ և այն պատճառով, որ ընդհանուր արդյունքի յուրաքանչյուր պատկական մասում թե՛ այն մասը, որ մեքենաների մաշվածքն է կազմում, ու թե այն մասը, որ նոր միակցված աշխատանքն է կազմում, երկուսն էլ, քանի գնում, պակասում են։ Իջեցման ուղիով ընթացող այս շարժման հետևանքով հարաբերաբար աճում է արժեքի մյուս մասը, որ հումքն է կազմում, եթե այս աճումը չի վերացվում հումքի արժեքի մի համապատասխան նվազումով, որն առաջ է գալիս հումքի իսկ սեփական արտադրության համար կիրառվող աշխատանքի աճող արտադրողականությունից։ Այնուհետև. որովհետև հումքն ու օժանդակ մատերիալները, ճիշտ այնպես, ինչպես աշխատավարձը, շրջանառու կապիտալի բաղադրամասերն են կազմում, ուրեմն միշտ պետք է ամբողջովին փոխհատուցվեն արդյունքի ամենանգամյա վաճառքից, այնինչ մեքենաների միմիայն մաշվածքը պետք է փոխարինվի, և այն էլ նախ պահեստի ֆոնդի ձևով — ընդորում իրոք ամենևին էական չի, որ ամեն մի առանձին վաճառք իր մասը մուծի պահեստի այս ֆոնդի մեջ, այլ ենթադրվում է լոկ, որ ամբողջ տարվա վաճառքն է իր տարեկան մասը մատակարարում այս նպատակով,— ուստի այստեղ նորից պարզվում է, թև ինչպես հումքի գնի մի բարձրացում կարող է վերարտադրության ամբողջ պրոցեսը կրճատել կամ թե կասեցնել, որովհետև ապրանքի վաճառքից կորզած գինը չի բավարարում ապրանքի բոլլոր տարրերը փոխհատուցելու, կամ թե այն պատճառով, որ նա անկարելի է դարձնում՝ շարունակել պրոցեսն իր տեխնիկական պատվանդանին համապատասխանող մի մասշտաբով, այնպես որ կա՛մ մեքենաների լոկ մի մասը կարող է բանեցվել, կամ թե բոլոր մեքենաները չեն կարոդ սովորական լրիվ ժամանակով աշխատել։ Վերջապես, թափթփուկների առաջացման հետ կապված ծախքերը փոխվում են հումքի գնի տատանումների հետ ուղիղ հարաբերությամբ. բարձրանում են, երբ նա բարձրանում է, և ընկնում են, երբ ընկնում է։ Բայց այստեղ էլ մի սահման կա։ Դեռ 1850 թվականին ասված. է «Հումքի գնի բարձրացումից առաջ եկող զգալի կորստի մի աղբյուրը, այն է թափթփուկների հետևանքով ունեցած կորուստը հազիվ թե նկատեն մարդիկ, որոնք պրակտիկ-մանորդներ չեն։ Ինձ հաղորդում են, որ երբ բամբակի գինը բարձրանում է, մանածագործարանատիրոջ ծախքերը, մանավանդ ցած որակի մանվածքի դեպքում, ավելի բարձր հարաբերությամբ են աճում, քան վճարած գնահավելուրդը։ Կոշտ մանվածք պատրաստելիս թափթփուկը 15%-ից բարձրանում է. եթե այս նորման ֆունտին ½ պենս կորուստ է պատճառում բամբակի 3½ պենս գնի դեպքում, ապա նա կորուստը ֆունտին 1 պենսի է բարձրացնում, հենց որ բամբակի գինը բարձրանում է 7 պենսի» (Rep. Fact., April 1850, p. 17)։ Բայց երբ ամերիկյան քաղաքացիական պատերազմի հետևանքով բամբակի գինը բարձրանալով հասավ մի այնպիսի մակարդակի, որ գրեթե 100 տարուց ի վեր լսված չէր, հաշվետվության տոնը հիմնովին փոխվեց. «Այն գինը, որ հիմա տրվում ,է բամբակի թափթփուկի համար, ու թափթփուկն իբրև հումք նորից գործարան մտցնելը մի որոշ փոխհատուցում են տալիս այն տարբերության դիմաց, որ կա հնդկական ու ամերիկյան բամբակի միջև թափթփուկների հետևանքով ունեցան կորստի. առնչությամբ։ Այս տարբերությունն անում է մոտ 12½%։ Հնդկական բամբակի վերամշակման ժամանակ կորուստը 25% է, այնպես որ բամբակը մանածագործարանատիրոջ վրա իրականում ¼-ով ավելի է նստում, քան սա վճարում է նրա համար։ Թափթփուկի հետեւանքով ունեցած կորուստն այնքան կարևոր նշանակություն չուներ, երբ ամերիկյան բամբակի ֆունտը 5 կամ թե 6 պենս էր, որովհետև կորուստը ֆունտին ¾ պենսից չէր գերազանցում. բայց նա շատ կարևոր նշանակություն ունի հիմա, երբ բամբակի ֆունտը 2 շիլլինգ արժե, և ուրեմն թափթփուկների հետեւանքով գոյացող կորուստը 6 պենս է անում»<ref>Եզրափակող նախադասության մեջ հաշվետվությունը մի սխալ է անում։ Թափթփուկի հետևանքով գոյացող կորուստը 6 պենսի փոխարեն պետք է 3 պենս հաշվվի։ Թեև այս կորուստը հնդկական բամբակի նկատմամբ 25% է, բայց ամերիկյան բամբակի նկատմամբ միմիայն 12½—15% է անում, և հենց սրա մասին է խոսքն այստեղ, ընդորում առաջ 5-ից մինչև 6 պենս գնի դեպքում միևնույն նորման ճիշտ էր հաշվված։ Անշուշտ, ինչ վերաբերում է այն ամերիկյան բամբակին, որը քաղաքացիական պատերազմի վերջին տարիներում Եվրոպա էր գալիս, թափթփուկի տոկոսը հաճախ ավելի բարձր էր լինում, քան առաջներում։ Ֆ. Է.։</ref> (Rep. Fact., Oct. 1863, p. 106)։ ====II. ԿԱՊԻՏԱԼԻ ԱՐԺԵՔԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ ՈՒ ԱՆԿՈՒՄԸ, ԿԱՊԻՏԱԼԻ ԱԶԱՏԱՐՁԱԿՈՒՄՆ ՈԻ ԿՑԱԿԱՊՈՒՄԸ==== Այն երևույթները, մենք այս գլխում հետազոտում ենք, իրենց լիակատար զարգացման համար ենթադրում են վարկի առկայությունն ու մրցումը համաշխարհային շուկայում, որն ընդհանրապես արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանն ու կենսամթնոլորտն է կազմում։ Բայց կապիտալիստական արտադրության այս կոնկրետ ձևերը կարող են սպառիչ կերպով ներկայացվել այն բանից հետո միայն, երբ կապիտալի ընդհանուր բնությունն ըմբռնված է արդեն բացի սրանից, նրանց շարադրանքը մեր երկի սահմաններից դուրս է և կարող է սրա հնարավոր շարունակության նյութը կազմել։ Այնուամենայնիվ վերնագրում նշված երևույթներն այստեղ կարող են քննարկվել ընդհանուր առմամբ։ Նրանք կապված են նախ միմյանց հետ ու երկրորդ՝ շահույթի թե՛ նորմայի ու թե՛ մասսայի հետ։ Նրանք համառոտ պետք է շարադրվեն արդեն այն պատճառով, որ առաջացնում են մտապատրանք, իբր թե շահույթի ոչ միայն նորման, այլ և մասսան,— որն իրոք նույնն է, ինչ որ հավելյալ արժեքի մասսան է,— կարող են նվազել կամ թե աճել՝ անկախ հավելյալ արժեքի շարժումներից, նրա մասսայի ու նորմայի շարժումներից։ Արդյոք կապիտալի ազատարձակումն ու կցակապումը մի կողմում և նրա արժեքի բարձրացումն ու անկումը մյուս կողմում պետք է քննել իբրև, տարբե՞ր երևույթներ։ Նախ հարց է ծագում. ի՞նչ ենք հասկանում մենք կապիտալի ազատարձճակում ու կցակապում ասելով։ Արժեքի բարձրացումն ու անկումը հասկանալի են ինքնըստինքյան։ Նրանք ուրիշ ոչինչ չեն նշանակում, բայց եթե այն, որ առկա կապիտալը տնտեսական այս կամ այն ընդհանրական պարագաների հետևանքով — որովհետև խոսքը չի վերասերում մի որևէ առանձին կապիտալի հատուկ վիճակին — ըստ արժեքի աճում կամ թե նվազում է. հետևաբար արտադրության համար կանխավճարված կապիտալի արժեքը բարձրանում կամ թե ընկնում է՝ անկախ նրա արժեքի այն ճոճումից, որն ստացվում է նրա կիրառած հավելյալ աշխատանքի շնորհիվ։ Կապիտալի կցակապում ասելով մենք հասկանում ենք այն, որ արդյունքի ընդհանուր արժեքից որոշ տվյալ համամասնություններ նորից պետք է ետփոխարկվեն հաստատուն կամ թե փոփոխուն կապիտալի տարրերի, որպեսզի արտադրությունն իր հին մասշտաբով շարունակվի։ Կապիտալի ազատարձակում ասելով մենք հասկանում ենք այն, որ արդյունքի ընդհանուր արժեքի մի մասը, որը մինչև, այժմ կա՛մ հաստատուն կամ թե փոփոխուն կապիտալի էր ետփոխարկվելու, ազատ է արձակվում և ավելորդ է դառնում, եթե արտադրությունը շարունակվում է իր հին մասշտաբով։ Կապիտալի այս ազատարձակումն ու կցակապումը տարբեր է եկամտի ազատարձակումից ու կցակապումից։ Եթե մի որևէ C կապիտալի տարեկան հավելյալ արժեքը, օրինակ, = x-ի, ապա այն ապրանքների էժանանալու հետևանքով, որոնք մտնում են կապիտալիստների սպառման մեջ, կարող է x-a-ն բավական լինել վայելքների և այլոց նույն քանակն ընձեռելու համար, ինչ որ առաջ։ Ուրեմն եկամտի մի մասը, որ = a-ի, աղատ է արձակվում և կարող է ծառայել կամ սպառումը մեծացնելուն, կամ թե նորից կապիտալի փոխարկվելուն (կուտակմանը)։ Ընդհակառակը, եթե ապրելու միևնույն եղանակը շարունակելու համար x+a է պահանջվում, ապա կամ պետք է այս ապրելակերպը սահմանափակվի կամ թե չէ՝ եկամտի մի մասը, որ = a-ի և որն առաջ կուտակվում էր, հիմա պետք է ծախսվի իբրև եկամուտ։ Արժեքի բարձրացումն ու անկումը կարող է շոշափել կա՛մ հաստատուն կամ թե փոփոխուն կապիտալին կամ հենց երկուսին էլ, ընդորում եթե խնդիրը վերաբերում է հաստատուն կապիտալին, արժեքի փոփոխումը կարող է շոշափել ինչպես հիմնական, այնպես էլ շրջանառու մասին կամ հենց երկուսին միաժամանակ։ Հաստատուն կապիտալի կազմում պետք է քննության առնել հումքն, ու օժանդակ մատերիալները, որոնց շարքին են պատկանում նաև կիսաֆաբրիկատները,— այս բոլորը մենք այստեղ միացնում ենք հումք անվան տակ — այլ և մեքենաներն ու հիմնական կապիտալի այլ բաղադրիչ մասերը։ Վերևում մենք քննեցինք հումքի գնի, resp. արժեքի փոփոխությունն այն տեսակետից, թե այդ փոփոխությունն ինչպես է ազդում շահույթի նորմայի վրա և այն ընդհանրական օրենքը սահմանեցինք, որ այլ հավասար պայմաններում շահույթի նորման հակառակ հարաբերական է հումքի արժեքի բարձրության նկատմամբ։ Եվ այս անպայման ճիշտ է այն կապիտալի վերաբերմամբ, որը նոր է մի ձեռնարկության մեջ մտցվում, ուրեմն երբ կապիտալի ներդրումը փողի փոխարկումն արտադրողական կապիտալի, առաջին անգամն է տեղի ունենում։ Բայց մի կողմ թողած այս կապիտալը, որ նոր ներդրում է ներկայացնում, զբաղված, արդեն գործող կապիտալի մի խոշոր մասը գտնվում է շրջանառության ոլորտում, այնինչ մի ուրիշ մասն արտադրության ոլորտումն է գտնվում։ Մի մասն իբրև ապրանք շուկայում է և պետք է փողի փոխարկվի. մի ուրիշ մասն առկա է իբրև փող, վերջինիս տարբեր ձևերով, և պետք է ետփոխարկվի արտադրապայմանների. վերջապես երրորդ մասը գտնվում է արտադրության ոլորտում՝ մասամբ արտադրամիջոցների, հումքի, օժանդակ մատերիալների, շուկայում գնած կիսաֆաբրիկատի, մեքենաների ու հիմնական կապիտալի այլ տարրերի սկզբնական ձևով, մասամբ էլ դեռ պատրաստման շրջանում գտնվող արդյունքի կերպարանքով։ Թե արժեքի բարձրացումը կամ նրա անկումն այստեղ ինչպես են ներգործում, այս մեծապես կախված է այն համամասնությունից, որի մեջ գտնվում են նրանք միմյանց նկատմամբ։ Հարցի պարզեցման նպատակով մենք նախ և առաջ բոլորովին մի կողմ թողնենք ամբողջ հիմնական կապիտալը և քննենք հաստատուն կապիտալի այն մասը միայն, որը կազմված է հումքից, օժանդակ մատերիալներից, կիսաֆաբրիկատներից և պատրաստման շրջանում գտնվող ու շուկա հանած պատրաստի ապրանքներից։ Եթե բարձրանում է հումքի, օրինակ, բամբակի գինը, ապա բարձրանում է նաև բամբակեղեն ապրանքների գինը — կիսաֆաբրիկատներինը, ինչպես մանվածքն է ու պատրաստի ապրանքներինը, ինչպես գործվածքն է և այլն,— որոնք ավելի էժան բամբակից են պատրաստված, նմանապես բարձրանում է դեռ չվերամշակված, պահեստանոցում գտնվող, ինչես և դեռ վերամշակման շրջանում գտնվող բամբակի գինը։ Վերջինս, որովհետև հետադարձ ներգործությամբ դառնում է ավելի երկար բանվորական ժամանակի արտահայտություն և այն արդյունքին, որի մեջ մտնում է իբրև բաղադրամաս, ավելի բարձր արժեք է միակցում, քան սկզբնապես ինքն ուներ և քան նրա համար կապիտալիստն, էր վճարել։ Այսպիսով ուրեմն, եթե հումքի գնի բարձրացմանն ուղեկից է շուկայում գնվող պատրաստի ապրանքի մի զգայի քանակ,— վերամշակման որ աստիճանի վրա ուզում է լինի,— ապա բարձրանում է այս ապրանքի գինը, և սրա հետ էլ առկա կապիտալի արժեքի մի բարձրացում է տեղի ունենում։ Նույնը վերաբերում է հումքի և այլ մատերիալների այն պաշարին, որն արտադրողների մոտ է գտնվում։ Արժեքի այս բարձրացումը կարող է հատուցել կամ ավելի քան հատուցել մի առանձին կապիտալիստի կամ նույնիսկ կապիտալիստական արտադրության մի ամբողջ ոլորտի շահույթի նորմայի անկման այն կորուստը, որը հումքի գնի բարձրացումից է առաջ գալիս։ Առանց մրցման ներգործությունների մանրամասնությունների մեջ մտնելու այստեղ կարելի է սակայն լրիվության համար նկատել, որ 1) եթե պահեստանոցներում գտնվող հումքի պաշարը զգալի քանակ է կազմում, վերջինս հակազդում է գների այն բարձրացմանը, որը ծագում է հումքի արտադրության օրրանում. 2) եթե շուկայում գտնվող կիսաֆաբրիկատները կամ թե պատրաստի ապրանքները շուկայի վրա չափազանց ուժեղ ճնշում են գործում, հենց դրանով նրանք չեն թողնում, որ պատրաստի ապրանքների ու կիսաֆաբրիկատների գինը բարձրանա իրենց հումքի գնի բարձրանալու համեմատ։ Ընդհակառակն է լինում հումքի գնի անկման դեպքում, որն այլ հավասար հանգամանքներում բարձրացնում է շահույթի նորման։ Շուկայում գտնվող ապրանքների, դեռ պատրաստման շրջանում եղող առարկաների, հումքի պաշարի արժեքն ընկնում է և նրանով հակազդում շահույթի նորմայի միաժամանակյա բարձրացմանը։ Որքան ավելի փոքր է արտադրության ոլորտում ու շուկայում գտնվող պաշարը, օրինակ, օպերացիոն տարվա վերջում, այն ժամանակ, երբ հումքը նոր է մատակարարվում մեծ քանակով,— ենթադրենք, երկրագործական արդյունքների համար հնձից հետո — այնքան ավելի զուտ կերպարանքով է հանդես գալիս հումքի գնի փոփոխության ներգործությունը։ Մեր ամբողջ հետազոտության մեջ ելակետ ենք ունեցել այն ենթադրությունը, որ գների բարձրանալն ու իջնելն արժեքի իրական տատանումների արտահայտություն է։ Բայց որովհետև այստեղ խնդիրը վերաբերում է այն ներգործությանը, որ գների այս տատանումներն անում են շահույթի նորմայի վրա, ուստի փաստորեն նշանակություն չունի, թե հիշյալ տատանումների հիմքն ինչն է. հետևաբար այստեղ զարգացրած դրույթները հավասարապես վերաբերում են բոլոր այն դեպքերին, երբ գները բարձրանում կամ թե ընկնում են ոչ թե արժեքի տատանումների, այլ վարկային սիստեմի, մրցման և այլոց ներգործությունների հետևանքով։ Որովհետև շահույթի նորման արդյունքի արժեքի հավելույթի և կանխավճարված ամբողջ կապիտալի արժեքի մի հարաբերություն է, ուստի շահույթի նորմայի մի այնպիսի բարձրացում, որն առաջ է եկել կանխավճարված կապիտալի արժեքի անկումից, կարող է շաղկապվել կապիտալային արժեքի կորստի հետ նույնպես, ինչպես շահույթի նորմայի մի այնպիսի ցածրացում, որ կանխավճարված կապիտալի արժեքի բարձրացումից է առաջ եկել, կարող է շաղկապվել շահելու հետ։ Ինչ վերաբերում է հաստատուն կապիտալի մյուս մասին, մեքենաներին ու հիմնական կապիտալին ընդհանրապես, ապա արժեքի այն բարձրացումը, որ տեղի է ունենում այստեղ և շոշափում է շենքերը, հողը և այլն, չի կարող առանց հողային ռենտայի ուսմունքի հետազոտված լինել, ուստի և այս բաժնին չի պատկանում։ Բայց կապիտալի այդ մասի արժեքի անկման համար ընդհանրական կարևորություն ունի հետևյալը. 1) Մշտական բարելավումները, որոնց շնորհիվ առկա մեքենաները, գործարանային շենքերը և այլն հարաբերաբար զրկվում են իրենց սպառողական արժեքից, հետևաբար նաև իրենց արժեքից։ Այս պրոցեսը հատկապես հզորաբար է ներգործում նոր մեքենաների մուծման առաջին շըջանում, երբ սրանք դեռ հասունության մի որոշ աստիճանի շեն հասել, ուստի և շարունակ հնանում են ավելի վաղ, քան ժամանակ կունենային իրենց արժեքը վերարտադրելու։ Այս հանգամանքը հիմք է ծառայում այն երևույթին, որ նման ժամանակաշրջաններում սովորական է դառնում բանվորական ժամանակի անչափ երկարացումը, գիշեր ու ցերեկ իրար հաջորդող հերթափոխությամբ բանվորներին աշխատեցնելն այն նպատակով, որ ավելի կարճ ժամանակամիջոցում վերարտադրվի մեքենաների արժեքը՝ սրանց մաշվածքի համար շատ մեծ հատկացումներ չանելով։ Իսկ եթե մեքենաների գործունեության կարճ ժամանակը (նրանց կարճատև գոյությունը, հնարավոր բարելավումների նկատառությամբ) այս եղանակով չի հավասարակշռվում, ապա մեքենաներն իրենց բարոյական մաշվածքի հետևանքով արդյունքին փոխանցում են իրենց արժեքի մի այնքան խոշոր մասը, որ չեն կարողանում մրցել նույնիսկ ձեռնաշխատանքի հետ<ref>Օրինակները տես ի միջի այլոց Բեբբեջի մուտ։ Սովորական բուժամիջոցը աշխատավարձի իջեցումն — այստեղ էլ է կիրառվում, և այսպիսով արժեքի այս մշտական անկումը բոլորովին այլ կերպ է ներգործում, քան երազում է պարոն Կերին իր ներդաշնակային ուղեղով։</ref>։ Եթե մեքենաները, շենքերի կառուցվածքը, ընդհանրապես հիմնական կապիտալը հասած է լինում մի որոշ հասունության, այնպես որ նա համապատասխան մի երկար ժամանակի համար անփոփոխ է մնում գոնե իր հիմնական հորինվածքով, ապա արժեքի նույն անկումը տեղի է ունենում այս հիմնական կապիտալի վերարտադրության մեթոդների կատարելագործման հետևանքով։ Մեքենաների և այլոց արժեքը հիմա ընկնում է ոչ թե այն պատճառով, որ նրանք արագորեն դուրս են մղվում և մի որոշ աստիճանով զրկվում են իրենց արժեքից ավելի նոր, ավելի արտադրողական մեքենաների և այլոց հանդես գալով, այլ այն պատճառով, որ նրանք այժմ կարող են ավելի էժան վերարտադրվել։ Այս է այն հիմքերից մեկը, որոնց շնորհիվ հաճախ խոշոր ձեռնարկությունները միմիայն երկրորդ ձեռքերում են ծաղկում այն բանից հետո, երբ առաջին տերը սնանկացել է, իսկ երկրորդ տերը, որ հիշյալներն էժան է գնած լինում, հենց այն գլխից իր արտադրությունն սկսում է կապիտալի ավելի փոքր ծախսումով։ Երկրագործության մեջ առանձնապես աչքի է զարկում այն, որ նույն այն պատճառները, որոնք բարձրացնում կամ թե գցում են արդյունքի գինը, նաև, բարձրացնում կամ գցում են կապիտալի արժեքը, որովհետև սա ինքը մեծ մասամբ կազմված է նույն արդյունքից — հացահատիկից, անասուններից և այլն (Ռիկարդո)։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br>Այստեղ դեռ հիշատակելու է մնում փոփոխուն կապիտալը։ Քանի որ բանվորական ուժի արժեքը բարձրացնում է այն պատճառով, որ նրա վերարտադրության համար պահանջվող կենսամիջոցների արժեքն է բարձրանում, կամ թե, ընդհակառակը, նա ընկնում է այն պատճառով, որ այս կենսամիջոցների արժեքն ընկնում է,— իսկ փոփոխուն կապիտալի արժեքի բարձրացումն ու անկումն էլ ուրիշ ոչինչ չեն արտահայտում, բացի այս երկու դեպքից,— ուստի բանվորական օրվա անփոփոխ տևողության պայմաններում արժեքի այս բարձրացմանը համապատասխանում է հավելյալ արժեքի անկում ու արժեքի այս անկմանը՝ հավելյալ արժեքի աճում։ Բայց սրանց հետ կարող են միաժամանակ շաղկապված լինել նաև ուրիշ հանգամանքներ — կապիտալի ազատարձակումն ու կցակապումը, որոնք դեռ չեն հետազոտվել և որոնք հիմա պետք է կարճառոտ քննարկվեն։ Եթե աշխատավարձն ընկնում է բանվորական ուժի արժեքի անկման հետևանքով (որի հետ կարող է աշխատանքի ռեալ գնի նույնիսկ բարձրացում կապված լինել), ապա նշանակում է՝ կապիտալի այն մասը, որ մինչև հիմա ծախսվում էր աշխատավարձի վրա, ազատ է արձակվում։ Տեղի է ունենում փոփոխուն կապիտալի ազատարձակում։ Նոր ներդրելի կապիտալի համար այս պարզապես այն ներգործությունն է ունենում, որ նա գործում է հավելյալ արժեքի ավելի բարձր նորմայով։ Աշխատանքի միևնույն քանակն առաջվա համեմատությամբ ավելի քիչ փողով է շարժման մեջ դրվում, և աշխատանքի անվճար մասն այսպիսով աճում է վճարվածի հաշվին։ Բայց մինչև այժմ գործարկված կապիտալի համար ոչ միայն հավելյալ արժեքի նորման է բարձրանում այլև, բացի սրանից, ազատվում է մինչև հիմա աշխատավարձի վրա ծախսվող կապիտալի մի մասը։ Սա մինչև այժմ կցակապված էր և կազմում էր մի կայուն մաս, որն անջատվում էր արդյունքի վաճառքից ստացվող գումարից, պետք է աշխատավարձի վրա ծախսվեր, իբրև փոփոխուն կապիտալ գործեր, որպեսզի ձեռնարկությունը շարունակվեր հին մասշտաբով։ Հիմա այս մասն ազատ է և ուրեմն կարող է օգտագործվել իբրև կապիտալի նոր ներդրում, լինի այդ նույն ձեռնարկությունն ընդարձակելու, թե արտադրության մի այլ ոլորտում գործելու նպատակով։ Ընդունենք, օրինակ, որ շաբաթական 500 բանվոր բանեցնելու համար սկզբնապես 500 ֆ. ստ. էր պահանջվում, իսկ հիմա սրա համար 400 ֆ. ստ. է պահանջվում։ Ապա, եթե արտադրված արժեքի մասսան երկու անգամում էլ = 1000 ֆ. ստ., շաբաթական հավելյալ արժեքի մասսան առաջին անգամվա համար կլինի = 500 ֆ. ստ., հավելյալ արժեքի նորման՝ <math>\frac{500}{500}</math> = 100%. բայց աշխատավարձի իջեցումից հետո հավելյալ մասսան դառնում է 1000 ֆ. ստ. — 400 ֆ. ստ. = 600 ֆ. ստ. և նրա նորման՝ <math>\frac{600}{400}</math> = 150%։ Եվ հավելյալ արժեքի նորմայի այս բարձրացումը միակ հետևանքն է այն կապիտալիստի համար, որը 400 ֆ. ստ.-անոց մի փոփոխուն կապիտալով ու համապատասխան հաստատուն կապիտալով մի նոր ձեռնարկություն է հիմնում արտադրության միևնույն ոլորտում։ Բայց արդեն գործող ձեռնարկության մեջ այս դեպքում փոփոխուն կապիտալի արժեքի անկման հետևանքով ոչ միայն հավելյալ արժեքի մասսան է 500-ից 600 ֆ. ստ.-ի ու հավելյալ արժեքի նորման 100-ից 150%-ի բարձրանում. բացի սրանից, 100 ֆ. ստ. էլ փոփոխուն կապիտալից է ազատարձակվում, որով կարելի է նորից աշխատանք շահագործել։ Հետևաբար ոչ միայն աշխատանքի միևնույն քանակն ավելի օգտավետ կերպով է շահագործվում, այլև 300 ֆ. ստ.-ի ազատարձակման շնորհիվ 500 ֆ. ստ.-անոց միևնույն փոփոխուն կապիտալով առաջվանից ավելի շատ բանվորներ կարող են շահագործվել, այն էլ շահագործման բարձրացված նորմայով։ Հիմա կանգ առնենք հակառակ դեպքի վրա։ Ենթադրենք, աշխատում են 500 բանվոր և արդյունքի բաշխման սկզբնական հարաբերությունը = 400 v + 600 m = 1000, ուրեմն հավելյալ արժեքի նորման = 150%։ Այսպիսով բանվորն այստեղ ստանում է շաբաթական <math>^4/_5</math> ֆ. ստ. = 16 շիլլինգ։ Եթե փոփոխուն կապիտալի արժեքի բարձրացման հետևանքով 500 բանվորը հիմա շաբաթական 500 ֆ. ստ. են նստում, ապա ամեն մեկի շաբաթավարձն անում է = 1 ֆ. ստ., և 400 ֆ. ստ.-ը կարող է միմիայն 400 բանվոր գործի դնել։ Ուրեմն եթե առաջվա նման բանվորների միևնույն քանակը գործի դրվեր, ապա մենք կունենայինք 400 v + 500 m = 1000. հավելյալ արժեքի նորման ընկած կլիներ 150-ից 100%, ուրեմն <math>^1/_3</math>-ով։ Նոր ներդրելի կապիտալի համար միակ հետևանքն այն կլիներ, որ հավելյալ արժեքի նորման ավելի փոքր կլիներ։ Այլ հավասար պայմաններում շահույթի նորման համապատասխանորեն կընկներ, թեև ոչ նույն հարաբերությամբ։ Եթե, օրինակ, c = 2000, ապա մենք մի դեպքում ունենում ենք 2000 c + 400 v + 600 m = 3 000. m´ = 150%, p´ = <math>\frac{600}{2 \ 400}</math> = 25%։ Երկրորդ դեպքում՝ 2000 c + 500 v + 500 m = 3 000. m´ = 100%, p´ = <math>\frac{500}{2 \ 500}</math> = 20%։ Իսկ արդեն գործարկված կապիտալի համար ներգործությունը երկակի կլիներ։ 400 ֆ. ստ. փոփոխուն կապիտալով հիմա միմիայն 400 բանվոր կարող էր աշխատեցվել և այն էլ՝ հավելյալ արժեքի 100% նորմայով։ Այսպիսով նրանք միմիայն 400 ֆ. ստ. մի ընդհանուր հավելյալ արժեք են տալիս։ Այնուհետև, քանի որ 2000 ֆ. ստ. արժեքով մի հաստատուն կապիտալ 500 բանվոր է պահանջում իրեն շարժման մեջ դնելու համար, ապա 400 բանվորը միմիայն 1600 ֆ. ստ. արժեքով մի հաստատուն կապիտալ շարժման մեջ կդնեն։ Հետևաբար, որպեսզի արտադրությունը մինչայժմյան մասշտաբով շարունակվի, և մեքենաների <math>^1/_5</math>-ը պարապ չկանգնի, պետք է փոփոխուն կապիտալը 100 ֆ. ստ.-ով ավելացվի, որպեսզի առաջվա նման 500 բանվոր բանեցվի, իսկ այս հնարավոր է լոկ նրանով, որ մինչև այժմ ազատ եղած կապիտալը կցակապվում է, ընդորում կուտակման այն մասը, որը պետք է ընդարձակմանը ծառայեր, հիմա սոսկ լրացման գործին է ծառայում, այսինքն կուտակման, այն մասը, որ նախանշված էր իբրև եկամուտ՝ ծախսելու համար, հիմա միացվում է հին կապիտալին։ Այս դեպքում փոփոխուն կապիտալի՝ 100 ֆ. ստերլինգով աճած ծախսվումով 100 ֆ. ստ. ավելի պակաս հավելյալ արժեք է արտադրվում։ Ուրեմն բանվորների միևնույն քանակը գործի դնելու համար ավելի շատ կապիտալ է պահանջվում, և միաժամանակ նվազում է այն հավելյալ արժեքը, որ մատակարարում է ամեն մի առանձին բանվոր։ Այն օգուտները, որրոնք բխում են փոփոխուն կապիտալի ազատարձակումից, ու այն վնասները, որոնք ծագում են նրա կցակապումից, երկուսն էլ գոյություն ունեն արդեն գործարկված, ուրեմն և տվյալ համամասնություններով վերարտադրվող կապիտալի համար միայն։ Նոր ներդրելի կապիտալի համար մի կողմում օգուտն ու մյուս կողմում վնասը սահմանափակվում են հավելյալ արժեքի նորմայի բարձրացմամբ, resp. ցածրացմամբ ու շահույթի նորմայի մի համապատասխան, թեև ոչ երբեք համամասնսկան փոփոխությամբ։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br>Փոփոխուն կապիտալի նոր միայն հետազոտված ազատարձակումն ու կցակապումը փոփոխուն կապիտալի տարրերի արժեքի անկման ու բարձրացման հետևանք է, այսինքն բանվորական ուժի վերարտադրության ծախքերի անկման ու բարձրացման հետևանք։ Բայց փոփոխուն կապիտալը կարող էր ազատարձակվել նաև այն դեպքում, եթե արտադրողական ուժի զարգացման հետևանքով, աշխատավարձի անփոփոխ նորմայի պարագայում, ավելի քիչ բանվորներ պահանջվեին՝ հաստատուն կապիտալի միևնույն մասսան շարժման մեջ դնելու համար։ Նմանապես կարող է, ընդհակառակը, ավելադիր փոփոխուն կապիտալի կցակապում տեղի ունենալ, եթե աշխատանքի արտադրողական ուժի նվազելու հետևանքով ավելի շատ բանվորներ են պահանջվում հաստատուն կապիտալի միևնույն մասսայի համար։ Իսկ եթե, ընդհակառակը, առաջ իբրև փոփոխուն գործադրվող կապիտալի մի մասը գործադրվում է հաստատուն կապիտալի ձևով, ուրեմն միևնույն կապիտալի բաղադրամասերի միջև փոփոխված բաշխում է միայն տեղի ունենում, ապա այս թեև ազդում է հավելյալ արժեքի նորմայի, ինչպես և շահույթի նորմայի վրա, բայց կապիտալի կցակապման ու ազատարձակման այստեղ քննարկվող ռուբրիկային չի վերաբերում։ Հաստատուն կապիտալը նույնպես կարող է, ինչպես մենք արդեն տեսանք, կցակապվել ու ազատարձակվել այն տարրերի արժեքի բարձրացման ու անկման հետևանքով, որոնցից ինքը կազմվահծ է։ Այս մի կողմ թողած՝ նրա կցակապումը հնարավոր է լոկ այն ժամանակ (ընդունելով, որ փոփոխունի մի մասը հաստատունի չի փոխարկվում), եթե աշխատանքի արտադրողական ուժն աճում է, ուրեմն աշխատանքի միևնույն քանակն ավելի շատ արդյունք է ստեղծում և հետևաբար ավելի մեծաքանակ հաստատուն կապիտալ է շարժման մեջ դնում։ Որոշ հանգամանքներում կարող է միևնույնը տեղի ունենալ, եթե աշխատանքի արտադրողական ուժը նվազում է, ինչպես, օրինակ, երկրագործության մեջ, ընդորում աշխատանքի միևնույն քանակը նույն արդյունքն արտադրելու համար կարիք ունի ավելի շատ արտադրության միջոցների, օրինակ, ավելի շատ սերմացուի կամ թե պարարտացման միջոցների, դրենաժի [ցամաքուրդի] միջոցծերի և այլն։ Հաստատուն կապիտալն առանց արժեքի անկման կարող է ազատարձակվել այն դեպքում, եթե կատարելագործումների, բնական ուժերի կիրառման և այլոց շնորհիվ ավելի փոքր արժեք ներկայացնող մի հաստատուն կապիտալ ընդունակ է դարձվում տեխնիկապես միևնույն ծառայությունը մատուցելու, որ առաջ մի ավելի մեծ արժեքի կապիտալ էր մատուցում։ Ինչպես II գրքում տեսանք, երբ ապրանքները փողի են փոխարկվել, ծախվել են, այս փողի մի որոշ մասը նորից պետք է ետփոխարկվի հաստատուն կապիտալի իրեղեն տարրերի, և այն էլ այնպիսի համամասնություններով, որ պահանջում է արտադրության ամեն մի տվյալ ոլորտի որոշ տեխնիկական բնույթը։ Այստեղ բոլոր ճյուղերում աշխատավարձը, ուրեմն փոփոխուն կապիտալը մի կողմ թողած ամենակարևոր տարրը հումքն է՝ օժանդակ մատերիալների հետ միասին, որոնք հատկապես կարևոր են արտադրության այն ճյուղերում, որոնց մեջ ոչ մի բուն հումք չի մտնում, ինչպես, օրինակ, հանքարաններում՝ ու ընդհանրապես հայթայթող արդյունաբերության մեջ։ Գնի այն մասը, որը պետք է մեքենաների մաշվածքը փոխհատուցի, ավելի շատ իդեապես է հաշվի մեջ մտնում, քանի մեքենաները դեռ գործունակ են ընդհանրապես, առանձին նշանակություն չունի այն պարագան, թե հիշյալ մասն արդյոք այսօ՞ր, թև՞ վաղը, կամ թե չէ՝ կապիտալի պտուտաժամանակի ո՛ր փուլում է վճարվում և փողով փոխհատուցվում։ Այլ կերպ է դրվում խնդիրը հումքի նկատմամբ։ Եթե հումքի գինը բարձրանում է, ապա աշխատավարձը հանելուց հետո կարող է հումքի լրիվ փոխհատուցումն ապրանքի արժեքից անհնարին դառնալ։ Ուստի գների զորեղ տատանումներն առաջ են բերում վերարտադրության պրոցեսում ընդհատումներ, խոշոր բախյուններ ու նույնիսկ աղետներ։ Բուն երկրագործական արդյունքները, օրգանական բնությունից ծնունդ առնող հումքերն են հատկապես, որ հացահատիկների փոփոխվող բերքերի և այլոց հետևանքով ենթակա են արժեքի այսպիսի տատանումների,— այստեղ դեռ բոլորովին մի կողմ ենք թողնում վարկային սիստեմի ազդեցությունը։ Աշխատանքի միևնույն քանակը, բնության անվերահսկելի պայմանների, տարվա եղանակների բարենպաստ կամ թե անբարենպաստ լինելու և այլոց հետևանքով, կարող է սպառողական արժեքների շատ տարբեր քանակներ ներկայացնել այստեղ, և այս սպառողական արժեքների մի որոշ քանակ ըստ այսմ կարող է մի շատ տարբեր գին ունենալ։ Եթե x արժեքը մարմնանում է a ապրանքի 100 ֆունտի մեջ, ապա a-ի մի ֆունտի գինը = <math>\frac{x}{100}</math>. եթե մարմնանում է 1000 ֆ.-ի մեջ, ապա՝ a-ի մի ֆունտի գինը = <math>\frac{x}{1 \ 000}</math> և այլն։ Հետևաբար հումքի գնի այս տատանումների մի տարրը սա է։ Մի երկրորդ տարրը, որ միմիայն լրիվության համար ենք այստեղ հիշատակում — որովհետև մրցումը, ինչպես և վարկային սիստեմն այստեղ մեր քննության շրջանակից դեռ դուրս են — հետևյալն է. բնական պայմաններից է բխում այն երևույթը, որ բուսական ու կենդանական հումքը, որի աճումն ու արտադրությունը ենթարկված է հայտնի բնական ժամանակամիջոցների հետ շաղկապված որոշ օրգանական օրենքների, չի կարող հանկարծակի բազմացվել նույն չափով, ինչ չափով, օրինակ, մեքենաներն ու մնացած հիմնական կապիտալը — ածուխը, հանքը և այլն, որոնց բազմացումը — բնական այլ պայմանները տվյալ ենթադրելով — արդյունաբերապես զարգացած մի երկրում կարող է ամենակարճ ժամկետում կատարվել։ Ուստի հնարավոր է, իսկ զարգացած կապիտալիստական արտադրության պայմաններում նույնիսկ անխուսափելի, որ հաստատուն կապիտալի այն մասի արտադրումն ու բազմացումը, որը կազմված է հիմնական կապիտալից, մեքենաներից և այլն, զգալի չափով ավելի արագ է կատարվում նույնի այն մասի համեմատությամբ, որն օրգանական հումքից է կազմված, այնպես որ այս հումքի պահանջարկն ավելի արագ է աճում, քան նրա առաջարկը, և այս պատճառով նրա գինը բարձրանում է։ Գնի այս բարձրացման հետևանքն իրականում լինում է այն, 1) որ այս հումքը շատ հեռավոր տեղերից է ներմուծվում, որովհետև բարձրացող գինը ծածկում է ավելի խոշոր փոխադրածախքերը. 2) որ նրա արտադրությունն ընդլայնվում է, սակայն իրերի բնության համաձայն արդյունքի մասսան կարելի է իրոք բազմացնել թերևս մի տարուց հետո միայն, ու 3) որ առաջ չօգտագործված ամեն տեսակի սուրրոգատներն օգտագործվում են, իսկ թափթփուկների հետ ավելի տնտեսաբար են վարվում։ Երբ գների բարձրացումն սկսում է շատ նկատելի կերպով ներգործել արտադրության ընդարձակման ու առաջարկի ուժեղացման վրա, սովորաբար արդեն վրա է հասնում այն դարձակետը, երբ հումքի ու այն բոլոր ապրանքների գների երկարատև բարձրանալու հետևանքով, որոնց մեջ հումքը մանում է իբրև տարր, պահանջարկն ընկնում է, ուստի և հումքի գնի ասպարեզում առաջանում է ռեակցիա։ Բացի այն ջղաձգություններից, որ այս ռեակցիան պատճառում է կապիտալի արժեքը տարբեր ձևերով գցելու հետևանքով, հրապարակ են գալիս դեռ ուրիշ պարագաներ էլ, որոնց քննարկմանը մենք հիմա կանցնենք։ Մինչև այժմ ասածներից նախ պարզ է հետևյալը. որքան ավելի է զարգացած կապիտալիստական արտադրությունը, ուստի և որքան ավելի մեծ են հաստատուն կապիտալի այն մասի հանկարծակի ու անընդհատ աճման միջոցները, որը կազմված է մեքենաներից և այլն, որքան ավելի արագընթաց է կուտակումը (ինչպես ծաղկման ժամանակաշրջաններում է հատկապես), այնքան ավելի մեծ է մեքենաների ու մնացած հիմնական կապիտալի հարաբերական գերարտադրությունը և այնքան ավելի հաճախադեպ է բուսական ու կենդանական հումքի թերարտադրությունը, այնքան ավելի պարզորոշ է նրանց գների՝ վերևում նկարագրված բարձրացումն ու սրան համապատասխանող ռեակցիան։ Հետևաբար այնքան ավելի հաճախադեպ են այն վայթումները, որոնց պատճառը վերարտադրության պրոցեսի գլխավոր տարրերից մեկի գների այս զորեղ տատանումն է լինում։ Բայց երբ այս բարձր գների փլուզումն է հանդես գալիս այն պատճառով, որ նրանց բարձրացումը մասամբ պահանջարկի մի նվազում է առաջ բերել, մասամբ էլ պատճառ է եղել մի դեպքում արտադրությունն ընդլայնելու, մի այլ դեպքում՝ առաջարկն ուժեղացնելու արտադրության ավելի հեռավոր ու մինչև այժմ քիչ կամ թե բոլորովին չօգտագործված մի վայրից, իսկ երկուսի հետևանքն էլ եղել է հումքի մի առաջարկ, որ գերազանցում է պահանջարկից,— հատկապես գերազանցում է հին բարձր գների ժամանակ,— ապա սրա հետևանքը պետք է քննել տարբեր տեսակետներից։ Հումքային արդյունքների գնի հանկարծակի փլուզումն արգելակում է նրանց վերարտադրությունը և այսպիսով նորից վերականգնում է հումքի օրորան հանդիսացող այն երկրների մենաշնորհը, որոնք ամենանպաստավոր պայմաններում են արտադրում, գուցե որոշ սահմանափակումներով է վերականգնում, բայց և այնպես վերականգնում է։ Ճիշտ է, տրված զարկի հետևանքով հումքի վերարտադրությունը կատարվում է. ավելի ընդլայնված մասշտաբով, մանավանդ այն երկրներում, որոնք ավելի կամ պակաս չափով օգտվում են այս արտադրության մենաշնորհով։ Բայց այն պատվանդանը, որի վրա կատարվում է արտադրությունը մեքենաների թվի աճման և այլոց հետևանքով և որը մի քանի տատանումներից հետո այժմ պետք է նոր նորմալ պատվանդան, նոր ելակետ հանդիսանա,— այդ պատվանդանը շատ է ընդարձակվում պտույտի վերջին ցիկլի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների շնորհիվ։ Սակայն ընդսմին հումքի արտադրության երկրորդական աղբյուրների մի մասում հենց նոր բարձրանալու վրա եղած վերարտադրությունը դարձյալ զգալի արգելակի է հանգիպում։ Այսպես, օրինակ, արտահանության աղյուսակների հիման վրա կարելի է մատնահաշվով ցույց տալ, թև ինչպես վերջին 30 տարվա ընթացքում (մինչև 1865 թվականը) բամբակի հնդկական արտադրությունն աճում է, երբ ամերիկյան բամբակի պակասություն է զգացվում, և հետո՝ հանկարծակի նորից նվազում է ավելի կամ պակաս հարատևությամբ։ Հումքի թանկանալու ժամանակաշրջանում արդյունաբերական կապիտալիստները համախմբվում, միություններ են կազմում արտադրությունը կարգավորելու համար։ Այսպես եղավ, օրինակ, Մանչեստրում 1848 թվականին բամբակի գների բարձրանալուց հետո, նմանապես և Իռլանդիայում վուշի արտադրության ասպարեզում։ Բայց հենց որ անմիջական շարժառիթն անցնում է և մեջտեղ է գալիս մրցմանդ, «ամենից էժան շուկայում գնելու» ընդհանրական սկզբունքը (փոխանակ հիշյալ միությունների նման նպատակ դնելու, որ հումքի օրորան հանդիսացող համապատասխան երկրների արտադրունակությանը նպաստեն՝ մի կողմ թողնելով այն անմիջական, վայրկենական գինը, որով նրանք ներկայումս կարողանում են հումք մատակարարել),— ուրեմն հենց որ կրկին մրցման սկզբունքն է միահեծան իշխում, թողնում են, որ նորից «գինը» կարգավորի առաջարկը։ Ամեն մի մտածմունք, որ հումքի արտադրության միատեղ, վճռական ու նախատեսող վերահսկության է վերաբերում — մի վերահսկություն, որ ընդհանրապես միանգամայն անհամատեղելի է կապիտալիստական արտադրության օրենքների հետ, ուստի միշտ էլ մի ունայն ցանկություն է մնում կամ թե սահմանափակվում է անմիջական մեծ վտանգի ու անճարության վայրկյաններում միատեղ կատարվող բացառիկ քայլերով,— տեղի է տալիս այն հավատին, թե պահանջարկն ու առաջարկը միմյանց փոխադարձաբար կկարգավորեն<ref>Վերևի տողերը գրվելուց (1865 թ.) դեսը համաշխարհային շուկայում մրցումը զգալի չափով սաստկացել է բոլոր կուլտուրական երկրների, հատկապես Ամերիկայի ու Գերմանիայի, արդյունաբերության սրընթաց զարգացման հետևանքով։ Այն իրողությունը, որ արագորեն ու հսկայաբար հորդացող արդի արտադրողական ուժերն օրեցօր ավելի ու ավելի են գերաճում կապիտալիստական ապրանքափոխանակության օրենքներից, որոնց շրջանակում նրանք պարտավորված են գործելու,— այս իրողությունն այսօր ավելի ու ավելի է թափանցում նույնիսկ հենց իրենց՝ կապիտալիստների գիտակցության մեջ։ Այս հատկապես երեում է երկու հայտանիշից։ Նախ՝ հովանավորական մաքսերի այն նոր ընդհանրական մոլությունից, որը հովանավորական հին մաքսային քաղաքականությունից նրանով է տարբերվում առանձնապես, որ նա ամենից ավելի պաշտպանում է հենց արտահանելու համար պիտանի առարկաները։ Երկրորդ՝ արտադրության ամբողջական խոշոր ոլորտների գործարանատերերի տրեստներից (trusts), որոնց նպատակն է՝ կարգավորել արտադրությունը, ուրեմն և գներն ու շահույթը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այս փորձառքներն իրագործելի են համեմատաբար բարենպաստ տնտեսական եղանակների դեպքում միայն. առաջին փոթորիկը պետք է տապալի նրանց և ապացուցի, որ եթե արտադրությունն իրոք կարգավորման կարիք ունի, ապա անշուշտ կապիտալիստների դասակարգը չէ որ կոչված է այս անելու։ Մինչդեռ այս կարտելների նպատակն է՝ հոգալ լոկ այն մասին, որ մանրերն է՛լ ավելի արագորեն կլանվեն խոշորների կողմից, քան եղել է մինչև այժմ։ — Ֆ. Է.։</ref>։ Կապիտալիստների սնահավատությունն այնքան բիրտ է այստեղ, որ նույնիսկ գործարանային վերատեսուչներն իրենց հաշվետվությունների մեջ նորից ու նորից այս առթիվ ամենամեծ զարմանք են հայանում։ Բարենպաստ ու աննպաստ տարիների հերթափոխությունը, իհարկե, դարձյալ ավելի էժան հումք է առաջ բերում։ Անկախ այն անմիջական ներգործությունից, որ այս հանգամանքն անում է պահանջարկի ընդարձակման վրա, սրան իբրև դրդապատճառ ավելանում է շահույթի նորմայի վրա արվող այն ներգործությունն է, որ առաջ հիշատակել ենք։ Եվ վերևում նշված այն պրոցեսը, երբ մեքենաների և այլոց արտադրությունն աստիճանաբար գերազանցելով առաջ է ընկնում հումքի արտադրությունից, այս դեպքում կրկնվում է ավելի խոշոր մասշտաբով։ Հումքի իրական բարելավումն, այնպես, որ նա մատակարարվեր ոչ միայն պահանջված քանակով, այլ և պահանջված որակով, օրինակ, ամերիկյան որակով բամբակ մատակարարվեր Հնդկաստանից,— եվրոպական հարատև, կանոնավորապես աճող ու կայուն պահանջարկ է ենթադրում (բոլորովին մի կողմ թողած այն տնտեսական պայմանները, որոնց մեջ գրված է հնդկական արտադրողն իր ծննդավայրում)։ Բայց այս պարագայում հումքի արտադրության ոլորտը գործում է հրումներով միայն, մերթ հանկարծակի ընդլայնվելով, մերթ էլ սաստիկ սեղմվելով։ Այս ամենը, ինչպես և կապիտալիստական արտադրության ոգին ընդհանրապես, շատ լավ կարելի է ուսումնասիրել 1861-ից մինչև 1865 թվականը տևող բամբակի սովի օրինակով, երբ եղած դժվարություններին ավելացավ դեռ այն, որ ժամանակ առ ժամանակ բոլորովին բացակայում էր այնպիսի մի հումք, որը վերարտադրության էական տարրերից մեկն է։ Գինը կարող է բարձրանալ նաև այն ժամանակ, երբ առաջարկը լիակատար է, բայց գլուխ է բերվում ավելի ծանր պայմաններում։ Կամ թե կարող է հումքի իրական պակասություն լինել։ Բամբակի ճգնաժամի միջոցին սկզբում հենց այս վերջինը գոյություն ուներ։ Ուստի արտադրության պատմության մեջ մենք որքան ավելի ենք մոտենում անմիջականագույն արդիականությանը, այնքան ավելի կանոնավոր կերպով ենք գտնում, մանավանդ արդյունաբերության վճռական ճյուղերում, որ մշտապես կրկնվող հերթափոխություն կա օրգանական բնությունից ստացվող հումքի հարաբերական թանկացման ու սրանից բխող գների հետագա անկման միջև։ Մինչև հիմա շարադրածի լուսաբանումը կգտնենք գործարանային վերատեսուչների հաշվետվություններից վերցրած հաջորդ օրինակների մեջ։ Պատմության դասը [die Moral], որ կարելի է քաղել երկրագործությունը նաև մի այլ տեսակետից դիտելով, այն է, որ կապիտալիստական սիստեմը հակասում է ռացիոնալ երկրագործությանը, կամ, որ ռացիոնալ երկրագործությունն անհամատեղելի է կապիտալիստական սիստեմի հետ (թեև սա օժանդակում է նրա տեխնիկական զարգացմանը) և կարիք ունի կա՛մ ինքնաշխատ մանր գյուղացիների ձեռքի կամ թե ասսոցիացիայի մեջ մտած [ընկերակցված] արտադրողներ ի վերահսկողության։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br>Հիմա մենք առաջ կբերենք վերևում հիշատակված լուսաբանումները, որ քաղում ենք անգլիական գործարանային վերատեսուչների հաշվետվություններից։ «Տնտեսության վիճակն ավելի լավ է. բայց լավ ու վատ ժամանակներրից գոյացող ցիկլը կարճանում է մեքենաների բազմացմանը զուգընթաց, և եթե սրա հետևանքով աճում է հումքի պահանջարկը, ապա ավելի հաճախակի են կրկնվում նաև տատանումները տնտեսության մեջ... Այժմ ոչ միայն նորից վստահությունն է վերականգնված 1857 թվականի խուճապից հետո, այլ և ինքը խուճապը գրեթե բոլորովին մոռացված է թվում։ Արդյոք այս լավացումը հարատև, կլինի, թե ոչ, այս ամենամեծ չափով կախված է հումքի գնից։ Արդեն աչքի են ընկնում այն նախանշանները, որոնք ցույց են տալիս, թե մի քանի դեպքերում արդեն հասել են այն մաքսիմումին, որից այն կողմն արտադրությունն ավելի ու ավելի պակաս շահութաբեր է դառնում, մինչև որ վերջապես բոլորովին կդադարի շահույթ տալուց։ Եթե մենք վերցնում ենք բրդի գործի համար շահավետ 1849 ու 1850 թվականները, ապա տեսնում ենք, որ անգլիական գզաբրդի գինը ֆունտին 13 պենս էր, իսկ ավստրալականինը 14-ից մինչև 17 պենս, և որ միջին հաշվով 1841-ից մինչև 1850 թվականը տևող տաս տարում անգլիական բրդի միջին գինը ֆունտին 14 պենսից վեր ու ավստրալականինը — 17 պենսից վեր չի բարձրացել։ Բայց անբարեհաջող 1857 թվականի սկզբին ավստրալական բուրդը վաճառվում էր 23 պենսով. դեկտեմբերին, խուճապի ամենավատ ժամանակաշրջանում, նրա գինն ընկավ մինչև 18 պենս, բայց 1858 թվականի ընթացքում նորից բարձրացավ և հասավ այժմյան 21 պենսին։ Անգլիական բուրդը 1857 թվականին նմանապես 20 պենսով սկսեց, ապրիլին ու սեպտեմբերին բարձրացավ 21 պենսի, 1858 թվականի հունվարին ընկնելով հասավ 14 պենսի, և այն ժամանակվանից դեսը բարձրացավ 17 պենսի, այնպես որ նրա ֆունտը 3 պենսով ավելի բարձր է, քան վերոհիշյալ 10 տարվա միջինը... Այս ցույց է տալիս, իմ կարծիքով, որ կամ մոռացվել են 1857 թվականի սնանկացումները, որոնք նման գների հետևանք էին, կամ թե բուրդ արտադրվում է ճիշտ այնքան, որքան առկա իլիկները կարող են մանել. կամ թե գործվածքների գները մի տևական բարձրացումի են մոտենում։ Բայց ես մինչայժմյան իմ փորձից տեսել եմ, թե ինչպես անհավատալի կարճ ժամանակում իլիկներն ու մանածագործական հաստոցները ոչ միայն իրենց թիվն են բազմապատիկ մեծացրել, այլ և իրենց բանելու արագությունը,— թե այնուհետև ինչպես մեր բրդի արտահանությունը դեպի Ֆրանսիա բարձրացել է գրեթե նույն հարաբերությամբ, մինչդեռ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում բուծվող ոչխարների միջին տարիքն ավելի ու ավելի է ցածրանում, որովհետև բնակչությունն արագ բազմանում է և ոչխարաբույծներն, ուզում են իրենց ունեցած անասունն ըստ կարելվույն շուտ փողի փոխարկել։ Ուստի հաճախ ես ծանր րոպեներ եմ ապրել, երբ տեսել եմ այնպիսի մարդկանց, որոնք առանց այս իմանալու՝ իրենց հմտությունն ու իրենց կապիտալը դրել են այնպիսի ձեռնարկությունների մեջ, որոնց հաջողությունը կախված է մի այնպիսի արդյունքի առաջարկից, որը կարող է բազմացվել հայտնի օրգանական օրենքների համաձայն միայն... Հումքի բոլոր տեսակների պահանջարկի ու առաջարկի կացությունն... է ըստ երևույթին բացատրում բամբակեղենի գործի բազմաթիվ տատանումները, նմանապես էլ բրդի անգլիական շուկայի դրությունը 1857 թվականի աշնանն ու սրանից առաջացած արդյունաբերական ճգնաժամը»<ref>Հասկանալի է, որ մենք բրդի 1857 թվականի ճգնաժամը հումքի ու ֆաբրիկատի գների անհամապատասխանոթյամբ չենք բացատրում, ինչպես պարոն Բեկերն է անում։ Այս անհամապատասխանությունն ինքը մի հայտանիշ էր միայն, այնինչ ճգնաժամը մի ընդհանրական բնույթ էր կրում։ — Ֆ. Է.։</ref> (R. Baker, Rep. Fact.-ում, Oct. 1858, p. 56—61)։ Յորկշիրի Վեստ-Ռայդինգի բրդեղենի արդյունաբերության ծաղկման ժամանակ շրջանը 1849—1850 թվականներն էին։ Այնտեղ այս արդյունաբերության մեջ 1838 թվականին աշխատեցվում էին 29 246 հոգի, 1843-ին՝ 37 000, 1845-ին՝ 48 097, 1850-ին՝ 74 891։ Նույն շրջանում 1838 թվականին՝ 2 768 մեխանիկական մանածագործական հաստոց կար, 1841-ին՝ 11 458, 1843-ին՝ 16 870, 1845-ին՝ 19 121՝ ու 1850-ին՝ 29 539 (Rep. Fact., 1850, p. 60)։ Սանրաբրդեղենի արդյունաբերության այս ծաղկումը 1850 թվականի հոկտեմբերին արդեն սկսեց կասկածելի դառնալ։ Ենթավերատեսուչ Բեկերը 1851 թվականի ապրիլի հաշվետվության մեջ Լիդսի ու Բրեդֆորդի մասին ասում է. «Գործի դրությունը մի քանի ժամանակից դեսը շատ անբավարար է։ Սանրաբրդի մանագործտբանատերերն արագորեն կորցնում են 1850 թվականի շահույթը, և մանածագործարանատերերի մեծամասնությունն էլ մի ավելի լավ վիճակի չի։ Ես կարծում եմ, որ ներկայումս ավելի շատ բրդամեքենաներ են պարապ կանգնած, քան երբևէ առաջ, և վուշեղենի մանածագործարանատերերն էլ են բանվորներին արձակում և մեքենաները կանգնեցնում։ Տեքստիլ արդյունաբերության ցիկլերը հիմա իրոք անչափ անորոշ են, և մենք, ըստիս, շուտով կգանք այն հայացքին... որ իլիկների արտադրունակության, հումքի քանակի ու բնակչության բազմանալու միջև ոչ մի համապատասխանություն չի պահպանվում» (էջ 52)։ Նույնը վերաբերում է բամբակեղենի արդյունաբերությանը։ 1858 թվականի հոկտեմբերի՝ հենց նոր քաղբերված հաշվետվության մեջ ասված է. «Գործարաններում հաստատուն բանվորական օր սահմանելուց դեսը սպառած հումքի քանակը, արտադրության մեծությունը, աշխատավարձի գումարը տեքստիլ արդյունաբերության բոլոր ճյուղերում որոշվում են պարդ երից կանոնի հիման վրա... Ես մեջ եմ բերում պարոն Պեյնսի, Բլեկբերնի այժմյան քաղաքագլխի վերջերումս արած ու բամբակեղենի արդյունաբերությանը վերաբերող մի զեկուցումից, որի մեջ նա ամենահնարավոր ճշգրտողությամբ ամփոփում է իր սեփական շրջանի արդյունաբերական վիճակագրության տվյալները. «Ամեն մի իրական ձիաուժ շարժում է 450 սելֆակտորային [ավտոմատիկ, ինքնաշարժ] իլիկ, նախապատրաստական սարքավորումով հանդերձ կամ թե 200 վտաերային իլիկ կամ թե չէ 40 մատնաչափ լայնությամբ մահուդ գործող 15 հաստոց՝ վրափաթթող, հինող ու շոհող մեքենաներով հանդերձ։ Յուրաքանչյուր ձիաուժ մանելիս 2½ բանվոր է աշխատեցնում, իսկ մանածագործելիս՝ 10 բանվոր. նրանց միջին աշխատավարձը մարդագլուխ 10½ շիլլինգից ավելի է շաբաթական... Վերամշակվող միջին համարներն են՝ հենքինը № 30—32 և թեզանինը 34—36. եթե ամեն մի իլիկի շաբաթական արտադրած մանվածքն ընդունենք 13 ունցիա, ապա այս կանի շաբաթական 824 700 ֆունտ մանվածք, որի հարմար կգործածվի 970 000 ֆ. ստ. կամ 2 300 հակ բամբակ 28 300 ֆ. ստ. գնով... Մեր շրջանում (Բլեկբերնի հարևան շրջանում, որի շառավիղը 5 անգլիական մղոն է) բամբակի շաբաթական սպառումը 1 530 000 ֆունտ կամ 3 650 հակ է, 44 625 ֆ. ատ. գումարի։ Այս անում է Միացյալ Թագավորության ամբողջ բամբակամանության <math>^1/_{18}</math>-ն ու ամբողջ մեքենական մանածագործության <math>^1/_{16}</math>-ը։ «Այսպիսով ուրեմն, պարոն Պեյնսի հաշվումների համաձայն Թագավորության մեջ բամբակի իլիկների ընդհանուր թիվը կլիներ 28 800 000, և սրանք լիաբեռն բանեցնելու համար տարեկան կպահանջվեր 1 432 080 000 ֆ. բամբակ։ Բայց բամբակի ներմուծումը, արտահանած քանակը դուրս գալուց հետո, 1856 ու 1857 թվականներին միմիայն 1 022 576 832 ֆ. էր. ուրեմն անհրաժեշտորեն պետք է 409 503 168 ֆ. մի պակսորդ գոյանար։ Պարոն Պեյնսը, որը բարեհաճություն ունեցավ այս կետի մասին ինձ հետ զրուցակցելու, կարծում է, թե բամբակի տարեկան գործածության մի հաշվարկում, որ հիմնված կլիներ Բլեկբերնի շրջանի գործածության վրա, շատ չափազանցեցված կլիներ ոչ միայն մանված համարների տարբերության, այլ և մեքենաների կատարելության հետևանքով։ Նա Միացյալ թագավորության՝ բամբակի տարեկան ամբողջ սպառումը հաշվում է 1000 միլիոն ֆ.։ Բայց եթե նա իրավացի է և իրոք առաջարկի 22½ միլիոն մի ավելցուկ գոյություն ունի, ապա ըստ երևույթին հիմա արդեն պահանջարկի ու առաջարկի մի հավասարակշռություն է պահպանվում, դեռ հաշվի չառնելով այն ավելադիր իլիկներն ու մանածագործական հաստոցները, որոնք, պարոն Պեյնսի ասելով, իր սեփական շրջանում արդեն դրվում են և, սրա հիման վրա դատելով, հավանորեն դրվում են նմանապես այլ շրջաններում էլ» (էջ 59, 60)։ ====III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼՈՒՍԱԲԱԿՈՒՄ. 1861—1865 Թ. Թ. ԲԱՄԲԱԿԻ ՃԳՆԱԺԱՄԸ==== '''1815-1860 թվականների նախապատրաստական շրջանը''' '''1845 թվական։''' Բամբակեղեն ի արդյունաբերության ծաղկման ժամանակաշրջան։ Բամբակի շատ ցածր գներ։ Լ. Հորներն այս ժամանակաշրջանի մասին ասում է. «Վերջին 8 տարվա ընթացքում ես գործերի ոչ մի այնպիսի աշխույժ ժամանակաշրջանի չէի հանդիպել, որպիսին իշխում էր վերջին ամառն ու. աշնանը։ Մանավանդ բամբակամանության ասպարեզում։ Ամբողջ կիսամյակում ամեն շաբաթ ես ծանուցումներ եմ ստացել գործարաններից կապիտալի նոր ներդրումների մասին. մերթ նոր գործարաններ էին կառուցվում, մերթ սակավաթիվ պարապ կանգնած գործարաններ նոր վարձակալներ էին գտնում, մերթ էլ արտադրության մեջ գտնվող գործարաններն ընդարձակվում էին, ստանալով նոր ավելի հզոր շոգեմեքենաներ ու ավելի մեծ թվով աշխատանքի մեքենաներ» (Rep. Fact., Nov. 1845, p. 13)։ '''1846 թվական։''' Սկսվում են տրտունջները. «Արդեն երկար ժամանակից ի վեր ես բամբակեղենի գործարանատերերից լսում եմ շատ տարածված տրտունջներ իրենց գործի ճնշված վիճակի մասին... վերջին 6 շաբաթվա ընթացքում զանազան գործարաններ սկսել են կրճատ ժամանակով աշխատել, օրական 12 ժամվա փոխարեն սովորաբար 8 ժամ. ըստ երևույթին, այս տարածվում է... բամբակի գներն ուժեղ չափով բարձրացել են, և... ոչ միայն ֆաբրիկատի գնի ոչ մի բարձրացում տեղի չի ունեցել, այլ և... նրա գներն ավելի ցած են քան բամբակի թանգացումից առաջ։ Վերջին 4 տարվա ընթացքում բամբակեղենի գործարանների թվի խոշոր բազմացումը պետք է այն հետևանքն ունենար, որ շուկայում մի կողմից՝ հումքի սաստիկ ուժեղացած պահանջարկ առաջանար ու մյուս կողմից՝ ֆաբրիկատների սաստիկ բարձրացած մի առաջարկ. երկու պատճառն էլ պետք է միասին ներգործեին շահույթը գցելու ուղղությամբ, քանի դեռ հումքի առաջարկն ու ֆաբրիկատի պահանջարկը մնում էին անփոփոխ, բայց հիշյալ պատճառներն է՛լ ավելի ուժեղ էին ներգործում, որովհետև մի կողմից՝ բամբակի առաջարկը նորերումս անբավարար էր, իսկ մյուս կողմից՝ ֆաբրիկատների պահանջարկը նվազել էր ներքին ու արտաքին զանազան շուկաներում (Rep. Fact., Dec. 1846, p. 10)։ Հումքի աճող պահանջարկն ու շուկայի գերալցվելը ֆաբրիկատով, իհարկե, ձեռք-ձեռքի տված են ընթանում։— Ի դեպ, արդյունաբերության այն ժամանակվա ընդարձակումն ու սրան հաջորդող լճացումը չէին սահմանափակվում բամբակեղենի շրջաններով։ Բրեդֆորդի սանրաբրդեղենի շրջանում 1836 թվականին միմիայն 318 գործարան կար, իսկ 1846-ին՝ 490։ Այս թվերը շատ հեռու են արտադրության իրական բարձրացումն արտահայտելուց, որովհետև գոյություն ունեցող գործարանները միաժամանակ զգալի չափով ընդլայնվել էին։ Այս վերաբերում է առանձնապես նաև վուշեղենի մանածագործարաններին։ «Նրանք բոլորն էլ վերջին 10 տարվա ընթացքում ավելի կամ թե պակաս չափով նպաստել են շուկայի գերալցմանը, որին հենց մեծ մասամբ պետք է վերադրվի գործերի այժմյան լճացումը... Գործերի ճնշված վիճակը գործարանների ու մեքենաների այսքան արագ բազմանալու միանգամայն բնական հետևանքն է» ((Rep. Fact., Dec. 1846, p. 30)։ '''1847 թվական։''' Հոկտեմբերին փողի ճգնաժամ։ Զեղչը՝ 8%։ Արդեն սրանից առաջ տեղի էր ունեցել երկաթուղային սպեկուլատիվ ձեռնարկումների և արևելա-հնդկական մուրհակների շուրջն ստեղծած մախինացիաների փլուզումը։ Բայց՝ «Պարոն Բեկերը շատ հետաքրքրական մանրամասնություններ է տալիս բամբակի, բրդի ու վուշի վերջին տարիներում աճած այն պահանջարկի վերաբերմամբ, որն արդյունաբերության այդ ճյուղերի ընդարձակման հետևանք էր։ Այս հումքերի աճած պահանջարկը,— մանավանդ որ այս տեղի ուներ այն ժամանակդ երբ նրանց առաջարկը միջինից շատ ցած էր ընկել,— Բեկերը գրեթե բավարար հիմք է համարում արդյունաբերության այս ճյուղերի այժմյան ճնշված վիճակը բացատրելու համար՝ նույնիսկ փողի շուկայի քայքայումը հաշվի չառնելով։ Այս հայացքը լիովին հաստատվում է իմ սեփական դիտողություններով ու նրանով, ինչ որ ես իմացել եմ գործին իրազեկ մարդկանցից։ Արդյունաբերության այս տարբեր ճյուղերը բոլորն էլ շատ ճնշված դրության մեջ էին արդեն այն ժամանակ, երբ զեղչումները դեռ հեշտությամբ կարող էին կատարվել 5 ու ավելի պակաս տոկոսով։ Այնինչ հում մետաքսի առաջարկը լիառատ էր, գները չափավոր, և սրա համեմատ էլ գործերն աշխույժ դրության մեջ էին մինչև... վերջին 2 կամ թե 3 շաբաթը, երբ փողի ճգնաժամն անկասկած հարվածեց ոչ մի. այն իրենց՝ հում մետաքսը մշակող գործարանատերերին, այլ է՛լ ավելի շատ՝ նրանց գլխավոր կլիենտներին — մոդայի ապրանքների գործարանատերերին։ Հրապարակված պաշտոնական հաշվետվությունների վրա նետած մի հայացքը ցույց է տալիս, որ բամբակեղենի արդյունաբերությունը վերջին երեք տարում աճել է մոտ 27%-ով։ Սրա հետևանքով բամբակի ֆունտը, կլոր թվով հաշված, 4 պենսից բարձրացել է 6 պենսի, մինչդեռ մանվածքն, աճած առաջարկի շնորհիվ, իր առաջվա գնից լոկ մի քիչ է բարձր։ Բրդեղենի արդյունաբերությունը 1836 թվականին սկսեց ընդարձակվել. այն ժամանակվանից դեսը նա Յորկշիրում աճել է 40%-ով, իսկ Շոտլանդիայում՝ է՛լ ավելի։ Աճն է՛լ ավելի մեծ է սանրաբրդեղենի արդյունաբերության մեջ<ref>Անգլիայում խստորեն տարբերվում են Woollen Manufacture (բրդեղենի արդյունաբերությունը), որը մանում և գործում է կարճ բրդից, տալով ապարատային մանվածք (գլխավոր կենտրոնը՝ Լիդս) Worsted Manufacture-ից ( սանրաբրդեղենից կամ կամվոլային արդյունաբերությունից), որը մանում և գործում է երկար բրդից, տալով սանրամանվածք կամ կամվոլային մանվածք (գլխավոր կենտրոնը՝ Բրեդֆորդը Յորկշիրում)։ Ֆ. Է.</ref>։ Այստեղ հաշվումները միևնույն ժամանակամիջոցի համար 74%-ից ավելի ընդարձակում են ցույց տալիս։ Ուստի հում բրդի սպառումը հսկայական չափեր է ընդունել։ Վուշեղենի արդյունաբերությունը 1839 թվականից դեսը ցույց է տալիս մոտավորապես 25%-ի աճ Անգլիայում, 22%-ի՝ Շոտլանդիայում ու մոտ 90%-ի՝ Իռլանդիայում<ref>Վուշի մանվածքի մեքենայական արտադրության այս արագ ընդարձակումն Իռլանդիայում այն ժամանակ մահացու հարված հասցրեց գերմանական (սիլեզյան, լաուզիցյան, վեստֆալյան) այն կտավի արտահանմանը, որը գործվում էր ձեռքով պատրաստվող մանվածքից։ Ֆ. Է.։</ref>. սրա հետևանքը, վուշի միաժամանակյա վատ բերքի պարագայում, այն եղավ, որ հումքը մի տոննային 10 ֆ. ստ.-ով բարձրացավ, այնինչ մանվածքի գինը մի կաժին 6 պենսով ընկավ» (Rep. Fact., Oct. 1847, p. 30)։ '''1849 թվական։''' 1848 թվականի վերջին ամիսներից գործերը վերակենդանացան։ «Վուշի գինը, որն այնքան ցածր էր, որ ապագա գրեթե բոլոր հնարավոր պարագաներում մի կարգին շահույթ էր ապահովում, գործարանատերերին դրդեց իրենց արտադրությունն անընդհատ ծավալելու։ Բրդեղենի գործարանատերերը տարվա սկզբին մի առ ժամանակ աշխատում էին մեծ թափով... բայց ես վախենում եմ, որ բրդեղեն ապրանքների կոնոիգնացիաները (առաքումն արտասահման՝ կոմիսիոներների միջոցով վաճառելու համար) հաճախ բռնում են իրական պահանջարկի տեղը, և որ երևութական ծաղկման պարբերաշրջանները միշտ չեն նույնանում իսկական պահանջարկի ժամանակաշրջանների հետ։ Սանրաբրդեղենի (կամվոլային) արդյունաբերությունը մի քանի ամիս հատկապես լավ դրության մեջ էր... Հիշատակված պարբերաշրջանի սկզբում բրդի գինն առանձնապես ցածր էր. մանածագործարանատերերը նրանից պաշար էին արել շատ ձեռնտու գներով ու այն էլ անշուշտ նշանավոր քանակներով։ Երբ գարնան աճուրդների ժամանակ բրդի գինը բարձրացավ, մանածագործարանատերերը սրանից օգուտ քաղեցին և այս օգուտն իրենց ձեռքում պահեցին, որովհետև ֆաբրիկատների նկատմամբ եղած պահանջարկը զգալի ու անվիճելի էր» (Rep. Fact., 1849, p. 30, 31)։ «Եթե մենք զննենք գործերի դրության այն փոփոխությունները, որոնք գործարանային շրջաններում առաջ են եկել այս վերջին 3 կամ 4 տարվա ընթացքում, ապա պետք է, իմ կարծիքով, ընդունենք, որ մի ինչ-որ տեղ գործերի խանգարման մի մեծ պատճառ կա։ Արդյոք չի՞ կարող բազմացած մեքենաների ահռելի արտադրողական ուժը այս խանգարման մի նոր տարր մատակարարած լինել» (Rep. Fact., April 1849, p. 42)։ 1848 թվականի նոյեմբերին, 1849 թվականի մայիսին ու ամառը մինչև հոկտեմբեր գործերը քանի գնում, թափ էին առնում։ Ամենից ավելի այս վերաբերում է կամվոլային մանվածքից պատրաստվող գործվածքների արտադրությանը, որը խմբված է Բրեդֆորդի ու Հալիֆաքս է բոլորքում. առաջներում այս արտադրությունը երբեք թեկուզ հենց մոտավորապես հասել էր ընդարձակման այժմյան չափերին... Հումքի շուրջն ստեղծված սպեկուլացիան ու նրա հավանական առաջարկը նախատեսելու անհնարինությունը հենց այն, գլխից բամբակեղենի արդյունաբերության մեջ առաջ էին բերել ավելի մեծ գրգռում ու ավելի հաճախակի տատանում, քան արտադրության մի որևէ այլ ճյուղում։ Այստեղ ներկայումս գոյություն ունի ավելի կոշտ բամբակեղեն ապրանքի պաշարի մի կուտակում, որն անհանգստացնում է մանր մանածագործարանատերերին և նրանց արդեն վնաս է պատճառում, այնպես որ նրանցից շատերը կրճատ ժամանակով են աշխատում» (ն. տ., էջ 42, 43)։ '''1850 թվական։''' Ապրիլ։ Գործերը շարունակում են աշխույժ մնալ։ Բացառություն.— «Մեծ ճնշվածություն բամբակեղենի արդյունաբերության մի մասում այն պատճառով, որ հումքի առաջարկն անբավարար է մանվածքի հենց կոշտ համարների ու ծանրաքաշ գործվածքների համար»... Երկյուղ է զգացվում, թե վերջերումս մեծ քանակությամբ դրված մեքենաները մի նույնպիսի ռեակցիա առաջ կբերեն նաև կամվոլային արդյունաբերության մեջ։ Պարոն Բեկերը հաշվում է, որ միայն 1849 թվականին արդյունաբերության այս ճյուղում մանածագործական հաստոցների արտադրանքը բարձրացել է 40%-ով ու իլիկներինը՝ 25–30%-ով, և ընդարձակումը դեռ շարունակվում է միևնույն համամասնությամբ» (Rep. Fact., April 1850, p. 54)։ '''1850 թվական։''' Հոկտեմբեր։ «Բամբակի գինը շարունակում է... մի նկատելի ճնշվածություն առաջ բերել արդյունաբերության այս ճյուղում, հատկապես այնպիսի ապրանքների նկատմամբ, որոնց արտադրության ծախքի մի զգալի մասը հումքն է կազմում։ Հում մետաքսի գնի ուժեղ բարձրացումն այս ճյուղում էլ շատ անգամ ճնշում է առաջ բերել» (Rep. Fact., Oct. 1850, p. 15)։— Իռլանդիայի վուշամշակույթի թագավորական ընկերության կոմիտեի այն հաշվետվության համաձայն, որից քաղբերումներ ենք արել այստեղ, Իռլանդիայում վուշի բարձր գինը , գյուղատնտեսական մյուս արդյունքների գնի ավելի ցած մակարդակի պարագայում, վուշի արտադրության մի զգալի աճում է ապահովել հաջորդ տարվա համար» (էջ 33)։ '''1853 թվական։''' Ապրիլ։ Ուժեղ ծաղկում։ «Այն 17 տարվա ընթացքում, երբ ես պաշտոնապես իրազեկ եմ եղել Լանկաշիրի գործարանային շրջանի կացությանը, ոչ մի ժամանակ ես մի այսպիսի ընդհանրական ծաղկման չեմ հանդիպել. բոլոր ճյուղերում եռուզեռն արտակարգ է»,— ասում է Լ. Հորները (Rep. Fact., April 1853, p. 19)։ '''1853 թվական։''' Հոկտեմբեր։ Բամբակեղենի արդյունաբերության ճնշվածություն։ «Գերարտադրություն (Rep. Fact., Oct. 1853 p. 15)։  '''1854 թվական։''' Ապրիլ։ «Թեև բրդեղենի արդյունաբերությունը բուռն թափով չի զարգանում, բայց նա բոլոր գործարաններին լիակատար զբաղմունք է տվել։ Նթույնը պետք է ասել բամբակեղենի արդյունաբերության մասին։ Կամվոլային արդյունաբերությունը նախընթաց ամբողջ կիսամյակում ոտից գլուխ անկանոն է եղել... Քաթանի արդյունաբերության մեջ խափանում տեղի ունեցավ, որովհետև Ռուսաստանից ներմուծվող վուշի ու կանեփի առաջարկները նվազել են Ղրիմի պատերազմի հետևանքով» (Rep. Fact., 1854, p. 37)։ '''1859 թվական։''' «Շոտլանդիայում քաթանի արդյունաբերության մեջ գործերը դեռ ճնշված վիճակում են... որովհետև հումքը հազվադեպ է և թանկ. նախընթաց բերքի ցած որակը Մերձբալթյան երկրներում, որտեղից գալիս է մեր գլխավոր ներմուծումը, վնասակար ներգործություն է ունենալու այս շրջանի գործերի վրա. այնինչ ջուտը, որի շնորհիվ վուշը կամաց-կամաց դուրս է մղվում բազմաթիվ կոշտ առարկաների արտադրությունից, ոչ արտասովոր թանկ է և ոչ էլ հազվադեպ... Դենդիում հիմա մեքենաների կեսը ջուտ է մանում (Rep. Fact., April 1859, p. 19)։— «Հումքի բարձր գնի հետեւանքով վուշի մանագործությունը դեռ բավարար չափով շահավետ չի, և մինչդեռ մյուս բոլոր գործարանները լրիվ ժամանակով են բանում, մենք մի շարք օրինակներ ունենք այն մասին, որ կանգնեցվում են վուշ վերամշակող մեքենաները... Ջուտի մանագործու թյունը գոհացուցիչ դրության մեջ է, որովհետև այս մատերիալի գինը վերջերումս իջել է մինչև. մի չափավոր մակարդակ» (Rep. Fact., April 1859, p. 20)։ '''1861—1864 թվականներ։ Ամերիկյան քաղաքացիական պատերազմ։ Բամբակի սովը։ Արտադրության պրոցեսի ընդհատման մեծագույն օրինակը, առաջացած հումքի պակասության ու թանկության հետևանքով''' '''1860 թվական։''' Ապրիլ։ «Ինչ վերաբերում է գործերի վիճակին, ապա ուրախ եմ, որ ձեզ կարող եմ հաղորդել, թե չնայած հումքի բարձր գնին, տեքստիլ արդյունաբերության բոլոր ճյուղերը, մետաքսինը բացառյալ, վերջին կես տարվա ընթացքում շատ լավ են գործել... Բամբակեղենի մի քանի շրջաններում հայտարարությունների միջոցով են բանվորներ փնտրվել և Նորֆոլկից ու երկրագործական այլ կոմսություններից են հասցվել այնտեղ... Ինչպես երևում է, արդյունաբերության բոլոր ճյուղերում հումքի մեծ պակասություն է իշխում։ Մենակ... այս պակասությունն է, որ մեզ որոշ սահմանների մեջ է պահում։ Բամբակեղենի գործի ասպարեզում նոր հիմնած գործարանների թիվը, արդեն եղածների ընդլայնումն ու բանվորների պահանջարկը գուցե երբեք այնքան մեծ չափերի չեն հասել, ինչպես հիմա: Ամենուրեք հոււմք են փնտրում» (Rep. Fact., Oct. 1860, p. 57)։ '''1860 թվակական։''' Հոկտեմբեր։ «Գործերի դրությունը բամբակեղենի, բրդեղենի ու վուշեղենի արդյունաբերական շրջաններում լավ է եղել. մի տարուց ավեչի է, որ Իռլանդիայում այն պետք է նույնիսկ շատ լավ եղած լինի, և դեռ է՛լ ավելի լավ կլիներ, եթե հումքի բարձր գինը չլիներ։ Երևում է, վուշի մանածագործարանատերերն ավելի մեծ անհամբերությամբ, քան երբևէ, ապասում են, որ երկաթուղիների շնորհիվ Հնդկաստանում օժանդակ աղբյուրներ հայտնագործվեն, և նրա երկրագործությունը համապատասխանորեն զարգանա, որպեսզի վերջապես... իրենք վուշի մի այնպիսի առաջարկ ձեռք բերեն, որը համապատասխանի նրանց պահանջմունքներին» (Rep. Fact., Oct 1860, p. 37)։ '''1861 թվական։''' Ապրիլ։ «Այս վայրկյանին գործերը ճնշված վիճակում են... Բամբակեղենի մի քանի գործարաններ աշխատում են, կրճատ ժամանակով, և բազմաթիվ մետաքսագործարաններ լոկ մասամբ են զբաղված։ Հումքը թանկ է։ Մանածագործական գրեթե ամեն մի ճյուղում նա ավելի բարձր է, քան այն գիծը, որով նա կարող է վերամշակվել սպառորդների մասսայի համար» (Rep. Fact., April 1861, p. 33)։ Հիմա պարզվել է, որ 1860 թվականին բամբակեղենի արդյունաբերության մեջ գերարտադրություն է եղել. նրա ներգործությունն զգալի էր դեռ վերջին տարիներում։ «Երկու-երեք տարի էր հարկավոր, մինչև, որ 1860 թվականի գերարտադրությունը կլանվեր համաշխարհային շուկայի կողմից» (Rep. Fact., December 1861, p. 127)։ «Բամբակեղենի ֆաբրիկատների շուկաների ճնշված դրությունն Արևելյան Ասիայում 1860 թվականի սկզբին համապատասխան ետադարձ ներգործություն ունեցավ Բլեկբերնի գործերի վրա, որտեղ միջին թվով 30 000 մեքենական մանածագործական հաստոց զբաղված են գրեթե բացառապես այս շուկայի համար գործվածքներ արտադրելով։ Սրա հետևանքով այստեղ աշխատանքի պահանջարկը շատ ամիսներից ի վեր արդեն սահմանափակ էր, նախքան բամբակի պաշարման ներգործություններն զգալի կդառնային... Բարեբախտաբար սրա շնորհիվ բազմաթիվ գործարանատերեր փրկվեցին կործանումից։ Քանի դեռ պաշարները պահվում էին պահեստանոցներում, նրանց արժեքը բարձրանում էր, և այսպիսով խուսափեցին արժեքի այն սարսափելի անկումից, որն այլ պարագայում անխուսափելի էր մի այսպիսի ճգնաժամի ժամանակ» (Rep. Fact., Oct. 1882, p.28, 29)։ '''1861 թվական։''' Հոկտեմբեր։ «Վերջին ժամանակները գործերը շատ ճնշված վիճակում են... Անհավանական չի ամենևին, որ ձմեռվա ամիսների ընթացքում շատ գործարաններ բանվորական ժամանակն ուժեղ չափով կրճատեն... Սակայն այս կարելի էր նախատեսել... Բոլորովին մի կողմ թողնելով այն պատճառները, որոնք ընդհատել են թե՛ բամբակի մեր սովորական ներմուծումն Ամերիկայից ու թե՛ մեր արտահանումը, բանվորական ժամանակի կրճատումը եկող ձմռան համար անհրաժեշտ կլիներ՝ վերջին երեք տարում արտադրության տեղի ունեցած սաստիկ աճման և հնդկական ու չինական շուկայում կատարված խափանումների հետևանքով» (Rep. Fact., Oct. 1861, p. 19)։ '''Բամբակի թափթփուկը։ Արևելա-հնդկական բամբակը (Surat)։ Բանվորներիաշխատավարձի վրա արած ազդեցությունը։ Մեքենաների կատարելագործում։ Բամբակի փոխարինումն օսլայի ալյուրով ու հանքերով։ Օսլայի այս ալյուրով շոհելու ներգործությունը բանվորների վրա։ Մանվածքի նուրբ համարների մանորդները։ Գործարանատերերի խաբեբայությունը։''' «Մի գործարանատեր ինձ գրում է հետևյալը. «Ինչ վերաբերում է բամբակի այն քանակին, որ վերամշակում է ամեն մի իլիկ, դուք անշուշտ բավարար չափով հաշվի չեք առնում այն իրողությունը, որ երբ բամբակը թանկ է, սովորական (ասենք, մինչև № 40, գլխավորապես № 12—32) մանվածքի ամեն մի մանագործարանատեր այնքան ավելի նուրբ համարներ կմանի, որքան որ ձեռիցը գա, այսինքն նա՝ առաջվա № 12-ի փոխարեն կմանի № 16, կամ թե № 16-ի փոխարեն՝ № 22 և այլն։ Իսկ մանածագործարանատերը, որն այս նուրբ մանվածքով է գործում, իր միտկալր սովորական քաշին կհասցնի նրանով, որ համապատասխան քանակի շոհ կավելացնի։ Այս միջոցը հիմա օգտագործվում է իսկապես ամոթալից չափով։ Ես լավ աղբյուրից լսել եմ, որ արտահանելու համար մի սովորական shirting [գործվածք բլուզների համար] կա, որի մի կտորը 8 ֆ. ստ. է կշռւմ, և սրանից 2¾ ֆ. շոհ է։ Ուրիշ տեսակի գործվածքներում շոհը հաճախ մինչև 50% է անում, այնպես որ գործարանատերն ամենևին չի ստում, երբ պարծենում է, թե ինքը հարստանում է նրանով, որ իր գործվածքի ամեն մի ֆունտն ավելի էժան է ծախում, քան վճարել է այն մանվածքին, որից պատրաստած է գործվածքը» (Rep. Fact., Oct. 1863, p. 63)։ «Ինձ ասել են նաև, որ մանածագործներն իրենց հիվանդությունների աճումը վերագրում են այն շոհին, որը գործադրվում է արևելա-հնդկական բամբակից մանված հենքի համար և որն առաջվա նման միայն ալյուրից չի կազմված։ Սակայն, ինչպես ասում են, ալյուրի այս սուրրոգատը այն շատ մեծ օգուտն է տալիս, որ գործվածքի կշիռը զգալի չափով բարձրացնում է, այնպես որ 15 ֆ. մանվածքը գործվելուց հետո դառնում է 20 ֆ.»։ (Ն. տ.)։ Այս սուրրոգատը China clay (չինական կավ) կոչված աղացած տալկ էր կամ թե French chalk (ֆրանսիական կալկ) կոչված գաճ։— «Մանածագործների (այստեղ այս բառի տակ բանվորներն են հասկացվում) վաստակը շատ է նվազել հենքի շոհի համար ալյուրի սուրրոգատներ գործածելու շնորհիվ։ Այս շոհը մանվածքը դարձնում է ավելի ծանր, բայց և ավելի շախկ ու փրթվող։ Հենքի ամեն մի թել մանածագործական հաստոցի մեջ մտնում է այսպես կոչված ազբի միջով, որի պինդ թելերը հենքը պահում են ուղիղ դրությամբ. սաստիկ շոհած հենքերը պատճառ են լինում, որ ազբի միջի թելերը շարունակ կտրվում են. ամեն մի կտրվելը նորից սարքելու համար հինգ րոպեի ժամանակի կորուստ է պատճառում մանածագործին. մանածագործը հիմա այս վնասվածքներն առնվազը 10 անգամ ավելի հաճախ է շտկում, քան առաջ, և հաստոցն էլ աշխատանքի ժամերի ընթացքում բնականաբար համապատասխան չափով ավելի քիչ գործ է կատարում» (ն. տ., էջ 42, 43)։ «Էշտոնում, Ստալիբրիջում, Մոսլիում, Օլդհեմում և այլուրեք բանվորական ժամանակի սահմանափակումն իրագործված է լրիվ մի երրորդականով, և բանվորական ժամերը դեռ ամեն շաբաթ նորից կրճատվում են... Բանվորական ժամանակի այս կարճացման հետ միաժամանակ բազմաթիվ ճյուղերում աշխատավարձի իջեցում էլ է տեղի ունենում» (էջ 13)։ 1861 թվականի սկզբին Լանկաշիրի մի քանի մասերում մեքենական մանածագործների գործադուլ տեղի ունեցավ։ Զանազան գործարանատերեր աշխատավարձի 5—7½%-անոց մի իջեցում էին ազդարարել. բանվորները պնդում էին, թե վարձադրույքները պետք է նույնը պահվեն, բայց բանվորական ժամերը կբճատվեն։ Գործարանատերբերը սրան չհոժարեցին, և գործադուլն սկսվեց։ Մեկ ամսից հետո բանվորներն ստիպված էին զիջելու։ Բայց հիմա նրանք ստացան երկուսն էլ. «Բացի աշխատավարձի իջեցումից, որին վերջիվերջո հոժարեցին բանվորները, այժմ բազմաթիվ գործարաններ կրճատ ժամանակով են բանում» (Rep. Fact., April 1863, p. 23)։ '''1862 թվական։''' Ապրիլ։ «Բանվորների տառապանքներն իմ վերջին հաշվետվությունը կազմելուց հետո աճել են զգալի չափով. բայց արդյունաբերության պատմության մեջ այսքան հանկարծակի ու այսքան ծանր տառապանքներ ոչ մի ժամանակ բանվորները չեն կրել այսչափ լուռ հնազանդությամբ ու այսչափ համբերատար ինքնազսպվածությամբ» (Rep. Fact., April 1862, p. 10).— «Այս վայրկյանին բոլորովին գործազուրկ բանվորների հարաբերական թիվն ըստ երևույթին աննշան չափով է գերազանցում 1848 թվականի գործազուրկների քանակից, երբ իշխում էր մի սովորական խուճապ, բայց այդ խուճապը լիովին բավական էր, որ անհանգստացած գործարանատերերին դրդեր բամբակեղենի արդյունաբերության մասին նույնպիսի մի վիճակագրություն կազմելու, ինչպիսին հիմա հրատարակում են ամեն շաբաթ... 1848 թվականի մայիսին Մանչեստրում բամբակեղենի բոլոր բանվորներից 15%-ն անգործ էր, 12%-ն աշխատում էր կրճատ ժամանակով, այնինչ 70%-ից ավելին բանում էր լրիվ ժամանակով։ 1862 թվականի մայիսի 28-ին 15%-ն անգործ էր, 35%-ն աշխատում էր կրճատ ժամանակով, 49%-ը՝ լրիվ ժամանակով... Հարևան վայրերում, օրինակ, Ստոկպորտում ոչ լրիվ աշխատողների ու լրիվ գործազուրկների տոկոսն ավելի բարձր էր, լրիվ զբաղվածներինը՝ ավելի ցած, որովհետև այստեղ ավելի կոշտ համարներ էին մանվում, քան Մանչեստրում» (էջ 16)։ '''1862 թվական։''' Հոկտեմբեր։ «Վերջին պաշտոնական վիճակագրության համաձայն Միացյալ թագավորության մեջ կային բամբակեղենի 2887 գործարան, որից 2109-ը՝ իմ շրջանում» (Լանկաշիր ու Չեշիր)։ «Ես անշուշտ գիտեի, որ այդ 2109 գործարանի մի շատ մեծ մասը մանր ձեռնարկություններ են սակավաթիվ բանվորներով։ Բայց ևս մնացի ապշած, երբ հայտնագործեցի, թե որքան մեծ է այդ մանր ձեռնարկությունների թիվը։ 392-ում կամ 19%-ում շարժիչ ուժը, շոգի կամ թե ջուր, 10 ձիաուժից պակաս է. 345-ում կամ 10%-ում՝ 10 ու 20 ձիաուժի արանքում. 1372-ում՝ 20 ձիաուժ ու ավելի... Այս մանր գործարանատերերի մի շատ խոշոր մասը — ընդհանուր թվի մի երրորդից ավելին — սրանից ոչ շատ առաջ հենց իրենք բանվորներ էին. նրանք իրենց տրամադրության տակ կապիտալ չունեցող մարդիկ էին... Այսպիսով գլխավոր ծանրությունը պիտի որ ընկներ մնացած <math>^2/_3</math>-ի վրա» (Rep. Fact., Oct. 1862, p. 18, 19)։ Միևնույն հաշվետվության համաձայն Լանկաշիրում ու Չեշիրում բամբակեղենի բանվորներից այն ժամանակ լրիվ զբաղված էին 40 146 հոգի կամ 11,3%-ը, աշխատանքի սահմանափակ ժամանակով բանում էին 134 767 հոգի կամ 38%–ը. գործազուրկ էին 197 721 հոգի կամ 50,7%-ը։ Եթե սրանից հանենք այն տվյալները, որոնք վերաբերում են Մանչեստրին ու Բոլտոնին, որտեղ գլխավորապես նուրբ համարներ էին մանվում,— մի ճյուղ, արին համեմատաբար քիչ էր դիպել բամբակի սովը,— ապա կստացվի ավելի աննպաստ պատկեր, այն է՝ լրիվ աշխատող կլինի 8,5%, սահմանափակ ժամանակ աշխատող՝ 38%, գործազուրկ՝ 53,3% (էջ 19, 20)։ «Բանվորների համար էական տարբերություն է ներկայացնում այն, թե արդյոք լա՞վ բամբակ է վերամշակվում, թե՞ վատ։ Տարվա առաջին ամիսներին, երբ գործարանատերերը ջանում էին ապահովել իրենց գործարանների անընդհատ աշխատանքը նրանով, որ բոլորն էլ չափավոր գներով ձեռք բերած բամբակ էին բանեցնում, վատ բամբակ շատ մտավ այն գործարանները, սրտեղ մինչև այդ սովորաբար լավն էր վերամշակվում. բանվորների աշխատավարձի տարբերությունն այնքան մեծ էր, որ բազմաթիվ գործադուլներ ծագեցին, որովհետև բանվորներն աշխատում էին հատավարձի հին նորմաներով և այլ ևս տանելի օրավարձ բոլորովին չէին կարողանում ձեռք բերել... Վատ բամբակ բանեցնելու հետևանքով գոյացող տարբերությունը մի քանի դեպքերում, նույնիսկ լրիվ ժամանակ աշխատողների համար, կազմում էր ամբողջ աշխատավարձի կեսը» (էջ 27)։ '''1863 թվական։''' Ապրիլ։ «Այս տարվա ընթացքում լրիվ աշխատել կկարողանա բամբակեղենի բանվորների կեսից մի քիչ ավելին» (Rep. Fact., April 1863, p. 14)։ «Այն հանգամանքը, որ գործարանները հիմա ստիպված են արևելա-հնդկական բամբակ գործածվելու, այն խոշոր բացասական հետևանքն է տալիս, որ այս դեպքում պետք է մեքենաների արագությունը շատ դանդաղեցվի։ Վերջին տարիներում ամեն միջոց ձեռք առնվեց այս արագությունը բարձրացնելու այնքան, որ միևնույն մեքենաներն ավելի շատ աշխատանք կսատարեն։ Բայց պակասած արագությունը բանվորին նույնքան շատ է հարվածում, որքան և գործարանատիրոջը. որովհետև բանվորների մեծամասնությունը վարձատրվում է հատավարձով. մանորդը մանած մանվածքի ամեն մի ֆունտին է ստանում այսքան, մանածագործը՝ գործած ամեն մի կտորին այսքան՝ և նույնիսկ այն բանվորների վերաբերմամբ, որոնք շաբաթավարձով են վարձատրվում, պակասած արտադրանքի հետևանքով նվազում է և աշխատավարձը։ Իմ տեղեկությունների ու ինձ հանձնված այն տվյալների համաձայն, որոնք վերաբերում են բամբակեղենի բանվորների վաստակին այս տարվա ընթացքում... միջին հաշվով 20%, մի քանի դեպքերում 50% նվազում է ստացվում՝ հաշվելով աշխատավարձի այն դրույքների համեմատ, որոնք իշխում էին 1861 թվականին» (էջ 13)։ «Վաստակած գումարը կախված է... նրանից, թե ի՛նչ մատերիալ է վերամշակվում... Բանվորների դրությունը, նրանց ստացած աշխատավար ձի գումարի կողմից, շատ ավելի լավ է հիմա (1863 թ. հոկտեմբեր), քան անցյալ տարի այս ժամանակ։ Մեքենաները կատարելագործվել են, հումքին ավելի լավ են ծանոթ, և բանվորներն ավելի հեշտ են հաղթահարում այն դժվարությունները, որոնց դեմ նրանք պետք է կռվեին սկզբում։ Անցյալ գարնանը ես Պրեստոնում կարի մի ուսումնարանում էի (բարեգործական հիմնարկ գործազուրկների համար). երկու երիտասարդ աղջիկ, որոնք օրեր առաջ մի մանածագործանոց էին ուղարկվել, որտեղ գործարանատիրոջ հավաստիացման համաձայն, թե նրանք շաբաթվա մեջ կարող էին 4 շիլլինգ վաստակել,— խնդրում էին իրենց նորից ուսումնարան ընդունել, գանգատվելով, որ իրենք չէին կարողացել շաբաթական 1 շիլլինգ վաստակել։ Ես տեղեկություններ եմ ունեցել self-acting minders-ի [ավտոմատիկ մեքենայի վրա մանուլների] վերաբերմամբ... Տղամարդիկ, որոնք մի զույգ սելֆակտոր էին կառավարում, լրիվ ժամանակ աշխատելով 14 օրվա մեջ վաստակել էին 8 շիլլինգ 11 պենս, և այս գումարից հանվել էր նրանց բնակարանավարձը, ընդորում սակայն գործարանատերը (օ՜հ, ամենամեծահոգի՛ մարդ) բնակարանի վարձի կեսը ետ էր տվել նրանց իբրև նվեր։ Մանորդները տուն էին տանում 6 շիլլինգ 11 պենս գումար։ Շատ վայրերում 1862 թվականի վերջին ամիսների ընթացքում self-acting minders-ը վաստակում էին շաբաթը 5—9 շիլլինգ, մանածագործները՝ շաբաթը 2—6 շիլլինգ... Ներկայումս շատ ավելի առողջ կացություն է ստեղծվել, թեև շրջանների մեծամասնության մեջ աշխատավարձը դեռ շատ ցած է։»... Հնդկական բամբակի ավելի կարճ մանոնի ու նրա կեղտոտվածության կողքին ուրիշ շատ պատճառներ էլ կան, որոնք նպաստել են վաստակի նվազելուն։ Այսպես, օրինակ, հիմա սովորություն է հնդկական բամբակին առատորեն բամբակի թափթփուկ խառնել, և այս բնականորեն մանորդի համար է՛լ ավելի է մեծացնում դժվարությունը։ Կարճ մանոնների դեպքում թելերն ավելի հեշտությամբ են կտրվում մյուլի քաշելու ժամանակ ու մանվածքը փաթաթելիս, և հնարավոր չի լինում ապահովել մյուլի կանոնավոր շարժումը... Նմանապես, որովհետև պահանջվում է թելերի վրա մեծ ուշադրություն դարձնել, մի մանածագործուհի հաճախ միմիայն մի հաստոցի կարող է հսկել, և լոկ շատ քչերը՝ ավելի քան երկու հաստոցի... Բազմաթիվ դեպքերում բանվորների աշխատավարձն իջեցված է ուղիղ 5, 7½ ու 10%–ով... Դեպքերի մեծամասնության ժամանակ բանվորը ինքը պետք է հոգա այն մասին, որ հաղթահարի հումքի վերամշակման հետ կապված դժվարությունները և սովորական վարձադրույքով համապատասխան վաստակ ձեռք բերի... Մի ուրիշ դժվարություն, որի դեմ մանածագործները պետք է երբեմն կռվեն, այն է, որ նրանք պարտավոր են վատ մատերիալից լավ գործվածք պատրաստելու, և պատժվում են վարձահանուրդներով, եթե կատարած գործը տիրոջ պահանջին չի համապատասխանումդ (Rep. Fact., Oct. 1863, p. 41—43)։ Աշխատավարձը խղճուկ էր նույնիսկ այնտեղ, որտեղ լրիվ ժամանակով էին աշխատում։ Բամբակեղենի բանվորները հոժարությամբ հանձն էին առնում ամեն տեսակի հասարակական աշխատանքներ — դրենաժ, ուղիների կառուցում, քար ջարդել, փողոցներ մայթել, որոնց համար նրանց բանեցնում էին, որպեսզի նրանք տեղական իշխանություններից նպաստ ստանան (որը փաստորեն նպաստ էր գործարանատերերի համար. տե՛ս I գիրք էջ 605—607)։ Ամբողջ բուրժուազիայի հսկող աչքը բանվորների վրա էր։ Եթե առաջարկվում էր ամենահետին վարձը [schlechteste Hundelohn], և բանվորը հրաժարվում էր այն ընդունել, ապա նպաստող կոմիտեն նրան ջնջում էր նպաստացուցակներից։ Այս կողմից սա մի ոսկե ժամանակ էր պարոնայք գործարանատերերի համար, քանի որ բանվորները կամ պետք է սովամահ լինեին, կամ թե բանեին բուրժուազիայի համար շահավետագույն ամեն մի գնով, ընդորում նպաստող կոմիտեները գործում էին իբրև բուրժուազիայի պահապան շներ։ Միաժամանակ գործարանատերերը, կառավարության գաղտնի համաձայնությամբ, ըստ կարելվույն արգելք էին լինում բանվորների արտագաղթելուն մասամբ այն պատճառով, որ բանվորների մսի ու արյան մեջ մարմնացած իրենց կապիտալը միշտ հնարավորություն ունենան իրենց տրամադրության տակ առնելու, մասամբ էլ՝ որ ապահովեն բանվորներից քամվող բնակարանավարձի ստացումը։ «Նպաստող կոմիտեները մեծ խստությամբ էին վարվում այս պարագայում։ Եթե աշխատանք առաջարկված էր արդեն, ապա այն բանվորները, որոնց առաջարկվել էր հիշյալը, ցուցակից ջնջվում էին և այսպիսով ստիպված էին լինում այն ընդունելու։ Եթե բանվորները հրաժարվում էին աշխատանքի անցնել... ապա պատճառն այն էր, որ վաստակը սոսկ անվանական էր լինելու, իսկ աշխատանքն՝ անչափ ծանր» (ն. տ., էջ 97)։ Բանվորները հոժար էին աշխատանքի ամեն մի տեսակի, որին նրանք կարգվում էին՝ համաձայն Public Works Act-ի [հասարակական աշխատանքների օրենքի]։ «Այն հիմունքները, որոնց համաձայն կազմակերպվում էին արդյունաբերական զբաղմունքները, զգալի չափով փոփոխվում էին տարբեր քաղաքներում։ Բայց նույնիսկ այն վայրերում, որտեղ բաց օդում կատարվող աշխատանքը չէր ծառայում բացարձակապես իբրև փորձնական աշխատանք (labour test), այս աշխատանքը վարձատրվում էր կա՛մ սովորական նպաստագումարի չափով միայն, կամ թե սոսկ աննշան չափով ավելի բարձր, այնպես որ նա փաստորեն դառնում էր մի փորձնական աշխատանք» (էջ 69)։ «1863 թվականի Public Works Act-ը պետք է այս չարիքը դարմաներ և բանվորին հնարավորություն տար իր օրավարձը վաստակելու իբրև անկախ օրավարձվոր։ Այս օրենքի նպատակը եռակի էր. 1) տեղական իշխանություններին արտոնել, որ (պետական կենտրոնական աղքատախնամ վարչության նախագահի հավանությամբ) փող փոխ առնեն պետական փոխառությունների կոմիսարներից. 2) նպաստել բամբակեղենի շրջանների քաղաքների բարեկարգման գործին. 3) գործազուրկ բանվորներին աշխատանք ու բավարար վաստակ (renumerative wages) հայթայթել»։ Մինչև 1863 թվականի հոկտեմբերի վերջն այս օրենքի համաձայն 883 700 ֆ. ստ. գումարի փոխառություններ թույլատրվեցին (էջ 70)։ Ձեռնարկված աշխատանքներն էին՝ գլխավորապես կոյուղիներ շինելը, ուղեկառուցումը, փողոցներ մայթելը, ջրային շարժիչ մեքենաների համար ջրամբարտակներ շինելը և այլն։ Պաբոն Հենդերսոնը, Բլեկբերնի կոմիտեի նախագահը, այս առնչությամբ գրում է գործարանային վերատեսուչ Ռեդգրեյվին. «Տառապանքի ու թշվառության ներկա ժամանակաշրջանում իմ դիտողություններից ոչ մեկն ինձ այնպես չի ապշեցրել կամ թե ավելի մեծ ուրախություն չի պատճառել, քան այն խնդալից պատրաստակամությունը, որով այս շրջանի գործազուրկ բանվորները հանձն էին առնում այն աշխատանքը, որ նրանց առաջարկում էր Բլեկբերնի քաղաքային խորհուրդը Public Works Act-ի համաձայն։ Հազիվ թե կարելի է մի ավելի մեծ հակապատկեր երևակայել, քան այն, որ կա առաջ գործարանում որպես հմուտ բանվոր աշխատող բամբակեղենի մանորդի ու այն բանվորի միջև, որ հիմա իբրև օրավարձվոր աշխատում է մի հեռատար ջրանցքի վրա 14 կամ թե 18 ոտնաչափ խորության մեջ»։ (Ընդսմին բանվորները, նայած ամեն մի ընտանիքի մեծությանը, շաբաթական վաստակում էին 4—12 շիլլինգ. այս հսկայական գումարը հաճախ պետք է բավարարեր 8 անձից կազմված մի ընտանիքի։ Պարոնայք քաղքենիներն այս դեպքում կրկնակի էին շահվում. առաջին՝ նրանք իրենց մրոտ-մնջոտ ու երեսի վրա գցած քաղաքների բարեկարգման համար փող էին ստանում բացառիկ ցածր տոկոսներով. երկրորդ՝ բանվորներին վճարում էին սովորականից շատ ցածր վարձադրույքներով)։ «Բանվորը, որն ընտելացած էր գրեթե արևադարձային բարեխառնության մեջ կատարելու իր աշխատանքը, որի ընթացքում մանիպուլացիաների [ձեռքի գործողությունների] ճարտարությունն ու ճշտությունը նրան ավելի էր պիտանի, քան մկանային ուժը, բանվորը, որը սովոր է կրկնակին, երբեմն եռակին ստանալու այն վարձի, որ հիմա կարող է ստանալ, այդ բանվորը, այժմ հոժարությամբ ընդունելով իրեն առաջարկվող աշխատանքի պայմանները, ցուցաբերում է մի այնպիսի անձնուրացություն ու ողջամտություն, որը նրան մեծագույն պատիվ է բերում։ Բլեկբերնում բանվորները փորձարկվեցին, բաց օդում կատարվող աշխատանքի գրեթե ամեն մի հնարավոր տեսակում.— մեծ խորության մեջ կպչուն, ծանր կավահող փորելում, ցամաքուրդ սարքելում, քար ջարդելում, ճանապարհ շինելում, 14, 10 ու երբեմն 20 ոտնաչափ խորության մեջ փողոցի առուներ հանելում։ Ընդսմին նրանք հաճախ 10—12 մատնաչափ խրված կանգնում են ցեխի ու հրի մեջ և այս դեպքում նրանք ամեն անգամ ենթակա են լինում մի կլիմայի ազդեցության, որի խոնավ ցրտությունից Անգլիայի ոչ մի շրջանինը չի կարող գերազանցել, եթե ընդհանրապես կարող է հասնել նրան» (էջ 91, 92)։ «Բանվորների վարվեցողությունը գրեթե անպարսավելի է եղել... Նրանք պատրաստակամություն են ցույց տվել բացօթյա աշխատանք ստանձնելու և նրանով հոգնաբեկ լինելու» (էջ 69)։ '''1864 թվական։''' Ապրիլ։ «Զանազան շրջաններում ժամանակ առ ժամանակ տրտունջներ են լսվում բանվորների անբավարար թվի վերաբերմամբ, գլխավորապես մի քանի ճյուղերում, օրինակ, մանածագործության մեջ... բայց այս տրտունջները ծագում են ինչպես այն չնչին աշխատավարձից, որ բանվորները կարող են վաստակել սպառվող մանվածքի վատ տեսակների հետևանքով, այնպես էլ բանվորների մի որոշ իսկական սակավաթվությունից այս առանձին ճյուղում։ Անցյալ ամսում աշխատավարձի պատճառով բազմաթիվ գժտություններ են տեղի ունեցել որոշ գործարանատերերի ու սրանց բանվորների միջև։ Ես ցավում եմ, որ գործադուլները շատ հաճախադեպ են ծագում... Public Works Act-ի ներգործությունը գործարանատերերի կողմից իբրև մրցում է նկատվում, և սրա հետևանքով Բեյկապի տեղական կոմիտեն իր գործունեությունը դադարեցրել է, որովհետև չնայած որ դեռ ոչ բոլոր գործարաններն են բանում, բայց և այնպես բանվորների պակասում է երևան եկել» (Rep. Fact., April 1864, p. 9, 10)։ Պարոնայք գործարանատերերի համար սթափվելու ժամն անշուշտ վրա է հասել։ Public Works Act-ի հետևանքով պահանջարկն այնքան աճեց, որ Բեյկապի քարհանքներում գործարանային շատ բանվորներ հիմա օրական 4—5 շիլլինգ էին վաստակում։ Եվ այսպիսով աստիճանաբար դադարեցվեցին հասարակական աշխատանքները — 1848 թվականի ազգային արհեստանոցների [ateliers nationaux] այս նոր հրատարակությունը, որը սակայն այս անգամ կազմակերպված էր բուրժուազիայի օգտին։ '''Փորձառքներ''' in corpore vili [արժեքից զուրկ մի մարմնի վրա]. «Թեև ես մեջ եմ բերել (լրիվ ժամանակով աշխատողների) շատ իջեցված աշխատավարձ, տարբեր գործարաններում բանվորների ձեռք բերած այդ իրական վաստակը, բայց այստեղից ամենևին չի հետևում, թե բանվորները շաբթե շաբաթ միևնույն գումարն են վաստակում։ Բանվորներն այստեղ մեծ տատանումների ներգործության են ենթակա՝ այն պատճառով, որ գործարանատերերի կողմից միևնույն գործարանում մշտական փորձեր են կատարվում բամբակի ու թափթփուկի զանազան կոմբինացիաներից տարբեր նոր տեսակներ ստանալու. «խառնուրդները», ինչպես անվանում են սրանք, հաճախ են փոփոխվում, և բանվորների վաստակը բարձրանում կամ թե ընկնում է բամբակի խառնուրդի որակի համեմատ։ Նա երբեմն կազմում էր առաջվա մեծության 15%-ը միայն, և մի կամ թե մի քանի շաբաթում ընկնում էր 50 կամ 60%-ով»։ Վերատեսուչ Ռեդգբեյվը, որը խոսք ունի այստեղ, պրակտիկայից վերցրած տեղեկություններ է տալիս աշխատավարձի վերաբերմամբ, որոնցից բավական է այստեղ մեջ բերել հետևյալ օրինակները. A-ն՝ մանածագործ, ընտանիքը 6 անձից, շաբաթվա մեջ 4 օր զբաղված, 6 շիլլինգ 8½% պենս. B-ն՝ ոլորակցիչ, շաբաթական 4½ օր — շիլլինգ. C-ն՝ մանածագործ, ընտանիքը 4 անձ, շաբաթական 5 օր — 5 շիլլինգ 1 պենս. D-ն՝ slubber (կծկող), ընտանիքը 6 անձ, շաբաթական 4 օր — 7 շիլլինգ 10 պենս. E-ն՝ մանածագործ, ընտանիքը 7 անձ, 3 օր — 5 շիլլինգ և այլն։ Ռեդգրեյվը շարունակում է. «Վերևի տեղեկություններն արժանի են ուշադրության, որովհետև նրանք ապացուցում են, որ շատ ընտանիքներում աշխատանքը մի անբախտություն կլիներ, որովհետև նա ոչ միայն իջեցնում է եկամուտը, այլ և այնքան ցած է իջեցնում, որ ընտանիքի բացարձակ պահանջմունքների մի բոլորովին փոքր մասից ավելին գոհացնելու համար միանգամայն անբավարար է լինում, եթե լրացուցիչ օժանդակություն չի տրվում այն դեպքերում, երբ ընտանիքի վաստակը չի հասնում այն գումարին, որ նա կստանար իբրև նպաստ, եթե նրա բոլոր անդամները գործազուրկ լինեին» (Rep. Fact., Oct. 1863, p. 50—53)։ «1863 թվականի հունիսի 5-ից հետո բոլոր բանվորների ամբողջ միջին զբաղմունքը ոչ մի շաբաթվա մեջ երկու օր 7 ժամ ու մի քանի րոպեից ավելի չի եղել» (ն. տ. էջ 121)։ Ճգնաժամի սկզբից մինչև 1863 թվականի մարտի 25-ը մոտավորապես երեք միլիոն ֆ. ստ. է ծախսվել աղքատախնամ գերատեսչությունների, նպաստամատույց կենտրոնական կոմիտեի ու Լոնդոնի Mansion-House-Committee-ի [մունիցիպալ կոմիտեի] կողմից (էջ 13)։ Մի շրջանում, որտեղ ամենանուրբ մանվածք է մանվում... մանորդ ներն աշխատավարձի 15% անուղղակի իջեցում ունեն Sea Island-ից եգիպտական բամբակին անցնելու հետևանքով։... Մի լայնածավալ շրջանում, որտեղ բամբակի թափթփուկը մեծ քանակությամբ գործադրվում է հնդկական բամբակի հետ խառնուրդ կազմելու համար, մանորդները աշխատավարձի 5% կրճատում ունեցան և, բացի սրանից, 20—30% էլ կորցրին surat բամբակի ու թափթփուկի վերամշակման հետևանքով։ Մանածագործները 4 հաստոցից իջել են 2-ի։ Նրանք 1860 թվականին մանածագործական ամեն մի հաստոցից վաստակում էին 5 շիլլինգ 7 պենս, 1863 թվականին՝ միմիայն 3 շիլլինգ 4 պենս... Փողային տուգանքները, որ ամերիկյան բամբակի վերամշակման դեպքում առաջ փոփոխակվում էին 3 պենսից մինչև 6 պենս (մանորդներից գանձվող), հիմա բարձրանալով հասնում են 1 շիլլինգից մինչև 3 շիլլինգ 6 պենս»։ Մի շրջանում, որտեղ հնդկականի հետ խառնած եգիպտական բամբակ է գործածվում, «մյուլի վրա աշխատող մանորդների միջին աշխատավարձը 1860 թվականին 18—25 շիլլինգ էր, իսկ հիմա՝ 10-ից մինչև 18 շիլլինգ։ Սրա պատճառը ոչ թե վատորակ դարձած բամբակն է բացառապես, այլև, մյուլերի արագության նվազումը, որ անհրաժեշտ է մանվածքին ավելի պինդ ոլոր տալու համար, որի դիմաց սովորական ժամանակներում ավելադիր վճար կտրվեր պայմանի համաձայն» (էջ 43, 44, 45—50)։ «Չնայած որ արևելա-հնդկական բամբակը տեղ-տեղ գուցե շահույթով է վերամշակվել գործարանատերերի համար, սակայն և այնպես մենք տեսնում ենք (տես գնահատու ցուցակը, էջ 53), որ սրանից տուժում են բանվորները 1861 թվականի համեմատությամբ։ Եթե surat-ի գործածությունն ամրակայվի, ապա բանվորները 1857 թվականի վաստակին հավասար վաստակ կպահանջեն. բայց այս լրջորեն կներգործեր գործարանատիրոջ շահույթի վրա, եթե չհամակշռվեր կա՛մ բամբակի կամ թե ֆաբրիկատների գնով» (էջ 105)։ '''Բնակարանավարձ։''' «Բանվորների բնակարանավարձը, եթե սրանց բնակած կոտտեջները գործարանատիրոջն են պատկանում — հաճախ հանվում է աշխատավարձից, նույնիսկ եթե նրանք կարճ ժամանակով են աշխատում։ Սակայն և այնպես այս շենքերի արժեքն ընկել է, և տնակները հիմա կարելի է առաջվա համեմատությամբ 25—50% ավելի էժան ձեռք բերել. մի կոտտեջ, որ ուրիշ ժամանակ արժեր շաբաթական 3 շիլլինգ 6 պենս, հիմա կարելի է վարձել 2 շիլլինգ 4 պենսով ու երբեմն դեռ է՛լ ավելի էժան» (էջ 57)։ '''Արտագաղթ։''' «Գործարանատերերը բնականաբար դեմ էին բանվորների արտագաղթին, մի կողմից այն պատճառով, որ նրանք բամբակեղենի արդյունաբերության համար ավելի լավ ժամանակների աչք դրած ուզում էին ձեռքներում պահել անհրաժեշտ միջոցները իրենց գործարաններն ավելի շահավետ կերպով բանեցնելու համար»։ Իսկ այնուհետև նաև այն պատճառով, որ «շատ գործարանատերեր սեփականատերեր են այն տների, որտեղ նրանց աշխատեցրած բանվորներն են բնակվում, և նրանցից ոմանք գոնե անպայման սնվում են այն հույսով, թե իբրև պարտք կուտակված բնակարանավարձի մի մասը հետագայում կարող են ստանալ» (էջ 96)։
Վստահելի
1396
edits