Այդպիսի շավիղներ ու նեղլիկ բացատներ շատ պատահեցին նրանց, որտեղ նապաստակները ճոճվում էին վերևը օդում, և գայլերի այդ զույգը հետազոտում էր բոլորին էլ։ Էգը միշտ էլ առաջից էր գնում, իսկ Միակնանին հետևում էր նրան, դիտում ու սովորում, թե ինչպես պետք է կողոպտել թակարդները։ Եվ այդ ուսումնառությունը հետագայում լավ ծառայություն մատուցեց նրան։
=== Գլուխ II։ Որջը ===
Երկու ցերեկ ու երկու գիշեր էգ գայլն ու Միակնանին թափառում էին հնդկացիների ավանի շուրջը։ Միակնանին անհանգստանում էր ու երկնչում, իսկ էգին ավանը ինչ-որ բանով քաշում էր, ուստի և սա ոչ մի կերպ չէր ուզում հեռանալ։ Բայց երբ մի անգամ, առավոտյան, նրանցից շատ քիչ հեռու, օդում կրակոց որոտաց, և գնդակը դիպավ ծառին՝ Միակնանու գլխից ընդամենը մի քանի մատնաչափ հեռու, գայլերն այլևս չերկմտեցին և երկար ու հավասար ոստյուններով ճանապարհ ընկան՝ արագությամբ ավելացնելով իրենց ու վտանգի միջև եղած տարածությունը։
Երկար ժամանակ չվազեցին նրանք՝ ընդամենը երեք օր։ Էգ գայլը ավելի համառորեն էր շարունակում իր որոնումները։ Այդ օրերին նա խիստ ծանրացավ ու չէր կարողանում արագ վազել։ Մի անգամ ընկնելով նապաստակի հետևից, որին մի այլ ժամանակ նա շատ հեշտ կբռներ, նա հանկարծ հրաժարվեց հետապնդումից և պառկեց ձյան վրա հանգստանալու։ Միակնանին մոտեցավ նրան, բայց հազիվ էր քիթը թեթևակի դիպցրել նրա վզին, որ նա այնպիսի կատաղությամբ կծեց արուին, որ սա փռվեց մեջքին և ինքնըստինքյան ծիծաղելի պատկեր ներկայացնելով՝ սկսեց պաշտպանվել էգի ատամներից։ Սա առաջվանից ավելի ջղային դարձավ, սակայն Միակնանին համբերատար ու հոգատար էր, ինչպես երբեք։
Եվ ահա վերջապես էգը գտավ այն, ինչ փնտրում էր։ Գտավ դա ամռանը Մաքենզիի մեջ թափվող գետակի հոսանքն ի վեր վազելիս, մի քանի մղոնի վրա․ հիմա այդ գետակը մինչև քարե հատակը սառել էր ու լռել և ակունքից մինչև ակունքը վերածվել համատարած սառույցի։ Էգը հոգնած սնգսնգոցով վազում էր խիստ առաջ ընկած Միակնանու հետևից և հանկարծ նկատեց, որ մի տեղ կավահողի բարձրադիր ափը կախ է ընկել գետակի վրա։ Էգ գայլը շեղվեց ճանապարհից ու վազեց այդտեղ։ Գարնանային փոթորկահույզ հեղեղները և հալչող ձյունը հարթել էին ափի նեղ ճեղքը ու մի փոքրիկ անձավ ստեղծել այդտեղ։
Էգ գայլը կանգ առավ նրա մուտքի մոտ և ուշադիր զննեց անձավի արտաքին պատը, հետո պտտվեց դրա շուրջը երկու կողմից, մինչև այն կետը, որտեղ զառիթափը վեր Է ածվում մեղմ թեքության։ Նա ետ դարձավ ու նեղ բացվածքից մտավ անձավը։ Առաջին երեք ոտնաչափը նա ստիպված եղավ սողալ, հետո պատերն ընդլայնվեցին դեպի աջ ու ձախ ու դեպի վեր, և գայլը դուրս եկավ մոտ վեց ոտնաչափ տրամագիծ ունեցող մի փոքր հրապարակ։ Նրա գլուխը համարյա դիպչում Էր առաստաղին։ Ներսում չոր էր ու անդորրավետ։ Գազանն սկսեց հետազոտել անձավը, իսկ Միակնանին մուտքի մոտ կանգնած համբերությամբ հետևում Էր նրան։ Խոնարհելով գլուխը, ու քիթը համարյա դիպցնելով իրար կպցրած թաթերին՝ Էգը մի քանի անգամ թավալվեց իր շուրջը, չգիտես հոգնած հառաչելով թե մրթմրթալով ծալեց ոտքերը ու փռվեց գետնին՝ գլուխը դեպի մուտքը։ Միակնանին ականջները տնկած՝ ծիծաղում էր նրա վրա, և էգ գայլը տեսնում Էր, թե ինչպես Միակնանու պոչի ծայրը բարեմտորեն ետ ու առաջ է գնում սպիտակ բծի՝ անձավի մուտքի ֆոնի վրա։ Նա սրածայր ականջները սեղմեց գլխին, բացեց երախը ու դուրս գցեց լեզուն՝ իր ամբողջ տեսքով կատարյալ բավականություն ու անդորր արտահայտելով։
Միակնանին ուզում Էր բան ուտել։ Նա քնեց անձավի մուտքի մոտ, բայց նրա քունը տագնապալի Էր։ Նա ստեպ-ստեպ արթնանում էր և ականջները սրած՝ ունկնդրում, թե ինչ էր ասում ձյան վրա խաղ անող ապրիլյան վառ արևով ողողված աշխարհը։ Հենց որ Միակնանին սկսում Էր նիրհել, նրա ականջներին հասնում Էր անտեսանելի առվակների հազիվ լսելի շշունջը, և նա բարձրացնում էր գլուխը՝ լարված ականջ դնելով այդ հնչյուններին։ Արևը դարձյալ երևաց երկնքում, և զարթնող Հյուսիսը իր կոչը հղեց գայլին։ Շուրջ բոլորը ամեն ինչ կյանք էր առնում։ Օդից գարնան հոտ էր գալիս, ձյան տակ ծնունդ էր առնում կյանքը, ծառերն ուռչում էին հյութից, բողբոջները դեն Էին գցում սառցե կապանքները։
Միակնանին անհանգիստ նայում էր իր րնկերուհուն, բայց սա տեղից վեր կենալու ոչ մի ցանկություն չէր ցուցաբերում։ Արուն նայեց աջ ու ձախ, տեսավ իրենից քիչ հեռու իրար անցած ճնճղկիկների երամը, վեր կացավ թեթևակի, բայց մի անգամ ևս նայելով ընկերուհուն՝ պառկեց ու նորից նիրհեց։ Մի թույլ տզզոց հասավ նրա լսողությանը։ Նա քնի մեջ մի քանի անգամ թաթը թափահարեց դնչի մոտ, հետո էլ արթնացավ։ Նրա քթի առաջ տզզալով պտտվում էր մի մոծակ։ Խոշոր էր մոծակը, հավանորեն ամբողջ ձմեռն անց էր կացրել մի չոր փչակում, իսկ հիմա արևը դուրս էր հանել նրան ընդարմացումից։ Գայլն ի վիճակի չէր դիմադրելու շրջապատի կանչին և, բացի դրանից, ուտել էր ուզում։
Միակնանին սողաց դեպի իր ընկերուհին ու փորձեց համոզել նրան վեր կենալու, բայց սա միայն գռմռաց նրա վրա։ Դրանից հետո արուն որոշեց մենակ ճամփա ընկնել ու դուրս գալով վառ արևի տակ տեսավ, որ ոտքի տակ ձյունը փուլ է գալիս և ճամփորդությունը հեշտ չի լինի։ Նա վազում Էր սառած գետակն ի վեր, որտեղ ծառերի ստվերի տակ եղած ձյունը դեռ պինդ Էր։ Մի ութ ժամ թափառելուց հետո Միակնանին վերադարձավ մութ երեկոյան՝ առաջվանից ավելի քաղցած։ Հաճախ Էր նա որս տեսնում, բայց չէր կարողանում բռնել։ Նապաստակները թեթև-թեթև սուրում էին հալվող ձյան վրայով, իսկ ինքը խրվում էր մեջը ու թպրտում։
Մի տարտամ կասկած ստիպեց Միակնանուն կանգ առնել անձավի մուտքի մոտ։ Այնտեղից տարօրինակ, թույլ ձայներ էին լսվում, որ նման չէին էգ գայլի ձայնին, բայց և մի ծանոթ բան էր զգացվում դրանց մեջ։ Նա զգուշությամբ սողաց ներս ու լսեց իր ընկերուհու նախազգուշացնող մռնչոցը։ Դա չշփոթեց Միակնանուն, բայց և ստիպեց կանգ առնել որոշ հեռավորության վրա․ նրան հետաքրքրում էին այլ ձայներ՝ թույլ, խուլ վնգստոցն ու լացը։
Էգ գայլը զայրալից գռմռաց նրա վրա։ Միակնանին կծկվեց անձավի մուտքի մոտ ու քնեց։ Երբ առավոտը բացվեց ու մի աղոտ լույս թափանցեց որջը, արուն նորից սկսեց փնտրել տարտամորեն ծանոթ այդ ձայների աղբյուրը։ Էգ գայլի նախազգուշացնող մռնչոցում նոր շեշտեր առաջացան, դրանց մեջ զգացվում էր խանդը, և այդ էլ մղեց արուին հեռու մնալ նրանից։ Ու այնուամենայնիվ նա կարողացավ նկատել, որ էգի ոտքերի միջև, նրա փորին կպած, խլրտում էին հինգ փոքրիկ, կենդանի կծիկ, այդ թույլ, անզոր կծիկները ցածրաձայն վնգստում էին ու աչքերը չէին բացում։ Արուն զարմացավ։ Առաջին անգամ չէր, որ այդպիսի բան էր պատահում նրա երկար ու հաջողակ կյանքում, հաճախ էր պատահել և այնուամենայնիվ ամեն անգամ նա նորից էր զարմանում։ Մայր գայլը անհանգստությամբ էր նայում նրան։ Նա երբեմն կամացուկ գռմռում էր, իսկ երբ արուն, ինչպես թվում էր էգին, շատ էր մոտենում, այդ գռմռոցը դառնում էր ահեղ։ Բնազդը, որ բոլոր մայր գայլերի մեջ ավելի վաղ է դրսևորվում, քան փորձը, թելադրում էր, որ հայրերը կարող են ուտել իրենց անօգնական սերնդին, թեև մինչ այդ նման դժբախտություն չէր տեսել։ Եվ վախը ստիպում էր նրան հեռացնել Միակնանուն իր իսկ ծնունդ տված ձագերից։
Ասենք ձագերին ոչ մի բան չէր սպառնում։ Ծեր գայլն էլ իր հերթին զգաց հայրերից իրեն անցած բնազդի թելադրանքը։ Առանց մտածելու այդ մասին, առանց հակառակվելու դրան՝ նա իր ամբողջ էությամբ զգաց այդ թելադրանքը և մեջքը դարձնելով իր նորածին սերնդին՝ գնաց ուտելիք փնտրելու։
Որջից հինգ-վեց մղոն հեռու գետակը ճյուղավորվում էր, և նրա երկու թևերն էլ ուղիղ անկյունով թեքվում էին դեպի լեռները։ Գայլը գնաց ձախ վտակի երկայնքով և շուտով ինչ-որ հետքեր տեսավ։ Նա հոտոտեց դրանք ու համոզվելով, որ բոլորովին թարմ հետքեր են, փարվեց ձյանը և նայեց այն ուղղությամբ, ուր հեռանում էին դրանք։ Հետո առանց շտապելու շրջվեց ու վազեց աջ վտակի երկայնքով։ Հետքերը բավականին մեծ էին իր սեփական հետքերից, և նա իմանում էր, որ այնտեղ, ուր դրանք հասնում էին, որսի հույս քիչ կար։
Մի կես մղոնաչափ վազելով աջ վտակի երկայնքով գայլը իր սուր լսողությամբ մի կրճտոց լսեց։ Գաղտագողի մոտենալով՝ նա տեսավ մի խոզուկ, որ հետևի թաթերին կանգնած ատամներն էր սրում ծառի վրա։ Միակնանին զգույշ մոտեցավ նրան, սակայն հաջողության հույս չունենալով։ Այդքան հեռու Հյուսիսում խոզուկներ չէին պատահել նրան, բայց նա ճանաչում էր այդ փոքրիկ գազաններին, թեև ամբողջ կյանքում ոչ մի անգամ նրանց մսի համը չէր տեսել։ Սակայն փորձը սովորեցրել էր գայլին, որ կյանքում լինում է երջանկություն կամ հաջողություն, ուստի շարունակեց ծածուկ մոտենալ խոզուկին։ Դժվար էր կռահել, թե ինչով կվերջանա այդ հանդիպումը․ չէ՞ որ կենդանի արարածի դեմ պայքարելու ելքը նախօրոք երբեք չի կարելի իմանալ։
Խոզուկը գնդի նման կծկվեց՝ ամեն կողմ ցցելով իր երկար ու սուր փշերը, այնպես որ հարձակումը անհնարին դարձավ։ Երիտասարդության տարիներին Միակնանին մի անգամ դունչը դիպցրեց արտաքուստ ահա այսպես անկենդան փշերի կծիկի և պոչի անսպասելի հարված ստացավ քթին։ Մի փուշ էլ մնաց քթի մեջ տնկված՝ սաստիկ ցավ պատճառելով և մի քանի շաբաթ հետո միայն դուրս գալով վերքից։ Գայլը պառկեց՝ պատրաստվելով ոստյունի և քիթը ուղիղ մի ոտնաչափ հեռու պահելով խոզուկի պոչից։ Անշարժանալով տեղում՝ նա սպասում էր։ Ի՞նչ իմանաս, ամեն բան կարող է պատահել։ Մեկ էլ տեսար պատեհություն ներկայացավ թաթի մի ճարպիկ հարվածով պատռել քնքուշ, ոչ մի բանով չպաշտպանված փորը։
Սակայն կես ժամ հետո Միակնանին վեր կացավ, չարացած մռնչաց անշարժ կծիկի վրա ու թողեց գնաց։ Անցյալում շատ հաճախ էր ստիպված եղել դարանակալ սպասել խոզուկներին, ահա այսպես, առանց որևէ արդյունքի։ Հիմա չէր ուզում ժամավաճառ լինել։ Եվ նա վազեց գնաց գետակի աջ վտակի երկայնքով։ Օրը մթնելու վրա էր, իսկ որոնումները դեռ հաջողություն չէին ունեցել։
Գայլին կառավարում էր հայրության զարթնած բնազդը։ Նա գիտեր, որ ինչ գնով էլ լինի, պետք է ուտելիք գտնել։ Կեսօրին մի սպիտակ կաքավ պատահեց նրան։ Գայլը դուրս նետվեց թփուտից ու դեմ առավ այդ տխմար թռչունին, որ նստած էր կոճղի վրա նրա դնչից մոտ մի ոտնաչափ հեռու։ Նրանք միաժամանակ տեսան իրար։ Թռչունը վախեցած թափահարեց թևերը, բայց գայլը թաթը խփեց նրան, գցեց գետին ու ատամներով բռնեց ճիշտ այն պահին, երբ նա թպրտում Էր ձյան վրա ու ջանում թռչել օդ։ Հենց որ Միակնանու ատամները խրվեցին փափուկ մսի մեջ՝ կոտրատելով դյուրաբեկ ոսկորներր, նրա ծնոտներն սկսեցին աշխատել։ Հետո նա հանկարծ մի բան հիշեց և սկսեց վազել դեպի անձավը՝ իր հետ տանելով կաքավին։
Իր անձայն քայլվածքով մի մղոն ևս վազելուց հետո, ստվերի պես սահելով և ուշադիր զննելով գետափի ամեն մի նոր ծալք՝ նա դարձյալ պատահեց նույն խոշոր թաթերի հետքերին։ Այդ հետքերը շարունակվում Էին դեպի այն կողմը, որով ընթանում Էր իր ճանապարհը, այնպես որ նա պատրաստվեց ուզած րոպեին հանդիպելու այդ թաթերի տիրոջը։
Գայլը զգուշությամբ գլուխը դուրս հանեց ժայռի հետևից, որտեղ գետակը հանկարծ թեքվում էր, և նրա սուր աչքը նկատեց այնպիսի մի բան, որը նրան ստիպեց անմիջապես տափականալ գետնին։ Դա այն գազանն Էր, որ մեծ հետքեր Էր թողել ձյան վրա՝ մի խոշոր Էգ լուսան։ Սա պառկած էր կծիկ դարձած մի խոզուկի առաջ նույն այն դիրքով, որով վաղ առավոտյան գայլն ինքն էր պառկել մի այդպիսի խոզուկի առաջ։ Եթե մինչ այդ Միակնանուն կարելի էր համեմատել սահող ստվերի հետ, ապա հիմա նա այն ստվերի ուրվականն Էր, որն զգույշ, քամու հակառակ կողմից, շրջանցում էր այդ անձայն ու անշարժ զույգին՝ խոզուկին ու լուսանին։
Գայլը պառկեց գետնին, կաքավին դրեց իր կողքը և մի կարճլիկ սոճու փշերի միջից սկսեց ակնասևեռ հետևել նրա աչքի առաջ ծավալվող կյանքի խաղին՝ լուսանին ու խոզուկին, որոնք թեև թաք էին կացել, բայց կենսալի էին և յուրաքանչյուրը պաշտպանում էր իր գոյությունը։ Իսկ այդ խաղի իմաստն այն Էր, որ դրա մասնակիցներից մեկը ուզում Էր ուտել մյուսին, իսկ այդ մյուսը չէր ուզում կերված լինել։
Ծեր գայլը նույնպես իր թաքստոցից մասնակցեց այդ խաղին՝ հույս ունենալով, որ հանկարծ բախտը կարող է դառնալ իր կողմը, և ինքը ձեռք կբերի ապրելու համար անհրաժեշտ ուտելիք։
Անցավ կես ժամ, ապա մի ժամ, ամեն ինչ մնաց առաջվա պես։ Փշերի կծիկը կատարյալ անշարժություն էր պահպանում, և նրան կարելի էր քար համարել, լուսանն էլ վերածվեց մարմարե արձանի, իսկ Միակնանին... սա ասես մեռած լիներ։ Մինչդեռ երեքն էլ ապրում էին այն լարված, համարյա ֆիզիկական ցավ զգալու աստիճան լարված կյանքով, որ հազիվ թե երբևէ առիթ էին ունեցել իրենց մեջ այնքան ուժ զգալու, որքան զգում էին հիմա, երբ մարմինները թվում էին քարացած։
Միակնանին առաջ մղվեց՝ է՛լ ավելի զգաստանալով։ Այնտեղ սոճու հետևը, փոփոխություններ էին առաջացել։ Խոզուկը վերջ ի վերջո որոշեց, որ իր թշնամին հեռացավ և դանդաղորեն, զգուշությամբ սկսեց ուղղել իր անխոցելի զրահը։ Նվազագույն կասկածն անգամ չէր անհանգստացնում նրան։ Փշոտ կծիկը կամաց-կամաց բացվեց և սկսեց ուղղվել։ Միակնանին զգաց, որ բերանի թուքը գնում է՝ տեսնելով, թե ինչպես իր առաջ պառկած է մի կենդանի որս՝ որպես պատրաստի հյուրասիրություն։
Դեռ լրիվ էլ չէր բացվել խոզուկը, երբ տեսավ իր թշնամուն։ Եվ այդ ակնթարթին էլ լուսանը խփեց նրան։
Հարվածն արագ էր, ինչպես կայծակը։ Գիշատիչ թռչունի մագիլների պես կեռ ճիրաններ ունեցող նրա թաթը պատռեց խոզուկի քնքուշ փորը և իսկույն էլ ետ քաշվեց։ Եթե խոզուկը ամբողջ երկայնքով բացվեր կամ թշնամուն նկատեր մեկ տասներորդական վայրկյան ուշ, ապա թաթը անվնաս կմնար, բայց այն ակնթարթին, երբ լուսանը թաթը քաշեց, խոզուկը կողքից պոչով հարվածեց և իր սուր փշերը մխրճեց մեջը։
Ամեն ինչ կատարվեց միաժամանակ՝ հարված, պատասխան հարված, խոզուկի մերձիմահ կաղկանձ և ցավից շշմած ահագին կատվի ճիչ։ Միակնանին թեթևակի բարձրացրեց գլուխը, սրեց ականջներն ու պարզեց հուզմունքից գողացող պոչը։ Լուսանը ազատություն տվեց իր բնավորությանը՝ մոլեգնորեն հարձակվեց իրեն այդպիսի ցավ պատճառած գազանի վրա։ Բայց խոզուկը խռխռալով, վնգստալով ու ջանալով կծկվել պատռված փորից դուրս թափած փորոտիքը թաքցնելու համար, մի անգամ էլ հարվածեց պոչով։ Խոշոր կատուն դարձյալ ցավից ծղրտաց ու ֆշշալով ետ նետվեց. նրա ամբողջովին փշապատ քիթը այժմ նման էր ասեղի բարձիկի։ Նա թաթերով քերծում էր քիթը՝ աշխատելով ազատվել կրակի պես այրող այդ նետերից, դունչը կոխում էր ձյան մեջ, քսում ճյուղերին, ցատկում առաջ, ետ, աջ ու ձախ՝ սաստիկ ցավից ու վախից խելքը կորցրած։
Շարունակելով ֆշշալ՝ լուսանը ջղաձգորեն թափահարում էր իր կարճլիկ պոչը, հետո էլ քիչ-քիչ հանդարտվեց։ Միակնանին, որ շարունակում էր հետևել նրան, հանկարծ ցնցվեց ու փշաքաղվեց. լուսանը հուսահատ ոռնոցով նետվեց բարձր օդ ու թողեց փախավ ամեն մի ոստյունի հետ սուր ճչալով։ Եվ միայն այն ժամանակ, երբ նա անհետացավ ու նրա կաղկանձը մարեց հեռվում, Միակնանին սիրտ արեց առաջանալու։ Նա այնքան զգույշ էր քայլում, որ կարծես ամբողջ ձյան վրա սփռված էին ամեն րոպե իր թաթերի փափուկ բարձիկների մեջ մխրճվելու պատրաստ ասեղներ։ Խոզուկր խելահեղ կաղկանձով և ատամների կափկափումով դիմավորեց գայլի երևալը։ Նա կարողացավ մի կերպ կծկվել, բայց դա նախկին անթափանց կծիկը չէր արդեն. պատառոտված մկանները չէին ենթարկվում նրան, նա համարյա երկու կտոր էր արված և արնաքամ էր լինում։
Միակնանին երախով առնում ու մեծ հաճույքով կուլ էր տալիս արնաթաթախ ձյունը։ Սակայն այդպիսի նախաճաշից հետո նրա քաղցը սաստկանում էր միայն, բայց նա իզուր հո չէր ապրել աշխարհում․ կյանքը սովորեցրել էր նրան զգույշ լինել։ Սպասել էր պետք։ Եվ նա պառկեց խոզուկի առաջ, իսկ սա ատամներն էր կրճտում, խռխռում ու կամացուկ կաղկանձում էր։ Մի քանի րոպե անց Միակնանին նկատեց, որ խոզուկի փշերը կամացկամաց իջնում են, և նրա ամբողջ մարմնով սարսուռ է անցնում։ Հետո սարսուռը միանգամից կտրվեց։ Երկար ատամները կափկափեցին վերջին անգամ, փշերն իջան, մարմինը թուլացավ և այլևս չշարժվեց։
Միակնանին թաթի անհամարձակ, վարանոտ շարժումով խոզուկին ձգեց ամբողջ երկարությամբ ու շրջեց մեջքի վրա։ Ամեն ինչ բարեհաջող անցավ։ Խոզուկը մեռած էր։ Ուշադիր զննումից հետո գայլն իր որսը զգույշ բերանն առավ ու վազեց գետակի երկայնքով՝ քարշ տալով նրան ձյան վրա և գլուխը մի կողմ թեքած, որպեսզի ոտքը սուր փշերի վրա չդնի։ Բայց հանկարծ մի բան հիշեց. թոզեց խոզուկին ու վերադարձավ կաքավի մոտ։ Եվ ոչ մի րոպե չերկմտեց, գիտեր, թե ինչ պետք է անել՝ ուտել կաքավը։ Եվ դա ուտելուց հետո Միակնանին վազեց այնտեղ, ուր ընկած էր նրա որսը։
Երբ նա իր բեռը ներս քաշեց որջը, մայր գայլը զննեց դա, բարձրացրեց գլուխը և լիզեց արուի վիզը։ Բայց դրանից անմիջապես հետո նա թեթևակի մռնչաց՝ ձագերից հեռու վանելով նրան. ճիշտ է, այս անգամ մռնչոցը այնքան էլ չար չէր, դրանից ավելի շուտ ներողություն էր լսվում, քան թե սպառնալիք։ Իր սերնդի հորից զգացած բնազդական վախը աստիճանաբար չքվում էր։ Միակնանին իրեն պահում էր հայր գայլին պարտ ու պատշաճ և Էգի աշխարհ բերած ձագերին լափելու ապօրինի ցանկություն չէր ցուցաբերում։