— Ընթրիքը տալ ժամը վեցին,— շարունակեց նա, նայելով ժամացույցին, որը ցույց էր տալիս գիշերվա ժամը տասնմեկն անց տասը րոպե։ Um halb neune Alarm, Latrinenscheissen, dann schlafen gehen!<ref>Ութ և կեսին տագնապ, կղկղել և քնել (գերմ․)։</ref> ժամը վեցի ընթրիքին՝ կարտոֆիլով գուլյաշ, հարյուրհիսուն գրամ շվեցարական պանրի փոխարեն։
Ապա դրան հետևեց մարտական պատրաստականությունը ըստուգելու ստուգելու հրամանը։ Կապիտան Սագները նորից հրամայեց տագնապ հնչեցնել, իսկ գեներալ-տեսուչը, հետևելով, թե գումարտակն ինչպես է շարք կանգնում, սպաների հետ գնում֊գալիս էր և անդադրում կրկնում նույնը, կարծես բոլորն ապուշներ էին և չէին կարող նրան միանգամից հասկանալ։ Ընդ որում շարունակ նայում էր ժամացույցին. «Also, sehen Sie. Um halb neune scheissen, und nach einer halben Stunde schlafen. Das genügt vollkommen»<ref>Եվ այսպես, բարեհաճեցեք իմանալ. ժամը ութ և կեսին կղկղել, իսկ կես ժամ հետո քնել։ Ավելին չի պահանջվում (գերմ․)։</ref>։
— Այս անցման ժամանակաշրջանում զինվորներն առանց այն էլ սակավ են դուրս գնում։ Գլխավորը, ընդգծում եմ, քունն է։ Քունը մարդու կազդուրում է գալիք երթերի համար։ Քանի դեռ զինվորները գնացքի մեջ են, պետք է հանգստանան։ Եթե վագոնում բավականաչափ տեղ չկա, զինվորները քնում են հերթով։ Զինվորների մեկ երրորդը հարմար տեղավորվում է վագոնում և քնում ժամը իննից մինչև կես գիշեր, իսկ մնացածները կանգնում ու նայում են նրանց։ Այնուհետև, երբ առաջիններն իրենց քունն առնում են՝ տեղը զիջում են երկրորդ մեկերրորդին, որը քնում է կես գիշերից մինչև առավոտվա իննը։ Երրորդ խումբը քնում է ժամը երեքից մինչև վեցը, այնուհետև՝ արթնացում, և զորամասը գնում է լվացվելու։ Գնացքն ընթանալիս վագոնից չցա-ա-ատ-կել։ Պարեկներ նշանակել, որպեսզի զինվորները գնացքն ընթանալիս ցած չցա֊ա-ատ-կե՛ն։ Եթե զինվորի ոտքը կոտրում է թշնամին,— գեներալը ձեռքով խփեց իր ոտքին,— դա արժանի է գովեստի, բայց եթե գնացքն ամբողջ թափով ընթանալիս զինվորը ցատկելով հաշմանդամացնում է իրեն, ապա դա ենթակա է պատժի։ Եվ այսպես, ուրեմն, սա ձեր գումարտակն է,— դիմեց նա կապիտան Սագներին, դիտելով զինվորների քնատ կերպարանքները։ Շատերը չէին կարողանամ իրենց զսպել և, հանկարծակի քնահարամ եղած, հորանջում էին գիշերվա թարմ օդում։
Գազազած պոդպորուչիկ Դուբը նետվեց դեպի գեներալ֊մայորը․
— Ich melde gehorsam, Herr Generalmalor, der Mann ist blödsinnig und als Idiot bekannt, säghafter Dummkopf.<ref>Համարձակվում եմ զեկուցել, պարոն գեներալ-մայոր, այս զինվորը տկարամիտ է, հայտնի է որպես ապուշ, բացառիկ տամար տխմար (գերմ․)։</ref>
— Was sagen Sie, Herr Leutnant?<ref>Այդ ի՞նչ եք ասում, պարոն լեյտենանտ (գերմ․)։</ref>,— անսպասելի գոռաց գեներալ֊մայորը պոդպորուչիկ Դուբի վրա, ապացուցելով միանգամայն հակառակը։— Հասարակ զինվորը գիտե, թե ինչ է հարկավոր անել, երբ պետ է մոտենում, իսկ ահա հրամանատար ենթասպան պետին չի նկատում և վերաբերմունք ցույց չի տալիս։ Ճիշտ այնպես, ինչպես կռվի դաշտում։ Վտանգի պահին հասարակ զինվորը հրամանատարությունն իր վրա է վերցնում։ Չէ՞ որ նա ինքը՝ պարոն պոդպորուչիկ Դուբն էր պարտավոր տալ «Einstellen! — Auf! — Habtacht, Rechtsschaut!» հրամանը, որ տվեց այս զինվորը։