Ավելացվել է 6984 բայտ,
20:13, 3 Փետրվարի 2015 {{Վերնագիր
|վերնագիր = Այս տղամարդն ու այս կինը
|հեղինակ = [[Աննա Գավալդա]]
|թարգմանիչ = մարդի
|թարգմանված է ռուսերենից
|աղբյուր = ես կուզեի, որ ինչ֊որ մեկը ինչ֊որ տեղ ինձ սպասեր
}}
Այս տղամարդն ու այս կինը գնում են արտասահմանյան մեքենայով։ Մեքենան արժեցավ քսան հազար ֆրանկ։ Ինչքան էլ զարմանալի չլինի, սրահում տղամարդը ամենաշատը տատանվում էր ճանապարհային հարկի մասին կպչուն թղթի գնի պատճառով։
Մեքենայի ժիկլյորը վատ է աշխատում։ Տղամարդուն սա անչափ նյարդայնացնում է։
Երկուշաբթի նա կխնդրի քարտուղարուհուն զանգել Սողոմոնին։ Մի պահ նրա մոտ միտք է անցնում քարտուղարուհու կրծքերի մասին՝ դրանք այնքան փոքր են։
Նա երբեք չի քնել իր քարտուղարուհիների հետ։ Նախ, դա վուլգար է, հետո էլ՝ մեր օրերում դրա պատճառով լիքը փող է կարելի կորցնել։
Նա այլևս ընդհնարապես չի դավաճանում կնոջը սկսած այն օրվանից, երբ Անտուան Սեյի հետ գոլֆ խաղալիս հաշվեցին՝ (տենց, ուղղակի, տեսականորեն) ինչ կարժենան ալիմենտները։
Նա և իր կինը գնում են քաղաքից դուրս գտնվող տունը։ Դա շատ գեղեցիկ ագարակ է Անժեի մոտ։ Հիանալի համամասնություններ են։
Նրանք այն գրեթե անվճար են գնել։ Բայց վերանորոգումն ու վերաձևավորումը․․․
Փայտե պանելներ բոլոր սենյակներում, բուխարի, որ սկզբում քանդեցին, հետո կրկին հավաքեցին քար առ քար․ նա սիրահարվել էր այդ բուխարուն անտիկվարով զբաղվող անգլիացու մոտ առաջին իսկ հայացքից։ Պատուհաններին վրձնով ծանր զարդանախշեր են։ Գերժամանակակից խոհանոց, ծաղկավոր սրբիչներ և փոքրիկ սեղանիկ մոխրագույն մարմարից։ Յուրաքանչյուր ննջարանին մեկական բաղնիք, կահույքը՝ քիչ, փոխարենը՝ ամբողջը անտիկվար է։ Պատերին՝ XIX դարի որսորդական փորագրություններ են, այ բայց շրջանակները չափից դուրս ոսկեգույն են ու հաստ։
Մի փոքր չտեսության հոտ է գալիս, բայց տերերը, բարեբախտաբար, դա չեն զգում։
Տղամարդը «տոնական հագուստով» է․ նրա հագին տվիդից տաբատ է և երկնագույն քաշեմիրային սվիտեր (կնոջ նվերն է հիսունամյակին)։Կոշիկները Ջոն Լոբից են․ այս բրենդից նա չի հրաժարվի ինչ էլ առաջարկես։ Գուլպաները, բնականաբար, ֆիլդեկոսե են և երկար՝ մինչ ձկնամկանի մեջտեղը։ Սա սովորական է։
Նա բավականին ճարպկորեն է վարում մեքենան՝ մտմտալով իր գործերի մասին։ Գալուն պես կխոսի պահակների հետ տան մասին, տնտեսության, հաճարենիները կտրտելու, որսագողերի․․․ ինչքա՜ն է նա ատում այս ամենը։
Նա չի սիրում, երբ իրեն հիմարի տեղ են դնում, իսկ էս երկու պահակները պարզապես ծաղրում են իրեն։ Աշխատանքը նրանք սկսում են միայն ուրբաթ առավոտյան, թևքերը իջեցրած ալարկոտ շրջում են հողամասով մեկ, սա էլ միայն այն պատճառով, որ գիտեն՝ երեկոյան տերերը գալու են և պետք է զբաղվածության տնազ անել։
Նա պետք է նրանց դուրս վռնդի, բայց հիմա ընդհանրապես ժամանակը չունի։
Նա հոգնած է։ Նրան զզվեցրել են ընկերակիցները, սիրով կնոջ հետ գրեթե չի զբաղվում, դիմացի ապակին մոծակների եղբայրական գերեզման է հիշեցնում և նույն ձևով վատ է աշխատում ժիկլյորը։
Կնոջ անունը Մատիլդա է։ Նա լավիկն է, բայց սիրունիկ երեսին հստակ հետքեր է թողել կյանքի դառնությունը։
Նա միշտ իմացել է ամուսնու դավաճանությունների մասին և նա հստակ գիտի, որ ամուսինը այժմ հավատարիմ է իրեն զուտ փողի պատճառով։
Նա տխուր տեսքով նստած է «մահապարտի տեղում», ինչպես միշտ իրենց անվերջանալի շաբաթ֊կիրակվա ճամպորդությունների ժամանակ։
Նա մտածում է, որ երբեք սիրված չի եղել, որ երեխաներ չունի ու պահակի երեխայի մասին, ում անունը Կևին է, հունվարին նա կդառնա երեք տարեկան։
Կևին․ ի՜նչ ահավոր անուն է։ Այ, եթե ինքը տղա ունենար, նրա անունը կդներ Պյեր՝ իր հոր պատվին։ Նա հիշեց՝ ինչ ահավոր կռիվ սարքեց ամուսինը, երբ խոսք բացեց որդեգրելու մասին․․․ բայց միևնույն ժամանակ նա մտածում է այն սիրունիկ կանաչ զգեստի մասին, որ մի քանի օր առաջ նկատել է «Չերուտտիի» ցուցափեղկում։
Նա «Fip» է լսում։ Լավ ռադիոկայան է․ դասական երաժշտությունը հույս է, իսկ տարբեր ժողովուրդների երաժշտությունը միշտ տպավորություն է ստեղծում, որ բաց ես բոլոր տեսակի հոսքերի համար և կարճ նորությունների թողարկումները, այնքան կարճ, որ ուրիշների դժբախտութոյւնները չեն հասցնում մտնել քո սրահ։
Նրանք անցան ճանապարահի համար վճարելու կետը։ Նրանք այդպես էլ ոչ մի բառ չասացին միմյանց, իսկ մինչ տուն դեռ այնքա՜ն հեռու է։