Քանի որ փեղկերն այդպես էին բացվում (դուռն իրականում լայն բացված էր), Գրեգորը դեռ չէր երևում։ Եթե նա չէր ուզում մինչև սենյակ մտնելը անշնորհքորեն փռվել մեջքի վրա, պետք է դռան փեղկերից մեկի շուրջը դանդաղ և շատ զգույշ պտտվեր։ Նա դեռ այդ ծանր գործողությամբ էր զբաղված և ուրիշ բանի վրա ուշադրություն դարձնելու ժամանակ չուներ, երբ նույն պահին լսեց հավատարմատարի բարձր ձայնը։
— Օ՜հ,― կանչեց հավատարմատարը, և այն հնչեց, ինչպես երբ քամին է փչում։ Քիչ անց նա արդեն տեսավ հավատարմատարին, որ բոլորից մոտ էր կանգնած դռանը։ Ձեռքը լայն բացված բերանին դրած, նա դանդաղ ընկրկում էր, նրա վրա կարծես հավասարաչափ հեռու քաշող, անտեսանելի մի ուժ էր ազդում։ Մայրը, որ չնայած հավատարմատարի ներկայությանը կանգնել էր դեռ գիշերվանից ազատ արձակված, դեզի պես ցցված մազերով, սկզբում ձեռքերը ծալած նայեց հորը, երկու քայլ արեց դեպի Գրեգորը և դեմքը կրծքի վրա անգտնելիորեն կախած, ընկավ շուրջը փռված զգեստների մեջ։ Հայրն այնպիսի թշնամանքով սեղմեց բռունցքը, կարծես ուզում էր Գրեգորին ետ շպրտել իր սենյակը, անվստահ շուրջը նայեց ու ձեռքը աչքերին պահած, հզոր կուրծքը ցնցելով, լաց եղավ։
Գրեգորը սենյակ չմտավ, այլ ներսից այնպես հենվեց ամուր փակված փեղկին, որ նրա մարմնի միայն կեսն էր երևում, ու գլուխը կողքի թեքած, մյուսներին էր նայում։
Օրն արդեն բավական պարզվել էր, փողոցի հանդիպակաց կողմում հստակ գծագրվում էր ուղղանկյուն ու մռայլ պատուհաններով ճակատամասը ճեղքված հիվանդանոցի անվերջանալի, սևագորշ շենքի մի հատվածը, անձրևը շարունակում էր տեղալ, բայց հիմա կաթիլները խոշոր էին, հատիկ-հատիկ երևում էին և, իրոք, կարծես մեկիկ-մեկիկ գետին էին շպրտվում։ Սեղանի վրա անսովոր մեծ քանակությամբ սպասք կար դրված, որովհետև հոր համար նախաճաշն էր սնվելու օրվա ամենակարևոր ժամը, և նա, տարբեր թերթեր ընթերցելով՝ ժամերով ձգում էր այն։ Հենց դիմացի պատից մի լուսանկար էր կախված, որ Գրեգորի զինվորական ծառայությունից էր մնացել։ Լեյտենանտի շորեր հագած, ձեռքը դաշույնին դրած, նա անհոգ ժպիտով իր կեցվածքի ու համազգեստի հանդեպ հարգանք էր պահանջում։ Նախասենյակ տանող դուռը բաց էր, և, որովհետև բնակարանի դուռն էլ էր բաց, երևում էին բնակարանի դիմացի հարթակն ու այնտեղից ներքև տանող թեք աստիճանները։
― Դե՞,― ասաց Գրեգորը։ Նա վստահ էր, որ ներկա գտնվողների մեջ միայն ինքն էր, որ հանգիստ էր։― Ես անմիջապես կհագնվեմ, կհավաքեմ հավաքածուն ու կմեկնեմ։ Թույլատրո՞ւմ եք, ուզո՞ւմ Եք թույլ տալ, որ ես գնամ։ Դե ի՞նչ, պարոն հավատարմատար, տեսնո՞ւմ Եք, որ ես պնդաճակատ չեմ և հաճույքով եմ աշխատում։ Շրջիկ գործակալի աշխատանքն, ինչ խոսք, հոգնեցուցիչ է, բայց ես չեմ կարողանա առանց դրա ապրել։ Ո՞ւր եք գնում, պարոն հավատարմատար։ Ֆիրմա՞։ Այո՞։ Իրականությանը համապատասխա՞ն եք ամեն ինչ ներկայացնելու։ Հնարավո՞ր է, որ մարդ մի պահ աշխատանքի անընդունակ լինի, բայց հենց այդ պահին պետք է նախկին վաստակների մասին հիշել և մտածել, որ դժվարությունների հաղթահարումից հետո, մարդ, իհարկե, ավելի ջանասեր ու կենտրոնացված կաշխատի։ Ախր Դուք էլ շատ լավ գիտեք, որ ես շեֆին շատ եմ պարտական, բայց մյուս կողմից էլ ես ծնողներիս ու քրոջս համար եմ անհանգստանում։ Այսօր ես նեղության մեջ Եմ, սակայն դուրս կգամ այս վիճակից, միայն թե Դուք ինձ համար ավելի մի դժվարացրեք այդ բանը, քան է արդեն։ Պարոն հավատարմատար, ֆիրմայում ինձ պաշտպանեք։ Շրջիկ գործակալներին չեն սիրում, գիտեմ։ Կարծում են, թե նրանք ահռելի գումարներ են վաստակում և գեղեցիկ կյանք վարում։ Հփմա այդ նախապաշարմունքը ավելի լավ քննելու առանձնակի ոչ մի պատճառ չկա, սակայն Դուք, պարոն հավատարմատար, Դուք իրերի դրության վերաբերյալ ավելի լավ պատկերացում ունեք, քան մնացած անձնակազմը։ Այո։ Մեր մեջ ասած, նույնիսկ ավելի լավ, քան պարոն շեֆն անձամբ։ Ձեռնարկատեր լինելով, նա հեշտուհանգիստ կարող է սխալ վճիռ ընդունել ու դրանով վնասել աշխատակցին։ Դուք նաև շատ լավ գիտեք, որ համարյա ողջ տարին ֆիրմայից դուրս գտնվող շրջիկ գործակալը հեշտ կարող է զոհ դառնալ բամբասանքներին, պատահականություններին ու անհաղթահարելի դժվարություններին, և դրանցից պաշտպանվելը անհնար է բնավ, որովհետև դրանց մասին նա մեծ մասամբ ոչինչ չի իմանում և գործուղումը հոգնած վերջացնելուց հետո տանը, որպես նվեր, սԵփական կաշվի վրա այն հետևանքներն է զգում, որոնց պատճառների մեջ թափանցելն այլևս անհնար է։ Պարոն հավատարմատար, առանց ինձ մի բան ասելու և ցույց տալու, որ Դուք թեկուզ աննշան չափով արդարացնում եք ինձ, մի հեռացեք։
Սակայն Գրեգորի հենց առաջին խոսքերից հետո հավատարմատարն արդեն շուռ էր եկել և ցնցվող ուսի վրայով, բերանը բաց, ետ էր նայում։ Գրեգորի խոսելու ժամանակ ևս նա ոչ մի վայրկյան հանգիստ չկանգնեց, այլ, առանց նրան աչքից բաց թողնելու, դանդաղ, կարծես սենյակից հեռանալն արգելող գաղտնի արգելք կար, ձգվեց դեպի դուռը։ Նա արդեն նախասենյակում էր, և կտրուկ շարժումից հետո, ինչպես հյուրասենյակից ոտքը քաշեց, կարելի էր ենթադրել, թե նա իր ներբանն էլ է այրել։ Նախասենյակում նա աջ ձեռքն այնպիսի տեսքով պարզեց դեպի աստիճանը, որ կարծես աստիճանների վրա հենց այդ է՝ վերերկրային փրկություն էր սպասում նրան։ Գրեգորը հասկացավ, որ իրավունք չունի թույլ տալ հավատարմատարին նման տրամադրությամբ հեռանալ, եթե չի ուզում անուղղելի վնաս հասցնել ֆիրմայում ունեցած իր դիրքին։ Մինչդեռ ծնողներն այնքան էլ լավ չպատկերացրին իրադրությունը։ Երկար տարիների ընթացքում նրանք այն համոզմանն էին հանգել, թե Գրեգորն իր կյանքը ֆիրմայում ապահովել է, և, դրանից բացի, պահի հոգսերով ծանրաբեռնված, նրանք այնքան անելիք ունեին, որ կանխագուշակելու ամեն մի կարողություն կորել էր իսպառ։ Սակայն Գրեգորը հեռատես էր. հավատարմատարին անհրաժեշտ էր ետ պահել, հանգստացնել, համոզել ու, ի վերջո, իր կողմը տրամադրել, դրանից էր կախված Գրեգորի ու ողջ ընտանիքի ապագան։ Ա՜յ, եթե քույրն այստեղ լիներ։ Նա խելացի էր, նա լալիս էր, երբ Գրեգորը դեռ պառկած էր մեջքի վրա։ Հավատարմատարը՝ այդ կնամոլը, իհարկե, հնազանդորեն կենթարկվեր քրոջ կամքին, քույրը կփակեր բնակարանի դուռն ու նախասենյակում կփարատեր նրա սարսափը։ Բայց Գրետան տանը չէր, հարկավոր էր անձամբ գործել։
Առանց մտածելու, որ դեռ բոլորովին անծանոթ է շարժվելու իր այժմյան հնարավորություններին, և որ իր խոսքերը, հնարավոր է, շատ հավանական է, նորից ոչ ոք չէր հասկացել, նա թողեց դռան փեղկն ու հրվեց բացվածքի միջով, ուզեց գնալ հավատարմատարի կողմը, որ ծիծաղելի կեցվածքով, երկու ձեռքով բռնել էր հարթակի բազրիքից, բայց հենարան փնտրելով կարճ ճիչ արձակեց ու ընկավ բազմաթիվ ոտիկների վրա։ Հազիվ ոտիկների վրա ընկած, նա այդ առավոտվանից առաջին անգամ մարմնական լավ ինքանզգացում ունեցավ, ոտիկների տակ ամուր գետինն էր, և, ինչպես Գրեգորը հուրախություն իրեն Նկատեց, դրանք լրիվ ենթարկվում էին, նույնիսկ ձգտում էին առաջ տանել՝ ուր ուզեր։ Գրեգորը նույնիսկ մտածեց, թե իր բոլոր ցավերը ուր որ է՝ անհապաղ ու վերջնականապես կբուժվեն։ Նույն պահին, երբ նա զսպված շարժումից ճոճվելով, մորից ոչ շատ հեռու, նրան ուղիղ դեմ֊հանդիման պառկել էր հատակին, սա, որ այդքան խորասուզված էր թվում, ձեռքերը լայն տարածելով վերև ցատկեց միանգամից ու մատները չռելով ճչաց.
— Օգնե՜ք, աստծո սիրուն, օգնե՜ք։
Հետո նա գլուխը կախ գցեց, կարծես ուզում էր ավելի լավ զննել Գրեգորին, բայց, ի հակասություն այդ ամենի, խելակորույս ետ վազեց։ Նա երևի մոռացել էր, որ թիկունքում նախաճաշի սեղանն է, մոտենալուն պես ցնորվածի նման նստեց սեղանին, ու թվաց, թե նույնիսկ չնկատեց, որ կողքի շուռ տված սրճամանից սուրճը ողջ շիթով մեկ գոգին թափվեց։
― Մայրիկ, մայրիկ,― կամաց ասաց Գրեգորն ու վեր նայեց, նա մի պահ մոռացավ հավատարմատարին, բայցևայնպես չկարողացավ զսպել իրեն և, տեսնելով թափվող սուրճը, մի քանի անգամ բացուխուփ արեց ծնոտները։ Նրա տեսքից վախեցած մայրը նորից ճչաց, փախավ սեղանից ու ընկավ ընդառաջ շտապող հոր ձեռքերի մեջ։ Սակայն այժմ Գրեգորը ծնողների մասին մտածելու ոչ մի րոպե ժամանակ չուներ, աստիճանների վրա կանգնած հավատարմատարը դունչը բազրիքին էր հենել ու վերջին անգամն էր այս կողմը նայում։ Նրան հասնելու հաստատ մտադրությամբ Գրեգորը թափ առավ։ Հավատարմատարը երևի մի բան կասկածել էր. ցատկեց բազմաթիվ սանդղակների վրայով ու անհետացավ։
— Հուո՜ւ,― բղավեց նա, և նրա ձայնը թնդաց սանդղատան մեջ։
Ցավոք, հավատարմատարի փախուստը մինչ այդ իրեն համեմատաբար զուսպ պահած հորն էլ, երևի, լիովին շփոթեցրեց, որովհետև փոխանակ ինքը հավատարմատարի հետևից վազեր կամ գոնե հետապնդելու ընթացքում Գրեգորին չխանգարեր, նա աջ ձեռքն առավ հավատարմատարի ձեռնափայտը, որ վերջինս գլխարկի ու վերարկուի հետ բազկաթոռին էր թողել, ձախ ձեռքով մի մեծ թերթ վերցրեց սեղանից և, ոտքերը թփթփացնելուն զուգահեռ՝ ձողն ու թերթը ճոճելով, սկսեց Գրեգորին քշել իր սենյակը։ Ոչ մի խնդրանք չօգնեց, ոչ մի խնդրանք չհասկացվեց. Գրեգորն ինչքան ուզում է հնազանդորեն ծռեր գլուխը, հայրն ավելի ուժեղ էր դոփում։
Չնայած սառը եղանակին, մայրը բացել էր սենյակի պատուհաններից մեկը և բավական առաջ թեքված՝ դեմքը սեղմել էր ափերի մեջ։ Նրբանցքի ու սանդղատան միջև ուժեղ միջանցիկ քամի առաջացավ, պատուհանի վարագույրները վեր ճախրեցին, սեղանի թերթերը խշխշացին, առանձին թղթեր թռան հատակին։ Հայրն անխնա քշում էր Գրեգորին ու վայրենու նման սուլական հնչյուններ էր արձակում։ Ետընթաց շարժվելը Գրեգորի համար անսովոր էր, շատ դանդաղ էր ետ գնում։ Եթե նա կարողանար շրջվել, անմիջապես կհայտնվեր իր սենյակում, բայց վախենում էր ժամանակ վատնող շրջապտույտով հորը համբերությունից հանել, որովհետև ամեն րոպե սպասում էր, թե նրա ձեռքի ձողը ուր-որ է մահացու հարված կհասցնի մեջքին կամ գլխին։
Ի վերջո Գրեգորին ուրիշ անելիք չմնաց։ Նա զարմացած նկատեց, որ ետընթաց գնալով չէր կարողանում նույնիսկ շարժման ուղղությունը պահել և հոր կողմը անընդհատ, վախեցած հայացքներ նետելով, սկսեց հնարավորին չափ արագ, իրականում սակայն, շատ դանդաղ շրջվել։ Հայրը երևի հասկացավ որդու բարի մտադրությունը և ընթացքում արդեն չէր խանգարում նրան, այլ ձողի ծայրով նույնիսկ այսուայնկողմ էր ցույց տալիս, ղեկավարում էր նրա շրջվելու շարժումները։ Եթե հոր անտանելի սուլոցը չլիներ։ Դրա պատճառով Գրեգորն ընդհանրապես կորցրեց գլուխը։ Նա համարյա շուռ էր եկել, բայց շարունակ հոր սուլոցին ականջ դնելով սխալվեց ու հակառակ ուղղությամբ շուռ եկավ։ Երբ նա վերջապես բարեհաջող կերպով դեպի դռան բացվածքը շրջվեց, պարզվեց, որ առանց այլևայլի ներս անցնելու համար նրա մարմինը շատ լայն է։ Հայրն իր այժմյան տամադրության մեջ, ինչ խոսք, նույնիսկ չէր էլ մտածում մյուս փեղկն էլ բացել ու Գրեգորին անցնելու համար բավական տարածություն տրամադրել։ Նրա միակ ցանկությունն այն էր, որ Գրեգորը հնարավորին չափ շուտ գնար իր սենյակը։ Որոշակի դժվարությունների հետ կապված նախապատրաստություն, որ թերևս անհրաժեշտ էր Գրեգորին ուղղվելու և այդպես սենյակ անցնելու համար, հայրը երբեք թույլ չէր տա։ Նա այնպես էր առաջ քշում Գրեգորին, կարծես նրա դիմաց ոչ մի խոչընդոտ չկար, իսկ ուղեկցող աղմուկը, որ Գրեգորի թիկունքում էր հնչում, այլևս ծնող հոր ձայնը չէր։
Այժմ էլ ի՞նչ կատակ կարող էր լինել։
— Թող լինի, ինչ լինելու է,― մտածեց Գրեգորն ու խցկվեց դռան մեջ, մարմինը մի կողմով բարձրացավ, թեք պառկեց բացվածքի մեջ. կողքը լրիվ քերվել էր, վերքոտվել, սպիտակ դռան վրա զզվելի հետքեր մնացին։ Շուտով նա ամուր լռվեց ու այլևս չէր կարող ինքնուրույն շարժվել, որովհետև օդի մեջ կախված վերևի ոտիկները կուչուձիգ էին լինում, ներքևինները՝ ցավագնորեն սեղմվել էին հատակին։ Հայրն այդ վիճակի համար իսկապես փրկարար քացի հասցրեց, ու նա՝ ուժեղ արյունոտվելով, սենյակ թռավ։
{{ԵրեքԱստղ}}
Գրեգորը միայն երեկոյան մթնշաղին արթնացավ ուշաթափության նման ծանր քնից։ Եթե նրան չխանգարեին էլ, նա շատ ուշ չէր արթնանա, որովհետև քունն առել էր ու հիմա բավական հանգիստ էր զգում իրեն։ Սակայն նրան թվաց, թե արթնանալու պատճառը ինչ-որ մեկի թեթև ոտնաձայնն էր ու դեպի նախասենյակ տանող դռան զգույշ փակվելը։ Փողոցի էլեկտրական լամպերի գունատ լույսը այսուայնտեղ էր ընկել առաստաղի ու կահույքի վերին մասերի վրա, իսկ ներքևում՝ Գրեգորի մոտ, մութ էր։ Նա նոր էր սովորում շոշափուկներից օգտվել և դրանցով անվարժ շոշափելով, հրվեց դեպի դուռը՝ նայելու, թե ինչ էր պատահել այնտեղ։ Նրան թվում էր, թե մարմնի ձախ կողմում տհաճորեն ձգված երկար սպի կա, իսկ ոտքերի երկու շարքով, իրոք, ստիպված էր ինչպես հարկն է կաղալ։ Ճաշից առաջ կատարված դեպքերի ընթացքում մի ոտքն, ի դեպ, ծանր վնասվել էր ու հիմա անկյանք քարշ էր գալիս, հրաշք էր, որ մի ոտքն էր վնասվել։
Միայն դռների մոտ նա նկատեց, թե ինչն էր իրեն այս կողմը գայթակղել. ուտելիքի հոտ էր գալիս։ Քաղցր կաթով լի մի թաս էր դրված այնտեղ, մեջը սպիտակ հացի փոքր կտորներ էին լողում։ Ուրախությունից նա քիչ էր մնում ծիծաղեր, որովհետև հիմա ավելի սոված էր, քան առավոտյան, և գլուխը անմիջապես, համարյա մինչև հոնքերը սուզեց կաթի մեջ, սակայն շուտով հիսաթափված ետ քաշվեց ոչ սոսկ այն պատճառով, որ նրբազգաց ձախ կողմը դժվարացնում էր ուտելը, իսկ նա կարող էր սնվել, երբ ողջ մարմինն էր ֆնչալով հետն աշխատում, այլ՝ որ կաթը, որ առանց այդ էլ նրա ամենասիրած ըմպելիքն էր և հաստատ քույրն էր դրել, դուր չէր գալիս։ Այո, գրեթե զզվանքով նա շուռ եկավ թասից ու սողաց դեպի սենյակի կենտրոնը։
Դռան ճեղքից նայելիս Գրեգորը տեսավ, որ հյուրասենյակում գազը վառված էր, ու թեև հայրը ճաշից հետո լույս տեսնող թերթերը մոր, երբեմն նաև քրոջ համար բարձրաձայն կարդալու սովորություն ուներ օրվա այդ ժամին, այժմ ոչ մի ձայն չէր լսվում։ Ենթադրենք ընթերցանությունը, որի մասին քույրն էր միշտ գրում ու պատմում, վերջերս դուրս էր եկել կիրառությունից, բայց ախր շուրջն էլ էր չափից դուրս լուռ, թեև տունն, հաստատ, դատարկ չէր։
― Իսկ ի՜նչ խաղաղ էր ապրում մեր ընտանիքը, ասաց Գրեգորը և, անթարթ աչքերը մթությանը հառած, հպարտության մեծ զգացում ունեցավ, որ կարողացել էր ծնողների ու քրոջ համար նման մի գեղեցիկ բնակարանում կյանքի ապահով պայմաններ ստեղծել։ Իսկ եթե հանկարծ ողջ հանգիստը, բարեկեցությունն ու գոհունակությունը սարսափելի ավարտ ունենար։ Նմանատիպ մտորումների մեջ չխճողվելու համար Գրեգորն անընդհատ շարժվում էր, սենյակում ետուառաջ էր սողում և այդպես ավելի լավ էր զգում իրեն։
Ողջ երեկոյի ընթացքում մի անգամ սենյակի դռներից մեկը, հետո էլ մյուսը փոքր ճեղքի չափով բացվեց ու արագ փակվեց նորից, երևի ինչ-որ մեկն ուզում էր ներս գալ, բայց չափից դուրս շատ էր երկմտում։ Վարանող այցելուին ինչ-որ ձևով ներս բերելու կամ գոնե նրա ով լինելը իմանալու մտադրությամբ Գրեգորը անմիջապես հյուրասենյակի դռան մոտ կանգնեց, սակայն դուռն այլևս չբացվեց, մինչդեռ Գրեգորն սպասում էր իզուր։ Առավոտյան, երբ դռները փակ էին, բոլորն ուզում էին ներս գալ, այժմ նա բացել էր մի դուռը, մյուսներն, ըստ երևույթին, օրվա ընթացքում էին բացել, սակայն ոչ ոք չէր գալիս, իսկ բանալիները դրսի կողմից էին մտցված փականի մեջ։
Հյուրասենյակում լույսն ուշ անջատեցին՝ միայն գիշերը, և հիմա հանգիստ կարելի էր կռահել, որ ծնողներն ու քույրը մինչև այս պահը արթուն էին մնացել, որովհետև պարզ լսվում էր, թե ինչպես են երեքն իրար հետ հեռանում ոտնաթաթերի վրա։ Մինչև առավոտ Գրեգորի մոտ հաստատ արդեն ոչ ոք ներս չէր գա, և հիմա նա բավական ժամանակ կունենար, որպեսզի անարգել մտածել, թե ինչպես պետք է կարգավորեր իր նոր կյանքը։ Սակայն բարձր, ընդարձակ սենյակը, ուր ինքն էր արդեն հինգ տարի բնակվել և ուր հիմա ստիպված էր տափակ պառկել հատակին, սարսափ էր ազդում նրա վրա, և չկարողանալով իր համար պարզել վախի պատճառը, նա՝ գրեթե չգիտակցված շարժումով, բայց ոչ առանց թեթև ամոթի, շտապ խցկվեց հնաոճ բազմոցի տակ, ու թեև այնտեղ չէր կարողանում գլուխը բարձրացնել, իսկ բազմոցը սեղմում էր մեջքը, անմիջապես շատ հարմար զգաց իրեն ու ափսոսաց, որ չի կարող ամբողջությամբ այնտեղ տեղավորել չափից դուրս լայն մարմինը։ Կիսաքուն (սովածությունից շարունակ արթնանում էր), հոգսերին ու անորոշ հույսերին տրված, նա այնտեղ անցկացրեց ողջ գիշերն ու հանգեց այն հետևությանը, որ առայժմ պետք է իրեն հանգիստ պահի, հարգալից ու համբերատար վերաբերմունքով տանելի դարձնի իր ներկայի վիճակով ընտանիքին պատճառած տհաճությունները։
Արդեն վաղ առավոտյան՝ դեռ լույսը չբացված, Գրեգորն հնարավորություն ունեցավ ստուգել քիչ առաջ ընդունած որոշումների ուժը, քույրը՝ համարյա լրիվ հագնված, հյուրասենյակի կողմից բացեց դուռն ու լարված հայացքով նայեց ներս։ Նա եղբորն իսկույն չտեսավ, բայց երբ նկատեց նրան բազմոցի տակ (աստված իմ, նա, ախր, պետք է ինչ-որ մի տեղ լինի, հո չե՞ր կարող փախչել), այնպես սարսափեց, որ առանց իրեն տիրապետելու, դուռը կրկին վրա խփեց։ Հետո երևի իր արարքը զղջալով, նա իսկույն բացեց դուռն ու ոտնաթաթերի վրա այնպես ներս մտավ, որ կարելի էր մտածել, թե ծանր հիվանդի կամ օտարի մոտ է գալիս։ Գրեգորը գլուխը դուրս էր խցկել համարյա մինչև բազմոցի եզրն ու նայում էր։ Արդյոք քույրը կնկատե՞ր, որ ինքը՝ թեև բնավ ոչ սովածության պակասությունից, կաթին ձեռք չէր տվել, և արդյոք ավելի դուր եկող մի ուրիշ բան կբերեր։ Չնայած սովածությունը իրականում ստիպում էր նրան բազմոցի տակից դուրս նետվել, քրոջ ոտքերն ընկնել ու որևէ բան խնդրել, բայց եթե քույրը չնկատեր, ու ինքը որևէ բան չբերեր, Գրեգորը սովամահ լինելը կգերադասեր քրոջ ուշադրությունը դրա վրա հրավիրելուց։
Քույրը զարմանքով անմիջապես նկատեց դեռ լիքը թասը, որից միայն մի քիչ կաթ էր թափվել շուրջը, ոչ մերկ ձեռքերով, այլ քրջի կտորով շտապ վերցրեց թասը և դուրս տարավ։ Գրեգորին շատ էր իետաքրքրում, թե քույրը դրա փոխարեն հիմա ինչ կբերեր, և տարբեր բաներ ենթադրեց, սակայն դժվար թե երբևէ կարողանար կռահել, թե ինչ է անելու քույրը իր բարությամբ։ Եղբոր քիմքը փորձելու նպատակով նա հին թերթի վրա դասավորված կերակուրների մի ամբողջ շարան բերեց, կիսահոտած բանջարեղեն, ընթրիքից մնացած, գրեթե պնդացած սոուսով պատված ոսկորներ, մի քիչ չամիչ ու նուշ, պանիր, որ երկու օր առաջ Գրեգորն էր անհամ անվանել, չոր հաց, կարագով հաց ու կարագ քսած ու վրան աղ ցանած հաց։ Այդ ամենից բացի, դրեց նաև երևի մեկընդմիշտ Գրեգորին հատկացրած ջրով լի թասը։ Գրետան գիտեր, որ եղբայրն իր ներկայությամբ չէր ուտի և նրբանկատորեն, արագ հեռացավ սենյակից, նույնիսկ բանալին պտտեցրեց, որ ցույց տար, թե նա կարող է ներսում իր ուզածի պես հարմարվել։ Երբ բանն ուտելուն հասավ, Գրեգորի ոտիկներն աղմըկեցին։ Ի դեպ, վերքերն արդեն պետք է որ ապաքինված լինեին, նա ոչ մի կաշկանդվածություն չէր զգում։ Դա զարմացրեց նրան, ու նա հիշեց, թե ինչպես մի ամիս առաջ թեթևակի կտրել էր մատը և ինչպես վերքը դեռ վերջին երկու օրը բավական ցավ էր պատճառում։
«Գուցե հիմա ես պակաս նրբազգաց եմ դարձել»,― մտածեց նա ու ագահաբար ծծկեց պանիրը, եղած կերակուրների շարքում առաջին հերթին դեպի այն մղվեց։ Մեկը մյուսից արագ, գոհունակությունից արտասվակալող աչքերով, նա խփշտեց պանիրը, բանջարեղենը և սոուսը, մինչդեռ թարմ կերակուրները, ընդհակառակը, բոլորովին դուր չեկան, բացարձակ չէր կարող դրանց հոտին դիմանալ և որ բաներն ուտել էր ուզում, նույնիսկ մի փոքր հեռու քաշեց մյուսներից։
Նա վաղուց վերջացրել էր ուտելն ու ընդարմացած պառկել նույն տեղում, երբ քույրը կամաց պտտեցրեց բանալին։ Դա նշանակում էր, որ Գրեգորը պետք է ետ քաշվեր։ Թեև նա արդեն նիրհում էր, ցնցվելով արթնացավ ու շտապեց բազմոցի տակ։ Թեկուզ կարճ ժամանակ, որի ընթացքում քույրը սենյակում էր, բազմոցի տակ մնալը Գրեգորի համար մեծ ինքնահաղթահարում արժեր, որովհետև կուշտուկուռ ուտելուց հետո նրա մարմինը մի փոքր կլորացել էր, և նա հազիվ էր կարողանում այդ նեղ տեղում շնչել։ Շնչահեղձության կարճատև նոպաներից թեթևակի դուրս պրծած աչքերով հետևում էր, թե ինչպես ոչինչ չպատկերացնող քույրը ոչ միայն կերակուրների ավելցուկն ավլեց, այլ նաև ձեռք չտված ուտելիքները՝ կարծես դրանք այլևս պիտանի չէին օգտագործման համար, արագ լցրեց մի ամանի մեջ, փայտե կափարիչը շուռ տվեց վրան ու դուրս տարավ։ Քույրն հազիվ շուռ եկած, Գրեգորը բազմոցի տակից դուրս ելավ, ձգվեց ու շունչ քաշեց։
Հիմա արդեն նա ամեն օր այդպես էր ստանում իր ուտելիքը, մի անգամ առավոտյան, երբ ծնողներն ու աղախինը դեռ քնած էին, երկրորդ անգամ՝ ընտանիքի ճաշելուց հետո, երբ ծնողները մի փոքր քնում էին նորից, իսկ քույրը՝ որևէ բան հոգալու պատրվակով աղախնին տեղ էր ուղարկում։ Ծնողներն, ինչ խոսք, չէին ուզում, որ Գրեգորը քաղցեր, բայց նրանք գուցե տանել չկարողանային Գրեգորի սնվելու մասին դստերն հարցուփորձ անելուց բացի այլ կերպ տեղեկանալը, իսկ քույրը, երևի, իր հերթին էր կամենում հնարավորին չափ թեթևացնել առանց այն էլ բավականաչափ տառապած ծնողների վիշտը։
Թե առաջին օրը տանեցիներն ի՞նչ պատրվակով էին ճանապարհ դրել բժշկին ու փականագործին, Գրեգորը բնավ չէր կարող իմանալ, որովհետև, քանի որ նրա խոսքը չէին հասկանում, ոչ ոք՝ նույնիսկ քույրը, չէր մտածում, թե նա կարող է մյուսներին հասկանալ, և այդ էր պատճառը, որ քրոջ սենյակում եղած ժամանակ, Գրեգորը պետք է բավարարվեր նրա հառաչանքներն ու երթեմն-երբեմն հայր սրբերին ուղղված կանչերը լսելով։ Միայն ավելի ուշ, երբ քույրը փոքր-ինչ համակերպվել էր փոփոխության հետ (լրիվ համակերպվելու մասին խոսք լինել, իհարկե, ընդհանրապես չէր կարող), Գրեգորը երբեմն արտահայտություններ էր որսում, որ կամ քնքուշ իմաստ ունեին, կամ էլ կարելի էր այդպես մեկնաբանել։
— Այսօր դուրն եկել է, լավ,― ասում էր քույրը, եթե Գրեգորը կերակուրի տակը կարգին մաքրած էր լինում, այն ժամանակ, երբ ավելի հաճախ կրկնվող հակառակ դեպքերում սովորություն ուներ համարյա դառնացած ասել.
― Նորից ոչ մի բանի ձեռք չի տվել։
Գրեգորն անմիջական ոչ մի նորություն չէր կարող իմանալ, ու որոշ բաներ ականջ էր դնում կողքի սենյակներից, որ կողմից ձայներ էր լսում, շտապ դեպի այն դուռն էր վազում ու ողջ մարմնով սեղմվում-կպչում էր։ Հատկապես առաջին օրերին ոչ մի զրույց չկար, ուր ինչ-որ ձևով, թեկուզ գաղտնի, նրա մասին չխոսեին։ Սեղանի շուրջը ամբողջ երկու օր խոսակցություններ էին լսվում այն մասին, թե ինչպես պետք է վարվեին այժմ, նախաճաշից ճաշ, ճաշից ընթրիք ընկած ժամերին էլ էին նույն թեմայով խոսում, որովհետև ընտանիքի առնվազն երկու անդամ տանն էին միշտ. Երևի ոչ ոք չէր ուզում տանը մենակ մնալ, մինչդեռ ոչ մի դեպքում չէր կարելի բոլորովին լքել բնակարանը։ Այնքան էլ պարզ չէր, թե ինչ ու ինչքանով էր աղախինը կատարվածից տեղյակ, բայց նա հենց առաջին օրը ծնկաչոք խնդրել էր մորը անմիջապես ազատել իրեն, ու երբ դրանից քառորդ ժամ անց հրաժեշտ էր տվել ընտանիքին, արցունքն աչքերին շնորհակալություն էր հայտնել, կարծես դրանով շատ մեծ բարեգործություն էին արել նրա համար և չնայած չէին պահանջել, սարսափելի երդում էր տվել, որ ոչ ոքի մոտ բերանբացություն չի անի։ Քույրն այժմ պետք է մոր հետ մեկտեղ խոհանոցի գործերն էլ հոգար։ Ի դեպ, դա մեծ չարչարանքի հետ կապված չէր, որովհետև հիմա համարյա ոչինչ չէին ուտում։ Գրեգորը շարունակ լսում էր, թե ինչպես էին մեկմեկու իզուր հորդորում ուտել և ուրիշ պատասխան չէր լսվում, քան.
― Շնորհակալ եմ, կուշտ եմ։— Կամ նման մի բան։
Երևի խմիչքի հետ էլ էր նույն բանը կատարվում։ Քույրն հաճախակի հետաքրքրվում էր, թե հայրը գարեջուր ուզում է, և ի սրտե պատրաստակամություն էր հայտնում անձամբ բերել։ Երբ հայրը լռում էր, նրա մտքերը ցրելու համար քույրն ասում էր, թե կարող է նաև դռնապանի կնոջն ուղարկել, բայց հետո հայրը թափով «ոչ» էր ասում, ու այդ թեմայով այլևս չէին խոսում։
Արդեն առաջին օրվա ընթացքում հայրն ինչպես մորը, այնպես էլ քրոջը ներկայացրեց իրենց ունեցվածքի իսկական վիճակը և նկարագրեց հեռանկարները։ Երբեմն-երբեմն նա ելնում էր սեղանի մոտից ու իր՝ հինգ տարի առաջ անհաջողության մատնված գործից փրկած դրամի ընտանեկան փոքր դրամարկղից ինչ-որ հաստատում կամ գրառումների գրքույկ էր հանում։ Լսվում էր, թե ինչպես է նա բարդ կողպեքը բացում ու փնտրածը վերցնելուց հետո կրկին փակում։ Հոր բացատրությունները երևի առաջին ուրախացուցիչ լուրերն էին, որ Գրեգորն իր գերության օրվանից սկսած իմացավ։ Նա շարունակ այն կարծիքն էր ունեցել, թե հայրն իր գործից ոչինչ ետ չի գցել, հայրը հակասող ոչ մի բան չէր ասել, Գրեգորն էլ, ի դեպ, չէր հարցրել ոչինչ։ Այն ժամանակ նրա հոգսը բոլորին անհուսալի դրության մեջ գցած գործի ձախողումը հնարավորին չափ շուտ մոռացության մատնելու համար իր ողջ ունակությունը ներդնելն էր։ Նա առանձնակի եռանդով էր սկսել աշխատել և համարյա մի գիշերվա ընթացքում ֆիրմայի փոքր գործավարից դարձել էր փող վաստակելու, իհարկե, լրիվ ուրիշ հնարավորություն ունեցող շրջիկ գործակալ, և նրա աշխատանքային հաջողությունները, միջնորդադրամից անմիջապես կանխիկ դրամի վերածված՝ դրվել էին զարմացած ու երջանկացած ընտանիքի սեղանին։ Իրոք, լավ ժամանակներ էին, և հետո, թեկուզ իրենց շքեղությամբ, դրանք այլևս չէին կրկնվել, թեև Գրեգորն հետագայում էլ այնքան փող էր վաստակում, որ ի վիճակի էր ընտանիքի ողջ ծախսերն հոգալ և հոգում էր։ Ինչպես Գրեգորը, այնպես էլ ընտանիքը, սովորել էին արդեն, նրանք երախտագիտությամբ էին ընդունում փողը, նա հաճույքով էր տրամադրում, բայց այլևս առանձնահատուկ ջերմություն չէր զգացվում։ Մենակ քույրը Գրեգորին մոտ մնաց, և նրա հետ կապված՝ Գրեգորը մի գաղտնի նպատակ ուներ, քրոջը, որ, ի տարբերություն իրեն, երաժշտություն էր սիրում և կարող էր ջութակի նվագով հուզել ունկնդիրներին, հաջորդ տարի՝ առանց պատճառելիք վարձին ուշադրություն դարձնելու, կոնսերվատորիա ուղարկել։
Վարձն այլ կերպ էր մուծվելու։ Քաղաքում կարճատև իջևանումների ժամանակ քրոջ հետ ունեցած խոսակցություններում կոնսերվատորիան հաճախակի էր հիշատակվում, բայց շարունակ որպես գեղեցիկ երազ, որի իրականացումը բնավ ոչ մի կասկած չէր հարուցելու, և ծնողները մի անգամ չէ, որ հաճույքով էին լսել այդ անմեղ հիշատակումները։ Սակայն Գրեգորը որոշակի մտադրություն ուներ քրոջը երաժշտական կրթության ուղարկել և նախատեսել էր ծննդյան տոների երեկոյան հանդիսավոր կերպով հայտարարել այդ մասին։
Այժմյան վիճակի համար բացարձակ անօգուտ նման բաներ էին անցնում Գրեգորի մտքով, երբ նա կպչում էր դռանն ու ականջ դնում։ Երբեմն, այլևս չկարողանալով դիմանալ հոգնածությանը, Գրեգորը գլուխն անփութորեն խփում էր դռանն ու սթափվելով ուղղվում էր անմիջապես, որովհետև կողքի սենյակում նույնիսկ երբ աննշան աղմուկ էին լսում, լռում էին անմիջապես։
― Հիմա՞ ինչ է անում, բացահայտորեն դեպի դուռը շրջված, հարցնում էր հայրը, և միայն որոշ ժամանակ անց էր աստիճանաբար շարունակվում ընդհատված զրույցը։
Մասամբ, որովհետև ինքն արդեն վաղուց նման գործերով չէր զբաղվում, մասամբ՝ որ մայրն էր ոչ ամեն ինչ հենց առաջին անգամից հասկանում, հայրը սովորություն ուներ հաճախակի կրկնել իր բացատրությունները, և դրա շնորհիվ Գրեգորն հիմա բավականին լավ տեղյակ էր, որ չնայած առկա բոլոր դժվարություններին, մի չնչին կարողություն, համենայնդեպս, դեռ կար, որ այդ գումարը նախորդ տարիներից էր մնացել, ու որովհետև ընթացքում ձեռք չէին տվել, վրա եկած տոկոսները մի փոքր մեծացրել էին այն։ Դրանից բացի, փողը, որ Գրեգորն էր տուն բերում ամեն ամիս (իր ծախսերի համար նա ընդամենը մի քանի գուլդեն էր պահում), լրիվ չէր ծախսվել և հիմա մի փոքր դրամագլուխ էր կազմել։ Անակնկալ զգուշավորությունն ու խնայողությունը ուրախացրին Գրեգորին, և նա դռների հետևում կանգնած, ջանասիրաբար գլխով էր անում։ Այդ փողերով նա, իհարկե, վաղուց կարող էր փակել հոր պարտքերը և այն օրը, երբ ինքը կկարողանար ազատվել պաշտոնից, շատ մոտ կլիներ, սակայն այժմ ավելի լավ էր այնպես, ինչպես հայրն էր կարգավորում։ Միայն թե փողը չէր բավականացնի, որ ընտանիքը կարողանար տոկոսներով ապրել։ Գուցե հնարավոր լիներ դրանով մի, ամենաշատը երկու տարի յոլա գնալ։ Այդ գումարին, ուրեմն, չէր կարելի ձեռք տալ, այն անհրաժեշտ էր ծայրահեղ կարիքների համար ետ գցել, իսկ ապրելու, փողը վաստակել էր պետք։ Հայրը թեև առողջ, բայց արդեն ծեր մարդ էր, ամբողջ հինգ տարի չէր աշխատել և իրեն աշխատանքի շատ ընդունակ համարելու իրավունք չուներ։ Այդ հինգ տարիների ընթացքում, որ նրա չարչարանքով լի անհաջող կյանքի առաջին արձակուրդներն էին, նա խիստ ճարպակալել և բավական ծանրաշարժ էր դարձել։ Այժմ երևի ասթմայով տառապող մայրն էլ ստիպված լիներ փող վաստակել, բնակարանում մի պտույտ տալն արդեն դժվարություն էր պատճառում նրան, և նա ամեն երկրորդ օրն անց էր կացնում շնչահեղձության մեջ, բաց պատուհանի դիմացը դրված բազմոցին նստած։ Քույրն էլ պետք է փող վաստակեր։ Իր տասնյոթ տարեկան հասակում նա դեռ երեխա էր, իսկ մինչայժմյան կյանքը գեղեցիկ հագնվելուց, երկար քնելուց, տնտեսության մեջ մորն օգնելուց, մի քանի համեստ խնջույքների մասնակցելուց և, ամենից առաջ, ջութակ նվազելուց բաղկացած տրամադրելիք այնքան բան ուներ նրան։
Երբ սկսում էին խոսել փող վաստակելու առաջնահերթ անհրաժեշտության մասին, Գրեգորն անմիջապես հեռանում էր դռնից ու նետվում մոտիկ դրված կաշեպատ սառը բազմոցին, որովհետև շատ էր հուզվում ու տխրում։ Նա գիշերներն հաճախ այնտեղ էր անցկացնում ու, առանց աչք կպցնելու, ժամերով նայում էր բազմոցի կաշվե պաստառին կամ չարչարանքից չվախենալով բազկաթոռը քաշում էր պատուհանի մոտ, մագլցում եզրապատի վրա ու բազկաթոռի մեջ կանգնած, նախկինում իրեն հոգեհարազատ, հանգստացնող ինչ-որ բան հիշելով, պատուհանից դուրս էր նայում։ Նա նույնիսկ մի փոքր հեռու ընկած իրերն էր օրըստօրե ավելի խավար տեսնում։ Տան դիմացի հիվանդանոցը, որի չափազանց հաճախ երևացող տեսքն էր անիծում, այլևս չէր տեսնում և, եթե հաստատ համոզված չլիներ, թե ապրում է խաղաղ, բայց խիստ քաղաքատիպ Շարլոտտենշտրասե փողոցում, երևի մտածեր, թե պատուհանից դեպի ամայություն է նայում, ուր գորշ երկիրն ու երկինքն էին առանց տարբերվելու միաձուլվում իրար։ Ուշադիր քույրն ընդամենը երկու անգամ տեսավ պատուհանի մոտ դրած բազկաթոռը ու դրանից հետո, ամեն անգամ սենյակն հավաքելիս այն մոտեցնում էր պատուհանին, նույնիսկ ներսի փեղկն էր բաց թողնում։
Եթե Գրեգորը խոսել ու, այն ամենի համար, ինչ քույրն էր ստիպված անում, շնորհակալություն հայտնել կարողանար, նրա ծառայությունները շատ ավելի հեշտ կընդուներ, այդպես, սակայն, տառապում էր։ Քույրն, ինչ խոսք, փորձում էր հնարավորին չափ թեթևացնել առկա բոլոր տհաճությունները, և ինչքան շատ ժամանակ էր անցնում, այնքան, իհարկե, ավելի էր հաջողվում նրան, սակայն այդ ընթացքում Գրեգորն էլ էր ամեն ինչ ճշգրտորեն զննում։ Քրոջ ներս մտնելն արդեն սարսափելի էր Գրեգորի համար։ Հազիվ ներս մտած, նա, սովորաբար, ինչքան էլ ձգտում էր խնայել մյուսներին ու թույլ չէր տալիս տեսնել եղբոր սենյակը, առանց դռները փակելու վրա ժամանակ վատնելու՝ ուղիղ դեպի պատուհանն էր նետվում ու արագ շարժումներով, կարծես շնչահեղձ էր լինում, բացում էր, ու, թեկուզ դրսում անսովոր ցուրտ էլ լիներ, մի փոքր մնում պատուհանի մոտ կանգնած ու շնչում էր խորը։ Վազելով ու աղմկելով նա օրը երկու անգամ վախեցնում էր եղբորը, իսկ Գրեգորն այդ ամբողջ ժամանակ դողում էր բազմոցի տակ ու համոզված էր, որ քույրն, անշուշտ, ավելի կխնայեր իրեն, եթե մնար պատուհանները փակ սենյակում։
Մոտ մի ամիս անցել էր Գրեգորի կերպարանափոխությունից, ու եղբոր տեսքից շփոթվելու համար Գրետային այլևս ոչ մի առանձնակի հիմք պետք չէր, երբ նա մի անգամ սովորականից շուտ մտավ սենյակ ու տեսավ անշարժ կանգնած, պատուհանից դուրս նայող Գրեգորին։ Գրեգորի դիրքն, իրոք, վախեցնող էր, նրա համար անսպասելի չէր լինի, եթե քույրը ներս չմտներ, որովհետև իր դիրքով խանգարում էր առաջին հերթին պատուհանը բացելուն, մինչդեռ քույրը ոչ միայն ներս չմտավ, այլ ընկրկեց նույնիսկ ու փակեց դուռը։ Անծանոթ մեկը կարող էր մտածել, թե Գրեգորը դարանակալել է քրոջն ու կծել է ուզում։ Նա, ինչ խոսք, անմիջապես թաքնվեց բազմոցի տակ ու ստիպված էր մինչև ճաշ սպասել քրոջ գալուն, իսկ երբ նա եկավ, սովորականից շատ ավելի անհանգիստ էր թվում։ Գրեգորն հասկացավ, որ իր տեսքն առաջվա պես անտանելի էր քրոջ համար, որ հետագայում էլ էր անտանելի մնալու, և քույրը հաղթահարելու շատ բան ուներ, մինչև որ բազմոցի տսսկից դուրս ցցված եղբոր մարմնի փոքր մասի տեսքից անգամ դուրս չփախչեր։ Նրան այդ տեսարանից էլ խնայելու համար Գրեգորը չորս ժամ չարչարվեց, սավանը մեջքին գցելով տեղափոխեց բազմոցի վրա, այնպես դասավորեց, որ այժմ լրիվ ծածկված էր, և քույրը թեկուզ կռանար էլ, չէր կարողանա տեսնել նրան։ Եթե այդ սավանը պետք չլիներ, այդպես էր մտածում քույրը, ինքը կարող էր վերցնել, որովհետև այն, որ սավանը չպետք է եղբոր՝ ամբողջովին մեկուսանալու հաճույքին ծառայեր, հասկանալի էր ինքնին, սակայն նա ամեն ինչ թողեց այնպես, ինչպես կար, և Գրեգորը՝ երբ մի անգամ գլխով ետ տարավ սավանը, որ տեսներ, թե քույրն ինչպես ընդունեց նոր դասավորությունը, նրան նույնիսկ թվաց, թե երախտալից հայացք որսաց։
Առաջին Երկու շաբաթը ծնողները չէին կարողանում իրենց ստիպել նրա սենյակը մտնել, և Գրեգորն հաճախ էր լսում, թե ինչպես էին նրանք դրվատում քրոջ այժմյան աշխատանքը, մինչդեռ նախկինում ավելի հաճախ էին զայրանում քրոջ վրա, նրան անօգտակար ու անպետք աղջիկ էին անվանում։ Հիմա հայրն ու մայրը մեծ մասամբ սպասում էին Գրեգորի սենյակի մոտ, Գրետան կարգի էր բերում ներսը և, հազիվ դուրս եկած, պետք է մեկ առ մեկ պատմեր, թե ինչպիսի՞ն է սենյակի տեսքը, ի՞նչ էր կերել Գրեգորը, այս անգամ ինչպե՞ս էր պահում իրեն և արդյոք որևէ բարեփոխում չե՞ր նկատվում։ Մայրն, ի դեպ, ավելի շուտ էր ուզում այցելել Գրեգորին, սակայն հայրն ու քույրը տրամաբանական փաստարկներով ետ էին պահում նրան. Գրեգորն ուշադիր լսում էր և լիովին համամիտ էր հորն ու քրոջը։ Հետագա օրերին հայրն ու քույրը ստիպված էին ուժով ետ պահել մորը, իսկ երբ նա գոչեց.
― Թողեք ինձ Գրեգորի մոտ գնամ։ Ախր նա իմ դժբախտ որդին է։ Չե՞ք հասկանում, որ պետք է նրա մոտ գնամ,― Գրեգորը մտածեց, որ երևի լավ կլինի, եթե մայրիկը ներս գա։ Իհարկե, ոչ ամեն օր, գոնե շաբաթը մեկ անգամ։ Չէ՞ որ նա ամեն ինչ ավելի լավ էր հասկանում, քան քույրը, որ չնայած իր խիզախությանը, դեռ երեխա էր ու, վերջիվերջո, միայն երեխայական թեթևամտության պատճառով էր նման ծանր առաջադրանք ստանձնել։
Գրեգորի՝ մորը տեսնելու ցանկությունը շուտով իրականացավ։ Ծնողներին հարգելով, նա օրվա ընթացքում չէր ուզում պատուհանի մոտ երևալ, մի քանի քառակուսի մետր հատակի վրա երկար սողալ նույնպես չէր կարող, հանգիստ պառկելուն դեռ գիշերվանից էր դժվարությամբ դիմանում, ուտելը նվազագույն հաճույք չէր պատճառում, և նա սովորություն դարձրեց զբաղվելու համար պատերի ու առաստաղի վրայով այսուայնկողմ սողալը։ Նա հատկապես առաստաղից էր հաճույքով կառչում։ Դա լրիվ տարբերվում էր հատակին պառկելուց, շնչելն ավելի հեշտ էր, թեթև ճոճք էր անցնում մարմնով։ Վերևում նրան պատած համարյա երջանիկ ցրվածության մեջ կարող էր պատահել, որ, ի անակնկալ իրեն, պոկվեր ու խփվեր հատակին, սակայն այժմ նա բոլորովին այլ կերպ էր իշխում իր մարմնին և եթե ընկներ էլ, չէր վնասվի։
Քույրն իսկույն նկատեց եղբոր հնարած նոր պահվածքը (սողալու ժամանակ Գրեգորի թաթերի կպչուն նյութի հետքերը մնում էին այսուայնտեղ) և հենց այդ ժամանակ գլուխը մտցրեց հնարավորին չափ մեծացնել եղբոր՝ սողալու տարածությունը, հեռացնել խանգարող կահույքը՝ ամենից առաջ սնդուկն ու գրասեղանը։ Մենակ նա ի վիճակի չէր լինի իր մտահղացումն իրականացնել, օգնության համար հորը դիմել չէր համարձակվում, աղախինը, ինքնին հասկանալի է, չէր օգնի, որովհետև այս տասնվեցամյա աղջնակը նախկին խոհարարուհու ազատվելուց հետո համարյա խիզախաբար էր դիմանում և մեն մի զիջում էր խնդրել, իրավունք ունենալ խոհանոցը փակ պահել ու պարտավորվել էր միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում բացել այն։
Ի վերջո, քրոջը ոչինչ չէր մնում, քան հոր բացակայության ժամանակ մի անգամ մորը բերել։ Հուզված մայրը ուրախության բացականչություններով մոտեցավ սենյակին, բայց դռան մոտ համրացավ։ Քույրն, իհարկե, նախ ստուգեց, արդյոք սենյակում ամեն ինչ կարգի՞ն է, հետո միայն մորը թողեց ներս մտնել։ Գրեգորը սավանը հապճեպորեն ներքև էր ձգել ու ծալքավորել, ընդհանուր տեսքից կարելի էր եզրակացնել, թե սավանն, իրոք, պատահաբար են բազմոցին գցել։ Այս անգամ Գրեգորը չուզեց բազմոցի տակից լրտեսել, հրաժարվեց մորը տեսնել, բայց գոհ էր, որ նա եկել է վերջապես։
― Չի երևում, ներս արի,― ասաց քույրը, զգացվում էր, որ նա մոր ձեռքից բռնած էր շրջում սենյակում։ Գրեգորը լսեց, թե ինչպես երկու թույլ կանայք այնուամենայնիվ տեղից շարժեցին հին սնդուկը, և ինչպես քույրը՝ ուշադրություն չդարձնելով մոր՝ գերծանրաբեոնվածության վերաբերյալ նախազգուշացումներին, աշխատանքի մեծ մասը շարունակ իր վրա էր վերցնում։ Իրերի տեղափոխումը շատ երկար տևեց։ Արդեն մոտ քառորդ ժամվա չարչարանքից հետո մայրն ասաց, թե ավելի լավ կլինի սնդուկն այստեղ թողնեն, որովհետև առաջին հերթին այն շատ է ծանր, մինչև հոր գալը չեն տեղափոխի, իսկ եթե սենյակի մեջտեղը թողնեն, կփակեն Գրեգորի բոլոր ճանապարհները, և երկրորդը, այնքան էլ համոզված չեն, որ կահույքը հեռացնելով Գրեգորին լավություն են անում։ Նա հակառակ կարծիքն էր պաշտպանում, դատարկ պատի տեսարանից իր սիրտն էր ճմլվում, ինչու չպետք է Գրեգորը նույն զգացումն ունենար։ Նա վաղուց ի վեր վարժվել էր կահույքին և դատարկ սենյակում իրեն հաստատ լքված կզգար։
— Եվ հետո, ի՞նչ ես կարծում,— իր փաստարկը համարյա շշուկով ավարտեց մայրը, որ թեև որոշակի չգիտեր, թե որտե՞ղ է Գրեգորը, սակայն, գրեթե համոզված լինելով, որ որդին ոչ մի բառ չի հասկանում, կարծես ուզում էր խուսափել նաև, որ նա իր ձայնը լսեր,— և հետո քեզ չի՞ թվում, որ կահույքն այստեղից հանելով ցույց կտանք, թե վիճակի լավացման հետ կապված բոլոր հույսերը կորցրել ենք, ու հիմա անողոք կերպով անուշադրության ենք մատնում նրան։ Կարծում եմ, որ ավելի լավ կլինի, եթե փորձենք սենյակը ճիշտ նախկին կահավորանքով պահել, որ երբ Գրեգորը վերադառնա, սենյակի մեջ ոչ մի փոփոխություն չնկատի ու ավելի հեշտ կարողանա մոռանալ այս ժամանակահատվածը։
Մոր խոսքերը լսելիս Գրեգորն զգաց, որ ներընտանեկան միապաղաղ կյանքի հետ կապված մարդկային անմիջական հարաբերությունների պակասը երկու ամիսների ընթացքում պետք է որ խելագարեցրած լիներ իրեն, որովհետև այլ կերպ նա ի վիճակի չէր բացատրել, թե ինչպես կարող էր ինքը լրջորեն պահանջել, որ իր սենյակը դատարկեին։ Արդյոք նա իսկապե՞ս ցանկություն ուներ ժառանգություն ստացած կահույքով կահավորված հարմարավետ ու տաք սենյակը մի այնպիսի քարանձավ դարձնել, ուր մարդկային անցյալի լիակատար ու արագ մոռացման պայմաններում կկարողանար անարգել սողալ։ Ախր նա արդեն մոտ էր դրան՝ անցյալը մոռանալուն և միայն մոր՝ վաղուց չլսած ձայնը սթափեցրեց նրան։ Ոչինչ չպետք է հեռացվեր, ամեն ինչ պետք է իր տեղում մնար։ Առանց կահույքի՝ իր վիճակի վրա ունեցած բարերար ազդեցության նա չէր կարողանա յոլա գնալ, իսկ եթե կահույքը խանգարում էր սողալով անմիտ պտույտներ գծել, ապա դա ոչ թե վնաս էր, այլ մեծ առավելություն։
Դժբախտաբար քույրն ուրիշ կարծիքի էր։ Նա, համենայնդեպս, բնավ ոչ անիրավացիորեն, արդեն սովորել էր Գրեգորին առնչվող հարցերի քննարկման ժամանակ որպես բանիմաց մարդ դեմ հանդես գալ ծնողների կարծիքներին, և այժմ մոր տված խորհուրդը բավականաչափ հիմք ծառայեց, որ նա համառորեն պնդեր դուրս հանել ոչ միայն սնդուկն ու գրասեղանը (սկզբում միայն դրանք էր նախատեսել), այլ՝ ի բացառություն անփոխարինելի բազմոցի, նաև ողջ կահույքը։ Մանկական կամակորությունն ու վերջերս այդպիսի անսպասելի դժվարությամբ ձեռք բերված ինքնավստահությունը չէր նման պահանջ դնելու պատճառը։ Նա, ախր, տեսել էր, որ սողալու համար եղբորը մեծ տարածություն էր պետք, մինչդեռ կահույքը, ինչպես երևում էր, բացարձակ չէր օգտագործվում։ Սենյակը դաաարկելու վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու հարցում գուցե կարևոր դեր էր խաղացել նաև նրա տարիքի աղջիկների՝ ամեն առիթով բավարարում փնտրող վառվռուն բնավորությունը, իսկ այդ բնավորությունը այժմ Գրետային գայթակղում էր եղբոր վիճակն ավելի սարսափազդու դարձնել, որ հետո կարողանար ավելի շատ օգնել, որովհետև մի այնպիսի սենյակ, ուր միայնության մեջ դատարկ պատերին Գրեգորն էր իշխում, Գրետայից բացի հազիվ թե որևէ մեկը երբևէ ներս մտնել համարձակվեր։
Ուրեմն քույրը թույլ չտվեց, որ սենյակում հենց միայն անհանգստության պատճառով անվստահ զգացող մայրը իրեն ետ պահեր ընդունած որոշումներից, իսկ մայրը շուտով ձայնը կտրեց և ուժերի ներածի չափով նրան օգնեց դուրս տանել սնդուկը։
Անհրաժեշտության դեպքում Գրեգորը դեռ կարող էր առանց սնդուկի յոլա գնալ, բայց գրասեղանը պետք է մնար։ Կանայք հազիվ էին սնդուկին կպած, տնքտնքալով ելել սենյակից, երբ Գրեգորը բազմոցի տակից գլուխը հանեց, որ տեսներ, թե ինչպես կկարողանա զգուշորեն ու նրբանկատորեն միջամտել։ Սակայն, դժբախտաբար, առաջինը մայրը սենյակ վերադարձավ, իսկ Գրետան կողքի սենյակում գրկել էր սնդուկն ու, իհարկե, աոանց տեղաշարժել կարողանալու, այսուայնկողմ էր քաշքշում։ Մայրը Գրեգորի տեսքին սովոր չէր, կարող էր ցավի տեր դառնալ։ Այդ մտքից ահաբեկված Գրեգորը ետընթաց վազքով շտապեց մինչև բազմոցի հակառակ ծայրը, բայց չէր կարող որևէ բան անել, որ դիմացի մասում սավանը թեթևակի չշարժվեր։ Մոր ուշադրությունը գրավելու համար այդքանն էլ բավական էր։ Նա սառեց տեղում, անխոս կանգնեց մի պահ ու վերադարձավ Գրետայի մոտ։
Թեև Գրեգորը շարունակ մխիթարում էր ինքնիրեն, թե արտասովոր ոչ մի բան չի կատարվում, մի քանի կտոր կահույք է տեղափոխվում միայն, այնուամենայնիվ պետք է խոստովաներ, որ կանանց դեսուդեն գնալ-գալը, կարճ ճիչերը, հատակի վրա կահույքի խազվելը իր վրա ազդում էին որպես մեծ, բոլոր կողմերից վրա եկող վազվռտուք, ու ինչքան էլ ինքը ոտ ու գլուխը ամուր կուչ բերեր, մարմինը հատակին սեղմեր, անառարկելիորեն պետք է խոստովաներ, որ այդ ամենին երկար չէր դիմանա։ Նրանք դատարկեցին սենյակը, վերցրեցին այն ամենն, ինչ սիրելի էր։ Սնդուկը, ուր նրբասղոցն էր մյուս գործիքների հետ, արդեն դուրս էին տարել, այժմ արդեն տեղաշարժում էին հատակի մեջ ամուր խրված գրասեղանը, որի վրա նա դեռ առևտրական դպրոցում, քաղաքային բնակչության և նույնիսկ ազգային դպրոցներում սովորելիս իր տնային առաջադրանքներն էր գրել։ Գրեգորն այլևս ժամանակ չուներ երկու կանանց բարի մտադրությունները ստուգելու համար, նույնիսկ նրանց գոյությունն էր մոռացել, որովհետև հոգնած լինելով, նրանք անձայն էին աշխատում, և միայն նրանց ոտքերի ծանր թփթփոցներն էին լսվում։
Կողքի սենյակում կանայք մի փոքր շունչ քաշելու նպատակով հենվել էին գրասեղանին, երբ Գրեգորը դուրս պոկվեց բազմոցի տակից և չորս անգամ փոխեց վազքի ուղղությունը։ Նա իսկապես չգիտեր, թե նախ ինչը փրկեր, նկատեց արդեն դափ-դատարկ պատի վրա աչքի զարնող, մորթեղեն հագած կնոջ նկարը, շտապ վեր սողաց ու տաք փորը հպեց իրեն ամուր պահող ապակուն, ի դեպ, դա նրան դուր եկավ։ Գոնե այս նկարը, որ Գրեգորը ծածկել էր մարմնով, այժմ այլևս ոչ ոք չէր վերցնի։ Նա գլուխը շրջեց դեպի հյուրասենյակի դուռը, որ տեսնի, թե կանայք ինչպես են վերադառնալու։
Մայրն ու քույրը իրենց թույլ չէին տվել երկար հանգստանալ և շուտ հետ եկան։ Գրետան գրկել էր մորն ու համարյա տանում էր։
― Դեհ, ի՞նչ ենք վերցնում այժմ,― ասաց նա ու շուրջը նայեց։ Նրա ու պատին կպած Գրեգորի հայացքները խաչվեցին։ Գրետան երևի մոր ներկայության պատճառով պահպանեց սառնասրտությունը, դեմքը շրջեց նրա կողմը, որ չթողներ շուրջը նայել և առանց մտածելու, դողալով ասաց.
― Արի, ավելի լավ կլինի մի րոպեով հյուրասենյակ վերադառնանք։
Գրեգորն հասկացավ քրոջ մտադրությունը, նա ուզում էր մորը ապահով տեղ տանել, հետո նոր ներքև քշել իրեն։ Դե ի՞նչ, կարոդ էր փորձել։ Նա նստել էր նկարի վրա ու բաց չէր թողնի։ Ավելի մեծ հաճույքով քրոջ դեմքին կցատկեր։
Գրետսսյի խոսքերը, սակայն, բավական անհանգստացրին մորը, նա մի կողմ քաշվեց, ծաղկավոր պաստառի վրա նկատեց հսկայական, գորշ պիսակն ու նախքան գիտակցությանը կհասներ, թե դա Գրեգորն է, խռպոտ, ճչան ձայնով բղավեց.
— Ա՛խ աստված, ա՛խ աստված։— Ձեռքերը տարածած, ասես հրաժարվում էր ամեն ինչից, Նա ընկավ բազմոցին ու անշարժացավ։
— Լսիր, Գրեգոր,― բռունցքը բարձրացնելով, համառ հայացք նետեց քույրը, դրանք եղբոր կերպարանափոխությունից ի վեր անմիջապես նրան ուղղված առաջին խոսքերն էին։
Ուշաթափությունից արթնացնող որևէ լուծույթ բերելու նպատակով Գրետան վազեց կողքի սենյակը։ Նկարը փրկելու ժամանակ կար դեռ, Գրեգորն էլ էր ուզում օգնել, սակայն կիպ կպել էր ապակուն ու ստիպված էր ուժով պոկվել։ Նա մտածում էր, թե առաջվա նման կարող է օգնել, որևէ խորհուրդ տալ և վազեց քրոջ հետևից, իսկ մինչ Գրետան տարբեր շշերի մեջ էր խրվել, նա անգործ կանգնել էր քրոջ թիկունքում։ Երբ Գրետան շուռ եկավ, դեռ մի բան էլ վախեցրեց նրան, մի շիշ ընկավ հատակին ու ջարդվեց, ինչ-որ ուտիչ դեղ այրեց Գրեգորի դեմքը, իսկ Գրետան, առանց կանգ առնելու, կարեցածի չափ շիշ վերցրեց ու դեպի մայրը վազելով ոտքով վրա դրեց դուռը։ Գրեգորն այժմ մեկուսացված էր իր մեղքով երևի մահամերձ վիճակում պառկած մորից։ Դուռը բացել չէր կարելի, չէր ուզում քրոջը քշել, նա պետք է մոր մոտ մնար։ Սպասելուց բացի, Գրեգորին ուրիշ անելիք չէր մնում, և մտքերի ու ինքնախարանման մեջ Նա սկսեց սողալ, սողաց ամեն ինչի վրայով. պատերի, առաստաղի, կահույքի, և ի վերջո, երբ սենյակը սկսեց նրա շուրջը պտտվել, հուսահատ ընկավ մեծ սեղանի մեջտեղը։
Կարճ ժամանակ անցավ։ Գրեգորն անուժ ընկած էր, շուրջբոլորը լուռ էր. դա գուցե լավ նշան էր։ Դռան զանգը հնչեց։ Աղախինը, իհարկե, փակված էր խոհանոցում, և Գրետան պետք է բացեր։ Հայրն էր եկել։
— Ի՞նչ է պատահել,― սրանք հոր առաջին բառերն էին։ Քրոջ տեսքը, հավանական է, ամեն ինչ մատնել էր։
— Մայրիկն էր ուշաթափվել, բայց հիմա արդեն լավ է։ Գրեգորն է դուրս պրծել,― խուլ ձայնով պատասխանեց Գրետան. խոսելիս դեմքը հաստատ հպել էր հոր կրծքին։
— Սպասում էի, ախր,― ասաց հայրը,― ես միշտ ասում էի ձեզ, բայց դուք՝ կանայքդ, չէիք ուզում լսել։
Գրեգորն հասկացավ, որ հայրը սխալ էր մեկնաբանել քրոջ տված չափազանց կարճ տեղեկությունը և ենթադրել էր, թե որդին ինչ-որ բռնությամբ մեղանչել է։ Գրեգորը պետք է փորձեր հանգստացնել հորը, քանի որ այժմ բացատրելու ոչ ժամանակ կար, ոչ հնարավորություն։ Նա փախավ դեպի իր սենյակն ու սեղմվեց դռանը, որ հայրը նախասենյակ մտնելուն պես կարողանար տեսնել Գրեգորի՝ սենյակ վերադառնալու ամենաբարի ցանկությունը, տեսներ, որ կարիք չկա ետ քշել նրան, պետք է միայն դուռը բացել, ու նա կանհետանա։
Սակայն հայրը այդպիսի նրբություններ նկատելու տրամադրություն չուներ։
— Ա՛հ,― ներս մտնելով այնպես բացականչեց նա, կարծես միաժամանակ և՛գոհ էր, և՛ զայրացած։
Գրեգորը դռնից ետ քաշեց գլուխը և աչքերը դարձրեց հոր կողմը։ Այդպես, ինչպես որ հայրն էր այս պահին կանգնել, Գրեգորը նրան իսկապես չէր պատկերացրել։ Սողալու նոր ձևի պատճառով նա վերջերս դադարել էր տան մնացած անցուդարձերի մասին առաջվա պես մտածել և այժմ իրոք որ ստիպված էր պատրաստ լինել փոխված հարաբերությունները ճանաչելուն։ Չնայած, մի՞թե սա իր հայրն էր, այն նույն մարդը, որ Գրեգորի գործուղում մեկնելու ժամանակ հոգնած, պառկած էր լինում անկողնու մեջ, որ տուն դառնալու երեկոները՝ բացարձակ անկարող լինելով ոտքի կանգնել, քնազգեստը հագին, թիկնաթոռի մեջ նստած էր դիմավորում նրան և ուրախությունը ցույց տալու համար ձեռքերն էր բարձրացնում միայն, որ հազվադեպ համատեղ զբոսանքների ժամանակ (տարվա մեջ մի քանի կիրակի օրեր էին դրանք կամ մեծ տոները) հին վերարկուի մեջ պարուրված, յուրաքանչյուր քայլափոխին ցուպը զգուշորեն դնելով, շարունակ ավելի դանդաղ քայլում էր իրենց համար անշտապ ընթացող Գրեգորի ու մայրիկի միջև, և երբ որևէ բան էր ուզում ասել, համարյա միշտ կանգնում էր լուռ և ուղեկիցներին իր շուրջն էր հավաքում։ Այժմ նա բավական առույգ տեսք ուներ, հագին բանկային հաստատությունների ծառայողների ոսկեփայլ կոճակներով, կապույտ, կիպ նստած համազգեստ էր, որի կիտելի բարձր, օսլայած օձիքի վրա ծավալվում էր զանգվածեղ կրկնակզակը, սև աչքերը ուշադիր ու թարմ հայացքով էին նայում մացառուտ հոնքերի տակից, սովորաբար խճճված մազերը հերաբաժան պսպղուն սանրվածքով ջանասիրաբար ներքև էին սանրված։ Հայրը գլխարկը, որի կոկարդին հավանաբար բանկի ոսկետառ միացագիրն էր, սենյակով մեկ կորագծով շպրտեց բազմոցին ու համազգեստի փեշերը ետ գցած, ձեռքերը շալվարի գրպաններում, ջղայնացած քայլեց դեպի Գրեգորը։ Հայրն ինքն էլ չգիտեր իր մտադրությունը. նա ոտքերն անընդհատ անսովոր կերպով վեր էր բարձրացնում, և Գրեգորին զարմացնում էին նրա ներբանների հսկայական չափերը։ Սակայն այդ ամենը դրանով չավարտվեց։ Նոր կյանքի առաջին իսկ օրվանից Գրեգորին թվում էր, թե հայրը անսովոր մեծ խստություն է դրսևորում իր հանդեպ։ Նա վազում էր հոր դիմացից, քարանում էր, երբ հայրն էր կանգնում-մնում և կրկին առաջ էր շտապում, հենց հայրը շարժվում էր նորից։ Նրանք բազմաթիվ պտույտներ գծեցին սենյակի շուրջը, բայց ընթացքում ոչ մի կարևոր բան չկատարվեց, իսկ պտույտները չէր կարելի հետապնդում համարել, որովհետև շատ դանդաղ էին։ Այդ պատճառով Գրեգորն առայժմ հատակի վրա էր շարժվում և վախենում էր, թե հայրը կարող է մի չլսված չարություն համարել պատերի ու առաստաղի վրայով վազվզոցը։ Համենայնդեպս, Գրեգորը պետք է խոստովաներ, որ նույնիսկ այս վազվզոցին երկար չէր դիմանա, որովհետև հոր մի քայլին ի պատասխան, ինքն անթիվ-անհամար շարժումներ պետք է աներ։ Շնչասպառությունը սկսեց զգացնել իրեն, թեև նախկինում էլ նրա թոքերը մի կարգին վիճակում չէին։ Իր բթության պատճառով նա վազելուց բացի, փրկվելու ուրիշ ճանապարհ չէր գտնում, համարյա մոռացել էր, որ այստեղի պատերը՝ թեև ելուստներով ու ժանյակներով բարեխղճորեն զարդանախշված կահույքով էին փակված, բայց ազատ էին, և երբ աչքերը հազիվ բացելով, բոլոր ուժերը վազելու համար կենտրոնացրած երերում էր այդպես, թեթևակի նետված ինչ-որ բան ընկավ կողքի հետ ու գլորվեց դեմը։ Խնձոր էր, դրան հաջորդեց երկրորդը։ Գրեգորը սարսափից քարացավ, փախչելն անօգուտ էր, որովհետև հայրը որոշել էր գնդակոծել։ Սպասքապահարանի վրայի սկուտեղից միրգը գրպաններն էր լցրել և այժմ՝ առանց այնքան էլ ճիշտ նշան բռնելու, նետում էր խնձոր խնձորի հետևից, փոքր կարմիր պտուղները լիցքակիր մարմինների նման գլորվում էին հատակին ու իրար բախվում։ Թեթևակի նետված խնձորներից մեկը երիզեց Գրեգորի մեջքը և առանց վնասելու սահեց-ընկավ, մինչդեռ դրան հաջորդած խնձորն ուղղակի խրվեց նրա թիկունքը։ Նա փորձեց առաջ սողալ, կարծես տեղը փոխելու հետ մեկտեղ կարող է նաև անակնկալ-անհավատալի ցավը անցներ, սակայն մեխվածի պես էր զգում իրեն և կատարյալ շփոթության մեջ ուշաթափ եղավ։ Վերջին պահին նա տեսավ, թե ինչպես լայն բացվեց իր սենյակի դուռը, և ինչպես ճչացող քրոջ դիմացից դուրս նետվեց մայրը, շապկանց, որովհետև ուշաթափ վիճակում հանգիստ շնչելու հնարավորություն ընձեռնելու համար քույրը հանել էր մոր շորերը, և նրանից կախոտված զգեստները վազելու ժամանակ մեկը մյուսի հետևից սահում էին հատակին, ինչպես իր զգեստները ոտքերի տակ կոխկրտելով վազեց հոր կողմը, ինչպես էր դեպի հայրը մղվում ու նրան գրկելով, նրա հետ ամբողջովին միաձուլված, ձեռքերը նրա ծոծրակին դրած խնդրում էր խնայել որդու կյանքը։
Այստեղ Գրեգորի տեսողությունը տեղի տվեց։
{{ԵրեքԱստղ}}